Տաղ ի վերայ կռունկին
ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԿՌՈՒՆԿԻՆ
Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառայ եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կու հասնիս.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
5
Թողեր եմ ’ւ եկեր եմ մլքերս ու այգիս,
Քանի որ ախ կանեմ, կու քաղուի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
Քեզ բան հարցանողին չես աներ տալապ,
10
Ձայնիկդ անուշ կու գայ քանց ջրի տօլապ,
Կռո՛ւնկ, Պաղտատ կիջնուս կամ թէ ի Հալապ.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
Սրտերնիս կամեցաւ, ելանք գնացանք,
Այս սուտ աստնուորիս տէրտերն իմացանք,
15
Աղուհացկեր մարդկանց կարօտ մնացանք.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
Աստնուորիս բաներն կամաց-կամաց է,
Միթէ աստուած լսէ, դրունքն ի բաց է,
Ղարիպին սիրտն՝ ի սուգ, աչերն ի լաց է.
20
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրի մի չունի՞ս:
Աստուա՛ծ, քեզնէ խնդրեմ մուրվէթ ու քէրամ,
Ղարիպին սիրտնէ խոց, ճիկէրն է վէրամ,
Կերած հացն է լեղի, եւ ջուրն է հարամ.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
25
Ո՛չ զլուր օրն գիտեմ, ո՛չ զկիրակին,
Զարկած եմ ի շամփուրն, բռնած կրակին,
Այրիլս չեմ հոգար, ձեզնէ կարօտ եմ.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:[1]
Հաւասով պառկեր եմ, ներքեւս է խուշկի,
30
Հոտոյն այլ չեմ գարշեր, կու թուի մուշկի,
Շատ հասրէթ մնացանք անկողնու, տօշկի.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
Ի Պաղտատու կու գաս, կերթաս ի սէհրատ,
Թղթիկ մի գրեր եմ, տամ քեզ ամանաթ,
35
Աստուած այլ թող վկայ լինի քո վերադ[2].
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս[3]:
Գրեր եմ մէջ թղթիս, թէ հոս մնացի,
Օրիկ մի օրերուս զաչերս չի բացի,
Սիրելի՛ք, ձեզանէ կարօտ մնացի.
40
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
Այսօր ղարիպութիւն միակ միաւոր,
Հոգով, այլեւ մարմնով ես եմ մեղաւոր,
Սուրբ Սարգիս օգնական՝ ճերմակ ձիաւոր.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:
45
Աշունն է մօտեցեր, գնալու ես թէպտիր,
Երամ էս ժողովեր հազարներ եւ բիւր,
Ինձ պատասխան չի տուիր, ելար գնացիր.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն գնա՛, հեռացի՛ր:
- ↑ Որոշ ձեռագրերում այս տողից հետո կա՝
Սրտէս չերթար, հոգեկ, զարկած նետերն,
Երթամ անկանիմ ես (տարբերակ՝ գընամ ես զիս ձգեմ) ելման գետերն,
Խեղդիլս չեմ հոգար, քենէ զատիլն (տարբերակ՝ կարօտ եմ).
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս: - ↑ որոշ ձեռագրերում այս տողից հետո կա՝ Տարեալ հասուցանես զայդ իմ սիրելեաց.
- ↑ մի ձեռագրում կա այս տան ևս մի տարբերակ՝
Հաւքերաց մէջն դու աննման էս,
Թուղթիկ մի գրեմ, կու տամ՝ դու տանէս,
Բարով յետ դառնաս, մէկ խաբար բերէս.
Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս: