Jump to content

Տարեմուտի երգերից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տարեմուտի երգերից
ՏԱՐԵՄՈԻՏԻ ԵՐԳԵՐԻՑ

Ե՛կ, ընկե՛ր իմ, էլի՛ ասենք
էս նոր-տարուն Նո՛ր բարև,
էլի՛ հուսանք ու երազենք
էս մութ օրին — լո՜ւյս արև...

Հինը անցա՜վ, հինը գընա՜ց...
Աստված անի՜ — հե՛տ չըգա.
Մեր դարդերին նա խո՜ւլ մընաց,
Մեր ցավերին՝ լո՜ւռ վըկա...

Ամե՛ն ճամփորդ մութ գիշերին,
Ամե՛ն լողորդ ժանտ ծովում.
Իրան տված վառ հույսերին՝
Երազնե՜ր է միշտ շոյում...

Մե՛նք էլ, ընկե՛ր, արի՛ ասենք
էս նոր-տարուն նո՛ր բարև,
էլի՛ հուսանք ու երազե՛նք
էս մութ օրին — լո՜ւյս արև...