Ցնորոտ անդորրություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ցնորոտ անդորրություններ

Միսաք Մեծարենց

Ցնորոտ անդորրություններ

Հեշտ, փայփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական…
Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն.
ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան`
հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն:

Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական,
հեռուներեն ուտի մը թավ հեծքը կուգա դողդըղալեն.
այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան,
կը մարեմ լույսը լամպարիս, ու կ’երազեմ մըրափելեն:

Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ’անցնին քովեն.
և հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին`
որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն:

Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին,
դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
մինչ ես կ’ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին: