Jump to content

Տերևը՝ աղջկա ափի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԵՐԵՎԸ՝ ԱՂՋԿԱ ԱՓԻ ՄԵՋ


Ոչինչ այնքան խոցելի չէ, որքան
ծառի լռությունը նոյեմբերին։ Պարզապես
կանգնիր ծառի մոտ, ձեռքդ
դիր նրա ճյուղին՝ առանց որեւէ խոսքի
(ցանկացած բառ վիրավորական է),
եւ դիտիր, թե ինչպես են կանաչ խայտանքները
տերեւների հետ չկամորեն հեռանում,
թե ինչպես են գիժկատակ արեւները
տերեւների հետ կամաց-կամաց ծրարվում,
թե ինչպես են սիրահարների շշուկները
տերեւների հետ զարդարում անցյալի արահետները,
թե ինչպես են վառվող ամպերը
ընկնող տերեւների հետ սվսվում հազար ու մի գաղտնիքներ,
թե ինչպես են անձրեւները
տերեւների հետ հին ու չհնացած հուշեր քրքրում,
թե ինչպես են ոտնածայրով գծված կայծակները
տերեւների հետ փաթաթվում խոտերին,
թե ո՛չ աչքերով ինչպես է տեսնվում այն,
ինչը երբեք չի տեսնվում աչքերով,
թե ինչպես է ծառն ընդունում հեւիհեւ մոտեցող աղջկան,
որն իրեն, ափի մեջ, պարզել է մի տերեւ՝ քամիներից խլած...

Ժպիտը տխրություն է՝ եթե քեզ թվում է, թե
գետնատարած տերեւները ուր-որ է
պիտի գունավոր թիթեռներ դառնան ոտքերիդ առաջ,
զարկվելով դեմքիդ, երամներով բարձրանան օդ։

...Երբ հեռանալու լինես,
ձեռքդ անպայման ծառի ճյուղին դիր նորից,
իսկ ճանապարհին, եթե հանդիպես թոռութացի միջով
քեզ մոտեցող ձիու,
որի ետեւից, քարերի վրա զրնգալով, քարշ է գալիս կտրված
կապը,
չմոռանաս, խնդրում եմ, մի կարգին գլուխ տալ նրան։