Jump to content

Տարաս Բուլբա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տարաս Բուլբա
թարգմանիչ՝ Ակսել Բակունց

Թարգմանությունը՝ Ակսել Բակունցի

[ 1 ]
I

«Դե մի շուռ արի, որդի։ Պա՛հ, տնաշեն, այդ ի՜նչ ծիծաղելին ես․․․ Այդ ի՞նչ տերտերի փարաջա եք հագել։ Եվ այդ հագուստո՞վ են բոլորը ճեմարան գնում»։

Այսպիսի խոսքերով դիմավորեց ծերունի Բուլբան իր երկու որդիներին, որոնք սովորում էին Կիևի հոգևոր դպրոցում և արդեն եկել էին տուն՝ իրենց հոր մոտ։

Որդիները հենց նոր էին ձիերից իջել։ Նրանք երկու հաղթանդամ երիտասարդներ էին, որ նորավարտ սեմինարիստների նման դեռևս շեղ էին նայում։ Նրանց առույգ և առողջ երեսներին բուսել էր առաջին աղվամազը, որին դեռ ածելի չէր դիպել։ Հոր այդպիսի ընդունելությունը խիստ շփոթեցրել էր նրանց, և նրանք անշարժ կանգնել էին՝ աչքները գետնին հառած։

«Կացե՛ք, կացեք, ես ձեզ մի լավ մտիկ անեմ,— շարունակեց հայրը, նրանց դես ու դեն շուռ տալով.— Այդ ի՞նչ երկար վերարկու է։ Համա թե վերարկու է հա՜․․․ Այդպիսի վերարկու աշխարհում դեռ չի եղել։ Դե, ձեզանից մեկը թող վազի, տեսնեմ չի՞ խճճվի նրա փեշերի մեջ և չի՞ թրմփա գետին»։

«Մի՛ ծիծաղիր, բատկո, մի՛ ծիծաղիր»,— վերջապես ասաց ավագ որդին։

«Մի սրան տես, ի՜նչ փքվածն է։ Իսկ ինչո՞ւ չպիտի ծիծաղեմ որ․․․»։

«Այնպես։ Թեև դու իմ բատկոն ես, բայց որ ծիծաղես, աստված վկա, կթակեմ»։ [ 2 ] «Այ ես քո էսենց-էնենցը։ Ո՞նց թե, հո՞րդ,— ասաց Տարաս Բուլբան, զարմանքից մի քանի քայլ ետ քաշվելով։

«Այո՛, հենց թեկուզ հորս։ Որ ինձ նեղացնեն, էլ ոչ մեկի խաթրը չեմ պահի»։

«Է՜յ, ո՞նց ես ուզում ինձ հետ կռվել, բռունցքներով, հա՞»։

«Ոնց ուզում ես»։

«Դե արի բռունցքներով․․․— թևերը քշտելով ասաց Բուլբան։— Տեսնենք բռնցքակռվի մեջ ինչ մարդ ես»։

Եվ հայր ու որդի, երկարատև բացակայումից հետո, փոխանակ իրար ողջունելու, սկսեցին բռունցքներով իրար խփել՝ կողքին, մեջքին, կրծքին, երբեմն նահանջելով ու դիտելով, երբեմն նորից հարձակվելով։

«Աստված սիրեք, մի սրանց տեսեք։ Ալևորը ցնդել է, բոլորովին կորցրել է խելքը,— ասաց նրանց գունատ, նիհար և բարի մայրը, որ կանգնել էր դռան շեմքին և դեռ չէր կարողացել գրկել իր աննման զավակներին։— Երեխաները եկել են տուն, տարուց ավելի է նրանց չենք տեսել, իսկ ալևորի խելքին ով գիտե ինչ է փչել, և բռնցքակռիվ է անում»։

«Հա՜, շատ երևելի է կռվում,— ասաց Բուլբան դադարելով։— Աստված վկա, շատ երևելի,— շարունակեց նա, մի քիչ շտկելով իրեն։— Այնպես որ լավ է իսկի համը չառնես։ Ընտիր կոզակ է լինելու։ Դե, բարով ես եկել, որդի, հիմա արի պռոշտի անենք։— Եվ հայր ու որդի իրար համբուրեցին։— Բարով, շատ բարով, որդիս․․․ Այ, այդպես թակի՛ր, ոնց որ ինձ քոթակեցիր։ Ոչ մեկին ձեռիցդ բաց չթողնես․․․ Համա հագիդ շորերը էլի ծիծաղելի են։ Այդ ի՞նչ պարան է վրայիցդ կախ։ Իսկ դու, դմբո՛, ի՞նչ ես ձեռքերդ կախ կանգնել,— ասաց նա, դառնալով կրտսեր որդուն։— Ի՞նչ է, շան զավակ, դո՞ւ ինձ ինչու չես թակում»․․․

«Տես ինչ փչեց խելքին,— ասաց մայրը, որ այդ միջոցին գրկել էր կրտսեր որդուն։— Որտեղից էլ մտքովն անցավ այդպիսի բան, որ հարազատ տղան հորը ծեծի։ Ասես հիմա հենց դրա ժամանակն է, մատղաշ երեխան (այդ երեխան քսան տարեկանից ավելի էր և ուղիղ մի սաժեն հասակ ուներ) այդքան ճանապարհ է կտրել, բեզարել է։ Նրան հիմա հանգստանալ է պետք, մի բան ուտել, իսկ նա ստիպում է կռվել»։ [ 3 ] «Հը՜, դու մորդ փեշի տակ ես մեծացել, ինչպես տեսնում եմ, — ասաց Բուլբան։— Մորդ մի՛ լսի, որդի, կնիկարմատ է։ Նա ոչ մի բան չի հասկանում։ Ի՞նչ գգվանք է ձեզ պետք։ Մի լավ ձի և ազատ դաշտ՝ ահա ձեր գգվանքը։ Իսկ տեսնո՞ւմ եք այս թուրը՝ ահա ձեր մայրը։ Ինչ որ լցրել են ձեր գլուխը՝ բոլորն անպետք բաներ են, ճեմարանը և այն բոլոր գրքերը՝ քերականներն ու փիլիսոփայությունները, և այդ բոլոր այբ-ժե-ճե-ռան։ Թքել եմ այդ բոլորի վրա։— Այստեղ Բուլբան խոսքի մեջ գցեց այնպիսի մի բառ, որ նույնիսկ չի գործածվում տպագրության մեջ։ «Ա՜յ, ավելի լավ է եկող շաբաթ ես ձեզ ուղարկեմ Զապորոժ։ Այ թե որտեղ է ուսումը և ի՜նչ ուսում։ Այնտեղ է ձեր ուսումնարանը, միայն այնտեղ խելք կսովորեք»։

«Ուրեմն միայն մի շաբաթ ե՞ն նրանք տանը մնալու, – տխուր ասաց նիհար ու պառավ մայրը՝ արտասուքն աչքերին։— Խեղճերը ոչ պիտի կարողանան զվարճանալ, ոչ իրենց հոր տունը կարգին տեսնել, և ոչ էլ ես պիտի կարոտս առնեմ»։

«Հերիք է կռկռաս, պառավ։ Կոզակը նրա համար չի, որ կնիկարմատի հետ նստի, վեր կենա։ Թող նրանց երկուսին էլ թաքցնեիր փեշիդ տակ և նստեիր նրանց վրա, ինչպես հավի ձվերի վրա։ Գնա՛, գնա և մեզ համար շուտով սեղան պատրաստիր, ինչ որ տանը կճարվի։ Մեզ պետք չի մեղրահաց, գաթա և ուրիշ այդպիսի զիրթ–զիբիլ բաներ։ Բեր մեզ մի ամբողջ ոչխար, այծ բեր և քառասուն տարվա մեղրագինի։ Մեկ էլ արաղ շատ բեր, ոչ թե այն շինովի արաղից, որին խառնում են չամիչ և հազար տեսակ փսոր, այլ մաքուր, փրփուր արաղ, որ կատաղածի նման եռա և պճպճա»։

Բուլբան իր որդիներին տարավ վերնատունը, որտեղից արագ դուրս վազեցին երկու գեղեցիկ աղջիկ-սպասուհիներ՝ ալ կարմիր մանյակներով։ Նրանք հավաքում էին սենյակները և ըստ երևույթին վախեցան պանիչների գալուց, որովհետև այդ երիտասարդների ձեռքից բան չէր պրծնի, և կամ թե կամենում էին պահպանել իրենց կանացի սովորությունը՝ տղամարդ տեսնելուց ճչալ, ահաբեկված դուրս վազել և հետո, սաստիկ ամոթից, երկար ժամանակ ձեռքերով ծածկել դեմքը։ Վերնատունը կահավորված էր այն ժամանակի ճաշակով, [ 4 ] մի ժամանակ, որի մասին կենդանի ակնարկներ մնացել են միայն ժողովրդական առասպելների և երգերի մեջ, ու այլևս Ուկրաինայում չեն երգում երկարամորուք կույր ծերունիները՝ փանդիռի մեղմ նվագակցությամբ, շրջապատված ժողովրդով, այն ռազմական դժվար ժամանակի ճաշակով, երբ Ուկրաինայում ունիայի համար սկսվել էին ընդհարումներ և պատերազմներ։ Վերնատանն ամեն ինչ մաքուր էր և գունավոր կավով ծեփած։ Պատերից կախված էին թրեր, մտրակներ, թռչունների համար ցանց, ուռկաններ և հրացաններ, եղջյուրից ճարտար սարքած վառոդամաններ, ձիու ոսկե սանձ և բխովներ՝ արծաթյա թիթեղիկներով։ Վերնատան պատուհանները փոքր էին, կլոր և կիսախավար ապակիներով, որոնց նմանն այժմ կարելի է տեսնել միայն հին եկեղեցիներում, մի պատուհան, որի միջով բան տեսնելու համար հարկավոր է բարձրացնել շարժական ապակին։ Դռների և պատուհանների շուրջը կարմիր էին։ Անկյուններում՝ դարակների վրա, շարել էին կժեր, կանաչ և կապույտ ապակուց շշեր և ջրամաններ, արծաթյա գավաթներ, ոսկեզօծ թասեր՝ վենետիկյան, տաճկական և չերքեզական բանվածքի, որ հազար ու մի ճանապարհով Բուլբայի վերնատունն էին ընկել երրորդ և չորրորդ ձեռքերից, մի բան, որ շատ սովորական էր այն խիզախ ժամանակների համար։ Սենյակի չորս պատերի տակ թեղի փայտից նստարաններ էին. հանդիսավոր անկյունում՝ տիրամոր նկարների տակ, դրված էր մի վիթխարի սեղան, ընդարձակ վառարանը՝ ելուններով և փոսերով, պատած էր գույնզգույն և ծաղկավոր հախճասալերով։ Այդ ամենը շատ էր ծանոթ մեր երկու կտրիճներին, որոնք յուրաքանչյուր տարի արձակուրդին տուն էին վերադառնում և վերադառնում էին ոտով, որովհետև նրանք դեռ ձիեր չունեին, նաև այն պատճառով, որ սովորություն չկար դպրոցականներին թույլ տալ ձի քշել։ Նրանք միայն երկար ցցունք ունեին, որից կարող էր բռնել և թափ տալ զենք կրող յուրաքանչյուր կոզակ։ Բուլբան նրանց միայն ուսումն ավարտելու ժամանակ իր երամակից ուղարկեց երկու ջահել որձաձի։

Իր որդիների գալստյան առթիվ Բուլբան հրամայեց կանչել հարյուրապետներին և զորամասի առկա եղած զինվորականներին։ Եվ երբ նրանցից երկու հոգի եկան, նաև [ 5 ] եսաուլ Տովկաչ Դմիտրոն՝ Բուլբայի վաղեմի ընկերը, նա իսկույն ներկայացրեց նրանց իր որդիներին, ասելով. «Մի տեսեք ի՜նչ կտրիճներ են․․․ Շուտով նրանց կուղարկեմ Սեչ»։ Հյուրերը շնորհավորեցին և՛ Բուլբային, և՛ նրա երկու որդիներին, ապա հայտնեցին, որ բարի գործ են անում և որ երիտասարդների համար Զապորոժյան Սեչից ավելի լավ ուսում չկա։

«Դե, պան եղբայրներ, ամեն մեկը թող նստի սեղանի մոտ, որտեղ սիրտն ուզում է։ Հապա, զավակներս, նախ և առաջ արաղ խմենք, — այսպես ասաց Բուլբան, — Տեր աստված, փառք քեզ։ Ողջ լինեք, զավակներս, դո՛ւ, Օստապ, և դո՛ւ, Անդրի։ Տա աստված, որ կռվի մեջ հաջողակ լինեք, որ ջարդեք անօրեններին, նաև տաճիկներին ջարդեք, ջարդեք և թաթարներին, իսկ եթե լեհերը մեր հավատի դեմ բան սարքեն՝ լեհերին էլ ջարդեք։ Դե, մոտեցրու քո թասը․․․ Հը, լա՜վ արաղ է։ Հապա մի ասա, տեսնեմ, լատիներեն ի՞նչ են ասում արաղին։ Այդ է, որդիս, որ հիմար են եղել լատինացիք։ Նրանք չգիտեին էլ, թե աշխարհում արաղ կա։ Այդ, ինչպե՞ս էր նրա անունը, որը լատիներեն ոտանավորներ է գրել։ Ես այնքան էլ վարժ չեմ գրագիտության, ուստի և չգիտեմ։ Հորացիո՞ս էր, ի՞նչ էր»․․․

«Տեսնո՞ւմ ես բատկոյին, — մտածեց Օստապը՝ ավագ որդին, — պառավ շունն ամեն ինչ գիտի և դեռ չիմանալու է դնում»։

«Ես կարծում եմ, որ հայր սուրբը ձեզ չէր էլ թողնում արաղից հոտ քաշեք,— շարունակեց Բուլբան։ — Դե խոստովանեք, տղերք, տեսնեմ՝ ցարասի և բալի կակուղ ճիպոտներով պի՞նդ են ծեծել ձեր մեջքը և այն փափուկ տեղերը, որ ունի կոզակը։ Կամ գուցե, երբ շատ խելացի եք եղել, ձեզ զարկել են նաև մտրակներո՞վ։ Եվ այն էլ ոչ միայն շաբաթ օրերը, այլ նաև չորեքշաբթի և հինգշաբթի՞»։

«Բատկո՛, հարկավոր չի հիշել ինչ որ եղել է, – սառնարյուն ասաց Օստապը.— եղածն անցել է»։

«Դե թող հիմա փորձի,– ասաց Անդրին։– Մեկնումեկը թող հիմա հենց միայն դիպչի։ Թող հիմա որևէ թաթար հանդիպի. նա կիմանա, թե ինչ բան է կոզակի թուրը»։

«Ապրես, որդիս, աստված վկա, ապրես․․․ Դե որ այդպես [ 6 ] է, ես էլ եմ գալիս ձեզ հետ, աստված վկա, գալիս եմ: Ի՞նչ ունեմ որ այստեղ նստեմ, որպեսզի ես արի՞նջ ցանեմ, տնարար մա՞րդ շինեմ, ոչխար և խոզ պահեմ և իմ կնկա հետ սիլիբիլի՞ անեմ: Թող կորչի կնիկը, ես կոզակ եմ, չեմ ուզում: Ի՞նչ անենք, որ կռիվ չկա։ Ես ձեզ հետ հենց այնպես կգնամ Զապորոժ՝ քեֆ անելու: Աստված վկա, կգնամ»։ Եվ ծերունի Բուլբան հետզհետե տաքացավ, տաքացավ, վերջը բոլորովին բարկացավ, վեր կացավ սեղանից և խրոխտ կանգնելով, ոտքով դոփեց գետինը: «Հենց վաղը գնում ենք: Ինչո՞ւ ուշացնել: Ի՞նչ թշնամու կարող ենք այստեղ սպասել: Մեր ինչի՞ն է պետք այս տունը, այս բոլորը, ինչի՞ են պետք այս կճուճները»: Այդ ասելով, նա սկսեց փշրել և դեն շպրտել կճուճները և ամանները: Խեղճ պառավը, որ արդեն վարժվել էր իր ամուսնու այդպիսի արարքներին, տախտի վրա նստած տխուր նայում էր: Նա չէր համարձակվում մի բան ասել: Բայց լսելով իր համար սոսկալի վճիռը, պառավը չկարողացավ պահել արտասուքը, նա նայեց իր զավակներին, որոնց այդքան արագ պիտի հրաժեշտ տար. և ոչ ոք չի կարող նկարագրել համր զորությանը մայրական վշտի, որ կարծես դողդողում էր նրա աչքերի մեջ և ջղաձգաբար սեղմած շրթունքների վրա: Բուլբան սոսկալի համառ էր: Նա մեկն էր այն բնավորություններից, որոնք կարող էին առաջանալ միայն դաժան XV դարում, Եվրոպայի կեսթափառակյաց անկյունում, երբ ողջ հարավային նախնադարյան Ռուսաստանը, որին լքել էին իր իշխանները, մոնղոլական գիշատիչների անդիմադրելի արշավանքներից ամայացել և իսպառ խանձվել էր, երբ օջախից և օթևանից զրկվելով, մարդն այստեղ դարձավ խիզախ, երբ հրդեհի վայրում նա բնակություն էր հաստատում` դեմառդեմ հավիտենական վտանգի և ահեղ հարևանների, և վարժվում էր ուղիղ նայել նրանց աչքերին, հետզհետե անգիտանալով, որ աշխարհում գոյություն ունի երկյուղը, երբ ռազմի բոցերի մեջ ողջակիզվում էր սլավոնական վաղնջական ոգին և առաջանում էր կոզակությունը` ռուսական բնավորության լայն և սանձարձակ թափը, և երբ բոլոր գետափերը, գետանցները, առափնյա թեք ու հարմար վայրերը գրավում էին կոզակները, որոնց համարքը ոչ ոք չգիտեր և որոնց հանդուգն ընկերներն իրավունք ունեին պատասխանելու սուլթանին, որն [ 7 ] ուզում էր իմանալ նրանց թիվը. «Ո՜վ գիտե նրանց․․․ մեզանում ամբողջ տափաստանի վրա նրանք ցրված-փռված են, որտեղ բայրակ, այնտեղ կոզակ» (որտեղ մի աննշան թումբ կա, այնտեղ արդեն կոզակն է»։ Ճշմարիտ որ այդ ռուսական ուժի արտասովոր երևույթն էր. աղետների հուրը դուրս մղեց այդ ուժը ժողովրդի կրծքից: Նախկին կալվածքների և մանր քաղաքների փոխարեն, որոնք լցված էին բարակապետներով և շնապահներով, մանր իշխանների, իրար թշնամի և առևտուր անող քաղաքների փոխարեն առաջացան ահեղ գյուղեր, կուրեններ և ամրություններ, որոնց իրար էր միացրել վտանգը և ատելությունը ոչ քրիստոնյա գիշատիչների հանդեպ: Արդեն բոլորին հայտնի է պատմությունից, թե ինչպես նրանց հավիտենական պայքարը և անհանգիստ կյանքը Եվրոպան փրկեցին նրան սպառնացող անզուսպ արշավանքներից։ Լեհական թագավորները, որոնք գրավել էին նախկին իշխանների տեղը և նրանց ընդարձակ հողերը, թեև հեռու էին և անզոր, ըմբռնել էին կոզակների նշանակությունը և այդպիսի ռազմական պահակային կյանքի օգուտները։ Նրանք խրախուսում էին կոզակներին և հովանավորում էին այդ դրությունը։ Նրանց հեռավոր իշխանության ներքո հեթմանները, որոնց ընտրում էին կոզակների միջից, կոզակների բանակատեղին և կուրենները վերակազմում էին կանոնավոր գնդերի և շրջանների։ Դա ի մի հավաքած շարային զորք չէր, և ոչ ոք չէր տեսնում այդ զորքը: Սակայն պատերազմի և ընդհանուր շարժման ժամանակ, ութ օրվա ընթացքում և ոչ ավելի, յուրաքանչյուրը ներկայանում էր ձիու վրա, զենք ու զրահը կապած, թագավորից ստանալով միայն մի ոսկի, և երկու շաբաթվա ընթացքում, գումարվում էր այնպիսի բանակ, որպիսին անհնար էր հավաքել կանոնավոր զորաժողովի միջոցով։ Արշավանքը վերջանում էր, ռազմիկը գնում էր դեպի արոտները և արտերը, դեպի Դնեպրի գետանցները, ձուկ էր որսում, առևտուր էր անում, եռացնում էր գարեջուրը և ազատ կոզակ էր: Ժամանակակից օտարականներն արդարացի զարմանում էին կոզակի արտասովոր ընդունակությունների վրա։ Արհեստ չկար, որ կոզակը չիմանար, նա կարող էր արաղ քաշել, սայլ սարքել, վառոդ աղալ, հյուսնի և դարբնի գործ անել և այդ ամենից հետո հախուռն զվարճանալ՝ խմել [ 8 ] և քեֆ անել, ինչպես կարող է քեֆ անել միայն ռուս մարդը: Ռեեստրալին կոզակներից բացի, որոնք պատերազմի դեպքում պարտավոր էին ներկայանալ, կարելի էր ուզած ժամանակ, մեծ նեղության դեպքում հավաքել նաև սեփական ձիերով կոզակների ամբողջ բազմություն, հերիք էր, որ եսաուլներն անցնեին բոլոր գյուղերի և ավանների շուկաներով ու հրապարակներով և սայլի վրա բարձրանալով բղավեին հուժկու ձայնով. «Հե՜յ, դուք, գարեջուր եփողներ և գարեջրի վարպետներ, հերիք է գարեջուր եռացնեք, թավալ տաք վառարանի կողքին և ձեր գեր մարմնով կերակրեք ճանճերին։ Ելե՛ք, ձեռք բերեք ասպետական փառք ու պատիվ։ Հե՜յ դուք, մաճ բռնողներ, արինջ ցանողներ, ոչխար պահողներ և կնիկ սիրողներ։ Հերիք է գութանի ետևից գնաք, հողի մեջ կեղտոտեք ձեր դեղին քոշերը, մոտենաք ձեր կանանց և խորտակեք ձեր ասպետական զորությունը։ Ժամանակն է կոզակի փառք վաստակելու»։

Եվ այդ խոսքերը նման էին կայծերի, որոնք ընկնում են չոր փայտի վրա։ Վար անողը փշրում էր իր գութանը, գարեջրի վարպետները և գարեջուր եփողները շպրտում էին իրենց տաշտերը և փշրում էին տակառները, արհեստավորը և չարչին սատանայի բաժին էին դարձնում արհեստը և կրպակը, ջարդում էին տան կճուճները, և բոլորը ձիավորվում էին։ Մի խոսքով, ռուսական նկարագիրն այստեղ ստանում էր հզոր ու լայն թափ և զորեղ արտաքին։

Տարասը զորագնդերի հին և հիմնական պետերից մեկն էր։ Նա ստեղծված էր ռազմի տագնապի համար և աչքի էր ընկնում իր շիտակ բնավորությամբ։ Այն ժամանակ արդեն զգացվում էր Լեհաստանի ազդեցությունը ռուս ազնվականության վրա։ Շատերը փոխ էին առել լեհական սովորություններ, մուծել էին շքեղություն, փառահեղ սպասավորներ, բազեներ, բարակապետներ, ճաշկերույթներ և ունեին պալատներ։ Այդ բոլորը Տարասի սրտովը չէր։ Նա սիրում էր կոզակների պարզ կյանքը և խռովել էր իր այն ընկերներից, որոնք հակված էին Վարշավայի կողմը։ Տարասը նրանց անվանում էր լեհական պաների ճորտեր։ Հավիտյան անխոնջ, նա իրեն համարում էր ուղղափառության օրինավոր պաշտպանը։ Նա ինքնագլուխ մտնում էր այն գյուղերը, որտեղ տրտնջում էին վարձակալների [ 9 ] ճնշումներից և յուրաքանչյուր ծխից գանձվող նոր տուրքերի հավելումից։ Իր կոզակների հետ նա ինքը նրանց դատաստան էր անում և կանոն էր սահմանել, որ հետևյալ երեք դեպքում հարկավոր է թուր առնել, երբ կոմիսարները որևէ բանով չէին հարգում ավագներին և նրանց առաջ կանգնում էին գլխարկով, երբ ծաղրուծանակում էին ուղղափառությունը և չէին պաշտում նախնիների սովորությունները և, վերջապես, երբ թշնամիներն անօրեններն էին և տաճիկները, որոնց դեմ նա բոլոր դեպքերում թույլատրելի էր համարում զենք բարձրացնել ի փառս քրիստոնեության։ Այժմ նա կանխավ մխիթարում էր իրեն այն մտքով, թե ինչպես իր երկու որդիների հետ կներկայանա Սեչի մարդկանց և կասի. «Ահա տեսեք, ի՛նչ կտրիճներ եմ բերել ձեզ», — ինչպես որդիներին կներկայացնի պատերազմների բովում կոփված իր բոլոր հին ընկերներին, ինչպես ինքը կդիտի իր որդիների առաջին սխրագործությունները ռազմական գիտության ասպարեզում, նաև գինարբության, որը նույնպես համարում էր ասպետի գլխավոր առաքինություններից մեկը։ Սկզբում նա կամենում էր նրանց մենակ ուղարկել, սակայն ի տես նրանց աշխուժության, բարձր հասակի և մարմինների հզոր գեղեցկության՝ բռնկվեց նրա ռազմասեր ոգին, և նա մյուս օրը ևեթ վճռեց նրանց հետ գնալ, թեև դրա միակ կարևորությունը՝ նրա համառ կամքն էր։ Նա արդեն գործի էր անցել և կարգադրություններ էր անում, երիտասարդ որդիների համար ընտրում էր ձիեր և ձիասարք, մտնում էր ախոռները և ամբարները, ջոկում էր սպասավորներին, որոնք վաղը նրանց հետ պիտի ճանապարհվեին։ Իր իշխանությունը նա հանձնեց եսաուլ Տովկաչին և միաժամանակ խստագույն պատվիրեց ամբողջ զորագնդի հետ իսկույն ևեթ ներկայանալ, եթե միայն Սեչից նա որևէ լուր ուղարկի։ Ու թեև կատարը տաք էր, և գլխի մեջ դեռ եռում էր խմածը, այնուամենայնիվ, նա ոչինչ չմոռացավ։ Նույնիսկ հրամայեց ձիերը ջրել և մսուրների մեջ լցնել խոշոր և ամենաընտիր գարին, ու վերադարձավ դադրած իր բոլոր հոգսերից։

«Դե, տղերք, այժմ հարկավոր է քնել, իսկ վաղը՝ բանն աստված: Մեզ համար անկողին մի՛ փռի։ Մեզ տեղաշոր պետք չի։ Մենք դուրսը կքնենք»։ [ 10 ] Գիշերը դեռ նոր էր պատել երկինքը, բայց Բուլբան միշտ վաղ էր պառկում։ Նա մեկնվեց գորգի վրա, վրան քաշեց ոչխարի մորթե մուշտակը, որովհետև գիշերային օդը բավական զով էր և մեկ էլ, Բուլբան երբ տանն էր, սիրում էր տաք փաթաթվել։ Շուտով նա սկսեց խռմփացնել, և ամբողջ տունը հետևեց նրան։ Ինչ որ կար-չկար բակի զանազան անկյուններում՝ բոլորն սկսեցին խռմփացնել ու եղանակել։ Ամենից առաջ քնեց պահապանը, որովհետև պանիչների գալու առթիվ ամենից շատ նա՛ էր խմել։ Միայն խեղճ մայրն էր արթուն: Նա խոնարհվել էր կողք-կողքի պառկած իր սիրելի զավակների սնարին։ Նա սանրում էր նրանց անփույթ խճճված երիտասարդ գանգուրները և թրջում իր արցունքներով։ Նա նայում էր նրանց ամբողջ հոգով, նայում էր իր բոլոր զգացմունքներով, նա ողջ էությամբ դարձել էր միայն տեսողություն և չէր կարողանում նայելուց կշտանալ։ Նա սնուցել էր նրանց իր կաթով, նա մեծացրել և փայփայել էր նրանց, — և ահա միայն մի վայրկյան է տեսնում նրանց իր առաջ։ «Ի՛մ զավակներ, ի՛մ սիրելի զավակներ, ի՞նչ կպատահի ձեզ, ի՞նչ է սպասում ձեզ», — ասում էր նա, և արտասուքի կաթիլները կանգ էին առնում խորշոմների մեջ, որոնք, կերպարանափոխել էին նրա երբեմնի չքնաղ դեմքը։ Ճշմարիտ որ խղճալի էր նա, ինչպես այն հախուռն դարի ամեն մի կին։ Նա միայն մի ակնթարթ էր ապրել սիրով, միայն կրքի առաջին բորբոքումը, երիտասարդության առաջին տենդը, և այդ ակնթարթից հետո նրա դաժան հրապուրողը նրան թողել էր թրի համար, ընկերների համար, գինարբության համար։ Նա իր ամուսնուն տեսնում էր տարին երկու-երեք օր, որից հետո մի քանի տարի նրանից լուր չկար։ Իսկ ի՞նչ կյանք էր, երբ նույնիսկ տեսնվում էր նրա հետ, երբ նրանք միասին էին ապրում։ Նա համբերությամբ կրում էր վիրավորանքը, նույնիսկ ծեծը. նա գգվանք էր տեսնում, երբ այդ գգվանքը նրան տրվում էր որպես ողորմություն. նա մի տարօրինակ էակ էր անկին ասպետների բազմության մեջ, որոնց վրա զվարճասեր Զապորոժիեն նետել էր իր դաժան երանգը։ Երիտասարդությունն առանց վայելքի առկայծել էր նրա աչքերի առաջ, և նրա չնաշխարհիկ ու թարմ այտերը և կուրծքը թառամել էին առանց համբույրների և ծածկվել վաղահաս խորշոմներով։ [ 11 ] Նրա ամբողջ սերը, բոլոր զգացմունքները, այն ամենը, ինչ որ կնոջ մոտ նուրբ է և կրքոտ, այդ ամենը նրա մեջ դարձավ միայն մայրական սեր։ Նա սաստիկ տապով, խանդով և արցունքն աչքերին պտտվում էր իր երեխաների շուրջը, ինչպես տափաստանի ուրուրը։ Նրա զավակներին, նրա սիրելի զավակներին առնում են նրանից, տանում են, որպեսզի երբեք այլևս մայրը նրանց չտեսնի։ Ո՞վ գիտե, գուցե առաջին ճակատամարտում թաթարը կտրի նրանց գլուխները, և մայրը չպիտի գիտենա, թե որտեղ են նրանց դեն գցած մարմինները, որոնց կտցահարելով կքրքրի ճանապարհի գիշատիչ թռչունը, և որոնց ամեն մի կաթիլ արյան համար մայրը կտար իր ամբողջ կյանքը և իրեն։ Արտասվելով, նա նայում էր նրանց աչքերին, որոնց ամենակարող քունն արդեն սկսել էր փակել, և մտածում էր՝ գուցե թե Բուլբան զարթնի և մի երկու օրով հետաձգի ճանապարհ ընկնելը։ Նա շատ էր խմել և գուցե դրանից էր շուտ ճանապարհվելու միտքը։

Երկնի բարձունքից լուսինն արդեն լուսավորել էր քնած մարդկանցով լի ամբողջ բակը, ուռիների խիտ խմբերը և բարձր մոլախոտը, որի մեջ ընկղմվել էր բակը շրջապատող ցանկապատը։ Իսկ մայրը դեռ նստել էր իր սիրելի զավակների գլխավերևը, ոչ մի րոպե աչքը նրանցից չէր հեռացնում և չէր մտածում քնի մասին։ Արդեն ձիերը, զգալով լուսաբացը, պառկել էին խոտի վրա և այլևս չէին ուտում։ Ուռենու վերի տերևներն սկսեցին սոսափել և տակավ առ տակավ սոսափի հոսանքը ճյուղերի վրայով իջավ մինչև ներքև։ Մինչև լույս նա նստեց, ամենևին չհոգնելով, և ներքուստ կամենում էր, որպեսզի գիշերը տևի որքան կարելի է ավելի։ Դաշտից լսվեց որձաձիու զնգուն վրնջոցը։ Երկնքի վրա պայծառ փայլեցին կարմրագույն շերտերը։ Բուլբան հանկարծ զարթնեց և վեր թռավ։ Նա շատ լավ հիշում էր այն ամենը, ինչ որ կարգադրել էր երեկ։

«Դե, տղերք, հերիք քնեք… Ժամանակն է, վե՛ր կացեք։ Ձիերը ջրե՛ք։ Իսկ որտեղ է պառավը (նա սովորաբար այդպես էր կոչում կնոջը)։ Դե շուտ արա՛, պառավ, ուտելու բան պատրաստի։ Երկար ճանապարհ ենք գնալու»։

Խեղճ պառավը, վերջին հույսը կտրած, տրտում քարշ [ 12 ] եկավ դեպի տուն։ Մինչդեռ նա արտասվելով պատրաստում էր նախաճաշը, Բուլբան արձակում էր իր հրամանները, գոմի ներսը դես ու դեն էր ընկնում և իր որդիների համար ինքն էր ընտրում ամենալավ սարքը։ Բուրսակները միանգամից կերպարանափոխվեցին։ Նախկին կեղտոտ կոշիկների փոխարեն նրանք հագան կարմիր սեկե կոշիկներ՝ արծաթյա պայտերով, շալվարներ՝ Սև ծովի լայնությամբ, հազար ծալքերով ու փոթերով, և ոսկե խոնջանով ձիգ կապեցին։ Խոնջանից կախված էին երկար փոկեր՝ ծոպերով և չիբուխի այլ զանգուլակներով։ Կրակի նման վառ, ալ կարմիր մահուդե կոզակինի վրայից կապեցին ծաղկանկար գոտի, տաճկական քանդակազարդ փշտովները խրեցին գոտու մեջ. կախ ընկած թուրը զրնգում էր՝ դիպչելով ոտքին։ Նրանց դեռ քիչ արևառ դեմքերը, կարծես, ավելի սպիտակեցին և գեղեցկացան, նորածիլ սև բեղերը այժմ, կարծես, ավելի էին ցոլացնում նրանց դեմքերի սպիտակը և երիտասարդության առողջ ու զորեղ գույնը։ Նրանք աննման էին՝ ծայրը ոսկի, սև մորթե գդակներով։ Թշվառ մայրը, երբ նրանց տեսավ, մի խոսք անգամ չկարողացավ ասել, և արցունքները սառեցին նրա աչքերում։

«Դե, տղերք, ամեն ինչ պատրաստ է։ Պետք չէ ուշանալ, – ասաց վերջապես Բուլբան։ – Այժմ, որպես վայել է քրիստոնյաների սովորության, ճանապարհ ընկնելուց առաջ բոլորը պիտի նստեն»։ Բոլորը նստեցին, ներառյալ և սպասավորները, որոնք դռների մոտ պատկառանքով կանգնել էին։

«Այժմ, մա՛յր, օրհնիր քո զավակներին, — ասաց Բուլբան։ — Աղոթիր աստծուն, որ նրանք քաջի նման կռվեն, միշտ պաշտպանեն ասպետական պատիվը, Քրիստոսի հավատի պահապան լինեն, ապա թե ոչ, լավ է թող իսպառ կորչեն, որպեսզի աշխարհի երեսին նրանց հետքը չմնա։ Երեխաներ, մոտեցեք ձեր մորը։ Մայրական աղոթքը փրկարար է ջրի վրա և ցամաքի վրա»։ Մայրը, անզոր ինչպես մայր, գրկեց նրանց, հանեց տիրամոր երկու պատկեր և հեկեկալով կախեց նրանց վզերից։ «Թող պահապան լինի ձեզ տիրամայրը․․․ իմ զավակներ, չմոռանաք ձեր մորը․․․ Ձեր մասին լուր կուղարկեք․․․» — և այլևս չկարողացավ խոսել։

«Դե գնանք, տղերք», — ասաց Բուլբան։ [ 13 ] Դռանը սպասում էին թամբած ձիերը: Բուլբան թռավ իր ձիու` Դևի վրա, որ գազազած թեքվեց մի կողմ, իր վրա զգալով քսան փթի ծանրություն, որովհետև Տարասը չափազանց ծանր էր և հաստ: Երբ մայրը տեսավ, որ իր որդիները ևս նստեցին ձիերը, վրա վազեց դեպի կրտսեր որդին, որի դիմագծերն ավելի քնքշություն էին արտահայտում: Նա բռնեց նրա ասպանդակը, կպավ նրա թամբից և հուսահատ աչքերով նրան բաց չէր թողնում ձեռքից: Երկու հաղթանդամ կոզակներ նրան զգուշությամբ առան ձեռքերի վրա և տուն տարան: Բայց երբ նրանք դուրս եկան դարբասից, մայրը, — վայրի այծի թեթևությամբ, որ անհամապատասխան էր նրա տարիքին, — դարբասից դուրս վազեց, աներևակայելի ուժով կանգնեցրեց ձին և գրկեց նրանցից մեկին` խելացնոր և անզգա ջերմությամբ: Նրան նորից տուն տարան: Երիտասարդ կոզակները գնում էին հուզված և զսպելով արցունքը, երկյուղելով հորից, որը նույնպես մի քիչ հուզված էր, թեև ջանում էր ցույց չտալ: Գորշ օր էր, կանաչը վառ փայլում էր. թռչունները մի տեսակ աններդաշնակ էին ճռվողում: Բավական առաջ գնալուց հետո նրանք ետ նայեցին, իրենց խուտորը կարծես գետնի տակ էր անցել, և գետնի երեսին միայն երևում էին իրենց համեստ տան երկու ծխանները և ծառերի կատարները, որոնց ճղների վրա նրանք մանուկ օրերին մագլցում էին սկյուռի նման: Նրանց առաջ փռված էր միայն այն հեռավոր մարգագետինը, որ նրանց հիշեցնում էր իրենց կյանքի ողջ պատմությունը, սկսած այն տարիներից, երբ նրանք գլորվում էին նրա ցողապատ խոտերի վրա, մինչև այն տարիները, երբ այնտեղ սպասում էին սևաչյա կոզակուհուն, որը վախով սլանում էր մարգագետնի վրայով` իր կայտառ և արագ ոտքերի օգնությամբ: Ահա արդեն միայն ձողն է` ջրհորի վրա, վերևում` սայլի անիվը, որ միայնակ ցցվել է դեպի երկինք: Այն հարթավայրը, որոնք նրանք անցան, հեռվից երևում է լեռան նման և իր հետևում ծածկում ամեն ինչ:

–Մնաք բարով և՛ մանկություն, և՛ խաղեր, և՛ ամեն ինչ, ամեն ինչ․․․ [ 14 ]
II

Երեք ձիավորները գնում էին լուռ ու մունջ: Ծերունի Տարասը մտածում էր անցած-գնացած օրերի մասին, նա վերհիշում էր իր երիտասարդությունը, այն տարիները, այն անցած տարիները, որոնց համար միշտ ողբում է կոզակը, կամենալով, որ իր ամբողջ կյանքը երիտասարդություն լինի: Նա մտածում էր, թե ինչպես Սելում պիտի հանդիպի իր վաղեմի ընկերներին։ Նա համրում էր նրանց, որոնք մահացել էին, և նրանց, որոնք դեռ ողջ էին։ Արցունքը հեզիկ ոլորվեց նրա բբի վրա, և նրա ալեհեր գլուխը վհատ կախվեց։

Նրա որդիները զբաղված էին այլ մտքերով։ Բայց հարկավոր է ավելի մանրամասն պատմել որդիների մասին։ Տասներկու տարեկան հասակում նրանց ուղարկել էին Կիևի ճեմարանը, որովհետև այն ժամանակի բոլոր պատվավոր իշխանավորներն անհրաժեշտ էին համարում իրենց երեխաներին կրթության տալ, թեև այդ արվում էր, որպեսզի հետո իսպառ մոռանան այդ կրթությունը։ Նրանք այն ժամանակ, ինչպես բուրսա մտնող բոլոր սաները, վայրենի էին, մեծացել էին ազատ, և միայն այնտեղ նրանք սովորաբար մի քիչ հղկվում էին և ստանում ինչ-որ ընդհանուր բան, որ բոլորին նմանեցնում էր իրար։ Մեծ որդին՝ Օստապը, իր ասպարեզն սկսեց առաջին տարին դպրոցից փախչելով։ Նրան ետ դարձրին, սաստիկ ծեծեցին և գիրքը ձեռքը տվին։ Նա չորս անգամ իր այբբենարանը հողի մեջ թաղեց, և չորս անգամ էլ անխիղճ կերպով նրան ծեծեցին և գնեցին նոր գիրք։ Բայց անկասկած նա հինգերորդ անգամն էլ կթաղեր գիրքը, եթե հայրը հանդիսավոր խոստում չտար՝ ամբողջ քսան տարի վանքի փոքրավոր պահել և կանխավ երդվել, որ նա հավիտյան չի տեսնի Զապորոժիեն, եթե ճեմարանում չսովորի բոլոր գիտությունները։ Հետաքրքիր է, որ այդ ասել էր նույն Տարաս Բուլբան, որը հայհոյում էր գիտությունը, և ինչպես մենք տեսանք, որդիներին խրատում էր երբեք չզբաղվել գիտությամբ։ Այդ ժամանակից սկսած Օստապն արտասովոր ջանասիրությամբ ձեռքն առավ ձանձրալի գիրքը և շուտով լավագույն սաների շարքն անցավ։ Այն ժամանակվա ուսման տեսակը խիստ տարբերվում էր կյանքի եղանակից։ Այդ սխոլաստիկ, քերականական, տրամաբանական և ճարտասանական նրբություններն [ 15 ] ամենևին չէին առնչվում ժամանակի հետ, երբեք չէին գործադրվում և կյանքի մեջ չէին կրկնվում։ Որևէ բան պիտանի չէր նրանց՝ թեկուզ առավել նվազ սխոլաստիկ գիտելիքները։ Այն ժամանակվա գիտնականներն իրենք բոլորից ավելի անկիրթ էին, որովհետև իսպառ հեռու էին փորձից։ Ընդսմին բուրսայի հանրապետական կազմությունը, երիտասարդ, առույգ և առողջ մարդկանց բազմությունը, — այդ ամենը նրանց պիտի ներշնչեր մի գործունեություն, որ բոլորովին դուրս էր նրանց դպրոցական պարապմունքներից։ Երբեմն վատ սնունդը, երբեմն հաճախակի պատիժները սովահարությամբ, երբեմն բազմատեսակ պահանջները, որ ունենում էր առողջ, կայտառ և ամրակազմ պատանին, — ամենը միասին նրանց մեջ ծնում էին այն նախաձեռնությունը, որ հետո զարգանում էր Զապորոժիեում։ Քաղցած բուրսան վխտում էր Կիևի փողոցներում և բոլորին ստիպում էր զգույշ լինել։ Բազարի առևտուր անող կանայք միշտ իրենց ձեռքերով ծածկում էին կարկանդակները, բլիթները և դդումի կորիզները, ինչպես արծիվներն իրենց ձագերին, հենց որ տեսնում էին անցնող բուրսակին։ Դասապետ աշակերտը, որի պարտականությունն էր հսկել իր տեսչության ներքո եղած ընկերների վրա, ուներ այնպիսի սարսափելի գրպաններ, որ կարող էր տեղավորել առուտուր անող բացբերան կնոջ ամբողջ կրպակը։ Բուրսան մի առանձին աշխարհ էր. նրանց արգելված էր լինել լեհ և ռուս ազնվականների բարձր շրջանում։ Ինքը վոևոդը՝ Ադամ Կիսելը, չնայած ճեմարանին ցույց տված իր հովանավորությանը, նրանց չէր մտցնում հասարակության մեջ և հրամայում էր նրանց խստորեն պահել։ Սակայն այդ հրահանգը բոլորովին ավելորդ էր, որովհետև տեսուչը և վանական պրոֆեսորները ճիպոտներ և մտրակ չէին խնայում, և հաճախ նրանց հրամանով լիկտորներն իրենց դասապետներին այնքան անխիղճ էին ծեծում, որ նրանք մի քանի շաբաթ քորում էին շալվարները։ Նրանցից շատերի համար այդ համարյա ոչինչ բան էր և թվում էր մի քիչ ավելի թունդ, քան տաքդեղով արաղը։ Ուրիշներին ի վերջո սաստիկ ձանձրացնում էր այդ անվախճան վերքի սպեղանին, և նրանք փախչում էին Զապորոժիե, եթե կարողանում էին ճանապարհը գտնել, և եթե նրանց ճանապարհին չէին բռնում։ Չնայած [ 16 ] որ Օստապ Բուլբան մեծ ջանասիրությամբ սկսել էր սովորել տրամաբանություն և նույնիսկ աստվածաբանություն, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր ազատվում անողորմ ճիպոտներից: Բնական է, որ այդ բոլորը պետք է որևէ կերպ դաժանացներ նրա բնավորությունը և նրան հաղորդեր կարծրություն, որով աչքի էին ընկնում կոզակները: Օստապը միշտ համարվում էր լավագույն ընկերներից մեկը: Նա հազվադեպ էր առաջնորդում ուրիշներին հանդուգն ձեռնարկության ժամանակ, երբ հարկավոր էր կողոպտել ուրիշի պարտեզը կամ բանջարանոցը, սակայն նա միշտ մեկն էր առաջիններից, որոնք հավաքվում էին ձեռներեց բուրսակի դրոշակի ներքո, և երբեք, ոչ մի դեպքում չէր մատնի իր ընկերներին: Ոչ մի ճիպոտ և ոչ մի մտրակ չէին կարող ստիպել նրան այդ անելու: Նա ժուժկալ էր մյուս դրդումների հանդեպ, բացի պատերազմից և զվարթ խրախճանքից. համենայն դեպս համարյա երբեք ուրիշ բանի մասին չէր մտածում: Նա պարզասիրտ էր հավասարների հետ: Նա բարի էր, ինչպիսի բարություն կարող էր ունենալ այդպիսի նկարագրի տեր մարդը և այդպիսի ժամանակ: Նա սրտանց զգացվել էր խեղճ մոր արտասուքից, և միայն այդ էր նրան հուզում և ստիպում մտազբաղ խոնարհել գլուխը:

Նրա կրտսեր եղբայրը` Անդրին, ուներ քիչ ավելի կենսուրախ զգացմունքներ, որոնք ավելի զարգացած էին: Նա սովորում էր ավելի սիրով և առանց ուժերը լարելու, ինչպես սովորաբար ձեռնամուխ է լինում ծանր և ուժեղ բնավորության տեր մարդը: Նա ավելի հնարագետ էր, քան եղբայրը, ավելի հաճախ էր հանդիսանում բավական վտանգավոր ձեռնարկության առաջնորդ և երբեմն, իր հնարագետ խելքի օգնությամբ, կարողանում էր պատժից խույս տալ, այնինչ նրա եղբայր Օստապը, մի կողմ թողնելով ամենայն հոգս, հանում էր վերարկուն և պառկում հատակի վրա, ամենևին չմտածելով ներումն խնդրելու մասին: Նա նույնպես եռում էր քաջագործության ծարավով, բայց և միաժամանակ նրա հոգին մատչելի էր նաև ուրիշ զգացմունքների: Երբ տասնութ տարին լրացրեց, նրա ներսում սիրո պահանջը բռնկվեց վառ կերպով: Նրա ջերմ ցնորքների մեջ ավելի հաճախ սկսեց երևալ կինը: Ունկնդրելով փիլիսոփայական բանավեճերը, նա յուրաքանչյուր [ 17 ] ակնթարթ տեսնում էր նրան` զվարթ, սևաչյա և քնքուշ: Նրա աչքերի առաջ աղոտ կերպով երևում էին նրա լուսեղեն և առաձիգ կուրծքը, նուրբ և չքնաղ, ամբողջովին մերկ ձեռքը, նույնիսկ զգեստը, որ պիրկ պարփակել էր կնոջ կուսական և առույգ մարմինը, — նույնիսկ այդ զգեստը նրա ցնորքների մեջ շնչում էր անպատմելի տռփանքով: Նա իր ընկերներից խնամքով թաքցնում էր պատանեկան կրքոտ հոգու այդ շարժումները, որովհետև այն դարում կոզակի համար ամոթ և անպատվություն էր առանց պատերազմ ճաշակելու մտածել կնոջ և սիրո մասին: Ընդհանրապես վերջին տարիներին Անդրին ավելի հազվադեպ էր առաջնորդում որևէ հրոսախումբ և ավելի հաճախ միայնակ շրջում էր Կիևի որևէ խուլ անկյունում, որ թաղված էր բալի պարտեզների մեջ, չորս կողմը փոքրիկ տնակներ, որոնք հրապուրանքով նայում էին փողոցի կողմը: Երբեմն նա մտնում էր նաև ազնվականների փողոցը, այժմվա հին Կիևում, որտեղ ապրում էին մալոռուս և լեհ ազնվականներ, որոնց տները կառուցված էին քմահաճ ճաշակով: Մի անգամ, երբ նա բացբերան նայում էր, համարյա նրա վրայով անցավ ինչ-որ լեհ պանի ծանր կառքը, և զարհուրելի բեղերով կառապանը խարազանով նրան կարգին շրմփացրեց: Երիտասարդ բուրսակը գազազեց, կատաղի համարձակությամբ նա իր զորեղ ձեռքով բռնեց հետևի անիվից և կառքը կանգնեցրեց: Բայց կառապանը դատաստանից վախենալով մտրակեց ձիերին, ձիերը ձիգ տվին, և Անդրին, որ բարեբախտաբար, կարողացել էր ձեռքը ետ քաշել, երեսի վրա գետին թրմփաց` ուղիղ ցեխի մեջ: Նա լսեց հնչեղ և ներդաշնակ ծիծաղի ձայն: Նա աչքերը բարձրացրեց և տեսավ պատուհանի մոտ կանգնած մի գեղեցկուհու, որի նմանը դեռ երբեք չէր տեսել սևաչյա և սպիտակ, ինչպես ձյունը, որ վառվում է արևի վաղորդյան կարմրից: Աղջիկը ծիծաղում էր ի բոլոր սրտե, և այդ ծիծաղը նրա շլացուցիչ գեղեցկությանը պարգևում էր փայլատակող ուժ: Անդրին շշմեց: Նա իրեն բոլորովին կորցրած նայում էր այդ կնոջը, մտամոլոր սրբելով երեսի ցեխը, որով ավելի կեղտոտվեց: Ո՞վ էր այդ գեղեցկուհին: Նա կամեցավ իմանալ սպասավորներից, որոնք շքեղ հագնված խմբով կանգնել էին դարբասի հետևը և շրջապատել էին փանդիռ նվագող մի երիտասարդի: Սակայն սպասավորները [ 18 ] բարձր ծիծաղեցին, տեսնելով նրա ցեխոտ մռութը, և նրան պատասխանի չարժանացրին: Վերջապես տեղեկացավ, որ այդ գեղեցկուհին Կովնոյի՝ ժամանակավորապես Կիև եկած վոևոդի աղջիկն է։ Հենց հաջորդ գիշերը, միայն բուրսակներին հատուկ խիզախությամբ, նա ցանկապատի արանքով ներս մտավ այգին, բարձրացավ ծառի վրա, որի ճյուղերը տարածվել էին մինչև տան կտուրը. ծառից իջավ կտուրը և բուխարու ծխնելույզի միջով ուղիղ ներս մտավ գեղեցկուհու ննջարանը, որի տիրուհին այդ ժամանակ նստել էր ճրագի առաջ և ականջներից հանում էր հարուստ գինդերը։ Չքնաղ լեհուհին, երբ հանկարծ իր առջև տեսավ մի անծանոթ մարդու, այնպես վախեցավ, որ չկարողացավ մի բառ արտասանել. բայց երբ նկատեց, որ բուրսակը կանգնել էր աչքերը խոնարհած և ամոթխածությունից չէր համարձակվում ձեռքը շարժել, երբ ճանաչեց այն երիտասարդին, որն իր աչքի առաջ, փողոցում թրմփաց, աղջկա ծիծաղը նորից բռնեց, մանավանդ որ Անդրիի դիմագծերի մեջ սարսափելի ոչինչ չկար, և նա շատ սիրունատես տղա էր։ Գեղեցկուհին ի սրտե ծիծաղում էր և երկար ժամանակ նրանով զվարճանում։ Նա թեթևսոլիկ էր, ինչպես լեհուհի, բայց նրա աչքերը, նրա հրաշալի աչքերը, խորունկ ու պարզ, նետում էին խոր հայացք, ինչպես հավատարմությունը։ Բուրսակի ձեռքերը կարկամել էին, և նա մեխվել էր տեղում, երբ վոևոդի աղջիկը համարձակ մոտեցավ նրան և նրա գլխին հագցրեց իր շողշողուն ապարոշը, նրա շրթունքներից կախեց իր գինդերը և վրան գցեց ոսկեկար դրասանգներով զարդարուն մարմաշե թափանցիկ շեմիզետը։ Նա զարդարում էր բուրսակին և նրա հետ խաղում էր հազար ու մի խաղ, խաղում էր մանկան ազատ համարձակությամբ, որ հատուկ է թեթևամիտ լեհացի կանանց, և այդպիսով խեղճ բուրսակին գցում էր ավելի մեծ շփոթության մեջ։ Անդրին ներկայացնում էր ծիծաղելի կերպարանք և բերանը բաց, անշարժ նայում էր աղջկա շլացնող աչքերին։ Այդ ժամանակ դռան մոտ լսվող թրխկոցը վախեցրեց աղջկան։ Նա բուրսակին պատվիրեց թաքնվել մահճակալի տակ և, երբ տագնապն անցավ, կանչեց իր նաժիշտին, որը գերի թաթարուհի էր, և նրան հրամայեց բուրսակին զգուշությամբ անցկացնել այգի և այնտեղից [ 19 ] ուղի դնել ցանկապատի վրայով: Բայց այս անգամ մեր բուրսակն այնպիսի հաջողությամբ չանցավ ցանկապատը, զարթնած պահակը բավական հարվածեց նրա ոտքերին, իսկ աղմուկի վրա հավաքված սպասավորները նրան թակեցին, այս անգամ փողոցում, մինչև նրա արագավազ ոտքերը կփրկեին տիրոջը։ Այդ օրից հետո շատ վտանգավոր էր անցնել նրա տան մոտով, որովհետև վոևոդի սպասավորները բազմաթիվ էին։ Անդրին նրան մի անգամ էլ հանդիպեց կաթոլիկների եկեղեցում. աղջիկը նրան տեսավ և շատ սիրալիր ժպտաց՝ իբրև հին ծանոթի. նա մի անգամ էլ թեթևակի տեսավ նրան, և դրանից հետո Կովնոյի վոևոդը շուտով հեռացավ, և սևաչյա չնաշխարհիկ լեհ աղջկա փոխարեն պատուհանից նայում էր ինչ-որ մեկի հաստ դեմքը։ Ահա թե Անդրին ինչի մասին էր մտածում, գլուխը խոնարհած և աչքերը հառած ձիու բաշին։

Այնինչ տափաստանը նրանց բոլորին վաղուց էր ընդունել իր կանաչ գիրկը, և բարձր խոտը նրանց շրջապատել ու ծածկել էր, ու միայն կոզակների սև գլխարկներն էին երևում նրա հասկերի միջև։

«Է-հե՜-հե՜յ, ի՞նչ եք այդպես սուս արել, — ասաց վերջապես Բուլբան, սթափվելով իր մտածմունքներից։ – Ասես թե սևագլուխներ եք։ Դե՛, դե, բոլոր մտքերը սատանային տվեք։ Առեք չիբուխներդ, քաշենք, հետո ձիերն ասպանդակենք և այնպես թռչենք, որ թռչունն իր թևով չհասնի մեզ»։

Եվ կոզակները, առաջ կռանալով ձիերի մեջքին, խոտերի մեջ կորան։ Այլևս չէին երևում սև գլխարկները, միայն տրորված խոտի բարակ երիզն էր ցույց տալիս նրանց արագաթռիչք վազքի հետքը։

Արևը վաղուց էր դուրս եկել անամպ երկնքի վրա և իր կենարար ջերմ լույսով ողողել տափաստանը։ Այն ամենը, ինչ որ կոզակների սրտում ազատ էր և թմրած, մի ակնթարթում ցնդեց, նրանց սրտերը թպրտացին թռչունների նման։

Տափաստանը քանի գնում, այնքան գեղեցկանում էր։ Այն ժամանակ ամբողջ հարավը, որ կազմում էր այժմյան Նովոռուսիան, մինչև Սև ծովը կանաչ և կուսական անապատ էր։ Երբեք գութան չէր անցել վայրի բույսերի անսահման ալիքների վրայով։ Միայն ձիերն էին, որոնք պահվում էին խոտերի [ 20 ] մեջ, ինչպես անտառում, ձիերն էին տրորում խոտը։ Բնության մեջ տափաստանից ավելի գեղեցիկ բան չկա։ Գետնի ամբողջ մակերեսը նման էր կանաչ-ոսկեգույն օվկիանոսի, որի վրա շաղ էին եկել բյուրավոր գույնզգույն ծաղիկներ։ Խոտերի բարակ ու բարձր ցողունների արանքից երևում էին կապույտ, երկնագույն և կարմրակապույտ տերեփուկները, դեղին մոշենին բարձր ցցել էր իր բրգաձև կատարը. սպիտակ ոչխարախոտի հովանոցաձև գդակները խայտաբղետ երևում էին, և ո՜վ գիտե որտեղից եկած ցորենը խոտերի խորքում լցնում էր իր հասկը։ Նրանց նուրբ արմատների մոտ սորում էին կաքավները, մեկնելով իրենց վիզը: Օդը լցված էր հազար-հազար թռչունների ծլվլոցով։ Բազեները, թևերը փռած և աչքերը խոտերին սևեռած, անշարժ կանգնել էին երկնքի տակ։ Մի անհայտ կողմից վայրի սագերի երամի կռնչոցն արձագանք էր տալիս ո՜վ գիտե որ հեռավոր լճի մեջ։ Թևերը համաչափ շարժելով՝ խոտերի միջից բարձրանում էր ուրուրը և շքեղությամբ լողում օդի կապույտ ալիքների մեջ։ Ահա նա կորավ բարձունքներում և միայն հազիվ երևում է, որպես մի սև կետ: Ահա շուռ տվեց թևերը և արևի դիմաց շողշողաց։ Գրողը ձեզ տանի, տափաստաններ, ի՜նչ լավն եք դուք… Մեր ուղևորները միայն մի քանի րոպե դադար էին առնում ճաշի համար. նրանց ուղեկցող տասը կոզակների ջոկատն իջնում էր ձիերից, վար առնում փայտե ջրամանները, որոնք լիքն էին արաղով, և ղաբաղները, որ գործ էին ածում ամանների փոխարեն։ Ուտում էին հաց ու ճարպ և թխվածք, խմում էին միայն մի թաս և այն էլ միայն թարմանալու համար, որովհետև Տարաս Բուլբան երբեք չէր թույլատրում ճանապարհին հարբել, և ուղին շարունակում էին մինչև երեկո։ Ամբողջ տափաստանը երեկոյան իսպառ փոխվում էր։ Նրա խայտաբղետ տարածության վրա փռվում էր արեգակի վերջին ցոլքը, ապա հետզհետե մթնում էր, այնպես որ նկատելի էր, թե ինչպես է ձգվում ստվերը, և ստվերներն ստանում էին մուգ կանաչ գույն. ավելի թանձր էին բարձրանում գոլորշիները, յուրաքանչյուր ծաղիկ ու խոտ արձակում էր անուշ բուրմունք, և բուրմունք էր ծխում ամբողջ տափաստանը։ Մութ կապույտ երկնքի վրա, կարծես, վիթխարի վրձինով քաշել էին վարդագույն ոսկու լայն շերտեր. մերթ ընդ մերթ [ 21 ] սպիտակին էին տալիս թեթև ու թափանցիկ ամպի քուլաները, և ամենաթարմ ա հրապուրիչ, ինչպես ծովի ալիքները, հովը հազիվ էր օրորում խոտերի կատարները և թեթև հպում այտերին: Ողջ երաժշտությունը, որ հնչում էր ցերեկը, հանդարտվում ու փոխարինվում էր ուրիշով։ Գորշ առնետները ելնում էին իրենց բներից, կանգնում ետևի թաթիկների վրա և տափաստանը լցնում սուլոցով։ Ավելի էր լսվում ճպուռների ճռռոցը։ Երբեմն մի հեռավոր լճից լսվում էր կարապի ճիչը, որ արծաթահնչուն արձագանքում էր օդի մեջ։ Ուղևորները դաշտերի միջին դադար առնելով, ընտրում էին գիշերելու վայր, խարույկ էին վառում և կրակի վրա դնում կաթսան, որի մեջ եփում էին շիլա։ Կաթսայի գոլորշին ծխում էր օդի մեջ։ Ընթրիքից հետո կոզակները պառկում էին քնելու խոտերի մեջ արձակելով ոտքերը բխոված ձիերին։ Նրանք պառկում էին վերարկուների վրա։ Գիշերային աստղերն ուղիղ նրանց էին նայում։ Իրենց ականջով նրանք լսում էին խոտերի մեջ լցված անհամար բզեզների ամբողջ աշխարհը, նրանց ողջ բզզոցը, սուլոցը, ճռռյունը, և այդ ամենը կեսգիշերին հնչեղ արձագանքում էր մաքուր օդի մեջ, զտվում և օրորում էր նրանց թմրող լսողությունը։ Իսկ եթե ուղևորներից մեկնումեկը զարթնում էր և առժամանակ վեր կենում, նա տեսնում էր տափաստանը՝ լուսատու որդերի շողշողուն կայծերով լցված։ Երբեմն գիշերային երկինքը զանազան տեղերում լուսավորվում էր բոցով, որ բարձրանում էր մարգագետինների և գետի չոր եղեգնի հրդեհից, և կարապների մութ շարանը, որ թռչում էր դեպի հյուսիս, հանկարծ լուսավորվում էր արծաթ-վարդագույն լույսով, և այն ժամանակ թվում էր, թե խավար երկնքի տակ թռչում են կարմիր թաշկինակներ։

Ուղևորները գնում էին առանց արկածների։ Ոչ մի տեղ նրանք չէին հանդիպում ծառի, նույն տափաստանն էր՝ անվախճան, ազատ և չքնաղ տափաստանը։ Միայն երբեմն մի կողմի վրա կապույտին էին տալիս կատարները հեռավոր անտառի, որ ձգվում էր Դնեպրի ափերով։ Մի անգամ միայն Տարասը որդիներին ցույց տվեց հեռվի խոտերի մեջ մի սև ու փոքրիկ կետ. ցույց տվեց և ասաց. «Տեսեք, տղերք, հրեն արշավում է թաթարը»։ Փոքրիկ, բեղավոր գլուխը հեռվից ուղիղ նրանց սևեռեց իր նեղլիկ աչքերը, օդը հոտոտեց, ինչպես [ 22 ] որսի շուն, և այծյամի նման անհայտացավ, տեսնելով, որ կոզակները տասներեք հոգի էին։ «Դե, տղերք, փորձեք թաթարի հետևից հասնել… լավ է չփորձեք. հավիտյան չեք հասնի: Նրա ձին իմ Դևից արագ է վազում»։ Բայց և այնպես Բուլբան, երկյուղ կրելով թաքնված դարանից, զգուշացավ։ Նրանք ձիերը քշեցին դեպի մի փոքրիկ գետակ, որ կոչվում էր Թաթարկա և թափվում էր Դնեպրը, ձիերով ընկան ջրի մեջ և երկար ժամանակ լողալով անցան հոսանքի հետ, որպեսզի կորցնեն իրենց հետքը և այն ժամանակ, ափ դուրս գալով, շարունակեցին իրենց ճանապարհը։ Երեք օր անց նրանք արդեն հեռու չէին այն վայրից, որ նրանց ուղևորության կետ–նպատակն էր։ Հանկարծ օդը ցրտեց. նրանք զգացին Դնեպրի մոտ լինելը։ Ահա նա շողաց հեռվում և հորիզոնից անջատվեց իբրև մուգ շերտ։ Նրա սառն ալիքներից փչում էր զովը, նա տարածվում էր ավելի ու ավելի մոտիկ և վերջապես բռնեց երկրի մակերեսի կեսը։ Այդ Դնեպրի այն տեղն էր, ուր գետը, մինչ այդ խութերով սեղմված, վերջապես ազատություն էր ստանում և մռնչում էր ինչպես ծովը, ողողելով ափերը, և ուր գետի մեջտեղը եղած կղզիները նրան ափերից ավելի հեռու էին հրում, և նրա ալիքները լայն ու արձակ փռվում էին գետնի երեսին՝ չհանդիպելով ոչ քարափների և ոչ բարձրությունների։ Կոզակները ձիերից իջան, նստեցին լաստը և երեք ժամ լողալուց հետո հասան Խորտիցա կղզու ափերին, որտեղ Սեչն էր, որ այնքան հաճախ փոփոխում էր իր բնակատեղը։ Ափի մոտ բազմությունն աղմկում էր լաստավարների հետ։ Կոզակները ձիերը սարքի բերին։ Տարասը շտկեց իրեն, գոտին ամուր ձգեց և ձեռքով հպարտ սղալեց բեղերը։ Նրա երիտասարդ որդիները ևս, մի տեսակ երկյուղով և անորոշ հրճվանքով իրենց դիտեցին ոտքից գլուխ, և բոլորը միասին մտան արվարձանը, որ Սեչից կես վերստի վրա էր։ Ներս մտնելու ժամանակ նրանց խլացրին հիսուն դարբնի կռաններ, որոնք զարկում էին գետնի տակ փորած և ճիմով ծածկած քսանհինգ դարբնոցներում։ Փողոցում, սրահների ծածկի տակ, նստել էին հաղթանդամ կաշեգործները և իրենց ծանր ձեռքերով տրորում էին եզան կաշիները։ Տաղավարների տակ նստել էին կրամարները՝ կողքերին վառոդի, հրահանների և կայծքարի կույտեր։ Հայը կախել էր թանկագին աղլուխները: [ 23 ] Թաթարը շամփուրների վրա խորովում էր ոչխարի մսի գնդերը՝ խմորով սարքած։ Ջհուդը, գլուխը դուրս ցցած, տակառից արաղ էր քամում։ Բայց առաջին մարդը, որ նրանց հանդիպեց, մի զապորոժցի էր, որը քնել էր հենց ճանապարհի մեջտեղը, ձեռքերն ու ոտքերը մեկնած։ Տարաս Բուլբան չկարողացավ կանգ չառնել և չհիանալ նրանով։

«Է՛, տես ոնց է փռվել․․․ փա՛հ, փա՛հ, ի՜նչ փարթամ մարմին է»,— ասաց նա, պահելով ձին։ Իրոք որ, այդ բավական խիզախ տեսարան էր. զապորոժցին առյուծի նման մեկնվել էր ճանապարհի վրա։ Նրա հպարտությամբ ետ գցած մազերի փունջը կես արշին տեղ էր գրավել։ Նրա կարմիր և թանկագին մահուդե շալվարը կուպրոտ էր, որով տերը ցույց էր տալիս իր կատարյալ արհամարհանքը դեպի զգեստը։ Նրան զվարճությամբ նայելուց հետո Բուլբան առաջ անցավ մի նեղ փողոցով, որտեղ լիքն էին արհեստավորները, որոնք հենց այդտեղ էլ բանեցնում էին իրենց արհեստը, և ամեն ազգի մարդկանցով, որոնք հավաքվել էին Սեչի այդ արվարձանը, որ նման էր տոնավաճառի և կերակրում ու հագցնում էր Սեչին: Իսկ Սեչը գիտեր միայն զվարճանալ և հրացան կրակել։

Վերջապես նրանք անցան արվարձանը և տեսան մի քանի ցրված կուրեններ, որոնք ծածկված էին ճիմով կամ ըստ թաթարական ձևի՝ թաղիքով։ Մի քանիսի կտուրին դրած էին թնդանոթներ։ Ոչ մի տեղ չէր երևում ցանկապատ և կամ այն ցածր տնակներն ու սրահները՝ փայտե փոքրիկ սյունիկների վրա, ինչպես արվարձանում։ Փոքր թումբը և ճյուղերով շինած պատնեշը, որոնք բոլորովին առանց հսկողության էին, ցույց էին տալիս սոսկալի անհոգություն։ Մի քանի հաղթանդամ զապորոժցիներ, որոնք չիբուխն ատամների արանքում, պառկել էին ճանապարհի վրա, բավական անտարբեր նայեցին նրանց և տեղերից չշարժվեցին։ Որդիների հետ Տարասն զգուշությամբ անցավ նրանց միջով և ասաց. «Ողջույն պաներին։ — «Ողջություն և ձեզ», — պատասխանեցին զապորոժցիները։ Ամբողջ դաշտի վրա ամենուրեք գեղանկար խմբով երևում էր ժողովուրդը։ Նրանց թուխ դեմքերից հայտնի էր, որ բոլորն էլ կոփվել են պատերազմների մեջ և կրել են բազմատեսակ դառնություններ։ Ահա սա՛ է Սեչը․․․ Ահա այն բույնը, որտեղից դուրս են թռչում այն բոլոր առյուծի նման [ 24 ] հպարտ ու հզոր մարդիկ։ Ահա թե որտեղից է ամբողջ Ուկրաինան հեղեղում ազատությունն ու կոզակությունը: Ուղևորները մտան մի ընդարձակ հրապարակ, ուր սովորաբար հավաքվում էր ռադան։ Մի մեծ ու շուռ տված տակառի վրա նստել էր զապորոժցին` առանց շապիկի. նա շապիկը ձեռքին էր պահել և դանդաղ լցնում էր ծակերը: Նրանց ճանապարհը նորից կտրեց երաժիշտների մի ամբողջ խումբ, որի մեջտեղը պարում էր մի երիտասարդ զապորոժցի, գդակն ականջի վրա կոտրած և ձեռքերը վեր պարզած։ Նա միայն գոռում էր. «Շախով ածեք, շախով․․․ Ֆոմա, ուղղափառ քրիստոնյաներին արաղ մի՛ խնայի»։ Եվ Ֆոման, որի մի աչքը վիրավոր էր, ամեն մի մոտեցողի անհաշիվ լցնում էր մի վիթխարի գավաթ։ Երիտասարդ զապորոժցու կողքին չորս ծերունիներ պարում էին մանր ցատկումներով, ապա հողմի նման թռչում էին մի կողմի, համարյա երաժիշտների գլխի վրա, և հանկարծ իջնելով, կկզած սլանում էին և իրենց արծաթե պայտերով արագ ու պինդ դոփում խիտ կոխկրտած գետինը․․․ Խուլ թնդում էր գետինը չորս բոլորի վրա և հեռո՜ւ, հեռու արձագանքում էին հոպակները և տրոպակները, որ խփում էին սապոգների զրնգան պայտերով։ Բայց մեկը բոլորից ավելի բարձր էր կանչում և պարի մեջ մյուսներից ավելի բարձր էր թռչում։ Նրա մազերը ծածանվում էին քամուց, հզոր կուրծքն ամբողջովին մերկ էր. նա հագել էր ձմեռային տաք քուրք, և քրտինքը հեղեղի նման թափվում էր նրանից։ «Դե գոնե քուրքը հանիր», — ասաց վերջապես Տարասը։ «Տեսնում ես, ոնց է վառվում»։ — «Չի՛ կարելի, — բղավեց զապորոժցին: — «Ինչո՞ւ»։— «Չի՛ կարելի, ես այդպիսի սովորություն ունեմ՝ ինչ որ հանեմ, արաղի կտամ»։ Նրա գլխին վաղուց գդակ չկար, ո՛չ գոտի՝ կաֆտանի վրա, ո՛չ էլ ծաղկանկար թաշկինակ, այդ ամենը գնացել էր, որտեղ պետք էր: Բազմությունն աճում էր. պարողներին միանում էին ուրիշները, և առանց ներքին հուզման չէր կարելի տեսնել, թե ինչպես ամեն ինչ իրեն է քաշում պարը` ամենից ազատ, ամենից կատաղի պարը, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը, մի պար, որ իր հզոր հնարողների անունով կոչվում էր կոզակապար։

«Ա՛խ, եթե ձին չլինե՜ր, — աղաղակեց Տարասը. — ճշմարիտ [ 25 ] եմ ասում, որ ես էլ կպարեի, կպարեի»։ Իսկ մինչ այդ ժողովրդի մեջ հետզհետե երևում էին նաև իրենց արժանիքների համար Սեչում հարգված ալեզարդ ծերունիներ, որոնք ժամանակին մի քանի անգամ ընտրվել էին ավագ։ Տարասը շուտով հանդիպեց բազմաթիվ ծանոթ դեմքերի։ Օստապը և Անդրին լսում էին միայն ողջույններ. «Այդ դո՞ւ ես, Պեչերիցա․․․ Բարև, Կոզոլուպ․․․» — «Այդ որտեղի՞ց այդպես, Տարաս»։ «Քեզ ո՞ր քամին բերեց այստեղ, Դոլոտո»։ «Բարև, Կիրդյուգա։ Բարև, Գուստի։ Իսկի մտքովս կանցնե՞ր, որ քեզ կտեսնեմ, Ռեմեն»։

Եվ դյուցազունները, որոնք հավաքվել էին արևելյան Ռուսիայի զվարճասեր աշխարհից, իրար համբուրում էին և իրարից հարցնում. «Իսկ ո՞ւր է Կասյանը, ո՞նց է Բորոդավկան, Կոլոպերը, ի՞նչ է շինում Պիդսիտոկը»։ Եվ Տարաս Բուլբան միայն պատասխան էր առնում, որ Բորոդովկային Տոլոպանում կախել են, որ Կիզիկիրմենի տակ Կոլոպերի կաշին մաշկել են, որ Պիդսիտոկի գլուխն աղել են տակառի մեջ և ուղարկել մինչև Ցարգրադ: — Գլուխը կախեց ծերունի Բուլբան և մտածկոտ ասաց. «Երևելի կոզակներ էին»։

III

Արդեն մոտ մի շաբաթ էր, որ Տարաս Բուլբան իր որդիների հետ ապրում էր Սեչում։ Օստապը և Անդրին քիչ էին զբաղվում զինվորական կրթությամբ։ Սեչը չէր սիրում զինվորական վարժություններով երկար-բարակ ծանրանալ և ժամանակ կորցնել. այնտեղ երիտասարդները վարժվում և կոփվում էին միայն փորձառությամբ, հենց ռազմի կրակ ու բոցի մեջ, ուստի և կռիվները համարյա անդադար էին։ Իսկ դադարի ընթացքում կոզակները ձանձրալի էին համարում զբաղվել որևէ կարգ ու կանոն ուսանելով, բացի միայն նշան խփելը, երբեմն ձիարշավները և գազանի որսը՝ տափաստաններում և մարգագետիններում։ Մնացած ամբողջ ժամանակը հատկացվում էր քեֆի, որ հատկանիշ է հոգեկան ազատության հզոր թափի։ Ողջ Սեչը ներկայացնում էր մի արտասովոր տեսարան։ Այդ մի տեսակ անվախճան խնջույք էր, մի պարահանդես, որ սկսվել էր աղմուկով և կորցրել էր վախճանը: Ոմանք արհեստով էին զբաղվում, ոմանք կրպակներ [ 26 ] ունեին և առևտուր էին անում. բայց մեծ մասը առավոտից մինչև երեկո քեֆ էր անում, եթե գրպանում զնգում էր հնարավորությունը և ձեռք բերած բարիքը դեռ չէր անցել խանութպաններին և արաղ ծախողներին։ Այդ ընդհանուր խնջույքն իր մեջ մի ինչ-որ հմայիչ բան ուներ։ Դա վշտից խմող գինարբուների հավաքույթ չէր, այլ սոսկ ուրախության կատաղի խրախճանք։ Այդտեղ եկողը մոռանում և թողնում էր այն ամենը, ինչ որ նրան զբաղեցնում էր մինչև այդ: Նա, կարելի է ասել, թքում էր իր անցյալի վրա և անհոգ անձնատուր էր լինում ազատության և ընկերակցության իր նմանների, որոնք բացի ազատ երկնքից և հոգու հավիտենական խրախճանքից, չունեին ո՛չ ազգականներ, ո՛չ անկյուն, ո՛չ ընտանիք։ Այդ էլ առաջացնում էր այն կատաղի ուրախությունը, որ չէր կարող ծնվել ուրիշ որևէ աղբյուրից։ Այն զրույցներն ու շատախոսությունները, որ արվում էին գետնի վրա ծուլորեն հանգստացող բազմության մեջ, հաճախ այնքան ծիծաղաշարժ էին և համով զրույցի զորությամբ լի, որ հարկավոր էր ունենալ զապորոժցու պաղարյուն արտաքինը՝ պահպանելու դեմքի անշարժ արտահայտությունը, չշարժելով նույնիսկ բեղի ծայրը, — մի բնորոշ հատկություն, որով մինչև այժմ հարավի ռուսը տարբերվում է իր մնացած եղբայրներից։ Ուրախությունը հարբած էր, աղմկոտ; բայց այդ բոլորով հանդերձ ամենևին նման չէր խավար օղետան, որտեղ մարդ իրեն մոռացության է տալիս մռայլ և այլանդակ ուրախությամբ։ Սեչը դպրոցական ընկերների մտերիմ շրջան էր. տարբերությունն այն էր միայն, որ փոխանակ նստելու և գրացույցը ձեռքին՝ լսելու վարժապետի փնթի մեկնությունները, նրանք հինգ հազար նժույգների վրա նստած ասպատակում էին. դաշտի փոխարեն, որտեղ գնդակ են խաղում, նրանք ունեին անհոգ և առանց պահպանության սահմաններ, որոնց ի տես թաթարը ցույց էր տալիս իր ժիր գլուխը, իսկ կանաչ ապարոշով տաճիկը նայում էր անշարժ ու դաժան հայացքով։ Տարբերությունն այն էր, որ բռնի կամքի փոխարեն, որով նրանք միացած էին դպրոցում, նրանք ինքնակամ թողել էին իրենց հայրերին և մայրերին և փախել հայրական տներից. որ այստեղ կային այնպիսիները, որոնց վզին արդեն փաթաթվել էր պարանը, և որոնք դժգույն մահի փոխարեն տեսել [ 27 ] էին կյանքը, և կյանքն իր սանձարձակ զվարճությամբ, որ այստեղ էին նրանք, որոնք ըստ ազնիվ սովորության չէին կարողանում իրենց գրպանի մեջ կոպեկ պահել, որ այստեղ էին նրանք, որոնք մինչ այդ ոսկին հարստություն էին համարում, և որոնց գրպանները, շնորհիվ ջհուդ վարձակալների, կարելի էր շուռ տալ առանց երկյուղի, թե կընկնի մի որևէ բան։ Այստեղ էին բոլոր բուրսակները, որոնք չէին դիմացել ճեմարանի ճիպոտներին և դպրոցից իրենց հետ չէին տարել ոչ մի «այբի» կտոր։ Բայց միաժամանակ այստեղ կային և այնպիսիները, որոնք գիտեին, թե ինչ ասել է Հորացիոս, Կիկերոն և հռոմեական հանրապետություն: Այստեղ շատ էին այն սպաները, որոնք հետո աչքի էին ընկնում թագավորական զորքերի մեջ։ Այստեղ կային բազմաթիվ մարզված և փորձառու պարտիզաններ, որոնք ազնիվ համոզմունքով մտածում էին, թե միևնույն է որտեղ կռվել, միայն թե կռվել, որովհետև ազնիվ մարդուն անվայել է առանց կռվի մնալ։ Շատ էին և նրանք, որոնք եկել էին Սեչ, որպեսզի հետո ասեն, թե եղել են Սեչում և արդեն քաջամուխ ասպետներ էին։ Բայց ո՞վ ասես, որ չկար։ Այդ տարօրինակ հանրապետությունը հենց այն դարի պահանջն էր։ Ռազմական կյանքը, ոսկե թասերի, թանկագին կերպասների, դուկատների և ռեալների սիրահարներն ամեն ժամանակ այստեղ կարող էին գործ գտնել։ Միայն կանանց երկրպագուները ոչինչ չէին գտնի այստեղ, որովհետև ոչ մի կին չէր հանդգնի երևալ նույնիսկ Սեչի արվարձանում։

Օստապի և Անդրիի համար տարօրինակ էր, որ նրանց ներկայությամբ ահագին բազմություն էր գալիս Սեչ, և ոչ ոք չէր հարցնում, թե ովքե՞ր են նրանք, ո՞րտեղից են և ի՞նչ է նրանց անունը։ Նրանք գալիս էին այստեղ, կարծես թե վերադառնում էին սեփական տունը, որտեղից միայն մի ժամ առաջ էին դուրս եկել։ Եկողը ներկայանում էր միայն կոշևոյին, որը սովորաբար ասում էր. «Բարով եկար, հավատո՞ւմ ես Քրիստոսին»։ — «Հավատում եմ», — ասում էր եկողը։ «Սուրբ երրորդությա՞ն էլ ես հավատում»։ — «Հավատում եմ»։ — «Եկեղեցի էլ գնո՞ւմ ես»։ — «Գնում եմ»։ «Դե՛, խաչակնքիր»։ Եկողը երեսին խաչակնքում էր։ «Դե՛ լավ»,— պատասխանում էր կոշևոյը. «Գնա, որ կուրենը կուզես»։ Դրանով [ 28 ] էլ վերջանում էր ամբողջ ծեսը։ Եվ ողջ Սեչն աղոթում էր մի եկեղեցում և պատրաստ էր այդ եկեղեցին պաշտպանել մինչև արյան վերջին կաթիլը, թեև պասի և ծոմի անունը լսել անգամ չէր ուզում։ Միայն սաստիկ շահամոլությունից դրդված ջհուդները, հայերը և թաթարներն էին հանդգնում ապրել և առևտուր անել արվարձանում, որովհետև զապորոժցիները երբեք չէին սիրում սակարկել, այլ վճարում էին այնքան, որքան նրանց ձեռքը գրպանից փող կհաներ։ Ի դեպ, այդ շահամոլ չարչիների վիճակը շատ թշվառ էր։ Նրանք նման էին նրանց, որոնք բնակություն էին հաստատել Վեզուվ լեռան ստորոտում, որովհետև երբ վերջանում էր զապորոժցիների փողը, այն ժամանակ կտրիճները ջարդում էին նրանց խանութները և միշտ վերցնում առանց փողի։ Սեչն ուներ վաթսունից ավելի կուրեն, որոնք շատ նման էին առանձին և անկախ հանրապետությունների, բայց առավել ևս նման էին դպրոցի և բուրսայի, որտեղ երեխաները գիշերօթիկ էին։ Ոչ ոք ոչինչ ձեռք չէր բերում և իր մոտ չէր պահում, ամեն ինչ կուրենի ատամանի մոտ էր, որը դրա համար էլ սովորաբար կոչվում էր բատկո։ Նրա մոտ էին պահվում դրամները, շորերը, ուտելիքը, խավիծը, շիլան և նույնիսկ վառելիքը. նրան էին պահ տալիս դրամը։ Հաճախ կուրենը կուրենի հետ վեճի էր բռնվում. այդ դեպքում բանն իսկույն հասնում էր տուրուդմփոցի։ Կուրենները թափվում էին հրապարակը և բռունցքներով փշրում էին իրար կողերը, մինչև որ մի կողմը չզոռեր և չհաղթեր, որից հետո սկսվում էր քեֆը։ Ահա այդպես էր այն Սեչը, որ երիտասարդների համար այնքան շատ հրապույր ուներ։

Օստապը և Անդրին երիտասարդական հախուռն թափով նետվեցին զվարճության այդ ծովը և իսկույն մոռացան հայրական տունը, բուրսան և այն ամենը, ինչ որ առաջ հուզում էր նրանց հոգին, և հանձնվեցին նոր կյանքին։ Ամեն ինչ գրավում էր նրանց՝ Սեչի զվարճասեր բարքերը և պարզ վարչությունն ու օրենքները, որոնք այդպիսի ինքնագլուխ հանրապետության մեջ նրանց թվում էին երբեմն նույնիսկ չափազանց խիստ։ Եթե կոզակը գողություն էր անում, գողանում էր մի չնչին բան, այդ արդեն համարվում էր անարգանք ողջ կոզակության համար. նրան, իբրև խայտառակի, կապում էին [ 29 ] անարգանքի սյունին և նրա կողքին դնում էին մի դագանակ, որով յուրաքանչյուր անցնող պարտավոր էր նրան հարվածել, մինչև որ այդպիսով նա շունչը փչեր։ Պարտքը չվճարողին շղթայով կապում էին մի թնդանոթի, և նա այդտեղ պիտի նստեր այնքան, մինչև նրա ընկերներից որևէ մեկը վճարեր նրա փրկության գինը՝ նրա պարտքը։ Բայց Անդրիի վրա ամենից ավելի տպավորվեց այն սոսկալի պատիժը, որ սահմանված էր սպանության համար։ Նրա ներկայությամբ փոս փորեցին, փոսի մեջ կենդանի իջեցրին սպանողին, նրա վրա դրին դագաղը, որի մեջ նրա ձեռքով սպանվածի դիակն էր, և ապա երկուսին էլ ծածկեցին հողով։ Հետո երկար ժամանակ նրա աչքի առաջ էր մահապատժի սոսկալի ծեսը և դեռ պատկերանում էր ահավոր դագաղի հետ միասին կենդանի թաղված մարդը։

Երկու երիտասարդները շատ շուտով մյուս կոզակների մոտ վաստակեցին լավ համբավ։ Հաճախ կուրենի մյուս ընկերների հետ միասին, իսկ երբեմն և ամբողջ կուրենի ու հարևան կուրենների հետ, նրանք դաշտ էին գնում կրակելու տափաստանի բազմատեսակ և անհամար թռչունների վրա, եղջերուների և վայրի այծերի վրա և կամ թե գնում էին դեպի լճերը, գետերն ու վտակները, որ վիճակով բաժանված էին կուրենների միջև, նետում էին ուռկանները և ցանցերը, դուրս էին քաշում լիքն ուռկանները՝ ամբողջ կուրենի պարենավորման համար։ Թեև պետք չէր առանձին վարժություն, որով փորձում են կոզակին, բայց նրանք շիտակ խիզախությամբ և ամեն ինչում հաջողությամբ արդեն աչքի էին ընկել մնացած երիտասարդների միջև։ Ժիր ու շեշտակի խփում էին նշանին, հոսանքին հակառակ կտրում էին Դնեպրը, մի գործ, որի համար նորեկը հանդիսավորությամբ ընդունվում էր կոզակների շարքը։ Սակայն ծերունի Տարասը նրանց համար պատրաստում էր գործունեության ուրիշ ասպարեզ։ Նրա սրտովը չէր այդպիսի պարապ կյանքը։ Նա իսկական գործ էր ուզում։ Նա շարունակ հնարներ էր որոնում Սեչը մղելու մի խիզախ գործի, որպեսզի կարելի լիներ զվարճանալ, ինչպես վայել է ասպետին։ Վերջապես մի օր եկավ կոշևոյի մոտ և նրան կտրուկ ասաց. [ 30 ] «Ի՞նչ ես ասում, կոշևոյ, ժամանակը չէ՞, որ զապորոժցիները զբոսանքի գնան»։

«Զբոսանքի տեղ չկա», — պատասխանեց կոշևոյը, բերանից հանելով փոքրիկ ծխամորճը և թքելով մի կողմի վրա։

«Ո՞նց թե տեղ չկա․․․ կարելի է գնալ տաճիկների երկիրը կամ Թաթարստանի վրա»։

«Չի կարելի ո՛չ տաճիկների երկիրը և ո՛չ Թաթարստան», – պատասխանեց կոշևոյը և պաղարյուն նորից բերանն առավ ծխամորճը։

«Ոնց թե չի կարելի»։

«Այնպես։ Մենք սուլթանին հաշտություն ենք խոստացել»։

«Ախր նա, անօրեն է. իսկ աստված և սուրբ գիրքը պատվիրում են զարկել անօրեններին»։

«Իրավունք չունենք։ Եթե գոնե չերդվեինք մեր հավատով, գուցե թե կարելի լիներ, իսկ այժմ ո՛չ, չի կարելի»։

«Ո՞նց թե չի կարելի։ Ո՞նց ես դու ասում, թե իրավունք չունենք։ Ես երկու որդի ունեմ, երկուսն էլ ջահել տղամարդիկ են։ Ոչ մեկը և ոչ մյուսը կռվի մեջ չեն եղել, իսկ դու ասում ես իրավունք չունենք, իսկ դու ասում ես զապորոժցիները կռիվ չպիտի անեն»։

«Բայց դե այդպես չի կարելի»։

«Ուրեմն հարկավոր է, որ զուր տեղը կորչի՞ կոզակի ուժը, որ մարդը շան նման սատկի՞, առանց բարի գործի, որպեսզի նրանից որևէ օգուտ չլինի՞ ո՛չ հայրենիքին և ո՛չ էլ համայն քրիստոնեության։ Էլ ինչի՞ համար ենք ապրում մենք, ինչի՞ համար, դու ինձ այդ հասկացրու։ Խելոք մարդ ես, իզուր չեն քեզ կոշևոյ ընտրել, հասկացրո՛ւ ինձ, թե ինչի՞ համար ենք ապրում»։

Կոշևոյն այդ հարցին չպատասխանեց։ Նա համառ կոզակ էր։ Նա մի քիչ լռեց և հետո ասաց.

«Իսկ կռիվ, այնուամենայնիվ, չի լինելու»։

«Ուրեմն կռիվ չի՞ լինելու»,— նորիք հարցրեց Տարասը։

«Չէ՛»։

«Ուրեմն իզո՞ւր է դրա մասին մտածելը»։

«Իզուր է դրա մասին մտածելը»։

«Դե կաց, սատանի եղունգ, — ինքն իրեն ասաց Բուլբան։–Դու դեռ կտեսնես», — և հենց այդտեղից որոշեց, վրեժ առնել կոշևոյից։ [ 31 ] Խոսք կապելով սրա-նրա հետ, բոլորին հյուրասիրեց, և հարբած կոզակները մի քանի հոգով թափվեցին հրապարակը, որտեղ սյունից կախված էին ծնծղաներ, որոնց զարկելով սովորաբար հավաքում էին խորհրդի։ Չգտնելով փայտերը, որոնք միշտ դովբիշի մոտ էին լինում, նրանք մի-մի ձողուն առան և սկսեցին զարկել ծնծղաները։ Զարկերի ձայնին ամենից առաջ մոտ վազեց դովբիշը, բարձրահասակ մի մարդ, որ ուներ մի աչք և այդ աչքն էլ սոսկալի քնատ էր։

«Ո՞վ է հադգնում ծնծղա զարկել», — գոռաց նա։

«Լռի՛ր, վերցրու քո փայտերը և զարկ, երբ քեզ հրամայում են», — պատասխանեցին հարբած ավագները։

Դովբիշն իսկույն գրպանից հանեց փայտերը, որ վերցրել էր իր հետ, քաջ գիտենալով այդպիսի պատահարների վախճանը։ Ծնծղաները որոտացին, և շուտով հրապարակում բոռերի նման սկսեցին հավաքվել զապորոժցիների սև խմբերը։ Բոլորը շրջան կազմեցին և երրորդ զարկից հետո վերջապես երևացին ավագները, կոշևոյը՝ ձեռքին գավազանը, իր արժանապատվության նշանը, դատավորը՝ զորական կնիքով, գրագիրը՝ թանաքամանով և եսաուլը՝ ցուպով։ Կոշևոյը և ավագանին հանեցին գլխարկները և չորս կողմը գլուխ տվին կոզակներին, որոնք խրոխտ կանգնել էին, ձեռքերը կողքերին հենած։

«Ի՞նչ է ասում այս ժողովը, ի՞նչ եք կամենում, պաներ», — ասաց կոշևոյը։ Հայհոյանքը և աղաղակները նրան չթողին խոսելու։

«Վա՛յր դիր գավազանը, վա՛յր դիր, սատանի ձագ, իսկույն վայր դիր գավազանը», — բազմության միջից բղավեցին կոզակները։ Չհարբած կուրեններից մի քանիսը, կարծես, ուզում էին հակառակել, և հարբած ու չհարբած կուրենները բռնցքամարտի ելան։ Աղմուկը և աղաղակը սաստկացավ։

Կոշևոյը ցանկացավ խոսել, բայց զգալով, որ գազազած և ինքնահաճ ամբոխը դրա համար կարող է իրեն ծեծելով սպանել, մի բան, որ նման դեպքերում համարյա միշտ տեղի էր ունենում, շատ խոնարհ գլուխ տվեց, վայր դրեց գավազանը և կորավ բազմության մեջ։

«Հրամայո՞ւմ եք, պաներ, որ մենք էլ վայր դնենք մեր արժանապատվության նշանները», – ասացին դատավորը, [ 32 ] գրագիրը և եսաուլը և պատրաստվեցին հենց այդտեղ էլ վայր դնելու թանաքամանը, զորական կնիքը և ցուպը։

«Ո՛չ, դուք մնացեք, — բղավեցին բազմության միջից․ — մեզ հարկավոր էր միայն կոշևոյին վռնդել, որովհետև նա կնիկ է, իսկ մեզ տղամարդ կոշևոյ է պետք»։

«Հիմա ո՞ւմ պետք է կոշևոյ ընտրեք»,— ասացին ավագները։

«Կուկուբենկոյին ընտրել»,— բղավեց մի մասը։

«Կուկուբենկոյին չենք ուզում,— բղավեց մյուս մասը.— դեռ վաղ է. պռոշների վրա կաթը դեռ չի չորացել»։

«Թող Շիլոն ատաման դառնա,— բղավեցին մի քանիսը. — Շիլոյին կոշևոյ ընտրել»։

«Մախաթը մեջքդ,— լուտանքներով աղմկեց ամբոխը։— Շան որդին էլ ի՞նչ կոզակ է, որ գողություն է արել, ինչպես թաթարը։ Գրողի ծոցը թող գնա հարբեցող Շիլոն»։

«Մորուքին, Մորուքին դնենք կոշևոյ»։

«Մորուքին չենք ուզում, գրողի բաժին դառնա Մորուքը»։

«Գռռացեք Կիրդյագային»,— փսփսաց Տարաս Բուլբան մի քանիսին։

«Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն,— բղավեց ամբոխը։— Մորուքի՜ն, Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն։ Շիլոյի՜ն․․․ Կորչի՛ Շիլոն։ Կիրդյագայի՜ն»։

Բոլոր թեկնածուները, լսելով իրենց անունները, իսկույն ևեթ դուրս եկան բազմության միջից, որպեսզի որևէ առիթ չտան կարծելու, թե իրենց անձնական մասնակցությամբ նրանք նպաստել են իրենց ընտրությանը։

«Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն,— հնչեց մյուսներից ավելի բարձր։— Մորուքի՜ն»։ Բանը հասավ բռնցքակռվի, և Կիրդյագան հաղթեց։

«Գնացեք Կիրդյագային բերեք»,— բղավեցին։ Բազմության միջից իսկույն դուրս եկան մի տասնյակ կոզակներ, նրանցից մի քանիսը հազիվ էին կարողանում ոտքերի վրա կանգնել այն աստիճան արդեն հարբել էին, և գնացին ուղիղ Կիրդյագային հայտնելու նրա ընտրության մասին։ [ 33 ] Կիրդյագան, որ թեև ծերացած, բայց խելոք կոզակ էր, վաղուց նստել էր իր կուրենում և կարծես թե եղելությունից տեղյակ չէր:

«Ի՞նչ կա, պաներ, ի՞նչ է պետք ձեզ», — հարցրեց նա:

«Արի՛, քեզ կոշևոյ են ընտրել»:

«Ողորմացեք, պաներ, — ասաց Կիրդյագան. — ես ինչպե՞ս կարող եմ արժանի դառնալ այդ բարձր պատվին, ո՞նց կարող եմ կոշևոյ լինել: Ես այդքան խելք չունեմ՝ այդպիսի պարտականություն կատարելու: Ի՞նչ է, ամբողջ զորքի մեջ ավելի լավը չգտա՞ք»:

«Դե գնանք, քեզ ասում են», — բղավեցին զապորոժցիները: Նրանցից երկու հոգի մտան նրա թևերի տակ, և ինչքան էլ նա դիմադրում էր ոտքերով, նրան ի վերջո քաշեցին հրապարակ, հայհոյելով, հետևից հրելով բռունցքներով, քացի տալով և խրատելով: «Մի՛ հակառակի, սատանի փայ, ընդունիր պատիվը, երբ քեզ տալիս են, շո՛ւն»: Այդ եղանակով Կիրդյագային մտցրին կոզակների շրջանը:

«Է՜յ, պաներ, — ամբողջ բազմության մեջ բացականչեցին նրան ուղեկցող կոզակները: — Համաձա՞յն եք, որ այս կոզակը մեզ կոշևոյ լինի»:

«Բոլորս համաձայն ենք», — գոռաց ամբոխը, և այդ գոռոցից երկար ժամանակ թնդում էր ամբողջ դաշտը: Ավագներից մեկը վերցրեց գավազանը և մատուցեց նորընտիր կոշևոյին: Կիրդյագան, ըստ սովորության, իսկույն ևեթ հրաժարվեց: Ավագը մատուցեց երկրորդ անգամ: Կիրդյագան հրաժարվեց և երկրորդ անգամ, և ապա երրորդ անգամին վերցրեց գավազանը: Հնչեց բազմության խրախուսիչ աղմուկը, և կոզակների աղմուկը նորից արձագանքեց ամբողջ դաշտում: Ապա ժողովրդի միջից դուրս եկան չորս սպիտակամորուս և ալեհեր կոզակներ (Սեչում չկային ավելի ծեր կոզակներ, քանի որ զապորոժցիներից ոչ մեկն իր մահով չէր մեռնում), և նրանցից յուրաքանչյուրը ձեռքով վերցրեց հողը, որ անձրևից ցեխ էր դառել, և դրեց նրա գլխի վրա: Թաց հողը վայր հոսեց նրա գլխի վրայից, հոսեց այտերի և բեղերի վրայով և ամբողջ երեսը ցեխոտեց: Իսկ Կիրդյագան անշարժ կանգնել էր և կոզակներին գոհություն էր հայտնում ցույց տված պատվի համար: Այսպիսով վերջացավ աղմկոտ [ 34 ] ընտրությունը, որից անհայտ է, թե մյուսները ևս գոհ էին, որչափ գոհ էր Բուլբան։ Այդ ընտրությամբ նա վրեժ առավ հին կոշևոյից. բացի այդ, Կիրդյագան նրա հին ընկերն էր և նրա հետ միասին եղել էր ցամաքային և ծովային նույն արշավանքներում, բաժանելով ռազմական կյանքի խստությունները և դժվարությունները։ Բազմությունը ցրվեց, իսկույն ևեթ սկսեց տոնել ընտրությունը, և ծայր առավ այնպիսի մի խրախճանք, որպիսին մինչև այդ չէին տեսել Օստապը և Անդրին։ Օղետները ջարդուփշուր արին. մեղրագինին, արաղը և գարեջուրն առան առանց փողի. կրպակների տերերը դեռ գոհ էին, որ իրենք ողջ-առողջ փրկվեցին։ Ամբողջ գիշերն անցավ աղմուկով և երգերով, որոնցով փառաբանում էին քաջագործությունները. ելած լուսինը դեռ երկար ժամանակ տեսնում էր երաժիշտների խմբեր, որոնք շրջում էին փողոցներում, փանդիռներով, տուրբաններով ու կլոր նվագարաններով, նաև եկեղեցական երգասացների, որոնց Սեչում պահում էին եկեղեցում երգելու և զապորոժցիների արարքները գովաբանելու համար։ Վերջապես հոգնությունը և գինին հետզհետե հաղթեցին նրանց պինդ գլուխները։ Եվ երևում էր, թե ինչպես այս ու այնտեղ գետին էր գլորվում կոզակը, ինչպես ընկերն ընկերոջը գրկած՝ զգացված և մինչև իսկ արտասվելով, նրա հետ միասին, փռվում էր գետնի վրա։ Մի տեղ ահագին բազմությունը պառկել էր խմբով, մի այլ տեղ մեկը փնտրում էր ավելի հարմար տեղ և մեկնվում էր հենց կոճղի վրա։ Վերջինը, որ ավելի պինդ էր, դեռ արտասանում էր ինչ-որ անկապ խոսքեր։ Վերջապես նրան ևս հնձեց գինու զորությունը, նա ևս գլորվեց, ու քնեց ամբողջ Սեչը։

IV

Իսկ մյուս օրը Տարաս Բուլրան արդեն խորհրդակցում էր նոր կոշևոյի հետ, թե ինչպես զապորոժցիներին հանի մի որևէ գործի։ Կոշևոյը խելոք և խորամանկ կոզակ էր, քաջ գիտեր զապորոժցիներին. նա սկզբում ասաց. «Երդումը չի՛ կարելի ոտնահարել, չի՛ կարելի․ ոչ մի կերպ չի կարելի»։ Իսկ ապա, լռելուց հետո, ավելացրեց. «Ոչինչ, կարելի է. երդումը չենք [ 35 ] ոտնահարի, բայց մի բան կմտածենք։ Թող ժողովուրղը հավաքվի, բայց ոչ թե իմ հրամանով, այլ իբրև թե իր կամքով։ Դուք գիտեք, թե ինչպես պիտի սարքել այդ։ Իսկ մենք ավագների հետ իսկույն հրապարակ կվազենք, իբրև թե բանից խաբար չենք»։

Նրանց խոսակցությունից մի ժամ չէր անցել, երբ արդեն զարկեցին ծնծղաները։ Իսկույն հայտնվեցին նաև հարբած ու խելքը կորցրած կոզակներ։ Կոզակների միլիոն գլխարկներ երևացին հրապարակում։ Ծայր առավ հարցուփորձ. «Ո՞վ էր, ինչի՞ համար է, ի՞նչ բանի համար են հավաքել»։ Ոչ ոք չէր պատասխանում։ Վերջապես այս և այն անկյունում լսվեց. «Ա՜յ թե իզուր տեղը կորչում է կոզակի ուժը. կռիվ չկա։ Մեր գլխավորները բոլորը դանդալոշ են, նրանց աչքերը ճարպակալել են… Չէ՛, երևում է, որ աշխարհում արդարություն չկա»։ Թվում էր, թե ավագանին զարմացել էր այդպիսի խոսքերից։ Վերջապես կոշևոյն առաջ անցավ և ասաց. «Պան զապորոժցիներ, թույլ տվեք ինձ խոսք ասել»։

«Ասա՛»։

«Ահա, իմ խոսքը հիմա, պան զապորոժցիներ, այն դատողության մասին է, որ ասենք ինքներդ էլ շատ լավ գիտեք. զապորոժցիներից շատերը ջհուդների խանութներում պարտքի տակ են, ինչպես և պարտք են իրենց եղբայրներին, այնպես որ նրանց այլևս չեն հավատում և պարտք չեն տալիս։ Հետո նաև այն դատողության մասին է իմ խոսքը, որ շատ երիտասարդներ կան, որոնք աչքով չեն տեսել, թե ի՞նչ է կռիվը, այնինչ ջահելի համար, ինքներդ գիտեք, պաներ, առանց կռվի ապրել չի կարելի։ Նրանից էլ ի՞նչ զապորոժցի դուրս կգա, եթե նա ոչ մի անգամ չի զարկել անօրենին»։

«Լավ է ասում», — մտածեց Բուլբան։

«Պան զապորոժցիներ, չկարծեք, թե այս բանը ես ասում եմ, որպեսզի հաշտությունը քանդեմ։ Քա՜վ լիցի, ես հենց այնպես ասացի, խոսքի օրինակ։ Ախր մենք աստծո տաճար ունենք, բայց մեղք է ասել, թե նա ինչի նման է։ Ահա քանի տարի է աստծո ողորմությամբ կանգուն է Սեչը, այնինչ մինչև այժմ նույնիսկ եկեղեցին ոչ միայն դրսից զարդարած չի, այլ նույնիսկ սրբոց պատկերները զարդ չունեն։ Մեկնումեկը թող մտածեր եկեղեցու համար գոնե արծաթե շուրջառ [ 36 ] գնելու: Մի քանի կոզակ մեռնելիս ինչ որ կտակել են, եկեղեցին միայն այդ է ստացել։ Այդ պարգևն էլ շատ նվազ էր, որովհետև պարգևատու կոզակներն իրենց կարողությունը համարյա ամբողջովին արաղի էին տվել։ Իմ խոսքը նրա մասին չի, որ անօրենների հետ կռիվ անենք. սուլթանին մենք հաշտություն ենք խոստացել, և մեծ մեղք կանենք, քանի որ մենք երդվել ենք մեր հավատի վրա»։

«Նա ի՞նչ է գլխից դուրս տալիս», — ինքն իրեն ասաց Բուլբան։

«Ինչպես տեսնում եք, պան զապորոժցիներ, չի կարելի կռիվ սկսել։ Ասպետական պատիվը չի թույլատրում։ Իսկ ես իմ կարճ խելքով ահա թե ինչ եմ մտածում. միայն ջահելներին թույլ տանք, որ նավակներով գնան և մի քիչ տակնուվրա անեն Անատոլիայի ափերը։ Ի՞նչ եք ասում, պաներ»։

«Տա՛ր, տա՛ր բոլորին, — բոլոր կողմերից բղավեց ամբոխը։ — Պատրաստ ենք գլուխներս դնելու հանուն հավատի»։

Կոշևոյը վախեցավ։ Նա ամենևին չէր ուզում ոտքի հանել ողջ Զապորոժիեն։ Նա անարդար գործ էր համարում խախտել հաշտության դաշինքը։

«Թույլ տվեք, պան զապորոժցիներ, մի խոսք էլ ասելու»։

«Հերիք է, — բղավեցին զապորոժցիները։ — Դրանից լավը չես ասի»։

«Դե որ այդպես է, թող այդպես լինի։ Ես ձեր կամքի ծառան եմ։ Հայտնի բան է, սուրբ գրքումն էլ կա, որ ձայն բազմաց՝ ձայն աստծո։ Այն, ինչ որ ժողովրդի մտածմունքն է, դրանից ավելի խելոք բան չես մտածի։ Բայց մի բան կա, պան զապորոժցիներ, ձեզ հայտնի է, որ սուլթանն անպատիժ չի թողնի այն զվարճությունը, որ պիտի վայելեն մեր կտրիճները։ Այնինչ մենք կպատրաստվեինք, մեր ուժերը թարմ կլինեին և ոչ ոքից չէինք վախենա։ Բացակայելու դեպքում կարող է, որ թաթարները հարձակվեն. այդ տաճկական շներն աչքի չեն երևում, վախենում են տանտիրոջ տունը մտնել, այնինչ հետևից են կծում և այնպես պինդ են կծում։ Դե, եթե բանն այնտեղ է հասել, որ արդարությունը խոսենք, մենք պահեստի այդքան նավակներ չունենք, վառոդն էլ այնքան չի պատրաստած, որ բոլորս գնանք։ Իսկ ես, կարող եմ ասել, որ ուրախ եմ. ես ձեր կամքի ծառան եմ»։ [ 37 ] Խորամանկ ատամանը լռեց: Կոզակների խմբերն սկսեցին իրար հետ խոսել, կուրենների ատամանները խորհրդակցում էին: Բարեբախտաբար, հարբածները քիչ էին, ուստի և որոշեցին լսել խելացի խորհրդի:

Մի քանի հոգի իսկույն ևեթ ճանապարհվեցին Դնեպրի մյուս ափը, որտեղ զորքի զինարանն էր և մթերանոցը: Ջրի տակ և եղեգների մեջ անմատչելի թաքստարաններում պահում էին զորական գանձարանը և թշնամուց խլած զենքերի մի մասը: Մնացած բոլոր կոզակները վրա վազեցին դեպի նավակները` դիտելու և սարքավորելու: Մի ակնթարթում ափը լցվեց ժողովրդի բազմությամբ: Եկան մի քանի հյուսներ` ձեռքերին կացին: Ալեհեր, արևառ, թիկնեղ ու ջլապինդ ոտքերով զապորոժցիները, ալեխառն և սևամազ բեղերով, շալվարները վեր քշտած, կանգնել էին ջրի մեջ մինչև ծնկները և պինդ պարաններով ափից քաշում էին նավակները: Ուրիշները քաշում էին պատրաստի չոր գերան և ամեն տեսակի փայտ: Մի տեղ տախտակում էին նավակը, մի այլ տեղ շուռ տված նավակը կպրում և կալնում էին խծուծով, մի տեղ նավակների կողքերից, ըստ կոզակների սովորության, կապում էին եղեգների խրձեր, որպեսզի ծովի ալիքները չխորտակեն նավակը. մի այլ տեղ և ավելի հեռու ամբողջ ափին վառել էին խարույկները և պղնձե կաթսաների մեջ նավակների համար եփում էին ձյութ: Ծերունի և փորձառու կոզակները վարժեցնում էին երիտասարդներին: Աշխատողների աղմուկը և զարկերը լսվում էին ողջ շրջակայքում: Ափը կենդանացել էր, ամեն ինչ շարժվում էր և օրորվում:

Այդ ժամանակ ափին մոտեցավ մի մեծ լաստ: Նրա վրա կանգնած մարդկանց խումբը դեռ հեռվից ճոճում էր ձեռքերը: Դրանք քրքրված վերարկուներով կոզակներ էին: Նրանց անկարգ զգեստը (շատերը մի շապիկից և ատամների մեջ պահած կարճ չիբուխից բացի ոչինչ չունեին) ցույց էր տալիս, որ նրանք կամ ազատվել էին որևէ փորձանքից և կամ թե այնքան քեֆ էին արել, որ մարմնի վրա եղած ամեն ինչը տվել էին արաղի: Նրանց միջից ջոկվեց և առաջ անցավ կարճահասակ, թիկնեղ և հիսուն տարեկան մի կոզակ: Նա բոլորից ավելի բարձր էր բղավում և ձեռքերը ճոճում օդի մեջ, սակայն [ 38 ] աշխատողների աղմուկի և զարկերի մեջ չէին լսվում նրա բառերը։

«Իսկ ի՞նչ եք բերել», — հարցրեց կոշևոյը, երբ լաստը շրջվեց դեպի ափը։ Բոլոր բանողները, աշխատանքը թողնելով և բարձացնելով կացիններն ու դուրերը, կանգնած նայում էին։

«Փորձանք», — լաստից բղավեց կարճահասակ կոզակը։

«Ի՞նչ փորձանք»։

«Պան զապորոժցիներ, թույլ տվեք խոսք ասելու»։

«Ասա»։

«Կամ գուցե ուզում եք հավաքել ռադան»։

«Ասա, բոլորս այստեղ ենք»։ Ամբողջ ափը հավաքվեց մի տեղ։

«Իսկ մի՞թե դուք ոչինչ չեք լսել, թե ինչ է կատարվում հեթմանի երկրում»։

«Ի՞նչ», — արտասանեց կուրենի ատամաններից մեկը։

«Է՜… ի՜նչ։ Երևի թաթարը բանգի է լցրել ձեր ականջը, որ դուք ոչինչ չեք լսել»։

«Դե ասա, ի՞նչ է պատահել այնտեղ»։

«Այն է պատահել, որ մորից ծնվել ենք, մկրտվել ենք, մեր օրում այդպիսի բան չենք տեսել»։

«Դե, շան որդի, ասա տեսնենք, ի՞նչ է պատահել», — բղավեց բազմության միջից մեկը, ըստ երևույթին կորցնելով համբերությունը։

«Այնպիսի ժամանակներ են հիմա, որ սուրբ եկեղեցիներն այժմ մերը չեն»։

«Ո՞նց թե մերը չեն»։

«Հիմա ջհուդները վարձով են վերցրել եկեղեցիները։ Եթե առաջ ջհուդին փող չտաս, չես կարող պատարագ անել»։

«Ի՞նչ ես խոսում»։

«Եվ եթե շունշանորդի ջհուդն իր պիղծ ձեռքով սրբազան պասքայի վրա նշան չդնի, չի կարելի պասքան օրհնել»։

«Պան եղբայրներ, նա փչում է. չի կարող լինել, որ պիղծ ջհուդը նշան դնի սրբազան պասքայի վրա»։

«Լսե՛ք, դեռ ավելի վատը կասեմ․ հիմա ամբողջ Ուկրաինայում կաթոլիկ տերտերները ման են գալիս տարատայկաներով։ Պատուհասն այն չի, որ նրանք տարատայկա են նստում, [ 39 ] այլ այն, որ լծում են ոչ թե ձիեր, այլ ուղղափառ քրիստոնյաներ։ Լսե՛ք, դեռ ավելի վատը կասեմ. արդեն, ասում են, ջհուդի կանայք մեր քահանաների շուրջառներից իրենց համար դեյրա են կարել։ Ահա թե ինչ բաներ են պատահել Ուկրաինայում, պան զապորոժցիներ։ Իսկ դուք նստել եք այստեղ, Զապորոժում, քեֆ եք անում։ Հը՜մ, երևում է, որ թաթարը ձեզ այնպես է վախեցրել, որ դուք ոչ ականջ ունեք, ոչ աչք և ոչինչ չունեք, և դուք չեք լսում, թե աշխարհում ինչ է կատարվում»։

«Կա՛ց, կա՛ց», — ընդհատեց կոշևոյը, որ մինչև այդ աչքերը գետնին սևեռած կանգնել էր, ինչպես և բոլոր զապորոժցիները, որոնք ծանրակշիռ գործերի ժամանակ երբեք անձնատուր չէին լինում առաջին պոռթկումին, այլ լռում էին և լռության մեջ կուտակում զայրույթի ահեղ զորությունը։ «Կա՛ց, ես էլ պիտի խոսք ասեմ։ Բա դուք ինչ էիք, ձեր հերը նզովված լինի, դուք ի՞նչ էիք անում. ի՞նչ է, թո՞ւր չունեիք։ Այդ ո՞նց թողիք, որ անիրավություն լինի»։

«Է՜, ո՞նց թողինք, որ անիրավություն լինի՜… Դե դուք լինեիք մեր տեղը, երբ հիսուն միայն լեհերն էին, և ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ մերոնց մեջ էլ շներ կային, որոնք ընդունեցին նրանց հավատը»։

«Իսկ ի՞նչ էին անում ձեր հեթմանը, զորագնդի ձեր պետերը»։

«Զորագնդի պետերն այնպիսի բաներ արին, որ աստված հեռու պահի»։

«Ի՞նչ»։

«Դե այնպես, որ հիմա հեթմանը պղնձե բովի մեջ տապակած, պառկած է Վարշավում, իսկ զորագնդի պետերի ձեռքերն ու գլուխները ման են ածում տոնավաճառներում և ցույց են տալիս ժողովրդին։ Ա՜յ թե ինչ արին զորքի պետերը»։

Տարուբերվեց ամբողջ բազմությունը։ Նախ ամբողջ ափով անցավ լռությունը, ինչպես լինում է ամեհի փոթորկից առաջ, ապա հանկարծ բացվեցին լեզուները, և ամբողջ գետափը խոսեց։

«Ո՞նց թե ջհուդները վարձով առնեն քրիստոնյաների եկեղեցիները, կաթոլիկ տերտերներն ուղղափառ քրիստոնյաներին [ 40 ] ձիերի տեղ լծեն։ Ո՞նց թե։ Ռուս հողի վրա թույլ տալ այդպիսի տանջանքներ նզովյալ անհավատներից, որպեսզի զորքի պետերի և հեթմանի հետ այդպե՞ս վարվեն։ Այդ բանը չպիտի լինի, չի լինի»։ Ամեն կողմից թռան այդպիսի խոսքեր։ Զապորոժցիներն աղմկեցին և զգացին իրենց զորությունը։ Այդ արդեն թեթևամիտ բազմության հուզումը չէր. հուզվել էին ծանր ու հզոր բնավորության տեր մարդիկ, որոնք դանդաղ էին շիկանում, բայց շիկանալով, երկար ժամանակ և համառ պահում էին ներքին բոցը։ «Կախե՛լ բոլոր ջհուդներին, — լսվեց բազմության միջից։ – Թող քահանաների շուրջառներից իրենց կանանց համար դեյրա չկարեն, թող սրբազան պայքարի վրա նշան չդնեն։ Դնեպրի մեջ խեղդել բոլոր այդ գարշելիներին։ Այդ բառերը, որ բազմության միջից արտասանեց ինչ-որ մեկը, կայծակի նման տարածվեցին, և բազմությունը ծառս ելավ արվարձանի վրա՝ բոլոր ջհուդներին մորթելու ցանկությամբ։

Իսրայելի խեղճ զավակները, կորցնելով իրենց առանց այն էլ փոքր ոգու ամբողջ քաջությունը, թաքնվեցին օղու դատարկ տակառների մեջ, վառարաններում և նույնիսկ պահ մտան իրենց կանանց դեյրաների տակ։ Բայց կոզակներն ամենուրեք գտնում էին նրանց։

«Պայծառափայլ պաներ, — բղավեց մի բարձրահասակ և փայտի նման երկար ջհուդ, որ իր ընկերների խմբի միջից դուրս էր ցցել վախից այլակերպված և ողորմելի մռութը։ Պայծառափայլ պաներ, մեզ մի խոսք տվեք ասելու, մի խոսք միայն. մենք ձեզ այնպիսի բան կասենք, որ երբեք չեք լսել, այնքան կարևոր բան, որ չի կարելի ասել, թե ինչքան կարևոր»։

«Լա՛վ, թող ասեն», – ասաց Բուլբան, որը միշտ սիրում էր մեղադրյալին լսել։

«Պայծառ պաներ, — ասաց ջհուդը, — Այդպիսի պաներ աշխարհի երեսին դեռ չեն եղել, աստված վկա, երբեք չեն եղել։ Այդքան բարեսիրտ, լավ և քաջ պաներ երբեք չեն եղել…»։ Նրա ձայնը վախից դողդողաց ու նվաղեց։ «Մի՞թե կարելի է, որ մենք զապորոժցիների մասին որևէ վատ բան մտածենք։ Նրանք ամենևին մերոնք չեն, նրանք, որոնք Ուկրաինայում վարձակալներ են… Աստված վկա, մերոնք չեն․ նրանք [ 41 ] իսկի ջհուդներ էլ չեն, սատանան գիտի, թե ովքեր են նրանք: Նրանք այնպիսի բան են, որ վրան թքես ու թողնես։ Ահա սրանք էլ նույնը կասեն։ Ճշմարիտ չէ՞, Շլեմա և կամ դու, Շմո՛ւլ»։

«Աստված վկա, ճշմարիտ է», — ամբոխի միջից պատասխանեցին Շլեման և Շմուլը՝ քրքրված թասակները գլխներին, երկուսն էլ գաջի պես սփրթնած։

«Մենք ոչ մի անգամ, — շարունակեց երկարահասակ ջհուդը, — թշնամիների հետ կապ չենք ունեցել։ Իսկ կաթոլիկներին չենք էլ ուզում ճանաչել, գրողը տանի նրանց։ Մենք զապորոժցիների հետ հարազատ եղբոր պես ենք…»։

«Ո՞նց թե… Ուրեմն զապորոժցիները ձեր եղբայրնե՞րն են,— արտասանեց բազմության միջից մեկը։ — Այդ չեք տեսնի, նզովյալ ջհուդներ։ Պան զապորոժցիներ, շպրտենք սրանց Դնեպրի մեջ, խեղդենք այս բոլոր գարշելիներին»։

Այդ բառերն ազդանշան եղան։ Ջհուդներին ձեռքե-ձեռք բռնոտեցին և սկսեցին նետել գետի ալիքների մեջ. չորս կողմից բարձրացավ աղերսի ճիչը։ Բայց դաժան զապորոժցիները միայն ծիծաղում էին, տեսնելով, թե ինչպես ջհուդների մաշիկ և գուլպա հագած ոտքերը թպրտում էին օդի մեջ։ Թշվառ հռետորը, որ ինքն իր բերանով գլխին փորձանք բերեց, դուրս պրծավ երկար բաճկոնի միջից, որի փեշերից քաշում էին, և մի խայտաբղետ, նեղ ու կարճ վերնազգեստ հագին՝ փաթաթվեց Բուլբայի ոտքերին և խղճալի ձայնով աղերսեց.

«Հզոր տեր, պայծառափայլ պան, ես ճանաչում էի և ձեր եղբորը, հանգուցյալ Դորոշին։ Նա մի ռազմիկ էր, որ զարդն էր ամբողջ ասպետության։ Ես նրան ութ հարյուր ցեխին եմ տվել, երր հարկավոր էր նրան ազատել տաճիկների գերությունից»։

«Դու ճանաչո՞ւմ էիր իմ եղբորը,– հարցրեց Տարասը։

«Աստված վկա, ճանաչում էի. մեծահոգի պան էր»։

«Իսկ քո անունը ի՞նչ է»։

«Ցանկել»։

«Լավ, — ասաց Տարասը, և ապա, մի քիչ մտածելուց հետո դարձավ կոզակներին և այսպես ասաց. — ժամանակ շատ կա ջհուդին կախելու՝ եթե պետք չինի, իսկ այսօր սրան ինձ [ 42 ] տվեք»: Այս ասելով, Տարասը նրան տարավ դեպի իր գամակը, որի մոտ կանգնել էին կոզակները։ «Դե մտիր սայլի տակ, պառկիր այնտեղ և մի՛ շարժվիր, իսկ դուք, տղերք, ջհուդին բաց չթողնեք»։

Ապա նա գնաց հրապարակը, որովհետև այնտեղ վաղուց արդեն հավաքվել էր բազմությունը։ Բոլորն իսկույն ևեթ թողին նավակների սարքավորումը և հեռացան գետափից, որովհետև այժմ նրանք ելնելու էին ցամաքային արշավանքի և ոչ ծովային, և հարկավոր էին սայլակներ ու ձիեր՝ նավերի ու կոզակների թեթև նավակների փոխարեն: Այժմ արդեն բոլորն էին կամենում արշավել, ծերերը և երիտասարդները. բոլորը՝ համաձայն ավագների, կուրենների ատամանների և կոշևոյի խորհրդի, ինչպես և զապորոժյան ամբողջ զորքի ցանկությամբ վճռեցին արշավել Լեհաստանի վրա, վրեժ առնելու ամեն չարագործության, հավատի և կոզակի պատվի այպանման համար, քաղաքներից ավար առնելու, հրդեհելու գյուղերը և դաշտերը, և տափաստանի վրա լայն սփռելու հերոսության փառքը։ Բոլորը հենց տեղնուտեղը սպառազինվեցին։ Կոշևոյի հասակն ավելի բարձրացավ։ Նա արդեն ազատասեր բազմության քմահաճ ցանկությունների հլու կատարածուն չէր։ Նա միահեծան հրամանատար էր, մի դաժան բռնակալ, որ միայն հրամայել գիտեր։ Ինքնահաճ և զվարճասեր բոլոր կոզակները գեղակազմ կանգնել էին շարքի, հնազանդ խոնարհել գլուխները, չհամարձակվելով աչք բարձրացնել, մինչև չհնչեր կոշևոյի հրամանը, իսկ նա հրամայում էր հանդարտ, առանց աղմկելու, առանց շտապելու, և ընդհատումներով, ինչպես հին և շատ փորձառու կոզակ, որ առաջին անգամը չէ ի կատար ածում խելացի մտածված գործը։

«Ուշի-ուշով նայեք, ամեն բանի ուշադիր եղեք, — այսպես ասաց նա։ — Սարքի բերեք սայլակները և ձյութամանները, փորձեք զենքերը։ Շատ շոր չառնեք ձեզ հետ. մի-մի շապիկ և երկու շալվար, մի թաղար խավիծ և բոված կորեկ, իսկ ավելին ոչ ոք թող չվերցնի։ Սայլերն իրենց հետ պաշար կառնեն, որքան հարկավոր է։ Ամեն կոզակ պիտի ունենա երկու ձի։ Վերցնել երկու հարյուր լուծ եզ, որովհետև գետանցում և ճմոտ տեղերում եզները հարկավոր են։ Իսկ ամենից ավելի [ 43 ] կարգ պաշտպանեք, պան զապորոժցիներ: Ես գիտեմ, որ ձեր մեջ կան այնպիսիները, որոնք հենց կողոպուտի պատահեն թե չէ, ոտափաթաթանի համար կպատառոտեն չինական բեհեզը և թանկագին կերպասները։ Թողե՛ք այդ անվայել սովորությունը, դեն շպրտեք կողոպուտը, առեք միայն զենքերը, եթե լավերը պատահեն, նաև ոսկի կամ արծաթ, որովհետև նրանք գին ունեն և միշտ հարկավոր են։ Ահա ձեզ, պան զապորոժցիներ, առաջուց եմ ասում, եթե երթի ժամանակ որևէ մեկը հարբի, նրա գլխին դատ չի լինելու. կհրամայեմ շան նման վզից կապեն սայլին, ով էլ լինի, թեկուզ ամբողջ զորքի ամենաքաջ կոզակը. շան նման տեղնուտեղը կսպանվի և դիակը կմնա առանց թաղելու, որպեսզի թռչունները լափեն, որովհետև երթի ժամանակ հարբողն արժանի չէ քրիստոնյայի նման թաղվելու։ Երիտասարդներ, ամեն ինչում լսեք ծերերին։ Եթե գնդակ դիպչի կամ թե թրով քերծեն ձեր գլուխը կամ մարմնի մի այլ տեղը, բանի տեղ մի՛ դնեք․ մի թաս արաղի մեջ մի քիչ վառոդ խառնեք, խմեք մի շնչով, և ամեն ինչ կանցնի, տենդ էլ չեք ունենա, իսկ վերքի վրա, եթե վերքը մեծ չի, հողը ձեռքի ափի մեջ թուքի հետ առաջ շաղախեք և այդ հողից մի քիչ դրեք վերքի վրա և այդպես էլ կչորանա վերքը, կանցնի։ Դե հիմա գործի անցեք, գործի՛, տղերք, բայց առանց շտապելու և լավ կպեք գործի»։

Այդպես ասաց կոշևոյը և հենց որ խոսքը վերջացրեց, իսկույն ևեթ բոլոր կոզակները գործի անցան։ Ամբողջ Սեչը զգաստացավ, և ոչ մի տեղ չէր կարելի տեսնել հարբած մեկին, կարծես թե կոզակների մեջ երբեք հարբած մարդ չէր եղել։ Ոմանք սարքում էին անիվների գոտիները և փոխում էին սայլերի սռնիները, ոմանք սայլերի մեջ տեղավորում էին նպարակի պարկերը և զինամթերքը, իսկ ոմանք լծում էին ձիերը և եզները։ Ամեն կողմից լսվում էր ձիերի դոփյուն, հրացանների փորձնական հրաձգություն, թրերի շառաչ, եզների բառաչ, սայլերի ճռնչոց, խոսակցություն և բարձր աղաղակ, և շուտով կոզակների շարանն ամբողջ դաշտի վրա ձգվեց հեռո՜ւ, հեռո՜ւ։ Շատ կնեղվեր նա, ով կկամենար վազել շարանի գլխից մինչև պոչը։ Փայտաշեն փոքրիկ եկեղեցում քահանան մաղթանք կատարեց, բոլորին օծեց սուրբ ջրով, և [ 44 ] ամենքը համբուրեցին խաչը։ Երբ շարանը շարժվեց և Սեչից դուրս եկավ, բոլոր զապորոժցիները ետ նայեցին։

«Մնաս բարո՜վ, մայր, — ասացին բոլորը համարյա միաբերան. — Թող աստված քեզ պահի, ամեն չարից ու, փորձանքից»:

Տարաս Բուլբան արվարձանով անցնելու ժամանակ տեսավ, որ յուր ջհուդ Յանկելն արդեն խփել էր վրանի նման մի ծածկոց և վաճառում էր կայծքար, փաթթոցներ, վառոդ և զորքի համար հարկավոր այլ մանրուք, որ պետք էր ճանապարհին, նաև հաց։ «Այս սատանի ձագին տես», ինքն իրեն մտածեց Տարասը և ձիու վրա մոտենալով նրան, ասաց.

«Հիմար, ինչո՞ւ ես այստեղ նստել. մի՞թե ուզում ես, որ քեզ ճնճղուկի նման հրացանով զարկեն»։

Յանկելն ի պատասխան ավելի մոտեցավ նրան և երկու ձեռքով նշան անելով, կարծես նրան ուզում էր մի գաղտնիք հաղորդել, ասաց.

«Պանը միայն թող լռի և ոչ ոքի չասի, որ կոզակների սայլաշարքի մեջ ես մի սայլակ ունեմ. ես տանում եմ կոզակների համար պետքական բաների պաշար և ճանապարհին նպարակ կվաճառեմ այնպիսի էժան գնով, որ ոչ մի ջհուդ այդպիսի գնով չի՛ վաճառել։ Աստված վկա, այդպես է, այդպես է, աստված վկա»։

Տարաս Բուլբան ուսերը վեր քաշեց, զարմացավ ջհուդների ժիր բնավորության վրա և ձին քշեց դեպի կոզակների շարանը։

V

Շուտով ահ ու սարսափ տիրեց լեհական ողջ հարավ-արևմուտքին։ Ամեն տեղ տարածվեցին լուրեր՝ «զապորոժցիները, երևացել են զապորոժցիները»։ Ով կարողանում էր ազատվել, ազատվում էր, ամեն ինչ գլուխ էր առնում և փախչում, ըստ սովորության այդ անապահով և անհանգիստ դարի, երբ չէին կառուցում ո՛չ բերդեր և ո՛չ դղյակներ, այլ մարդը մի կերպ շինում էր իր ծղնոտե օթևանը, մտածելով. «Ինչո՞ւ աշխատանք ու փող ծախսել դրա վրա, երբ, միևնույն է, իր օթևանը պիտի ոչնչանա թաթարական ասպատակներից»։ [ 45 ] Ամեն ինչ իրար անցավ. ով եզն ու գութանը փոխում էր ձիու և զենքի հետ և մտնում զորագնդերը, ով թաքնվում էր, հետը քշելով նախիրը և առնելով միայն այն, ինչ կարելի է տանել: Երբեմն ճանապարհին հանդիպում էին և այնպիսիները, որոնք զինված ձեռքերով էին ընդունում հյուրերին. բայց ավելի բազմաթիվ էին նրանք, որոնք փախել էին վաղօրոք։ Բոլորը գիտեին, որ դժվար է գլուխ դնել վայրագ ու ռազմասեր բազմության հետ, որ հռչակված էր զապորոժյան զորք անունով և որի խառնիխուռն ու սանձարձակ արտաքինը պարունակում էր պատերազմական ժամանակի մտածված կարգ։ Այրուձին գնում էր, և ձիավորները ձիերին չէին հոգնեցնում ու տաքացնում, հետևակը սայլակների ետևից քայլում էր զգաստ, և ամբողջ շարանը շարժվում էր միայն գիշերը, ցերեկը հանգստանալով ամայի և անբնակ վայրերում և անտառներում, որ այն ժամանակ լի և առատ էին։ Թշնամու կողմն էին առաքվում լրտեսներ և հետախույզներ, որոնք դիտում էին որտեղ ինչ կար։ Եվ հաճախ զապորոժցիները հայտնվում էին այնպիսի վայրերում, որտեղ ամենից քիչ էին սպասելի, հայտնվում էին հանկարծակի, և այն ժամանակ ամեն ինչ հրաժեշտ էր տալիս կյանքին. հրդեհը լափում էր գյուղերը, նախիրն ու ձիերը, որոնք ետ էին մնում նահանջող թշնամու զորքից, տեղնուտեղը ջարդոտվում էին։ Թվում էր, թե զապորոժցիներն ավելի խնջույք էին անում, քան պատերազմ։ Այժմ մեր մազերը կցցվեին կիսավայրենի դարի գազանությունների այն սարսափելի նշաններից, որ զապորոժցիներն ամենուրեք սփռում էին։ Մանուկներին ջարդում էին, թրերով կտրատում էին կանանց կուրծքը, մաշկում էին կաշին ոտքերից մինչև ծնկները և ապա ազատ թողնում, — մի խոսքով կոզակները լիովին հատուցում էին իրենց նախկին պարտքը։ Մի վանքի վանահայր, առնելով նրանց մոտալուտ գալստյան լուրը, առաքեց երկու միաբանների, որոնք վանահոր անունից կոզակներին պետք է ասեին, թե նրանք իրենց չեն պահում ինչպես հարկն է, թե զապորոժցիների և կառավարության միջև խաղաղություն է կնքված, թե զապորոժցիները խախտում են թագավորի հանդեպ ունեցած պարտավորությունները և ընդնմին առհասարակ նաև ժողովրդյան իրավունքը։

«Եպիսկոպոսին ասա իմ և բոլոր զապորոժցիների անունից, — [ 46 ] պատասխանեց կոշևոյը, — որ չվախենա ոչ մի բանից. կոզակները սրանով դեռ նոր են վառում և ծխում իրենց չիբուխները»։

Եվ շուտով ամեն ինչ խորտակող բոցը կլանեց փառահեղ վանքը, և նրա գոթական վիթխարի պատուհանները մռայլ նայեցին հրե ալիքների միջից։ Վանականների, ջհուդների և կանանց սարսափահար խմբերը հանկարծ թափվեցին այն քաղաքները, որտեղ պահակազորի և քաղաքային ամրությունների վրա հույսի թեթև նշույլ կար։ Կառավարության կողմից ժամանակ առ ժամանակ ուղարկվող փոքրաթիվ զորագնդերի ուշացած օգնությունը կամ չէր հանդիպում զապորոժցիներին և կամ խեղճանում էր առաջին հանդիպումից դարձնում էր թիկունքն ու ետ սլանում արագավազ ձիերով։ Պատահում էր, որ թագավորական շատ զորապետներ, որոնք հռչակվել էին նախնի պատերազմներում, վճռում էին, իրենց ուժերը միացնելով, պատվար կանգնել զապորոժցիների դեմ։ Երիտասարդ կոզակները հենց նրանց վրա էին փորձում իրենց ուժը, քանի որ երիտասարդները խուսափում էին կողոպուտից, շահամոլությունից ու թույլ թշնամուց և վառվում էին ծերերի առաջ իրենց ցույց տալու ցանկությամբ, դեմառդեմ չափվելով ժիր ու պարծենկոտ լեհացու հետ, որը հպարտ նժույգի վրա սլանում էր քամու հետ, տառատոկի թևերն արձակած։ Զվարճալի զբաղմունք էր. նրանք արդեն կռվում ձեռք էին բերել ձիասարք, թանկագին թրեր ու զենքեր։ Դեռ նոր թևավորված ձագերը մի ամսում առնականացան և բոլորովին վերածնվեցին, տղամարդ դարձան։ Նրանց դիմագծերը, որոնց վրա մինչ այդ կար պատանեկան ինչ-որ քնքշություն, ամրացան ու դարձան ահեղ։ Իսկ ծերունի Տարասը հրճվանքով էր նայում իր երկու զավակներին, որոնք առաջիններից էին։ Կարծես Օստապի ճակատին ի ծնե գրված էր ռազմի ուղին և պատերազմական գործեր մղելու դժվարին ուսմունքը։ Նա, ոչ մի անգամ իրեն չկորցնելով և ոչ մի պատահարից չշփոթվելով, սառնարյունությամբ, որ համարյա անբնական էր քսան-քսաներկու տարեկան երիտասարդի համար, մի ակնթարթում կարողանում էր չափել ամբողջ վտանգը և իրերի դրությունը, տեղնուտեղը գտնելով վտանգից խուսափելու միջոցը. սակայն խուսափել այնպես, որ հետո ավելի աներկբա հաղթահարի [ 47 ] վտանգը։ Նրա շարժումներն աչքի էին ընկնում արդեն փորձառու վճռականությամբ, և չէր կարելի չնկատել ապագա առաջնորդի հակումները։ Ամրակուռ էր նրա մարմինը, և նրա ասպետական հատկություններն արդեն վաստակել էին առյուծի հատկությունների հզոր ուժը:

«Օ՜, Ժամանակով նա քաջարի զորավար կլինի, — ասում էր ծերունի Տարասը. — ճիշտ որ քաջարի զորավար և այն էլ այնպիսին, որ կտա, հորից կանցնի»։

Անդրին ողջ էությամբ խորասուզվել էր գնդակների և թրերի գրավիչ երաժշտության մեջ. նա չգիտեր, թե ինչ ասել է վաղօրոք մտածել ու հաշվել և կամ թե չափել իր և օտարի ուժերը։ Նա պատերազմի մեջ տեսնում էր ամեհի գրգանք և արբեցում։ Նրա աչքերին խրախճանային մի բան էր երևում այն րոպեներին, երբ բորբոքվում է մարդու գլուխը. աչքերի առաջ ամեն ինչ փայլատակում ու խառնվում է, թռչում են գլուխներ, դղրդոցով գետին են գլորվում ձիերը, իսկ ինքը սլանում է հարբած՝ գնդակների սուլոցի տակ և թրի փայլով հարվածում է ամենքին ու չի զգում զարկերը։ Շատ անգամ էր հայրը զարմանում, տեսնելով, թե ինչպես Անդրին, դրդված միայն դյուրաբորբոք կրքից, թափով արշավում էր նրա դեմ, որի դեմ երբեք չէր համարձակվի պաղարյուն և խելացի կոզակը, և սոսկ իր հախուռն գրոհով կատարում էր այնպիսի հրաշքներ, որոնք զարմացնում էին պատերազմի բովում եփված ծերունիներին։ Զարմանում էր ծերունի Տարասը և ասում.

«Սա էլ քաջ է, թշնամին չտանի այս կտրիճին… Օստապին չի հասնի, բայց էլի քաջ է, քաջ կտրիճ»։

Զորքը որոշեց հարձակվել ուղղակի Դուբնո քաղաքի վրա, որտեղ, ըստ լուրերի, շատ գանձեր կային և հարուստ բնակիչներ։ Մեկ և կես օրում երթը վերջացավ, և զապորոժցիները երևացին քաղաքի առաջ։ Բնակիչները որոշեցին պաշտպանվել մինչև վերջին ուժերը և հնարավորությունները ու գերադասեցին մեռնել իրենց շեմքերի առաջ՝ փողոցներում և հրապարակներում, քան թշնամուն ներս թողնել։ Քաղաքը շրջապատված էր հողե բարձր պատնեշով. որտեղ պատնեշը ցածր էր, բարձրանում էր քարե պատ կամ տուն, որ մարտկոցի դեր էր խաղում և կամ, վերջապես, կաղնե փայտից ցանկապատը։ Պահակազորն ուժեղ էր և զգում էր իր գործի կարևորությունը: [ 48 ] Զապորոժցիները քիչ էր մնում թափով բարձրանային պատնեշի վրա, սակայն նրանց ետ մղեց թշնամու զորեղ կարտեչը։ Քաղաքի բնակիչները, ըստ երևույթին, նույնպես չէին կամենում պարապ մնալ և խմբերով կանգնել էին քաղաքի պատնեշի վրա։ Նրանց աչքերի մեջ կարելի էր կարդալ հուսահատ դիմադրություն. կանայք նույնպես վճռեցին մասնակցել և զապորոժցիների գլխին թափեցին քարեր, տակառներ, թաղարներ, եռացրած կուպր և վերջապես պարկեր՝ լի ավազով, որ կուրացնում է աչքերը։ Զապորոժցիները չէին սիրում գործ ունենալ բերդերի հետ. բերդ պաշարելը նրանց գործը չէր։ Կոշևոյը հրամայեց ետ նահանջել և ասաց.

«Ոչինչ, պան եղբայրներ, մենք կնահանջենք, բայց թող նզովյալ թաթար լինեմ և ոչ քրիստոնյա, եթե նրանցից մեկին կենդանի բաց թողնենք քաղաքից։ Թող նրանք բոլորը շան նման սովից սատկեն»։

Զորքը, ետ քաշվելով, օղակեց ամբողջ քաղաքը և պարապությունից սկսեց ավերել շրջակայքը, հրդեհելով շրջակայքի գյուղերը, չհավաքած ցորենի դեզերը, ձիերի երամակներն արձակելով արտերի մեջ, որոնց մանգաղը դեռ չէր դիպել և որտեղ, հակառակի պես, օրորվում էին ծանր հասկերը՝ պտուղն արտասովոր բերքի, որ այն ժամանակ լիառատ ընծայել էր բոլոր հողագործներին։ Քաղաքից սարսափով դիտում էին, թե ինչպես էին ոչնչացնում իրենց գոյության միջոցները։ Այնինչ զապորոժցիները, իրենց սայլերը քաղաքի շուրջ բոլորը տեղավորելով երկու շարքի, բանակ էին դրել այնպես, ինչպես Սեչում՝ կուրեններով. նրանք ծխում էին իրենց ծխամորճները, փոխանակում էին կռվում ձեռք բերած զենքերը, խաղում էին աթուրմա, ջուխտ ու կենտ և սպանիչ սառնարյունությամբ դիտում էին քաղաքի կողմը։ Գիշերը խարույկ էին վառում. յուրաքանչյուր կուրենում խոհարարները պղնձե մեծ կաթսաների մեջ եփում էին քաշովի. ողջ գիշերը վառվող կրակների առաջ կանգնում էին անքուն պահակներ։ Բայց շուտով զապորոժցիներն սկսեցին ձանձրանալ պարապությունից և երկարատև զգոնությունից, որ աննպատակ էր։ Կոշևոյը հրամայեց նույնիսկ կրկնապատկել բաժին գինին, որ զորքի մեջ երբեմն գործ էր ածվում, եթե չկային դժվար սխրագործություններ ու զորաշարժեր։ Այդպիսի կյանքը դուրեկան [ 49 ] չէր երիտասարդներին և մանավանդ Տարաս Բուլբայի որդիներին։ Անդրին նկատելի կերպով ձանձրանում էր. «Անբան գլուխ, — ասում էր նրան Տարասը։ — Համբերիր, կոզա՛կ, ատաման կդառնաս։ Նա՛ չի քաջ զինվոր, ով կարևոր գործի մեջ չի կորցնում ոգին, այլ նա՛ է քաջ զինվոր, ով պարապությունից էլ չի ձանձրանում, ով ամեն ինչի դիմանում է, և նրան ինչ էլ անես, նա իր ասածը կանի»։ Բայց դյուրաբորբոք պատանին նման չէ ծերունուն։ Տարբեր են երկուսի նկարագիրը, և նրանք տարբեր աչքերով են նայում միևնույն բանին։

Այնինչ արդեն վրա հասավ Տարասի զորագունդը, որ բերում էր Տովկաչը. նրա հետ էին նաև երկու եսաուլ, գրագիրը և զորագնդի մյուս պաշտոնատարները. գումարված բոլոր կոզակները չորս հազար հոգուց ավելի էին։ Նրանց մեջ սակավ չէին նաև սեփական ձիերով կոզակներ, որոնք իրենք էին եկել իրենց կամքով՝ առանց զորակոչի, հենց որ լսել էին բանի էությունը։ Եսաուլները Տարասի որդիների համար բերել էին նրանց պառավ մոր օրհնությունը և յուրաքանչյուրին մի-մի տիրամոր պատկեր՝ մշտադալար նոճուց, Կիևի Մեժիգորսկ վանքից։ Երկու եղբայրները տիրամոր պատկերները կախեցին իրենց վզից և ակամա ընկան մտածմունքի մեջ, հիշելով իրենց պառավ մորը։ Նրանց ի՞նչ է ասում և ի՞նչ է գուշակում այդ օրհնությունը։ Արդյոք օրհնություն է հաղթությա՞ն՝ թշնամու դեմ, և ուրախ վերադա՞րձ դեպի հայրենիք՝ ավարով ու փառքով, որի մասին փանդիռ նվագողները հավիտյան պիտի երգեն, թե՞․․․ բայց մութ է ապագան և մարդու առաջ նա կանգնած է ճահիճներից ելնող աշնանային մշուշի պես։ Նրա մեջ խելահեղորեն և թևերը թափահարելով վեր ու վար են անում թռչուններ, իրար չճանաչելով, աղավնին չտեսնելով բազեին, բազեն՝ աղավնուն, և ոչ ոք չգիտե, թե որքան հեռու է թռչում իր կորստից․․․

Օստապն արդեն իր գործի վրա էր և վաղուց հեռացել էր դեպի կուրենները, իսկ Անդրին, ինքն էլ չիմանալով ինչու, սրտի վրա զգում էր մի ծանրություն։ Կոզակներն արդեն ավարտել էին իրենց ընթրիքը. խարույկները վաղուց հանգել էին, հուլիսյան չքնաղ գիշերը պատել էր օդը։ Սակայն Անդրին չէր գնում դեպի կուրենները, քնելու չէր պառկում [ 50 ] և ակամա նայում էր իր առաջ փռված ողջ տեսարանին։ Երկնքում նուրբ ու սուր փայլով շողշողում էին անհամար աստղերը: Ամբողջ դաշտի վրա, մինչև հեռու-հեռուներ, երևում էին սայլերը և սայլերից կախված կուպրի ամանները, սայլերի վրա թշնամուց խլած ամեն տեսակ բարիք ու նպարակ։ Սայլերի մոտ, սայլերի տակ և սայլերից հեռու ամեն տեղ երևում էին խոտի վրա փռված զապորոժցիները, որոնք քնել էին, յուրաքանչյուրը ներկայացնելով մի պատկեր. մեկը գլխի տակ դրել էր տոպրակը, մյուսը՝ գլխարկը, երրորդը գլուխը դրել էր իր ընկերոջ կողքի վրա։ Յուրաքանչյուր կոզակից անբաժան էին թուրը, հրացանը, կարճ կոթով ծխամորճն ու նրա պղնձե վահանակները, երկաթե փորիչներն ու հրահանը։ Հաղթամարմին եզները պառկել էին, ծալելով ոտքերը, և նրանց սպիտակավուն մեծ խմբերը հեռվից նման էին գորշ քարերի, որ փռված էին դաշտի զառիվայրի վրա։ Ամեն կողմից արդեն բարձրանում էր խոտերի մեջ քնած ամբողջ զորքի թանձր խռմփոցը, որին դաշտից զրնգուն վրնջոցով արձագանքում էին ձիերը, որոնք զայրացել էին բխոված ոտքերի համար։ Այնինչ հուլիսյան գիշերի գեղեցկությանը խառնվել էր ահեղ ու հոյակապ մի տեսարան ևս։ Դա հեռվում հրդեհվող շրջակայքի հրացոլքն էր։ Մի տեղ բոցը հանդարտ ու փառահեղ փռվել էր երկնքով, մի այլ տեղ՝ կրակը, հանկարծ հանդիպելով մի դյուրավառ նյութի, մրրկի նման սլացել ու սուրում էր, թռչում դեպի վեր, մինչև աստղերը, և նրա բզկտված ծվենները հանգչում էին ամենահեռու երկնքում։ Մի այլ տեղ հրդեհված սև վանքն ահեղ կանգնել էր, ինչպես կարտեզյան դժնադեմ աբեղա, և կրակի յուրաքանչյուր ցոլքին ցույց էր տալիս իր մռայլ վեհությունը։ Դեռ վառվում էր վանքի պարտեզը, և կարծես լսելի էր, թե ինչպես վշշում էին ծառերը, ծխի մեջ փաթաթվելով, և երբ դուրս էր թռչում կրակը, նա կարմրակապույտ և հրե գույնի ֆոսֆորյա շողերով լուսավորում էր հասած սալորները, և կամ թե այս ու այնտեղ երևացող դեղնած տանձերը դարձնում էր կարմիր ոսկի և կրակի լույսով, հենց նույն տեղը՝ ծառերի արանքում սևին էր տալիս շենքի պատից կամ ծառի ճյուղից կախած թշվառ ջհուդի մարմինը կամ թե որևէ վանականի մարմին, որ շենքի հետ միասին խորտակվել էր բոցերի մեջ։ Հեռվում հրդեհի [ 51 ] վրա պտույտներ էին գործում թռչունները, որոնք կրակե դաշտում նման էին մութ ու մանր խաչերի խմբի։ Թվում էր, թե շրջապատված քաղաքը քնել է. նրա բարձր գմբեթները, կտուրները, ցանկապատն ու պարիսպները մարմանդ ցոլացնում էին հեռավոր հրդեհների բոցը։ Անդրին անցավ կոզակների շարքերի միջով։ Խարույկները, որոնց մոտ նստել էին պահակները, ամեն ակնթարթ կարող էին հանգչել և իրենք՝ պահակներն էլ քնել էին, կոզակի ողջ ախորժակով խավիծն ուտելուց հետո։ Նա զարմացավ այդ անհոգության վրա և մտածեց. «Լավ է, որ մոտերքում զորավոր թշնամի չկա և ոչ ոքից վախ չկա»։ Վերջապես ինքն էլ մոտեցավ սայլերից մեկին, ելավ սայլի վրա և պառկեց, ձեռքերը ծալելով գլխի տակ. բայց չկարողացավ քնել և երկար ժամանակ նայում էր երկնքին, որ բացվում էր նրա առաջ։ Օդը մաքուր ու թափանցիկ էր, խիտ աստղերը, որոնք կազմում էին Հարդագողի ճանապարհը և գոտի էին կապել երկնքով, ամբողջովին ողողված էին լույսով։ Ժամանակ առ ժամանակ նա կարծես ընկնում էր մոռացության մեջ, և նիրհի մի թեթև ամպ նրա աչքերի մի ակնթարթ պատում էր երկինքը, ապա նորից պարզվում էր այն և դարձյալ ջինջ ցոլանում։ Այն ժամանակ նրան թվաց, թե մարդկային մի տարօրինակ կերպարանք ցոլաց նրա առաջ։ Մտածելով, որ այդ քնի պարզ պատրանք է, որ հիմա կչքանա, նա աչքերն ավելի մեծ բացեց և տեսավ, որ իրոք իր վրա է թեքվել մի սմքած ու չորացած դեմք և ուղիղ նայում է իր աչքերին։ Երկար և ածուխի նման սևաթույր մազերը անխնամ ու խռիվ դուրս էին թափվել գլխի վրա գցած սև քողի տակից։ Ե՛վ աչքերի տարօրինակ փայլը, և՛ սևությունը մեռելային դեմքի, որ ուներ խիստ դիմագծեր, ավելի շուտ ստիպում էին մտածել, որ նա մի ուրվական է։ Անդրին ակամայից ձեռքը մեկնեց հրազենին և համարյա դողալով արտասանեց.

«Ո՞վ ես դու։ Եթե չար ոգի ես, կորի՛ր իմ աչքից, եթե կենդանի մարդ ես՝ անժամանակ ես կատակ անում, մի զարկով կսպանեմ»։

Ի պատասխան այդ խոսքերի, ուրվականը մատը դրեց շրթունքներին և կարծես թախանձում էր, որ նա լուռ մնա: Անդրին ձեռքը կախեց և սկսեց ավելի ուշադիր դիտել։ Նա երկար [ 52 ] մազերից, պարանոցից ու կիսաբաց թխագույն կրծքից ճանաչեց, որ ուրվականը կին է։ Բայց նա տեղացի չէր. նրա դեմքը թուխ էր և ցավից հյուծված, լայն այտոսկրներն ահագին դուրս էին ցցվել փոս ընկած այտերի վրա. նեղ աչքերն աղեղնաձև կտրվածքով դեպի վեր էին բարձրանում, և ինչքան ավելի էր Անդրին նայում նրա դիմագծերին, այնքան ավելի էր գտնում ինչ-որ ծանոթ բան։ Վերջապես նա չհամբերեց և հարցրեց.

