Jump to content

Տիգրանուհի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Տնտեսությանը պլանով վարելու համար, ձմռան մի գիշեր Վասիլը մտքում դրեց օրագրի պես մի բան պահել, նշանակել եզան վարն ու կերը, ինչքա՞ն հաց են ուտում ամեն ամիս, քանի՞ խուրձ խոտ է հարկավոր իր երկու կովին, ե՞րբ է ծնելու կովը, քանի՞ ձու է քաղաք տանում ծախելու և այլն։

Ապագա հեռանկարների մասին մի քիչ մտածելուց հետո՝ Վասիլը շուռ եկավ կողքին և գլուխը բարձի վրա հարմար տեղավորելով, քնեց այն խոր ու հանգիստ քնով, որպիսին երևի ունենում է նավի կապիտանը փոթորկից հետո նավի սարք ու կարգը դիտելով, մինչև խաղաղ նավահանգիստը։

Վասիլի տնտեսության միակ ճեղքը հարևանի պարտքն էր և այդ ճեղքից հազար ու մի անախորժություն էր ներս մտնում, վրդովում նավի կանոնավոր ընթացքը, ճոճում, ուղղությունը կորցնում, ահ ու սարսափ տարածում նավաստիների՝ մոր, կնոջ, քրոջ ու երեխաների մեջ։

Այդ գիշեր, երբ ձմռան քամին ոռնում էր այնպես, ինչպես հազար պարտատեր միաբերան կոռնային, Վասիլի գլխում ծագած միտքը՝ օրագիր և հաշիվ պահելու մասին, անշուշտ ներքին և անքակտելի կապ ուներ պարտքի անխուսափելի հատուցման հետ։ Ամենայն հավանականությամբ բարձի վրա գլուխը հարմար տեղավորելուց առաջ, նրա գլխում ծագել է և երկրորդ միտքը՝ նավի ճեղքը Տիգրանուհով ծածկելու մասին։

Նրա օրագիրը հին, թերթերի ծայրերը մաշված երազահանի լուսանցքների վրա է գրած և կազմի կողին։ Վասիլն ամեն օր չի գրել։ Երևում է, որ գարնան սկզբին, երբ առավոտից մինչև իրիկուն քրտնել են ինքը, գոմեշը և տան անդամները, ժամանակ չի եղել ամեն օր գրելու։ Մատենագիրը բավականացել է միայն շաբաթվա կարևոր դեպքերն արձանագրելով լուսանցքի վրա, մինչև քունը հաղթեր։ Իսկ գարնան սկզբին միշտ էլ քունն է հաղթել և երկու-երեք բառ գրելուց հետո գրիչն ընկել է ձեռքից, նույնիսկ միտքը կիսատ թողնելով։

Վասիլի օրագիրը սկսվում է տան անդամների ցուցակով, որ ըստ երևույթին կազմված է հաջորդ առավոտյան, ուտելուց հետո, քանի որ թերթի անկյունում Վասիլի բութ մատի հետքը կա, թաթախված ինչ-որ պղտոր և մի քիչ էլ յուղոտ հեղուկի մեջ։

Ըստ այդ ցուցակի նավի վրա ութ մարդ էր՝ ինքը, մայրը, կինը, չորս երեխան և Տիգրանուհին։ Անունների դիմաց տան անդամների տարիքն է և այն կապը, որ ունի տան անդամը Վասիլի հետ։ Այսպես՝ «Տիգրանուհի, քույր, 16 տարեկան»։ Վասիլի կենդանի ինվենտարը երկու կով է, մի գոմեշ, ութ հավ։ Կովերն ու գոմեշը անուններով են, առանց տարիքի և տան անդամների ցուցակին անմիջապես կցած։ «Տիգրանուհի, քույր, 16 տարեկան» և հետս «Ծաղիկ կով»։


Որովհետև Վասիլը գեղագիտական նպատակի հետամուտ չի եղել, օրագրից չի կարելի որոշել, թե ինչպես էին Տիգրանուհու մազերը՝ սև թե շեկ, աչքերը կապույտ էին, թե թուխ։ Միակ հիշողությունը նրա արտաքինի մասին գրված է մայիսի 6-ին. «Տիգրանուհու համար առա դեյրա»։ Դիմացը նշանակված է գինը, որից երևում է, որ կտորը հասարակ չիթ է եղել։

