Տիկին Պուլմենի շնիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Տիկին Պուլմենի շնիկը

Վահան Թոթովենց

[ 283 ]
ՏԻԿԻՆ ՊՈՒԼՄԵՆԻ ՇՆԻԿԸ

Տիկին Պուլմենը երբ ավտոյով պտույտի էր գնում Միսսիսիպի գետի ափին երկարած ծառուղիներով, իր հինգ տարեկան երեխային թողնում էր դայակի մոտ և հետը վերցնում իր երկու տարեկան շնիկին։

Տիկին Պուլմենը և իր շնիկը սերտ կապերով էին կապված իրար հետ։

Երբ դայակը նոր ոտ ելած երեխային բերում էր իր մոր մոտ, երկու րոպեում մայրը ձանձրանում էր.

— Հոգնեցի,— ասում էր նա դայակին,— տար։

Դայակը գրկում էր երեխային և հեռանում, իսկ շնիկը գրավում էր մանկան սեփական մայրական գիրկը և ժամեր անց կացնում տիկնոջ հետ։

Մինչև անգամ հետճաշյա հրավերների ժամանակ տիկին Պուլմենը հոգածությամբ գրկում էր իր մտերիմ շնիկին և հյուրերին պատմում նրա բարեմասնությունների մասին։ Հրավերների կես ժամանակը նվիրվում էր նրան՝ շնիկին։ Հրավիրված կանայք ամենայն ուշադրությամբ լսում էին տիկին Պուլմենի պատմությունը, նրանք էլ իրենց հերթին խտտում էին շնիկին և սիրում։ Տիկին Պուլմենն անտարբերությամբ չէր կարող դիտել, երբ կանայք շոյում էին իր մտերմին։

Այն օրից, երբ տիկին Պուլմենն այդ շնիկը ունեցավ, փոխեց իր ամեն տարվա ամառանոցի վայրը, որովհետև ընտանեկան բժիշկը հայտնեց տիկին Պուլմենին, որ իր գնացած ամառանոցը վատ կարող է անդրադառնալ շատ քիչ մազ ունեցող շան վրա։ [ 284 ] Բժշկի այս կարծիքը երբ տիկին Պուլմենը հայտնեց տիկին Ուիլլիամսին, այս վերջինս բացականչեց.

— Բարի եք, տիկին Պուլմեն, Քրիստոսի նման բարի եք։

Այն ժամերը, որ տիկին Պուլմենն անց էր կացնում իր մտերմի հետ, նրա կյանքի ամենահաճոյալի ժամերն էին, այդ ժամերը տիկնոջը տալիս էին զգայությունների ամենաբուռն տեսակը:

Երջանկությունը երբեմն երկար չի տևում նաև միլիոնատերի կնոջ համար։

Տիկին Պուլմենն էլ, մի առավոտ, մետաքսյա բարձիկների վրա պառկած, դառնորեն արտասվեց, նրա արցունքի կաթիլները գլորվեցին արցունք չտեսած բարձիկների վրա։

Տիկին Պուլմենի շնիկը մեռել էր մի քանի թեթև հաչոցներից և գալարումներից հետո։

Տիկին Պուլմենն աղի արցունքներ էր թափում ամեն անգամ, երբ հիշում էր շնիկի ողբագին հաչոցները։

— Ոչ ոք չկարողացավ հասկանալ նրա ցավը,— ասում էր տիկինը և ծանրորեն մեղադրում ընտանեկան բժշկի գիտական անզորությունը։

Շնիկի մահվան երկրորդ օրը քաղաքի բուրժուական թերթերը հրատարակեցին տիկին Պուլմենի և իր շնիկի լուսանկարները, մեկը՝ «Տիկին Պուլմենն ու իր շնիկը», երբ շնիկը ողջ էր, իսկ մյուսը՝ «Տիկին Պուլմենն ու իր շնիկը» — շնիկը փոքրիկ դագաղի մեջ, ծաղիկներով ողողված, իսկ տիկին Պուլմենն էլ սգի շորերով։

Մամուլը չէր մոռացել մի քանի մխիթարական խոսքերի հետ միասին տալ նաև շնիկի կենսագրությունը։ [ 285 ]

Տիկին Պուլմենն ընտանեկան պաստորի միջոցով թաղել տվեց իր մտերմին քաղաքի գերեզմանոցի ընտանեկան սեփական կալվածքում։

Թաղումից հետո՝ պաստորն ընկերացավ տիկին Պուլմենին մինչև նրա ապարանքը քրիստոնեական եկեղեցու պարտավորությունները լրացնելու համար։ Ապարանքում պաստորը ս. գիրք կարդաց և ջերմագին աղոթեց։

Տիկին Պուլմենը պաստորին պատմեց հանգուցյալի մասին։ Պաստորը տխրությամբ, տրտում հոգով լսեց հանգուցյալի մասին։

Երբ պաստորը հրաժեշտ էր առնում, տիկին Պուլմենը նրան հաղորդեց, որ 2 000 դոլլար է նվիրում այս մահվան առթիվ քաղաքի «Երիտասարդաց Քրիստոնեական Ընկերության»։

Բուրժուական մամուլն այս լուրը հաղորդեց խոշոր տառերով և առանձին գնահատականով։

1929 թ.