Ինչ էլ որ լինի,
Արդարացումի մասին՝ ոչ մի խոսք։
Խաբված երկինքը պիտի լեռներից
քաշվի-հեռանա,
Առավոտը պարզ՝
Հալվի գետերի օծման ջրերում։
Աղջիկը չեկավ ժամադրության։
Իսկ այստեղ, ահա, «գազոնի» ափին
մի ցուցանակ կա՝
կանաչ եղեւնու վզից կախ արած.
«Ծաղիկ ու կանաչ պիտի խնայել»...
Ասես վաղուց եմ այդ եղեւնու հետ
իմ տեղը փոխել,
եւ այնպես եմ այդ եղեւնուն խղճում,
իմ մեջ՝ սպասման տրորված կանաչ...
Աղջիկը չեկավ ժամադրության։
Տագնապ կա արդեն - աշխարհի համար,
Սիրո, հավատի, հավատարմության
եւ այն ամենի համար, ինչը որ
ծլում է մեր մեջ,
երբ որ առաջին անգամ սիրում ենք։
Իսկ ցուցանակված ծառը ժպտում է.
- Մենք ոչինչ, մարդիկ, մենք ընդամենը
Ծառ ենք ու կանաչ։
Դուք սերը փրկեք ցուցանակներից,
Ցուցանակները սպառնում են արդեն։