Տապի նոպաներ
Ջըրաշոգին գետին վրայեն ամպանըման կը բարձրանա.
կը փողփողին լազվարթ գույներ ճամբան ի վեր Կապույտ-Դարին.
շինականներ արևահար, ծերունի մը գյուղակ տարին.
արեգակի բորբ ընձյուղներ կ’այրեն ամեն ինչ անխընա:
Դարուղիեն կ’անցնին դանդաղ ուղտերը գորշ կարավանին,
թաթավելով իրենց հոգին հըրայքին մեջ տոթական.
երազանքին կիսատ թողած, գինով գինով վարդեր ինկա՜ն,
առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին:
Տիվագոլի երակներով բացավայրերն են բոցափայլ,
ծաղիկներու հոգեվա՜րն է, ժամն արևոտ տաղտապանքին.
բազմազեղուն բուրմունքներն են հեշտագրգիռ ու տապագին,
մենաբաղձիկ անտառին մեջ ո՛չ հեծություն կա, ո՛չ դայլայլ:
Ժայռերն անփույթ դեռ կը տաքնան, հանդարտորեն, լուսափողփող,
գիրկն անդորրին այս կիզանուտ և երազին տակ բոցավառ,
հնձողներու ձեռքեն հոս հոն հանկարծ կ’իյնա գերանդին վար,
ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող:
Ըսպասումն է հեղգ ու ջերմին, կ’ուշանա դեռ հովն իրիկվան,
որ զովացիկ, պիտի մեղմե տենդն անպարփակ այս թալուկին.
ջերմակարոտ, փաղփուն[1] օձեր լեռներեն վար կը սողոսկին,
և` հըրաշունչ արբշիռ ու բոցերազ` մերթ կը հևան:
Դաշտերու մեջ ընկուզիներ կը քընանան հոս հոն ցանցիր,
ո՛չ ճամփորդ կա, ո՛չ ալ թռչուն իրենց շուքին տակ ապաստան.
հսկա խորխի պես կ’երկարի, լայնատարած, մենիկ ճամփան`
ուր սըլացքի ու քայլերու հետին մրմո՜ւնջն իսկ չի հածիր:
Թուրինջ գույներ ջըրանըկար… ծիրանի հե՜վք արևմարին…
Մըշակներ ու ձիավորներ պարտեզներեն կը դառնան տուն,
խարխուլ կամուրջն անոնց բեռին տակ կը հեծե խոնջ ու նըկուն,
գետեն անդին երանգ ու ձայն հետզհետե կը մարմըրին։
Ահա գիշերն ալ ծանր ու մեղկ կը գըլորի սարերեն վար,
ու տապահար դաշտավայրեր կը հագենան աղջամուղջով.
կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով,
բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հըրավառ:
Տողատակեր
[խմբագրել]- ↑ փաղփուն ― փայլող, պսպղուն