Jump to content

Փառասեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

186*–ի հուլիսի ամսու մեջ Կովկասի կողմերեն մի տասնինը-քսան տարեկան հայ երիտասարդ եկավ Պետերբուրգ՝ համալսարան մտնելու։ Տարեկան, այսինքն կուրսե կուրս փոփոխելու ուսանողական քննությունները նոր ավարտած էին. իսկ նորամուտների քննության ժամանակը շատ հեռու էր, որովհետե նոքա, ինչպես հայտնի է, իրենց քննությունները տալիս են հետ ամառվա արձակուրդին, որ կատարվում է երբեմն օգոստոսի վերջերը, իսկ շատ անգամ սեպտեմբեր ամսու սկզբանն. այնպեսով, մեր հայ երիտասարդը առջևը գրեթե երկու ամիս ազատ ժամանակ ուներ։ Նորա այսպես շուտ մայրաքաղաք գալը կարող էր երեք պատճառե հառաջացած լինել, կա՛մ նա ուզացել է առաջիկա քննությունների համար երկարատև և լավ պատրաստվիլ, կա՛մ ուզացել է նա ուսանողական պայմաններին վաղօրոք ծանոթանալ և կա՛մ Պետերբուրգի գոված ամառնային դաստակերտական կյանքը վայելել, որ ըստ մեծի մասին լիքն է լինում ռոմանթիկական արկածներով, որք չափազանց հրապուրիչ են գավառաբնակ երիտասարդներուն, և մանավանդ նոցա, որոնց երակների մեջ հորդ վազում է հարավային եռացող արյունը։

Բայց այդ հիշած երեքեն ոչ մինը չէր իսկական պատճառը մեր հայ երիտասարդի ժամանակե առաջ Պետերբուրգ գալուն։ Նա ուրիշ հաշիվ ուներ և նորա հաշիվը այս էր։ Չքավոր ծնողքի զավակ լինելով՝ նա չուներ հնար յուր սեփական հաշվով չորս կամ հինգ տարի, ինչպես ուսանող ապրելու մայրաքաղաքի մեջ. ի բնե հպարտ և անձնասեր գոլով՝ նա չէր ուզում, յուր շատ համազգի երիտասարդների նման, մտնել ի թիվս այն երիտասարդների, որոնք լոկ օրական ապրուստի համար, իրանց ամենաթանկագին գանձը՝ իրանց համոզմունքը, դնում են կեղծ ազգասիրության դիմակի տակ... Չէ, մեր նորեկ երիտասարդը շատ բարեկիրթ էր այդ անտանելի պայմանին ինքն իրան ենթարկելու համար։ Թիֆլիզի գիմնազիայի մեջ նա առաջին մաթեմատիկն էր. այն չափով և սահմանով, որքան վարժապետները ավանդում էին համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, լատին լեզու, և այլն, նա այնպես լավ սովորում էր և լավ գիտեր, որ բոլոր քաղաքի մեջ ամենաընտիր աշակերտն էր համարվում, օրենը ամբողջ տասներկու ժամ յուր դասերով պարապելը նորա համար մի սովորական բան էր դարձել, իսկ ինստիտուտի վերին դասարանի աշակերտուհիները նորա մեջ պինդ արմատացրել էին համոզմունքը, թե նա ունի չքնաղ դեմք ու իրանք։ Այսպիսի բնատուր և ստացական գեղեցիկ հատկություններով ամոթ չէ՞ր մի փառասեր երիտասարդի՝ յուր գլուխը ծռել մի քանի հեք մեկենասների առջև, գլուխը՝ որ զարդարած էր արջնաթույր, ցոլուն և գանգուր մազերով, ջուխտակ խոշոր, կրակոտ, այրող աչքերով ու անտիկական սիրուն երեսով։ Չգիտեմ ինչպես ուրիշը, բայց այդպիսի մանր ու չնչին շնորհի համար շատ անձնասեր էր մեր հայ երիտասարդը։ Այո՛, Ալթմազովի միակ պակասություններն էին— անձնասիրությունը և փառասիրությունը։