«Ասա, ո՞վ ես դու: Ինձ թվում է, որ ես քեզ ճանաչում եմ կամ մի տեղ տեսել եմ»։

«Երկու տարի առաջ, Կիևում»։

«Երկու տարի առաջ, Կիևո՞ւմ», — կրկնեց Անդրին, ջանալով վերհիշել այն ամենը, որ նախկին բուրսակային կյանքից մնացել էր նրա հիշողության մեջ։ Նա մի անգամ էլ ուշադիր նայեց կնոջը և հանկարծ ամբողջ ձայնով բղավեց. «Դու թաթարուհին ես, պաննայի աղախինը, վոևոդի աղջկա․․․»։

«Շը՜շշ», — արտասանեց թաթարուհին, աղերսադեմ խաչելով ձեռքերը, դողալով ողջ մարմնով և միաժամանակ գլուխը ետ դարձնելով, որպեսզի տեսնի, թե արդյոք ոչ ոք չզարթնե՞ց Անդրիի այդպիսի հուժկու կանչից։

«Ասա՛, ասա;, դու ինչո՞ւ ես այստեղ, դու ինչպե՞ս եկար, — ասաց Անդրին համարյա շնչասպառ և շշուկով, որ յուրաքանչյուր րոպե ընդհատվում էր ներքին հուզմունքից։ — Որտե՞ղ է, պաննան, դեռ ո՞ղջ է»։

«Նա այստեղ է, քաղաքում»։

«Քաղաքո՞ւմ», — արտասանեց նա և քիչ մնաց նորից բղավեր ու զգաց, որ ամբողջ արյունը խուժեց դեպի սիրտը։

«Իսկ ինչո՞ւ է նա քաղաքում»։

«Որովհետև ծերունի պանն ինքը քաղաքումն է. նա արդեն մեկ ու կես տարի է, որ իբրև վոևոդ նստած է Դուբնոյում»։

«Իսկ նա ամուսնացե՞լ է․․․ Դե ասա՛, ի՞նչ զարմանալին ես, իսկ ի՞նչ է նա․․․»։

«Նա երկրորդ օրն է, որ բան չի կերել»։

«Ո՞նց թե»։

«Քաղաքի բնակիչներից ոչ մեկը վաղուց է, որ հացի պատառ չունի։ Վաղուց է, որ բոլորը հող են ուտում»։ [ 53 ] Անդրին քարացավ:

«Քաղաքի պատնեշի վրայից պաննան տեսավ քեզ զապորոժցիների հետ։ Նա ինձ ասաց. «Գնա՛, ասա ասպետին, եթե նա ինձ հիշում է, թող ինձ մոտ գա. իսկ եթե չի հիշում, թող մի կտոր հաց տա իմ պառավ մորը, որովհետև ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես մայրս պիտի մեռնի իմ աչքերի առաջ: Լավ է առաջ ե՛ս մեռնեմ, իսկ նա ինձնից հետո։ Խնդրիր և ընկիր նրա ծնկներն ու ոտքերը։ Նա էլ պառավ մայր ունի՝ թող ի սեր նրա հաց ուղարկի»»։

Կոզակի երիտասարդ սրտում բռնկվեցին ու զարթնեցին բազմապիսի զգացմունքներ։

«Բայց դու ինչպե՞ս ես ընկել այստեղ։ Ինչպե՞ս եկար»:

«Գետնի տակի անցքով»։

«Մի՞թե գետնի տակ անցք կա»։

«Կա՛»։

«Ո՞րտեղ է»։

«Չե՞ս մատնի, ասպետ»։

«Երդվում եմ սուրբ խաչով»։

«Եթե իջնես սելավի քարուտը, անցնես ջուրը, այնտեղ է, ուր եղեգնուտն է»։

«Եվ ուղիղ տանում է քաղա՞ք»։

«Ուղիղ դեպի քաղաքի վանքը»։

«Գնա՛նք, հենց հիմա գնանք»։

«Բայց, ի սեր Քրիստոսի և սուրբ Մարիամի, մի կտոր հաց»։

«Լա՛վ, կտանենք։ Սպասիր սայլի մոտ, բայց ավելի լավ է պառկիր սայլի մեջ. քեզ ոչ ոք չի տեսնի, բոլորը քնած են: Ես իսկույն կվերադառնամ»։

Եվ նա գնաց դեպի այն սայլերը, որոնց մեջ ամբողջ կուրենի պաշարն էր։ Նրա սիրտը տրոփում էր։ Ողջ անցյալը. այն ամենը, ինչ ծածկել ու խլացրել էին կոզակային ճամբարը, ռազմի դաժան կյանքը, այդ ամենը միանգամից երես ելավ և իր հերթին խոր սուզեց ներկան։ Ինչպես ծովի խորունկ ու խավար խորքից, նորից լողալով դուրս ելավ այն չքնաղ կինը, նրա հիշողության մեջ նորից շողացին նրա գեղեցիկ ձեռքերը, աչքերը, ժպտացող շրթունքները, ընկույզի գույնի թուխ վարսերը, որի գանգուր խուրձերը թափվում էին կրծքի [ 54 ] վրա և կուսական մարմնի մնացած առաձիգ ու համաչափ անդամները։ Ո՛չ, նրա սրտի մեջ նրանք չէին հանգել և չէին ոչնչացել, նրանք միայն մի կողմ էին քաշվել, որպեսզի միառժամանակ ազատություն տան ուրիշ հզոր զգացումների։ Եվ սակայն երիտասարդ կոզակի խորունկ քունը նրանք հաճախ էին վրդովում։ Եվ, արթնանալով, նա անքուն պառկում էր մահճի վրա, չկարողանալով մեկնել իր անքնության պատճառը։

Նա քայլում էր, իսկ սիրտը տրոփում էր ավելի և ավելի ուժեղ, երբ հիշում էր, որ նրան նորից պիտի տեսնի, և դողում էին առույգ ծնկները։ Հասնելով սայլերին՝ նա բոլորովին մոռացավ, թե ինչու է եկել, ձեռքը ճակատին տարավ և երկա՜ր-երկար շփեց ճակատը, ջանալով հիշել, թե ի՞նչ պետք է անի։ Վերջապես, ցնցվեց և ահը պատեց նրան, նա հանկարծ մտաբերեց, որ աղջիկը մեռնում է քաղցից։ Նա հարձակվեց սայլի վրա և թևի տակ դրեց մի քանի մեծ սև հաց, բայց իսկույն մտածեց, թե այդ ուտելիքը, որ հարմար է բռի և անքմահաճ զապորոժցու համար, արդյոք կոշտ և անվայել չի՞ նրա նուրբ կազմվածքին։ Նա հիշեց, որ կոշևոյը երեկ խոհարարներին նախատում էր, որ նրանք ամբողջ արինջի ալյուրը մեկ անգամից եփել են խավիծի համար, այնինչ ալյուրը հերիք կաներ երեք անգամի։ Լիովին համոզված, որ կաթսաների մեջ նա կգտնի խավիծ, որքան ուզի, նա դուրս քաշեց հոր ռազմերթի կաթսան և գնաց իրենց կուրենի խոհարարի մոտ, որը քնած էր երկու տասը դույլանոց կաթսաների կողքին, որոնց տակ մոխիրը դեռ տաք էր։ Նայելով կաթսաների մեջ, նա զարմացավ, տեսնելով, որ երկուսն էլ դատարկ են։ Գերմարդկային ուժեր էին պետք կաթսաները դատարկելու, մանավանդ որ նրանց կուրենում ավելի քիչ մարդիկ կային, քան ուրիշ կուրեններում։ Նա նայեց ուրիշ կուրենների կաթսաները. ամեն տեղ դատարկ էր։ Ակամայից նա մտաբերեց ասացվածքը. «Զապորոժցիները երեխաների նման են, քիչ լինի կուտեն, շատ լինի՝ է՛լի բան չեն թողնի»։ Ի՞նչ անել։ Մի ինչ-որ տեղ, կարծես հոր սայլի վրա, պետք է որ մի պարկ սպիտակ հաց լինի, որ գտել էին վանքի փուռը կողոպտելու ժամանակ։ Նա ուղղակի մոտեցավ հոր սայլին, բայց սայլի վրա պարկը չկար։ Օստապը պարկը դրել էր գլխատակին և [ 55 ] գետնի վրա փռված, խռմփացնում էր ամբողջ դաշտով։ Նա մի ձեռքով բռնեց պարկը և հանկարծ քաշեց, այնպես որ Օստապի գլուխն ընկավ գետնին, և նա քնաթաթախ վեր թռավ և աչքերը փակ նստելով, ամբողջ ուժով գոռաց. «Բռնե՛ք, բռնե՛ք սատանի ձագ լեհին․․․ բռնե՛ք, ձիուն բռնե՛ք․․․»: «Լռի՛ր, քեզ կսպանեմ», — ահից բղավեց Անդրին, նրա վրա բարձրացնելով հացի պարկը։ Սակայն Օստապն առանց այդ էլ արդեն խոսքը չշարունակեց, հանդարտվեց և այնպես խռմփաց, որ նրա շնչառությունից օրորվեցին կողքի խոտերը։ Անդրին վեհերոտ նայեց չորս կողմը, որպեսզի տեսնի, թե կոզակներից որևէ մեկին չի՞ արթնացրել Օստապի քնատ զառանցանքը։ Ճիշտ որ ցցունքով մի գլուխ մոտակա կուրենում գետնից բարձրացավ, աչքերը ման ածեց և նորից գետին խոնարհվեց։ Երկու րոպե սպասելով, նա վերջապես ճանապարհ ընկավ՝ բեռը շալակին։ Թաթարուհին պառկել և հազիվ էր շնչում։ «Վե՛ր կաց, գնանք։ Բոլորը քնած են, մի՛ վախենա։ Կարո՞ղ ես դու այս հացերից մեկը վերցնել, եթե ես չկարենամ բոլորը շալակել»։ Այս ասելով նա շալակեց պարկերը, մի սայլի մոտով անցնելիս դուրս քաշեց նաև մի պարկ կորեկ, ձեռքն առավ նույնիսկ այն հացերը, որ ուզում էր հանձնել թաթարուհուն և ծանրության տակ մի քիչ կքած, խիզախությամբ անցավ քնած զապորոժցիների շարքերի միջով։

«Անդրի՛»,— ասաց ծերունի Բուլբան այն պահին, երբ նա անցավ նրա մոտով։ Նրա սիրտը քարացավ։ Նա կանգ առավ և ամբողջովին դողալով, հեզիկ արտասանեց.

«Ի՞նչ է»։

«Քեզ հետ կնիկարմատ կա։ Աստված վկա, վեր կկենամ, կողքաճաղերդ կփշրեմ։ Կնիկարմատը քեզ լավ օրի չի հասցնի»։ Այդ ասելով, նա գլուխը հենեց արմունկին և սկսեց ուշի-ուշով դիտել շղարշի մեջ փաթաթված թաթարուհուն։

Անդրին կանգնել էր կիսակենդան, չհամարձակվելով նայել հոր դեմքին։ Եվ ապա, երբ աչքերը բարձրացրեց և նայեց հորը, նա տեսավ, որ ծերունի Բուլբան արդեն քնել էր, գլուխը ձեռքի ափի մեջ։

Նա խաչակնքեց։ Հանկարծ նրա սրտից ահը չքացավ ավելի արագ, քան պատել էր։ Իսկ երբ նա շրջվեց, որ նայի թաթարուհուն, նա արդեն նրա առջևն էր, ինչպես գրանիտի խավար [ 56 ] արձան, շղարշի մեջ փաթաթված, և հեռավոր հրդեհի ցոլքը բռնկվելով, լուսավորեց միայն նրա աչքերը, որոնք դիակի աչքերի նման սառած էին։ Նա քաշեց նրա թևը, և երկուսը միասին գնացին, անընդհատ ետ նայելով, և վերջապես, զառիվայրով իջան ցածր գետահովիտը, որ հեղեղատի հուն էր, որտեղ ծույլ-ծույլ սողում էր գետակը՝ ափերին բոշխ և այս ու այնտեղ մամռոտ գուղձեր։ Իջնելով այդ գետահովիտը, նրանք իսպառ ծածկվեցին այն դաշտից, ուր զապորոժցիների զորաբանակն էր։ Համենայն դեպս, երբ Անդրին ետ նայեց, տեսավ, որ իր ետևից թեքությունը մի մարդահասակի չափ բարձր էր. նրա գագաթին օրորվում էին դաշտային խոտերը, իսկ նրանց վրա՝ երկնքում լուսինն էր, իբրև ալ կարմիր ոսկու թեք մանգաղ։ Տափաստանից եկող հովն արդեն իմաց էր անում, որ մինչև լուսաբացը քիչ է մնացել։ Բայց ոչ մի տեղից չէր լսվում աքաղաղի հեռավոր կանչը. ո՛չ քաղաքում և ո՛չ էլ ավերված շրջակայքում չէր մնացել և ոչ մի աքաղաղ։ Մի փոքրիկ գերանի վրայով նրանք անցան գետակը, որի այն կողմը բարձրանում էր մյուս ափը, որ ավելի բարձր էր թվում, քան այս ափը, և նման էր իսկական դարափուլի։ Կարծես այդ տեղը քաղաքային բերդի ամուր ու հուսալի մի կետն էր, և գոնե հողե պատնեշն այդտեղ ավելի ցածր էր և հետևից չէր երևում պահակազորը։ Բայց ավելի հեռու բարձրանում էր վանքի հաստ պատը։ Փուլ եկած ափը պատած էր մացառով, և գետակի ու դարափուլի միջև եղած փոքրիկ հովիտը ծածկված էր բարձր եղեգնով, որ համարյա մարդու հասակի էր։ Դարափուլի գագաթին նշմարվում էին ցանկապատի մնացորդները, որոնք մատնում էին երբեմնի բանջարանոցը. ցանկապատի առաջ կռատուկի լայն տերևներն էին, որոնց հետևից ցցվել էին թայլը, վայրի փշախոտը և արևածաղիկը, որ ամենից բարձր էր ցցել գլուխը։ Այստեղ թաթարուհին հանեց քոշերը և քայլեց բոբիկ ոտքերով, զգույշ վեր բարձրացնելով փեշերը, որովհետև տեղը ճմուտ էր և ջրով լի։ Եղեգների միջով անցնելով, նրանք կանգ առան ճախերի կույտի առաջ։ Մի կողմ հրելով ճախերը, նրանք գտան հողե կամարի նման մի բան, մի ճեղք, որ ավելի չէր, քան հացի փուռի ճեղքը։ Թաթարուհին գլուխը խոնարհելով, առաջինը ներս մտավ, նրա ետևից ներս մտավ Անդրին, կռանալով, [ 57 ] որքան կարող էր ցածր, որպեսզի պարկերը շալակին կարողանա անցնել, և շուտով երկուսն էլ կորան կատարյալ մթության մեջ:

VI

Անդրին հազիվ էր շարժվում հողե մութ ու նեղ միջանցքում, հացի պարկերը շալակին հետևելով թաթարուհուն։

«Շուտով լույս կլինի, — ասաց թաթարուհին. — մենք մոտենում ենք այնտեղին, որտեղ ես դրել եմ ճրագը»։

Եվ իրոք, հողե խավար պատերը հետզհետե լուսավորվեցին։ Նրանք հասան մի փոքրիկ հրապարակի, որտեղ մատուռի նման մի բան կար, պատի առաջ դրված էր մի նեղ սեղան, բեմի սեղանի նման, և նրա վրա երևում էր կաթոլիկների աստվածամոր պատկերը՝ համարյա իսպառ մաշված ու խունացած։ Պատկերի առաջ կախված փոքրիկ արծաթյա կանթեղը հազիվ էր լուսավորում։ Թաթարուհին կռացավ, գետնից վերցրեց պղնձե ճրագը՝ բարակ ու բարձր կոթով, փոքրիկ ունելիքներով, որոնք կախված էին շղթաներից, ճաղով՝ պատրույգը սարքելու համար և մարիչով։ Նա ճրագը վառեց կանթեղի կրակից։ Լույսն ուժեղացավ, և նրանք, միասին քայլելով, մերթ լուսավորվելով զորավոր կրակից, մերթ ընկնելով ածխի նման սև ստվերների մեջ, հիշեցնում էին Հերարդոյի dalla notte նկարները։ Ասպետի չքնաղ դեմքը` երիտասարդ, առույգ և առողջ, նրա ուղեկցուհու սմքած ու գունատ դեմքի խիստ հակադրությունն էր։ Անցքը մի քիչ ավելի լայնացավ, այնպես որ Անդրին կարողացավ մեջքը շտկել։ Նա հետաքրքրությամբ էր դիտում հողե պատերը, որոնք հիշեցնում էին Կիևի քարանձավները։ Այստեղ էլ, ինչպես Կիևի քարանձավներում, պատերի մեջ երևում էին խոր նիշեր և մի քանի տեղ դագաղներ կային. երբեմն հանդիպում էին մարդկային ոսկորների, որոնք խոնավությունից փափկել ու փշրվել էին ալյուրի նման։ Երևում էր, որ այստեղ եղել են նաև սուրբ մարդիկ, որոնք պատսպարվել են աշխարհի գայթակղություններից, դառնություններից ու փոթորիկներից։ Տեղ-տեղ խոնավությունը չափազանց էր. երբեմն նրանց ոտքերի տակ ջուր էր։ Անդրին ստիպված էր հաճախ կանգ առնել, որպեսզի շունչ առներ նրա ուղեկցուհին, որի հոգնածությունն [ 58 ] անդադար կրկնվում էր: Հացի մի պատառը, որ կերել էր թաթարուհին, միայն ցավ էր առաջացրել սննդից ետ վարժված ստամոքսի մեջ, և նա հաճախ մի քանի րոպե անշարժ կանգնում էր մի տեղում: Վերջապես նրանց առջև երևաց երկաթե մի փոքրիկ դուռ: «Է՜հ, փառք աստծո, հասանք», — նվազ ձայնով ասաց թաթարուհին, բարձրացնելով ձեռքը, որպեսզի բախի դուռը, սակայն ուժ չունեցավ։ Նրա փոխարեն Անդրին ուժգին հարվածեց դուռը, լսվեց դղրդոց, որ վկայում էր, թե դռան այն կողմն ընդարձակ տարածություն էր։ Այդ դղրդոցը փոխվում էր, ըստ երևույթին դեմ առնելով բարձր կամարների։ Երկու րոպեից հետո բանալիներն աղմկեցին, ըստ երևույթին մեկն իջնում էր սանդուղքով: Վերջապես դուռը բացվեց. նրանց դիմավորեց մի վանական, որ կանգնել էր նեղ սանդուղքի վրա, բանալիներն ու մոմը ձեռքին։ Տեսնելով կաթոլիկ վանականին. Անդրին ակամայից կանգ առավ, կոզակները նրանց ավելի էին ատում և արհամարհում, նրանց հետ վարվում էին ավելի գազանաբար, քան ջհուդների հետ։ Վանականը ևս, տեսնելով զապորոժցի կոզակին, մի քիչ ետ քաշվեց, սակայն թաթարուհու անպարզալուր արտասանած խոսքը նրան հանգստացրեց։ Նա լուսավորեց նրանց ուղին, նրանց ետևից կողպեց դուռը, սանդուղքով նրանց վեր բարձրացրեց, և նրանք դուրս եկան վանքի եկեղեցու խավար ու բարձր կամարների տակ։ Մոմերով ու մոմակալներով զարդարված բեմի առաջ ծնկաչոք մի քահանա մեղմ աղոթում էր։ Նրա երկու կողքին նույնպես չոքել էին երկու երիտասարդ կղերականներ, մուգ մանուշակագույն քղամիդներով, սպիտակ ասեղնագործ շեմիզետներով և բուրվառները ձեռքներին։ Քահանան աղոթում էր հրաշքի առաքման համար, քաղաքի փրկության և ընկճված ոգու հզորացման համար, համբերության առաքման ու գայթակղիչի վտարման համար, մի գայթակղիչ, որ շշնջում էր տրտունջ, փոքրոգի ու հեզ ողբ երկրային դժբախտությունների առթիվ։ Ուրվականների նման մի քանի կանայք ծունկ էին չոքել, հենված նրանց առջևը եղած փայտե սև նստարանների և աթոռների վրա, որոնց թիկնոցին նրանք դրել էին իրենց նվաղած գլուխները. մի քանի տղամարդիկ, հենված սյուներին ու որմնասյուներին, որոնց վրա էին ծանրացել կողքի կամարները, [ 59 ] նույնպես տխուր ծունկ էին չոքել։ Բեմի վրա գույնզգույն ապակիներով լուսամուտները շառագունել էին վաղորդայնի վարդագույն կարմիրով, և հատակի վրա ընկել էին կապույտ, դեղին և այլ գույնի լույսի բոլորակներ, որոնք անակնկալ լուսավորեցին խավար եկեղեցին։ Հեռավոր խորության մեջ ողջ բեմը հանկարծ փայլեց, բուրվառի ծուխն օդի մեջ կանգնեց, ինչպես ծիածանով լուսավորված ամպ։ Անդրին իր խավար անկյունից հիացմունքով էր նայում այն հրաշքին, որ կատարեց լույսը։ Այդ ժամանակ երգեհոնի վեհասքանչ շառաչը հանկարծ լցրեց ամբողջ եկեղեցին, նա հետզհետե դարձավ ավելի թանձր և թավ, հզորացավ, դարձավ որոտի ծանր թնդյուններ և ապա միանգամից փոխվելով երկնային երաժշտության, սլացավ կամարներից բարձր՝ իր երգեցիկ հնչյուններով, որոնք հիշեցնում էին աղջկային բարակ ձայներ, և ապա նորից դարձավ թանձր շառաչ ու որոտ և լռեց։ Եվ դեռ երկար-երկար հնչում էին որոտի թնդյունները, դողում էին կամարների տակ, և Անդրին՝ բերանը կիսաբաց, զարմացել էր այդ մեծասքանչ նվագից։ Այդ ժամանակ նա զգաց, որ մեկը քաշեց իր կաֆտանի փեշից։ «Ժամանակն է», — ասաց թաթարուհին։ Նրանք աննկատելի կերպով անցան եկեղեցու միջով և ապա դուրս եկան հրապարակը, որ եկեղեցու առջևն էր։ Վաղուց արդեն շառագունել էր արշալույսը. ամեն ինչ ազդարարում էր արևի ծագելը։ Հրապարակը, որ քառակուսի ձև ուներ, իսպառ ամայի էր. մեջտեղը դեռ մնում էին փայտյա երկու սեղան, որ վկայում էին, թե գուցե դեռ մի շաբաթ առաջ այստեղ եղել է ուտելեղենի շուկան։ Փողոցը, որ չէին սալահատակում այն ժամանակ, նման էր չորացած ցեխի կույտերի։ Չորս կողմից հրապարակը շրջապատել էին քարե ցածր և կավե միհարկանի տներ, որոնց պատերի մեջ երևում էին փայտե ցցեր ու սյուներ՝ պատի ամբողջ բարձրությամբ, որոնք խաչաձև կապված էին դարձյալ փայտե կապերով, ինչպես առհասարակ կառուցում էին այն ժամանակի բնիկները, մի ձև, որ դեռ այժմ էլ կարելի է տեսնել Լիտվայի և Լեհաստանի մի քանի վայրերում։ Բոլոր տները ծածկված էին չափազանց բարձր կտուրներով, որոնք ունեին պատուհաններ ու ծխաններ։ Մի կողմին, համարյա եկեղեցու մոտ, մյուս տներից բարձր երևում էր մի շինություն՝ մյուսներից տարբեր, որ [ 60 ] ըստ երևույթին քաղաքային մագիստրատն էր կամ որևէ այլ կառավարական տուն։ Նա երկհարկանի էր, և նրա վերևը կառուցված էր բելվեդերը՝ երկու կամարով. այնտեղ կանգնած էր պահակը։ Կտուրին ամրացված էր մեծ ժամացույցը։ Հրապարակը կարծես անկենդան էր, բայց Անդրին լսեց մի թույլ նվվոց։ Չորս կողմը դիտելով, նա հրապարակի մյուս ծայրին նկատեց երկու-երեք մարդկանց, որոնք համարյա անշարժ պառկել էին գետնին։ Նա ավելի ուշադիր սևեռեց աչքերը, որպեսզի տեսնի, արդյոք քնա՞ծ են նրանք, թե մեռած, և այդ ժամանակ դիպավ ոտքի առաջ ընկած մի բանի։ Դա մեռած կնոջ մարմին էր, ըստ երևույթին՝ ջհուդ կնոջ։ Երևում էր, որ կինը դեռ երիտասարդ էր, թեև նրա թորշոմած և այլանդակված դիմագծերն այդ չէին ասում։ Նրա գլխին մետաքսե կարմիր թաշկինակ էր. գոհարների կամ ուլունքների երկու շարք զարդարում էին նրա ականջակալները, երկու-երեք երկար հյուսած գանգուրներ կախվել էին նրա չորացած պարանոցի վրա, որի երակները ձգվել էին։ Նրա մոտ պառկել էր մի երեխա, որ ջղաձիգ ձեռքով բռնել էր մոր նիհար կուրծքը և, կաթ չգտնելով, ակամա չարասրտությունից մոր կուրծքը ոլորել էր իր մատներով։ Նա արդեն ոչ լալիս էր և ո՛չ բղավում, այլ միայն նրա հանդարտ իջնող ու բարձրացող ստամոքսից կարելի էր կարծել, որ նա դեռ չի մեռել և կամ դեռ նոր է պատրաստվում փչելու վերջին շունչը։ Նրանք դարձան դեպի փողոցները, և հանկարծ նրանց կանգնեցրեց մի խելագար, որը տեսնելով Անդրիի թանկագին բեռը, վագրի նման հարձակվեց նրա վրա, կառչեց նրանից և բղավեց. «Հա՜ց»։ Սակայն նրա ուժերը նրա գազանության չափ չէին. Անդրին նրան հրեց, և նա գետին գլորվեց։ Կարեկցությունից դրդված նա մի հաց շպրտեց նրան, և խելագարը կատաղած շան նման հարձակվեց հացի վրա, կրծեց ու կծոտեց, և հենց նույն տեղը, փողոցում, սոսկալի գալարումներով շունչը փչեց, որովհետև շատ վաղուց ոչինչ չէր կերել։ Համարյա յուրաքանչյուր քայլափոխի նրանց զարմացնում էին քաղցի սոսկալի զոհերը։ Թվում էր, թե շատերը տանը չդիմանալով տանջանքներին, դիտմամբ փողոց էին թափվել. արդյոք օդի հետ չի՞ առաքվի ուժ սնուցող մի որևէ բան։ Մի տան շեմքի առաջ նստել էր մի պառավ և չէր կարելի ասել՝ քնա՞ծ է նա, մեռե՞լ է, թե՞ [ 61 ] ուշագնա է, համենայն դեպս նա ոչինչ չէր լսում ու չէր տեսնում և, գլուխը կրծքին խոնարհած, անշարժ նստել էր միևնույն տեղը։ Մի ուրիշ տան կտուրից, պարանի հանգույցից ներքև էր կախվել մի ձգված և սմքած մարմին, խեղճը մինչև վերջ չէր կարողացել կրել քաղցի տանջանքները և ավելի լավ էր համարել ինքնակամ սպանությամբ արագացնել իր վախճանը։ Քաղցի այդ սոսկալի ապացույցները տեսնելով` Անդրին չդիմացավ և հարցրեց թաթարուհուն.

«Մի՞թե սրանք ոչինչ չեն գտել մի կերպ կյանքը երկարացնելու։ Մարդ եթե վերջին հուսահատության է հասնում, ուզի-չուզի պիտի ուտի այնպիսի բաներ, որոնցից առաջ զզվում էր, նա կարող է ուտել այնպիսի անասուններ, որոնք անսուրբ են. ամեն ինչ կարող է սնունդ լինել»։

«Ամեն ինչ կերել են, — ասաց թաթարուհին, — ամբողջ տավարը։ Քաղաքում չես գտնի ո՛չ ձի, ո՛չ շուն, ո՛չ նույնիսկ մուկ։ Մեր քաղաքը երբեք պաշար չի պահել. ամեն ինչ գյուղերից էին բերում»։

«Բայց ինչպե՞ս է, որ մեռելներով այսպիսի ժանտ մահով, դուք դեռ հույս ունեք քաղաքը պաշտպանելու»։

«Այո՛, գուցե վոևոդն անձնատուր լիներ, բայց երեկ կողջանի զորամասի պետը մի բազե էր բաց թողել քաղաքի կողմը և գրել էր, որ քաղաքը չհանձնեն, որ նա օգնության է գալիս իր զորագնդով, բայց սպասում է մի ուրիշ զորավարի, որպեսզի երկուսով միասին գան։ Եվ հիմա ամեն րոպե նրանց սպասում են․․․ Բայց ահա և հասանք տուն»։

Անդրին դեռ հեռվից էր տեսել տունը, որ նման չէր մյուսներին և թվում էր, թե կառուցված է մի որևէ իտալացի ճարտարապետի ձեռքով։ Նա շինված էր գեղեցիկ ու բարակ աղյուսներից և երկհարկանի էր։ Ստորին հարկի պատուհաններն ամփոփված էին բարձր ցցված գրանիտե երիզների մեջ. վերին հարկն ամբողջովին փոքրիկ կամարներից էր, որոնք սրահ էին կազմում. կամարների միջև երևում էին զինանիշներով վանդակները. տան անկյունում նույնպես զինանիշներ կային։ Ներկած աղյուսներից կառուցված դրսի լայն սանդուղքը տանում էր ուղիղ դեպի հրապարակ։ Սանդուղքի ոտների մոտ նստել էին մի-մի պահակ, որոնք համաչափ և գեղեցկատեսիլ մի ձեռքով բռնել էին իրենց կողքին դրած կրկնատեգ գեղարդը, [ 62 ] իսկ մյուս ձեռքը դեմ էին տվել խոնարհած գլուխներին, և նման դիրքով նրանք թվում էին ավելի քանդակի նման, քան կենդանի էակների։ Նրանք ո՛չ քնել էին և ո՛չ էլ ննջում էին, բայց թվում էր, թե անզգա էին դեպի ամեն ինչ, նրանք նույնիսկ ուշադրություն չէին դարձնում նրանց, որոնք բարձրանում էին սանդուղքով։ Սանդուղքի գլխին նրանք տեսան շքեղ հագնված, ոտքից գլուխ զինված մի ռազմիկի, որը ձեռքին աղոթագիրք ուներ։ Նա կամեցավ հոգնատանջ աչքերը դարձնել նրանց կողմը, բայց թաթարուհին նրան մի խոսք ասաց, և նա աչքերը նորից խոնարհեց իր աղոթագրքի բաց էջերի վրա։ Նրանք մտան աոաջին սենյակը, որ բավական ընդարձակ էր և ծառայում էր որպես ընդունարան և կամ նախասենյակ։ Այդ սենյակը լիքն էր պատերի տակ զանազան դիրքով նստած զինվորներով, սպասավորներով, գրագիրներով, մատռվակներով և այլ սպասավորներով, որոնք անհրաժեշտ էին լեհացի ազնվատոհմ իշխանի դիրքը ցույց տալու թե՛ իբրև զորավարի և թե՛ սեփական կալվածքների տիրոջ: Զգացվում էր հանգած ճրագի մխահոտը. դեռ վառվում էին երկու ուրիշ ճրագներ, որ դրված էին խոշոր, համարյա մարդու հասակի ջահակալների վրա, սենյակի մեջտեղը, չնայած որ լայն պատուհանի ճաղերի միջից վաղուց արդեն նայում էր առավոտը։ Անդրին հենց այն է՝ կամենում էր ուղղակի ներս մտնել կաղնու փայտից շինած լայն դռնով, որ զարդարված էր զինանիշով և այլ բազմաթիվ զարդերով, երբ թաթարուհին նրա թևից քաշեց և ցույց տվեց կողքի պատի մեջ եղած փոքրիկ դուռը։ Այդ դռնից նրանք նես մտան միջանցքը և ապա մի սենյակ, որ նա լավ դիտել չկարողացավ։ Փեղկի ճեղքից ներս ընկած լույսը դիպել էր արնագույն վարագույրին, ոսկեզոծ երիզին և պատի զարդանկարին։ Թաթարուհին այստեղ Անդրիին պատվիրեց սպասել, բացեց մի ուրիշ սենյակի դուռ, որտեղից շողաց կրակի լույսը։ Անդրին լսեց շշնջոց և մեղմ ձայն, որ նրա ներսում ցնցեց ամեն ինչ։ Բաց դռնից նա տեսավ, թե ինչպես վայրկենաբար երևաց կանացի վայելչակազմ մի կերպարանք, երկար ու փառահեղ ծամով, որ ընկել էր վեր բարձրացրած ձեռքի վրա։ Թաթարուհին վերադարձավ և ասաց, որ նա ներս մտնի։ Նա չէր հիշում, թե ինչպես ներս մտավ և ինչպես նրա ետևից դուռը փակվեց։ Սենյակում վառվում [ 63 ] էին երկու մոմ, տիրամոր պատկերի առաջ մարմրին էր անում կանթեղը․ պատկերի տակ բարձր սեղան էր, որ ուներ աստիճաններ, որոնց վրա, ըստ կաթոլիկների սովորության, չոքում էին աղոթքի ժամանակ։ Սակայն Անդրիի աչքերն այդ չէին որոնում։ Նա դարձավ մյուս կողմը և տեսավ մի կնոջ, որ կարծես սառել և քարացել էր մի արագ շարժման ընթացքում։ Թվում էր, թե կնոջ ողջ կերպարանքը կամենում էր փաթաթվել նրան և հանկարծ կանգնել էր։ Եվ Անդրին ևս նրա առաջ զարմացած մնաց։ Նա չէր երևակայել կնոջն այդպես տեսնել. այդ նա չէր, այն կինը, որին առաջ ճանաչում էր. ոչնչով նման չէր առաջվա կնոջը, սակայն այժմ նա կրկնակի չքնաղ և հրաշալի էր, քան առաջ։ Այն ժամանակ նրա մեջ դեռ կար թերի և անկատար մի ինչ-որ բան. այժմ այդ մի գործ էր, որին նկարիչը հպել էր վրձինի վերջին հարվածը։ Նախկինը չքնաղ և թեթևամիտ աղջիկ էր. իսկ այս մեկը գեղեցկուհի էր, մի կին, որ հասունացրել էր իր ողջ գեղեցկությունը։ Նրա սևեռուն աչքերի մեջ ցոլանում էր ամբողջական զգացմունքը. ո՛չ թե զգացմունքի հատվածներ և ո՛չ էլ ակնարկներ, այլ ամբողջական զգացմունք։ Նրա աչքերի մեջ դեռ չէր ցամաքել արցունքը, որ պատել էր աչքերը հոգի թափանցող շողշողուն խոնավությամբ. կուրծքը, պարանոցը և թիկունքը պարուրվել էին այն սքանչելի սահմաններում, որ հատուկ են հասունացած կատարյալ գեղեցկության. մազերը, որ առաջ թեթև խոպոպիկներով կախված էին դեմքի վրա, այժմ դարձել էին փարթամ ու չքնաղ ծամ, որի մի մասը հյուսած էր, իսկ մյուսը ձեռքի ողջ երկարությամբ փռված էր, և բարակ, սիրունատես կեռացրած նրա երկար մազերը թափվել էին կրծքի վրա։ Թվում էր, թե նրա բոլոր դիմագծերը փոխվել էին։ Եվ իզուր էր Անդրին ջանք թափում գտնելու թեկուզ մի դիմագիծ, որ կար նրա հիշողության մեջ. չէր մնացել և ոչ մեկը։ Որքան էլ սաստիկ էր նրա գունատությունը, այնուամենայնիվ, այդ գունատությունը չէր մռայլում նրա հրաշալի գեղեցկությունը, այլ ընդհակառակն, թվում էր, թե տալիս էր մի ինչ-որ սլացիկ, անդիմադրելի և հաղթական արտահայտություն։ Եվ Անդրին իր հոգու մեջ զգաց ակնածալի վախ և անշարժ կանգնեց նրա առջև։ Թվում էր, թե կինը ևս հիացել էր կոզակի տեսքով, և Անդրին կանգնել էր նրա [ 64 ] առաջ, իր ողջ գեղեցկությամբ ու պատանեկան արիության ուժով, մի արիություն, որ թվում էր, թե մարմնի անդամների անշարժության մեջ իսկ մատնում էր շարժումների սանձարձակ ազատությունը. նրա աչքերը շողում էին հստակ ամրությամբ, թավշանման հոնքը ձգվել էր աղեղի նման պիրկ, արեվառ այտերը փայլում էին կուսական կրակի ողջ պայծառությամբ և ինչպես մետաքս պլպլում էր նոր ու սև բեղը։

«Ո՛չ, ես անկարող եմ գոհունակություն հայտնել քեզ, ո՜վ մեծահոգի ասպետ, — ասաց աղջիկը, և դողդողացին նրա ձայնի արծաթյա հնչյունները։ — Միայն աստված կարող է քեզ երախտահատույց լինել և ոչ ես, անզոր կինս․․․»։

Նա ցած խոնարհեց աչքերը, ձյունե չքնաղ կիսաբոլորակներով աչքերի վրա իջան կոպերը, որոնք եզերված էին սլաքի նման երկար արտևանունքներով. խոնարհվեց և նրա չնաշխարհիկ դեմքը, և նուրբ կարմիրը շառագունեց նրան։ Անդրին չգիտեր ինչ ասել դրան ի պատասխան. նա կկամենար ասել բոլորը, ինչ կար իր հոգու մեջ, ասել նույնքան կրակոտ, ինչքան կրակոտ էր հոգու ներսը, բայց չկարողացավ։ Նա զգաց ինչ-որ բան, որ փակում էր շրթունքները. բառերը հնչյուններից մերկացան. նա զգաց, որ ինքը չէ, որ պիտի պատասխանի այդպիսի խոսքերին, որովհետև դաստիարակվել էր բուրսայում և ռազմի թափառական կյանքում, զգաց և զայրացավ իր կոզակի բնավորության վրա։

Այդ ժամանակ թաթարուհին ներս մտավ։ Նա արդեն ասպետի բերած հացը և ուտելիքը կտրատել էր և ներս բերեց ոսկե սկավառակի վրա ու դրեց իր պաննայի առջև։ Գեղեցկուհին նայեց նրան, նայեց հացին և աչքերը հառեց Անդրիին. շատ բան կար այդ աչքերի մեջ։ Այդ քաղցր հայացքը, որ ցույց էր տալիս զգացումներն արտահայտելու անզորությունը և ուժասպառ լինելը, Անդրիին ավելի մատչելի էր, քան բոլոր խոսքերը։ Նա հոգու մեջ հանկարծ թեթևություն զգաց. թվում էր, թե բոլոր կապերն արձակվեցին։ Այն ամենը, ինչ որ մինչ այդ զսպված էր մի դժվար սանձով, այժմ իրեն ազատ ու սանձերն արձակ զգաց և արդեն կամենում էր ժայթքել բառերի անզուսպ հեղեղով։ Այնինչ գեղեցկուհին, դառնալով թաթարուհու կողմը, անհանգիստ հարցրեց.

«Իսկ մա՞յրս։ Դու նրան հաց տվե՞լ ես»։ [ 65 ] «Նա քնած է»։

«Իսկ հո՞րս»:

«Տարա նրան, նա ասաց, որ ինքը կգա և ասպետին շնորհակալություն կհայտնի»։

Նա հացը վերցրեց և բերանն առավ։ Անդրին շունչը պահեց և միայն նայում էր, թե ինչպես է նա իր շողշողուն մատներով հացը պոկում և ուտում։ Ու հանկարծ հիշեց քաղցից խելագար մարդուն, որը նրա աչքի առաջ շունչը փչեց, հենց որ մի կտոր հաց կերավ։ Նա գունատվեց և նրա ձեռքից բռնելով, բղավեց. «Հերիք է, էլ մի՛ ուտի, դա վաղուց է չես կերել, հացը հիմա կարող է քեզ սպանել»։ Պաննան իսկույն իջեցրեց ձեռքը, հացը դրեց սկավառակի վրա և ինչպես հնազանդ երեխա, նայեց նրա աչքերին։ Եվ թող որևէ մեկը խոսքով կարողանա արտահայտել այդ․․․ սակայն թե՛ դուրը, թե՛ վրձինը և թե՛ հզորագույն բառն անզոր են արտահայտելու ոչ այն, ինչ երբեմն նկատելի է կույսի աչքերի մեջ, և ոչ էլ այն հեզահամբույր զգացումը, որ համակում է կույսի այդպիսի հայացքներ դիտողին։

«Թագուհի,— բացականչեց Անդրին, որը լեփլեցսւն էր թե՛ սրտի և թե՛ հոգու զգացումներով։ — Քեզ ի՞նչ է պետք, ի՞նչ ես ուզում, հրամայիր ինձ։ Տուր ինձ աշխարհի ամենադժվար գործը, և ես կվազեմ կատարելու։ Ինձ ասա անեմ այն, ինչ որ չի կարող անել և ոչ մի մարդ, և ես կկատարեմ, ես մահու կտամ իմ գլուխը․․․ կտա՛մ, կտա՛մ իմ կյանքը, և քեզ համար խորտակել կյանքը, երդվում եմ սուրբ խաչով, ինձ համար այնքան քաղցր է․․․ բայց ես անզոր եմ ասելու, թե ինչքան քաղցր է։ Ես ունեմ երեք ագարակ, իմ հոր երամակների կեսը իմն է, այն բոլորը, ինչ որ մայրս օժիտ է բերել, նույնիսկ այն, ինչ որ նա թաքցում է հորիցս, այդ բոլորն իմն է։ Այժմ կոզակներից ոչ մեկն այնպիսի զենք չունի, ինչպիսին ես ունեմ. միայն իմ թրի կոթին տալիս են ամենաընտիր երամակը և երեք հազար ոչխար։ Եվ այդ բոլորից կհրաժարվեմ, կթողնեմ, դեն կշպրտեմ, կվառեմ, կթափեմ ջուրը, եթե միայն դու մի խոսք ասես և կամ թեկուզ թարթես քո բարակ ու սև ունքը։ Բայց գիտեմ, որ գուցե հիմար խոսքեր եմ ասում և անտեղի, որ այդ բոլորն այստեղ վայել չեն. ես չեմ, որ պիտի այդպես խոսեմ, ես, որ կյանքս անց եմ [ 66 ] կացրել բորսայում և Զապորոժիեում. ես չե՜մ, որ պիտի խոսեմ այնպես, ինչպես խոսում են այնտեղ, որտեղ լինում են թագավորները, իշխանները, ազնվատոհմ մարդիկ և տոհմիկ ասպետութան լավագույնները: Տեսնում եմ, որ դու աստծու այլ ստեղծածն ես, քան մենք բոլորս, և քեզնից շատ պակաս են մյուս մնացած իշխանների բոլոր կանայք և կույս աղջիկները։ Մենք անարժան ենք քո ճորտը լինելու, միայն երկնային հրեշտակները կարող են քեզ սպասավոր լինել»։

Աղջիկը, հետզհետե աճող զարմանքով, ամբողջովին լսողություն դարձած, ոչ մի խոսք չարտասանելով, լսում էր պարզ և սրտաբուխ խոսքը, որ, ինչպես հայելու մեջ, արտացոլում էր երիտասարդ և կենսուրախ հոգին, և այդ խոսքի յուրաքանչյուր հասարակ բառը, որ արտասանվում էր սրտի խորքից ելնող ձայնով. համակ ուժ էր։ Նրա չքնաղ դեմքը ձգվել էր առաջ, նա ետ վանեց երեսին թափված մազերը, բացեց բերանը և այդպես երկար ժամանակ նայում էր. հետո կամեցավ մի բան ասել, բայց հանկարծ կանգ առավ և հիշեց, որ այլ է ասպետի դերը, որ նրա հայրը, եղբայրները և նրա ողջ հայրենիքը դաժան վրիժառուների նման կանգնել են նրա հետևը, որ զարհուրելի են քաղաքը շրջապատող զապորոժցիները, որ իրենք իրենց քաղաքի հետ դատապարտված են վայրագ մահվան․․․ Եվ նրա աչքերը հանկարծ լցվեցին արցունքով. նա արագ վերցրեց մետաքսե թելերով կարած թաշկինակը, ծածկեց դեմքը և մի վայրկյանում թաշկինակը թաց եղավ։ Եվ իր չքնաղ գլուխը ետ գցած՝ երկար նստեց, ձյունափայլ ատամներով սեղմելով իր գեղեցիկ ներքին շրթունքը, կարծես թե անակնկալ զգացել էր թունավոր օձի խայթոց և երեսից չէր հեռացնում թաշկինակը, որպեսզի Անդրին չտեսնի իր հոգեմաշ մորմոքը։

«Մի խոսք ասա՛ ինձ», – ասաց Անդրին և բռնեց նրա ատլասե ձեռքը։ Այդ հպումից նրա երակների միջով անցավ փայլատակող հուրը, և իր ձեռքի մեջ նա սեղմեց աղջկա անզգա ընկած ձեռքը։

Սակայն աղջիկը լուռ էր և դեմքից չէր հեռացնում թաշկինակն ու մնում էր անշարժ։

«Ինչո՞ւ ես դու այդքան տխուր, ասա՛ ինձ, ինչո՞ւ ես դու այդքան տխուր»։ [ 67 ] Աղջիկը թաշկինակը դեն նետեց, մի կողմ շրջեց աչքերի վրա կախված ծամի երկար մազերը և հորդեց խղճալի խոսքեր՝ արտասանելով մեղմ ու մարմանդ ձայնով, ինչպես չքնաղ երեկոյի քամին, երբ հանկարծ սուրում է եղեգնուտի թանձր թավուտի վրայով, ու հանկարծ սոսափում են, զրնգում ու սլանում են սիրտ մաշող բարակ ձայները, որոնց որսում է անըմբռնելի վշտով կանգ առած ուղևորը և չի զգում ո՛չ հանգչող երեկոն, ո՛չ դաշտային աշխատանքներից ու հնձած արտերից վերադարձող մարդկանց ուրախ երգերը և ոչ էլ ինչ-որ տեղով անցնող սայլակի հեռավոր դղրդոցը:

«Արժանի չե՞մ արդյոք հավիտենական աղերսանքի: Դժբախտ չէ՞ իմ մայրը, որ ինձ բերել է աշխարհ։ Ինձ բաժին չի՞ ընկել արդյոք դառն վիճակ, և ո՜վ իմ ամեհի բախտ, արդյոք դու իմ արյունարբու դահիճը չե՞ս։ Դու ամենքին բերիր իմ ոտքերի առաջ. ողջ ազնվականության ամենատոհմիկ ներկայացուցիչներին, ամենահարուստ պաներին, կոմսերին և օտարերկրյա բարոններին ու մեր ամբողջ ասպետության ծաղիկը: Նրանք բոլորն ազատ, համարձակ կարող էին սիրել ինձ, և նրանցից յուրաքանչյուրը մեծ բարիք կհամարեր այդ։ Հերիք էր միայն, որ ես ձեռքով անեի, և նրանցից որևէ մեկը, ամենագեղեցիկը, դեմքով ու ցեղով գեղեցկագույնը, կդառնար իմ ամուսինը։ Նրանցից ոչ մեկը չգերեց իմ սիրտը. ո՜վ դաժան բախտ, այնպես արիր, որ մեր երկրի իշխաններց որևէ մեկի փոխարեն իմ սիրտը գերեց օտարականը և մեր թշնամին։ Ո՜վ սուրբ տիրամայր, ինչի՞ համար, ո՞ր մեղքերի և ո՞ր ծանր հանցանքների համար ես այդքան անողոք և անխնա հալածում դու ինձ։ Իմ օրերը սահել են լիության և ամենայն ինչի առատության մեջ. ես ունեցել եմ ամենաթանկագին խորտիկներ և քաղցր գինիներ։ Եվ ինչի՞ համար էր այդ բոլորը, ինչի՞ էր պետք, նրա համա՞ր, որ վերջի վերջո մեռնենք սոսկալի մահով, ինչպես չի մեռնում թագավորության մեջ վերջին մուրացիկը։ Եվ քիչ է, որ ես դատապարտված եմ այդպիսի սարսափելի վիճակի, քիչ է, որ իմ վախճանից առաջ ես պիտի տեսնեմ, թե ինպիսի անտանելի տանջանքներով մեռնում են իմ հայրն ու մայրը, որոնց փրկության համար քսան անգամ պատրաստ էի զոհելու իմ կյանքը, — այդ բոլորը դեռ քիչ է. հարկավոր է, որ իմ վախճանից [ 68 ] առաջ ես տեսնեմ ու լսեմ բառեր և սեր, որպիսին ես չեմ տեսել։ Հարկավոր է, որ նա իր խոսքերով իմ սիրտը կտոր-կտոր անի, որ իմ դառն վիճակն ավելի դառնանա, որպեսզի իմ աչքին ավելի ողորմելի լինի իմ մատաղ կյանքը, որ ինձ ավելի սարսափելի թվա իմ մահը և որպեսզի մեռնելու ժամանակ նախատեմ քեզ, ո՛վ իմ դաժան բախտ, և քե՛զ, ներիր իմ մեղքը, սուրբ տիրամայր»։

Եվ, երբ նա հանդարտվեց, նրա դեմքի վրա ցոլաց անհուսալի զգացումը. նրա յուրաքանչյուր դիմագիծը, և ամեն ինչ` տխուր թեքած ճակատից ու վայր խոնարհած աչքերից մինչև արցունքները, որ սառել ու ցամաքել էին աղջկա մեղմ բոցկլտացող այտերի վրա, նրա յուրաքանչյուր դիմադիծը խոսում էր, նվում վշտով և ամեն ինչ կարծես ասում էր. «Այս դեմքի վրա բախտ չկա»։

«Աշխարհում լսված չի, անկարելի է, այդ չի՛ լինի, – ասաց Անդրին,— որ կանանցից լավագույնը և ամենագեղեցիկը կրի այդպիսի դառն վիճակ, երբ ծնվել է, որպեսզի նրա առջև, ինչպես սրբության, ծունկ խոնարհեն այն ամենը, ինչ լավ է աշխարհիս երեսին։ Ո՛չ, դու չես մեռնի, դո՛ւ չես մեռնելու, երդվում եմ իմ ծնունդով և ամեն ինչով, ինչ թանկ է ինձ համար աշխարհում։ Երդվում եմ, որ դու չես մեռնի։ Իսկ եթե պատահի այդ, եթե ո՛չ մի կերպ, ո՛չ ուժով, ո՛չ աղոթքով և ո՛չ արիությամբ կարելի չլինի ետ մղել այդ դառն վիճակը, այն ժամանակ մենք միասին կմեռնենք, և առաջ ե՛ս կմեռնեմ, կմեռնեմ քո առջև, քո չքնաղ ծնկների մոտ, և արդեն մեռած գուցե թե ինձ քեզնից անջատեն»։

«Ասպետ, մի՛ խաբիր ո՛չ քեզ, ո՛չ ինձ, — ասաց նա, հանդարտ օրորելով իր գեղեցիկ գլուխը․․․ – գիտեմ, և ի մեծ վիշտ ինձ, շատ լավ գիտեմ, որ դու չես կարող չսիրել ինձ, և գիտեմ, թե դու ինչ ուխտ և պարտականություն ունես, քեզ կանչում են քո հայրը, ընկերներդ և քո հայրենիքը, իսկ մենք քեզ թշնամի ենք»։

«Ինչի՞ս են պետք հայրը, ընկերները և հայրենիքը, — ասաց Անդրին, գլուխը կայտառ ցնցելով և ուղղելով իր ձիգ իրանը, ինչպես գետափի սև կաղամախին։ — Թե որ այդպես է, ահա թե ինչ. ես ո՛չ ոք չունեմ, ո՛չ ոք, ո՛չ ոք», — կրկնեց նա նույն ձայնով և ձեռքի նույն շարժումով, որով համառ [ 69 ] և անհաղթահարելի կոզակն արտահայտում է իր վճռականությունն ուրիշի համար անհնար և չլսված գործի մասին։ «Ո՞վ է ասել, որ իմ հայրենիքն Ուկրաինան է, ո՞վ է նրան ինձ հայրենիք դարձրել։ Հայրենիքը նա է, որին փնտրում է մեր հոգին, որ ամենասիրելին է մեր հոգու համար։ Իմ հայրենիքը դո՛ւ ես։ Ահա՛ իմ հայրենիքը։ Եվ այս հայրենիքը ես կպահեմ իմ սրտի մեջ, կպահեմ մինչև հնչի իմ ժամը և տեսնեմ, թե ինչպես կոզակներից որևէ մեկը նրան կհանի իմ սրտից։ Եվ ինչ որ ունեմ-չունեմ՝ կծախեմ, կտամ, կխորտակեմ այդպիսի հայրենիքի համար»:

Մի ակնթարթ քարացած, ինչպես չքնաղ արձան, աղջիկը նայեց նրա աչքերին և հանկարծ հեկեկաց և կանացի սքանչելի թափով, որին ընդունակ է միայն մեծահոգի և անկշռադատ կինը, որ ստեղծված է սրտի չնաշխարհիկ շարժման համար, — աղջիկը փաթաթվեց Անդրիի պարանոցին, գրկելով նրան յուր ձյունանման չքնաղ ձեռքերով և հեկեկաց։ Այդ ժամանակ փողոցում լսվեց անորոշ աղմուկ, որին համընթաց էին փողերի և ծնծղաների ձայներ։ Բայց Անդրին չէր լսում, նա միայն զգում էր, թե ինչպես աղջկա հրաշագեղ բերանից ելնում էր նրա շնչառության անուշաբույր ջերմությունը, թե ինչպես արցունքները վտակներով թափվում էին Անդրիի դեմքի վրա, և գլխից թափված նրա բուրավետ մազերն իրենց մուգ և շողշողուն մետաքսով պատում էին նրան։

Այդ ժամանակ ուրախ աղաղակով ներս վազեց թաթարուհին. «Փրկված ենք, փրկված ենք․․․», բղավեց նա, խելքը կորցրած։ «Մերոնք քաղաք են մտել, բերել են հաց, կորեկ, ալյուր և կապոտած զապորոժցիների»։

Բայց նրանցից ոչ ոք չլսեց, թե այդ ինչ «մերոնք» էին քաղաք մտել և ինչ էին բերել և ինչ զապորոժցիների էին կապոտել։ Անդրին, լցված այն զգացումներով, որ անճաշակելի են այս երկրում, համբուրում էր այդ բուրավետ շրթունքները, որոնք հպել էին նրա այտին, և անպատասխան չէին բուրավետ շրթունքները։ Նրանք արձագանք տվին նույն ձևով, և այդ երկուստեք միացած համբույրի մեջ զգացվում էր այն, ինչ մարդ իր կյանքում զգում է միայն մի անգամ։

Եվ կոզակը խորտակվեց, կորավ կոզակային ողջ ասպետության համար։ Այլևս նա չի տեսնի ո՛չ Զապորոժիեն, ո՛չ [ 70 ] հայրական ագարակները և ո՛չ աստծո տաճարները։ Ուկրաինան չի՛ տեսնի իրեն պաշտպանող իր զավակներից քաջագույնին։ Ծերունի Տարասն իր ցցունքից կպոկի սպիտակ մազերի մի փունջ և կնզովի այն օրն ու ժամը, երբ ծնվեց այդպիսի որդի՝ որպես նախատինք իրեն։

VII

Զապորոժցիների բանակում աղմուկ և իրարանցում էր։ Սկզբում ոչ ոք չէր կարող ստույգ ասել, թե ինչպես պատահեց, որ զորքը մտավ քաղաք։ Հետո միայն պարզվեց, որ Պերեյասլավյան ողջ կուրենը, որը բանակ էր զարկել քաղաքի դարբասների առաջ, թունդ հարբել էր. ուրեմն և զարմանալի չէր, որ բանակի կեսը սրախողխող արին, իսկ մյուս կեսը կապոտեցին ավելի արագ, քան բոլորը կիմանային, թե ինչ է պատահել։ Մինչև աղմուկի վրա զարթնած մոտակա կուրենները կարողացան զենքեր առնել, զորքն արդեն մտնում էր դարբասներով, և թշնամու զորքի հետին շարքերը կրակում էին իրենց վրա խառնիխուռն արշավող, քնաթաթախ և կիսազգաստ զապորոժցիների կողմը։

Կոշևոյը հրաման արձակեց հավաքելու բոլորին, և երբ բոլորը շրջան կազմեցին ու գլխարկները հանելով լռեցին, նա ասաց.

«Ահա թե ինչ, պան եղբայրներ, ահա թե ինչ պատահեց այս գիշեր, ահա թե ինչ արեց գինին, մեզ ինչպես անարգեց թշնամին։ Երևում է, որ դուք արդեն սովոր եք թունդ հարբելու, երբ թույլատրում եմ միայն կրկնապատկել սովորական բաժինը, դուք պատրաստ եք հարբած վայր ընկնելու այնպես, որ քրիստոնյա բանակի թշնամին կարող է ոչ միայն ձեր շալվարները հանել, այլև փռշտալ ձեր երեսին, և դուք ոչինչ չեք զգա»։

Բոլոր կոզակները լուռ կանգնել էին, գլուխները խոնարհած. նրանք զգում էին իրենց հանցանքը։ Միայն նեզամայկովյան կուրենի ատաման Կուկուբենկոն արձագանքեց։

«Կա՛ց, բատկո,— ասաց նա։ — Թեև օրենքի հակառակ է ընդդեմ խոսք ասել կոշևոյին, երբ նա խոսում է ամբողջ զորքի առաջ, բայց դեպքն այդպես չի եղել և այդ պիտի ասել։ [ 71 ] Դու բոլորովին էլ արդար չես հանդիմանում քրիստոնյա զորքին։ Կոզակները մեղավոր կլինեին և մահվան արժանի, եթե հարբեին երթի ժամանակ, պատերազմի ժամանակ, կամ դժվար և ծանր աշխատանքի ընթացքում։ Բայց մենք պարապ նստել էինք և իզուր թրև էինք գալիս քաղաքի շուրջը։ Ոչ պաս էինք պահում, ոչ քրիստոնեական ուրիշ պահք, էլ ինչպե՞ս կլինի, որ պարապությունից մարդ չհարբի։ Այստեղ մեղք չկա։ Ավելի լավ է, մենք նրանց ցույց տանք, թե ինչ ասել է հարձակվել անմեղ մարդկանց վրա։ Առաջ մենք լավ էինք զարկում, իսկ հիմա այնպես կզարկենք, որ մեծ կտորն ականջը մնա»։

Կուրենի ատամանի խոսքը դուր եկավ կոզակներին։ Նրանք բարձրացրին արդեն իսպառ խոնարհած զլուխները, և շատերը խրախուսանքով զլուխները թափահարեցին և ասացին.

«Լավ է ասում Կուկուբենկոն»։

Իսկ Տարաս Բուլբան, որ կանգնել էր կոշևոյից ոչ հեռու, ասաց.

«Ի՞նչ ես ասում, կոշևոյ. Կուկուբենկոն ճշմարիտ է։ Դու դրան ի՞նչ կասես»։

«Ի՞նչ կասեմ։ Կասեմ, որ երանի դրա նման զավակ ունեցող հորը։ Դեռևս մեծ իմաստություն չի նախատինքի խոսք ասել, բայց մեծ իմաստություն է ասել այնպիսի խոսք, որ չայպանելով մարդու գլխին եկած փորձանքը, թև է տալիս նրան, ոգի է ներշնչում, ինչպես խթանները ոգի են ներշնչում ձիուն, որ կայտառացել է ջուր խմելուց հետո։ Ես ինքս էի ուզում հետո ձեզ մխիթարիչ խոսք ասել, բայց Կուկուբենկոն ավելի կանուխ գլխի ընկավ»։

«Կոշևոյն էլ լավ ասաց», — լսվեց զապորոժցիների շարքերում։ «Ընդունելի խոսք է», — կրկնեցին ուրիշները։ Եվ ամենից ալեհերները, որոնք կանգնել էին գորշ-սպիտակավուն աղավնիների նման, նրանք ևս գլխով արին և ոլորելով ալեհեր բեղերը, հանդարտ ասացին. «Արդար խոսք ասաց»։

«Դե՛, ուրեմն լսե՛ք, պաներ, – շարունակեց կոշևոյը: – Բերդը գրավել, մագլցել և գետնի տակով մտնել, ինչպես անում են օտարերկրյա գերմանացի վարպետները` և՛ [ 72 ] անվայել է, և՛ կոզակի բանը չի։ Իսկ բանին նայած՝ թշնամին քաղաք է մտել թեթև պաշարով. կարծեմ որ նրանց հետ քիչ սայլեր կային, քաղաքում ժողովուրդը քաղցած է, ուրեմն բոլորը մի շնչում կուտեն, իսկ ձիերին էլ խոտ է պետք․․․ Ես չգիտեմ, գուցե նրանց սրբերից մեկը երկնքից մի խուրձ խոտ գցի, այդ արդեն աստծո բանն է. իսկ նրանց հոգևորականները խոսքով զորեղ են։ Խոտի, թե մի այլ բանի համար, պարզ է, որ նրանք անպատճառ քաղաքից պիտի դուրս գան։ Բաժանվեցեք երեք խմբի և գրավեցեք երեք դարբասներից դուրս եկող երեք ճանապարհները։ Գլխավոր դարբասի առաջ հինգ կուրեն, մնացածների առաջ երեք-երեք։ Դյադկիվի և Կորսունի կուրենները թող դարան մտնեն. գնդապետ Տարասն իր գնդով նույնպես թող դարան մտնի. Տիտարևի և Տիմոշևի կուրենները կանգնում են պահեստի գումակի աջ կողմից, Շչերբինովի և Ստեբլիկիվի վերին կուրենը՝ ձախ կողմից։ Շարքերից թող դուրս գան կտրիճները, որոնք լեզվանի են, և թող ջգրացնեն թշնամուն։ Լեհը խելապակաս բնավորություն ունի, չի դիմանում հայհոյանքի և կարող է, որ այսօր ևեթ նրանք բոլորը դուրս գան դարբասներից։ Կուրենի ատամաննե՛ր, ձեզնից ամեն մեկը թող լավ նայի իր կուրենին. ով մի բանի պակաս ունի, թող լրացնի Պերեյասլավյան կուրենի մնացորդներից։ Ամեն ինչ նորից զննեք։ Զգաստանալու համար յուրաքանչյուր կոզակին տալ մի թաս արաղ և մի հաց։ Բայց երևի արդեն բոլորը երեկվա կերածով կուշտ են, որովհետև, ի՞նչ թաքցնեմ, բոլորն այնպես են լափել, որ զարմանում եմ, թե ինչո՞ւ գիշերս մեկնումեկը չտրաքվեց։ Հա, մի հրահանգ ևս. եթե որևէ մեկը, մի որևէ ջհուդ օղի ծախող կվաճառի կոզակին թեկուզ մի կաթ արաղ, ես նրա ճակատին կմեխեմ խոզի ականջը և այդ շանը գլխի վրա կկախեմ։ Դե՛, եղբայրնե՛ր, աշխատանքի, աշխատանքի անցեք»։

Այդպես տնօրինեց կոշևոյը, և բոլորը մինչև գոտկատեղը գլուխ տվին նրան, և առանց գլխարկները ծածկելու գնացին դեպի իրենց սայլերն ու բանակատեղերը և, երբ բավական հեռացան, միայն այդ ժամանակ գլխարկները հագան։ Ամենքն սկսեցին զինավորվել. փորձում էին թրերն ու դաշույնները, վառոդամանների մեջ պարկերից վառոդ էին լցնում, սայլերը սարքում ու շարում էին և ջոկում էին ձիերը։ [ 73 ] Տարասը, ուղևորվելով դեպի իր զորագունդը, մտածում էր և չէր կարողանում պարզել, թե ո՞ւր կարող էր չքանալ Անդրին. ուրիշների հետ նրա՞ն ևս գերի էին տարել քնած ժամանակ կապոտելով։ Բայց ո՛չ. Անդրին այդպիսի պտուղ չէր, որ ողջ-ողջ գերի ընկներ։ Սպանված կոզակների մեջ ևս նա չկար։ Խոր մտածմունքի մեջ ընկավ Տարասը և գնում էր զորագնդի առաջ ու չէր լսում, որ մեկը վաղուց արդեն կանչում էր իր անունը։

«Ո՞վ է ինձ կանչում», — վերջապես սթափվելով ասաց նա։ Նրա առջև կանգնել էր ջհուդ Յանկելը։

«Պան գնդապետ, պան գնդապետ,— ասաց ջհուդը շտապ և ընդհատ ձայնով, կարծես թե կամենում էր մի շատ կարևոր բան ասել։ — Պան գնդապետ, ես եղել եմ քաղաքում»։

Տարասը նայեց ջհուդին և զարմացավ, որ նա արդեն կարողացել է քաղաքում լինել։

«Ո՞ր քամին քեզ տարավ այնտեղ»։

«Ես իսկույն կպատմեմ, — ասաց Յանկելը։ — Հենց որ արշալույսի մոտ աղմուկ լսեցի, և կոզակներն սկսեցին կրակել, ես առա իմ կաֆտանը և առանց հագնելու վազեցի այն կողմը և ճանապարհին միայն թևերը հագա, որովհետև ուզում էին իսկույն իմանալ, թե այդ ինչ աղմուկ է, ինչի համար կոզակները վաղ արշալույսին սկսեցին կրակել։ Ես վազեցի ուղղակի դեպի քաղաքային դարբասները և հասա այն ժամանակ, երբ զորքի վերջին մասը քաղաք էր մտնում։ Տեսնեմ զորամասի առջևից գնում է ինքը՝ պան խորունժի Գալյանդովիչը։ Նա իմ ծանոթն է, դեռ երեք տարի առաջ ինձնից հարյուր ոսկի պարտք էր առել։ Ես նրա հետևից գնացի, իբրև թե եկել եմ, որ պարտքս ուզեմ, և նրա հետ միասին մտա քաղաք»։

«Ո՞նց թե. համ քաղաք մտար, համ էլ պարտքդ էիր ուզո՞ւմ, — ասաց Բուլբան։— Եվ նա չհրամայե՞ց, որ քեզ տեղնուտեղը շան նման կախեն»։

«Ճիշտ որ, աստված վկա, ուզում էր կախել, — պատասխանեց ջհուդը. — նրա ծառաներն ինձ արդեն բռնել էին և պարանը հագցնում էին վզիս, բայց պանին, ասացի, որ կսպասեմ այնքան, ինչքան պանը կամենում է, և խոստացա նորից պարտք տալ, եթե նա ինձ օգնի [ 74 ] պարտքերս հավաքելու մյուս ասպետներից, որովհետև պան խորունժին, ես պարզ կասեմ պանին, գրպանում մի ոսկի էլ չունի, թեև նա ագարակներ ունի, կալվածքներ, չորս ամրոց և մինչև Շկլոդ տափաստանը նրանն է, իսկ գրպանում գրոշ չունի, ինչպես և կոզակը։ Եվ հիմա, եթե Բրեսլավի ջհուդները նրան չզինավորեին, նա չէր կարող մինչև իսկ պատերազմի դուրս գալ։ Նա սեյմում էլ չի եղել, նրա համար, որ․․․»

«Իսկ ի՞նչ էիր անում քաղաքում։ Տեսա՞ր մերոնց»։

«Ո՞նց չէ, մերոնք այնտեղ շատվոր են, Իցկան, Ռահումը, Սամույլոն, Խայվալոխը, որ հրեա վարձակալ է․․․»։

«Թող սատկեն այդ շները, — բղավեց բարկացած Տարասը։ — Ի՞նչ ես խոթում քո ջհուդի ցեղը։ Ես քեզ հարցնում եմ մեր զապորոժցիների մասին»։

«Մեր զապորոժցիներին չեմ տեսել, բայց տեսա միայն պան Անդրիին»։

«Տեսար Անդրիի՞ն, - բղավեց Բուլբան։ — Ո՞նց տեսար և ո՞րտեղ տեսար. նկուղի մե՞ջ, խոր փոսո՞ւմ, անպատված և կապկպվա՞ծ»։

«Ո՞վ կարող է համարձակվել պան Անդրիին կապոտել։ Այժմ նա այնպիսի նշանավոր ասպետ է․․․ Ես չճանաչեցի նրան։ Թիկնոցը ոսկուց, բազպանները ոսկուց և կրծքակալը ոսկուց, ամեն տեղ ոսկի և ամեն ինչ ոսկի, ինչպես շողում է գարնան արևը, երբ այգում ամեն մի թռչուն ծլվլում է և երգում, և բուրում է խոտը, այնպես էլ նա է շողում ոսկուց, և ինքը վոևոդը նրան նվիրել է, ամենալավ նժույգը, որ երկու հարյուր կարմիր ոսկի արժե»։

Բուլբան քարացավ։

«Ինչի՞ համար է նա հագել ուրիշի զգեստը»։

«Որովհետև ավելի լավ է, դրա համար էլ հագել է։ Ինքն էլ է ձիով ման գալիս, ուրիշներն էլ են ման գալիս, ինքն էլ է սովորեցնում, նրան էլ են սովորեցնում։ Ինչպես ամենահարուստ լեհացի մի պան»։

«Իսկ ո՞վ է նրան ստիպել»։

«Ես չեմ ասում, թե նրան որևէ մեկն ստիպել է։ Մի՞թե պանը չգիտե, որ նա իր կամքով է նրանց կողմն անցել»։

«Ո՞վ է անցել»։

«Պան Անդրին»։ [ 75 ] «Ու՞ր է անցել»:

«Անցել է նրանց կողմը, նա հիմա բոլորովին նրանցն է»։

«Սու՛տ ես ասում, խոզի ականջ»:

«Ո՞նց կարելի է, որ ես սուտ ասեմ։ Մի՞թե հիմար եմ, որ սուտ ասեմ, ձե՞ռ եմ քաշել իմ գլխից, որ սուտ ասեմ։ Մի՞թե ես չգիտեմ, որ ջհուդին շան նման կկախեն, եթե նա սուտ խոսի պանի մոտ»։

«Ուրեմն, քո ասելով դուրս է gալիս, որ նա ծախել է հավատն ու հայրենի՞քը»։

«Ես չասացի, որ նա մի բան է ծախել. ես միայն ասացի, որ նա անցել է նրանց կողմը»։

«Սուտ ես ասում, սատանի ջհուդ․․․ Քրիստոնյաների երկրում այդպիսի բան չի եղել. դու խառնում ես, շո՛ւն»։

«Թող խոտ բսնի իմ տան շեմքին, եթե խառնում եմ։ Թող ամենքը թքեն իմ հոր, մոր, աներոջ և հորս մոր գերեզմանի վրա և մորս հոր գերեզմանի վրա, եթե ես խառնում եմ։ Եթե պանը ցանկանում է, ես կարող եմ ասել, թե նա ինչի համար է նրանց կողմն անցել»։

«Ինչի՞ համար»։

«Վոևոդն ունի մի գեղեցիկ աղջիկ, աստված վկա, մի աննման գեղեցկուհի»։

Այս խոսքի վրա ջհուդն աշխատում էր, որքան կարող էր, իր դեմքով արտահայտել գեղեցկությունը՝ ձեռքերը տարածելով, կկոցելով աչքերը և մի կողմի ծռելով բերանը, կարծես ճաշակել էր մի բանի համ։

«Է, դրանից ի՞նչ»։

«Նա աղջկա համար է արել ամեն ինչ և անցել է նրանց կողմը։ Եթե մարդ սիրահարվում է, նա միևնույն է, թե ներբանի կաշի է, որ եթե ջրի մեջ թրջես, կկակղի և ինչպես կուզես, կարող ես ծռել»։

Բուլբան խոր մտածմունքի մեջ ընկավ։ Նա հիշեց, որ մեծ է թույլ կնոջ ազդեցությունը, որ շատ հզորների է նա խորտակել, և որ այդ կողմից Անդրիի բնավորությունը շատ անզոր է, և երկար ժամանակ նա կանգնեց նույն տեղում, ինչպես արձան։

«Լսի՛ր, պան, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, — ասաց ջհուդը։ — Հենց որ ես լսեցի աղմուկը և տեսա, որ քաղաքի դարբասներից [ 76 ] ներս են մտնում, ես ինձ հետ համենայն դեպս առա մի թել գոհար, որովհետև քաղաքում կան ազնվատոհմ գեղեցկուհիներ, իսկ եթե կան գեղեցկուհիներ և ազնվական աղջիկներ, ապա նրանք, ես այդպես միտք արի, եթե ուտելու բան էլ չունեն, այնուամենայնիվ, գոհար կառնեն։ Եվ հենց որ խորունժիի ծառաներն ինձ բաց թողին, ես վազեցի վոևոդի բակը, որպեսզի գոհար վաճառեմ։ Ես թաթարուհի աղախնից ամեն ինչ իմացա. հենց որ զապորոժցիներին քշեն, իսկույն հարսանիքը պիտի անեն։ Պան Անդրին խոստացել է քշել զապորոժցիներին»։

«Եվ դու տեղնուտեղը չսպանեցի՞ր այդ սատանի ձագին», — բղավեց Բուլբան։

«Ինչի՞ համար սպանել։ Նա ինքն իր կամքով է անցել։ Մարդն ինչո՞վ է մեղավոր։ Այնտեղ նրա համար լավ է, ուստի և նա անցել է»։

«Եվ դու տեսա՞ր նրա երեսը»։

«Աստված վկա, տեսա երեսը։ Այնպիսի փառավոր կտրիճ էր, բոլորից տեսքով։ Աստված նրան առողջություն տա, ինձ իսկույն ճանաչեց և, երբ ես մոտեցա նրան, իսկույն ասաց․․․»:

«Ի՞նչ ասաց նա»։

«Նա ասաց, բայց առաջ մատով արեց և ապա միայն ասաց. «Յա՛նկել», իսկ ես՝ «պան Անդրի» ասացի։ «Յա՛նկել, ասա հորս, ասա եղբորս, ասա կոզակներին, ասա զապորոժցիներին, բոլորին ասա, որ հայրս այժմ ինձ հայր չէ՛, եղբայրս եղբայր չէ՛, ընկերս ընկեր չէ՛, և որ ես նրանց բոլորի հետ պիտի կռվեմ, պիտի կռվեմ նրանց բոլորի հետ»։

«Սո՛ւտ ես ասում, Հուդայի զավակ, — համբերությունը կորցրած բղավեց Տարասը։ — Ստում ես, շո՛ւն։ Դու Քրիստոսին էլ խաչեցիր, աստծուց նզովյալ մարդ։ Ես քեզ կսպանեմ, սատանա։ Կորի՛ր այստեղից, թե չէ տեղնուտեղը կսպանեմ»։

Այդ ասելով, Տարասը թուրը քաշեց։ Վախեցած ջհուդն իսկույն փախավ և վազեց, որքան ուժ ունեին նրա չոր ու բարակ ազդրերը։ Դեռ երկար ժամանակ նա վազում էր կոզակների բանակատեղի միջով և նույնիսկ հեռվի ազատ ու ընդարձակ դաշտում, թեև Տարասը նրան ամենևին չէր հետապնդում, մտածելով, որ անխելքություն է ցասումը թափել առաջին հանդիպածի գլխին։ [ 77 ] Եվ նա այժմ վերհիշեց, որ անցյալ գիշեր տեսել էր Անդրիին մի կնոջ հետ բանակատեղիով անցնելիս, հիշեց և խոնարհեց ալեհեր գլուխը։ Եվ դեռ էլի չէր ուզում հավատալ, թե կարող է այդպիսի անարգ դեպք պատահել, որ իր հարազատ որդին ծախի հավատն ու հոգին։

Վերջապես, նա իր զորագունդը տարավ դեպի դարանը և զորքի հետ ծածկվեց այն անտառի հետևը, որ կոզակները չէին հրդեհել։ Իսկ զապորոժցիները, հետևակ ու հեծյալ, ելան երեք ճանապարհներով դեպի երեք դարբասները։ Մեկը մյուսի ետևից դուրս թափվեցին կուրենները՝ Ումանի, Պոպովիչևի, Կանևի, Ստեբլիկիվի, Նեզամայկովի, Գուրգուզիի, Տիտարևի և Տիմոշևի։ Միայն Պերեյասլավի կուրենը չկար։ Նրա կոզակները խորն էին ննջել և տանուլ տվել իրենց բախտը։ Եղավ կոզակ, որ արթնացավ կապկպված, թշնամու գերության մեջ, եղավ և այնպիսին, որ երբեք չարթնացավ և այդպես էլ քնած թաղվեց խոնավ հողում, իսկ ինքը՝ ատաման Խլիբը, առանց շալվարի և վերին արդուզարդի, իրեն գտավ լեհացիների բանակում։ Քաղաքում լսեցին կոզակների շարժումը։ Բոլորը դուրս ելան հողաթումբը, և կոզակների առաջ բացվեց կենդանի պատկեր, լեհացի դրանիկները, մեկը մյուսից գեղեցիկ, կանգնել էին հողե պատնեշի վրա։ Արևների նման ոսկեվորվել էին նրանց պղնձե գդակները, որոնց վրա կարապի նման ճերմակ փետուրներ կային։ Ուրիշներն ունեին թեթև գլխարկներ՝ վարդագույն և կապույտ, որոնց կատարները թեքված էին մի կողքի։ Նրանք հագել էին ոսկեկար և կամ ասեղնաթել պարզ կաֆտաններ, որոնց թևքերը ծալված էին վեր։ Ոմանք ունեին թանկագին ագուցարանով զենքեր և թրեր, որոնց պաները բարձր գին էին վճարել։ Եվ շատ ուրիշ արդուզարդեր ունեին նրանք։ Առջևում ամբարտավան կանգնել էր Բուջանի զորագնդի պետը՝ կարմիր գլխարկով և ոսկով պատած։ Նա ծանրամարմին էր, ամենքից բարձրը և հաստը, և լայն ու հարուստ կաֆտանը հազիվ էր պահում նրա գեր մարմինը։ Մյուս կողմը, համարյա կողքի դարբասների մոտ, կանգնել էր մի այլ զորագնդի պետ, մի կարճահասակ, ամբողջովին չորացած մարդ, սակայն նրա փոքրիկ և սուր աչքերը կախ ընկած թավ հոնքերի տակից ժիր նայում էին, և նա արագ չորս կողմն էր դառնում, իր չոր ու բարակ ձեռքով [ 78 ] աշխույժ ցույց տալիս՝ հրամաններ արձակելով. երևում էր, որ չնայած նվազ մարմնին, նա քաջ գիտեր ռազմի ուսմունքը։ Նրանից քիչ հեռու կանգնել էր երկարահասակ խորունժին, թավ բեղերով, և թվում էր, թե նրա դեմքը չափից ավելի կարմիր էր. այդ պանը սիրում էր թունդ մեղրագինի և ուրախ խրախճանք։ Եվ նրանց հետևից երևում էին ուրիշ շատ ազնվականներ, որոնցից ոմանք զինվել էին ի հաշիվ իրենց ոսկիների, ոմանք՝ թագավորական գանձարանի հաշվին, ոմանք՝ ջհուդների փողով, գրավ դնելով այն ամենը, ինչ գտել էին պապենական ամրոցներում։ Քիչ չէին և սենատորական ամեն տեսակի ճաշորդներ, որոնց սենատորներն առնում էին իրենց հետ և հացկերույթի էին նստում միասին, որպես պատվո նշան, և որոնք սեղանի վրայից և կամ սպասանոցից գողանում էին արծաթյա թասեր և այսօրվա հարգանքից հետո մյուս օրը մի որևէ պանի մոտ կառապանի պաշտոն էին կատարում։ Ամեն տեսակ մարդ կար այնտեղ։ Պատահում էր, որ փող չէր լինում խմելու, իսկ պատերազմի համար բոլորն էին զարդարվել։ Կոզակների շարքերը հանդարտ կանգնել էին պարիսպների առաջ։ Նրանցից ոչ մեկի վրա ոսկի չկար, միայն երբեմն ոսկին տեղ-տեղ փայլփլում էր զենքերի ագուցարանի և թրերի կոթի վրա։ Կոզակները պատերազմի ժամանակ չէին սիրում ճոխ զարդարվել, նրանք պարզ օղազրահներ և զգեստներ ունեին, և հեռվից սևին ու կարմրին էին տալիս ոչխարի մորթուց նրանց սև ու կարմրակատար գդակները։

Ջապորոժցիների շարքերից առաջ եկան երկու կոզակ։ Նրանցից մեկը բոլորովին երիտասարդ էր, մյուսը՝ ավելի տարեց, երկուսն էլ լեզվանի էին և գործի ժամանակ նույնպես վատ կոզակներ չէին՝ Օխրիմ Նաշը և Միկիտա Գոլոպիտենկոն։ Նրանց հետևից գնաց և Դեմիդ Պոպովիչը, ամրակազմ մի կոզակ, որ վաղուց էր Սեչում. նա եղել էր Ադրիանապոլսի կռիվներում և իր կյանքում շատ բան էր տեսել` վառվել էր կրակի մեջ և վազել դեպի Սեչը կուպրած, սևացած գլխով և այրված բեղերով։ Բայց նորից լցվել էր Պոպովիչը, մազերի փրչիկը փաթաթել էր ականջով, բուսել էին թանձր բեղեր, ինչպես կուպրը։ Կծու խոսքի մեջ Պոպովիչը մի հատ էր։ [ 79 ] «Է՛յ, ձեր բոլոր զորքը կարմիր ժուպան է հագել, բայց ասեք տեսնեմ ձեր ուժն էլ այդքան անհա՞ղթ է»։

«Ա՛յ ես ձեզ, — վերևից բղավեց գեր գնդապետը։ — Բոլորիդ պիտի կապոտեմ, լավ է, գյադաներ, դո՛ւք հանձնեք ձեր ձիերն ու զորքերը։ Տեսա՞ք, ինչպես ձերոնց կապոտեցի։ Զապորոժցիներին դուրս բերեք պատնեշի վրա, թող տեսնեն»։ Եվ պատնեշի վրա բարձրացրին պարաններով կապկպած զապորոժցիներին։ Ամենից առաջ կուրենի ատաման Խլիբն էր, առանց շալվարի և վերին արդուզարդի, այնպես, ինչպես գերել էին հարբած վիճակում։ Ատամանը գլուխը կախեց գետին, իր կոզակների առաջ ամաչելով իր մերկության համար, որ շան նման գերի էր ընկել քնած ժամանակ։ Եվ մի գիշերվա մեջ սպիտակել էր նրա գլուխը։

«Դարդ մի՛ անի, Խլիվ, կփրկենք»,— ներքևից բղավեցին կոզակները։

«Դարդ մի՛ անի, ախպեր տղա, — արձագանքեց կուրենի ատաման Մորուքը։ — Դու մեղավոր չես, որ քեզ տկլոր են գերի բռնել։ Ամեն մարդու հետ փորձանք կպատահի։ Բայց ամոթ նրանց, որ քեզ դուրս են բերել անարգանքի համար և ինչպես վայել է չեն ծածկել քո մերկությունը»։

«Երևում է, որ դուք քաջ եք, երբ թշնամու զորքը քնած է», — ասաց Գոլոկոպիտենկոն, նայելով պատնեշի կողմը։

«Դուք դեռ սպասեք, մենք կկտրենք ձեր քյաքուլները»,– բղավեցին վերևից։

«Ես կուզեի տեսնել, թե ոնց են նրանք մեր քյաքուլները կտրելու, — ասաց Պոպովիչը, նրանց առաջ շրջվելով ձիու վրա։ Ապա, յուրայիններին նայելով, ասաց. «Ինչ կա որ. գուցե լեհացիք ճիշտ են ասում. եթե այն հաստափորը նրանց առաջնորդի, նրանք լավ պաշտպանություն կունենան»։

«Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ նրանք լավ պաշտպանություն կունենան», — ասացին կոզակները, իմանալով, որ Պոպովիչը հավանորեն պատրաստվում է մի բան ասելու։

«Որովհետև ամբողջ զորքը կպահվի նրա հետևը, և ոչ մի կերպ հաստ փորի միջով չես կարող որևէ մեկին նիզակով խոցել»։ Բոլոր կոզակները ծիծաղեցին։ Եվ դեռ երկար ժամանակ նրանցից շատերը գլուխները թափահարում էին, ասելով. «Ա՛յ քեզ, Պոպովիչ. մեկին որ մի խոսք ծեփի, այնպես կանի, որ»: [ 80 ] Եվ կոզակները այնպես էլ չասացին, թե ինչպես «կանի որ»…

«Ե՛տ քաշվեք, իսկույն պարիսպներից ետ քաշվեք»,— գոռաց կոշևոյը, որովհետև լեհացիք, ինչպես երևաց, չդիմացան կծու խոսքին, և գնդապետը ձեռքով նշան արեց։

Կոզակները նոր էին ետ քաշվել, երբ պարսպի գլխից տեղաց կարտեչը։ Պատնեշի վրա իրար անցան, և ձիու վրա երևաց ինքը՝ ծերունի վոևոդը։ Դարբասները բացվեցին, և զորքը դուրս եկավ։ Ամենից առաջ ձիերի հավասար շարքերով ելան շքեղ հագնված հուսարները, նրանց հետևից՝ օղազրահայինները, ապա զրահազգեստ և նիզակավոր զինվորները, ապա ուրիշները, որոնք ունեին պղնձե սաղավարտներ, և ապա առանձին խմբով ազատանիները, որոնցից յուրաքանչյուրը հագնվել էր ըստ ճաշակի։ Հպարտ ազատանիները չէին կամենում խառնվել ուրիշների շարքերին, և նրանցից ով իր զորախումբը չուներ, գնում էր իր սպասավորների հետ։ Ապա նորից գալիս էին շարքերը, որոնց հետևից դուրս եկավ խորունժին, նրանցից հետո նորից շարքեր, և դուրս եկավ հաղթամարմին գնդապետը, իսկ ամբողջ զորքից հետո վերջինը դուրս եկավ կարճահասակ գնդապետը։

«Մի՛ թողնեք, մի՛ թողնեք, որ նրանք շարվեն և շարքեր կազմեն,— գոռաց կոշևոյը։— Միանգամից բոլոր կուրեններով քշեք նրանց վրա։ Թողե՛ք մյուս դարբասները։ Տիտարևի կուրեն, հարձակվի՛ր կողքից, Դյադկիվի կուրեն՝ հարձակվիր մյուս կողմից։ Կուկուբենկո և Պալիվոդա, հուպ տվեք թիկունքից։ Խառնեք, խառնե՛ք և բաժանեք նրանց»։

Եվ ամեն կողմից զարկեցին կոզակները, շեղեցին և շփոթեցին նրանց, և իրենք էլ խառնվեցին։ Չթողեցին, որ նույնիսկ հրացան արձակեն. բանը հասավ թրերի ու նիզակների։ Բոլորը խմբվեցին, և յուրաքանչյուրին առիթ եղավ ցույց տալու իրեն։ Դեմիդ Պոպովիչը նիզակահար արեց երեք հասարակի և երկու անվանի ազատանիների ձիուց գցեց, բղավելով. «Ա՜յ լավ ձիեր, ես վաղուց էի ուզում այսպիսի ձիեր ձեռք բերել»։ Եվ ձիերը հեռու քշեց դեպի դաշտը, սպասող կոզակներին գոռալով, որպեսզի նրանք ձիերը պահեն։ Ապա նորից մտավ բազմության մեջ, նորից հարձակվեց ձիերից վայր ընկած ազատանիների վրա, մեկին սպանեց, իսկ մյուսի [ 81 ] վզին հագցրեց օղապարանը, պարանը կապեց իր թամբից և ազատանուն քարշ տվեց ողջ դաշտով, նրա մեջքից արձակելով թանկագին կոթով թուրը և առնելով ոսկով լիքը մի քսակ, որ ազատանին կապել էր գոտուց։ Կոբիտան, որ դեռ երիտասարդ և քաջ կոզակ էր, նույնպես բռնվեց լեհական զորքի քաջարիներից մեկի հետ, և նրանք երկար ժամանակ կռվեցին։ Նրանք արդեն բռնցքակռվի էին անցել, և կոզակն ահա պիտի հաղթեր նրան, և մեջքի վրա կռացնելով, տաճկական սուր դանակով զարկեց նրա կրծքին, բայց ինքը ևս չազատվեց, մի շիկացած գնդակ հենց տեղնուտեղը տրաքեց նրա քունքին։ Նրան գետին գլորեց պաներից մեծազարմը, գեղեցկագույնը, իշխանական մի հին տոհմի ասպետ։ Իր բաց գույնի նժույգի վրա սլանում էր նա, ինչպես ճկուն բարդի։ Եվ նա արդեն ցույց էր տվել բոյարի դյուցազնական բազում խիզախություն. մեջտեղից կիսել էր երկու զապորոժցիների, Ֆեոդոր Կորժին, որ քաջ կոզակ էր, վայր էր գլորել ձիու հետ միասին, կրակել էր ձիու վրա, իսկ կոզակին ձիու տակից նիզակով հանել էր։ Շատերի գլուխն էր թռցրել, թրատել էր ձեռքերը, գետին էր գլորել Կոբիտա կոզակին, գնդակը մխելով նրա քունքի մեջ։ «Ահա ում հետ կուզենայի ուժերս չափել»,– բղավեց Նեզամայկովի կուրենի ատաման Կուկուբենկոն: Ձին քշելով, նա թռավ նրա թիկունքը և ուժգին գոռաց, այնպես, որ այդ ոչ մարդկային ձայնից ցնցվեցին մոտ կանգնած մարդիկ։ Լեհացին հանկարծ կամեցավ ձիու գլուխը շրջել և դեմքը դարձնել նրա կողմը, բայց ձին չհնազանդվեց և զարհուրելի գոռոցից խրտնեց ու մի կողմ թռավ, և Կուկուբենկոյի գնդակը հասավ լեհացու հետևից։ Շիկացած գնդակը խրվեց մեջքի թիակների մեջ, և նա ձիուց գլորվեց։ Բայց լեհացին այդ վիճակում էլ ձեռք չքաշեց, դեռ ուժ էր անում հարվածելու թշնամուն, սակայն թուլացավ ձեռքը թրի հետ միասին։ Իսկ Կուկուբենկոն, երկու ձեռքով բռնելով իր ծանր թրադաշույնը, զարկեց նրա գունատ բերանին։ Թրադաշույնը փշրեց նրա երկու ակնատամը, երկու կես արեց լեզուն, փշրեց կոկորդի ողը և շատ խոր մտավ գետնի մեջ։ Այդպես էլ նա նրան հավիտյան մեխեց մայր հողին։ Աղբյուրի նման վեր ժայթքեց կաս-կարմիր, ինչպես գետափնյա փռունչը, բարձրատոհմ և ազնվազարմ արյունը և կարմիր ներկեց նրա [ 82 ] դեղին և ամբողջովին ոսկեկար կաֆտանը։ Ւսկ Կուկուբենկոն նրան արդեն թողել էր և իր նեզամայկովյան կոզակների հետ մխրճվում էր ուրիշ բազմության մեջ։

«Ափսո՜ս, անժողովել է թողել այսքան հարուստ արդուզարդը,— ասաց ումանյան կուրենի ատաման Մորուքը, յուրայիններից հեռանալով դեպի այն վայրը, ուր ընկած էր Կուկուբենկոյի սպանած ազնվազարմ ասպետի մարմինը։ «Ես իմ ձեռքով յոթ իշխանների եմ սպանել, իսկ այսպիսի զարդ ու զարդարանք ոչ ոքի վրա չեմ տեսել»։ Եվ Մորուքը գայթակղվեց շահամոլությամբ, կռացավ, որպեսզի հանի նրա հարուստ զենք ու զրահը, հանեց արդեն նրա տաճկական դանակը, որի ագուցարանի վրա թանկարժեք քարեր կային, նրա գոտուց արձակեց քսակը՝ լիքը ոսկիներով, կրծքից առավ փոքրիկ պայուսակը, որի մեջ մետաքսյա շոր էր, թանկարժեք արծաթ և աղջկա գանգուրներ, որ նա սրբությամբ պահել էր որպես հիշատակ։ Եվ Մորուքը չլսեց, թե ինչպես իր հետևից վրա վազեց կարմրաքիթ խորունժին, որին երկու անգամ ինքը թամքից վայր էր գլորել և մի լավ հասցրել էր ատամներին, որպես հիշատակ։ Խորունժին ամբողջ թափով ճոճեց թուրը և զարկեց նրա կռացած վզին։ Կոզակի շահամոլությունը բարիք չբերեց, նրա հզոր գլուխը մի կողմ թռավ, և գլխատված դիակը ընկավ, չորս կողմի գետինը ոռոգելով արյամբ։ Կոզակի դաժան հոգին բարձրացավ դեպի վերերը, նոթերը կիտած և վրդովվելով, միաժամանակ և զարմացած, որ այդպես վաղ դուրս թռավ այդքան ամրակուռ մարմնից։ Խորունժին դեռ թամբից չէր կապել ատամանի գլխի ցցունքը, երբ արդեն ցցվեց խստաբարո վրիժառուն։

Ինչպես երկնքում ճախրող բազե, որ հուժկու թևերով բազմաթիվ պտույտներ է անում, ապա հանկարծ թևերը փռած կանգնում մի կետում և այնտեղից սլաքի նման զարկում ճանապարհի եզրին աղմկող արու լորին, այնպես էլ Տարասի որդի Օստապը հանկարծ թռավ խորունժու վրա և մի թափով նրա վզով նետեց պարանը։ Խորունժու կարմիր դեմքն ավելի կարմրեց, երբ դաժան հանգույցը սեղմեց նրա կոկորդը, և նա ուզեց քաշել ատրճանակը, բայց ջղաձգաբար մեկնած ձեռքը չկարողացավ նշան բռնել, և գնդակն անդիպուկ թռավ դեպի դաշտը։ Օստապը տեղնուտեղը նրա թամբից արձակեց [ 83 ] մետաքսե քուղը, որ խորունժին առել էր գերիներին կապելու, և հենց նրա քուղով կապկպեց նրա ձեռքերն ու ոտքերը, քուղի մի ծայրը կապեց թամբին և նրան քարշ տվեց դաշտի միջով, բարձր կանչելով Ումանի կուրենի բոլոր կոզակներին, որպեսզի գան և վերջին հրաժեշտը տան իրենց ատամանին։

Երբ Ումանի կուրենի կոզակները լսեցին, որ այլևս կենդանի չէ իրենց ատաման Մորուքը, լքեցին ռազմի դաշտը և հավաքվեցին թաղելու նրան և հենց նույն տեղն էլ սկսեցին խորհրդակցել, թե ո՞ւմ ընտրեն կուրենի ատաման։ Վերջապես ասացին. «Էլ ինչո՞ւ խորհրդակցել. Օստապ Բուլբայից ավելի լավին ատաման չենք ընտրի։ Ճիշտ է, նա մեզնից երիտասարդ է, բայց նրա խելքն ալևոր մարդու խելքի չափ է»։ Օստապը, գլխարկը հանելով, իր բոլոր կոզակ ընկերներին շնորհակալություն ասաց այդ պատվի համար, պատճառ չբերեց ոչ իր երիտասարդությունը և ոչ էլ անփորձ խելքը, գիտենալով, որ ժամանակը պատերազմական է և այդ բանի ժամանակը չէ. և հենց իսկույն նրանց առաջնորդեց դեպի թշնամու խմբերը և նրանց բոլորին ցույց տվեց, որ իզուր չեն իրեն ատաման ընտրել։ Լեհացիք զգացին, որ բանը շատ է դժվարանում, ետ նահանջեցին և վազեցին դաշտի մյուս ծայրը, որպեսզի այնտեղ նորից գումարվեն։ Իսկ կարճահասակ գնդապետը հենց դարբասների մոտ կանգնած չորս հարյուրակի թարմ ուժերին նշան արեց, և այնտեղից կոզակների խմբերի վրա տեղաց կարտեչը։ Բայց քչերը վնասվեցին. գնդակները հասնում էին կոզակների եզներին, որոնք վայրենաբար նայում էին կովին։ Վախեցած եզները բոռացին, դարձան դեպի կոզակների բանակատեղին, ջարդ ու փշուր արին սայլերը և շատերին ոտնակոխ արին։ Բայց Տարասը, որ այդ ժամանակ իր գնդով դուրս թռավ դարանից, աղաղակելով հարձակվեց եզներին բռնոտելու։ Ետ դարձավ կատաղած նախիրը, ետ դարձավ նրա աղաղակից սարսափած և արշավեց լեհացոց գնդերի վրա, փշրեց հեծելազորին, բոլորին տրորեց ու ցրեց։

«Ա՜յ, շնորհակալ ենք ձեզնից, եզներ, – բղավեցին զապորոժցիները։ – Դուք մեզ ծառայեցիք ռազմերթի ժամանակ, իսկ այժմ էլ զինվորական ծառայություն եք մատուցում»: [ 84 ] Եվ թարմ ուժերով հարձակվեցին թշնամու վրա։ Այդ հարձակման ընթացքում շատ թշնամի ջարդեցին։ Շատերը հերոսություն արին՝ Մետելիցյան, Շիլոն, զույգ Պիսարենկոները, Վովտուզենկոն և ուրիշ շատ շատերը։ Լեհացիք տեսան, որ բանը բուրդ է, նշան արին և բղավեցին, որ բացեն քաղաքի դարբասները։ Ճռինչով բացվեցին երկաթապատ դարբասները, և ներս մտան խռնվածները, ինչպես ոչխարը փարախի դռնով, ներս մտան փոշեթաթախ և հոգնած ձիավորները։ Զապորոժցիներից շատերը կամեցան հետապնդել նրանց, բայց Օստապը յուր ումանցիներին կանգնեցրեց, ասելով. «Հեռու, պան եղբայրներ, պատերից հեռու կացեք, հարկավոր չէ մոտենալ»։ Եվ նա ճշմարիտ ասաց, որովհետև պարիսպների գլխից որոտացին և տեղացին ամեն ինչ, ինչ ձեռք էր ընկնում, և շատերը վնասվեցին։ Այդ ժամանակ մոտ եկավ կոշևոյը և Օստապին գովեց, ասելով. «Ահա նոր ատամանը, բայց զորքին այնպես է ղեկավարում, որ կարծես թե հին է»։ Ծերունի Բուլբան երեսը շրջեց, որ տեսնի, թե այդ ի՛նչ նոր ատաման է, և բոլոր ումանցիների առջև ձիու վրա տեսավ Օստապին, գդակը ծուռ թեքած և ատամանի ավազանը ձեռքին։ «Տես ինչպիսի՜ն է», - ասաց նա, նայելով նրան. և ուրախացավ ծերունին, շնորհակալ եղավ ումանյան կոզակներին այն պատվի համար, որին արժանացել էր իր որդին։

Կոզակները նորից ետ նահանջեցին, պատրաստվելով վերադառնալ բանակատեղիները, և քաղաքի պատնեշի վրա նորից երևացին լեհացիները՝ պատառոտված տառատոկներով։ Շատերի թանկագին կաֆտանների վրա արյունը չորացել էր, և փոշի էր նստել պղնձյա գդակների վրա։

«Հը, կապոտեցի՞ք մեզ», - ներքևից կանչեցին զապորոժցիները։

«Ա՜յ, ես ձեզ…» - դարձյալ նույն կերպ վերևից բղավեց հաստ գնդապետը, պարանը ցույց տալով. և դեռևս չէին դադարում իրար սպառնալ փոշոտ և ուժասպառ ռազմիկները, ու նրանք, որոնք եղել էին ռազմի դաշտում, երկուստեք ավելի սուր խոսքեր էին ասում իրար։

Վերջապես, բոլորը ցրվեցին։ Ով, ճակատամարտից հոգնած, մեկնվեց հանգստանալու, ով հող մաղեց իր վերքերի [ 85 ] վրա և վիրակապի համար պատառոտեց թաշկինակները և սպանած թշնամու թանկագին զգեստները։ Իսկ մյուսները, որոնք ավելի թարմ ուժերով էին, սկսեցին դիակները հավաքել և նրանց վերջին հրաժեշտ տալ։ Թրադաշույններով և նիզակներով փորեցին գերեզմանները, գդակներով ու փեշերով դուրս թափեցին հողը, պատվով իջեցրին կոզակների մարմինները և ծածկեցին նրանց թարմ հողով, որպեսզի ագռավները և գիշատիչ արծիվները չկարողանան կտցահարել նրանց աչքերը։ Իսկ լեհացիների մարմինները տասնյակներով մի կերպ կապոտեցին վայրի ձիերի պոչերից, բաց թողին ողջ դաշտով, և դեռ երկար ժամանակ քշում էին ձիերը և հարվածում նրանց կողերին։ Ամեհի ձիերը թռչում էին ակոսների և թմբերի վրայով, դերբուկների և ձորակների վրայով և գետնին էին զարկում արյունով և փոշով պատած լեհացիների դիակները։

Հետո բոլոր կուրենները շրջան կազմեցին ընթրելու և երկար ժամանակ խոսեցին եղածի և քաջագործության մասին, որ բաժին էր ընկել յուրաքանչյուրին, քաջագործություններ, որոնց մասին հավիտյան պատմելու են նորեկներին և որդոց որդի։ Երկար ժամանակ քուն չեղան նրանք։ Ւսկ ամենքից երկար նստեց ծերունի Տարասը, միշտ մտածելով, թե ի՞նչ էր նշանակում այն, որ Անդրին չերևաց թշնամու մարտիկների մեջ։ Հուդան խղճի խա՞յթ է զգացել, յուրայինների դեմ ելնելու, գուցե ջհուդը խաբել է, և նա ուղղակի գերի՞ է ընկել։ Բայց այդ մտածելով, նա հիշեց, որ Անդրիի սիրտը շատ էր հակված դեպի կանանց խոսքերը, վիշտ զգաց և իր հոգու խորքում անդրդվելի երդվեց լեհ աղջկա դեմ, որը հրապուրել էր իր որդուն։ Եվ կկատարեր նա իր երդումը, չէր խնայի նրա գեղեցկությանը, նրա թանձր ու փարթամ ծամերից բռնած դուրս կքաշեր և իր հետևից քարշ կտար ամբողջ դաշտով, բոլոր կոզակների առաջ։ Գետնին կզարկվեին, կարյունոտվեին և փոշով կպատվեին նրա չքնաղ կուրծքը և ուսերը, որոնց փայլը հավասար էր լեռնային բարձունքների չհալչող ձյուներին։ Նա կտոր-կտոր կաներ աղջկա շքեղ ու չքնաղ մարմինը։ Բայց Բուլբան տեղյակ չէր, թե վաղն աստված ինչ է պահել մարդու համար, և հետզհետե քունը կոխեց և վերջապես քնեց։ Իսկ կոզակները դեռ շարունակում, էին [ 86 ] իրար հետ զրուցել, և ամբողջ գիշերը կրակների մոտ, դեպի բոլոր կողմերն ուշադիր նայելով, կանգնել էր զգաստ և արթուն պահակազորը։

VIII

Արևը դեռ չէր հասել երկնակամարի կեսին, երբ բոլոր զապորոժցիները հավաքվեցին խորհրդի։ Սեչից լուր էր եկել, որ թաթարները, կոզակների բացակայության ժամանակ, ամեն ինչ կողոպտել են, հանել են այն գանձերը, որ կոզակները գաղտնի պահում էին գետնի տակ, ծեծել և գերի են առել բոլոր նրանց, որոնք մնացել էին Սեչում, և ավար առած հոտերի և երամակների հետ ճանապարհ են ընկել դեպի Պեբեկոպ։ Միայն մի կոզակ՝ Մաքսիմ Գոլոդուխան, ճանապարհին ճողոպրել էր թաթարների ձեռքից, մորթել էր միրզային, նրանից խլել ցեխիններով լի պարկը և թաթարի ձիու վրա, թաթարի շորերով, մեկուկես զօր ու երկու գիշեր փախել էր հետապնդողներից, ձին քշելով սպանել և ճանապարհին ուրիշ ձի էր նստել, սպանել էր այդ ձիուն և միայն երրորդ ձիու վրա հասել էր զապորոժցիների բանակատեղին, ճանապարհին տեղեկանալով, որ զապորոժցիները Դուրնոյի մոտ են։ Նա միայն կարողացավ հայտնել, որ պատահել էր այդպիսի չարիք. բայց թե ինչպե՞ս է եղել, հարբե՞լ էին մնացած զապորոժցիները՝ ըստ կոզակների սովորության, և հարբած գերի՞ էին ընկել, և ինչպե՞ս էին թաթարներն իմացել այն տեղը, ուր թաղված էին զորքի գանձերը,- այդ մասին նա ոչինչ չասաց։ Նա շատ էր տանջվել, ուռել էր, քամին խանձել և վառել էր նրա դեմքը, նա հենց տեղնուտեղը պառկեց և քնեց խոր քնով։

