Jump to content

Տեղեկանք ցյուրիխյան արձանագրությունների իրավական կարգավիճակի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
և
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին

արձանագրությունների իրավական կարգավիճակի մասին'

Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի (22.02.2007թ.) 2-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով»:

Ըստ իս, այս ձևակերպումը շատ ավելի լայն մեկնաբանություն է տվել պայմանագիր հասկացությանը, քան առկա է միջազգային հանրային իրավունքի մեջ (տե՛ս Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիա, հոդված 2): Այսուհանդերձ, քանի որ վերոհիշյալ սահմանումը տարբերվում է, սակայն չի հակասում միջազգային իրավունքին, ապա, առաջնորդվելով դրանով, քննության առարկա դարձնենք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:

Ըստ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի վերոհիշյալ սահմանման՝ միջպետական արձանագրությունը միջազգային պայմանագիր է: Ուստի արձանագրության կնքումը «անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջություն է» (հոդված 8, կետ 1): Այսինքն՝ արձանագրության կնքումը կանոնակարգված հաջորդական գործողությունների շղթա է և պահանջում է օրենքով նախատեսված քայլերի անշեղ ու ամբողջական կատարում:

Հայաստանի Հանրապետության վկայակոչյալ օրենքը նախատեսում է պայմանագրերի՝ տվյալ դեպքում խնդրո առարկա արձանագրությունների, նախապատրաստման հետևյալ փուլերը.

Փուլ 1. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնություն.

Հայ-թուրքական արձանագրություններ կնքելու գործընթաց սկզբնավորելու համար որպես առաջին քայլ անհրաժեշտ էր նախագահի գրավոր հանձնարարականը (հոդված 8, կետ 5):

Փուլ 2. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությանն ընթացք տալ.

Արտգործնախարարությունը՝ որպես իրավասու նախարարություն, պարտավոր էր կազմել հայ-թուրքական արձանագրություններ կնքելու նպատակահարմարության մասին տեղեկանք և արձանագրությունների նախագծերը (հոդված 9, կետ 1) և ներկայացնել նախագահին (հոդված 9, կետ 2-1):

Փուլ 3. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգն սկսել.

Նախագահը, ստանալով արձանագրությունների նախագծերը, պետք է ԱԳՆ հասցեագրված պատասխան նամակով արտահայտեր իր դիրքորոշումը: Դրական դիրքորոշման դեպքում, նախագահի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ԱԳՆ-ն պարտավոր էր սկսել արձանագրությունների նախագծերի ներպետական համաձայնեցման ընթացակարգը: Այսինքն՝ պետք է արձանագրությունների կնքման մասին գրավոր ծանուցեր բոլոր շահագրգիռ գերատեսչություններին և արձանագրությունների նախագծերն ուղարկեր նրանց (հոդված 10, կետ 2):

Փուլ 4. Միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցում և միջազգային պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացում.

Շահագրգիռ գերատեսչությունները, իսկ մեր պարագայում դա բոլոր նախարարություններն են և ևս երկու տասնյակ այլ կառույցներ, ծանուցումն ու արձանագրությունների նախագծերն ստանալուց հետո՝ առավելագույնը 15 օրվա ընթացքում, պարտավոր էին իրենց իրավասության ոլորտին առնչվող հարցերի մասով գրավոր առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել իրավասու գերատեսչությանը՝ ԱԳՆ-ին (հոդված 12, կետ 1 և կետ 2):

Փուլ 5. Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիքների ամփոփում.

Իրավասու գերատեսչությունը, տվյալ դեպքում ԱԳՆ, շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո պետք է լրամշակեր կամ վերամշակեր միջազգային պայմանագրի նախագիծը (հոդված 14, կետ 1-1):

Փուլ 6. Միջազգային պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցում մյուս կողմի հետ.

ՀՀ վկայակոչյալ օրենքը նախատեսում է, որ ՀՀ միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցվում է նախաստորագրման կամ օրենքով նախատեսված այլ ձևով (հոդված 18, կետ 1): Մեր դեպքում ընտրված է նախաստորագրումը: Անհրաժեշտ է շեշտել, որ միջազգային պայմանագիրը ՀՀ կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սահմանված ընթացակարգն ավարտելուց հետո (հոդված 18, կետ 2):


Եզրակացություն.

Հաշվի առնելով, որ քննության առարկա արձանագրությունները չեն անցել սույն օրենքով նախատեսվող «անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունը», ինչպես նաև այդ արձանագրությունների նախաստորագրումն իրականացվել է առանց նախաստորագրման համար օրենքով սահմանված ընթացակարգի, ուստի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների նախաստորագրումն անվավեր է, հետևաբար արձանագրությունները ենթակա չեն ստորագրման: Ստորագրելը կլինի անօրինական քայլ:


5 հոկտեմբերի, 2009թ.