Մակեդոնացու վեհավորությամբ՝ «հունիսը երկրորդ
մայիս դարձրած»,
ցուլը քայլում է Աղդամ-Տյուրոսով
եւ ճերմակությամբ խոսք փոխանակում Քիրս ու Մռավի
գագաթների հետ։
Վերադարձող քայլերը բացում են հավերժի առաջ գոցված
ճանապարհները,
եւ երկնքի շեմին թռիչքի պատրաստ խաչքարերը
դարեր են հաշվում։
Արեւը մտնում է վերքիս մեջ,
եւ այնտեղից դուրս են թռչում հազարավոր աղավնիներ։
Աստծո աչքերը ես տանում եմ վրաս՝
որպես Սեւանա ու Վանա ծովեր։
Մի երգ տուր՝ հագցնեմ մատիս-
հաղորդության թալիսման լինի։
Ժամանակ, անխուսափելի քույր,
Նոյյան տապանից իջեցրու մատաղացու գառն առաջին
եւ թող Սաքունց սարի լանջերն ի վեր,
ծաղիկ ու վարդ արածելով, բարձրանա դեպի Երեք սուրբը։
Իսկ դու, ականջ դիր, մայրիկ, Մեծ քարի վրա կախված աստղերը
քեզ բան են ուզում ասել։ (Ինչ տեղերով էլ քայլում է մայրս,
դառնում են դրանք վայրերն իմ մանկության)։
Մեր «БТР»-ների առաջ ծաղկագորգ է փռել հող դարձած հայրս,
իսկ ծնկահաս խոտերի մեջ կանգնած տղայի վարտիքից
կախվել է մի ծաղիկ՝
եղջերափողի կանչի նման զրնգուն ու սքանչելի։
Իմ զինվորական պայուսակը Վարդի տատիս գործած խուրջինի
նախշունիկ թեւն էր, որում ես հաց էի վերցնում հանդ գնալիս։
(Որտեղից էլ կանչես, Սեդա, ձայնդ հասնում է Ավոյին,
բայց Արցախի ամենաբարձր գագաթը դարձյալ
Մասիսն է)։
Բարձրացել է աջը Տիրոջ, եւ օդի մեջ սառել-կանգնել են
աջուձախ վազող նետերը, ծայրերին՝ թեւեր,
երազներ,
աստղեր։
Գինու եւ օղու տարաները հողելիս՝ բերաններին
«ֆալգա» էինք դրել,
եւ «մինաիսկատելները» նեռ,
երբ մտել են Մարտակերտ,
կանգ են առել կարասների վրա՝ մեր թթենու այգիներում,
բայց այս մեկն, ահա, մնացել է անվնաս։ Մոտ եկ, Խայամ։
Անկուշտ հեռուներին հառած հայացքը՝ Մակեդոնացու
վեհավորությամբ,
ցուլը քայլում է ճանապարհով Էրգիր-Տյուրոսի
եւ ճերմակությամբ խոսք փոխանակում արեգակն ուսած
գագաթների հետ։