Նման դեպքերում զապորոժցիների սովորությունն էր անմիջապես արշավել կողոպտիչների հետևից, ջանալով նրանց հասնել ճանապարհին, թե չէ գերիները կարող էին վաճառքի հանվել Փոքր Ասիայի, Զմյուռնիայի և Կրետե կղզու շուկաներում և, ով գիտե, էլի ինչպիսի վայրերում չէին երևա զապորոժցիների քյաքուլավոր գլուխները։ Ահա թե ինչու էին հավաքվել զապորոժցիները։ Մինչև վերջին մարդը կանգնել էին գդակները ծածկած, որովհետև նրանք չէին հավաքվել [ 87 ] լսելու՝ ատամանի հրամանը, որպես իշխանավորի, այլ խորհրդակցելու, ինչպես հավասար մարդիկ։ «Թող առաջ ավագները խոսք ասեն»,- բղավեցին բազմության միջից։ «Թող կոշևոյը խոսի»,- ասացին ուրիշները։ Եվ կոշևոյը, գլխարկը հանելով, ոչ իբրև պետ, այլ իբրև ընկեր, շնորհակալ եղավ կոզակներից այդ պատվի համար և ասաց. «Մեր մեջ շատ են ավելի ավագ և խելացի խորհուրդ տվողները, բայց եթե ինձ հարգեցիք, ապա իմ խորհուրդն է, ընկերներ, ժամանակ չկորցնել և հետապնդել թաթարներին, որովհետև դուք ինքներդ գիտեք, թե ի՞նչ մարդ է թաթարը. նա ավար առած գանձերի հետ մեր գալուստին չի սպասի, այլ մի ակնթարթում կպարտակի, այնպես որ հետքն էլ չես գտնի։ Ուրեմն իմ խորհուրդն է՝ արշավել։ Մենք այստեղ արդեն զվարճացանք։ Լեհացիք գիտեն, թե ինչ է կոզակը. որքան ուժ ունեինք՝ վրեժ առանք հանուն հավատի, իսկ քաղցած քաղաքից մեծ շահ չունենք։ Ուրեմն իմ խորհուրդն է՝ արշավել»։

«Արշավե՜լ»,- արձագանքեցին զապորոժյան կուրենները։ Բայց Տարաս Բուլբայի սրտովը չէր այդ խոսքը և իր աչքերի վրա ավելի ցած խոնարհեց մռայլ և սպիտակ հոնքերը՝ թփերի նման, որոնք բուսել էին բարձր լեռան կատարին, և որոնց ծայրերին թանձր նստել էր հյուսիսային ասեղնաձև եղյամը։

«Ո՛չ, կոշևոյ, քո խորհուրդն արդար չէ՛, - ասաց նա։ - Դու չես խոսում, ինչպես հարկավոր է։ Դու երևի մոռացել ես, որ գերության մեջ մնում են մերոնք, լեհացիների գերի տարածները։ Դու, երևում է, ուզում ես, որ մենք չհարգենք մեր եղբայրության առաջին սրբազան կանոնը և մեր եղբայրներին թողնենք, որ նրանց ողջ-ողջ մաշկեն և կամ կտոր-կտոր անեն նրանց կոզակի մարմինը, ման ածեն քաղաքներում և գյուղերում, ինչպես մինչև այժմ վարվել են հեթմանի և Ուկրաինայի ամենալավ ռուս իշխանների հետ։ Մի՞թե առանց այդ էլ նրանք քիչ են հայհոյել մեր սրբությունները։ Էլ ինչի՞ ենք պետք մենք, ես հարցնում եմ բոլորիդ. ի՞նչ կոզակ է նա, ով փորձանքի մեջ է թողնում իր ընկերոջը, թողնում է, որ շան նման սատկի օտարության մեջ։ Եթե բանն այդպես է, որ ամեն մեկը ոչինչ է համարում կոզակի պատիվը և թույլ է տալիս, որ թքեն իր ալեհեր բեղերի վրա և նախատեն ծանր [ 88 ] խոսքով, — ուրեմն ոչ ոք ինձ չի հանդիմանի: Մենակ ես մնում եմ»։

Կանգնած բոլոր զապորոժցիները տատանվեցին։

«Իսկ մի՞թե դու մոռացել ես, քաջ գնդապետ,— ասաց այդ ժամանակ կոշևոյը, — որ թաթարների գերության մեջ են նույնպես մեր ընկերները, որ եթե այժմ մենք նրանց չփրկենք, ապա նրանց, որպես ճորտեր հուր-հավիտյան կվաճառեն հեթանոսներին, մի բան, որ վատթար է ամենասոսկալի մահից։ Մի՞թե մոռացել ես, որ այժմ նրանց ձեռքումն է մեր ամբողջ գանձը, որ ձեռք է բերված քրիստոնյայի արյունով»։

Բոլոր կոզակները խոր մտածմունքի մեջ ընկան և չգիտեին ինչ ասել։ Նրանցից ոչ մեկը չէր կամենում վաստակել խայտառակ համբավ։ Այն ժամանակ առաջ եկավ ամբողջ զապորոժյան զորքի ամենատարեց կոզակը՝ Կասյան Բովդյուգը։ Բոլոր կոզակները նրան հարգում էին. երկու անգամ նրան ընտրել էին կոշևոյ, և պատերազմների մեջ ևս նա իրեն ցույց էր տվել իբրև շատ քաջարի կոզակ, բայց վաղուց արդեն ծերացել էր և չէր մասնակցում արշավանքներին, չէր սիրում և որևէ մեկին խորհուրդներ տալ, այլ այդ ծերունի ռազմիկը սիրում էր պառկել կոզակների շրջանում և լսել զանազան եղելությունների և կոզակների արշավանքների մասին պատմություններ։ Նա երբեք չէր խառնվում նրանց խոսքին, այլ միայն լսում էր և մատով սեղմում իր կարճ ծխամորճի մոխիրը և երբեք բերանից չէր հանում ծխամորճը և ապա նստում էր շատ երկար, թեթևակիորեն կկոցելով աչքերը, և կոզակները չգիտեին՝ քնած է նա արդյոք, թե դեռևս լսում է։ Բոլոր արշավանքների ժամանակ նա տանն էր նստում, բայց այս անգամ ծերունին չէր համբերել։ Կոզակի նման թափահարել էր ձեռքը և ասել. «Էս էլ մի բան չէ։ Ես էլ գնամ, գուցե մի բանում պետք եղա կոզակներին»։ Բոլոր կոզակները լռեցին, երբ այժմ նա դուրս եկավ բազմության առաջ, որովհետև շատ վաղուց էր նրանից չէին լսել ոչ մի խոսք։ Ամեն ոք ուզում էր իմանալ, թե ի՞նչ է ասելու Բովդյուգը։

«Հասավ և իմ հերթը, պան եղբայրներ, որ ես էլ խոսք ասեմ,– այսպես սկսեց նա։— Տղե՛րք, լսեք մեծի խոսքը։ Շատ իմաստուն ասաց կոշևոյը, և իբրև կոզակների զորքի գլուխ, որը պարտավոր է պահպանել և հոգ տանել զորքի [ 89 ] հարստության մասին, ավելի իմաստուն խոսք չէր կարող ասել: Այ թե ինչ. այս թող լինի իմ առաջին խոսքը: Իսկ այժմ լսեք, թե ինչ կասեմ երկրորդ խոսքով։ Այ թե ինչ կասեմ երկրորդ խոսքով. շատ ճշմարիտ խոսեց նաև գնդապետ Տարասը, թող աստված նրան երկար կյանք տա և թող այդպիսի զորապետներն անպակաս լինեն Ուկրաինայում: Կոզակի առաջին պարտքը և առաջին պատիվն է եղբայրությունը պահպանել: Ինչքան որ ապրել եմ, պան եղբայրներ, ես չեմ լսել, որ կոզակը մի որևէ տեղ լքի կամ դավաճանի իր ընկերոջը։ Նրանք էլ են մեր ընկերները, սրանք էլ. ավելի են նրանք, թե պակաս, միևնույն է, բոլորը մեր ընկերներն են, բոլորը թանկ են մեզ համար։ Ահա ուրեմն իմ խոսքը. ում համար սիրելի են թաթարների գերի առնվածները, թող արշավի թաթարների հետևից, իսկ ում որ սիրելի են լեհացիների ձեռքն ընկած կոզակները և ով չի ուզում ձեռք քաշել արդար գործից, թող մնա: Կոշևոյը մի կեսի հետ, ինչպես պարտավոր է, կգնա թաթարների ետևից, իսկ մյուս կեսն իր համար կընտրի ատաման։ Իսկ իբրև ռազմերթի ատաման, եթե ուզում եք լսել ծերունուս խոսքը, ավելի հարմարը չկա, քան միայն Տարաս Բուլբան։ Մեզնից ոչ մեկն արիությամբ նրան չի հավասարվի»։

Այդպես ասաց Բովդյուգը և լռեց, բոլոր կոզակներն ուրախացան, որ ծերունին այդպիսով նրանց խելքի բերեց։ Բոլորը գդակները վերև նետեցին և բղավեցին.

«Շնորհակալ ենք, բատկո։ Լռեցիր, լռեցիր, շա՜տ երկար լռեցիր, բայց ահա վերջապես ասացիր։ Եվ երբ ելանք արշավանքի, իզուր չէիր ասում, թե մի օր պետք կգաս կոզակներին։ Այդպես էլ եղավ»։

«Ւ՞նչ է, համաձա՞յն եք դրան»,— հարցրեց կոշևոյը։

«Բոլորս էլ համաձայն ենք»,— բղավեցին կոզակները։

«Ուրեմն՝ վե՞րջ ռադային»։

«Վերջ ռադային», — բղավեցին կոզակները։

«Տղե՛րք, այժմ լսեք զորական հրամանը»,— ասաց կոշևոյը, առաջ անցավ և գդակը ծածկեց, իսկ բոլոր զապորոժցիները, որքան որ կային, հանեցին գդակները և գլխաբաց կանգնեցին, աչքերը հառելով գետնին, ինչպես միշտ անում էին կոզակները, երբ ավագը կամենում էր մի բան ասել։ [ 90 ] «Այժմ, պան եղբայրներ բաժանվեցեք. ով ուզում է գնալ թող աջ կողմն անցնի, ով մնում է, թող անցնի ձախ. կուրենի մեծ մասը որ կողմն անցնի, այն կողմն անցնում է և կուրենի ատամանը, իսկ եթե փոքր մասն է անցնում, թող միանան մնացած կուրեններին»։

Եվ բոլորն սկսեցին անցնել ոմանք աջ և ոմանք ձախ կողմը: Որ կուրենի մեծ մասն անցնում էր, այն կողմն էր անցնում և կուրենի ատամանը, իսկ եթե անցնում էր փոքր մասը, այն ժամանակ նա միանում էր մյուս կուրենիներին: Եվ դուրս եկավ, որ երկու կողմն էլ համարյա հավասար եղան: Կամեցան մնալ համարյա ողջ Նեզամայկովի կուրենը, Պոպովիչեի կուրենի մեծ մասը, Ումանի ողջ կուրենը, Կանևի ողջ կուրենը, Ստեբլիկիվի կուրենի մեծ մասը, Տիմոշևի կուրենի մեծ մասը։ Մնացած բոլորը ցանկացան թաթարների ետևից գնալ։ Երկու կողմն էլ ունեին բազմաթիվ քաջարի և հաղթանդամ կոզակներ։ Նրանց մեջ, որոնք որոշել էին հետապնդել թաթարներին, Չերևատին էլ, ծերունի քաջ կոզակ Պոկոտիպոլեն, Լեմիշը, Պրոկոպովիչ Խոման, Դեմիդ Պոպովիչը ևս նրանց կողմն անցավ, որովհետև շատ անհանգիստ բնավորության տեր կոզակ էր և չէր կարողանում երկար ժամանակ մի տեղ նստել. լեհացիների հետ նա արդեն փորձել էր ուժերը, այժմ կամենում էր փորձել նաև թաթարների հետ։ Այդ կողմն անցան կուրենի ատամաններ Նոստյուզանը, Պոկրիշկան, Նևիլիչկին, և ուրիշ շատ քաջարի և անվանի կոզակներ կամեցան թաթարի վրա փորձել իրենց թուրը և հզոր բազուկը։ Հզոր և քաջարի կոզակներ պակաս չէին և նրանց մեջ, որոնք կամեցան մնալ. կուրենի ատամաններ Դեմիտրովիչը,Կոլկուբենկոն, Վերտիխվիստը, Բալաբանը, Բալբենկո Օստապը։ Ապա բազմաթիվ էին այլ ուրիշ անվանի և ամրակուռ կոզակներ՝ Վովտուզենկոն, Չերևիչենկոն, Ստեպան Գուսկան, Օխրիմ Գուսկան, Միկոլա Գուստին, Ջադորոժնին, Մետելիցյան, Իվան Զակրուտիգուբան, Մոսիյ Շիլոն, Դեգտյարենկոն, Սիդորենկոն, Պիսարենկոն, ապա մյուս Պիսարենկոն, ապա նորից Պիսարենկոն, և շատ կային ուրիշ այլ քաջ կոզակներ։ Բոլորը փորձառու, ընկած-ելած մարդիկ էին. եղել էին անատոլիական ափերում, Ղրիմի աղուտներում և տափաստաններում, Դնեպրի մեջ թափվող բոլոր փոքր ու մեծ գետերի ափերին, [ 91 ] Դնեպրի բոլոր կղզիների վրա և խորշերում նրանք եղել էին Մոլդավիայի, Վալախիայի կողմերում և Տաճկաստանում. Սև ծովն աջ ու ձախ կտրել էին կոզակների երկղեկանի նավակներով. հիսուն նավակներից շարք կազմած նրանք հարձակվել էին հարուստ և բարձր նավերի վրա. տաճկական շատ առագաստանավեր էին խորտակել և իրենց կյանքում անչափ շատ վառոդ էին կրակել. շատ անգամ էին նրանք ոտափաթաթանի համար պատառոտել թանկագին բեհեզների կերպասներ. շատ անգամ էին նրանք խոնջաններից կապած քսակները լիքը լցրել մաքուր ցեխիններով։ Ւսկ նրանցից յուրաքանչյուրը որքա՜ն գանձեր էր տվել գինու և զվարճության, գանձեր, որ մի ուրիշին հերիք էին ցմահ՝ դժվար է հաշվել։ Ամեն ինչ տալիս էին, ինչպես կոզակի սովորությունն էր, հյուրասիրելով ամբողջ աշխարհը և երաժիշտներ կանչելով, որպեսզի ուրախանա աշխարհում ինչ կա-չկա։ Դեռ այժմ էլ նրանցից շատերը Դնեպրի կղզիների եղեգնուտում հորած գանձեր ունեին՝ գավաթներ, արծաթե շերեփներ և ապարանջաններ, որպեսզի թաթարը նրանց տեղը չգտնի, եթե բան է, դժբախտ դեպքում նա հանկարծակի հարձակվի Սեչի վրա, բայց թաթարը դժվար կարող էր այդ գանձերը գտնել, որովհետև տերն ինքն արդեն մոռանում էր, թե որտեղ է թաղել: Ահա այդպիսի կոզակներ էին, որոնք կամեցան մնալ և լեհացիներից վրեժ առնել իրենց հավատարիմ ընկերների և քրիստոսի հավատի համար։ Ծերունի կոզակ Բովդյուգը նույնպես կամեցավ նրանց հետ մնալ, ասելով. «Այժմ իմ տարիքը այն չէ, որպեսզի ես արշավեմ թաթարների ետևից, իսկ այստեղ տեղն է, որ ես ննջեմ քաջ կոզակի մահով։ Վաղուց արդեն ես աստծուց խնդրում էի, որ երբ մեռնեմ, թող մեռնեմ կռվի մեջ՝ քրիստոնեության սուրբ գործի համար։ Այդպես էլ պատահեց։ Ծերունի կոզակի համար ուրիշ տեղ այլևս չի լինի ավելի փառավոր վախճան»։

Երբ բոլորը բաժանվեցին, և կողմերը կուրեններով կանգնեցին երկու շարքի, կոշևոյն անցավ շարքերի միջով և ասաց.

«Ւսկ գո՞հ է մի կողմը մյուսից, պան եղբայրներ»։

«Բոլորս գոհ ենք, բատկո», — պատասխանեցին կոզակները։

«Ուրեմն համբուրեցեք իրար և ներեք իրար, որովհետև, ով [ 92 ] գիտե, նորից կհանդիպե՞նք իրար, թե ոչ։ Լսեցեք ձեր ատամանին, իսկ արեք այն, ինչ ինքներդ գիտեք. ինքներդ գիտեք, թե ինչ է պատվիրում կոզակի պատիվը»։

Եվ որքան կոզակներ կային, բոլորն սկսեցին իրար համբուրել։ Առաջինը ատամաններն սկսեցին, և սղալելով իրենց ալեհեր բեղերը, նրանք համբուրեցին խաչմերուկ և ապա իրար ձեռքեր բռնեցին և ամուր սեղմեցին, մեկը մյուսին ուզում էր հարցնել՝ «է՞, պան եղբայր, կտեսնվե՞նք նորից, թե չենք տեսնվի»,— բայց չհարցրին, լռեցին և երկու ալեհեր գլուխներն ընկան խոր մտածմունքի մեջ։ Իսկ կոզակները, մինչև վերջին մարդը, հրաժեշտ տվին իրար, իմանալով, որ երկու կողմն էլ շատ բան ունեն անելու, սակայն իսկույն ևեթ չբաժանվեցին, այլ որոշեցին սպասել գիշերվա խավարին, որպեսզի թշնամին չնկատի կոզակների զորքի պակասելը։ Ապա բոլոր կուրենները ճաշելու գնացին։ Ճաշից հետո բոլոր նրանք, որոնք ճանապարհ պիտի գնային, պառկեցին հանգստանալու և քնեցին խոր ու երկար քնով, կարծես զգում էին, որ գուցե այդպիսի ազատության մեջ ճաշակում են վերջին քունը: Քնեցին մինչև արևի մայրամուտը, իսկ երբ արևը մայր մտավ և մի քիչ մթնեց, սկսեցին սայլերը յուղել։ Սարք ու կարգի բերելով, առաջ գցեցին սայլերը, իսկ իրենք, մի անգամ էլ հրաժեշտ տալով իրենց ընկերներին, հանդարտ ճանապարհ ընկան սայլերի ետևից։ Ձիավորները կարգով, առանց ձիերի վրա կանչելու և սուլելու, թեթև դոփեցին հետևակից հետո, և շուտով նրանք բոլորը կորան մթության մեջ։ Խուլ լսվում էր միայն ձիերի դոփյունը և մի որևէ անիվի ճռինչը, անիվի, որ դեռ չէր բացվել և կամ գիշերային մթության մեջ լավ չէր յուղած։

Մնացող ընկերները դեռ երկար ժամանակ հեռվից ճոճում էին իրենց ձեռքերը, թեև ոչինչ չէր երևում։ Իսկ երբ ձիերից իջան և վերադարձան իրենց տեղերը, երբ փայլփլող պարզկա աստղերի լույսով տեսան, որ սայլերի կեսը տեղում չկար, որ շատ շատերը չկային, ամեն մեկի սիրտը տխրեց, և բոլորն ակամայից մտածմունքի մեջ ընկան, գետին խոնարհելով իրենց զվարճասեր գլուխները։

Տարասը տեսավ, թե ինչպես նոսրացան կոզակների շարքերը, և ինչպես քաջին անվայել հուսալքումն սկսեց հետզհետե [ 93 ] պարուրել կոզակների գլուխը, բայց կամեցավ ժամանակ տալ, որ նրանք բոլորը վարժվեն նաև այդ հուսալքմանը, որ ծայր էր առել ընկերներին հրաժեշտ տալու պահից։ Այնինչ լռության մեջ նա պատրաստվում էր նրանց բոլորին հանկարծ և անակնկալ արթնացնելու, կանչելով կոզակի նման, որպեսզի նորից և ավելի զորեղ, քան առաջ, յուրաքանչյուրի հոգու մեջ ետ դառնա այն արիությունը, որին ընդունակ է միայն սլավոնական բնավորությունը, այդ լայն և հզոր բնավորությունը ուրիշների մոտ, ինչպես ծովը բարակ գետերի մոտ։ Եթե ժամանակն աղմկահույզ է, նա ամեն ինչ դարձնում է որոտ և մռունչ, լեռնացնելով և բարձրացնելով ալիքները, որ չեն կարող բարձրացնել անզոր գետերը: Իսկ երբ հանդարտ է և քամի չկա, բոլոր գետերից ավելի ջինջ է փռում իր անեզր ապակենման մակերեսը, աչքերի հավերժական գրգանքը։

Եվ Տարասը իր սպասավորներին հրամայեց բաց անել սայլերից մեկը, որ աոանձին էր։ Կոզակների գումակի մեջ այդ սայլը մյուսներից ավելի մեծ և ավելի ամուր էր. կրկնակի ամուր դողերով էին պատած նրա հաստ անիվները, բեռնված էր ծանր, ծածկված էր սթարներով, եզան պինդ կաշիներով և կապկպած էր ձիգ կուպրած պարաններով։ Սայլի վրա միայն տակառներ և ջրամաններ էին, լցված ընտիր և հին գինիով, որ երկար ժամանակ պահվել էր Տարասի մառաններում և նա հանդիսավոր դեպքի համար էր վերցրել այդ գինին, որպեսզի, եթե լինի մի նշանավոր րոպե և բոլորի համար հնչի ժամն այն գործի, որ արժանի է սերնդե-սերունդ հիշելու, որպեսզի մինչև վերջին կոզակը բաժին առնեն այդ հոգեպահուստ գինուց և այդ մեծ րոպեին մարդն ունենա մեծամեծ զգացումներ։ Լսելով զորապետի հրամանը, սպասավորները դեպի սայլը վազեցին, թրադաշույններով կտրատեցին պիրկ պարանները, հանեցին եզան հաստ կաշիները և սթարները և սայլի վրայից առան տակառներն ու ամանները։

«Բոլորդ առեք,— ասաց Բուլբան։— Եվ ինչ որ կա-չկա առեք, ով ինչ ունի՝ շերեփ կամ կոնք, որով ձիերին ջուր եք տալիս, կամ ձեռնոց և կամ գդակ, իսկ եթե նեղն ընկաք, դեմ տվեք երկու բուռը»։

Եվ բոլոր կոզակներն առան, ինչ որ կար-չկար. ով շերեփ [ 94 ] ուներ, ով կոնք, որով ջրում էր ձիուն, ով ձեռնոց և ով գդակ, և ով դեմ էր անում երկու բուռը: Տարասի սպասավորները նրանց բոլորին գինի էին լցնում տակառներից և ամաններից, անցնելով շարքերի միջով։ Բայց Տարասը չէր հրամայել խմել, մինչև նշան չտար, որպեսզի բոլորը միասին խմեն։ Երևում էր, որ նա ուզում էր մի բան ասել։ Տարասը գիտեր, որ ինչքան էլ զորեղ է հին և ընտիր գինին և որքան էլ նա կարող է ամրապնդել մարդու ոգին, բայց եթե գինու հետ միացնում են և մի վայելուչ խոսք, այն ժամանակ կրկնակի հզոր է լինում գինու և ոգու ուժը։

«Ես հյուրասիրում եմ ձեզ, պան եղբայրներ,— այսպես ասաց Բուլբան,— ոչ թե ի պատիվ նրա, որքան էլ մեծ է նման պատիվը, որ դուք ինձ ատաման եք նշանակել, և ոչ էլ ի պատիվ մեր ընկերների հետ ունեցած հրաժեշտի, ո՛չ մի այլ ժամանակի է վայել թե մեկը և թե մյուսը, բայց այժմ մեր առաջ այդպիսի րոպե չէ։ Մեր առաջ մեծ և քրտնաջան գործեր կան, կոզակի մեծ հերոսության գործեր։ Ուրեմն խմենք, ընկերներ, միանգամից խմենք նախ և առաջ հանուն ուղղափառ սուրբ հավատի, որ վերջապես թող հասնի այն ժամանակ, երբ համայն աշխարհում սփռվի և լինի միայն մի սուրբ հավատ, և ինչքան որ անօրեններ կան, բոլորը քրիստոնյա դառնան։ Մի անգամ էլ խմենք Սեչի կենացը, և թող նա երկար մնա և մահ բերի բոլոր անօրեններին, որպեսզի ամեն տարի Սեչը տա մեկը մյուսից քաջ, մեկը մյուսից լավ կտրիճներ։ Եվ միատեղ խմենք մեր սեփական փառքի համար, որպեսզի մեր թոռները և մեր թոռների զավակներն ասեն, որ մի ժամանակ եղել են այսպիսի մարդիկ, որոնք չեն անարգել եղբայրությունը և չեն մատնել իրենց հարազատներին։ Ուրեմն հանուն հավատի, պան եղբայրներ, հանուն հավատի»։

«Հանո՜ւն հավատի»,— թավ ձայնով որոտացին մոտակա շարքերի կոզակները։

«Հանո՜ւն հավատի»,– արձագանքեցին հեռու եղողները, և բոլորը՝ ծեր ու երիտասարդ խմեցին հանուն հավատի։

«Հանուն Սեչի»,– ասաց Տարասը և գլխի վրա բարձր պահեց ձեռքը։

«Հանուն Սեչի»,– թավ արձագանքեցին առաջին շարքերը: [ 95 ] «Հանուն Սեչի»,— մեղմ ասացին ծերերը, շարժելով ալեհեր բեղերը, և ջահել բազեների նման իրենց թափահարելով, կրկնեցին երիտասարդները՝ «Հանուն Սեչի»: Եվ մինչև դաշտի հեռուները լսվում էր, թե ինչպես էին կոզակները հիշում իրենց Սեչը։ «Այժմ վերջին ումպը, ընկերներ, խմենք ի փառս աշխարհի երեսին ապրող բոլոր քրիստոնյաների»։ Եվ բոլոր կոզակները, մինչև դաշտի վերջին կոզակը, շերեփների վերջին ումպը խմեցին ի փառս աշխարհի երեսին ապրող բոլոր քրիստոնյաների: Եվ երկար ժամանակ բոլոր կուրեններում, շարքերի մեջ հնչում էին. «Ի փառս բոլոր քրիստոնյաների, որոնք ապրում են աշխարհի երեսին»։ Արդեն շերեփները դատարկ էին, բայց կոզակները դեռ կանգնած էին, ձեռքերը բարձր պահած, ու թեև գինուց պայծառացած նրանց բոլորի աչքերն ուրախ էին, բայց և այնպես նրանք խոր մտածմունքի մեջ էին։ Այժմ նրանք չէին մտածում շահամոլության և պատերազմական ավարի մասին, և ոչ էլ այն մասին, թե ում բախտը կբանի և ձեռք կբերի ոսկիներ, թանկագին զենքեր, ոսկեկար կաֆտաններ և չերքեզի նժույգներ։ Նրանք, իբրև արծիվներ, որ նստել էին քարոտ լեռների գագաթներին, դարափուլ և բարձր լեռների գագաթներին, որտեղից շատ հեռու երևում է փռված անեզր ծովը, որի վրա, ինչպես մանր թռչուններ, առագաստանավերն են և այլ տեսակի նավերը, ծովը՝ հազիվ նշմարելի ու նուրբ խորշերով, ինչպես մժեղներ՝ առափնյա քաղաքներով և նոսր խոտի նման թեքված անտառներով։ Իբրև արծիվներ՝ նրանք իրենց աչքերով դիտում էին շրջապատի դաշտը և հեռվում սևին տվող իրենց բախտը։ Ողջ դաշտը և դաշտի զառիվայրն ու ճանապարհները պիտի ծածկվեն նրանց ցցված սպիտակ ոսկորներով, պիտի առատորեն ոռոգվեն կոզակների արյունով և պիտի ծածկվեն ջարդված սայլակներով, փշրված թրերով ու նիզակներով: Հեռուներում կսփռվեն նրանց քյաքուլավոր գլուխները, ոլորած և արյունը վրան չորացած ցցունքներով և ներքև կախված բեղերով։ Արծիվները վրա թռչելով պիտի հանեն ու պոկոտեն կոզակների աչքերը: Բայց մեծ Բարիք կա այդպես լայն և արձակ փռված մահվան մահճի մեջ։ Չի կորսվում և ոչ մի մեծահոգի գործ, և ինչպես հրացանի փողից ընկած աննշան վառոդը՝ [ 96 ] չի կորչի կոզակի փառքը: Փանդիռ նվագողը՝ ալեհեր մորուքը մինչև կուրծքը, գուցե դեռևս հասուն արիությամբ լի, բայց սպիտակագլուխ ծերունի, ոգով իմաստուն փանդիռ նվագողը նրանց մասին կասի իր հզոր և թանձր խոսքը: Եվ ողջ աշխարհում ծառս եղած կգնա նրանց փառքը և այն ամենը, որ պիտի ծնվի հետո, կխոսի նրանց մասին, որովհետև շատ հեռուներն է գնում հզոր խոսքը, նման ղողանջող զանգի պղնձին, որին վարպետը շատ թանկ ու մաքուր արծաթ է խառնել, որպեսզի արդար ղողանջը տարածվի հեռուներում՝ քաղաքներում, հյուղերում, պալատներում և հովիտներում, և ամենքին անխտիր հրավիրի սուրբ աղոթքի:

IX

Քաղաքում ոչ ոք չիմացավ, որ զապորոժցիների կեսը դուրս էր եկել թաթարների ետևից: Միայն ժամապահները մագիստրատի աշտարակի կատարից նկատեցին, որ սայլերի մի մասը ձգվեց դեպի անտառի մյուս երեսը, բայց միտք արին, որ կոզակները դարան են պատրաստում, նույն բանը մտածեց և ֆրանսիացի ճարտարագետը: Այնինչ իզուր չէին կոշևոյի խոսքերը. քաղաքում ուտելիքի պակաս զգացվեց. հին ժամանակների սովորությամբ չէին հաշվել, թե ինչքան ուտելիք է պետք զորքին: Փորձեցին արտելք անել, բայց կոզակները համարձակների կեսին տեղնուտեղը կոտորեցին, իսկ մյուս կեսը ձեռնունայն վերադարձավ քաղաք: Սակայն ջհուդներն օգտվեցին արտելքից և հոտ առան, թե ո՞ւր և ինչո՞ւ են գնացել զապորոժցիները, ո՞ր զորապետների հետ, և ո՞ր կուրեններն են գնացել, որքա՞ն է նրանց թիվը, որքա՞ն են մնացողները և նրանք ի՞նչ են մտածում անել. մի խոսքով, մի քանի րոպեից հետո քաղաքում ամեն ինչ տեղեկացան: Զորապետները սիրտ առան և պատրաստվեցին ճակատամարտի: Տարասը քաղաքում եղած շարժումից և աղմուկից արդեն նկատել էր այդ, շտապ պատրաստվում էր, շարքեր էր կազմում, արձակում էր հրամաններ և հրահանգներ, կուրենները բաժանում էր երեք շարքի, նրանց, ինչպես բերդեր, շրջապատելով սայլերով, կռվի մի եղանակ, երբ անպարտելի էին զապորոժցիները. երկու կուրենների հրամայեց դարան [ 97 ] մտնել: Դաշտի մի մասում խրեց սուր ցցեր, փշրված զենքեր և նիզակների բեկորներ, որպեսզի եթե հարկ լինի, այդ կողմի վրա հալածի թշնամու հեծելազորը: Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր ինչպես հարկն էր, կոզակներին հորդոր կարդաց, ոչ թե նրանց ոգևորելու և ամրապնդելու,— նա գիտեր, որ առանց այն էլ նրանք ոգով արի էին,— այլ ուղղակի ինքն էր կամենում ասել այն ամենը, ինչ կուտակվել էր սրտում:

«Պան եղբայրներ, ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչ է մեր եղբայրությունը: Դուք մեր հայրերից և պապերից լսել եք, թե բոլորի աչքին ինչ հարգ ու պատիվ ուներ մեր երկիրը. հույներն էլ էին նրան ճանաչում, մերոնք Ցարգրադից էլ էին ոսկիներ առնում, և՛ մեր քաղաքներն էին փարթամ, և՛ տաճարները , և՛ մեր ռուս իշխանները, մեր սեյիական իշխանները, և ոչ թե կաթոլիկ անհավատները: Անօրեններն ամեն ինչ տարան, ամեն ինչ կորավ, միայն մենք մնացինք որբ, և ինչպես քաջարի ամուսնու մահից հետս այրի կին` որբ մնաց և մեր երկիրը, ինչպես և մենք: Ահա թե ինչպիսի ժամանակ մենք իրար եղբայրության ձեռք մեկնեցինք: Եղբայրության կապերից ավելի սուրբը չկա: Հայրը սիրում է իր զավակին, մայրը սիրում է իր զավակին, զավակը սիրում է հորը և մորը, բայց այդ այն չէ, եղբայրներ, գազանն էլ է սիրում իր ձագին, միայն մարդը կարող է ցեղակցվել հոգու ցեղակցությամբ և ոչ արյան: Ուրիշ երկրներում ևս եղել են ընկերներ, բայց Ռուս երկրի ընկեցների նման ընկերներ ոչ մի տեղ չեն եղել: Ձեզնից շատերը հաճախ են եղել օտարության մեջ. տեսնում ես այնտեղ էլ մարդիկ են, նույն աստծո ստեղծած մարդը, և նրա հետ զրուցում ես, ինչպես քո հարազատի, իսկ եթե ուզում ես սրտանց մի խոսք ասես, տեսնում ես, որ չէ՛. թեև խելոք մարդիկ են, բայց քո ասածը չեն, նույնպիսի մարդիկ են, բայց ուրիշ են: Ո՛չ, եղբայրներ, այնպես սիրել, ինչպես սիրում է ռուս հոգին, այն չէ, երբ սիրում են խելքով կամ մի այլ բանով, այլ ամեն ինչով, ինչ պարգևել է աստված, ինչ որ կա քո հոգու մեջ…»,— ասաց Տարասը, ձեռքը թափահարեց և օրորեց ալեհեր գլուխը, շարժեց բեղը և շարունակեց. «Ո՛չ, ոչ ոք չի կարող այդպես սիրել: Ես գիտեմ,որ մեր երկրում այժմ վատթար մարդիկ կան. միայն մտածում են, որ ցորենի դեզեր ունենան, ձիու երամակներ և մա[ 98 ] սաններում անկորուստ մնան գինու կնքած կարասները. վարժվում են անօրենների ով գիտե ինչպիսի սովորություններին, զզվում են մեր լեզվից, յուրը յուրայինի հետ չի ուզում խոսել, եղբայրը վաճառում է եղբորը, ինչպես առևտրի շուկայում վաճառում են մի անհոգի էակ: Օտար թագավորի ողորմածությունը, և այն էլ ոչ թե թագավորի, այլ լեհացի մագնատի գարշելի ողորմածությունը, մագնատի, որն իր դեղին քոշով խփում է նրանց մռութին, նրա ողորմածությունը նրանց համար ամեն մի եղբայրությունից ավելի թանկ է: Բայց վերջին ստահակն անգամ, որքան էլ նա թավալվի մրի և երկրպագության մեջ, վերջին ստահակն անգամ ունի ռուս զգացմունքի մի հատիկը, և նա օրերից մի օր կարթնանա, և այդ թշվառը կզարկի ծնկներին, գլուխը կբռնի և բարձրաձայն կնզովի իր ստոր կյանքը և կկամենա ծանր տանջանքներով քավել անարգ գործը: Ուրեմն թող նրանք իմանան, թե ինչ ասել է Ռուս երկրի եղբայրությունը: Եթե բանը հասել է մահվան, նրանցից ո՛չ ոքի չի վիճակվելու այսպես մեռնել, ո՛չ ոքի, ո՛չ ոքի. այդպիսի մահվան համար հերիք չէ նրանց մկան բնավորությունը»:

Այդպես ասաց ատամանը և երբ խոսքը վերջացրեց, դեռ ցնցում էր կոզակների սխրանքների մեջ սպիտակած գլուխները: Բոլորին ուժգին ցնցեց այդ խոսքը և հասավ մինչև սրտի խորքը: Ավազագույն կոզակներն անշարժ կանգնել էին շարքերի մեջ և ալեհեր գլուխները խոնարհել էին գետին, նրանց ծեր աչքերում հեզիկ ոլորվեց արցունքը, և թևքով դանդաղ սրբեցին արցունքը, ապա բոլորը, կարծես խոսքը մեկ արած, միաժամանակ թափահարեցին ձեռքերը և ցնցեցին ընկած-ելած գլուխները: Երևում էր, որ ծերունի Տարասը հիրավի նրանց շատ բան հիշեցրեց` ծանոթ ու լավ, որ լինում է մարդու սրտում, վշտից, աշխատանքից, խիզախությամբ և կյանքի զանազան ձախորդություններից իմաստուն դարձած մարդու սրտում և կամ, թեև չճաշակած այդ ամենը, բայց շատ բան զգացած երիտասարդ և բյուրեղ հոգում, ի հավերժական ուրախություն ալեզարդ ծնողների, որոնք ծնել են նրան:

Ւսկ քաղաքից արդեն դուրս էր գալիս թշնամու զորքը, ծնծղաները զարկելով և հնչեցնելով փողերը, և հպարտ դիրքով դուրս էին ելնում պաները` շրջապատված անհամար սպա[ 99 ] սավորներով: Հաստլիկ զորապետը հրամաններ էր արձակում: Եվ նրանք ավելի սեղմ սկսեցին հարձակվել կոզակների դիրքերի վրա, սպառնալով, հրազենները նշան բռնելով, աչքերը փայլատակած և շողացնելով պղնձե զրահները: Հենց որ կոզակները տեսան, որ նրանք մոտեցան հրացանաձգության հեռավորությամբ, բոլորը միասին կրակեցին ծանր հրազենները, և առանց դադարի նրանք կրակում էին հրազեններից: Շրջակա դաշտերի և արտերի վրայով շատ հեռու տարածվեցին որոտալի պայթյունները միախառնվելով անընդմեջ դղրդոցին, ամբողջ դաշտը ծխով պատեց, իսկ զապորոժցիներն առանց շունչ քաշելու անդադար կրակում էին. հետինները շարունակ լցնում էին հրազենը և տալիս առաջիններին, առաջացնելով թշնամիների զարմանքը, որ չէին կարող հասկանալ, թե առանց հրազենները լցնելու ինչպես են կոզակները կրակում: Ահագին ծխի մեջ, որ նստել էր թե՛ այս, թե՛ այն զորքի վրա. չէր նկատվում, թե ինչպես էին շարքերում պակասում մեկ այս, մեկ այն ռազմիկը, բայց լեհացիներն զգում էին, որ գնդակները խիտ են տեղում, և հետզհետե բորբոքվում կռիվը, և երբ ետ քաշվեցին, որպեսզի ազատվեն ծխից և մի քիչ շտկվեն, նրանք իրենց շարքերում շատերին չկարողացան համրել: Իսկ կոզակների մոտ գուցե թե մի հարյուրակից սպանվել էին երկու-երեք հոգի: Եվ կոզակները դեռ շարունակում էին կրակ տեղալ հրազեններից, առանց մի րոպե դադար տալու: Նույնիսկ օտարերկրացի ճարտարագետը զարմացավ այդպիսի տակտիկայից, որ ուրիշ որևէ տեղ նա չէր տեսել և հենց այդտեղ էլ նա ասաց բոլորին. «Ա՜յ թե քաջ կտրիճներ են զապորոժցիները: Ահա թե ինչպես պիտի կռվեն մյուսներն իրենց երկրներում»: Եվ իսկույն տեղնուտեղը խորհուրդ տվեց թնդանոթները դարձնել դեպի կոզակների խմբերը: Ահագնադղորդ ոռնացին թուջե թնդանոթների լայն կոկորդները, հեռվում դղրդալով թնդաց գետինը և ամբողջ դաշտը պատեց կրկնակի թանձր ծուխը: Հեռու և մոտիկ քաղաքների հրապարակներում և փողոցներում զգացին վառոդի հոտը: Բայց նշան բռնողները, բարձր էին բռնել, և շիկացած հրագնդերը գծեցին շատ բարձր աղեղ: Զարհուրելի կերպով ոռնալով օդի մեջ, նրանք թռան կոզակների գլխի վրայով և խոր մխրճվեցին հողի մեջ, պայթեցնելով և օդի մեջ` [ 100 ] բարձր ցրելով սևահողը։ Ֆրանսիացի ճարտարագետը, նկատելով այդ անշնորհքությունը, մազերը փետեց և ինքն սկսեց թնդանոթները նշան բռնել, առանց ուշք դարձնելու, որ կոզակներն անընդհատ տեղում և թափում էին գնդակներ:

Տարասը դեռ հեռվից տեսավ, որ Նեզամայկովյան և Ստերլիկիվի ողջ կուրենների գլխին փորձանք է գալիս և բարձրաձայն բղավեց. «Իսկույն դուրս ելեք սայլերի հետևից և հեծեք ձիերը»։ Բայց կոզակները չէին կարող ոչ սայլերի հետևից դուրս գալ և ոչ ձիերը հեծնել, եթե Օստապը չզարկեր ճիշտ մեջտեղին. վեց թնդանոթի պատրույգը հանեց և միայն չորսի պատրույգը չկարողացավ դուրս քաշել, որովհետև լեհացիները նրան ետ մղեցին։ Իսկ այդ միջոցին օտարերկրացի կապիտանն ինքն իր ձեռքով առավ պատրույգը, որպեսզի արձակի ամենամեծ թնդանոթը, որի նմանը կոզակները մինչ այդ չէին տեսել։ Նա սոսկալի էր նայում իր լայն երախով և հազար-հազար մահ նայում էին նրա երախից: Եվ երբ նա որոտաց, իսկ նրա հետևից մյուս երեքը, և չորս անգամ խուլ պատասխանով ցնցվեց գետինը,— մեծ վիշտ պատճառեցին նրանք։ Անթիվ կոզակների համար լաց կլինեն նրանց ծեր մայրերը, իրենց ոսկրոտ ձեռքերով ծեծելով զառամյալ կուրծքը. շատ կանայք այրի կմնան Գլուխովում, Նեմիրովում, Չեռնիգովում և այլ ուրիշ քաղաքներում։ Սրտակից սիրելին ամեն օր կվազի շուկա, կբռնի բոլոր անցորդներին, կնայի նրանցից յուրաքանչյուրի աչքերին՝ չկա՞ արդյոք նրանց մեջ նրանցից ամենասիրելին, սակայն քաղաքի միջով անհամար զորք կանցնի, և նրանց մեջ հավիտյան չի լինի նրանցից ամենասիրելին։

Նեզամայկովյան կուրենի կեսը կարծես թե չէր եղել։ Ինչպես կարկուտը հանկարծ ջարդում է ամբողջ արտը, որտեղ, ինչպես ծանր ոսկին, ծփում էին հասկերը, այնպես էլ նրանք ջարդվեցին և գետին ընկան։

Ինչպե՜ս հարձակվեցին կոզակները, ինչպե՜ս բոլորն իրար անցան, ինչպե՜ս բռնկվեց կուրենի ատաման Կուկուբենկոն, տեսնելով, որ չկա իր կուրենի լավագույն կեսը… Միանգամից նա, մյուս նեզամայկովցիների հետ միասին, զարկեց ճիշտ մեջտեղին, զայրույթից կաղամբի նման փրթեց առաջին հանդիպածին, շատ ձիավորների ձիերից գլորեց, նիզակահար [ 101 ] անելով ձիավորին և ձիուն, հասավ թնդանոթաձիգներին և արդեն խլեց մի թնդանոթ։ Իսկ այնտեղ արդեն նա տեսավ, որ գործի վրա է Ումանի կուրենի ատամանը, իսկ Ստեպան Գուսկան արդեն խլում է մեծ թնդանոթը։ Նա թողեց այն կոզակներին և յուրայինների հետ միասին դարձավ դեպի թշնամու մի այլ խումբը։ Որտեղով անցնում էին նեզամայկովցիները, այնտեղ արդեն փողոց էր, որտեղ շրջվում էին՝ նրբանցք էր։ Պարզ երևում էր, թե ինչպես նոսրանում էին շարքերը, և լեհացիք խուրձերով էին պառկում։ Ւսկ հենց սայլերի մոտ Վովտուզենկոն էր, առջևից՝ Չերևիչենկոն, իսկ հեռվի սայլերի մոտ՝ Դեգտյարենկոն, նրա հետևից՝ ատաման Վերտիխվիստը։ Դեգտյարենկոն արդեն նիզակի վրա էր բարձրացրել երկու իշխանազունների և արդեն հարձակվում էր անձնատուր չեղող երրորդի վրա։ Ամրակազմ և ճարպիկ էր լեհացին, զարդարված ճոխ ձիասարքով, և իր հետ նա բերել էր միայն հիսուն սպասավորներ։ Նա ուժով կռացրեց Դեգտյարենկոյին, գետին գլորեց և արդեն թուրը նրա գլխին ճոճելով, բղավեց.

«Շնե՛ր, ձեր կոզակների մեջ մեկը չկա, որ չափվի ինձ հետ»։

«Ա՛յ տես, կա՛», — ասաց և առաջ անցավ Մոսիյ Շիլոն։ Նա ուժեղ կոզակ էր, շատ անգամ էր ծովի վրա ատաման եղել և շատ փորձանքներ էր անցել նրա գլխով։ Տաճիկները հենց Տրապիզոնի մոտ նրանց բռնել էին և բոլորին ճորտի նման տեղավորել առագաստանավերի վրա, ձեռքերն ու ոտքերը շղթայել երկաթե շղթաներով և ամբողջ շաբթով կորեկ չէին տվել և ջրել էին ծովի դառնահամ ջրով։ Խեղճ գերիներն ամեն ինչ կրել ու համբերել էին, միայն թե չուրանան ուղղափառ հավատը։ Չէր համբերել ատաման Մոսիյ Շիլոն, ոտնատակ էր տվել սուրբ օրենքը, իր մեղավոր գլուխը փաթաթել էր անարգ ապարոշով, շահել էր փաշայի սիրտը, նավի վրա դարձել էր բանալիների հսկիչը և բոլոր գերիների վերակացուն։ Խեղճ գերիները շատ էին տխրել այդ բանի համար, որովհետև գիտեին, որ եթե յուրայինն է հավատը փոխում և միանում ճնշողներին, ապա ավելի ծանր և դառն է նրա ձեռքի տակ մնալ, քան թե որևէ այլ անօրենի ձեռքի տակ: Այդպես էլ եղավ։ Մոսիյ Շիլոն բոլորին նոր շղթաներով [ 102 ] շղթայեց և նստեցրեց երեքին մի շարքի և պինդ պարանները ոլորեց մինչև նրանց սպիտակ ոսկորները. բոլորի վզին զարկում էր, հյուրասիրելով բռունցքի հարվածներով։ Եվ երբ տաճիկները, ուրախացած, որ գտել են այդպիսի ծառա, սկսեցին խնջույք անել և, մոռանալով իրենց օրենքը, բոլորը հարբեցին, նա բերեց բոլոր վաթսունչորս բանալին և բաժանեց գերիներին, որպեսզի շղթաներն արձակեն, ծովը գցեն շղթաները և կապանքները և նրանց փոխարեն առնեն թրերը և կոտորեն տաճիկներին։ Այն ժամանակ կոզակներն անչափ հարստություն էին խլել և փառքով վերադարձել էին հայրենիք, և երկար ժամանակ փանդիռ նվագողները փառաբանում էին Մոսիյ Շիլոյին: Նրան կոշևոյ կընտրեին, բայց զարմանալի կոզակ էր։ Երբեմն այնպիսի բան կաներ, որ ամենաիմաստունի մտքովը չէր անցնի, բայց երբեմն էլ պարզ հիմարությունը հաղթահարում էր կոզակին։ Ամեն ինչ տվել էր գինու և զվարճության. Սեչում նա բոլորին պարտք էր և բացի այդ, փողոցային գողի նման բռնվել էր գողության մեջ, գիշերով ուրիշ կուրենից գողացել էր կոզակների սարքը և գինեվաճառի մոտ գրավ էր դրել։ Այդ խայտառակ գործի համար նրան կապել էին շուկայի վեմից և նրա մոտ դրել էին դագանակը, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր ուժերի չափ մի հարված զարկի նրան, սակայն զապորոժցիների մեջ չգտնվեց և ոչ մի մարդ, որ դագանակով զարկեր նրան, որովհետև բոլորը հիշում էին նրա նախնի առաքինությունները։ Այդպես էր կոզակ Մոսիյ Շիլոն։

«Ուրեմն կան այնպիսիները, որոնք զարկում են ձեզ նման շներին»,— ասաց նա և հարձակվեց նրա վրա։ Եվ զարկեցին իրար, և հարվածներից ծռվեցին երկուսի ուսազարդերը և զրահները։ Եվ թշնամի լեհացին ճեղքեց նրա երկաթե շապիկը և թրի բերանն առավ մինչև մարմինը, կարմրեց կոզակի շապիկը։ Բայց Շիլոն ուշք չդարձրեց և ջլուտ բազուկով (ծանր էր նրա ամրակուռ ձեռքը) հանկարծակի զարկեց նրա զյխին և շշմեցրեց։ Մի կողմ թռավ պղնձե սաղավարտը, օրորվեց և գետին գլորվեց լեհացին, իսկ Շիլոն սկսեց թրատել և թրով խաչակնքել անշունչ ընկածին։ Կոզակ, ծեծելով մի՛ սպանիր թշնամուն, այլ լավ է ետ դարձիր։ Ետ չդարձավ կոզակը և հենց այդտեղ սպանվածի սպասավորներից մեկը [ 103 ] դանակով զարկեց նրա վզին: Շիլոն շրջվեց և հենց այն է՝ հանդուգնը պիտի ստանար իր բաժինը, բայց նա արդեն չքացավ վառոդի ծխի մեջ։ Ամեն կողմից բարձրացավ կայծքարով հրացանի որոտը։ Շիլոն օրորվեց և զգաց, որ վերքը մահացու էր։ Նա վայր ընկավ, ձեռքը դրեց վերքի վրա և ընկերներին դառնալով, ասաց. «Մնաք բարով, պան եղբայրներ, ընկերներ, թող հավիտյան կանգուն մնա ուղղափառ Ռուս երկիրը և հավիտյան փառք նրան»։ Եվ կկոցեց թուլացած աչքերը, և կոզակի հոգին թռավ նրա դաժան մարմնից։ Ւսկ մի այլ տեղ, թշնամու շարքերը ջարդում էին Վերտիխվիստը, և բալաբանն էր ելնում։

«Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը կուրենների ատամաններին.— վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Եվ կոզակները սաստիկ սեղմեցին. բոլոր շարքերն իրար խառնեցին։ Կարճահասակ գնդապետը զարկեց հավաքը և հրամայեց բարձրացնել ներկած ութ դրոշակները, որպեսզի հավաքի յուրայիններին, որոնք ցրվել էին հեռու, ողջ դաշտում։ Բոլոր լեհացիները վազեցին դեպի դրոշակները, բայց նրանք դեռ չէին շարվել, երբ կուրենի ատաման Կուկուբենկոն իր կոզակների հետ նորից զարկեց մեջտեղը և ուղղակի հարձակվեց հաստափոր գնդապետի վրա։ Գնդապետը չդիմացավ և, ձին ետ դարձնելով, սլացավ. իսկ Կուկուբենկոն նրան քշեց դեպի դաշտի հեռուն և չթողեց միանալու իր զորագնդին։ Այդ տեսնելով, Ստեպան Գուսկան կողքի կուրենից սլացավ նրան բռնելու, օղապարանը ձեռքին, գլուխը կռացրեց ձիու բաշի վրա, և հարմար պահին մի թափով օղապարանը փաթաթեց նրա վզին։ Գնդապետն ամբողջովին կաս-կարմիր կտրեց, երկու ձեռքով բռնեց պարանը՝ ջանալով կտրատել պարանը, բայց ամեհի մի թափ նրա փորի մեջ խրեց մահաբեր տեգը։ Այդպես էլ նա մնաց, գետնին մեխված։ Բայց չփրկվեց և Գուսկան։ Կոզակները նոր էին նկատել, երբ արդեն չորս նիզակների վրա բարձրացած տեսան Ստեպան Գուսկային։ Խեղճը միայն կարողացավ ասել. «Թող կործանվեն [ 104 ] բոլոր թշնամիները, և թող հավիտյան ցնծա Ռուս երկիրը»: Եվ այդտեղ էլ փչեց իր շունչը։ Շուրջը նայեցին կոզակները և այնտեղ, մի կողմի վրա տեսան Մետելիցիային, որ հյուրասիրում էր լեհերին, հարվածելով մեկ սրան, մեկ նրան։ Ւսկ մի այլ տեղ յուրայինների հետ թշնամուն խառնում էր ատաման Նևիլիչկին, իսկ սայլերի մոտ թշնամուն խառնում և կռվում էր ատաման Զակրուտիգուբան, իսկ հեռվի սայլերի մոտ երրորդ Պիսարենկոն արդեն ետ էր վանել մի ամբողջ հրոսախումբ. իսկ մի այլ տեղ սայլերի մոտ իրար էին բռնվել և կռվում էին հենց սայլերի վրա։

«Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց ատաման Տարասը, ձիու վրա անցնելով ամենքի առջևից. — վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Իսկ արդեն Բովդյուզն ընկավ սայլից. գնդակը դիպել էր ուղիղ սրտին։ Բայց ծերունին հավաքեց ողջ շունչը և ասաց.

«Չեմ ափսոսում, որ հրաժեշտ եմ տալիս աշխարհին, թող ամեն մեկին աստված պարգևի այսպիսի վախճան, և թող հավիտյան փառաբանվի Ռուս երկիրը»։ Եվ դեպի բարձունքները սլացավ Բովդյուզի հոգին, վաղուց մեռած ծերունիներին պատմելու, թե ինչպես են կարողանում կռվել Ռուս երկրում և դրանից էլ առավել՝ ինչպես են մեռնում այնտեղ հանուն սուրբ հավատի։

Շուտով, դրանից հետո, գլորվեց գետին նույնպես և կուրենի ատաման Բալաբանը։ Նա ստացել էր երեք մահացու հարված՝ նիզակի, գնդակի և ծանր թրադաշույնի։ Այնինչ նա մեկն էր քաջարի կոզակներից և երբ ատաման էր՝ ծովային շատ ասպատակություններ էր արել, բայց ամենից պանծալին արշավանքն էր դեպի Անատոլիայի ափերը։ Նրանք այն ժամանակ ավար էին առել շատ ցեխին, տաճկական թանկագին գորգեր, զգեստներ և այլազան արդուզարդ։ Բայց տանջանք քաշեցին վերադարձին. խեղճերը կերել էին տաճկական հրագնդերի կրակը։ Ինչպե՜ս էին կրակում նավից. նրանց նավակների կեսը պտույտ արին և շրջվեցին, և շատ-շատերը [ 105 ] խեղդվեցին ծովում, սակայն նավակների կողքերին կապած եղեգնը նավակները փրկեց խորտակվելուց: Բալաբանն ուժգին թիավարեց, կանգնեց արևի դեմ և այդ պատճառով տաճկական նավից նրան չտեսան։ Ամբողջ գիշերը նրանք շերեփներով և գդակներով դուրս թափեցին ջուրը և կարկատեցին ճեղքվածքները. կոզակների վարտիքներից առագաստներ սարքեցին, սլացան և փախան տաճկական արագընթաց նավից։ Եվ ոչ միայն նրանք ավարով վերադարձան Սեչ, այլև ոսկեկար շուրջառ բերին Կիեի Մեժիգորյան վանքին նվեր, իսկ Զապորոժիեի Աստվածածնի տաճարին նվիրեցին արծաթաձույլ դրվագ սրբոց պատկերի։ Եվ երկար ժամանակ փանդիռով կոզակների հաջողության գովքը գովեցին։ Այժմ նա խոնարհեց գլուխը և զգալով մոտալուտ մահվան տանջանքները, մեղմ ասաց. «Երևում է, պան եղբայրներ, որ ես մեռնում եմ ազնիվ մահով. յոթ հոգու թրով կտրատեցի, ինը հոգու նիզակով զարկեցի և անչափ-անհամար տրորեցի իմ ձիով, իսկ թե քանիսին խփեցի գնդակով՝ չեմ հիշում։ Ուրեմն թող հավիտյան ծաղկի Ռուս երկիրը»։ Եվ վեր սլացավ նրա հոգին։

Կոզակնե՛ր, կոզակնե՛ր, անպաշտպան մի թողեք ձեր զորքի թագն ու պսակը։ Արդեն շրջապատեցին Կուկուբենկոյին, արդեն Նեզամայկովի ողջ կուրենից մնացել էին միայն յոթ հոգի և նրանք էլ հազիվհազ էին պաշտպանվում։ Արդեն արյունոտվել էր Կուկուբենկոյի զգեստը։ Ինքը՝ Տարասը, տեսնելով նրա աղետը, շտապեց օգնության։ Բայց կոզակներն ուշ հասան։ Նիզակն ավելի շուտ խրվեց Կուկուբենկոյի սիրտը, քան դեն շպրտեցին նրան շրջապատող թշնամիներին։ Կուկուբենկոն հանդարտ թեքվեց իրեն գրկած կոզակների ձեռքերի վրա, և առվի նման հոսեց երիտասարդ արյունը, ինչպես թանկագին գինի, որ ապակե անոթի մեջ մառանից հանել էին անզգույշ սպասավորները. և հենց մուտքի առաջ նրանք սայթաքեցին և փշրեցին թանկագին անոթը. ամբողջ գինին գետին թափվեց, և մազերը փետեց տանտերը, որ վրա էր վազել, և որն այդ գինին պահել էր կյանքի լավ օրվա համար, որպեսզի, եթե աստված տա, ծերության ժամանակ հանդիպի երիտասարդ օրերի ընկերոջը և նրա հետ միասին վերհիշի նախնի այն ժամանակը, երբ այլ կերպ և ավելի լավ էր [ 106 ] զվարճանում մարդը… Կուկուբենկոն աչքերը ման ածեց չորս կողմը և շշնջաց. «Փառք եմ տալիս աստծուն, որ մեռնում եմ ձեր աչքերի առաջ, ընկերներ։ Թող մեզնից հետո ավելի լավերն ապրեն, քան մենք, և թող հավիտյան ապրի Քրիստոսի սիրած Ռուս երկիրը»:

Եվ վեր սլացավ նրա երիտասարդ հոգին։ Հրեշտակները նրան թևանցուկ արած բարձրացրին և երկինք տարան։ Այնտեղ լավ կլինի նրա համար։ «Նստի՛ր, Կուկուբենկո, իմ աջակողմը, — կասի նրան Քրիստոսը. — դու չդավաճանեցիր եղբայրությանը, անպատիվ գործ չարիր, մարդուն աղետի մեջ անպաշտպան չթողիր, պահեցիր և պահպանեցիր իմ եկեղեցին»։ Կուկուբենկոյի մահը բոլորին վշտացրեց։ Արդեն շատ էին նոսրացել կոզակների շարքերը, շատ և շատ քաջարիներ այլևս չկային, բայց կոզակները դեռ դիմադրում էին։

«Ի՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը մնացած կուկուբեններին. — դեռ կա՞ վառոդ վառոդամանների մեջ, չե՞ն բթացել թրերը, չի՞ հոգնել կոզակի բազուկը, մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ հերիք կանի վառոդը, բատկո, թրերը դեռ պիտանի են, դեռ չի հոգնել կոզակի բազուկը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Եվ կոզակները նորից առաջ նետվեցին այնպես, կարծես ոչ մի կորուստ չէին տվել։ Արդեն կենդանի էին միայն երեք կուրենի ատաման, ամեն տեղ արդեն շառագունել էին կարմիր գետերը, կոզակների և թշնամիների մարմիններից բարձր ճեղանել էին կամուրջներ։ Տարասը երկնքին նայեց, իսկ երկնքի տակ արդեն ձգվել էր բազեների շարանը։ Ա՜յ թե ով կունենա ապրուստ։ Իսկ այնտեղ արդեն նիզակի վրա բարձրացրին Մետելիցիային, արդեն մյուս Պիսկարենկոյի գլուխը թպրտալով աչքերը փակեց, արդեն փշրվեց և գետին ընկավ չորս կտոր արված Օխրիմ Գուսկան։ «Դե՛», — ասաց Տարասը և թաշկինակով նշան արեց։ Օստապը հասկացավ այդ նշանը և, դուրս թռչելով դարանից, թափով զարկեց հեծելազորին։ Լեհերը չդիմացան ուժեղ թափին, իսկ նա քշեց նրանց և հասցրեց այն վայրը, որտեղ գետնի մեջ խրված էին ցցեր և նիզակների բեկորներ։ Ձիերն սկսեցին գայթել և գլորվել, իսկ [ 107 ] լեհացիները թռան նրանց գլխի վրայով։ Իսկ այդ ժամանակ կորսունցիները, որոնք սայլերի մոտ հետիններն էին, տեսնելով, որ հրազենի գնդակը կհասնի, միանգամից կրակ բացին հրազեններից։ Լեհացիները շփոթվեցին և իրար անցան, իսկ կոզակներն աշխուժացան։ «Ահա և մեր հաղթանակը», ամեն կողմից լսվեցին զապորոժցիների ձայները, հնչեցին փողերը և բարձրացրին հաղթական դրոշակները։ Պարտված լեհերը փախչում և թաքնվում էին ամեն տեղ։ «Ո՛չ, ո՛չ, հաղթանակը դեռ կատարյալ չէ»,— ասաց Տարասը, նայելով քաղաքի պարիսպներին։ Եվ դա ճշմարիտ էր։

Դարբասները բացվեցին, և այնտեղից դուրս ելավ հուսարների զորագունդը, բոլոր ձիավոր գնդերի պարծանքը։ Բոլորը հեծել էին միատեսակ թուխ նժույգներ։ Ամենից առաջ սլանում էր մի դյուցազն՝ ամենքից ժիր և ամենքից գեղեցկատեսիլ։ Նրա պղնձե գդակի տակից ծփում էին թուխ մազերը, ծածանվում էր թևին կապած թանկագին շարֆը, որ ասեղնագործել էին ամենաչքնաղ գեղեցկուհու մատները։ Տարասը շվարեց, երբ տեսավ, որ այդ դյուցազնը Անդրին էր։ Իսկ այդ ժամանակ նա, բորբոքված ռազմի ավյունով ու կրակով, թևին կապած ընծային արժանի լինելու կրքով սլացավ ինչպես արագավազ և ջահել շուն, որ ոհմակի մեջ ամենագեղեցիկն էր, ամենից ջահելը և արագոտնը։ Փորձված որսորդը քըս տվեց, և նա սլացավ, օդի մեջ ուղղաձիգ ձգելով ոտքերը, մի կողքի վրա թեքված, ձյուն շպրտելով և իր վազքի եռանդից տասն անգամ առաջ տալով նապաստակին։ Ծերունի Տարասը կանգ առավ և դիտեց, թե ինչպես է նա մաքրում ճանապարհը, քշում, կոտորում և աջ ու ձախ հարվածներ տեղում։ Չհամբերեց Տարասը և գոռաց. «Ո՞նց թե, քո ազգակիցների՞ն, քո ազգակիցների՞ն ես կոտորում, սատանի ձագ…»: Բայց Անդրին չէր ջոկում, թե ո՛վ է նրա առաջ՝ յուրայիննե՞ր, թե օտարներ։ Նա ոչինչ չէր տեսնում։ Նա տեսնում էր միայն գանգուրներ, գանգուրներ, երկա՜ր-երկար գանգուրներ, և՛ գետի կարապի պես սպիտակ կուրծք, և՛ ձյունաթույր պարանոց, և՛ ուսեր, և՛ այն ամենը, ինչ ստեղծված է խելահեղ համբույրների համար։

«Հե՜յ, կտրիճներ, նրան քաշեք դեպի անտառը, դուք նրան միայն քաշեք անտառը»,– բղավեց Տարասը։ [ 108 ] Եվ իսկույն ևեթ երեսուն արագոտն կոզակներ ելան, որ նրան գրավեն դեպի անտառը և ծուղակի մեջ գցեն։ Եվ շտկելով իրենց բարձր գդակները, առանց սպասելու հուսարներին, խաչկտրուկ բաց թողին ձիերը։ Կողքից խփեցին առջևիններին, նրանց բաժանեցին հետևիններից, երկուսին էլ մի-մի հասցրին, իսկ Գոլոկոպիտենկոն Անդրիի մեջքին զարկեց թրի տափակ կողմով, և նույն պահին կոզակները փախուստ տվին, որքան կբավեր կոզակի ուժը։ Ինչպիսի թափով հարձակվեց Անդրին, ինչպե՜ս նրա երակներում գազազեց երիտասարդ արյունը։ Սուր խթաններով խթանելով ձիուն, կայծակի նման արշավեց նա կոզակների հետևից, չնայելով ետ և չտեսնելով, որ նրա հետևից միայն քսան հոգի էին կարողանում նրան հասնել, իսկ կոզակները թռչում էին ձիերի վրա նստած և ուղղակի դարձան անտառի կողմը։ Ձին սրարշավ քշեց Անդրին և քիչ էր մնացել, որ հասներ Գոլոկոպիտենկոյին, երբ հանկարծ մի հզոր ձեռք բռնեց նրա ձիու սանձը։ Անդրին նայեց, նրա առաջ Տարա՛սն էր։ Նա ամբողջ մարմնով ցնցվեց և գունատվեց…

Այդպես կրակի նման բռնկվում է դպրոցականը, որ անզգուշաբար ծեծել էր ընկերոջը և դրա համար նրանից ստացել քանոնի մի հարված ճակատին, և նստարանից գազազած վեր ցատկելով, վազում է իր վախեցած ընկերոջ հետևից պատրաստ նրան կտոր-կտոր անելու, և հանկարծ հանդիպում է դասարան մտնող ուսուցչին, մի ակնթարթում խաղաղվում է ամեհի բորբոքը և հանգչում է անզոր ցասումը։ Դպրոցականի նման մի ակնթարթում չքացավ Անդրիի զայրույթը, կարծես չէր էլ եղել։ Եվ իր առաջ նա տեսավ միայն ահարկու հորը։

«Դե՜, հիմա ի՞նչ պիտի անենք»,– ասաց Տարասը, ուղիղ նայելով նրա աչքերին։ Բայց Անդրին ոչինչ չկարողացավ պատասխանել և կանգնել էր, աչքերը գետնին հառած։

«Ի՞նչ է, տղաս, օգնեցի՞ն քեզ քո լեհերը»։

Անդրին լուռ էր։

«Ուրեմն դավաճանե՞լ, ուրանա՞լ հավատը, դավաճանել քո ազգակիցների՞ն, կա՛ց դու և իջի՛ր ձիուց»։

Խոնարհ, ինչպես երեխան, նա ձիուց իջավ և Տարասի առաջ կանգնեց՝ ո՛չ կենդանի և ո՛չ մեռած։ [ 109 ] «Կանգնի՛ր և մի՛ շարժվիր: Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ»,— ասաց Տարասը և մի քայլ ետ քաշվելով, ուսից հանեց հրազենը։ Քաթանի նման սպիտակ էր Անդրին, երևում էր, թե ինչպես հանդարտ մրմնջում էին շրթունքները, և նա տալիս էր ինչ-որ մեկի անունը, սակայն այդ հայրենիքի անունը չէր և ոչ էլ մոր կամ եղբայրների անունը, նա շշնջում էր չքնաղ լեհուհու անունը։ Տարասը կրակեց։

Ւնչպես ցորենի հասկի, որին կտրում է մանգաղը, ինչպես փոքր գառնուկը, որ սրտի տակ զգում է մահաբեր երկաթը, այնպես էլ նա գլուխը կախեց և ընկավ խոտերի վրա, ոչ մի բառ չասելով։

Որդեսպանը կանգ առավ և երկար ժամանակ դիտեց որդու անշունչ դիակը։ Նա գեղեցիկ էր և մահից հետո, նրա առնական դեմքը, որ նոր էր լցվել ուժով և կանանց համար անհաղթահարելի գրավչությամբ, դեռևս արտահայտում էր աննման գեղեցկություն, սև հոնքերը, ինչպես սգո թավիշ, ավելի պարզ էին ցոլացնում նրա գունատ դիմագծերը։ «Ւ՞նչ պակաս կոզակ կլիներ,— ասաց Տարասը.— և հասակը բարձր էր, և ունքերը սև, իսկ դեմքն ինչպես ազնվականի դեմք, և կռվի մեջ զորեղ էր բազուկը, բայց կորա՜վ, կորավ անպատիվ, ինչպես անարգ շու՛ն»:

«Բատկո, ի՞նչ արիր։ Այդ դո՞ւ սպանեցիր նրան»,— ասաց Օստապը, որ այդ ժամանակ մոտեցավ ձիու վրա։

«Ես, տղա՛ս»,— ասաց Տարասը՝ գլխով անելով։

Օստապը շեշտակի նայեց դիակի աչքերին։ Նա ափսոսաց եղբորը և իսկույն ավելացրեց. «Բատկո, նրա մարմինը հողին հանձնենք, ինչպես կարգն է, որպեսզի նրան չանարգեն թշնամիները, և նրա մարմինը չքրքրեն գիշատիչ թռչունները»։

«Առանց մեզ էլ կթաղեն,— ասաց Տարասը,— նրա համար կլինեն լաց լինողներ և մխիթարողներ»։

Եվ մի երկու րոպե նա մտածեց, թողնել, որ գիշատիչ գայլերը լափե՞ն նրան, թե՞ խնայել նրա ասպետական առաքինությունը, որ քաջ մարդը պարտավոր է հարգել, ո՛վ էլ որ լինի։ Այդ րոպեին նա տեսավ, որ ձիու վրա նրա կողմն է արշավում Գոլոկոպիտենկոն, «Ատամա՛ն, փորձանք է լինե [ 110 ] լու, լեհացիք զորեղացան, նրանց օգնության հասավ նոր զորք…» Գոլոկոպիտենկոն դեռ խոսքը չէր ավարտել, երբ մոտ վազեց Վովտուզենկոն. «Ատամա՛ն, փորձանք է լինելու, նորից ուժ է գալիս նրանց…»: Վովտուզենկոն խոսքը դեռ չէր ասել, վազեվազ եկավ Պիսարենկոն, արդեն առանց ձիու. «Որտե՛ղ ես, բատկո, կոզակները քեզ են փնտրում: Արդեն սպանեցին կուրենի ատաման Նևիլիշկուն, Զադորոժնուն սպանեցին, Չերնիչենկոյին սպանեցին: Բայց կոզակները դեռ դիմադրում են և չեն ուզում մեռնել աոանց քեզ տեսնելու, և ուզում են, որ մահից առաջ դու նայես նրանց»:

«Հեծիր ձիդ, Օստա՛պ», — ասաց Տարասը և շտապեց, որպեսզի կոզակներին դեռ ողջ տեսնի, որպեսզի մի անգամ էլ նայի նրանց, և որպեսզի նրանք ևս մահից առաջ նայեն իրենց ատամանին: Սակայն նրանք անտառից դեռ դուրս չէին եկել, երբ թշնամին բոլոր կողմերից շրջապատեց անտառը, և ծառերի արանքից ամեն տեղ երևացին ձիավորներ՝ թրերով և նիզակներով: «Օստա՛պ, Օստա՛պ, պինդ կաց»,— բղավեց Տարասը, և ինքը թուրը մերկացնելով սկսեց աջ ու ձախ ջարդել: Իսկ Օստապի վրա հանկարծ հարձակվեցին վեց հոգի, բայց նրանք չէին հարձակվել բախտավոր ժամի, մեկի գլուխը թռավ, մյուսը ետ դառնալիս շուռ եկավ, նիզակը փշրեց երրորդի կողը, չորրորդը, որ ամենախիզախն էր, գլուխը գնդակից փրկեց, բայց շիկացած գնդակն առավ ձիու կրծքին, և ծառս եղավ կատաղած ձին, իրեն գետնով զարկեց և ձիավորին ջարդեց իր մարմնով: «Քաջ ես, տղա՛ս, քաջ ես, Օստապ, — գոռաց Տարասը. — ահա ես էլ քո հետևից…»: Իսկ ինքը շարունակ դիմադրում էր հարձակվողներին: Կռվում և կոտորում է Տարասը, զարկում է սրա-նրա գլխին, իսկ ինքը նայում է առաջ, նայում է Օստապին և տեսնում է, որ Օստապի հետ նորից կռվի մտավ առնվազն ութ անգամ ավելի ուժ: «Օստա՛պ, Օսաա՛պ, պինդ կաց…»: Բայց արդեն զոռում են Օստապին, մեկն արդեն նրա վզով փաթաթեց օղապարանը, արդեն կապոտում են, արդեն Օստապին տանում են: «Հե՜յ, Օստա՛պ, Օստա՛պ…», — կանչեց Տարասը, դեպի նա ճանապարհ բացելով, կաղամբի նման ջարդելով աչքն առածին: «Հե՜յ, Օստա՛պ, Օստա՛պ…»: Բայց նույն րոպեին կարծես նրան խփեցին ծանր քարով, ամեն ինչ պտույտ եկավ և աչքերի [ 111 ] առաջ մթնեց: Մի ակնթարթ նրա աչքին իրար խառնվեցին գլուխներ, նիզակներ, մուխ, բոցերի փայլատակում, ճղներ՝ ծառերի տերևներով, որ ցոլացին հենց նրա աչքերի առաջ։ Եվ նա գետին ընկավ, ինչպես կտրած կաղնին։ Եվ մշուշ իջավ նրա աչքերին:



«Էս ի՜նչ երկար եմ քնել», - ասաց Բուլբան, զարթնելով ինչպես հարբածի խորունկ քնից և ջանալով ճանաչել շրջապատի առարկաները: Մի սոսկալի թուլություն էր պատել նրա մարմնի անդամներին։ Նրա աչքի առաջ հազիվ էին աղոտ ցոլանում անծանոթ խրճիթի պատերը և անկյունները։ Վերջապես, նա նկատեց, որ իր դիմաց նստած է Տովկաչը, որն ականջը կախել էր նրա շնչառությանը։

«Այո,— ինքն իրեն մտածեց Տովկաչը, — դու կարող էիր և հավիտյան քնել», — բայց ոչինչ չասաց, մատով սաստեց և նշան արեց, որ նա լռի։

«Դե, մի ասա տեսնեմ, որտե՞ղ եմ ես այժմ»,— նորից հարցրեց Տարասը, միտքը լարեց, ջանալով հիշել այն, ինչ պատահել էր։

«Լռի՛ր, ասում եմ,– խստությամբ նրա վրա բղավեց ընկերը: — Էլ ի՞նչ ես ուզում իմանալ, մի՞թե չես տեսնում, որ կտոր-կտոր են արել քեզ։ Երկու շաբաթ է, որ մենք առանց շունչ քաշելու սլանում ենք միասին, և երկու շաբաթ է, որ տաքության և զառանցանքի մեջ գլխիցդ դուրս ես տալիս: Ահա աոաջին անգամ հանդարտ քնեցիր։ Լռի՛ր, եթե ինքդ չես ուզում գլխիդ փորձանք բերել»։

Բայց Տարասը միտքն ավելի էր լարում և ուժ անում վերհիշելու այն ամենը, ինչ եղել էր։ «Չէ՞ որ լեհացիներն ինձ շրջապատել էին և համարյա արդեն բռնել էին, ախր ես ոչ մի հնարավորություն չունեի դուրս պրծնելու նրանց բազմության միջից»։

«Լռի’ր, քեզ ասում են, սատանի ձագ,— զայրացած բղավեց Տովկաչը, ինչպես համբերությունը հատած դայակը կբղավի չարաճճի երեխայի վրա։ Քեզ ի՞նչ օգուտ, եթե իմանաս, թե ոնց դուրս պրծար. հերիք է, որ դուրս ես պրծել: [ 112 ] Եղան մարդիկ, որոնք քեզ անպաշտպան չթողեցին,— և հերիք է քեզ: Դեռ շատ գիշերներ միասին պիտի ճանապարհ գնանք: Դու կարծում ես, որ քեզ հասարակ կոզակի տե՞ղ են դրել: Ո՛չ, քո գլուխը նրանք գնահատել են երկու հազար ոսկի»:

«Իսկ Օստա՞պը»,— հանկարծ բղավեց Տարասը, ուժ արեց վեր բարձրանալու և հանկարծ հիշեց, թե ինչպես իր աչքերի առաջ բռնեցին և կապոտեցին Օստապին, և որ նա այժմ լեհացիների ձեռքում է: Եվ վիշտը պատեց ալեհեր հորը։ Նա պոկեց և քանդեց բոլոր վերքերի կապերը, հեռու շպրտեց, ուզեց բարձրաձայն ինչ-որ բան ասել և դրա փոխարեն սկսեց անկապ և անիմաստ խոսել, տաքությունը և զառանցանքը նորից հաղթեցին նրան, և ծայր առան անմիտ, անկապ և խելացնոր խոսքերը։ Իսկ այդ ժամանակ նրա հավատարիմ ընկերը նրա առաջ կանգնած հայհոյում էր և հանդիմանում, ասելով նախատինքի ծանր, անհաշիվ խոսքեր։ Վերջապես, նա բռնեց նրա ոտքերն ու ձեռքերը, բարուրեց ինչպես երեխային, շտկեց բոլոր վիրակապերը, փաթաթեց նրան եզան կաշու մեջ, դրեց կաղապարի մեջ և, պարաններով կապելով թամքին, նորից նրա հետ ճանապարհ ընկավ։

«Որ մեռած էլ լինես, քեզ տեղ կհասցնեմ, չեմ թողնի, որ լեհացիք ծաղրուծանակեն քո կոզակի խևությունը, կտոր-կտոր անեն քո մարմինը և ջուրը գցեն։ Եթե արծիվը պիտի քո աչքերը հանի, մեր տափաստանի արծիվը և ոչ թե լեհացիների, ոչ էլ այն արծիվը, որ թռչում է մեր կողմը լեհացիների երկրից։ Թեկուզ անկենդան, բայց միենույն է, ես քեզ կհասցնեմ Ուկրաինա»։

Այդպես էր ասում հավատարիմ ընկերը։ Գիշեր-ցերեկ առանց հանգստի նա քշեց ձին և անզգա վիճակում նրան հասցրեց Զապորոժիեի Սեչը։ Այնտեղ նա անխոնջ սկսեց նրան բժշկել զանազան խոտերով և թրջոցներով, գտավ մի ջհուդի գիտուն կին, որը մի ամիս նրան խմեցրեց զանազան դեղեր, և վերջապես Տարասն սկսեց կազդուրվել։ Դեղերի՞ցն էր, թե նրա երկաթյա ուժը հաղթեց, և նա մեկուկես ամսից հետո ոտքի ելավ, վերքերը լավացան և միայն թրով զարկած վերքերի սպիներն էին վկայում, թե մի ժամանակ որքան խոր են վիրավորել ալեհեր կոզակին։ Սակայն նկատելի էր, [ 113 ] որ նա մռայլ էր ու տխուր։ Նրա ճակատի վրա փոս ընկան երեք խորունկ կնճիռներ և այլևս երբեք չհալվեցին։ Նա այժմ իր շուրջն էր նայում. Սեչում բոլորը նոր մարդիկ էին, և մահացել էին իր բոլոր հին ընկերները։ Ոչ ոք չկար նրանցից, որոնք կռվել էին հանուն արդար գործի, հավատի և եղբայրության։ Վաղուց չկային և նրանք, որոնք կոշևոյի հետ գնացել էին թաթարների հետևից. նրանք բոլորը զոհել էին իրենց գլուխները, բոլորը ոչնչացել էին. ով հենց կռվի մեջ պատվով զոհել էր գլուխը, ով Ղրիմի աղուտներում էր մեռել ծարավից ու քաղցից, ով կորել էր գերության մեջ, չդիմանալով անարգանքին. արդեն վաղուց աշխարհում չկար և նախնի կոշևոյը, չկար և ոչ ոք վաղեմի ընկերներից, արդեն վաղուց խոտ էր բուսել նրանց երբեմնի հզոր մարմինների աճյունի վրա։ Նա միայն լսել էր, որ եղել էր աղմկահույզ և զորեղ խրախճանք. ջարդուփշուր էր եղել ամանեղենը, ոչ մի տեղ չէր մնացել գինու մի կաթիլ, հյուրերը և սպասավորները կողոպտել էին բոլոր թանկագին թասերը և անոթները, — և այլայլված կանգնել է տանտերն ու միտք է անում. «Լավ կլիներ, եթե չլիներ այդ խրախճանքը»։ Իզուր էին ջանում Տարասին զվարճացնել և զբաղեցնել. իզուր էին ալեմորուս և ծերունի փանդիռ նվագողները, որոնք գալիս էին երկու-երկու կամ երեք հոգի, իզուր էին նրանք գովերգում նրա քաջագործությունները։ Նա անտարբեր և խստադեմ նայում էր ամենքին և ամեն ինչի, և նրա քարացած դեմքի վրա ելնում էր անհանգչելի վիշտը և, գլուխը խոնարհած, նա մեղմ շշնջում էր. «Իմ որդի, իմ Օստապ»:

Զապորոժցիները պատրաստվեցին ծովային արշավանքի։ Դնեպր իջեցրին երկու հարյուր նավակ, և Փոքր Ասիան տեսավ նրանց՝ ածիլած գլուխներով և երկար ցցունքներով, իր ծաղկած ափերը հրի և սրի տալիս. տեսավ, թե ինչպես իր մահմեդական բնակիչների ապարոշները, իր երկրի անհամար ծաղիկների նման, շաղ են տված արյունով թրջված դաշտերում կամ լողում են ափերի մոտ։ Փոքր Ասիան տեսավ անթիվ զապորոժցիների կպրած շալվարներ և մկանուտ ձեռքեր՝ սև մտրակներով։ Զապորոժցիները կերան խաղողը և ավերեցին բոլոր այգիները, մզկիթներում աղբի ահագին կույտեր թողին, պարսկական թանկագին շալերը խոնջանների տեղ [ 114 ] գործադրեցին և նրանցով գոտևորեցին իրենց աղտոտած վերարկուները։ Այնուհետև երկար ժամանակ այդ վայրերում գտնում էին զապորոժցիների կարճ չիբուխները։ Նրանք ուրախ սրտով ետ վերադարձան. նրանց հետապնդում էր տաճկական տասը թնդանոթանի նավը, որ իր հրանոթների համազարկով, ինչպես թռչուններ, ցրեց նրանց խարխուլ նավակները: Նրանց մի երրորդ մասն ընկղմվեց ծովի խորքերում, բայց մյուսները նորից հավաքվեցին և հասան Դնեպրի գետաբերանը, իրենց հետ բերելով ցեխիններով լիքը լցված տասներկու տակառ։ Բայց այդ ամենն այլևս Տարասին չէր գրավում։ Նա հեռանում էր դեպի մարգերը և տափաստանը, իբրև թե որսի է գնում. սակայն նրա լիցը մնում էր անկրակել և, զենքը վայր դնելով, վշտով լցված նստում էր ծովի ափին: Այնտեղ նա երկար էր նստում և գլուխը խոնարհած միշտ մրմնջում էր. «Օստապ իմ, Օստապ իմ»:

Նրա առջև փռվել և շողում էր Սև ծովը. հեռավոր եղեգնուտում կանչում էր ուրուրը։ Նրա սպիտակ բեղն արծաթին էր տալիս, և արցունքը կաթում էր շիթ առ շիթ:

Եվ վերջապես չդիմացավ Տարասը։ «Ինչ էլ որ պատահի, պետք է գնամ տեղեկանամ՝ ո՞ղջ է նա, գերեզմանո՞ւմ, թե նույնիսկ գերեզմանում չէ: Ինչ էլ լինի, պիտի տեղեկանամ»։ Եվ մի շաբաթից հետո նա հայտնվեց Ուման քաղաքում՝ զինված, նժույգի վրա նստած, նիզակով, թրով, թամքին կապած ջրամանը, ռազմերթի թաղարով՝ մեջը խավիծ, վառոդանի գնդակներով, ձիու ոտնակապերով և այլ սարք ու կարգով։ Նա ձին քշեց ուղիղ դեպի մի անմաքուր և աղտոտ տնակ, որի փոքրիկ լուսամուտները, ո՛վ գիտե, ինչով մրոտած, հազիվ էին նշմարվում. ծխնելույզը կալնել էին փալասով, և ծակծկոտ կտուրի վրա փռվել էին ճնճղուկները։ Հենց դռների առաջ ամեն տեսակ աղբի կույտ կար։ Լուսամուտից նայում էր ջհուդի կինը՝ գլխաշորով և խավարած գոհարներով։

«Մարդդ տա՞նն է»,— հարցրեց Բուլբան ձիուց իջնելով և սանձը կապելով դռան կեռից։

«Տանն է»,– ասաց ջհուդի կինը և իսկույն ևեթ շտապեց դուրս ելնել՝ տանելով երկաթե կոնքի մեջ ձիու համար գարի և մի գավաթ գարեջուր՝ ասպետի համար։ [ 115 ] «Ու՞ր է քո ջհուդը»։

«Նա մյուս սենյակում աղոթում է»,– ասաց ջհուդի կինը, ողջունելով նրան, առողջությունը հարցնելով այն ժամանակ, երբ Բուլբան գավաթը մոտեցրեց շրթունքներին:

«Դու այստեղ սպասիր, ապուռ և ջուր տուր իմ ձիուն, իսկ ես մենակ կգնամ նրա հետ առանձին խոսելու։ Ես նրա հետ գործ ունեմ»։

Այդ ջհուդը հայտնի Յանկելն էր։ Նա այժմ այդ քաղաքում պանդոկ էր պահում և վարձակալ էր, հետզհետե յուր ձեռքն էր հավաքել շրջակա պաներին և ազնվականներին, քիչ առ քիչ առել էր նրանց համարյա ամբողջ դրամը, և այդ երկրում խիստ ազդեցիկ էր դարձել իր ջհուդի անձնավորությունը։ Երեք մղոն հեռավորության վրա, շրջակայքում ոչ մի շեն խրճիթ չէր մնացել. ամեն ինչ փլվել և խունացել էր, ամեն ինչ արաղի էին տվել, և միայն մնացել էին թշվառություն ու ցնցոտիներ։ Կարծես թե հրդեհից կամ ժանտախտից հետո հողմահարվել էր ամբողջ երկիրը։ Եվ եթե Յանկելն այնտեղ տասը տարի ևս ապրեր, նաև երևի կքամեր վոևոդի ողջ մարզը։ Տարասը մտավ խրճիթը։ Ջհուդն աղոթում էր, իր բավական կեղտոտ սավանը վրան առած, և նա շուռ եկավ, որպեսզի ըստ յուր կրոնի սովորության թքի վերջին անգամ, երբ հանկարծ նրա աչքերը տեսան Բուլբային, որ կանգնել էր նրա հետևում։ Եվ իսկույն ջհուդի աչքին երևացին այն երկու հազար ոսկին, որ խոստացել էին Բուլբայի գլխի համար, սակայն նա ամաչեց իր շահամոլությունից և ճիգ թափեց իր ներսում խեղդելու ոսկու այդ միտքը, որ որթի պես հավիտյան կրծում է ջհուդի հոգին։

«Լսի՛ր, Յանկել,— ասաց Տարասը ջհուդին, որն սկսեց խոնարհվել նրա առաջ և դուռն զգուշությամբ փակեց, որ իրենց չտեսնեն։— Ես քո կյանքը փրկեցի,— զապորոժցիները քեզ կտոր-կտոր կանեին, ինչպես շանը,— այժմ հերթը քոնն է, դու պետք է ինձ մի ծառայություն անես»։

Ջհուդի դեմքը փոքր-ինչ կնճռոտվեց։

«Ի՞նչ ծառայություն։ Եթե այնպիսի ծառայություն է, որ կարելի է անել, ինչո՞ւ չանել»։

«Էլ ոչ մի խոսք։ Ինձ Վարշա՛վ տար»: [ 116 ] «Վարշա՞վ, ո՞նց թե Վարշավ»,— ասաց Յանկելը: Զարմանքից նրա հոնքերը և ուսերը վեր քաշվեցին։

«Էլ ոչ մի խոսք ինձ մի՛ ասա։ Վարշավ տար ինձ։ Ի՛նչ էլ որ լինի, ես ուզում եմ մի անգա՛մ էլ նրան տեսնել, թեկուզ մի խոսք ասել նրան»։

«Ու՞մ ասել մի խոսք»։

«Նրան, Օստապին, իմ որդուն»։

«Մի՞թե պանը չի լսել, որ արդեն…»։

«Գիտեմ, բոլորը գիտեմ, իմ գլխի համար տալիս են երկու հազար ոսկի։ Այդ հիմարները լավ են հասկացել գլխիս գինը։ Ես քեզ հինգ հազար կտամ։ Առ քեզ երկու հազարը հիմա (Բուլբան կաշվե քսակից թափեց երկու հազար ոսկի), իսկ մնացածը՝ երբ վերադառնամ»։

Ջհուդն իսկույն առավ երեսսրբիչը և ոսկիները ծածկեց։

«Ա՞յ, ինչ լավ փող է, ինչ արդար փող է,— ասաց նա, մի ոսկի խաղացնելով մատների մեջ և ատամի տակ փորձելով։— Ես կարծեմ, այն մաըդը, որից պանը խլել է այսպիսի լավ ոսկիներ, մի ժամ էլ չի ապրել այս աշխարհում, իսկույն գնացել է գետը և գետում խեղդվել է՝ այսքան լավ ոսկիներից հետո»։

«Ես քեզ չէի խնդրի։ Գուցե ես ինքս Վարշավի ճանապարհը գտնեի, բայց անիծյալ լեհերը կարող են ինձ պատահմամբ ճանաչել և բռնել, որովհետև ես այնքան էլ հնարագետ չեմ։ Իսկ դուք՝ ջհուդներդ, հենց այդպիսի բաների համար եք ստեղծված։ Դուք սատանային էլ կխաբեք, դուք ամեն ծակուծուկ գիտեք։ Ահա թե ինչու եմ ես քեզ մոտ եկել։ Մեկ էլ Վարշավում ինքս իմ գլխու բան չեմ կարող անել։ Դե շուտ սայլակդ լծիր և ինձ տար»։

«Իսկ պահը կարծում է, թե ես՝ հենց այնպես մատակ ձին կլծեմ և կասեմ՝ դե հայդա՜… Պանը կարծում է, թե ինչպես որ կա, հենց այդպես, առանց թաքցնելո՞ւ պիտի տանեմ նրան»։

«Դե, թաքցրու, թաքցրու, ինչպես ուզում ես, գուցե դատարկ տակառի մեջ մտնեմ»։

«Ա՛յ, ա՛յ, և պանը կարծում է, թե նրան կարելի է թաքցնել դատարկ տակառի մեջ։ Պանը մի՞թե չգիտե, որ տեսնողը կմտածի, որ տակառի մեջ արաղ է»։ [ 117 ] «Է՜, թող մտաձի, որ արաղ է»:

«Ո՞նց թե թող մտածի, որ արաղ է»,– ասաց ջհուդը և երկու ձեռքով բռնեց կավիքները և ապա ձեռքերը վեր բարձրացրեց։

«Դե ինչո՞ւ դու այդպես շվարեցիր»։

«Իսկ պանը մի՞թե չգիտե, որ աստված արաղը նրա համար է ստեղծել, որպեսզի ամեն մարդ համն առնի։ Այնտեղ բոլորը համը տեսնող և լակող են, մի ազնվական հինգ վերստ պիտի վազի տակառի հետևից, նա կծակի տակառը և իսկույն կտեսնի, որ չի թափվում և կասի. «Զհուդը դատարկ տակառ չի՛ տանի, երևի այստեղ մի բան կա, բռնեցե՞ք ջհուդին, կապեցեք ջհուդին, ջհուդի բոլոր փողը խլեք, ջհուդին բանտը դրեք»։ Որովհետև աշխարհում ինչքան փորձանք կա, բոլորը թափվում է ջհուդի գլխին, որովհետև բոլորը ջհուդին շան տեղ են դնում, որովհետև, կարծում են, որ մարդ չես, եթե ջհուդ ես»։

«Դե որ այդպես է, ինձ դիր ձուկ բարձած սայլի վըա»:

«Չի կարելի, պան, աստված վկա, չի՛ կարելի։ Ամբողջ Լեհաստանում այսօր մարդիկ շան նման սոված են. ձուկը կթալանեն և պանին կտեսնեն»։

«Դե թեկուզ սատանայի վրա լինի, միայն տա՛ր»։

«Լսի՞ր, լսիր պան,— ասաց ջհուդը, ներս կոխելով թեքերի բոլորքը և ձեռքերը չռած մոտենալով նրան.— ահա թե մենք ինչ կանենք, ամեն տեղ այժմ բերդեր և ամրոցներ են կառուցում։ Գերմանացոց երկրից եկել են ֆրանսիացի ճարտարագետներ, և դրա համար էլ ճանապարհներով հիմա շատ աղյուս և քար են կրում։ Պանը թող պառկի սայլի տակ, իսկ ես վրան աղյուս կշարեմ։ Պանն առողջ է և պինդ, նրան բան չի լինի, եթե մի քիչ էլ ծանր լինի։ Իսկ սայլի տակ մի անցք կշինեմ և այնտեղից պանին ուտելիք կտամ»։

«Ինչ ուզում ես արա, միայն տա՛ր»։

Եվ մի ժամից հետո աղյուս բարձած սայլակը, երկու քոսոտ ձի լծած, դուրս եկավ Ումանից։ Ձիերից մեկի վրա նըստել էր բարձրահասակ Յանկելը, և ջհուդի թասակի տակից ծածանվում էին նրա երկար ու գանգուր կավիքները, երբ նա սնգսնգում էր ձիու վրա, երկարահասակ, ինչպես ճանապարհի եզրին տնկած վերստասյունը։ [ 118 ]
XI

Այն ժամանակ, երբ տեղի էր ունենամ նկարագրած դեպքը, սահմանամերձ վայրերում դեռ չկային մաքսատան պաշտոնյաներ և ձիավոր պահակներ,— ձեռներեց մարդկանց այդ ահ ու սարսափը,— ուստի և յուրաքանչյուր ոք ինչ ուզեր կարող էր փոխադրել: Իսկ եթե որևէ մեկը խուզարկում ու զննում էր, ապա այդ նա անում էր մեծ մասամբ իր հաճույքի համար, մանավանդ, եթե սայլի վրա տեսնում էր աչքի համար գրավիչ բաներ և եթե նրա սեփական բազուկն ուներ բավական կշիռ և ծանրություն: Բայց աղյուսի սիրահարներ չկային, և Յանկելի սայլակն անարգել ներս մտավ քաղաքի մայր դռներից։ Իր նեղ վանդակի մեջ Բուլբան կարողանում էր միայն լսել աղմուկ, սայլապանների աղաղակները և ուրիշ ոչինչ: Յանկելը, սնգսնգալով, իր կարճահասակ և փոշոտված վարգունի վրա մի քանի պտույտներ անելով, շուռ եկավ մի մութ և նեղ փողոց, որ կոչվում էր Կեղտոտ փողոց, միաժամանակ և Ջհուդի փողոց, որովհետև, իրոք, Վարշավայի բոլոր ծայրերից այդտեղ էին հավաքվել ջհուդները։ Այդ փողոցը շատ նման էր փոր ու փսորը բաց արած մի կեղտոտ բակի: Արևը, կարծես, երբեք չէր թափանցում այդտեղ։ Իսպառ մրոտված փայտաշեն տները` պատուհաններից ձգված բազմաթիվ ձողերի հետ ավելի էին թանձրացնում խավարը: Հազիվ երբեմն նրանց մեջ կարմրին էր տալիս աղյուսե մի պատ, բայց նա էլ արդեն շատ տեղերում բոլորովին սևացել էր: Երբեմն միայն վերևում պատի ծեփած մի անկյունն արևի տակ շողում էր աչքի համար անտանելի սպիտակությամբ: Այստեղ ամեն ինչ կազմված էր խիստ ծայրահեղություններից` ծխնելույզի խողովակներ, փալասներ, կճեպներ, դեն գցած կոտրած կարասներ։ Ով մի անպետք բան ուներ, գցում էր փողոց` անցորդներին ընծայելով կարելի հարմարություններ այդ անպետք բաներով պարարելու իր բոլոր զգացումները: Ձիու վրա նստած հեծվորը կարող էր փողոցի վրայով ձեռքը հասցնել մի տնից մյուսը ձգած ձողերին, որոնց վրա կախել էին ջհուդի գուլպաներ, կարճ վարտիքներ և ծխահար սագ: Երբեմն մի բավական սիրուն դեմք, մթագնած ուլունքներով զարդարուն, նայում էր խունացած պատու– [ 119 ] հանից։ Ջհուդ երեխաների խումբը՝ կեղտի մեջ կորած, պատառոտված շորերով և գանգուր մազերով, բղավում և թավալվում էր ցեխի մեջ։ Մի շեկ ջհուդ, պեպենոտ երեսով, որից նրա դեմքը նմանվում էր ճնճղուկի ձվի, պատուհանից դուրս նայեց, նա իսկույն ևեթ Յանկելին ինչ-որ բան ասաց իր մոլթանի լեզվով, և Յանկելն իսկույն սայլակը ներս քշեց մի բակ: Փողոցով անցնում, էր մի ուրիշ ջհուդ. նա կանգնեց, նույնպես խառնվեց խոսակցությանը, և, երբ վերջապես Բուլբան սողալով դուրս եկավ աղյուսների տակից, տեսավ երեք ջհուդների, որոնք խոսում էին մեծ եռանդով։

Յանկելը դարձավ Բուլբային և ասաց, ինչ որ պետք է, կանեն, որ նրա Օստապը նստած է քաղաքային զնդանում ու, թեև դժվար է համոզել պահապաններին, բայց, այնուամենայնիվ, նա խոստանում է նրա համար գլուխ բերել տեսակցությունը։

Երեք ջհուդների հետ միասին Բուլբան մտավ սենյակ։

Ջհուդները նորից սկսեցին իրար հետ խոսել իրենց անհասկանալի լեզվով։ Տարասը դիտում էր նրանցից յուրաքանչյուրին։ Թվում էր, թե ինչ-որ մի բան ուժգին ցնցում է նրան։ Նրա կոշտ և անտարբեր դեմքի վրա բռնկվեց հույսի մի ինչ-որ սրտմաշուկ բոց, այն հույսի, որ հուսահատության վերջին աստիճանին այցելում է մարդուն։ Նրա ծերուկ սիրտը, ինչպես մի պատանու սիրտ, սկսեց սաստիկ բաբախել:

«Լսեցե՛ք, ջհուդներ,— ասաց նա և նրա խոսքերի մեջ մի ինչ-որ խանդավառ բան կար,– աշխարհում դուք ամեն ինչ կարող եք անել, ամեն ինչ կարող եք ծովի տակից հանել. և առածը վաղուց է ասում, որ եթե ջհուդը կամենա գողանալ, ինքն իրեն կգողանա։ Ազատեք իմ Օստապին, այնպես արեք, որ նա կարողանա փախչել այս դևերի ձեռքից։ Ա՛յ այս մարդուն ես տասներկու հագար ոսկի եմ խոստացել, ես տասներկու հազար էլ կավելացնեմ։ Ւնչ որ ունեմ ես՝ թանկագին թասեր և գետնի տակ պահած ոսկի, տունս և վերջին շորս կծախեմ և ձեզ հետ պայման կկապեմ, որ քանի կենդանի եմ, կռվի մեջ ինչ որ ձեռք բերեմ, բոլորը ձեզ հետ հավասար կիսեմ»։

«Օ՜, չի կարելի, սիրելի պան, չի կարելի»,– հառաչելով ասաց Յանկելը։ [ 120 ] «Ո՛չ, անկարելի է»,— ասաց մլուս ջհուդը։

Երեք ջհուդներն էլ իրար երեսի նայեցին։

«Իսկ եթե փորձե՞նք,— ասաց երրորդը, երկյուղած նայելով երկուսին։— Գուցե աստված հաջողի»։

Երեք ջհուդները խոսեցին գերմաներեն։ Բուլբան, որքան էլ ուշադիր նայեց, ոչինչ գլխի չընկավ։ Նա միայն լսեց հաճախակի կրկնվող մի բառ «Մարդոխայ», և ուրիշ ոչինչ:

«Լսի՛ր, պան,— ասաց Յանկելը,— հարկավոր է խորհրդակցել այնպիսի մի մարդու հետ, որի նմանն աշխարհում դեռ չի եղել։ Է՜, նա այնպիսի իմաստուն է, ինչպիսին Սողոմոնն էր, և եթե նա ոչինչ չանի, ուրեմն աշխարհում էլ ոչ ոք չի անի։ Դու նստիր այստեղ, ահա բանալին, և ոչ ոքի ներս չթողնես»։ Զհուդները փողոց դուրս եկան։

Տարասը դուռը կողպեց և փոքրիկ լուսամուտից նայեց ջհուդի այդ կեղտոտ պողոտային։ Երեք ջհուդները կանգնեցին փողոցի մեջտեղը և սկսեցին բավական մոլեգին խոսել։ Շուտով նրանց միացավ և չորրորդը, վերջապես և հինգերորդը։ Նա լսեց նորից կրկնվող «Մարդոխայ, Մարդոխայ» բառերը: Ջհուդներն անդադար նայում էին փողոցի մի կողմը։ Վերջապես փողոցի ծայրում, մի խարխուլ տնակի հետևից, ջհուդի մաշիկ հագած մի ոտք երևաց, և աչքի ընկան բաճկոնի փեշերը։ «Ա՜յ, Մարդոխայը, Մարդոխայը», միաբերան բղավեցին բոլոր ջհուդները։ Մի նիհար ջհուդ, Յանկելից մի քիչ կարճահասակ, բայց կնճիռներով ավելի պատած, վերին վիթխարի շրթունքով, մոտեցավ անհամբեր բազմությանը, և բոլոր ջհուդները, իրար բերանից խոսք խլելով, շտապեցին նրան պատմել, ըստ որում Մարդոխայը մի քանի անգամ նայեց փոքրիկ լուսամուտին, և Տարասը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին է։ Մարդոխայը թափահարում էր ձեռքերը, լսում էր, ընդհատում էր խոսքը, հաճախակի թքում էր մի կողմի վրա և բաճկոնի փեշերը բարձրացնելով, ձեռքը կոխում էր գրպանը և հանում ինչ-որ չխկչխկան բաներ, և այդ ժամանակ երևում էր նրա խիստ անպիտան վարտիքը։ Վերջապես, բոլոր ջհուդներն այնպիսի ճիչ-աղաղակ բարձրացրին, որ պահապան կանգնած ջհուդն ստիպված էր լռելու նշան տալ, և Տարասն արդեն սկսեց անհանգստանալ իր անվտանգության համար, սակայն մտաբերելով, որ ջհուդները բացի փողոցից ուրիշ տեղ [ 121 ] խորհուրդ անել չեն կարող, և որ նրանց լեզուն ինքը սատանան չի հասկանա, հանգստացավ։

Երկու րոպե անց ջհուդները միասին մտան նրա սենյակը։ Մարդոխայը մոտեցավ Տարասին, զարկեց նրա ուսին և ասաց. «Եթե մենք և աստված կամենանք մի բան անել, այն ժամանակ կկատարվի, ինչպես պետքն է»։

Տարասը նայեց այդ Սողոմոնին, որի նմանն աշխարհում դեռ չի եղել, և մի քիչ հուսադրվեց։ Հիրավի, նրա կերպարանքը կարող էր որոշ վստահություն ներշնչել, նրա վերին շրթունքը մի կատարյալ զարհուրանք էր։ Այդ շրթունքի հաստությունն ավելացել էր անկասկած կողմնակի պատճառներից։ Այդ Սողոմոնի մորուքն ուներ միայն տասնհինգ մազ և այն էլ ձախ կողմը։ Սողոմոնի դեմքի վրա իր խիզախության համար կերած ծեծի այնքան նշաններ կային, որ նա անկասկած վաղուց արդեն մոռացել էր նրանց հաշիվը և վարժվել էր ընդունելու որպես ի ծնե բծեր։

Մարդոխայը հեռացավ իր ընկերների հետ, որոնք զարմացել էին նրա իմաստության վրա։ Բուլբան մենակ մնաց։ Նա մի տարօրինակ և արտասովոր վիճակի մեջ էր. իր կյանքում առաջին անգամ նա անհանգստություն զգաց։ Նրա հոգին տենդային դրության մեջ էր։ Նա առաջվա աննկուն, աներեր և ամրակուռ կաղնին չէր. նա փոքրոգի էր, այժմ նա անզոր էր։ Նա ցնցվում էր յուրաքանչյուր շշուկից և ամեն մի ջհուդի կերպարանքից, որ երևում էր փողոցի ծայրում։ Վերջապես նա ամբողջ օրը սպասեց այդ վիճակի մեջ. չէր ուտում, չէր խմում, և նրա աչքերը ոչ մի ակնթարթ չէին բաժանվում փողոցի վրա նայող փոքրիկ լուսամուտից։ Վերջապես արդեն ուշ երեկոյան երևացին Մարդոխայը և Յանկելը։ Տարասի սիրտը նվաղեց։

«Ինչպե՞ս է, հաջո՞ղ է»— հարցրեց նա վայրի նժույգի անհամբերությամբ։

Բայց նախքան ջհուդները շունչ կառնեին պատասխանելու, Տարասը նկատեց, որ այլևս չկար Մարդոխայի վերջին խոպոպը, որ թեև անշնորհք, բայց այնուամենայնիվ, օղակ-օղակ ոլորվում էր նրա թասակի տակից։ Նկատելի էր, որ նա ուզում էր մի բան ասել, բայց այնպիսի անպիտան բաներ դուրս տվեց, որ Տարասը ոչինչ չհասկացավ։ Ինքը` Յանկելը [ 122 ] ևս շատ հաճախ ձեռքը բերնին էր դնում, կարծես մրսելուց տառապում էր:

«Օ՜, սիրելի պան,— ասաց Յանկելը։— Այժմ բոլորովին չի կարելի, աստված վկա, չի կարելի։ Այնքան վատ մարդիկ են, որ հարկավոր է թքել նրանք երեսին։ Ահա Մարդոխայն էյ կասի. Մարդոխայն այնպիսի մի բան արեց, որ աշխարհում դեռ ոչ ոք չի արել, բայց աստված չկամեցավ որ այդպես լինի։ Երեք հազար զորք է կանգնած, և վաղր բոլոր գերիներին պիտի կախեն»։

Տարասը նայեց ջհուդների աչքերին, սակայն առանց անհամբերության և զայրույթի։

«Իսկ եթե պանն ուզում է նրան տեսնել, ապա վաղը կանուխ պետք է գնալ, քանի արևը չի ծագել։ Պահակները համաձայնվում են, և մի լևենտար խոսք տվեց։ Միայն թող այն աշխարհում նրանք գեհենի բաժին դառնան, օհ աստված իմ, այդ ինչ շահամոլ մարդիկ են. մեր մեջ անգամ այդպիսի մարդիկ չկան։ Ամեն մեկին տվի հիսուն ոսկի, իսկ լևենտարին…»։

«Լա՛վ, ինձ նրա մոտ տար»,— վճռական ասաց Տարասը ն նորից վերադարձավ նրա հոգու ողջ արիությունը։ Նա համաձայնվեց Յանկելի առաջարկին, ըստ որի նա պիտի հագներ իրրև թե գերմանացիների երկրից եկած օտարազգի կոմսի զգեստ, որպիսին արդեն պատրաստել էր հեռատես ջհուդը։ Արդեն գիշեր էր։ Տանտերը՝ պեպենոտ շեկ ջհուդը, ծալքից հանեց մի մաշված ներքնակ, որ ծածկված էր ինչ-որ փսիաթով և Բուլբայի համար թախտի վրա փռեց։ Յանկելը պառկեց հատակին՝ նույնպիսի ներքնակի վրա։ Շեկ ջհուդը մի փոքրիկ գավաթով ինչ-որ թուրմ խմեց, հանեց բաճկոնը և, գուլպաներն ու մաշիկները հագին նմանվելով հավի ճտի, իր կնոջ հետ մտավվ մի տեղ, որ նման էր պահարանի: Երկու ջհուդ լակոտներ, ինչպես տնային շնիկներ, պառկեցին հատակին՝ պահարանի մոտ։ Բայց Տարասի քունը չտարավ։ Նա անշարժ նստել էր և մատներով մեղմ թմբկահարում էր սեղանին։ Նրա ձեռքին ծխամորճն էր, և ծուխ էր բարձրանում, որից ջհուդը քնահարամ փռշտում էր և քիթը կոխում վերմակի տակ։ Երկնքի վրա դեռ չէր երևացել լուսաբացը, երբ նա ոտքով հրեց Յանկելին։ [ 123 ] «Ջհու՛դ, վե՛ր կաց և տար քո կոմսի զգեստը»:

Մի ակնթարթում նա հագնվեց, սևացրեց բեղերը, հոնքերը, կատարին դրեց փոքրիկ թուխ գլխարկը, և ամենամոտիկ կոզակներից անգամ ոչ ոք չէր կարող նրան ճանաչել: Արտաքին տեսքով նա երեսուն տարեկանից ավելի չէր։ Նրա այտերի վրա խաղում էր առույգ կարմիրը, և նույնիսկ սպիները դեմքին տալիս էին մի ինչ-որ հրամայական բան։ Ոսկեզարդ զգեստը շատ էր սազում նրան:

Բոյոր փողոցները դեռ քնի մեջ էին։ Քաղաքում դեռ չէր երևում և ոչ մի շահախնդիր արարած՝ կողովը ձեռքին է Բուլբան և Յանկելը մոտեցան մի շենքի, որ ուներ նստած արագիլի տեսք։ Այդ մի ցածր, լայն, վիթխարի և մրոտված շենք էր, որի մի կողմից, արագիլի վզի նման, ցցվել էր երկար ու նեղ աշտարակը, որի գլխին տնկված էր տանիքի կտորը։ Այդ շենքը բազմաթիվ և բազմատեսակ նպատակի էր ծառայում։ Այդտեղ և՛ զորանոցներն էին, և՛ բանտը, և՛ նույնիսկ քրեական դատարանը։ Մեր ուղևորները դարբասով ներս մտան ընդարձակ դահլիճ կամ ծածկված բակ։ Մոտ հազար մարդ միատեղ քնած էին։ Ուղիղ դեմուդեմը մի ցածրիկ դուռ էր, որի առջև նստած պահակներն ինչ-որ խաղ էին խաղում, խաղն այն էր, որ մեկը երկու մատով խփում էր մյուսի ափին։ Նրանք եկվորների վրա ուշադրություն չդարձրին և գլուխները շրջեցին միայն այն ժամանակ, երբ Յանկելն ասաց.

