Ցանկություն (Սմբատ Շահազիզ)
Ցանկություն
Նախկին օրեր, կանա՛չ օրեր,
Ինչո՞ւ այդպես շուտ անցաք.
Ո՜հ, մանկության ոսկի ժամեր,
Ինձ քաղցր է ձեր հիշատակ։
5
Դուք գնացիք, ինձ բացվեցավ
Նոր ասպարեզ մտածության
Շղթայի ձայնն ականջս հասավ,
Իմ բեռներըս ծանրացան:
Դուրս վազեցի լայն հրապարակ,
10
Ազատության սուրբ դրոշով.
«Կորուստ չարին», իբր նահատակ
Ձայն տվեցի գոռալով։
Հայաստանի խեղճ վիճակին
Ես ցանկացա զոհ լինել.
15
Հոգի և կյանք նոր սերընդին
Ես կամեցա քարոզել։
Ազգայնություն, ազգայնություն՝
Ասել նորան բարձրաձայն.
Նոր ցեղ, նոր ազք, քո փրկություն
20
Ձեզ է սպասում Հայաստան։
Դեպ Եվրոպա, դեպ ի աշխարհ,
Այնտեղ, ուր միտք մարդկության
Ազատ, առողջ, գիտակցաբար
Կատարում է յուր շրջան։
25
Ուր կույր պարծանք ազգայնության
Չունի ոչինչ հարգություն.
Ուր նոսրանում ասիական
Մեռելատիպ թանձրություն։
Բայց ի՞նչ, զո՛ւր ջանք, զո՛ւր աշխատանք.
30
Հնասեր մարդիկ փրփրեցան.
Սկսավ աղմուկ, չար հայհոյանք...
Նույն մնաց խեղճ Հայաստան։
Մոսկվա