Jump to content

Փահլեվան հեր ու տղա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փահլեվան հեր ու տղա

42. ՓԱՀԼԵՎԱՆ ՀԵՐ ՈԻ ՏՂԱ[1]

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի բեզրգյան։ Էս բեզրգյանը մի փահլևան նոքար ա ունենում, էնքա՜մ ղոչաղ, էնքա՜մ հունարով, որ արար աշխար տակն ու վրա անեիր, ման գայիր՝ նրա հատը փահլևան չիր գտնի։ Ի՛նչ ղվաթով փահլևանի հեննա ասես կոխ էր պրծե՝ ընչանք օրս նրա մեջքը գեննին չէր դիպե, էնքա՜մ ղոչաղ էր։

Էս փահլևանը մի մինուճար տղա ա ունենում, բերում ա սրան պսակում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Սա էլ հոր նման ղոչաղ ա ըլնում։

Գալիս ա մի վախտ, էս փահլևանը ծերանում ա. կանչում ա տղին.— Ա՛յ որդի,— ասում ա,— տենում ես իմ հա՛յ-հա՛յը գնացե, վա՛յ-վա՛յս ա մնացե. արի՛ հմի էլ դո՛ւ գնա բեզրգյանին նոքար։

— Լա՛վ, ա՛յ հեր,— ասում ա տղեն,— ո՛ր ասում ես՝ կէթամ, խի՞ չեմ էթա։

Վեր ա կենում, էթում բեզրգյանին նոքար։

Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը բեղրգյանը նոքարին կանչում ա։

— Կէթաս,— ասում ա,— մի քանի ամսվա ճամփի թադարեք կտենաս, որ էգուց պտի էթամ Երուսաղեմ ուխտ։

— Աչքիս վրեն, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա նոքարը։

Էթում ա, ինչ որ ճամփի հմար պետքն էր՝ հաց-մաց, աման֊չաման, ես ինչ գիտամ, չադիր, մախլաս՝ ինչ որ պետքն էր, բերում ա կապոտում, հազիր անում։ Էդ գշեր քնում են, հեգսի օրը, բարըլսի հեննա բեզրգյանը, ինքը, իրա կնիկը վեր են կենում ընկնում ճամփա։

Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, գշերը մի տեղ վեր են գալի, չադիր տալի, որ մի քիլ հաց-մաց ուտեն, դինջանան, կենան ընչանք լիսանա, էլի վե կենան էթան իրանց ճամփեն։ Լիսը բացվում ա թե չէ նոքարը վեր ա կենում, տենում իրա կնիկը չկա։ Դե՛ս կնիկ, դե՛ն կնիկ, ման ա գալի՝ չի գտնում։ Գալիս ա բեզրգյանին իմաց տալի։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան. էս գշեր էկել են կնկանս փախցրե, տարե. իզին տո՛ւ էթամ աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ բալի գտնեմ, բերեմ։

— Դո՛ւ գիտաս,— ասում ա բեզրգյանը,— էթում ես՝ գնա՛, մեղքն ու վարձքը քու շլինքը, համա ասսու կշտին շարթ ըլնի, թե ե՛ս թեզ գնացի Երուսաղեմ էկա՝ ե՛ս իմ չադիրը ըստե վե տամ, կենամ ընչանք գաս, թե դո՛ւ ինձանից թեզ էկար՝ դո՛ւ կենաս, ընչանք իմ գալը: Լա՞վ։

— Լա՛վ,— ասում ա,— բեզրգյա՛նը սաղ ըլնի։

— Դե հմի մուրախաս ես, գնա՛․ աստոծ քեզ բարի ճամփա տա, բարո՛վ էթաս, բարո՛վ գաս։

Տղեն ասպարավորվեց, նի էլավ ձին, բեզրգյանի հեննա մնաս բարով արեց, մի ճամփա բռնեց՝ գնաց։ Գնաց, գնաց, շա՛տ գնաց, քի՛չ գնաց, տեհավ էդ ճամփի վրեն ձիու ոնների տեղեր ա մալում անում։

— Էրևում ա,— ասեց,— ըստիան ձիավոր ա անց կացե։

Էդ իղը բռնեց՝ գնաց. ասեց. «Տենամ ո՞րդի ա կտրվում»։ Գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էկավ հասավ մի չադիր։ Էն սհաթը ձիուցը վեր էկավ, ձին չադրի դռանը կապեց, մտավ չադիրը, տեհավ մի մարդ ընդե նստած։

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասեց:

— Բարո՛վ, հազա՛ր բարին,— ասեց չադրատերը։

— Ղոնաղ չե՞ս ուզի:

— Խի՞ չեմ ուզի, ղոնաղն ասսուն ա: Էդ ո՞ւր ես Էթում,— հարցրեց չադրատերը։

— Բա՛ չես ասի՝ հալ նաղլ ըսենց, ըսե՛նց բան. ֆլա՛ն տեղը, ֆլա՛ն բեզրգյանի հեննա չադիր ինք տվե, գշերը կացե․ լիսացավ թե չէ, վե կացա տեհա կնիկս չկա: Դե՛ս ման էկա, դե՛ն ման էկա, ի՛նչ արի, չարի՝ չգտա ո՛ր չգտա: Հմի էթում եմ կնկանս հավարին աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ, բալի գտնեմ, բերեմ։

— Տղա՛,— ասեց չադրատերը,— էդ ճամփեն, որ էթում ես, շատ դժար ճամփա ա, էթողն էլ եդ չի գալի. գիտաս խի՞։

— Խի՞,— հարցրեց տղեն։

— Ա՛սեմ: Հերս աղաք մենծ երկրի, թագավորությունի տեր էր։ Մենք մի Քոսա նոքար ունեինք. Քոսա մի՛ ասի, մի զուլում ասա՛՝ սաղ աշխարքը ձեռին դողում էր՝ ընե՜նց մի ազրեհիլ տղամարդ էր: Էկավ մի վախտ, էդ Քոսեն մեզ մեր երկրիցը, տուն ու տեղիցը քշեց, ի՛նքը նստեց ընդե թագավոր: Էդ Քոսեն,— ասեց,— մեր մհալումն էլ կնիկ չի թողե՝ էկել ա փախցրե, տարե շինե իրան կնիկ։ Որ սուտ չասեմ, ով գիտա հմի նա թամամ հազար կնիկ կունենա. կա, չկա՝ կնկանդ փախցնողն էդ Քոսեն ա, էլ մարդ չէ, Քեզանից ղոչաղ, ջահել-ջիվան տղամարդիկ են էկե էս ճամփովն անց կացե, համա դեռ հլա էն ա, որ պտի եդ գան։ Չունքի էդ Քոսեն մի ընենց քամու ձի ունի, որ մի տարվա ճամփեն մի օրումն ա էթում. Է՜, էլ դրա ձեռիցը իսանաո՞րդի կպրծնի։ Դու արի՛,— ասեց,— ա՛յ տղա, եդ դառ, մեղք ես, ջահել-ջիվան ես՝ գնա՛ քու արևի ձենն ածա։

— Չէ՛, որ չէ,— ասեց տղեն,— ինչ ուզում ա ըլնի՝ պտի էթամ, ո՛ր պտի էթամ: Ջըհանդա՜մը գյոռը, մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ:

Չադրատերը տեհավ, որ չէ, տղեն մի հետ պպին ա կաննե, չի ուզում եդ դառնա.— Տղա՛,— ասեց,՛— մի բան ասեմ անկաջ կա՞նես:

— Խի՞ չեմ անի, ասա՛ տենամ։

— Մերս,— ասեց,— էդ Քոսի կնանոցը լեղացնող, մուղաթ կենալն ա. հրես ա՛ռ էս մատանիքն ու աղլուխը նշանաբան, կտանես մորս, կասես. «Տղեդ ա ղրկե»։ Թե անի, բալի էլի նա մի ճար անի քեզ, թե չէ իմաց կաց՝ էթալդ կըլնի, գալդ չիլնի:

Եննա գնաց մի քյահլան ձի բերեց, տվեց իրան։

— Էս ձին որ կա,— ասեց,— էդ ճամփովը շատ ա գնացե էկե. կնիլնես, հենց գյամը բաց կթողաս՝ քեզ կտանի դո՜ւզ Քոսի ամարաթի աղաքին վե կբերի:

Տղեն մատանիքն ու աղլուխն առավ, դրեց ջեբը, իրա ձին թողուց ընդե, նրա քյահլան ձին նի էլավ, ընկավ ճամփա։ Գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, գշեր գնաց, ցերեկ գնաց՝ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մի՛ շա՛բաթ, է՛րկու շաբաթ, ի՛րեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս՝ հասավ Քոսի ամարաթը: Ձիուցը վեր էկավ, դուռը ծեծեց, մի պառավ դուս էկավ:

— Ո՞ւմն ես ուզում,— հարցրեց պառավը:

— Ֆլա՛ն չադրատիրոնչ մորը,— ասեց տղեն:

— Հենց ե՛ս եմ,— ասեց,— տենամ ինչ ես ուզում:

Տղեն հանեց նշանաբանը, տվեց պառավին, ասեց.— Քու տղեն ա ղրկե,— ու մին-մին նաղլ արեց, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Լա՛վ,— ասեց պառավը,— ինչ որ ձեռիցս կգա կանեմ, չեմ խնայի. նրանից դենը դու գիտաս, ղոչաղ տղա ես՝ Քոսի ձեռիցը կպրծնես, թե չէ հո՝ իմա՚ց կաց մենծ թիքեն անկաջդ կթողա։ Հրես էգուց,— ասեց,— հինգշաբթի ա, Քոսի կնանոնցը պտի տանեմ լեղացնեմ, դու էլ մեր եննուցը վե կա՛ց արի։ Ես մի մհանով,— ասեց,— կնկանդ ղրաղ կկանչեմ, կխոսացնեմ. դու էլ մտիկ չես տա կքաշես թարքդ՝ յա՜լլա։

— Լա՛վ,— ասեց տղեն,— ոնց որ ասեցիր՝ ընենց կանեմ։

Հեգսի օրը, պառավը Քոսի կնանոնցը աղաք արեց, տարավ լեղացնի: Ամարաթիցը մի քիչ հեռու լավ-լավ հավըզներ կային, ամեն շաբաթ նրանց բերում էր ըտե չին-չին լեղացնում, եդ բերում ամարաթը։

Ճամփին պառավը էն տղի կնկա հեննա եդ մնաց մեկելներիցը, նրան խաբեց, թե թաքուն բան ա ուզում ասի։ Տղեն ձին նի էլած, ետևներիցը բուսուն էր պահում. հենց էս տեհավ թե չէ, ձին վրա քշեց, կնկանը քաշեց թարքը, ձիու գլուխը բրախ տվեց ու յա՜լլա։

— Հարա՜յ, հարա՜յ, հարա՜յ, էկե՛ք, հասե՛ք. Քոսի կնկանը փախցրին, տարա՜ն,— ձեն տվեց պառավը։ Սաքի թե, որ ասես՝ ինքը բանից խաբար չի։

Կնանիքն ընչանք կիտվեցին տղեն իրա մանդղիլն առավ։ Խեղճերի համամները գլխներին հարամ էլավ. բիրադնով եդ դառան, էկան ամարաթը։ Տղի բախտիցը Քոսեն մենծ քուն էր մտե, շնթռկե, մարդ սիրտ չէր անում էթա վե կացնի, չունքի քառասուն օրը դեռ հլա չէր թամմե։ Կացան ընչանք թամմեց, նոր որ Քոսեն քնիցը վե կացավ։

Պառավը գնաց ասեց.— Բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, կնկանդ փախցրին տարան, ճար ունես՝ տե՛ս։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ։

— Ո՞ր դհովը տարան։

— Է՛ս դհովն,— ասեց պառավը, ղաստի ուրիշ դիհ շանց տվեց, որ տղի եննուցը չկարենա հասնի:

Քոսեն թռավ ձին, յա՜լլա։ Դե՛ս քշեց, դե՛ն քշեց, տեհավ մի ճամփի վրա հրեն մինթանի կտորտանք։ Տղեն կնկանը որ փախցրել էր, դու մի ասի՝ կնիկը թաքուն մինթանի փեշը ճղի, շաղ տա ճամփին, որ Քոսեն իմանա իրան դվո՞րն են տարե, գա հավարին հասնի։

— Բա՛ս,— ասեց Քոսեն,— դեսն են տարե։

Էս ճամփեն բռնեց՝ գնաց։ Գնաց, գնաց, կես սհաթումը տղի եննուցը հասավ։

— Հո՛ղածին,— ասեց,— ո՞նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։ Կնիկս տա՞լիս ես, թե չէ։

— Սելը գոռալու տեղ սե՞լվորն ա գոռում,— ասեց,— էկել ես կնկանս փախցրե հերիք չի, դեռ հլա դո՞ւ ես մենծ-մենծ խոսում։ Ուզո՞ւմ ես,— ասեց,— ա՛րի կռվենք, ով ում ախտեց՝ նա նրան սըպանի։

— Լա՛վ, արի՛ կռվենք։

Էս ասեցին թե չէ, հասան իրար։ Տղի վրա պրծնիլն ու Քոսին ախտիլը՝ մին էլավ։

— Էսթա՛վուր չի,— ասեց Քոսեն,— արի ձիանոնցից վե գանք, կոխ պրծնենք. ով ում գեննովը տվեց, նրա արինը նրան հալալ ըլնի։ Ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— արի հմի էլ կոխ պրծնենք։

Կոխ պրծան։ Ջա՜նըմսան տղեն, Քոսին որ չվեկալավ բոյովը մին գեննովը տվեց՝ բըղկոնը բերնովը դուս էկավ։ Կնիկը տեհավ, որ Քոսի բանը բուրդ ա, ինքն էլ մի դհիցը վրա հասավ, ինչ հալով Քոսին տակիցը հանեց՝ քցեց տղի վրեն: Էս հետ էրկսով տղին վե կոխեցին, ձեռ ու ոտը կապեցին։ Ամառվա էն ճըռճըռան շոքին էր։ Բերին եռման ավազը քանդեցին, տղին ընչանք ճիտը միջին թաղեցին, իրանք գնացին ծառի հովը, որ մի քիչ քնեն, դինջանան։

Խեղճ տղեն շոքու պատռում էր, լերդ ու ջիղերը էրվում, փոթոթվում. մի պուտ ջուր էր ուզում, տվող չկար, խմեր՝ սիրտը հովանար: Ասենք նրանց կշտին մի կում ջուր կար, համա խեղճի ձեռ ու ոտը կապած ին, չէր կարում էթա, վեր անի՝ խմի: Ըսենց կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ էն դհիցը սարը ճղվեց, մի եքա վիշապ դուս էկավ ընդիան ու դո՛ւզ դպա իրան:

— Փա՛ռք քեզ, աստոծ, փառքդ շա՛տ ըլնի,— ասեց տղեն,— էս խաթիցը չպրծած՝ թազա խաթի մեջ ընկա:

Համա մնաց արմացած, որ տեհավ վիշապը գնաց, կումը բերեց տվեց իրան.— Խմա՛, ինչքամ ուզում ես,— ասեց:

Զաթի ծարավ թուքը-մուքը կպել էր. առավ, քաշեց բերնին, մի կո՜ւշտ խմեց, եդ տվեց վիշապին: Վիշապը տարավ դրեց էլ եդ նրանց կուշտը, բերանը բաց արեց, մի էրկու կաթ յաղու ածեց կժի մեջը, էլ եդ գնաց քաշվեց սարը: Տղեն մնացել էր սառած մտիկ անելոն:

Մի վախտ Քոսեն քնատեղիցը վե կացավ, կուժը վե կալավ տղին ճիճիկ տալոն դրեց բերնին՝ խմեց։ Դե միջին յաղու կար, է՜լի խմելու բաշտան՝ տրաքվեց, մեջտեղիցը էրկու[2] էլավ։ Կնիկն էս տեհավ թե չէ, վազեց Քոսի թուրը հանեց, վրա հասավ, որ տղին սըպանի։ Նո՛ր տղեն աղաչանք, պաղատանք։

— Ա՛յ կնիկ,– ասեց,— խի՞ ես ինձ մուխաննաթություն անում, չէ՞ ես էլ քու մարդն եմ։ Արի՛,— ասեց,— ձեռ ու ոտս եդ արա, էլի ես քեզ մարդ, դու ինձ կնիկ. էթա՛նք գլխներս դինջ ապրենք։

Կնիկն ավատաց մարդի խոսքին, ձեռ ու ոտը եդ արեց, նի էլան ձիանիքը էկան։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան էն չադրատիրոնչ կուշտը։ Նի մտան չադիրը, տեհան չադրատերը ընդե նստած։

— Բա՛բով,– ասեց տղեն։

— Ա՛յ դու բարո՜վ, ասսու հազա՜ր բարին, խերին,— ասեց չադրատերը․— ամեն ճամփեդ սալամա՜թ։ Դու էն ասա՝ տղա՞ ես, թե աղջիկ։

— Տղա՛ եմ,— ասեց,— գնացի, Քոսի հեննա կռիվ արի, ախտեցի, կնիկս ձեռիցը խլեցի, բերի:

Էդ գշեր դրա կշտին կացան, տղեն մին-մին նաղլ արեց՝ ո՛նց գնաց, ի՛նչ արեց, ի՛նչ չարեց, մախլաս՝ ամեն բան տեղը֊տեղին ասեց։ Նստեցին, էրկեն ու բարակ զրից արին, մասլահաթ արին, եննա թեք ընկան քնեցին։ Լիսը բացվեց թե չէ, տղեն չադրատիրոնչ ձին տվեց նրան, իրա ձին նի էլավ, կնկանն էլ Քոսի ձին նի հանեց, ընկավ ճամփա:

Էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, տեհավ, է՜, հրեն մի սարի դոշի մի չադիր։ Ալբիալը ճանանչեց, որ բեզրգյանի չադիրն ա։

— Բա՛ս,— ասեց,— Երուսաղեմից եդ ա էկե, իմ ճամփեն ա պահում։ Էկան հասան չադիրը, ձիանոնցից վեր էկան, բեզրգյանին գլուխ տվին, ընդե կաննեցին:

— Ամեն ճամփեդ սալամա՜թ,— ասեց բեզրգյանը,— դե ասա տենանք ի՛նչ արիր, ի՛նչ չարիր. ո՞ւր գնացիր, ո՞րդե գտար կնկանդ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց տղեն,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստեց մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Բեզրգյանը էս որ իմացավ, բերեց կնկանը մի ղաթրի պոչից կապեց, որ տանի սա՛րով, քա՛րով, քո՛լով տա՝ մենծ թիքեն անկաջը բերի։

Հեգսի օրը չադիրը հավաքեցին, էկան իրանց երկիրը։ Բեզըրգյանը ըստե տղի հմար թազադան մի սի՜րուն, նա՜շխուն աղջիկ ուզեց, պսակեց, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց։

Գա՛նք հմի խաբար տանք նրա հորիցը։

Նրա հերը դեռ հլա սաղ էր, համա դառը-տխուր, ընչանք վերջը նոթերը կիտած, ըսկի մարդի հեննա չէր խոսում։ Բեզրգյանը ի՛նչ անում էր, ինչքամ հարցնում. «Ախար ասա՛ տենամ՝ դարտդ ի՞նչ ա, է՜», չէր ասում։ Մի օր էլ շատ որ զոռեց, էս հետ նրա խաթրիցը չկարաց անց կենա։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— աղաք մի գյուրզս բերիլ տո՛ւ, եննա կասեմ դարտս։

Բեզրգյանը էն սհաթը հրամայեց, որ էթան գյուրզը բերեն տան իրան։ Գնացին, իրեք, չորս ֆոգով անջախ ճըռընչալոն բերին՝ էնքա՛մ ծանդրն էր։ Համա փահլևան հերը մի ձեռով գյուրզը վե կալավ, մանների վրեն հազացրեց.

— Բոշ ա,— ասեց,— ծերացել եմ. էլ հալ չի մնացե վրես:

Ես,— ասեց,— աղաք շատ ղոչաղ ի. համա գլխովս մի բան անց կացավ, նրանից դեսը ղուդումս կտրվել ա։ Իմ հարսը հո տեհար ո՜նց իրա հալալը հարամեց, մարդին մուխաննաթություն արեց. էն օձը չըլներ. Քոսի հեննա պտի սըպանեին նրան, թողային ընդե, դարդ ու ղուշի կիրակուր անեին, էն դիհը կաննեին։ Համա կնանիքը քոմմա հո ըտենց չեն. մի քանի տարի աղաք ես մի հալալ կաթնակերի ռաստ էկա, որ արար աշխար ման գայիր՝ նրա հատը չիր գտնի։ Հըմի բեզրգյանը սա՛ղ ըլնի, քեզ նաղլ անեմ՝ ո՞նց ռաստ էկա էդ թասըբով, կնկանը[3]:

Մի հետ,— ասեց,— ձիս նի էլած, ասպաբավորված, էս գյուրզն էլ ձեռիս ճամփա ի էթում։ Մխելի տեղ գնացի, տեհա էն դհիցը մի ձիավոր դուս էկավ:— Բա՛ր'աջողում, աղպեր,— ասեցի։— Ձեն չհանեց, ո՛ր ասես եդ էլա մտիկ չտվեց, տենա ո՛վ եմ, ո՛վ չեմ՝ հենց մի գլուխ ձին քշում էր։ Ինձ ու ինձ միտք արի. «Ես,— ասեցի,— էսքամ ղոչաղ փահլևան ըլնեմ, ո՜նց թե նա ինձ մարդատեղ չդնի, բարովս էլա չառնի՞»: Ասեցի ու դյուրզս ետևիցը շպռտեցի, համա մնացի զարմացած, որ տեհա դյուրզս դիպավ՝ քյար չարեց. նա ըսկի տեղիցն էլ ժաժ չէկավ: Ասեցի՝ մի հետ էլ տամ տե՞նամ։ Ձիուց վեր էկա, դյուրզս վե կալա, մի դըրբ էլ հասցրի՝ էլի ժաժ չէկավ: Համա մըն էլ որ քցեցի, էս հետ նա ձիու գլուխը շուռ տվեց, քշեց դպա ինձ։ Էկավ անկաջիցս բռնեց, ընենց մի զիլ քաշեց, որ մնացի տեղն ու տեղս շըշմած, վախլությունից թուք-մուքս կպավ՝ էլ ձեն, ծպտուն չհանեցի:— Իմ ետևիցն արի,— ասեց ձիավորը: Գնացի: Գնաց, գնաց, գնաց՝ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, էկավ, մի ամարաթի կշտի վեր էկավ:— Ձիուցդ վե՛ր արի,— ասեց: Վեր էկա։ Ձիավորը ջիբիցը հանեց տասը տասնէրկու թարլամեխ, տվեց ինձ: —Ա՛ռ ըստոնք,— ասեց,— վե տու էս ամարաթի պատին, որ ես նիլեմ վիրև։— Ճարս ինչ. ի՛նչ ասեր՝ պտի անեի, մի հետ աչքս վախեցել էր։ Ձեռիցն առա, գնացի մի եքա քար բերի, որ վե տամ: Թըրը՜խկ հա թըրը՜խկ, թըրը՜խկ հա թըրըխկ, թըրը՜խկ հա թըրըխկ՝ ինչքամ արի, չէլավ, չկարացի վե տամ։ Տեհավ, որ չեմ կարում, էկավ եդ ձեռիցս առավ, դըմսկով մի դըրբ տալու բաշտան՝ վե տվեց պատին։ Ըսենց դըմսկով մի դհիցը մեխն էր վե տալի, մի դհիցը նիլնում վիրև: Վե տվեց՝ նի էլավ, վե տվեց՝ նի էլավ, վե տվեց՝ նի էլավ, ընչանք հասավ ամարաթի անգլուխը։ Մի ղաֆիլ հարայ-հրոցի ձեն ընկավ անկաջս. հենց իմանաս ընդե իրար կոտորում ին։ Անց կացավ մի քանի վախտ, նա էլի էն մեխերովը վեր էկավ, նի էլավ ձին։ —Հեննես արի՛,— ասեց։ Գնացի։ Էդ ձիավորը գնաց, գնաց, գնաց, մի գերեզմանի կողքի կաննեց, ձիուցը վեր էկավ, ձեռով էդ գերեզմանը քանդեց՝ տեհա միջին մի մեռել։

— Տե՞նում ես էս օլուն,— ասեց ձիավորը,— սա իմ մարդն ա։

Ասենք ես տղամարդի շորեր եմ հագե, համա ես տղամարդ չեմ՝ կնիկարմատ եմ։ Սրանից մի ամիս աղաք,— ասեց,— մեր դուշմաններն էկան որ ինձ փախցնեն տանեն, մարդս չթողաց, հետները կռիվ արեց. նրանք տվին մարդիս սըպանեցին։ Նրանից դեսը ես ասսուն աղաչանք արի՝ ինձ էնքամ ղվաթ տա, որ մարդիս ինադը հանեմ՝ եննա ֆոգիս առնի։ Ըսօր որ էն ամարաթի գլուխը նի էլա՝ մարդիս սըպանողներին էլ ես սըպանեցի։ Սրանից դենը,— ասեց,— ինձ ապրիլը հարամ ա կացե, ես էլ պտի էթամ մարդիս կուշտը։ Քեզանից մենակ խնդիրքս էս ա, որ ինձ մարդիս կշտին թաղես։ Ձի՛ս, ասպա՛րներս քեզ եմ բաշխում, մնա՜ս բարով։

Էս ասեց թե չէ, թուրը հանեց, կոխեց իրա սիրտը, ընկավ մարդի գերեզմանի վրեն, ընդե տեղն ու տեղը դինջացավ։ Ես էլ ափալ֊թափալ ֆողը վրա տվի, նրան ընդե թաղեցի։ Թողի էկա։ Էն օրվանից դեսը աչքս շատ ա վախեցե. գշեր, ցերեկ էլ դնշում չունեմ՝ հենց սրա վրեն եմ միտք անում․․․:

Բեզրգյանը նո՚ր իմացավ, թե էսթավուր ղոչաղ փահլևանը խի՞ պտի է՛սքամ դեն ընկնի։

  1. Տպագիր տեքստում հեքիաթի վերնագիրը բանահավաքը ջնջել և գրել է՝ «Հալալը հարամող, հալալը չհարամող կնանիք» (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում այս բառի փոխարեն եղել է՝ երկու, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Շղատառով տպված ամբողջ պարբերությունը տպագիր տեքստում բացակայում է. ավելացած է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.) :