«Այդ մենք ենք, լսո՞ւմ եք, պաներ, մենք ենք»։

«Ներս մտեք»,— ասաց նրանցից մեկը, մի ձեռքով բանալով դուռը, իսկ մյուսը մեկնելով ընկերոջը, որպեսզի վերջինս մատներով զարկի։

Նրանք մտան մի նեղ և խավար միջանցք, որով հասան նույնպիսի մի դահլիճի, որ վերևից փոքրիկ լուսամուտներ ուներ։

«Ո՞վ է գալիս,– գոռացին մի քանիսը, և Տարասը տեսավ բավական թվով սպառազինված մարդկանց։– Մեզ հրամայված է ոչ ոքի ներս չթողնել»։

«Այդ մենք ենք,– բղավեց Յանկելը։ —Աստված վկա, մենք ենք, պայծառ պաներ»։ Բայց ոչ ոք լսել չկամեցավ։ Բարերախտաբար այդ ժամանակ մոտեցավ մի հաստափոր [ 124 ] մարդ, որ բոլոր նշաններից երևում էր` պետք է պետը լիներ, որովհետև ամենքից ավելի թունդ էր հայհոյում:

«Պան, այդ մենք ենք։ Դուք արդեն մեզ ճանաչում եք, և պան կոմսը ձեզ դեռ շնորհակալ կլինի»:

«Թողեք անցնե՛ն, սատանայի մորը հազար դև… Եվ էլ ուրիշ ոչ ոքի չթողնեք։ Մեկ էլ ոչ ոք թուրը դես չգցի և շան նման գետնին չթազնեք…»:

Մեր ուղևորներն այլևս չլսեցին պերճախոս հրամանի շարունակությունը։

«Այդ մենք ենք… այդ ես եմ… մերոնք են»,— ասում էր Յանկելը, որևէ մեկին հանդիպելիս:

«Հը՞, կարելի՞ է հիմա»,— հարցրեց նա պահակներից մեկին, երբ վերջապես նրանք հասան այն տեղը, ուր արդեն վերջանում էր միջանցքը:

«Կարելի է, միայն չգիտեմ, ձեզ կթողնե՞ն բանտի ներսը: Այժմ Ցանը չկա, նրա փոխարեն ուրիշն է»,— պատասխանեց պահակը:

«Վա՜յ, վա՜յ,— հանդարտ շշնջաց ջհուդը: — Այդ վատ եղավ, սիրելի պան»:

«Տա՛ր»,— համառությամբ պատասխանեց Տարասը: Ջհուդը հնազանդվեց:

Զնդանի դռների առաջ, որոնք դեպի վեր սրածայր էին, կանգնել էր երեք ծալքանի բեղերով մի հայդուկ: Բեղերի վերին ծալքը դեպի ետ էր դնում, երկրորդը ցցվել էր առաջ, իսկ երրորդը` ներքև, այնպես որ հայդուկը շատ նման էր կատվի:

Ջհուդը երեքտակ գունդ ու կծիկ եղավ հայդուկի առաջ և համարյա կողքի վրա մոտեցավ նրան:

«Ձերդ պայծառափայլություն, պայծառափայլ պան»:

«Ջհուդ, դու ի՞նձ ես ասում»:

«Զեզ, պայծառափայլ պան»:

«Հըմ… իսկ ես միայն հայդուկ եմ»,– ասաց եռածալ բեղավորը, ուրախացած աչքերով:

«Իսկ ես, աստված վկա, կարծեցի, թե հենց ինքը վոևոդն է։ Ա՛յ, ա՛յ ա՛…– ջհուդն այդ խոսքի վրա գլուխը ոլորեց և չռեց մատները.– Փա՜հ, ի՞նչ երևելի տեսք է: Աստված վկա, գնդապետ է. իսկական գնդապետ։ Ա՛յ, եթե միայն մի մատ ավելացնեն, արդեն գնդապետ է: Հարկավոր է, որ պանը նստի [ 125 ] ճանճի նման արագավազ նժույգի վրա և վարժեցնի զորագնդերին»:

Հայդուկը շտկեց իր բեղի ներքին ծալքը, և նրա աչքերը բոլորովին զվարթացան:

«Ի՞նչ մարդիկ են այս զինվորականները,– շարունակեց ջհուդը:— Օ՜հ, աստված իմ, ի՜նչ երևելի մարդիկ են: Ի՜նչ երիզներ, ի՜նչ վահանակներ… նրանք արևի նման շողշողում են։ Իսկ աղջիկները, երբ տեսնում են զինվորականներին… ա՜յ, ա՜յ, ա՜յ»: Ջհուդը նորից պտտեցրեց գլուխը:

Հայդուկը ձեռքով ոլորեց վերին բեղը և ատամների արանքով արձակեց մի ձայն, որ մի քիչ նման էր ձիու վրնջյունի:

«Խնդրում եմ, որ պանը մի շնորհ անի,— արտասանեց ջհուդը.— Ահա իշխանը, որ եկել է օտար երկրից, կամենում է կոզակներին տեսնել: Նա իր կյանքում դեռ չի տեսել, թե ինչ մարդիկ են կոզակները»:

Լեհաստանում սովորական երևույթ էր օտարերկրյա կոմսերի և իշխանների այցը. նրանց շատ հաճախ հրապուրում էր Եվրոպայի այդ գրեթե կեսասիական անկյունը տեսնելու հետաքրքրությունը: Մոսկովիան և Ուկրաինան նրանք գրեթե համարում էին Ասիայում գտնվող: Ուստի և հայդուկը, խոնարհ գլուխ տալուց հետո, պատշաճ համարեց իր կողմից մի քանի խոսք ևս ավելացնել:

«Ձերդ պայծառափայլություն,— ասաց նա,— ես չգիտեմ, թե ինչի՞ համար եք ուզում նրանց տեսնել: Նրանք մարդիկ չեն, այլ շներ։ Եվ նրանց հավատն էլ այնպիսին է, որ ոչ ոք չի հարգում»:

«Սուտ ես ասում, սատանի ծնունդ, ասաց Բուլբան, շունը ինքդ ես։ Դու ո՞նց ես համարձակվում ասել, թե մեր հավատը չեն հարգում։ Այդ ձեր հերձված հավատն է, որ չեն հարգում»:

«Է, հե՜,— ասաց հայդուկը.– բարեկամ, ես գիտեմ, թե դու ով ես, դու ինքդ նրանցից ես, որոնք ինձ մոտ արդեն նստած են: Սպասիր, ես մերոնց կանչեմ»:

Տարասը հասկացավ իր անզգուշությունը, բայց համառությունն ու զայրույթը նրան խանգարեցին սխալն ուղղելու միջոցը գտնել: Բարեբախտաբար նույն րոպեին Յանկելը կարողացավ մի ճար անել: [ 126 ] «Պայծառափայլ պան, այդ ինչպե՞ս կարելի է, որ կոմսը կոզակ լինի: Իսկ եթե նա կոզակ լիներ, որտեղի՞ց նա կարող էր գտնել այդպիսի զգեստ և ունենալ կոմսի կերպարանք»:

«Ու՞մ ես ուզում խաբել,— և հայդուկը բերանը լայն բացեց, որ կանչի յուրայիններին:

«Ձերդ արքայական մեծություն, լռեցե՛ք, լռեցե՜ք, ի սեր աստծո,— աղաղակեց Յանկելը։— Լսեցե՛ք, մենք դրա համար ձեզ այնքան փող կտանք, որ դուք երբեք չեք տեսել. մենք ձեզ երկու կարմիր ոսկի կտանք»:

«Հըմ, երկու ոսկի։ Երկու ոսկին ի՞նչ է ինձ համար։ Ես միայն սափրիչին եմ երկու ոսկի տալիս, որ մորուքիս կեսը խուզի։ Ջհուդ, ինձ հարյուր ոսկի տուր»։

Այդ խոսքի վրա հայդուկը ոլորեց վերին բեղը։

«Իսկ եթե հարյուր ոսկի չտաս, այս րոպեին կգոռամ»։

«Էյ ինչո՞ւ այդքան շատ»,- վշտագին ձայնով ասաց գունատված ջհուդը և բացեց իր կաշվե քսակի բերանը։ Բայց նա բախտավոր էր, որ քսակի մեջ ավելի չկար, իսկ հայդուկը հարյուրից բարձր հաշվել չգիտեր։

«Պան, պան, գնանք շուտով։ Տեսնում եք ինչ վատ մարդիկ են»,— ասաց Յանկելը, նկատելով, որ հայդուկը ձեռքում տնտղում է դրամը, կարծես ափսոսալով, որ ավելին չի պահանջել։

«Ի՞նչ է, սատանի հայդուկ,— ասաց Բուլբան,– փողերդ առար, իսկ ցույց տալ չե՞ս ուզում։ Ո՛չ, դու պիտի ցույց տաս: Եթե փողերն առար, դու այժմ իրավունք չունես մերժելու»։

«Կորեք գնացե՛ք, թե չէ այս րոպեիս իմաց կանեմ և ձեզ տեղնուտեղը… Ասում եմ շուտ քաշվե՛ք, հեռացե՛ք…»։

«Պան, պան, գնանք, աստված վկա, գնանք։ Թու՛, դրանց… Թող աստված դրանց գլխին քար ու կարկուտ թափի»,— գոչեց խեղճ Յանկելը։

Բուլբան դանդաղ, գլուխը խոնարհած շրջվեց և ետ դարձավ։ Յանկելը կշտամբում էր նրան, և իզուր կորցրած ոսկիների վիշտը կրծում էր նրան։

«Ի՞նչ պետք էր դիպչել։ Շունը հայհոյում էր, թող հայհոյեր։ Դրանք այնպիսի մարդիկ են, որ չեն կարող չհայհոյել։ Օ՛հ, աստված իմ, ինչպիսի բախտ ես շնորհում մարդկանց: [ 127 ] Հարյուր ոսկի միայն նրա համար, որ մեզ քշեց: Իսկ մեզ նմանի կավիքները կպատառոտեն, մռութը կջարդեն, այնպես որ նայել իսկ չի կարելի, և ոչ ոք հարյուր ոսկի չի տա: Օ՜ աստված իմ, ողորմած աստված»։

Բայց այդ անհաջողությունն ավելի շատ ազդել էր Բուլբայի վրա։ Նրա աչքերում այդ արտահայտվում էր որպես ամեն ինչ լափող հուր։

«Գնանք,- ասաց նա հանկարծ, կարծես թե իրեն թափահարելով,-գնանք հրապարակը։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրան տանջելու»։

«Օ՜հ, պան, ինչի՞ համար գնանք։ Դրանով հո չենք կարող օգնել»։

«Գնա՛նք»,- համառությամբ ասաց Բուլբան, և ջհուդը, դայակի նման հառաչելով, քարշ եկավ նրա հետևից։

Դժվար չէր գտնել այն հրապարակը, որտեղ պիտի կատարվեր մահվան պատիժը, ամեն կողքից ժողովուրդը թափվում էր այնտեղ։ Այն դարում այդ ամենագրավիչ տեսարաններից մեկն էր ոչ միայն ամբոխի, այլև բարձր դասերի համար։ Բազմաթիվ աղոթասեր պառավներ, բազմաթիվ երիտասարդ աղջիկներ և ամենավախկոտ կանայք, որոնք հետո ամբողջ գիշեր երազի մեջ տեսնում էին արյունաթաթախ դիակներ և քնատ բղավում էին այնքան բարձր, ինչպես կարող է բղավել միայն հարբած հուսարը,- նրանք բոլորն, այնուամենայնիվ, բաց չէին թողնում հետաքրքրությունը հագեցնելու առիթը։ «Ա՜խ, ինչ տանջանք է»,- հիստերիկ տենդով աղաղակում էին նրանցից շատերը, բայց և այնպես կանգնում էին երկար ժամանակ։ Ոմանք բերանները բաց, ձեռքերն առաջ պարզած, կկամենային թռչել մյուսների գլխի վրա, որպեսզի այնտեղից ավելի լավ տեսնեն։ Նեղ, փոքր և սովորական գլուխների բազմության միջից մսագործը դուրս էր ցցել իր չաղ դեմքը, գիտակի տեսքով դիտում էր ամբողջ գործողության ընթացքը և միավանկ բառերով խոսում էր զինագործ վարպետի հետ, որին անվանում էր սանահայր, որովհետև տոն օրերին նրա հետ միասին խմում էր գինետանը։ Ոմանք եռանդուն դատում էին, ուրիշները նույնիսկ գրազ էին բռնում, բայց մեծ մասը նրանք էին, որոնք ամրողջ աշխարհին և աշխարհում պատահած բոլոր դեպքերին նայում [ 128 ] են ոչ այլ կերպ, քան մատով իրենց քիթը փորելով։ Առաջին շարքում, հուսարների մոտ, որոնք կազմում էին քաղաքային պահնորդ զորքը, կանգնել էր մի երիտասարդ ազնվական և կամ ազնվականի նման մի երիտասարդ, զինվորական տարազով. նա հագել էր այն ամենը, ինչ ուներ, այնպես որ նրա բնակարանում մնացել էին միայն պատառոտված շապիկը հին կոշիկները։ Նրա վզից, մեկը մյուսի վրայից երկու շղթա կար կախված՝ մի դուկատի հետ։ Նա կանգնել էր իր սիրած աղջկա՝ Յուզիսյայի հետ և անդադար չորս կողմն էր նայում, որպեսզի որևէ մեկը չկեղտոտի աղջկա մետաքսյա զգեստը։ Նա ամեն ինչ հասկացնում էր իր սիրածին, այնպես որ որևէ բան ավելացնելն անկարելի էր. «Ահա այս, իմ հոգյակս, իմ Յուզիսյա,- ասում էր նա.- այս ամբողջ ժողովուրդը, որ տեսնում եք, հավաքվել է, որպեսզի տեսնի, թե ինչպես են հանցավորներին պատժելու։ Իսկ ա՛յ, այն մարդը, որ տեսնում եք, որը ձեռքին կացին և ուրիշ գործիքներ ունի, նա դահիճն է և նա է կտրելու նրանց գլուխը։ Եվ երբ սկսի անվահար անելով սպանել և այլ ուրիշ չարչարանքներ տալ, հանցագործը դեռ կենդանի կլինի, իսկ երբ գլուխը կտրեն, այն ժամանակ, հոգյակս, նա իսկույն ևեթ կմեռնի։ Սկզբում կգոռա և կշարժվի, բայց հենց որ գլուխը կտրեն, այն ժամանակ նա չի կարող ոչ գոռալ, ոչ ուտել և ոչ էլ խմել, որովհետև, հոգյակս, նա այլևս գլուխ չպիտի ունենա»։ Եվ Յուզիսյան այդ ամենը լսում էր հետաքրքրությամբ ու երկյուղով։ Տների կտուրները բռնված էին ժողովրդով։ Տանիքների վրա շինած պատուհաններից դուրս էին նայում զարմանալի, տարօրինակ դեմքեր՝ բեղերով և գլխաշորի նման բաներով։ Ազնվականները նստել էին պատշգամբներում, ամպհովանու տակ։ Ժպտացող և շաքարի նման շողացող պաննայի չքնաղ ձեռքը հանգչում էր պատշգամբի ճաղերին։ Պայծառափայլ պաները՝ բավական թանձրամարմին, նայում էին վեհ կերպարանքով։ Սպասավորը, փայլուն զարդարանքով, թևքերը վեր քաղած, հենց այդտեղ մատուցանում էր զանազան խմիչքներ և ուտելիք։ Սևաչյա չարաճճի մի աղջիկ հաճախ իր լուսեղեն ձեռքով առնում էր կարկանդակ կամ պտուղներ և շպրտում ժողովրդի կողմը։ Քաղցած ասպետները մեկնում էին իրենց գդակները, և մի որևէ բարձրահասակ ազնվական, որ [ 129 ] հագել էր սևացած ոսկերիզ և խունացած կարմիր վերնազգեստ իր երկար ձեռքերով առաջինն էր բռնում, համբուրում էր ստացած որսը, սեղմում էր կրծքին և ապա բերանը տանում: Պատշգամբի տակ ոսկեզօծ վանդակում կախած բազեն ևս հանդիսատես էր, նա կտուցը կողքի վրա ծռած և մագիլը բարձրացրած նույնպես ուշադիր նայում էր ժողովրդին: Բայց ամբոխը հանկարծ աղմկեց, և ամեն կողմից ձայներ լսվեցին.

«Բերո՜ւմ են, կոզակներին բերո՜ւմ են»։

Նրանք գալիս էին գլխաբաց և երկար ցցունքներով։ Նրանք մորուք էին թողել։ Գալիս էին ո՛չ երկչոտ և ո՛չ մռայլ, այլ մի տեսակ անդորր հպարտությամբ, թանկագին մահուդից կարած նրանց զգեստները մաշվել և ծվեն-ծվեն կախվել էին, նրանք չէին նայում և չէին ողջունում ժողովրդին։ Ամենից առաջ գալիս էր Օստապը։

Ի՞նչ զգաց ծերունի Բալբան, երբ տեսավ իր Օստապին։ Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ նրա սրտում։ Ամբոխի միջից նա նայում էր նրան և նրա աչքից չէր վրիպում Օստապի և ոչ մի շարժումը։ Նրանք արդեն մոտեցան կառափնատեղին։ Օստապը կանգ առավ։ Առաջինը նրան էր վիճակված խմել այդ դառն բաժակը։ Նա նայեց յուրայիններին, ձեռքերը վեր բարձրացրեց և բարձրաձայն ասաց. «Տա՛ աստված, որ ինչքան հերետիկոսներ կան այստեղ, այդ անօրենները թող չլսեն, թե ինչպես է տանջվում քրիստոնյան, և թող մեզնից ոչ ոք և ոչ մի հառաչ չհանի»։ Ապա նա մոտեցավ կառափնարանին։

«Ճիշտ է, որդիս, ճիշտ է»,- մեղմ ասաց Բուլբան և ցած խոնարհեց ալեհեր գլուխը:

Դահիճը քաշեց և հանեց Օստապի ցնցոտիները, կապեցին նրա ձեռքերը և ոտքերը, դրին հատկապես պատրաստած մամուլի մեջ և… ընթերցողներին չհուզենք դժոխային տանջանքների նկարագրով, որից նրանց մազերը կցցվեին։ Այդ տանջանքներն այն բիրտ և դաժան դարի ծնունդն էին, երբ մարդը վարում էր դեռևս ռազմական քաջագործությունների արյունռուշտ կյանք և կոփվել էր այդ կյանքում ու չէր զգում մարդկայնություն։ Ոմանք՝ սակավաթիվ անձինք, որոնք այդ բիրտ դարում բացառություն էին, ոմանք իզուր էին հակառակում [ 130 ] այդ սարսափելի միջոցների դեմ։ Իզուր էին թագավորը և սակավաթիվ ասպետները, որոնք լուսավոր խելք և հոգի ունեին, իզուր էին նրանք կարծում, որ պատիժների այդպիսի խստությունը կարող է միայն բորբոքել կոզակների վրեժխնդրությունը։ Սակայն թագավորի և իմաստուն կարծիքների զորությունը ոչինչ էր անկարգության և պետական մագնատների անվեհեր կամքի առաջ, մագնատներ, որոնք իրենց անխոհեմությամբ, որևիցե հեռատեսության անըմբռնելի բացակայությամբ, երեխայական ինքնասիրությամբ և չնչին գոռոզությամբ սեյմը դարձրել էին վարչության երգիծանք։ Օստապը հսկայի նման դիմացավ տանջանքներին և չարչարանքներին։ Լսելի չեղավ ոչ մի աղաղակ և ոչ մի հառաչ նույնիսկ այն ժամանակ, երր սկսեցին կոտրատել ձեռքերի և ոտքերի ոսկորները, երբ ոսկորների սոսկալի ճարճատյունը լսեցին քարացած ամբոխի հեռավոր հանդիսականները, երր պաննաները երեսները դարձրին, նրա շրթունքներից չթռավ ոչինչ հառաչի նման, և նրա դեմքը չցնցվեց: Բազմության մեջ կանգնել էր Տարասը, գլուխը խոնարհած և միևնույն ժամանակ աչքերը հպարտությամբ վեր բարձրացրած, նա միայն խրախուսիչ ձայնով ասում էր. «Ճիշտ է, որդիս, ճիշտ է»։

Բայց երբ հասան մահվան վերջին տանջանքները, թվաց, թե սկսեց տեղի տալ նրա ուժը։ Եվ նա աչքերը չորս կողմը դարձրեց, աստված իմ, բոլորին անծանոթ և բոլորն ոտար մարդիկ էին։ Թեկուզ իր մտերիմներից մեկը նրա մահվան ժամին ներկա չլիներ։ Նա չէր կամենա լսել իր խեղճ մոր հեկեկալը և կոծելը և կամ խելագար ողբը իր կնոջ, որ փետում էր մազերը և ծեծում սպիտակ կուրծքը, նա այժմ կկամենար տեսնել արիասիրտ մի տղամարդու, որ իմաստուն խոսքով սիրտ տար նրան և մխիթարեր մահվան ժամին։ Եվ թուլացավ նրա ուժը, և նա հոգեկան անզորությամբ աղաղակեց.

«Որտե՞ղ ես, բատկո, լսո՞ւմ ես դու»։

«Լսո՛ւմ եմ»,- հնչեց համատարած լռության մեջ, և միլիոնավոր ժողովուրդը միաժամանակ ցնցվեց։ Ձիավոր զորականների մի մասը վրա վազեց, որ ուշադիր զննի ժողովրդի բազմությունը. Յանկելը գունատվեց, մեռելի գույն ընդունեց, [ 131 ] և երբ զորականներ նրանից մի քիչ հեռացան, նա վախեցած ետ դարձավ, որպեսզի նայի Տարասին, բայց Տարասն այլևս նրա կողքին չէր: Նրա հետքն անգամ չէր մնացել։

XII

Տարասի հետքը գտնվեց։ Ուկրաինայի սահմաններում երևաց կոզակների հարյուր քսան հազարանոց զորքը։ Այդ արդեն մի աննշան զորամաս չէր և ոչ էլ որևէ զորագունդ, որ ելել էր ավար առնելու կամ թաթարներին հետապնպելու: Ո՛չ, վեր էր կացել ամբողջ ազգը, որովհետև արդեն լցվել էր, ժողովրրի համբերությունը։ Վեր էին կացել վրեժ առնելու իրենց ոտնահարված իրավունքների, իրենց խայտառակ ստորացման, նախահայրերի հավատի և սրբազան սովորությունների անարգման, եկեղեցիների ձազանքի, օտարազգի պաների վայրագությունների, ճնշման և ունիայի համար, քրիստոնյաների երկրում ջհուդների անարգ տիրապետության և այն բոլորի համար, որ վաղ ժամանակներից կուտակել է կրկնապատկել էր կոզակների դաժան ատելությունը։ Երիտասարդ, բայց ոգով արի հեթման Օստրանիցան առաջնորդում էր կոզակների անթիվ-անհամար բանակը։ Նրա հետ էր նրա փորձված ընկեր և խորհրդատու ծերունի Գունյան։ Ութ գնդապետներ առաջնորդում էին յուրաքանչյուր տասներկու հազարանոց զորագունդ։ Հեթմանի հետևից գնում էին երկու ավագ եսաուլ և ավագ բունչուժնին։ Գլխավոր խորունժին առաջնորդում էր մայր դրոշը, հեռվում ծփում և ծածանվում էին բազմաթիվ ուրիշ դրոշակներ և խաչվառներ, մի քանիսը տանում էին բունչուկները։ Կային ուրիշ այլ աստիճանավորներ՝ զորագնդերի, գումակի զորականներ, զորագնդի գրագիրներ և նրանց հետ ձիավոր և հետևակ զորամասեր, որքան ռեեստրային կոզակներ կային, համարյա այնքան էլ եկել էին կոզակներ սեփական ձիերով և ազատ կոզակներ։ Կոզակները եկել էին ամեն կողմից՝ Չիգիրինից, Պերեյասլավից, Բատուրինից, Գլուխովից, Դնեպրի ստորին կողմերից և նրա բոլոր ակունքներից և կղզիներից։ Դաշտերով անցնում էին անթիվ ձիեր և սայլերի անհամար խմբեր։ Եվ հենց այդ կոզակների մեջ, այդ ութ զորագնդերի մեջ ամենից ընտիրը մի զորա [ 132 ] գունդ էր և այդ զորագնդին առաջնորդում էր Տարաս Բուլբան: Նրա պատկառելի հասակը, փորձառությունը, զորքը ղեկավարելու կարևորությունը և ամենքից ավելի զորեղ, թշնամու հանդեպ ունեցած ատելությունը նրան մյուսներից ավելի կշիռ էր տալիս։ Նրա անողոք խստությունը և դաժանությունը մինչև անգամ իրենց՝ կոզակներին թվում էր չափից ավելի։ Նրա ալեհեր գլուխը որոշում էր միայն կրակ ու կախաղան, և զորական խորհրդում նրա խորհուրդները շնչում էին միայն բնաջնջմամբ։

Ավելորդ է նկարագրել բոլոր պատերազմները, երբ քաջամարտիկ էին կոզակները, ինչպես և հարկ չկա նկարագրելու ողջ արշավի աստիճանական ընթացքը, այդ ամենը գրված են տարեգրության մատյաններում։ Հայտնի է, թե ռուսական երկրում ինչպես է ընթանում պատերազմը հանուն հավատի։ Չկա ուժ հավատից ավելի հզոր։ Նա անպարտելի է և ահեղ, ինչպես հարափոփոխ և փոթորկահույզ ծովի մեջ անձեռակերտ ժայռը։ Ծովի խորունկ խորքերից դեպի երկինքն են բարձրանում նրա անխորտակելի պատերը, որոնք ստեղծված են մի և ամբողջական քարից։ Ամեն կողմից նա երևում է և շեշտակի նայում է կողքով վազող ալիքների աչքերին։ Եվ վա՜յ նավին, որ կբախվի նրան, ինչպես՝ տաշեղներ կթռչեն՝ նրա սարվածները, ամեն ինչ կփշրվի և կսուզվի անդունդը, և օդը կլցվի խեղդվողների ողբալի աղաղակներով։

Տարեգրության մատյաններում մանրամասն նկարագրված է, թե ինչպես ազատագրվող քաղաքներից փախչում էր լեհացիների պահակազորը, ինչպես էին կախում ջհուդ անխիղճ վարձակալներին, ինչպես թագավորական հեթման Նիկոլայ Պստոցկին իր անհամար բանակով անզոր էր դիմադրելու այդ անհաղթահարելի ուժին, թե ինչպես, պարտված և հալածված, նա մի աննշան գետակի մեջ խեղդեց իր բանակի թագն ու պսակը, ինչպես Պոլոննի՝ անվայել փոքրիկ ավանի մոտ կոզակների ահեղ զորագնդերը շրջապատեցին նրան, և ինչպես վերջին ծայրահեղության հասած լեհացի հեթմանը թագավորի և պետական աստիճանավորների անունից երդմամբ խոստացավ լիովին գոհացում տալ կոզակներին և վերավարձնել նրանց վաղեմի իրավունքները և առանձնաշնորհումները։ Բայց կոզակներն այնպիսի մարդիկ չէին, որ խաբվեին այդ [ 133 ] խոստումով, նրանք գիտեին արդեն, թե ինչ ասել է լեհացու երդում։ Եվ Պոտոցկին, նստած իր վեց հազար ոսկի արժող նժույգի վրա, այլևս սիգափայլ չէր շքեղանա, գրավելով անվանի պաննաների հայացքները և ազնվականների նախանձը, նա չէր աղմկի սեյմում, սենատորների համար փառահեղ խրախճանք սարքելով, եթե նրան չփրկեր այդ փոքրիկ ավանում եղած ռուս հոգևորականությունը։ Երբ կոզակներին դիմավորելու դուրս եկան բոլոր քահանաները՝ պայծառ և ոսկեկար շուրջառներով, խաչով և խաչվառներով, և առջևից՝ ինքը եպիսկոպոսը, հովվական խույրը գլխին և խաչը ձեռքին, բոլոր կոզակները խոնարհեցին գլուխները և գդակները հանեցին։ Այն ժամանակ նրանք թագավորից ցածր և ոչ ոքի չէին խնայի, սակայն չհամարձակվեցին ընդդիմանալ իրենց քրիստոնյա եկեղեցուն և հարգեցին իրենց հոգևոր հայրերին։ Հեթմանը զորապետների հետ միասին համաձայն եղավ ազատ արձակելու, Պոտոցկուն, նրանից երդմամբ խոստում առնելով, որ նա անձեռնմխելի կթողնի բոլոր քրիստոնեական եկեղեցիները, կմոռանա հին թշնամությունը և այլևս կոզակների զորքին որևէ վնաս չի հասցնի։ Միայն մի զորապետ չհամաձայնվեց այդ դաշինքին։ Այդ մեկը Տարասն էր։ Նա պոկեց իր գլխի մազերից մի փունջ և բղավեց.

«Է՜յ, հեթման զորապետներ, կնիկարմատի այդպիսի գործ մի՛ անեք, մի՛ հավատաք լեհացիներին, կդավաճանեն շան ձագերը»։ Իսկ երբ զորագնդի գրագիրը մատուցեց պայմանները, և հեթմանը դրոշմեց իր հզոր ձեռքով, Տարասն արձակեց իր մեջքից ազնիվ պողպատը, տաճկական թանկագին և առաջնակարգ երկաթե թուրը, կոտրեց մեջտեղից, ինչպես եղեգն և երկու կտոր շպրտեց հեռու և զանազան կողմեր, ասելով. «Դե, մնաք բարով։ Ինչպես չե՛ն միանա իմ թրադաշույնի երկու կտորները և չե՛ն կազմի մի թուր, այնպես էլ մենք, ընկերներ, այս աշխարհում այլևս իրար չենք հանդիպի։ Հիշեցեք ուրեմն իմ հրաժեշտի խոսքը…» (Այս խոսքի վրա նրա ձայնը հզորացավ, ավելի և ավելի բարձրացավ, ընդունեց խորհրդավոր ուժ, և ամենքն այլայլվեցին մարգարեական այդ խոսքերից). «Ձեր մահվան ժամին դուք ինձ կհիշեք։ Դուք գիտեք, թե խաղաղություն և դաշի՞նք եք ձեռք բերել և մտածում եք պաներ դառնալ, դուք պան կդառնաք, բայց [ 134 ] ուրիշ պան. հեթման, նրանք կքերթեն քո գլխի կաշին, կլցնեն արինջի թեփով և երկար ժամանակ ման կածեն տոնավաճառներում։ Դուք էլ չեք փրկի ձեր գլուխները, պանե՛ր, կոչնչանաք խոնավ զնդաններում, կթաղեն ձեզ քարե պատերի մեջ, եթե ձեզ ոչխարների նման ողջ-ողջ չխաշեն կաթսաներում»։

«Իսկ դո՞ւք, տղերք,- շարունակեց նա, դառնալով յուրայիններին.-ձեզնից ո՞վ է ուզում մեռնել իր մահով, մեռնել ոչ թե օջախի մոտ և կամ կնկա տեղաշորում և ոչ էլ գինետան առաջ հարբած մեռնել, ինչպես վայել է զզվելի արարածին, այլ մեռնել կոզակի ազնիվ մահով, բոլորս մի մահճում, ինչպես հարսը փեսայի հետ։ Կամ գուցե դուք ուզում եք տուն վերադառնալ և դառնալ կաթոլիկ անհավատներ և երբ շալակների վրա ման ածել լեհացի տերտերների՞ն»։

«Քեզ հե՛տ, պան զորավար, կգանք քեզ հետ,- բղավեցին բոլորը, որոնք Տարասի զորագնդում էին, և նրանց միացած նաև ուրիշ գնդերից շատերը։

«Ինձ հետ, ուրեմն ինձ հետ»,- ասաց Տարասը, գդակը խոր կախեց գլուխը, բոլոր մնացողներին ահեղ նայեց, հեծավ իր նժույգը և կանչեց յուրայիններին։ «Թող ոչ ոք չնախատի մեզ ծանր խոսքով։ Դե, հա՛յդե, տղերք, հյուր գնանք կաթոլիկներին»։ Եվ մտրակեց ձին, ու նրա հետևից ձգվեց հարյուր սայլ ու սայլերի հետ բազմաթիվ ձիավոր և հետևակ կոզակներ, և ետ նայելով բոլոր մնացողներին խարազանեց իր հայացքով, և զայրացկոտ էր նրա հայացքը։ Ոչ ոք չհանդգնեց ետ պահել նրանց։ Զորագունդը հեռանում էր ամբողջ զորքի աչքերի առաջ, և դեռ երկար ժամանակ Տարասը ետ էր նայում և սպառնում:

Այլայլված կանգնել էին հեթմանը և զորապետները, բոլորը խոր մտածմունքի մեջ էին և լուռ էին երկար ժամանակ, կարծես նրանց ճնշում էր մի ինչ-որ ծանր գույժ։ Իզուր չէր գուշակել Տարասը։ Եվ եղավ այն բոլորը, ինչ որ նա գուշակել էր։ Ուխտադրուժ վարմունքից մի քանի ժամանակ անց, Կանեի մոտ հեթմանի գլուխը բարձրացրին ցցի վրա, ուրիշ ականավոր շատ ավագների գլուխների հետ։

Իսկ ո՞ւր Էր Տարասը։ Իր զորագնդի հետ Տարասն ասպատակում էր ողջ Լեհաստանում. նա հրդեհեց տասնութ ավան, [ 135 ] մոտ քառասուն լեհական եկեղեցի և արդեն մոտենում էր Կրակովին: Լեհացի շատ ազնվականների ջարդեց նա, կողոպտեց հարուստ և հռչակված ամրոցներ. կոզակները փշրում էին ամանները և գետին թափում հարյուրամյա գինին ու մեղրը, որ անձեռնմխելի պահվում էին պաների մառաններում: Թրերով կտրատում և հրդեհում էին թանկարժեք մահուդներ, զգեստներ և կահկարասի, որ հանում էին նկուղներից: «Ոչինչ չխնայեք»,– կրկնում էր միայն Տարասը: Կոզակները չէին մեղքանում մրահոն պաննաներին, ճերմակ կրծքով և լուսերես կույսերին, որոնք չէին փրկվում նույնիսկ եկեղեցիների բեմի մոտ. Տարասը կրակին էր մատնում և՛ նրանց, և՛ եկեղեցիները: Կրակի բոցերի միջից դեպի երկինք էին կարկառում բազմաթիվ ձյունաթույր ձեռքեր, լսվում էին ողբի աղաղակներ, որոնցից կճեղքվեր մայր հողը, և տափաստանի խոտն ափսոսանքից կխոնարհեր գլուխը: Սակայն խստասիրտ կոզակները չէին ունկնդրում ոչ ոքի և նիզակների ծայրով փողոցից բարձրացնելով մանուկներին, շպրտում էին կրակի մեջ, դեպի նրանց: «Այս հոգեհանգիստ է իմ Օստապի համար, ապիրատ լեհեր»,— ասում էր միայն Տարասը: Եվ Օստապի համար այդպիսի հոգեհանգիստ նա կատարում էր ամեն գյուղում, մինչև լեհական կառավարությունը տեսավ, որ Տարասի արածը սովորական ասպատակից ավելի է, և հենց նույն Պոտոցկուն հրահանգվեց հինգ զորագնդով անպայման բռնել Տարասին:

Արահետներով վեց օր կոզակները խույս էին տալիս հետապնդողներից, ձիերը հազիվ էին դիմանում այդ արտասովոր փախուստին և փրկում էին կոզակներին: Բայց այս անգամ Պոտոցկին արժանի էր իրեն հանձնարարված գործին. նա անխոնջ հետապնդեց նրանց և վրա հասավ Դնեստրի ափին, որտեղ Բուլբան թեթև դադարի համար գրավել էր կիսավերակ մի բերդ:

Դնեստր գետի զառիվայր ափին բարձրացել էր բերդը, և երևում էին նրա պատռված պատնեշն ու ավերակ պարիսպների բեկորները: Խիճով և փշրված աղյուսով էր պատած սրածայր ժայռի կատարը, որ ամեն րոպե կարող էր պոկվել և գլորվել անդունդը: Այդտեղ էլ երկու կողմից, որ նայում էին դեպի դաշտը, նրան օղակեց թագավորական հեթման Պոտոց [ 136 ] կին: Կոզակները չորս օր կռվեցին և պայքարեցին, թշնամու գլխին թափելով քարերը և աղյուսները: Սակայն վերջացավ պաշարը, նրանք ուժասպառ եղան, և Տարասը վճռեց ճեղքել թշնամու օղակը: Եվ կոզակներն արդեն համարյա պատռել էին շղթան, և գուցե թե նրանց արագավազ ձիերը մի անգամ էլ հավատարիմ ծառայեին նրանց, երբ հանկարծ, հենց սրնթաց վազքի ժամանակ Տարասը կանգ առավ և բղավեց. «Կա՛ց, չիբուխս թութունի հետ ընկավ, չեմ ուզում, որ չիբուխս էլ ընկնի թշնամու ձեռքը»: Եվ կռացավ ծերունի ատամանը, խոտերի մեջ սկսեց փնտրել ծխախոտի ամանը և ծխամորճը, որ նրա անբաժան ընկերն էր ծովերի վրա և ցամաքում, և՛ կռիվների մեջ, և՛ տանը: Ւսկ այդ ժամանակ վրա վազեց մի հրոսակախումբ և բռնեց նրա զորեղ բազուկները: Նա փորձեց թափահարել ոտքերն ու ձեռքերը, բայց առաջվա նման գետին չգլորվեցին նրան բռնող հայդուկները: «Հե՜յ գիտի ծերություն»,— ասաց նա, և լաց լացեց հաղթանդամ և ալեհեր կոզակը: Բայց հանցավոր չէր ծերությունը. նրանց ուժը հաղթել էր Տարասին. երեսունից ավելի մարդ էր կախվել նրա ձեռքերից և ոտքերից: «Բռնվեցի՜ր, ագռավ»,– աղաղակում էին լեհերը: «Հիմա հարկավոր է միայն մտածել, թե ինչպիսի պատիվ տանք այս շանը»: – Եվ հեթմանի թույլտվությամբ որոշեցին նրան կենդանի վառել բոլորի առաջ: Հենց այդտեղ մի մերկ ծառ կար, որի կատարը փշրվել էր կայծակից: Երկաթե շղթաներով Տարասին քարշ տվին ծառի բնի մոտ, բևեռներով մեխեցին նրա ձեռքերը և նրան ավելի վեր բարձրացնելով, որպեսզի ամեն կողմից կոզակը երևար, սկսեցին ծառի տակ խարույկ պատրաստել: Սակայն խարույկին չէր նայում Տարասը և ոչ էլ մտածում էր կրակի մասին, որով պատրաստվում էին նրան վառել. այդ սիրելի մարդը նայում էր այն կողմը, որտեղ հրաձգությամբ պաշտպանվում էին կոզակները, բարձունքից նա ամեն ինչ պարզ տեսնում էր: «Գրավեցե՛ք, տղերք, իսկույն գրավեցեք,– բղավեց նա,– այն բլուրը, որ անտառի այն կողմն է. նրանք այդ բլուրին չեն մոտենա»: Սակայն քամին նրա խոսքերը տեղ չհասցրեց: «Ա՜հ, պիտի կորչեն, իզուր պիտի կորչեն»,– համարձակ ասաց նա և նայեց ներքև, որտեղ շողում էր Դնեստրը: Նրա աչքերում փայլատակեց ուրախությունը: Նա [ 137 ] տեսավ երեք նավախել, որ երևացին մացառուտի հետևից, և որքան ուժ ուներ, գոռաց սաստկաձայն, «Դեպի ափը, տղե՜րք, դեպի ափը, իջեք բլուրի տակով, ձախ կողմով իջեք: Ափի մոտ նավակներ են կանգնած, բոլորը տարեք, որպեսզի հետամուտ չլինեն»:

Այս անգամ քամին փչեց մյուս կողմից, և կոզակները լսեցին նրա բոլոր խոսքերը: Բայց այդ խորհրդի համար կացնի կոթով այնպես զարկեցին նրա գլխին, որ աչքերի առաջ ամեն ինչ շաղվեց:

Բլուրի տակով կոզակները շտապ իջան, նրանց թիկունքից՝ հետապնդողները: Կոզակները տեսան, որ ճանապարհը խառնվում, ծռվում է և ունի շատ ավելորդ կեռմաններ: «Է՜, ընկերներ, էլ տեղ չկա»,— ասացին բոլորը, մի ակնթարթ կանգ առան, բարձրացրին մտրակները, շառաչեցին մտրակները, և նրանց թաթարական ձիերը գետնից պոկվելով, օձի պես ձգվեցին օդի մեջ, թռան անդունդի վրայով և շրմփացին ուղիղ Դնեստրի մեջ: Միայն երկու հոգի չհասան մինչև գետը և բարձունքից ընկան քարերի վրա, այնտեղ հավիտյան կորան իրենց ձիերի հետ և նույնիսկ չկարողացան աղաղակ արձակել: Իսկ կոզակները ձիերի հետ լողում էին գետի մեջ և արձակում էին նավակները: Անդունդի եզրին լեհացիները կանգ առան, կոզակների չլսված քաջագործության վրա զարմանալով, կանգ առան և մտածեցին՝ թռչե՞լ, թե ոչ: Մի երիտասարդ զորապետ՝ ժիր և տաքարյուն, որը խեղճ Անդրիին հրապուրող չքնաղ լեհուհու հարազատ եղբայրն էր, երկար չմտածեց և ամբողջ թափով ձիու հետ իրեն նետեց կոզակների հետևից: Օդի մեջ ձիու հետ նա երեք անգամ պտույտ արեց և ուղղակի զարնվեց սրածայր քարերին: Սուր քարերը նրան կտոր-կտոր քրքրեցին, և նա կորավ անդնդում, և նրա ուղեղն արյան հետ խառնվելով ցայտեց անդունդի անհարթ պատերին բուսած թփերի վրա:

Երր Տարաս Բուլբան հարվածից սթափվեց և նայեց Դնեստրին, կոզակներն արդեն նավակների վրա էին և թիավարում էին, վերևից նրանց վրա էին տեղում գնդակները, բայց նրանց չէին հասնում: Եվ ուրախությամբ բոցկլտացին ծերունի ատամանի աչքերը: «Մնաք բարով, ընկերնե՛ր,– վերևից կանչեց նա նրանց,– [ 138 ] հիշեցե՛ք ինձ և եկող գարնանը նորից այստեղ եկեք և մի լավ զվարճացեք: Ի՞նչ, կերա՞ք, անիծված լեհեր։ Մի՞թե կարծում եք, որ աշխարհում մի բան կա, որից վախենա կոզակը: Սպասեք դեռ, ժամանակ կգա, կհասնի այդ ժամանակը, և դուք կիմանաք, թե ինչ ասել է ռուսական ուղղափառ հավատ: Հեռու և մոտիկ ժողովուրդները հիմա էլ զգում են. ռուսական երկրից կբարձրանա նրա թագավորը, և աշխարհում չի լինի ոչ մի ուժ, որ չխոնարհվի նրա առաջ…»:

Իսկ խարույկի բոցն արդեն բարձրանում էր, և կրակը հափշտակում էր նրա ոտքերը, և բոցերով բռնկվում էր ծառը… Բայց մի՞թե աշխարհում կան այնպիսի կրակներ, տառապանք և այնպիսի ուժ, որ հաղթեն ռուսական ուժին:

Փոքր գետ չէ Դնեստրը, և նա շատ գետախորշեր, թանձր եղեգնուտներ, ծանծաղուտներ և խորանդունդ տեղեր ունի, փայլում է գետի հայելին, և հնչում են կարապների աղիողորմ ճիչերը, հպարտ ջրասույզ բադն արագ սլանում է ջրերի վրա, և բազմաթիվ կտցարներ, կարմրաքուջ գետահավեր և ուրիշ այլ թռչուններ ապրում են եղեգնուտներում և գետափին։ Աշխույժ լողում էին կոզակների երկղեկանի նավակները, կոզակները համերաշխ թիավարում էին, զգուշությամբ խույս տալիս ծանծաղուտներից, անհանգստացնելով վեր ճախրող թռչուններին, և զրուցում էին իրենց ատամանի մասին: