Լինի-չլինի, ամեն մի քարի մի տառ կլինի,
տառը այդ ունի կենսագրություն, ունի թիվ, անուն,
ժամանակների երկինքն է նրա խորքերում անհուն՝
որպես լեռների անխառն կապույտ-ոգեղեն գինի։
Փորձիր դու հիշել. անշուշտ, քո սիրած երգերից մեկը
սկսվում է այդ քարին կյանք տված մի հատիկ տառով.
իսկ երբ տառերը աճում են ծառ-ծառ, թավիշ անտառով
սահում-անցնում է ցողի փոխարկված դարերի մեգը։
Հարատեւում է տառը մեր սրտում, դառնում պատմություն,
տառը չի թողնում, որ մեռնի քարը գալիք դարերում.
մենք ամենաթանկ խոսքը մեր սրտի-քարին ենք գրում,
քարը հաց է սուրբ, քանքար է քարը, սիրտ ու հարություն...
Լինի-չլինի, մի տառ կլինի ամեն մի քարի,
մեր չծերացող արյան խորհուրդն է քարը, բարեկամ,
հավատա՛ դու միշտ, երբ հայն է երդվում՝ այս քարը վկա,
ձեռքը դնելով մի քարի՝ որպես հացի նշխարի...