Կա մի ուրիշ հիշատակություն, առանց ամսաթվի. «Տիգրանուհու համար չուստ չառա»։ Երազահանի այդ երեսին տպված է հետևյալը․ «Կոշիկ կամ տրեխ տեսանելը մեծ կորուստ է, երազն յոթն օրն կատարի»։ Կարելի է ենթադրել Տիգրանուհու տխրությունը չուստեր չունենալու համար և թե ինչպիսի երազ է թվացել մի զույգ չուստը։ Ստույգ է, որ Տիգրանուհին բոբիկ ոտքերով է գնացել քաղհանի, ինչպես նշանակել է Վասիլը մի քանի օր հետո։

Վասիլը շատ օրեր մանրամասն է գրել։ Օրինակ, հունիս 11-ին նշանակել է. «Մայրս գնացել է իր եղբոր որդու տունը ղոնաղ 4 օրով։ Վարսենիկը (կինս) զբաղված էր տանը մանր գործերով։ Կովը տվավ 12 գրվանքա կաթ, Ծաղիկը ոչ։ Տիգրանուհին գնացել էր ջաղաց ալյուր աղալու, բայց նոբաթ չլինելու պատճառով եկավ տուն։ Չէր աշխատում գոմեշը, հանգստացնելու համար գնացել էր դաշտն արածելու։ Եկավ անձրև։ Բադալի տղան տվեց իր պարտքը− կես կոտ ցորեն։ Առա մի բահի կոթ։ Եվս մի շաբաթում հավերը 12 ձու ածեցին, որից 5-ը ծախեցինք, ընդամենը 10 կոպեկ»։

Ամբողջ օրագրի մեջ հունիս 11-ը նշանավոր է երկարապատում և մանրամասն լինելով։ Խոսելով ապահովագրման թերթիկի մասին, որ երևի նույն օրն է ստացել, Վասիլն ավելորդ չի համարել հետևյալ խորհրդածությունն անել․ «կառավարության կողմից եկավ շրջիկ և խոսեց ապահովագրման մասին նաև բուրժուական կողմանից։ Ժողովուրդը բոլորը հասկացան միաբերան, կեցցեք դուք միություն»։

Անցյալ տարվա օրացույցով հունիսի 11-ին կիրակի էր։ Ըստ երևույթին այդ կիրակին Վասիլն անմահացրել է գինով և երեկոյան դեմ փիլիսոփայել «միության» և «բուրժուական կողմանից»։ Մի քանի օր հետո, հունիսի 16-ին Վասիլը գրել է. «Տիգրանուհին անորոշ աշխատանք էր անում։ Գաղթականը տարավ կես կոտ ցորեն գինու դիմաց»։

Այդ ամսին Վասիլն առաջին անգամ հիշատակում է պարտքը։ Գրելով, որ թրթուրն ուտում է կաղամբի տերևները, Վասիլն ավելացնում է. «պարտքից դուրս եկանք տասը մանեթ Տիգրանուհու աշխատանքի դիմաց, ևս տվի 12 մանեթ փողով»։

Տիգրանուհու մասին տեղեկությունները հուլիսին կցկտուր են։ Երևում է, որ ամբողջ ամսվա ընթացքում աղջիկն աշխատել է եղբոր պարտքի դիմաց։ «Տիգրանուհին քաղհան էր անում հարևանի բոստանը պարտքի դիմաց»։ «Առա եղան մի հատ։ Տիգրանուհին լոբի էր քաղում պարտքի կողմից։ Առա ծամոն վերքի համար։ Փոր եմ արել, հետո գնացի ցախ բերելու։ Ծաղիկը ցամաքեց անհայտ պատճառից»։

Հուլիսի վերջին նա գրել է. «Տիգրանուհին գնաց վերին արտը խուրձի, պարտքի դիմաց։ Եվս տվի 3 մանեթ»։ Թե ի՞նչ խուրձ է վերին արտում և ի՞նչ աշխատանք է արել Տիգրանուհին այդ արտում,− պարզ չի երևում։ Նույն օրը Վասիլը գրել է. «Վարսենիկը հիվանդ է. Տիգրանուհին եկավ ոտքին վերք։ Առա ծամոն վերքի համար»։

Վարսենիկի հիվանդությունը վերջացել է հաջորդ օրվա լուսաբացին։ Վասիլը գրել է. «Ծնվեց ինձ ևս մի աղջիկ»։ Եվ ուրիշ ոչինչ։ Այդ ամբողջ շաբաթը նա մի նախադասություն է նշանակել. «Պարտքից մնաց քառասուն»։

Աղջիկն ըստ երևույթին մի շաբաթից ավել չի ապրել։ «Գիշերս մահացավ նորածինը, առանց անուն դնելու»,− գրել է Վասիլը։ Հին երազահանը նույն երեսի վրա, Վասիլի գրածից մի քիչ ներքև ասում է. «Երազն բարի է և կատարվի ավուրն», իսկ Վասիլը դիմացը նշանակել է․ «Առա կաղին երեխաների համար 16 կոպեկ, ևս նավթ, գրվանքում մի կոպեկ պակաս, գումարով 30 կոպեկ»։

Տիգրանուհու մասին հետագայում եղած հիշումները միշտ էլ «պարտքի դիմաց» են կամ «պարտքի կողմանից»։ Նա բուրդ է լվանում, կալ է կալսում, լոբի է քաղում բոստանում։ Ինչ-ինչ նկատառումով Վասիլը կարևոր է համարել օգոստոսի 21-ին նշանակել, որ այդ օրը Տիգրանուհին չի աշխատել, «ոտքը մտել է փուշ»։

Օգոստոսը Վասիլի տարեգրության մեջ նշանավոր է դրամական հաշիվներով։ Համարյա ամեն երեսի գրել է փոքրիկ հաշիվներ օրվա ծախսը. «Հնձվորին մի օր ներքի արտում մի մանեթ 60 կոպեկ», «Մանուչարից առա գերանդի, պարտք մնացի 60 կոպեկ», «Ջրվորներին մի փութ ցորեն»։

Վասիլի մատյանում Տիգրանուհու չուստերի մասին մի անգամ էլ հիշատակված է օգոստոսի վերջին։ Թեև Վասիլը օրագիրը շարունակել է մինչև տարվա վերջը, սակայն շատ քիչ են հիշատակումներ Տիգրանուհու և նրա չուստերի մասին։

Վերջապես Վասիլը գնում է մի զույգ չուստ, սակայն Տիգրանուհու անունով գնած չուստերը դառնում են Վարսենիկի սեփականությունը, իբրև թե նրա ոտքին մեծ լինելու պատճառով։ Այդ առթիվ շատ մակերեսային դատողություն է արել Վասիլը, մոտավորապես այն ձևով, թե աշխարհը փուչ է, լավությունն էլ է կորչում, վատությունն էլ։

Չենթադրե՞լ արդյոք, որ ընդհարում է եղել Վարսենիկի և Տիգրանուհու միջև չուստերի համար, մեկը լաց է եղել, նորից բոբիկ ոտքերով («առի ծամոն վերքի համար») արտը գնացել «պարտքի դիմաց», մյուսը չուստերը պահել է հայրական տնից բերած սնդուկի մեջ։ Ինչպե՞ս հասկանալ Վասիլի գրածն այն մասին, թե «Տիգրանուհին խռովեց, զոռով բերեցինք կալատեղից»։

Սեպտեմբերին ծնում է Վասիլի երկրորդ կովը։ Այդ օրը նա ուրիշ բան չի արձանագրել։ Սեպտեմբեր ամսվա նշանավոր դեպքերից է և խոտի հաշիվը։ Անցյալ տարի ցանած առվույտը երկու անգամ հարելուց հետո Վասիլը շատ մանրամասն ելք ու մուտքի հաշիվ է կազմել։ Եվ մուտքը գերազանցել է («մաքուր եկամուտ խոտի կողմանից»)։

Մի շաբաթ հետո ստացած գարու մասին գրելիս, հանկարծ մի՞տն է ընկել Տիգրանուհին, թե գարու հաշիվն անելիս տանը վայնասուն է ընկել, ձեռքը դողացել է, ծածկել է երազահանը, վեր կացել։ Ինչպե՞ս է եղել, այդ ամենևին հայտնի չէ։ Գրված է միայն հետևյալը.

«Տիգրանուհին մահացավ առանցի կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. եղավ ծախս ութը մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ։ Նաև առի երկու մոմ»։

Տիգրանուհու մասին էլ ուրիշ ոչինչ։ Տասնվեց տարի ապրեց, աշխատեց, մահացավ նույնպես հանկարծ, ինչպես այն նորածինը, որի մասին հուլիսի վերջին հայրը գրել է՝ «Գիշերս մահացավ նորածինն առանց անունը դնելու»։

Օրագրում Տիգրանուհու մավան առթիվ ուրիշ մանրամասնություն չկա։ Վասիլը երազահանի այդ երեսն էլ շրջել է նույն բութ մատով, որի կնիքը կա երազահանի շատ երեսների վրա։

Հաջորդ երեսը, որ գրվել է երկու օր հետո, սկսվում է այսպես.

− Պարտքից մնաց տասնչորս...

1925