Տրագիլահմաջո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փակիր աչքերդ՝ չերևաս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Տրագիլահմաջո)

Վարդան Հակոբյան

Ծննդավայր
ՏՐԱԳԻԼԱՀՄԱՋՈ


Մարդիկ խառնվեցին, ամեն ինչ խառնվեց եւ քաոսում
նորից ստեղծվեց նախաադամյան ժամանակ,
որի մասին, թերեւս,
չէր կարող առավել խորը չիմանալ Եվան, չնայած նրան,
                                                որ ինքը,
թեկուզ որպես հղացում կամ նախահղացում, դեռ չկար,
                                                բնականաբար։

Վերադառնանք։

Հանրահավաքի մեջ, ծառի հոգնած ճյուղին ծանրացող մի
երեխա լահմաջո է ուտում, եւ
անբարձրախոս ծիծաղում է, չգիտես՝ ում վրա։

Ինչ որ տեսնում ենք, դրանք իրենք չեն, իրենց
                                        ստվերներն են՝
ստվեր-ընդդիմություն, ստվեր-իշխանություն, ստվեր-
                                        ծառ, ստվեր-քար,
ստվեր-թողություն, ստվեր-սեր, ստվեր-ամենաթողություն,
                                        ստվեր-պոռնկություն,
ստվեր-ստվեր, այսինքն՝ բոլորը մի երազ է, որ ամենքը
                                        տեսնում են միաժամանակ
եւ խիստ միասին, թեպետ՝
անմիաբան։

Իսահակյանի արձանի մոտ, պոետի ոտքերի տակ
                                        դրված մի
ռադիոձայն, մեկնում է երգի բառերն՝ ասես անապատների
                                        ավազների վրա.
-Օտար, ամայի ճամփեքի վրա...
Եվ այնպես քաղցր է հնչում դա հայրենիքում, որ
                                 օտարության կարոտից
ուղղակի լացդ գալիս է։ Եվ աղավնին համբուրում է
                                        Վարպետի քմծիծաղը։

Սիրո մասին գրած թղթերս փռում եմ թաց
նստարանին եւ դու, փեշերդ վեր բարձրացրած, նստում ես
                                        նրանց վրա. ես
միանգամից դառնում եմ աշխարհի ամենաջերմ
                                        տողերի հեղինակը։
(Հետո դրանք առանձին մի գրքույկով կհրատարակեմ
                                        ու դրանով
կխփեմ Էզրա Փաունդի քթին։ Էլիոթն ինձ հասկանում է)։

Քաղաքական սիրուհիներից ձանձրացել է ժամանակը,
                                        լուսնի
եղջյուրներից թափվող պրեզիդենտացուները ժողովրդի
                                        գլուխն, ասում
են, շփոթել են ֆուտբոլային գնդակի հետ եւ, խելագար
էքստազի մեջ ընկած, իրար պաս են տալիս՝
                սեփական դարպասին խփելու համար։

Իմ առջեւից գնում է մի ավազակ։ Մի գող քայլում է իմ կողքից։
Մի մարդասպան, ահա, անծանոթ կնոջ թեւն է մտել։
                                                Մի փերեզակ
սեր է խոստանում մի աղջիկ երեխայի։ Մի ոճրագործ ինչ-որ
մեկի հետ սակարկում է ինչ որ մեկի գլուխը։ Իսկ քամին
փոխարինում է փչացած բարձրախոսին.
-Կեց-ցե-ցե մեր մի-ա-ա-բանութ-յու-յու-նը...

Լահմաջոյի մի պատառ երեխայի ձեռքից ընկնում է
ծառի տակ կանգնածի վրա, եւ վերջինս դեպի վերեւ նայելով,
                                         ժպտում է
չերեւացող մի հավքի.
-Բախտավորության նշան է՝ թռչունն անցավ իմ
                                       գլխավերեւով։

Մի ուրիշ ծառ։ Մի ուրիշ վայր։ Մի ուրիշ՝ ես։ Նույնը։

Մարդիկ խառնվել են ամեն ինչին։ Երեխան լահմաջո է
                                                ուտում, իսկ
ծառի տակ ուրիշ երեխաներ ուզում են ծառից գցել
նրան՝ ճյուղը խլելու համար։ Խոսք, ժպիտ, ասված
ու չասված բաներ մարդկանց միջից ներքաշում է հողը։
                                       Երկինքը դես ու դեն են
քաշքշում ամպերը, երկինքը քայքայվում է։
Աղը քայքայում է միշտ (Նախիջեւանը վկա)։
Երամներ այլեւս չեն երեւում կապույտում։ Իսկ երեխայի
լահմաջոն վաղուց վերջացել է, բայց չի ուզում ծառից իջնել։

Մի առնետ ինչ-որ շենքի մուտքից մինչեւ մյուս
                                        մուտքն այնպիսի
կարեւորությամբ է շտապ անցում կատարում, ասես
քաղաքի հիմնադիր ճարտարապետի նախագծերում
լրացումներ է անում։ Աշխարհը՝ ծառից։ Ինչ լավ է, որ
«Կարմիր գլխարկի» գայլը ծառերին կուլ չի տալիս։