Jump to content

Տիրացինս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

— Բարի իրիկուն, դրացի՛։

— Բարի տեսանք, Մկըր-աղա, էս ո՞ւր ես գնամ։

— Ոչ մի տեղ էլ չեմ գնում, ներսը տաք կրակ է. նստիս՝ կթմրիս, պառկիս՝ քունդ չի գա, կքրտնիս. մանավանդ՝ ամռան ճանճերն էլ շատ անամոթն են։ Խմբով վրադ կթափվին ու այնպես կկծեն, որ ձեռներից պրծնելիք չկա։ Գնամ, ասի, նոր դրացուս հետ նստեմ, մի քիչ զրույց անեմ... Աման, ախպեր, բեզարեցինք էս ամառվա ձեռքը, աշունը գար՝ օր տեսնեինք... Ի՞նչ նոր բան կա։

— Բան չեմ լսել։ Ի՞նչ է, բան կա՞ որ։

— Չէ՛, այնպես հարցրի, գուցե, ասի, դա լսած լինիս։ Լրագիր հո ստանամ ես։ Նեմեցն ու ֆրանցուզը հաշտվեցի՞ն...

— Նրանց հաշտված լինելը վաղուցվա բան է. հիմա ֆրանցուզը պատերազմական տուգանքը վճարելու վրա է։

— Հաաա՜, օ՜խ, լավ է. մեկ էլ ջուրը չտեսած թող վարտիքը չհանի... Հորիցդ, եղբայրներիցդ գիր ստանո՞ւմ ես. ինչպե՞ս են։

— Վաղուց է գիր չունիմ։

— Բա չիմացա՞ր՝ ո՞ւմ մեռելի զանգերը կզարնեին։

— Մեռելի զանգ զարկի՞ն որ. կարծեմ բան չլսեցի։


  • Տիրացի – դրացի (հարևան), տիրացինս – դրացիս (հարևանս)

— Բա՛, զարկին, զարկին, մեկ չէ՝ երկու-երեք անգամ զարկին, հայտնի բան է, ո՛ր հարուստի մեռել պիտի լիներ. ժամկոչի զարկելուց էր երևում, պարզ, որոշ, հանդիսավոր կզարկեր, բայց լավ ուշադիր չեղա՝ տղամարդի՞ էր, թե՞ կնիկմարդու, տեղիս սովորությամբ, հո գիտես, թե մեռնողը տղամարդ է, առաջ մեծ զանգը կզարնեն, հետո՝ փոքրը. եթե կնիկմարդ է՝ առաջ փոքրը կզարնեն, հետո՝ մեծը։ Երբ որ կինս պատշգամբ էր դուրս եկել, առաջինը նա ինձ ասաց, որ մեռել կա, արդեն մեկ-երկու հատ զարկել էին. այդպես էլ չիմացանք՝ տղամարդ, թե կնիկմարդ լինելը, ով ուզում է լինի՝ Աստված ողորմի հոգուն։ Միտք եմ անում, միտք՝ արդյոք ո՞վ պիտի լինի— հեչ չեմ կարողանամ իմանալ։ Պատուհանիս տակով էլ մարդ չանցավ, որ հարցնեի։ Մեկ մարդու վրա կասկած ունիմ, նա էլ այդքան տարիքով չպիտի լիներ, կնիկս էլ նույն բանն է ասում, Է՜հ, ով ուզում է լինի՝ Աստված ողորմի հոգուն... վատացավ մեր քաղաքը, վատացավ, առաջվա տարիները՝ ամիսը մեկ մեռել որ լիներ՝ ամբողջ քաղաքը ոտքի կկանգներ, հենց որ մի ջահել տղա կամ ջահել աղջիկ մեռներ, իսկույն հորերու կամ մորերու գլխին կհավաքվեին. «Լավ չնայեցիք, ուժերից վեր գործի դրիք, ցավի, դարդի բերեցիք, ջադուից չզգուշացաք», ո՞րը ասեմ, տեսակ-տեսակ բաներ կհնարեինք, որ ուրիշ ընտանիքների տերերն զգուշանային։ Ճիշտն ասենք, այն ժամանակ մեռնելը քիչ էր պատահում։ Իսկ հիմա՞. հիմիկվա բանը պրծած է. ո՛չ թե շաբաթը, այլ օրը մեկ, դեռ երկու մեռել է լինում։ Խելքս չի հասնում, թե ի՞նչ բան է սա. մարդի՞կ են հին ժամանակի պապենական սովորությունները մոռացել, դրանից է, թե՞ բժիշկներն իրենց արհեստի մեջ վարպետ չեն, թե՞ աշխարհս շուռ է եկել, թե՞ հողն ու ջուրն իրենց առաջվա ուժը չունին... ջանըմ, հո սուտ չէ։ Ղրիմից նոր եկած տարիները ծերերն ասում էին (ես էլ շատ ջահելներից չեմ. Աստծով, մեծ պասը որ գա՝ յոթանասունիննս կլրացնեմ ութսունի մեջ կմտնիմ), մենք էլ աչքներովս տեսել ենք, առաջվա տարիները, մեղայսատծու, այսպես ճռճռան սառնամանիք, բուք ա բորան մինչև ապրիլ ամիսը ո՞վ էր տեսել, վերջին ցրտերը բարեկենդանի* օրերին էին լինում. ջահելները սահնակներով փողոցից փողոց, թաղից թաղ ման կգային, ցուրտը մի քիչ թշները կկծեր՝ պրծավ գնաց. հենց որ մեծ պասը մտնեինք, ձյունը կսկսեր հալվել, եղանակն էլ՝ կմեղմանար։ Ծառազարդի** կիրակին ուռիները տերևներով կծածկվեին, դու մեկ հիմա նայե, հա՜յ-հա՜յ, հազիվ մայիսի տասնհինգին ծառերը կզարթնին...


  • Բարեկենդան – հեթանոսական տոնախմբությունների օրեր, որ քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց մեծ պասի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով և այլն:
    • Ծառազարդ, ծառզարդար (եկեղ.) – զատկին նախորդող շաբաթվա տոն, որի ժամանակ նորաբողբոջ ծառերի (գլխավորապես` ուռենու) ոստերը եկեղեցում օրհնում են ու բաժանում:

Ծառի միրգն էլ աոաջվանը չէ... քաղաքիս մեջ բաղ մնա՞ց որ. ո՛րը արմատով չորացավ գնաց, ո՛րը ճիճուն կերավ, ո՛րը ցուրտը տարավ... Բույսերն էլ աոաջվանը չեն. առաջվա հոտոտ բույսերն ու ծաղիկներն ո՞ւր են. առաջվա տարիները սովորություն կար մայիսին խոտի վրա պառկելու, դա ամեն ցավից, յարա-փարայից կազատեր, հիմա ա՛յն խոտն էլ չկա, ա՛յն խոտի վրա պառկողներն էլ... Է՜, է՜, է՜ֆ, որդիս, հայի բանը պրծել է...

