Տափան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տափան

Դանիել Վարուժան


Տափան


Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`
Երբ միանա հողին գեջ:

Տափա՜ն, թևերըդ տարածե,
Գրկե արտերը հուռթի.
Հերկն աննըվաճ ալիք մըն է`
Զոր կ՚անդորրես դուն հեշտին:

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին`
Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
Թող սարյակներ չը տանին:

Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հըղկեց անդերը անհուն…
Այժմ հողին տակ կ՚ուռին հունտեր`
Ինչպես ծիծերն ուլերուն: