Լուսնի մահիկն երբ
սանդուխներու վրա
մեղմով կը տեղա
լույծ, անձրևակերպ
սահանքն ի լույսին,
Եվ երբ մանիշակ
գոլորշիներուն
մըշուշն անապակ
կը ծաղկի թրթռուն
ծովերուն վըրա.
Խորն իմ սենյակիս
կը հանգչի հոգիս.
փակաչք ու անթարթ
կը ծըփամ հանդարտ
ըստվերի գորշ գորշ
լըճակներուն մեջ:
Հայելիներուն
հոգին պըրիսմակ
կը դողա համակ,
երբոր սարսըռուն
աշտանակներուն
ծիրանի ցոլքեր
կը սահին անոր
վըճիտ ծալքերեն։
Հոգվույս ալ մեջեն
տակավ կ’երկարի
փափուկ արծաթի
շավիղ մը ձայնի:
Ու ճառագայթներ`
որ զիս կը կանչեն
հոգվույդ ալուցքեն
կը հասնին ինծի:
Հապո՜ն, կը մեկնին
իմ անրջանքին
թիթեռներն ամեն,
ու միջոցին մեջ
հուշիկ կը գըծեն
շառայլ թըռիչքին
ակոսն հեշտագին:
Ակոսն հեշտագին`
որ ձայնիդ կառչած
կ’երկարի մինչև
քու սրտիդ արև…։