Jump to content

Տրտունջք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տրտունջք
Աղբյուր. Երկերի ժողովածու հ1, էջ 60

Է՜հ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև…։
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…։
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ… շանթահարե զիս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի[1]…։
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խըլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՜ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ո՜հ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժոխքի մ՚հանգոյն[2]…։
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև…։
Ո՜հ, կայծ տըվե՛ք ինձ, կայծ տըվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված…։
Ո՜հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կ՚ուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ՚ինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կ՚ըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կ՚ուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վըրան։

Ի զո՜ւր գըրեցին աստղերն ինծի «սե՜ր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՛ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան…
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են…
Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն…։

1871


Տողատակեր

[խմբագրել]
  1. Վեճի առարկա է եղել տվյալ տողը։ Պ․ Սևակի և այլոց կարծիքով՝ Դուրյանը գրել է «անալի», այսինքն՝ առանց ալիքների, փոխաբերաբար՝ աստիճաններ չունեցող։ Համաձայն մի այլ տեսակետի՝ «անալի»-ն ձեռագրի սխալ ընթերցման արդունք է․ հ տառը շփոթվել է ն տառի հետ։ 1971 թվականի Դուրյանի երկերի գիտական հրատարակությունում տպված է «ահալի»։ Տե՛ս Երկերի ժողովածու հ1, էջ 264։
  2. հանգոյն ― նման, համանման