։ Այս վերջակետին ես շատ եմ սպասել, որ տեսնեմ
սկիզբը
բանաստեղծության (գուցե համարեք թուղթ՝ հղված միջնադար,
Ֆրիկին) - շարադրված անշարադիր։
Ինչպես եղավ, ասենք, որ տանհույս եզան պոզերը անհետացան
եւ «վարատեղից եկող» ճանճերն արդեն մնացել են շվարած՝
որտե՞ղ իջնեն,
թեպետ հիմա կարեւոր էլ չէ,
թե որտեղից են գալիս՝ գլխավորն այն է՝ ուր են գնում։
Ինչպես եղավ, որ հայրս, Հովհաննես Թումանյան
կարդալուց հետո,
Արփագետուկի ծմակում ծառ կտրելուց առաջ,
չնայեց ծառահամարին, դա քիչ չէ,
վերեւ էլ աչք չգցեց, տեսնի ճյուղերին արջի
քոթոթներ չկա՞ն, արդյոք։
Ինչպես եղավ, ասենք, որ ժայռի ծերպին սեր ու սեքսով
տարվեցին թռչունները,
եւ չտեսան, թե ժայռն ինչպես է ճանապարհ ընկել անվերադարձ,
ինչպես են, որսահաճույքի համար, աղեղը լարում Չինգիզ
խանի ձեռքերը։
Ինչպես եղավ, որ իր իսկ ազատած «մըր էրգիրը» թողած,
Ավոն մնաց չազատված «մըր էրգրում»,
շատացան պախրայի եղջյուրներին թառած պզտիկ թռչուններն
այն, որ վրա են տալիս արագ
ու առաջինը փախցնում պախրայի դնչով ձյուներից հանվող
հունդն ու ծիլերը։
Ինչպե՞ս... շեղվեց բառս դեպի մոլեգնորեն ազնիվ
Թիվի քեռին,
ողորմի նրան, ասում էր՝ աշխօրացուցակի լուսանցքներում
բանաստեղծություններ եմ գրում,
բայց վերջում, տեսնում եմ,
որ ոչ թե երգեր, այլ բողոքագրեր են ստացվել մեր կոլխոզի
նախագահի դեմ։
։ Այս վերջակետին ես սպասել եմ, որ տեսնեմ
խորհուրդը
բանաստեղծության (գուցե համարեք թուղթ՝ հղված Ալեն
Գինզբերգին)- շարադրված անշարադիր, որ անկռահելի են,
ինչպես հայորդու անցած եւ անցնելիք՝
չփորձարկված,
չցամաքարկված,
չջրարկված ճանապարհները։