Էդ չէ, համա լսել եմ՝ հրամանքդ բաղ ես ուզում տնկել, լա՜վ բան է բաղը, աստված աճեցնե. բաղ ասածդ Աստված սիրում է՝ ասում էին ծերերը, բաղ ու բոստանի համար Աստված շատ ողորմած է. ջուրն ու արևը միշտ անպակաս է անում. Աստված տա, Աստված տա, միջից միրգն անպակաս լինի, բակի մեջ բաղ ունենալը լավ բան է... Բայց տես, չլինի թե բակիդ մեջ ուռի տնկես, սուտ է թե ղորթ է*, հորերիցս-պապերիցս լսել ենք, որ ուռին իր տնկողի վզի հաստությանը դարձավ թե չէ, տնկողը հանկարծակի կընկնի, կմեռնի, շատ փորձած բան է։ Մեկ էլ լսել եմ, որ հրամանքդ հավ կսիրես, դա էլ վատ բան չէ. բայց, կներես, ինձնից քեզի խրատ չլինի, աղավնի չպահես, որդիներդ, տնե-տեղե հեռու, դատարկուն կլինին, որովհետև ամբողջ օրը աղավնիների ետևից կընկնին, փողոցե փողոց, անկարգ երեխաների հետ կչափչփեն, դրացիների կղմինդրները վար գցելով կտոր-կտոր կանեն, իրենք էլ գիր-կարդումի հետ հավես չեն ունենա... Ի՜նչ խոսք, այս բաները հրամանքդ մեզանից լավ կիմանաս։ Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ հավն ու բադը մի բակի մեջ ես ուզում ունենալ։ Չգիտեմ, կարծես անհարմար բան է. այդ էլ քո իմանալու բանն է։ Հավը որ կա՝ վարուցանքին խիստ հակառակ է, հնդուհավի ամենասիրած բանն է ծառերի վրա թառել և գալ տարվա բացվելու տերևներն ու ծաղիկները կտկտել ուտել, սագը որ՝ որտեղ ման գա, այնտեղ երեք տարի խոտ չի բուսնի, չգիտեմ, դու գիտես, կա՛մ մեկին պիտի հավես անես, կա՛մ մյուսին, ասում ես երկուսը միասին լինի՞— չգիտեմ։ Թե ասես հավերին հավանոցում փակես, դա էլ մի ուրիշ ցավ է, բոլորը կոջլոտին. այդ բանը ես տեղով գիտեմ...


  • ղորթ – ճիշտ


Լավ բան է պարտեզի հավեսը, մեր հայրերն ու պապերը, որ Ղրիմից եկան, ի բնե հավես ունեին պարտեզի և տեսակ-տեսակ բույսերի, քիչ կպատահեր, որ կանաչեղենն ու միրգը շուկայից բերվեր, խնձոր, տանձ, բալ, կեռաս, սալոր, ծիրան, հաղարջ, վարունգ, մաղադանոս, սամիթ, բողկ, պադրիջան, տոլմայի դդում, գետնախնձոր, սոխ, սխտոր, ուրիշ տեսակ-տեսակ բույսեր, լոբի— բոլորը տանից էր։ Այսօրվա պես միտքս է՝ օղորմած-հոգի մայրս ձմեռվա պաշարեղենը, համարյա ամբողջովին, տանից էր հանում, ցանկապատած մի պարտեզ ունեինք, իր ձեռքով կվարեր, իր ձեռքով կցաներ, իր ձեռքով կջրեր, իր ձեռքով էլ կանաչին ու միրգը կքաղեր, տակառներով վարունգ թթու կդներ և պորինջան* աղը կդներ, խնձորն ու տանձը ձմեռվա համար կապ-կապ կչորացներ. սոխ ու սխտորն էլ՝ նմանապես, նրա մառանն ու նկուղը մտնեիր՝ մրգավաճառի խանութի պես մի բան էր. շուկայից շատ քիչ բան կառնեինք, մի կով ունեինք, բայց տարին տասներկու ամիս ո՞վ շուկայից արդար յուղ, սեր, մածուն, կարագ ու պանիր ներս կբերեր, մեղայաստծու։ Այս քսանհինգ-երեսուն տարի է, որ այդպիսի բաներից ժողովուրդը կտրվեց։ Հիմիկվա կանայք ամբողջ օրը պատուհանի առջև կամ փողոցի դոանը նստած՝ չը´թ-չը´թ կուտ կուտեն ու դրացուն կբամբասեն...


  • պորինջան – բադրջան


Քաղաքիս ծառերն ու պարտեզները վերացան, մարդկանց էլ, հատկապես երեխաների, հիվանդությունն ու ցավը շատացավ, այս էլ նկատված բան է. ճիշտ է, առաջները մեր քաղաքում հիմիկվա պես մեծ-մեծ թիթեղի կտուրներով, աղյուսի տներ չկային, բայց այսքան էլ կիսավեր տներ, բաց բակեր չկային, մայիսը որ գար՝ քաղաքը ծաղկով լիքը մի զամբյուղի էր նմանում, վարդի, շուշանի, ռեհանի, ցայգածաղկի, անանուխի հոտը աշխարհ կփռվեր, հազար տեսակ հավքեր, բլբուլներ ծառերի վրա կդայլայլեին, առավոտ կանուխ տեղեդ որ ելլեիր, պարտեզ մտնեիր՝ ժամ գնացածի պես մի բան կլիներ... է՜, է՜, է՜, բալամ, անցավ այն ամենը, մեկ էլ ետ գալու չէ... Վերջի եկողները առաջվաններին չհավանեցին, նոր լավ բաներ չսովորեցրին, հները մոռանալ տվին. տեսակ-տեսակ, խարդախ մարդիկ եկան օտար տեղերից, քաղաքը տակն ու վրա արին, թե ունեցել ես՝ փնտրի... Կորավ մեր սիրուն, գեղեցիկ Նախիջևանը, վա՜խ, վա՜խ... Դու մի հիսուն-վաթսուն տարի առաջ տեսնեիր՝ այդպե՞ս էր մեր Նախիջեանը... հիմի ի՞նչ մնաց որ. մարդիկ էլ այն չեն, տներն էլ այն չեն, մարդկանց նիստ ու կացն էլ այն չէ, ջուրն էլ այն չէ, հողն էլ այն չէ՛, որ ասեմ՝ օդն էլ այն չէ՝ ասածս սուտ չի լինի...

Առաջվա ժամանակները ցավերի տեսակներն էլ, գիտես, այսքան շատ չէին։ Թոքախտը շատ հազվադեպ էր, հազարից մեկ էր պատահում, հիմա ի՜նչ ես ասում, տուն կա՞ որ երկու-երեք հոգի թոքախտ չունենա, խոլերան հո՝ մի անգամ մտնելուց հետո էլ չելավ քաղաքիցս, հենց որ վարունգի թուփը սկսում է ծաղկավորվիլ՝ խոլերան էլ դուրս է գալիս, մեր ժամանակները խոլերան հե՛չ լսված չէր... Սուտ չէ, մարդուս փորացավ պատահում էր. դրա էլ շատ հեշտ ճարն ունենք, կերթայիր շուկայից մի քիչ գխտոր կառնեիր, հավանգի մեջ մի լավ կծեծեիր, կչորացնեիր, մաղե կանցնեիր, ջրի հետ խաոնած մի քիչ կխմեիր, մեկ-երկու որ խմեիր՝ ցավի իզը-թոզը չէր մնա։ Ջերմ էլ կպատահեր, բայց հիմիկվա պես չիմանաս, շատ հազվադեպ, տարեց կանայք հոգու վարձքի համար ի՛նչ տեսակ ասես տնային դեղեր պատրաստած կունենային, վերցնեին կուտային, իրար ետեից յոթ օր խմեցիր՝ անցավ գնաց, ցավեդ ազատ կլինեիր, խինին ո՞վ էր լսել, մենք մեր սովորությամբ օշինդր կուտայինք կամ՝ դառն նուշ, դա էլ խինինի բանը կաներ. բայց տալու կերպը գիտեին...

Մտքես դուրս չի գալիս՝ այդ ո՞ւմ մեռելի զանգը կզարնեին... Ափսո՛ս, ափսո՜ս, քիչ առաջ խնձոր ծախող Օվակիմի խանութի տղան եկել էր ինձ մոտ. հարցնեի, իմանայի, ինչո՞ւ մոռացա որ... է՜, է՜, է՜, գլխացավանք տվի, թողություն արա՛, գիտե՞ս, մեկ խոսք կա՝ «ամեն մարդ իրեն տանը, հավին...»։

— Ջանըմ, ինչո՞ւ ես վռազում, նստի զրույց անե՛նք, տանդ հո մանր երեխեքդ չեն լալիս։

— Այդպես է, բայց չէ՛, երթամ, կովերը նախիրեն վաղուց են եկել, կինս կովը կթած, սամովարն էլ պատրաստած ինձ է մնամ։

— Չէ՛, չէ՛, մնա՛, այս իրիկուն մեզ մոտ թեյի մնա։

— Մնամ, բայց կինս տանը մենակ է, ո՜ւ...

— Դրա էլ ճարը կգտնենք, ես հիմա կգնամ ծառայիս կասեմ, որ գնա, իմաց տա նրան (այդպես էլ արի), մենք երկուսս այստեղ փողոցի դռանը հովին թեյ կխմենք, կնիկմարդիկ էլ իրենց համար, բան չունիս, ներսը թող խմեն։ Այդպես լավ կլինի՞։

— Վատ չէ, կարծես, բայց հրամանոցդ ի՞նչ նեղություն...

— Նեղությունս ո՞րն է. էդ որ դրացիություն են ասում՝ բա ինչպե՞ս է լինում, հեչ լսած չե՞ս, թե՝ լավ դրացին լավ բարեկամից էլ լավ է։

— Այդ այդպես է. է՜յ տղաս, էդ առաջվա ժամանակն էր. հիմի կհասկանան, թե դրացիություն ինչ ասել է, դա մի դրանց բակերը մտի´, որի՞ բակում միջադուռ կտեսնես, նոր շինած տների մեջ հո էլ սովորության չկա միջադուռ անելը, ունեցողներն էլ՝ ո՛րը առջևը տախտակ դրել գամել է, ո՛րն էլ քար է քաշել, ո՛չ թե գնալ-գալ, այլ մեկ-մեկի երես տեսնել կուզե՞ն որ. մեկ-մեկի վրա պակասություն նկատել, մեկ-մեկի վրա խնդալ, մեկ-մեկի հավ ու հնդուհավ գողանալ, սատկած շուն ու կատու մեկ-մեկի բակը գցել՝ սա է հիմիկվա դրացիությունը։ Առաջվա դրացիները մեկ-մեկու հետ հարազատ ախպոր պես կապրեին, նրանց կանայք էլ իրար հետ նույնպես սիրով էին լինում։ Օրը մեծ է. ամբողջ օրը լույս ցերեկ չի լինի, գիշեր էլ կա. մութ գիշեր ժամանակ, երբ որ, Աստված հեռու անի, մի փորձանք պատահի, ո՞ր բարեկամիդ պիտի վազես, փողոցից փողոց, թաղից թաղ... էհ, ախպերս, ո՞ր մեկը ասեմ, ասելով բերանս մազ բուսավ, ասողին էլ լսող է պետք, մեկ ձեռքը ծափ չի տա... Հա՛յ դրա ի՛նչն ասեմ, այդ մեռելի զանգակը մտքիցս դուրս չի գալիս, գիտե՞ս, արդյոք ո՞վ պիտի լիներ այսօրվա մեռնողը, միտք եմ անում, միտք՝ խելքս բան չի կտրում։ Կեցի´ր, կեցի´ր, նայե Մաթոս աղայի տան մոտով ո՞վ կանցնի, չե՞ս ճանչնար. Աստվածածնի ժամի ժամկոչը չէ՞, նա է. կարծես, կեցի´ր, ես մեկ պահ երթամ իմանամ... Ա՛յ տղա, այ տղա, է՜, է՜, Պապուկ աղա, ա՛յ տղա, կեցի´ր, կայնե՛, բան ունիմ ասելու, այսօր մեռելի զանգ զարկի՞ր։

— Զարկի, է հետո՞։

— Որի՞նն էր։

— Մոլթան Ղազարոսի աղջկանն էր, չգիտե՞ս, ի՞նչ է։

— Մոլթան Ղսւզարոսի աղջկա՞նն էր, հա՞, ա՛յ մարդ, վազն արի. Կատարի՞նն էր. ճի՞շտ ես ասում. Աստված ողորմի հոգուն (ժամկոչը գնում է իր բանին, դրացիս գալիս է մոտս նստում)։ Հա՜յ, ինչն եմ ասել, Մոլթան Ղազարոսի՞նն էր, հա՜... վա՜խ, վա՜խ, հոգիս, գոհարի պես աղջիկը գնաց, կա՛մ տասնվեց տարեկան կլիներ, կամ տասնօխտի մեջը... մեռավ, հա՞, Աստված օղորմի հոգուն, թյո՜ւֆ, թյո՜ւֆ, հազար ափսոս, մեռավ, հա՞, երնե՜կ իրեն, շուտ ազատվեցավ այս փուչ աշխարհքից ու մեզնից առաջ խունկի ծառին արժանի եղավ, հա՜յ, ինչ անեմ, լավերը գնացին, գեշերը մնացին, մեռավ, հա՞ա՞...

— Մկըր-աղա, ինչո՞ւ այդպես շատ ես ցավում ազգականդ չպիտի լինի, կարծեմ...

— Ազգականս էլ թող չլինի, ես նրան ազգականիցս ավելի էի սիրում, կինս էլ՝ նմանապես, մի տեսնեի՜ր ինչպիսի՜ աղջիկ էր. թե աշխարհքիս վրա մի կատարյալը կար՝ դա Կատարն էր. այնպես աղջիկ ո՛չ եղել է, ո՛չ էլ լինելու է... գոնե իմանանք՝ ե՞րբ պիտի թաղեն, հատուկ գնանք, մի բուռ հող գցենք վրան՝ վարձք է։ (Ծառան մեզ երկու գավաթ թեյ բերեց մատուցարանով)։

— Համեցե՛ք, Մկըր-աղա, լիմոնո՞վ կկամենաս, թե" սերով... Թե որ չէ՝ ռոմով կկամենա՞ս։

— Ախպեր, այս տաքերիս ռոմ կվայելե՞ հեչ։

— Լսե՞լ ես, ասում են՝ սեպը սեպով կհանեն։

— Ուզում ես ասել, որ թունդ ռոմը ներսի տաքությունը կպաղեցնե, ծարավը կկտրե՞։ Մեկ էլ ի՞նչ նեղություն։

— Նեղությո՞ւնս որն է, վազն արի այդպիսի խոսքերից, աղջի՛, ռոմին շիշը բեր. գիտե՞ս, էն ընտիր տեսակի ռոմը, որ ես ինքս եմ խմում (այնինչ՝ սո՜ւտ, կյանքիս մեջ ռոմ կամ պունշ տանս խմած չեմ)։

— Վազն արի, դատարկ բան է. խնջո՞ւյք է, ի՞նչ է, որ թանկնոց ռոմը դուրս ես հանում, հասարակ տեսակի էլ որ լինի՝ կլինի, գիշերվա կերածը կորած է. լսե՞լ ես առաջվա ծերերի խոսքը... Հա՜յ, ի՞նչ ասեմ։ Կատարը մեռավ, հա՞... (ծառան ռոմը բերեց)։

— Համեցե՛ք... էդ ի՞նչ է արածդ, շա՛տ լից, ասում եմ. էդ ի՞նչ է դա. մի կաթ բան լցրիր ո՜ւ... Սպասի, ես քեզ լցնեմ։ Աղջի՛, շիշը բեր այստեղ...

— Կլինի, հոգիս, կլինի, ասում եմ. էդ ի՞նչ արիր, վրայից թափվեց, ո՜ւ... որ հարբեմ, ինձ ո՞վ տուն կտանի. խի´, խի´, խի´, շեն կենաս, բարի վայելես նոր տունդ, որդիներիդ, թոռներիդ հարսանիքը անես մեջը. ո՛ւֆ, համա թունդ է. ախպե՛ր, շատ լցրիր, ասի՝ բոլ եղավ, շատ է։ Կենդանություն, բախտավոր լինիս, բարի դրացի լինիս, Աստված բանդ հաջողե։

— Ամեն-ամեն, շնորհակալ ենք, անո՛ւշ։ Աղջի, մի-մի գավաթ էլի՛ բեր։

— Ես հրամանոցդ խեղճ Կատարի բանը պատմեմ, բայց. նայե՛, խոստովանք լիճի, չլինի որ բերնեդ հանես, մի ականջիցդ մտնե, մյուսից ելլե. հոգիս, զգույշ եղիր, մարդու բան մի՛ ասի. սուտ է, ղորթ է՝ ինչպես լսել եմ՝ այնպես էլ հրամանոցդ կպատմեմ, ղորթը, սուտը Աստված գիտե։

Պատերազմի տարին էր. մեր քաղաքից գունդ-գունդ զորք կանցներ, ո՛րը հանգիստ կառներ երկու-երեք օր, ո՛րն էլ այնպես շտապով կանցներ, երբ որ դրությունը լուրջ լիներ։ Կատարի հայրը, Ղազարոսը, Խարկով տոնավաճառի էր գնացել, այնտեղ մրսել, ցավի էր հանդիպել, ուրիշ գնացողներ ետ եկան, նա, խեղճը, մնաց, երբ որ ետ եկավ, արդեն Ռոստովի դեղձը հասնելու վրա էր. էդ ինչքա՞ն է անում, չորս ամիս է անում, հինգ ամիս է անում... ահա այդքան ժամանակ կնոջ երեսը տեսած չէր. այս բանիս լա՛վ մտիկ արա, որ բանի էությունը տեղովը հասկանաս։ Բոլորիս տները զինվոր մնաց։ Ղազարոսի տանն էլ երեք զինվոր մի սպայի հետ մնացին, չորս օր մնալուց հետո հրաման եկավ, որ գնան, այդ սպան սաստիկ հիվանդանում է. հեքիմ-բժիշկ գալիս են ռեցեպտ են գրում, դեղատնից դեղձան բերում՝ չի օգնում, քանի գնում սաստկանում է. նրա գունդը գնում է, ինքը՝ մնում։ Ծառայի, կառապանի խոսք ու զրույց է. ո՞վ իմանա սուտն ու ղորթը, ասում են, թե սպան Ղազարոսի կնոջը խոսք է նետում, հետը նիստ ու կաց անում, գրկվել, համբուրվել, կողք-կողքի նստած թեյ խմել, հաց ուտել, այս լինում է, ախպերս, հունիսի սկզբին. մինչև օգոստոս այս սպան մնում է և ապա գնում իր տեղը, գնալու ժամանակ, ասում են, Ղազարոսի կնոջը պատուհանից լաց լինելով նայելիս տեսնողներ են եղել, թե սուտ են ասել, թե կնոջ մեղքի տակ են մտել՝ աստված իրենց դատաստանն անի։

Սպան գնում է. տասնհինգ-քսան օրից Ղազարոսն էլ գալիս է։ Տեսնում է, որ կինն առաջվանը չէ. վիզը թեքած, երեսի գույնը փոխած, երբեմն տրտում, երբեմն էլ աչքերը լաց լինելուց կարմրած։ Ղազարոսը դրացիներին, ազգականներին պատմում է, նրանք էլ մարդու մտքի մեջ կասկած են գցում, ծառաներին իր մոտ է կանչում, հարցափորձ անում և, մարդը ավելի է կասկածի մեջ ընկնում։ «Ո՞վ տվեց այս կերպասի շորդ, ասում է, կարծեմ չունեիր»։ «Այս,— ասում է կինը,— Ռոստով գնացած ժամանակս ճանապարհին գտա»։ Կառապանին է հարցնում. «Ռոստովի ճանապարհին տիկինդ բան գտե՞լ է»,— ասում է։ «Չէ՛, այդպիսի բան եղած չէ»,— ասում է կառապանը։ «Այս մեդալիոնը քեզ ո՞վ տվեց»։ «Սաղաթելի խանութից առա»,— ասում է: Մարդը դիտմամբ գնում է Սաղաթելի խանութը, հարցնում։ Այդ էլ սուտ է դուրս գալիս։ Նրա կինը ո՛չ խանութ է մտել, ո՛չ մեդալիոն է առել։ «Մեդալիոնի մեջի աղայի նկարը քեզ ո՞վ տվեց»,— ասում է։ «Գտա»,— ասում է։

Մեր Ղազարոսն արդեն տեղով իմանում է, որ բանին մեջը բան կա, բայց չի ուզում միանգամից բան սկսել, սաս է մնամ։ Բայց եկած օրից (տեսնում ես՝ ինչպես խելքով է շարժվում), մի անգամ էլ կնոջ մոտ չի պառկում, այսօր հիվանդ եմ, ասում է. վաղը տոն է, ասում է, մյուս օրը պասը պատրվակ է բերում, մյուս կողմից էլ սկսում է հետևել. հեչ բիզը տոպրակի մեջ կպարտկվի՞։ Ամառը կանցնի, տեսնում է, որ կինը ծանրած է. ձայն չի հանում, աշունն էլ անցնում է, դեռ երեխան աշխարհ չի գալիս, պարզ բան է՝ եթե իրենից լիներ, վաղուց ծնած պիտի լիներ, էլի ձայն չի հանում, մարտի սկզբին կինն ազատվում է և լույս երեսով, շեկ մազերով, կապույտ աչքերով, գեղեցիկ մի աղջիկ է բերում— երևում է, որ ապօրինի է. ուզում ես ամիսները համրե, ուզում ես խեղճ երեխի երեսին նայե։ Ղազարոսը, ինչպես որ գիտես, թուխ է. ողորմած հոգի կինն էլ նրանից ճերմակ չէր, երկուսն էլ թուխ էին. խոսք կա՞ որ։ Ղազարոսը էլի ձայն չի հանում, ասում է՝ ազգականներիս մեջ կձենձնվի, թե Ղազարոսի կինը ապօրինի երեխա է բերել։ Երբ որ մանկաբարձուհին Ղազարոսին հարցնում է՝ աղջկանդ ի՞նչ անուն տանք, նա էլ ասում է՝ «Կատար դրեք անունը, կնոջս անունը թող վրան լինի, որպեսզի կինս որ մեռնի, նրա հիշատակը չկորսվի»։ «Այդ ի՞նչ խոսք ես ասում,— ասում է մանկաբարձուհին վախեցած,— խեղճը ինչո՞ւ պիտի մեռնի որ»։ «Այդ էլ Աստված գիտի»,— ասում է Ղազարոսը։ Երեխային տանում են ժամ, տերտերներով, կերոններով, եկեղեցական հանդեսով կնքում, մկրտում, տուն են բերում. տղոցկանն էլ ինն օրից, ինչպես սովորության է, անկողնից ողջ-աոողջ վեր է կենում, բայց էրիկ-կնիկ մեկը մյուսին բան չեն ասում, ամեն մեկը իը սրտի մեջ չարություն ունի, սուս նստում, սուս ուտում, սուս պսակում են (էլի ջոկ-ջոկ)։

Մեկ օր, վաղ աոավոտ, Ղազարոսը Ռոստով է գնում և հետը մի սպասուհի բերում՝ գիրկն էլ երկու ամսական մի երեխա։ Սպասուհու եկած օրը, ճաշից հետո Ղազարոսի կինը մեկնի մեկ սկսում է կանչել. «Վա՜յ, վա՜յ, սիրտս կերի, ջիգյարս կկըտրտի՜, օգնությո՜ւն արեք, հեքիմ կանչեցեք»։ Ղազարոսը՝ «Բան չկա, բան չկա, ասում է, երևի կաթդ շատ է, գլխիդ է զարկել, մի քիչ պառկի, կանցնի»։ Կառապանին էլ պատրվակով Քիրմանի շախթն է ուղարկում— այնտեղ ածուխն էժան է լինում։ Երբ կինը երկու ժամ տանջվում է, Ղազարոսն ինքը գնում է ե բժիշկի տեղը մի տերտեր է բերում ճաշակելու*, ճաշակ առածին պես, կինը հոգին տալիս է։

Ղազարոսն առնում է աղջկան ու տալիս սպասուհու ձեոքը. «Դու հիմա ծառայության մի անի, ասում է, երեխայիս ծիծ տուր»։ Շտապով մեռել լվացող կնկա ետևից մարդ է ուղարկում, ատաղձագործ կանչել տալիս, մի դագաղ է պատվիրում։ Երբ որ ազգականները գալիս են, մեռելին արդեն սեղանի վրա պառկած են տեսնում, չորս կողմն էլ մի–մի աշտանակ**՝ վառած կերոններով***։ Հայրը, մայրը, ազգական-բարեկամները կասկածանքի մեջ են ընկնում, բայց ձայն չեն հանում, լեզուները կծում են, լուռ մնում։ Երբ որ իրիկնադեմին դագաղը պատրաստ է լինում, տերտեր-տիրացուները գալիս, մեռելը ժամ են տանում, մյուս օրը վաղ առավոտյան, ժամը յոթին պատարագ են անում ու, դրանից հետո, բողկի պես կարմիր, առույգ կնոջը սև հողն են դնում։ Թաղումի ժամանակ Ղազարոսի աչքից մի կաթիլ արցունք չի կաթում, լաց լինելը չի գալիս, փայտի պես լուռ է մնում։ Տուն որ գալիս է՝ գրկում է որբուկին, համբուրում է ու ասում (դրացիների խոսք է, սուտ ու ղորթն ո՞վ գիտե, դե այդպես են ասում). «Անօրենը երկնավորից գտավ իր պատիժը, խե՜ղճ երեխա, դու ի՞նչ մեղք ունիս, ապրե, Աստված օրդ երկնցնե. ունիմ-չունիմս քոնն է, ինչ-որ պիտի վաստակիմ, այն էլ քոնն է. ես բախտ չտեսա, գոնե դու տես. իմ զավակս էլ որ չլինես, շան լակոտ հո չե՞ս, էլի մարդու զավակ ես. տասը տարի մորդ հետ հաց կերա, Աստված զավակ չտվեց, մտքումս կար մի հոգեզավակ առնելու. դե՛ Աստված քեզ ղրկեց, մորդ հոգին էլ Աստված լասավորե»։ Ասում է ու լալիս, շա՜տ է լալիս, ասում են։


  • ճաշակել (կրոն) – հաղորդություն տալ, խոստովանել:
    • աշտանակ – պատվանդան ճրագի կամ մոմի համար, մոմակալ:
      • կերոն – մեղրամոմից պատրաստված մոծ մոմ:


Մի որբևայրի, չոր-գլուխ, տարեց կին, հեռու ազգական է ունենում Ղազարոսը, իսկույն ետևից մարդ է ուղարկում, տունը, տեղը, ծառա, կառապան, ձի, սայլ, կով, տան ամբողջ սարքը նրան է հանձնում, ծծկեր երեխան էլ նրան է հանձնում, շատ էլ փող է բուռը դնում. «Տե՛ս,— ասում է,— օխտը տարի երեսս տեսնելու չես»,— ասում է ու գլուխն առնում՝ անհայտանում է, հեռանում։

Երեխան, Աստծու ողորմությամբ, օրեցօր աճում է, գեղեցկանում, շենք-շնորհք ստանում, մեծանում, վրան նայողները հիանում են. իսկը՝ քաշած պատկեր, մազերը գանգուր, ոսկու նման ցոլուն, երեսի ու վզի վրա կախված, աչքերն ի՜նչ ասեմ, կատարյալ փիրուզ, ունքերը՝ ղալամով նախշածի պես կամար-կամար, երեսը՝ ալ-վարդ, թշերի վրա մեկ-մեկ մատնահար (փոսիկ), բնո՞ւյթքը, բնույթքով հո՝ հրեշտակ որ ասեմ՝ սուտ ասած չեմ լինի։ Այս որ ասում եմ, երեխան արդեն երեք-չորս տարեկան կլիներ։ Մի աղքատ որ տեսնում է, օտարական, ղարիբ որ տեսնում է, ցնցոտիներով մի երեխա որ տեսնում է՝ վրայի եղած-չեղածը, պահարանից ձեռքին հանդիպածը՝ բոլորն առնում, տալիս է նրանց, բոլոր ծեր աղքատներին գլխին է հավաքում, սամովար դնել տալիս, բոլորին իր ձեռքով թեյ է լցնում, խմացնում և ապա ճամփա դնում, բերանի պատաոը հանում է, թաղի տղաներին ու աղջիկներին տալիս, «կերեք, քույրիկնե՛րս, ախպերնե՛րս, ասում է, ես դեռ ունիմ, բայց դուք չունիք»։ Մանավանդ՝ երբ լսում է, թե մի տեղ հիվանդ կա՝ վռազ-վռազ վազում է հիշյալ տարեց կնոջ մոտ. «Մամա,— ասում է,— հիվանդատես երթանք,— ասում է,— գուցե խեղճին դեղ պետք է, գուցե բժիշկ պետք է», զոոով, քաշքշելով պառավ կնկանր տանում է հիվանդի տունը, ինչ որ պետք է հիվանդին՝ բոլորն էլ ուղարկում, դեղատնից դեղ է առնել տալիս, թեյ-շաքար էլ տանից է ուղարկում, ո՞ր մեկն ասեմ, այս աղջկա բանը կատարյալ հեքիաթ էր։ Տես որ՝ քիչ մնաց պիտի մոռանայի... Մի օր, մարտի մեջ, կինս Սուրբ Գևորգից ոտով տուն է գալիս, օրը մռայլ էր. առավոտից սկսել էր մանր անձրև մաղել. սայլուղին և տան աոջևի սալահատակը ծնկան հետ ցեխ էր. դրանց տան առջևը որ հասնում է կինս, ոտը հենց որ սալաքարին է դնում, սայթաքում, գետին է փռվում, քիթը դիպչում է քարի, արյունը շռռալով ըսկսում է վազել, ոտի ոսկորն էլ կոտրվում է, սիրտը նվաղում։ Կատարը պատուհանից որ տեսնում է, իսկույն երկրորդ հարկից ցատկում է ցած (լավ է, որ տունն այնքան բարձր չի լինում, ձեռք ու ոտքը չի վնասում), ուժը պատածին չափ վերցնում է կնոջը, փեշերով երեսի արյունը սրբում է, մյուս կողմից էլ ձայն է տալիս ծառաներին, որ գան օգնեն։ Մարդիկ են հավաքվում, մի կերպ վերցնում են կնկանը, ներս տանում, ներս են տանում, վրայի թաց շորը հանում, ցեխն ու արյունը լվանում։ Ոսկրաբույժի ետևից մարդ են ուղարկում, նա գալիս է, ոտքին դեղ կապում, բոլորից հետո իմ ետևից են ուղարկում։ Գալիս եմ տեսնում՝ ի՞նչ տեսնեմ, կինս անկողնի մեջ պառկած, հազիվ է շունչ քաշում։ Առնել, տան տանելու հեչ հնար չկա. թողություն եմ խնդրում, որ այս գիշեր, թեկուզ նեղություն է լինում, այնտեղ մնա. բայց ո՞ր «այս գիշերն» է. լրիվ ամիս ու կես կինս պառկում է պառավի տանը, ես էլ ամեն օր գնում էի։ Ահա՛ ինչ որ պատմեցի քեզ քիչ առաջ, բոլորը աչքովս տեսած, ականջովս լսած եմ այդ ժամանակները։ Եթե ասեմ, որ հարազատ զավակն այն չի անի իր հորն ու մորը, ինչ որ Կատարը օխտն օտարին էր անում, Քրիստոսի պատարագը վկա որ՝ սուտ ասած չեմ լինի... Աստված հոգին լուսավորե, Աստված հրեշտակների ու սուրբերի հետ նստեցնե անմեղ աղջկան այն աշխարհքի մեջ։ Քաղաքումս մարդ կա՞ր, որ Կատարը կա՛մ լավություն արած, կա՛մ մի անուշ խոսք ասած չլիներ...

Ի՞նչ խոսքս երկարացնեմ՝ օխտը տարին որ լրանում է, մեր կորած Ղազարոսն էլ երեք եռաձի կառքով լեփ-լիք բարիքով Սիպիրից վեր է կենում, գալիս է։ Գալիս, տեսնում է իր աղջկանը, աչքին չի հավատում, ի՜նչ խնդում, ի՜նչ ուրախություն... Հրավերք-հրավերքի վրա է անում, երաժշտություն, երգ, պար, հյուրասիրություն՝ քառասուն օր, քառասուն գիշեր...

Քառասուն օրը որ անցնում է, առնում է Կատարին գիրկն ու ասում. «Այսպես մնալով բան չի դաոնա, դու, ասում է, սովորել ուզո՞ւմ ես»։ «Ուզում եմ, հայրիկ»,— ասում է ողորմած հոգին։ «Քեզ որտե՞ղ աշակերտ տամ»,— նորից հարցնում է Ղազարոսը։ «Որտեղ էլ որ տաս, ես համաձայն եմ, չէ չեմ ասի»,— ասում է աղջիկը։ «Թե որ այդպես է, արի քեզ Օդեսա տանեմ, ինստիտուտ տամ. այնտեղ հարուստի, իշխանի, գեներալների, կալվածատերերի շատ աղջիկներ են սովորում, դու էլ գնա նրանց հետ սովորի, բայց տե՛ս, ո՛չ մեկից ետ չմնաս, տես՝ հինգ-վեց տարուց տասներկու լեզու, դաշնամուր նվագել, պոլկա, կադրիլ, լյանսե պարել, բարձիկներ նախշել՝ բոլորը սովորիս»։ «Հա՛, պապա,— ասում է,— կսովորիմ»։ «Թե որ այդպես է, ասում է Ղազարոսը, դե քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս, լա՛վ միտք արա. երբ որ խոսքիդ վրա ամուր մնաս, այն ժամանակ կառնեմ, կտանեմ Օդեսա»։ Քիչ մնաց խեղճի լեղին տիտի պատռեր սրտի ուրախությունից, որ շուտով գիր–կարդալ պիտի սովորի։ Մի շաբաթն անցնում է, հայրը տեսնում է, որ աղջիկը միտքը հեչ չի փոխել, կառքը պատրաստել է տալիս, ճամպրուկները կապում է, երեսը խաչ է հանում, աղջկան նստեցնում է կառքը, ինքն էլ նստում է ու քշում ուղիղ Օդեսա, իրեն ձեռքով տիկնոջն (վարժուհուն) է հանձնում, վարձն էլ ինչ որ հարկն է, տալիս ու ինքը ետ է գալիս։ Մի երկու ամսից հետո է՛լ չի մնում Նախիջևանում՝ տանը–տեղը դարձյալ այն հեռավոր ազգականահուն է հանձնում ու ինքը նորից կորչում։

Ութ տարի հեչ բան չի լսվում ո՛չ Ղազարոսի, ո՛չ էլ Կատարի մասին, սաղ են, մեռած են՝ մարդ բան չի իմանում։ Երկու տարի սրանից առաջ մի ռուս մարդ է գալիս Ղազարոսի տունը, պառավ կնոջն ասում է, թե՝ Ղազարոսը շատ ու շատ բարև արավ, ասում է, քանի որ ինքս շատով տիտի գամ, տունս մեզ համար պատրաստի, ես էլ եկել եմ, որ,— ասում է ոուսը,— քեզ օգնեմ։ Մյուս օրը ռուսը շուկա է գնում, մարդ է վարձում, ո՛րը բակն է ավլում, ո´րը գոմը, ամբարը, մառանն է մաքրում, ո՛րը տունը դրսից սպիտակեցնում, ո՛րը ներսից ներկում, ո՛րը քանդված-փլած տեղերը շինում, ո՛րը կոտրած ապակիներն է դնում։ Ռոստովից էլ սայլ-սայլ ընտիր, բոլորովին նոր կահ-կարասի են բերում, հետն էլ մի թանկնոց դաշնամուր, մեկ-երկու շաբաթվա մեջ այդ տունն այնպես տեսոք, գեղեցիկ տուն են դարձնում, որ գեներալ-գուբերնատորի վայել բան է լինում։

Մի կիրակի կնոջս առնում եմ, Սուրբ-խուչ գնում, իրիկունը տուն որ գալիս ենք, դրացիս ասում է. «Մկըր-աղա, նոր լուր գիտե՞ս»,— ասում է։ «ՉԷ՛, ասում եմ, ի՞նչ կա որ»։ «Հապա, ասում է, Ղազարոսը Օդեսայից եկել է,— ասում Է,— հետն էլ աղջիկը»,— ասում է։ «Ի՜, ճի՞շտ»,— ասում եմ։ «Հա, ասում է, բոլորն էլ գիտեն»,— ասում է։ «Ափսոս որ մութ է, նրանք էլ ճանապարհից նոր եկած, քնհատ կլինեն, թե չէ, մեղքիդ տերը լինեմ՝ աչքալույսի կգնայի»,— ասում եմ։ Այն գիշերը մինչև բարի լույսի զանգերը՝ քուն չեմ եղել։ Զանգերը որ զարկում են, իսկույն անկողնից վեր եմ կենում, ժամ գնում, աղոթք անում, տուն գալիս, կինս էլ սամավարը դրել, ինձ է մնում։ «Հայդե՛, հագնվե՛, ասում եմ, թեյ-բան չեմ ուզում, վեր կաց հագնվե, գնանք Ղազա– րոսին»,— ասում եմ,— ու ինքս էլ զնգը՜ր-զնգը՜ր դողում, ահա այդպես էի սիրում Կատարին, Աստված ողորմի՜ հոգուն։ Կինս շտապ հագնվում է, դուրս ենք գալիս տնից, ուղիղ Ղազարոսին աչքի լույսի գնում։ Ներս մտնենք, արարի՛չ Աստված, ի՜նչ տեսնենք, առաջվա փոքրիկ, նախշուն Կատարի տեղ մի կատարյալ իշխանուհի, ի՜նչ եմ ասել, հա՜յ, հա՜յ ութսունին եմ հասել, շա՜տ աշխարհք ման եմ եկել, շա՜տ մարդիկ եմ տեսել, շա՜տ խնջույքների եմ եղել, բայց այդպիսի հիացք բան հեչ տեսած չէի. տեսնելու բան էր, խոսքով չի պատմվիլ ողորմած հոգի Կատարի տեսքը, թագավորի տունը որ մտներ, նրա պալատների զարդը կլիներ, ավելի ինչ ասեմ։ Հասակը որ՝ լրիվ մի գլխով բարձր կլիներ քաղաքիս կանանցից, երեսի ճերմակությունը որ՝ առաջին ձյունը նրա առջև կեղտոտ-մրոտ կերևեր, թուշի կարմրությունը որ՝ վրայից վարդ էր կաթում, նույնպես էլ վրայի շորը՝ կերպաս, թավիշ ու թանկնոց, էն ի՞նչ են ասում, մոռացել եմ անունը, բեհեզի պես բան է. կաղինի չափ խոշոր ադամանդներ ականջին, վզին, մատներին, գլխի մազերի մեջ... Այդպիսի աղջիկը ընկնի՜, մեռնի՜, հը՞, այս ի՞նչ է սա, Աստծու դատաստան կա՞... վա՜խ, Կատար, վա՜խ, Կատար...

Էրիկ, կնիկ, երկուսս էլ պաղած մնացինք, տեղներիցս շարժվել չենք կարող, բերաններս պապանձվել է... էլի, Աստված ողորմի հոգուն, Կատարն իսկույն տեղից վեր է բարձրանում, գալիս, փաթաթվում է կնոջս, համբուրվում. «Ինձ մոռացել չե՞ս»,— ասում է, գալիս է իմ էլ ձեռն է համբուրում (այն աշխարհքում Աստծուց ստանա իր խոնարհության վարձքը), համեցեք է անում, նստեցնում, թեյ են բերում, սկսում ենք մեկս մյուսին հին ու նոր բաներ պատմել։ Մենք ասում ենք, նա ասում է, բոլոր գլխով անցածը, բոլոր սովորածը մեզ տեղով-տեղով պատմում է. մենք ո՛րը հասկանամ ենք, ո՛րը չենք հասկանում, բայց ականջ ենք դնում, անմեղ աղջիկը բլբուլի պես անուշ ձայն աներ... Այսպես մի ժամ, ժամուկես նստում ենք. երբ որ վերկենալու ենք լինում՝ նորից փաթաթվում է պառավիս, հարազատ աղջկանը պես աղաչում-պաղատում է, որ շուտ-շուտ գա. ինձ էլ համեցեք է անում։ Դրանից հետո շուտ-շուտ ետևներիցս մարդ էր ուղարկում, կամ թե, որ ցեխ էր լինում, կառք էր ուղարկում, մեզ տուն տանում։ Այսպիսի անուշ վարմունք միայն մեզ հետ չէր, բոլորի հետ էլ այդպես մարդավարի էր վարվում։

Է՛լի գլխին աղքատներ էր հավաքում, է՛լի հետները նստում-վեր էր կենում, է՛լի ուտեցնում-խմեցնում էր. հիվանդին, աղքատին, ղարիբին սատար, օգնական էր լինում, ո՛չ այնպես, ինչպես հարուստը փողը նետում է նրանց առջևը, մեղայաստծու, այլ իր հարազատ հոր ու մոր նման էր վարվում նրանց հետ։ «Տո´», «աղջի՛»,— այսպիսի բառեր չէր լսված նրա բերանից, «ախպերս, հատիկս, հոգիս, փոքրիկս»,— այս բառերով էր դիմավորում աղքատներին ու ճամփա դնում։

