Jump to content

Տխուր խրոնիկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԽՈՒՐ ԽՐՈՆԻԿԱ


Ո՞վ է, դահուկներ է հագել, վերցրել հենաձողեր,
շորերը հագին՝ մի լավ լողացել բենզինով (ասում են՝ լավ
կռվող էր), լուցկու պստիկ բոցն առել իր վրա եւ, Քիրսից,
մնացեք բարով, շեշտակի իջնող լանջերն ի վար
գահավիժում է։ Ոչ ոք չի իմանում՝ ինչու է
այդպես վարվել։ Եվ ասում են՝ ինքն էլ չէր իմանում։

Բոզունց Բարիշկան, որպես բողոքի խիստ տարածված ցույց՝
հարյուր տարվա ամուսնուն չսիրելու (գիշերները հարբած է տուն գալիս),
հինգերորդ հարկի պատուհանից՝ որտեղ մի քանի աչք ապակի ջարդված էր,
իրեն նետել է (Հաղթանակի կամուրջը մոդայից ընկել է)։ Հիմա ամեն ինչ արդեն
խաղաղվել է, եւ հարեւանի կատուն, որ միշտ էլ փաղաքշական էր,
տիկին մեռյալի մայթին թողած արյան վերջին հետքերն է լիզում։

Իսկ, ահա, Ենոքը, քանի որ պարանը կարճ էր,
չկախվեց, կանգնել է ծառի տակ ու տխուր հետեւում է անցնող
կանանց ասես հանկարծակի ընդգծված մանրամասներին,
որոնք մինչ այդ երբեք, զարմանալի է, չէր նկատել,

եւ ինքն իր աչքերին ազատություն է նվիրել՝
մահապարտին տրվող վերջին ծխախոտի իրավունքով։

«Հա՛, հա՛, հա՛, Գարուշ, Գարուշ, քո չունեցած խելքը իմը լիներ»։
«Գարուշ, արի ինձ մի լավ ուզիր»։ «Ե՞րբ ես պսակվելու, Գարուշ»։

Մինչդեռ Գարուշը՝ կարմիր պղպեղների շարանուկը պարանոցից կախ,
ծտի ձեն չլսած պատգամներ է արձակում չորս կողմի վրա՝
ժողովուրդ, ինչ մի չհասկանալու բան է, որ ոչ ոք չի իմանում,
ինքնասպանության ամենաքաղաքակիրթ ձեւը, դա ապրելն է։