Այսպես անցնում է մի տարի։

Մի օր Սախալի տունը աղջիկների հրավերք է լինում, նրան էլ են կանչում։ Անմեղ աղջիկը գլխի գալիքը չիմանալով, միամիտ-միամիտ գնում է։

Այն էլ պիտի ասեմ, որ Կատարը Օդեսայից չեկած, Խուրպաշու միջնեկ աղջիկը խիստ գովված էր քաղաքիս մեջ երեսի գեղեցկությամբ, վրայի թանկ հագուստով ու զարդարանքով, համարյա թե առաջինն էր համարվում։ Երբ որ Կատարը ոտքը Նախիջևան է դնում, Խարպաշու աղջիկը մոռացվում է, էլ չի հիշվում, Խարպաշա աղջիկը նախանձում է, սիրտը թույնով է լցվում և, տես ինչ սատանություն է միտք անում։

Հրավերքի ժամանակ մոտենում է Կատարին, երեսանց բարեկամանում է. սկսում է հետը կոտրատելով ռուսերեն զրուցել, իբր, իմացի՜, եթե քեզ նման Օդեսայում չեմ սովորել՝ քեզնից պակաս էլ վարժված չեմ։ Կատարը բարի մտքով նրան ասում է. «Ինչո՞ւ հետս ռուսերեն ես խոսում,— ասում է,— երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ հայերեն գիտենք»։ Խուրպաշու աղջիկն էլ հենց այդ էր ուզում։ Ծիծաղելով ասում է. «Ես հայ եմ, բայց դա հայ չես»,— ասում է։ Կատարն էլ դառնամ է նրան ասում. «Ես ի՞նչ եմ ապա, որ հայ չեմ»։ «Դու խազախ ես»,— ասում է Խուրպաշու աղջիկը։ «Թողություն անես,— ասում է Կատարը միամիտ-միամիտ,— ես խազախ չեմ. լինելու էլ չեմ, ես խազախ լինել որ ուզենայի, ո՞վ ձեռիցս կբռներ, ես Օդեսա կմնայի»։ Սատանայի զավակը, Խուրպաշու աղջիկը էլի նույնը կրկնում է. «Չէ՛, չէ՛, դա հայ չես, դու խազախ էս»։ Նորից Կատարը ոչինչ չնկատելով, միամիտ ասում է. «Ճիշտ է, ես ռուսի վարժատուն եմ սովորել, բայց սուրբ հավատս, մայրենական լեզուս չեմ մոռացել. Օդեսայում էլ հայի ժամ կա, ես միշտ, ամեն կիրակի ու տոնի հայի ժամ էի գնամ։ Օդեսայում էլ հայի քահանա կա. նա շաբաթը երեք անգամ գալիս էր ինձ մեր հավատը սովորեցնելու, մեր լեզուն չմոռանալու համար հայրս հատկապես ինձ համար հայ վարժապետ էր վարձել, ես նրա մոտ յոթ տարի հայերեն գրել-կարդալ սովորեցի, ի՞նչ իրավունքով դա ինձ ասում ես, որ ես հայ չեմ, խազախ եմ»։ Լիրբ անամոթ, շան կաթ կերած Խուրպաշու աղջիկը տեսնում է, որ Կատարը բանից անտեղյակ է. հրեշտակի պես անմեղ է ու իր ակնարկները չի հասկանում, դառնում է երեսին ասում. «Դա ի՞նչ ոտիս հայն ես,— ասում է,— դու պատերազմի տարին ես աշխարհ եկել,— ասում է,— քո հայրը Ղազարոսը չէ,— ասում է,— այլ մի խազախ օֆիցեր է,— ասում է,— դու ապօրինի զավակ ես,— ասում է,— ինչ ես այդպես գոռոզանամ, բան չհասկացող, միամիտ ես ձևանում, ինքդ չգիտե՞ս ապօրինի եղածդ, դու մեզ նման հարազատ հորից-մորից ծնված չես. քո մայրը ռուսի հետ է եղել ու քեզ աշխարհք բերել»։ Խեղճ Կատարը պաղած երեսին է նայում, նրա ասածից ոչինչ չի հասկանում, այնքան անմեղ էր, որ ի՞նչ ասել է ապօրինի զավակը, ի՞նչ ասել է աշխարհք բերելը, էրիկմարդու հետ լինելը՝ ամենևին բան չի հասկանում։

Այս բոլոր անամոթ խոսքերը, ասինք որ, Խուրպաշու աղջիկը սրտի չարությունից, նախանձությունից է ասում, եթե ուրիշ մարդ մեջ չմտներ, պիտի մոռացվեր, գնար, քանի որ խեղճ Կատարը այդքան դատարկախոսությունից ոչ մի բառ չէր հասկացել։ Չա՜ր սատանա, այնտեղ է գտնվում Պապուկի հիմար, խենթուլիկ, շատախոս աղջիկը, մեջ է մտնում սուտ-ղորթ ամեն բան մեկիկ-մեկիկ, հատիկ-հատիկ պատմում։ Մեր խեղճ-ողորմելի Կատարի աչքը բացվում է. «վա՜յ աման, մարիկ»,— ասում է ու նվաղում։ Պաղ ջուր, անուշադր, քացախ՝ չեն օգնում։ Շտապ բժիշկ են կանչում, արյուն առնում, հազիվհազ աչքերը բաց է անում, շունչ քաշում։ Իսկույն կառք են դնում, կես-կենդան, կես-մեռած տուն են տանում։ Աղջիկների հավաքույթն էլ վերջանում է, բոլորը ցրվում են։

Դրանից է, որ Կատարը ցավի է տիրանում, քանի գնում վատանում է, քանի գնում՝ մոմի տես հալվում։ Հեռագիր են տալիս՝ Քիրմանից, Թայղանից՝*, Խարկովից, Օդեսայից ամենավարպետ բժիշկները բերել են տալիս, ո՛չ մեկը ցավի ճարը չեն գտնում։ Բռնված օրից խեղճի լեզո՞ւն է պապանձվում, թե՞ ինքը բոլորի մոտ լռում է, բայց բերանից ոչ մի խոսք չի լսվում, այնքանը միայն, որ հա-ն ու չէ-ն գլուխը շարժելով իմաց է տալիս։ Այսպես վեց ամիս տանջվելուց հետո, ահա այսօր, ինչպես իմացանք, արդար հոգին Աստծուն է հանձնում... Վա՜խ, վա՜խ, ափսո՜ս աղջիկ...

Աղջի՛, Լուսփիքա, աղջի՛, դե՛ ժողովիր, գնանք տուն, շուտով կես-գիշեր է։ Թողություն կանես, դրացի, գլխացավություն տվինք, նեղություն տվինք։ Բարի՛ գիշեր... Վաղը թաղումին կգա՞ս։

— Նայինք,— ասի։