Հարություն Ալթմազովի... Լսո՞ւմ եք՝ Ալթմազով և ոչ թե Ալթմազյան... Նորա փոքր հասակեն՝ խոհեմ հայրը հավատացրել էր, որ այդ չնչին «յան» մասնիկը կարող էր շատ խոչ ու խութ դնել նորա առջև՝ կենցաղույս ալեկոծյալ ծովի մեջ և երբ միամիտ ժամանակ երեխան հորը առջև բերում էր թե՝ այդ մասամբ իվիք կնշանակե ուխտադրուժ լինել ազգային զգացմունքին, և հիշեցնում էր այն անհարմար «յան»–ները, որոնք փոքր առ փոքր, բայց անդադրում հայտնվում են այս և այն երիտասարդների մականվանց ետևներեն՝ խոհեմ հայրը ավելի համոզիչ օրինակ էր բերում մայրաքաղաքի քանի մի պաշտոնատարների «ով» լինելը, որ ամենևին արգելք չէ նոցա ժամանակ-ժամանակ արժանագին ազգասիրական երախտիքներ անելով ազգի մեջ պանծալի ազգասերների հռչակ վայելելու։ Ես շարունակում եմ պատմությունս։ Հարություն Ալթմազովը ծնել էր Երևանա գավառի անհամար գյուղերից մինի մեջ. նորա հայրը մուլքադար էր և ուներ մի ջաղացք և մի փոքրիկ այգի, որ ամենը միասին տալիս էին նորան տարեկան հազար մանեթի չափ արդյունք, որով նա շատ համեստ կերպով կենում է յուր բազմանդամ գերդաստանովն. բայց մի կոպեկ ավելի չուներ յուր սիրական Հարությունին օգնելու, որ յուր յոթը տարվա Թիֆլիզի գիմնազիայում սովորելու միջոցին մի բմբուլի ծանրություն չի տվեց ծնողքին։ Առաջին տարին նա կենում էր մի հեռավոր ազգականի տանը, մյուս տարիները նա արդեն ճարել էր մասնավոր դասեր, որից ստացած փողովն ոչ միայն անդորր ապրում էր, այլև մի պառավ օտարուհու ամսական տասներկու մանեթ տալով՝ սովորում էր նրա մոտ ֆրանսերեն, գերմաներեն և երաժշտաթյուն, որը շարունակեց մինչև գիմնազիայեն դուրս գալը։ Տասնինը տարեկան՝ լավ սովորած գիմնազիստ, սիրուն, բարեկիրթ, ո՞ր աշխարհքի մեջ կարող էր կորչել, որ Պետերբուրգի մեջ կորչեր, ուր երիտասարդների մեջ, երբեք այնքան շատ լավ պայմաններ չեն ամփոփվում, որքան որ ամփոփված էին Ալթմազովի մեջ։ Ալթմազովը վաղուց արդեն սովորել էր առաջնակարգ աշակերտ համարվելու, շատ դժվար էր նորան այդ համոզմանքեն ու գիտակցութենեն հրաժարվելու՝ կուզեր նորա կեցած քաղաքը Թիֆլիզ լիներ, կուզեր Պետերբուրգ, կուզեր Լոնդոն։ Անձնապաստանությունը արդեն նորա մեջ խորունկ արմատներ ձգել էր։

Պետերբուրգ գալով, ինչպես շատերին գրեթե միշտ պատահում է, նա չի շվարեցավ, չի մոլորվեցավ, ինքնիրան չի կորուց. նա յուր կենցաղի և ապագա գործունեության ծրագիրը արդեն վաղուց արել էր։ Մայրաքաղաք հասած չի հասած, իսկույն հրամայեց կառապանին՝ տանել իրան Մեծ Մորսկոյ ասած փողոցը, ուր երևելի հյուրանոցներեն մինումը սենյակ վարձեց։ Հետո բացեց պայուսակը, հանեց մեջեն պահածու հալավները, հագավ, ծոցը դրավ Թիֆլիզի գիմնազիայեն ստացած վկայաթուղթը և իսկույն գնաց համալսարան, դռնապանեն հարցուց մի քանի, իրան պետքական պրոֆեսորների անունները և հասցեները և սկսավ այցելություն անելու, քանիսին տանը չի գտավ,— նոքա կա՛մ արտասահման էին գնացել, կամ ամառանոց տեղափոխվել, միայն մինին գտավ տանը, որ տեսնելով նրա շնորհալի դեմքը, չափազանց անձնապաստան խոսակցությունը, թղթի միջի վարդապետների գովասանական վկայությանը, եթե. ոչ համակրություն, գոնե ակամա ակնածություն զգաց դեպի այդ ապագա գիտնականը։ Ալթմազովը նորանից խնդրում էր յոր համար գտնել մի լավ ընտանիքի մեջ դասեր։ Պրոֆեսորը կմկմանով «ստիպենդիայի» անուն տվեց, որով ուզում էր հասկացնել նորան, որ դրամական օգնությունը որ տալիս է համալսարանը խեղճ ուսանողներին, մասամ իրանից կախված է, եթե միայն նա, Ալթմազովը, աշխատասեր, հառաջադեմ և օրինապահ ուսանող լինի։ Երբ որ ստիպենդիայի անուն լսեց՝ Ալթմազովի ցոլուն աչքերեն կայծ ու կրակներ թափվեցան։ Ոտքեն մինչև գլուխ չափեց պրոֆեսորին. ստիպենդիա՞, օգնությո՞ւն, ողորմությո՞ւն, այն էլ որի՞ն, մի քաջառողջ հաղթանդամ երիտասարդի, որի հասակը քիչ-քիչ երեք գազ էր, որի երեսատիպարքը ասիական Ապոլոնին էր նման և որի գիտությունը մի փոքրիկ գավառական համալսարանի պրոֆեսորի կհավասարեր... Պրոֆեսորը տեսավ, որ մեծ անմարդավարություն արավ ստիպենդիայի անուն տալով այդպիսի երիտասարդի առջև, որ եթե ասեր թե՝ Ավղանի Յաղուբ խանի որդին եմ, ոչ ոք երկմտելու չէ՛ր, նորա դեմքի վրա այնքան խրոխտ հպարտություն ու անձնապաստանություն էր նկարված։ Իսկ սիրունությո՞ւնը, աչքերի ցո՞լքը, քթի անտիկական կտրվա՞ծքը, ճակատի չքնաղ համաչափությո՞ւնը, ասես թե Ֆիդասի կարկինով նախագծած... Յուր ակամա սխալը ուղղելու համար պրոֆեսորը ամենաքաղաքավարի խոսքերով նստեցուց Ալթմազովին, երկար-բարակ խոսեցավ հետը, հարցուփորձ արավ Կավկասի և Հայաստանի վիճակի մասին, թեթև ու աննկատելի կերպով քերվեցավ նորա առտնին պարագաներեն և երբ որ Ալթմազովը առավ գդակը ու պատրաստվում էր երթալու, պրոֆեսորը ամենաքաղաքավարի խոսքերով միամտեցուց նորան, որ այսօր ևեթ մի երկու բարեկամների կհանդիպի և անպատճառ կաշխատե նորան բավարար պատասխան տալու։ Պրոֆեսորը չմոռացավ հարցնել նորա հասցեն և ապա ճամփա դրավ, և երբ յուր առանձնասենյակը մտավ և ուշքը մի փոքր վրան եկավ, խեղճ մարդը ասաց իրան. «Այս ի՞նչ սատանա էր, խելքս չի հասնում, այդ ի՞նչ մարդ էր, որ ես տեսա՝ իշխանա՞զն էր, թե ավազակապետի որդի, այսքան հպարտություն, այսքան համարձակություն, այսքան արտաքին շնորհք...։ Եվ այսպիսի որդիներ ունեցող ազգը հարյուրավոր տարիներե ի վեր ընկճված է կեղտոտ, աղքատ, տխմար, տգետ, անճոռնի թաթարներե ու քրդերե. անհասկանալի՜ է։ Չէ՛, հայ ազգի բնության մեջ մի տակավին չի լուծված առեղծանելիք կա»։ Եվ երկար ժամանակ խեղճ պրոֆեսորի մտքեն չէր դուրս գալիս Ալթմազովի ցոլուն, խոշոր ու մի փոքր արյուն-կոխած աչքերի արած կախարդական ներգործությունը յուր վրա։

Ալթմազովը գնաց յուր հյուրանոցը։ Ժամը ճաշի էր։ Ծառան հարցուց նորան. «Որտե՞ղ կբարեհաճեիք ճաշ ուտելու, ձեր սենյակի՞ մեջ, թե հասարակաց ճաշարանումը։— Հասարակաց ճաշարանումը,— ասաց Ալթմազովն ու գնաց այնտեղ։ Ճաշարանի մեջ մի երկար սեղանի առջև արդեն շատ մարդիկ նստած էին՝ եկավոր բարձր աստիճանավորներ, զինվորականներ, օտար տերության գործակալներ և շատ ռուս և օտարազգի ազնիվ կնանիք։ Երբ որ Ալթմազովը յուր սովորական ազատ բռնվածքով ու քայլվածքով գնաց և մի ազատ սպասքի առջև նստավ, ամենքը և մանավանդ կնանիք զարմացած՝ աչքերը նորա վրա դարձուցին և շատերեն մինչև անգամ ակամա հիացման բացագանչություն դուրս թռավ. Mais mon Dieu quelle beaute! Աստված իմ, որպիսի՜ գեղեցկության։

Ալթմազովը չի շփոթվեցավ, այդպիսի բացագանչությունների և ավելի խորունկ և համոզիչ արտահայտությունների նա արդեն վաղուց ընտելացած էր. նա թերևս կզարմանար, եթե մարդիկ, և մանավանդ կանայք առանց ուշադրության թողնեին նորան, բայց ամենևին չի զարմացավ, երբ նորա արտաքին շնորհքին հարկավոր հարկը հատացին։ Թիֆլիզի ինստիտուտկաներն էին մեղավորը, որ նա այդքան երես առած էր։

Ճաշը վաղուց սկսվել էր և արդեն վերջանալու վրա էր։ Մի տարեց խաթուն կին, որ սաստիկ ուզում էր նորա հետ խոսք բանալ, բայց չիմանալով ինչպե՛ս, ասաց նորան ֆրանսերեն. «Պարոն, եթե կներեք իմ, գուցե անտեղի, հետաքրքրությանը, ասացեք, խնդրեմ, սպանիացի չե՞ք արդյոք։— Ոչ տիկին,— պատասխանեց Ալթմազովը նույն լեզվով։ «Ուրեմն իտալացի՞ եք»,– շարունակեց անծանոթ կինը։— Իտալացի ևս չեմ,— ասաց Ալթմազովը։ «Ես գիտեմ,— ասաց մի չոր-չոր, նիհար, բայց ազնիվ դեմքով կին,— պարոնը Հնդկաստանից է. հնդիկ ռաջայի որդի»։— Այդ ևս ոչ,— ասաց հայ երիտասարդը։ «Ես գիտեմ,— ասաց գերմաներեն երրորդ կինը, որ ամենեն մատաղահասն էր,— պարոնը հարավային Ֆրանսայեն է, թերևս Մարսիլիացի»։– Կսխալիք ամենքդ ալ, տիկիններ,— ասաց Ալթմազովը ամուր և համարձակ,— ես Կովկասիցն եմ,— և մի փոքր կակազելով ավելցուց թույլ ձայնով,— ես հայ եմ։ «Հա՞յ եք»,— ասացին երեք կնանիքը և իրար երես նայեցան։ «Ի՞նչ զարմանալու բան է որ,— ասաց կամաց ձայնով անգլիացի կինը, բայց որը լսեց Ալթմազովը,— կավկասյան ցեղ որ ասում են, այդ ես շատ նոր կարդացի թայմզ լրագրի մեջ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բուն հայերը, որոնց մտավոր զարգացումն, կատարելագործության ընդունակությունը և արտաքին գեղեցկությանը միշտ և հանապազ գոված է եղել ամեն ազգերի մեջ։ Եվրոպացիք իզուր առգրում են այդ հատկություններն թեթևամիտ վրացիներուն, կիսաթուրք, կիսամոնգոլ չերքեզներուն, այդ սխալ է... Հայտնի բան է, մի քանի ազգերի նախանձն է, որ քաղաքական դիտմունքներե գրգռված, պարզապես մերժում են և չգիտցողս ձևանում են պատմական ճշմարտությունը։ Փոքր Ասիայի ապագան, նույն և Ստամպոլին, այդ խոմ մեր լորդ Դերբին վաղուց ասել է, պատկանում է հայերին, եթե նոքա Թաղեսի երկու խոսքը հասկանային՝ «Ծանիր զքեզ»։ Այդ թշվառ ազգի բոլոր անբախտությունը այս է, որ 1500 տարիեն ավելի է, որ ինքն իրան ճանաչել չի կարողանում։ Հայերին ինքները իրանց չի ճանաչելը, իրանց արժեքը չիմանալը շատ ձեռնտու է Տաճկաստանին, և այդ ազգը, յուր սեփական շահերի համար, ամեն հնար գործ է դնում, ուրիշ դիպվածներումն խորամանկ, բայց այդ տեղում թեթևամիտ հայերին հավիտենական անգիտության ու կուրության մեջ պահելու, նախնյաց պատմությունը իմաստասիրելը, որ միշտ հետնորդների աչքը բացել է, ուշի-ուշով աշխատում են հայերից հեռացնել՝ իբր զուր ժամանակի կորուստ և անօգուտ աշխատանք, մինչ՝ հայերու բախտը, ամեն գիտություններեն առաջ, դորանից է կախված։ Խե՜ղճ ազգ»։

Այս խոսքերը, հարևանցի ասած, մեծ օգուտ կուտային Ալթմազով երիտասարդին, եթե այն րոպե նա յուր անձով չափազանց զբաղված չլիներ։ Այդ ու այդպիսի խոսքերը, նա «յան» մասնիկի հետ միասին վաղուց հանել էր մտքեն, ինչպես «կենցաղույս ծովի մեջեն դուրս ցցված խութքերը», որ կարող էին նորա նավին վնաս հասցնել, ինչպես որ օր ու գիշեր խրատել էր նորան զավակասեր ծնողը։

Ճաշեն հետ կնանիք և մի քանի օտարազգի երիտասարդներ գնացին մյուս սենյակը, ուր կար դաշնամուր, և սկսան՝ ո՛րը երգել, և ո՛րը նվագել։ Ալթմազովն էլ գնաց խառնվեցավ նոցա մեջ։ Ամեն տեղ նկատված է, որ զանազան կողմերե ժողովված օտարազգիներ՝ թե՛ նավի, թե շոգեկառքի և թե՛ հյուրանոցի մեջ, առավել շատ և սերտ կբարեկամանան, կմիավորվին, քան թե իրանց սեփական քաղաքումը, իրանց սեփական օջախի առջև, որն ամեն մարդ հաչաղկոտ աչքով պահպանում է օտարի ասպատակութենեն։ Հյուրանոցի օջախն այն առանձին հատկությունը ունի, որ ամեն ազգի մարդոց բերում, միավորում է յուր հյուրընկալ շրջապատը։

Կուշտ և թեթև ճաշեն հետ ամենքը տրամադրված էին զվարճության, դաշնամուրի առջև առաջինը նստավ անգլիացի կինը և սկսավ Սկովտիայի սարերու ուրախ ու խաղացկուն արձագանքները հնչեցնել, հետո նստավ (դաշնամուրի առջև) գերմանացին ու սկսավ Ստռաուսի վալսերը ածելու, որ դարձյալ դեպի պար էր հրավիրում, բայց լսողին գրեթխենների հետ, լուսնյակ գիշերով, Թյութոնբուրգի այսերով ու վհուկներով լցված անտառումը։ Հերթը հասավ ֆրանսիացի կնոջը, որը նվագեց Ga ira-ն և Marseillaise-ը, որն լսելիս մարդ կատաղում էր։

Անգլիացի կինը դարձավ Ալթմազովին ու հարցուց. «Պարոնը սիրո՞ւմ է արդյոք երաժշտություն»— Ոչ միայն սիրում եմ, այլ մի փոքր գիտեմ ևս, ասաց նա և համարձակ գնաց նստավ դաշնամուրի առջև։ Այս համարձակությունը ծիծաղելի լրբություն կարող էր երևել հյուրերի աչքին, եթե հենց առաջին ակորդները առնելիս, նոքա չնկատեին, որ Ալթմազովը ոչ միայն սիրուն երիտասարդ է, այլև լավ երաժիշտ է, եթե ոչ նվագահանդեսներումն նվազելու համար, գեթ տնական ընկերության մեջ։ Մի ահեղահնչյուն ներածությունից հետո, Ալթմազովը նվագեց պոպուրի Կովկասի սարերու մեջ երգված տաղերեն, որոնք թե՛ իրանց նորությամբ և թե՛ մեղեդիների ինքնուրույնությամբ, հյուրերի վրա եթե ո՛չ հրապուրիչ, գոնե չափազանց ցնցող, ապշեցնող ազդեցություն արին։ Երիտասարդ հայի մատերի արագությունը, երաժշտության ինքնուրույնությունը, ունկնդիրների նյարդերի թուլությունը, նվազողի կրքոտ բնությունը միասին առած, այնպիսի տպավորություն արին կանանց վրա, որը կարող եմ միայն աստվածաշնչի օձի՝ մեր նախամոր ականջին փսփսած ձայնին– համեմատել։ Mais c’est la perfection que jeune armenien la (Բայց կատարելություն է այս երիտասարդը), – ասաց ֆրանսիացի կինը, կրքոտ աչքերը Ալթմազովի վրա նետելով։

— Das ist gefahreich (Հիանալի է),— ասաց գերմանացի կինն ու աչքերը խոնարհեց։

— Անպատճառ Բագրատունիի ցեղեն պիտի լինի սա, ասաց անգլիացի կինը, այսքան կատարելություն մի մարդու մեջ՝ ակներև նշան է նրա կամ լորդի, կամ արքայական ցեղե լինելուն։

Երբ որ հյուրերը կամաց-կամաց հեռացան, Ալթմազովն էլ գնաց յուր սենյակը և ուզում էր փոքր-ինչ հանգստանալ։ Հանկարծ սեղանի վրա թատրոնի երկու հայտարարություն տեսավ՝ մինը ռուսաց կոմեդիայի ներկայացման էր, իսկ մյուսը բալետի։ Իհարկե երիտասարդը, և այդ՝ երակների մեջ հարավային արյուն ունեցողը կգերադասե երկրորդը։ Սիրուն վհուկների նման աղջիկներ, բեմի վրա ձևացուցած առասպելական աշխարհ, հանդիսատեսների ճոխ ու շքեղ հագուստն ու թանկագին զարդարանքը, ամեն տեղ գեղեցկություն և երիտասարդություն, արյունի խաղ երեսների վրա, կրքերի արտահայտություն աչքերի մեջ, հոգեկան արբեցումն, մարմնո գրգիռը, թմբրի րոպեական գիրկ, որից հետո սպասում է անողոք մահ ու չգիտեմ ո՞ր իսկական երիտասարդի երևակայությունը չէր հրապուրիլ այսպիսի չքնաղ հեռանկարը, և ի՞նչ զարմանք, որ մեր համազգին նախադասեց արյուն եռացնող բալետը՝ կրքերը պաղեցնող խրատական կոմեդիային։ Նա գնաց բալետ և նստավ բազկաթոռների երրորդ կարգը։ Առաջին նվագ հանդիսատեսներեն ոչ ոք նրա վրա ուշք չդարձուց. բայց երբ որ վարագույրը բարձրացավ ու մայրաքաղաքի սիրական առաջնակարգ դերասանուհին գետնից մի կանգնաչափ թռչտելով՝ եկավ ու ոտքի մատերի ծայրերի վրա կանգնեցավ բեմի մեջտեղը և հազարավոր ձեռների ծափահարության ուզում էր իր շնորհակալությունը հայտնել գլխու քնքուշ խոնարհելովն ու ձեռների շնորհալի շարժելովը,– հանկարծ աչքը ընկավ Ալթմազովի վրա և քանի մի ակնթարթ անշարժ, ապշած մնաց։ Այդքանը բավական էր, որ հանդիսատեսները հասկանային նորա ապշության պատճառը, րոպե չանցած՝ շատերի բինոկլները ուղղվեցան Ալթմազովի վրա։ Ալթմազովը իսկույն հասկացավ, որ այս րոպեիս երկու ճանապարհ է բացվում նորա աոջև, կա՛մ մնալ թատրոնի մեջ և Պետերբուրգի առյուծների շարքը ընկնել, կա՛մ, փախչել ու իր առաջադրած նպատակեն չխոտորվել։ Հորը խրատները նորա մեջ խոր արմատներ էին ձգել։ Նա կամացուկ թողեց թատրոնը և հեռացավ։ Բայց թե ի՞նչ խրատներ էր տվել նորա հայրը՝ ասել չեմ կարող, եթե ցանկանայի ևս. բայց կարդացողը պարզ կտեսնե այդ, երբ որ այս ճշգրիտ պատմությունը մտադրությամբ ծայրե ծայր կկարդա։

Պատվական ընթերցող, չմոռանաս որ այս ամեն բանը, որ ես քեզ պատմեցի, պատահեցան իմ հերոսի՝ մայրաքաղաք գալու առաջին օրը. և եթե, դու այդպիսի լիակատար ստորագրություն նորա ամեն մի քայլափոխին սպասում ես ինձանից նորա չորս տարվա կյանքի Պետերբուրգի մեջ՝ խիստ կսխալիս։ Ես աշխատեցա այս օրվա անցքերով փոքր ի շատե քեզ ծանոթացնել Ալթմազովի ո՛չ միայն մինչև այժմ անցուցած տարիներու հետ, այլև այն բանին, թե այսուհետև մոտ ի մոտո ի՞նչ դերեր խաղալու ընդունակություն ունի նա։ Կարողացա՞ արդյոք քեզ հասկացնել, թե դա ինչ երիտասարդ է և կամ նորա մուլքադար հայրը ի՛նչ բնավորության տեր մարդ է եղել, կյանքի վրա ի՛նչ հայացք է ունեցել ինքը կամ ազդել է յուր որդուն։ Ես քեզ սոցա հոգեբանական խնդիրներու լուծմունքը չեմ անիլ, ես իմ սեփական եզրակացությունները չեմ անիլ, ես քեզ զանազան կենցաղական խրատներ չեմ տալ և ազգաշահ խորհրդածություններ չեմ անիլ։ Նախ որ կամենայի ևս, ես չէի կարող, երկրորդ, ես գիտեմ, որ ամեն մարդու ավելի հաճելի է իրեն ծամելը, քան թե ուրիշի ծամածը կուլ տալը, գիրքը, որ խրատում է, երբեք չի տալ այն օգուտը, որ կուտա այն գիրքը, որի վրա կարդացողը մի փոքր խելք պիտի մաշե։ Ինձմե պատվելի կարդացողը շատ պահանջմունք թող չի ունենա, բավական է, որ արդարասեր պատմաբանի պարտքը բարեխղճությամբ կատարեմ, իսկ դու, կարդացող, իմ պատմածը քու խելքով հասկացի՛ր ու դատե։

Ալթմազովը որ տուն եկավ, հրամայեց մի թաս թեյ տալ իրան, որն ծառան իսկույն բերեց, և քանի որ նա խմում էր՝ գնաց նորա անկողինը հարդարեց և ապա հեռացավ։ Նորա գնալեն հետ, Ալթմազովը պառկեցավ և քանի րոպեեն՝ խորունկ քնեցավ։

Պետերբուրգը հայաստանցի երիտասարդների փառասիրությունը երկու մարդու օրինակներով գրավում է. առաջին օրինակը տվեց Ղարախանովը. իսկ երկրորդը վրացի իշխան Վաչինաձեն։ Ղարախանովը մի ղարաբաղցի տղա էր, շատ սիրում էր պառավ ու հարուստ այրիներուն Բոքաչիոյի հարյուր վեպքը պատմելու, որո փոխարեն ստանում էր նոցանից «ի հիշատակ խորին հարգանաց» ոչ միայն թանկագին մատանիներ, այլև մեծագումար բանկային տոմսակներ. բանի վերջը այն եղավ, որ խեղճ երիտասարդին «բարի գործելու համար» Սիբիր ուղարկեցին, իսկ Վաչինաձեն մի սիրուն վրացի էր, որ մեր Ալթմազովի նման, երբեմն բարի մտքով եկել էր Պետերբուրգ համալսարան մտնելու, որն չհաջողվեցավ նորան. վասնզի գիմնազիա եղած ժամանակը, երևի, սա ավելի հաճախ հայելիի էր նայել, քան թե յուր դասագրքերու վրա, և ավելի շատ՝ աղջիկներու գովասանքին էր ականջ դնում եղել, քան թե վարժապետի դասախոսություններին. մեկ խոսքով՝ նորա գիտությունը շատ տկար է եղել համալսարան մտնելու համար։ Երբ «իմաստության տաճարի» դռները փակվել են աշխարհասեր վրացի երիտասարդի առջև, նա բարի է համարել զինվորական ասպարեզ թևակոխելու, որ տվել է նորան արտոնություն՝ սիրուն նշանազգեստներ հագնելու, և երբ մեր պատվելի իշխան Վաչինաձեն յուր սիրուն դեմքով և սիրուն նշանազգեստովն շրջում է եղել (դու աշտանակիլ հասկացի՛ր) մայրաքաղաքի փողոցների մեջ՝ հանկարծ մի հարուստ ռուս այրի աչքը ձգել է մասամբ նորա սև մազերի ու բեղերի և մասամբ նորա իշխանական տիտղոսի վրա, և մի պատվական օր մեր աղքատ վրացին հարուստ իշխան դարձավ։

Ցավ է ասելը, մեր Ալթմազովը, հոր խրատներեն համոզված, յուր առջև օրինակ ուներ միշտ այս վրացի իշխանին։ Թեև ամենքը գիտեն, որ Վաչինաձեի վերջը շատ արտասվալի եղավ, բայց այդ բանը ոչ ոքի չի խրատեց, մանավանդ հայերուն, և Ալթմազովի հայրը կարծում էր, որ այդ վատ հետևանքին նրա որդին երբեք չի հանդիպիլ. հայը ի բնե վրացիի պես, շռայլ, թեթևամիտ չլինելով, երբեք չի վատնիլ յուր ձեռքի հարստությունը, իսկ հարստությունը՝ այդ բանի մեջ ամեն հայ համոզված է, աշխարհիս երեսին ամեն բարիքե վեր է, հարստություն, որ թեկուզ ձեռք բերած լինի մոլության և ոճրի գնով։

Ինչ և իցե։ Ալթմազովը եկել էր Պետերբուրգ ոչ միայն գիտություն և ուսումնական աստիճան ստանալու, այլև մի ահագին օժիտով աղջկա հետ պսակվելու։ Այս խորհուրդը նորան ներշնչած էր գրեթե օրորոցի մեջեն։ Գիմնազիայում սովորելը և լավ սովորելը, Պետերբուրգ գալը՝ ուսումն շարունակելու համար, խոհեմությամբ իր բարոյականությունը անբիծ պահելը ոչ թե կյանքի նպատակ, այլ միջոց էր նորա աչքում՝ հարուստ (բայց շատ հարուստ) աղջկա վրա պսակվելու համար։

Որքա՜ն հերոսական միջոցներ՝ մի չնչին՝ մանր, եսամոլ նպատակի համար։

Ա՜խ, հայ, դու միշտ այդպես եղել ես, ե՛ս և պիտի, գուցե, երկար ժամանակ լինես։ Ինչո՞ւ զարմանում ես, որ ազգերու առջև արհամարհված ես. ինչո՞ւ ուրեմն սիրտդ ցավում է, երբ օրինավոր ազգերու ընկերությունեն, ճիվեդ բռնած, քեզ միշտ դուրս են հանում։

Երբ որ Ալթմազովը մյուս օրը զարթեցավ, ծառան մի տոմսակ բերեց տվեց նրա ձեռքը։ Տոմսակի մեջ մոտ ի մոտո այսպես էր գրած.

«Պարոն Ալթմազով, Համաձայն Ձեր ցանկությանը, ես երեկ իսկույն, Ձեր հեռանալեն հետ, շրջեցի իմ ծանոթներին, նոցանից մինը, որովհետև ես շատ գովասանական բաներ էի ասել Ձեր մասին, հոժարեցավ Ձեզ տնական վարժապետի պաշտոն տալու։ Լավ և նշանավոր մարդ է իշխան Կաբիլքինը։ Հուսամ որ նորա ընտանիքի մեջ Ձեզ լավ կլինի։ Երեխայքը, որքան ես ճանաչել եմ, համեստ և ընդունակ են, իսկ նոցա ծնողքը հարուստ, և որ գլխավորն է, լուսավորյալ մարդիկ են. ուրեմն Ձեր աշխատանքը չի կորչել և դուք, թերևս, նորա տան մեջ Ձեր նպատակին կհասնիք։ Հասցեն Անգլիական գետափի վրա, սեփական տան մեջ։ Շտապեցեք։

Մնամ Ձեզ բարիք կամեցող X. Z.»։

Յուր նպատակին այսպես շուտ հասնելը այս անգամ էլ չզարմացուց Ալթմազովին, որին բախտը գրեթե օրորոցեն այնքան երես էր տվել, որ նա տակավին չգիտեր ի՛նչ ասել է ձախորդությունը։ Կաբիլքինի հոժարությունը նա վերաբերեց իր հատկությանը և ո՛չ ազնիվ պրոֆեսորի բարեխոսության, մտքի մեջեն անգամ շնորհակալ չեղավ այդ բարի մարդուն։ Քա՜նի-քա՜նի ուսանողներ ամիսներ և տարիներ սպասել են և չեն հասել չնչին վարձատրության՝ բոլոր իրանց պատրաստությունով հոգով չափ աշխատելու, միայն թե մի փոքր ապահոված լիներ նոցա օրական ապրուստը և տաք բնակարանը։ Բայց ի պատիվ Ալթմազովի, այն էլ պետք է ասել, որ նա ոչ միայն յուր չքնաղ արտաքինով, այլև յուր գիտությամբ շատ ու շատ գերազանց էր թե՛ համազգի և թե՛ օտարազգի ուսանողներեն։ Չորս տարվա ընթացքումն, որ Պետերբուրգ անցուց, Ալթմազովը չուներ յուր ախոյանը ուսանողների մեջ. այն չեմ ասում, որ մայրաքաղաքումը արտաքինը ոչ միայն մեծ նշանակություն ունի, այլև միակ հատկություն է հաջողություն ունենալու համար։

Ծերունի Ալթմազովի իր որդուն տված խրատներեն մինն էլ այս էր, որ ծախսի առջև երբեք կանգ չառնու. իր սեփական պետքի համար երբեք փող չի խնայե. «շատ մսխողը, ասում էր նա, շատ դատել (վաստակել) կիմանա, միայն հեք բնությունով մարդիկն են, որ փող դատելը և գումար շինելը խնայողության և իրանց մանր-մունր բաների մեջ զրկելումն են տեսնում»։ Հյուրանոցի դռնեն դուրս գալով, մի սիրուն ձիով կառապան տեսավ ու մատով արավ։ «Ո՞ւր կհրամայեք»,— ասաց կառապանը։— Անգլիական գետափը,— ասաց Ալթմազովը։ «Եթե մեկ մանեթ չեք խնայիլ, թռչունի նման կտանեմ»,— ասաց սիրուն և լպստած երեսով կառապանը։ Ալթմազովը ոչինչ չպատասխանեց ու նստավ կառքը. և իրավ որ դարդիմանդ կառապանը սանձերը մի թեթև թափ տվեց, ձին թռչունի նման սլացավ և թռցրեց մեր գեղեցիկ պատանիին։

Առավոտվա ժամը 9-ն էր, որ Ալթմազովը մոտեցավ Կաբիլքինի տանը և քաշեց դռան զանգակը։ Քանի որ դռնապանը դուռը կբանար, նա քսակեն հանեց մի մանեթանոցը և ձգեց կառապանի առջև։ «Կհրամայե՞ք որ ձեր պայծառափայլության սպասեմ»,— ասաց կառապանը գդակը հանելով։— Կուզես՝ սպասե,— ասաց Ալթմազովը,— ես կարելի է շուտ դուրս կուգամ, բայց կարելի է կես ժամի չափ մնամ ևս։ «Ոչինչ, ես ձեզ կսպասեմ»,— ասաց կառապանը։ Ալթմազովը չպատասխանեց նորան ու ներս մտավ, վասնզի դռնապանը արդեն բացել էր դուռը։— Իշխանը տա՞նն է,— հարցուց Ալթմազովը։ Գոռոզ դռնապանը, փոխանակ նորա հարցմունքին ճիշտ պատասխան տալու՝ «Ձեր մասին ինչպե՞ս հայտնեմ նորին պայծառափայլության»,— ասաց։— Նա ինձ սպասում է,— ասաց ոչ պակաս գոռոզությամբ, վրայի պալտոն դռնապանի ձեռքը ձգելով, հետո քաշեց հանեց աջ ձեռքից ձեռնոցը, գդակը ձախ ձեռքը առավ ու աջով շքեղ գանգուրները շփելով, սկսավ մարմարյա սանդուղքների վրա բարձրանալու, որի ամեն մի աստիճանը զարդարած էր հախճապակյա թաղարների մեջ տնկած հազվագյուտ ծառերով ու ծաղիկներով։ Դռնապանը բերանը բացած, զարմանալով երիտասարդի ետևեն էր նայում։ «Երևի օտար տերության գործակալ է կամ դեսպանության քարտուղար է»,— ասաց մտքի մեջ։ Նախասենյակումը հանդիպեցավ մի ուրիշ սպասավոր, որ նույն հարցմունքը արավ, ինչ որ դռնապանն էլ արել էր։ «Ալթմազով՝ Կովկասեն»,— կարճ կտրեց մեր երիտասարդը և խոժոռ նայեցավ նորա աչքին։ Սպասավորը գնաց և շուտ վերադարձավ, ասելով՝ «համեցեք», և նորա առջև բացեց առանձնասենյակի դուռը։

Իշխան Կաբիլքինը քառասունհինգ տարեկան բարձր աստիճանավորի դեմքով մարդ էր. թեև վրայի քնազգեստը մի փոքր հնացած էր և կերպասի գույնը թռած, բայց սենյակի առաստաղեն կախված ջահը, խորշերումը պատվանդաններու վրա դրած մարմարիոնյա արձանները, սեղանի վրա շարած raticles de Paris (Փարիզում պատրաստվող պերճանքի առարկաներ) ասած հազար տեսակ ոսկիե, փղոսկրե, կրիայի խեցիե շինած թանկագին մանր-մունր իրեղենքը, զուտ սաթե կես կանգնաչափ մանդշթունքները ակներև ապացույց էին նորա հարստության. էլ չհիշեմ թանկագին գորգերը, որ փռված էին գետնի վրա, ուր մարդուս ոտքը, ինչպես բարձր արոտի մեջ, խրվում էր, էլ չասեմ արբանոս փայտե շինած և ոսկի թիթեղով պատած աթոռները։ Երբ Ալթմազովը ներս մտավ՝ նույն լակոնական ոճովն ասաց. «Ալթմազով՝ Կովկասեն»։

— Այո՛, այո՛,– ասաց իշխանը, տեղեն բարձրանալով.– ինձ պարոն պրոֆեսորը շատ լավ բաներ ասաց ձեր մասին, շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ. համեցե՛ք նստեցե՛ք,– ասաց և ցույց տվեց մի փոքր հեռվումը կեցած մենավոր աթոռ կարմիր փայտե։

Ալթմազովի համար այդ րոպեն կտրողական էր. նա կայծակի արագությամբ հասկացավ, որ իշխանը երկու տեսակ այցելուների հետ գործ ունի սովորաբար, մինը խնդրողք և մյուսը հավասարք։ Այդ ցույց տված մենավոր կարմիր փայտե աթոռը անշուշտ նշանակած էր խնդրողների համար, որոնց կարելի էր «մի փոքր չի պատվել». իսկ հավասարների համար՝ ի՞նչ ասել կուզե, նշանակած էին թանկագին ոսկեզօծ աթոռները։ Ալթմազովը մեծքիթ տղա էր, մի փոքր էլ լիրբ, նա գդակը կարմիր աթոոի վրա դրավ, իսկ ինքը իշխանազնի համարձակությամբ, բայց բարեկիրթ երիտասարդի համեստությամբ նստավ նորա առջեի ոսկենկար և դիպակով ծածկած բազկաթոռի վրա։ Իշխանի երեսին մի զարմանքի և տհաճության զգացմունք նկարվեցավ, բայց և շուտ անցավ։ Կաբիլքինը ոչ նոր, այլ օխտը պորտով արիստոկրատ էր, արտաքին և մանր-մունր բաներու մեջ մեծահոգի ձևանալը (որով շուտ խաբվում են հասարակ մահկանացուները) մեր, այսինքն Ռուսաստանի մեծատուներու տարիներով սերտած աշխարհածանոթությունն է։ Բավական երկար տևեց նոցա մեջ լռությունը։

— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգտավետ լինել,— ասաց վերջապես իշխանը, որ կամենում էր այդ ձանձրալի լռությանը վերջ տալ, մանավանդ որ Ալթմազովը յուր կրակոտ, անվախ աչքերը ուղիղ ցցել էր նորա մի փոքր կարճատես աչքերին։

— Մի՞թե պրոֆեսորը խոսած չէ իմ մասին,— ասաց Ալթմազովը։

— Դուք արդեն ուսանո՞ղ եք։

— Կարծեմ այո՛, վասնզի իմ վկայագիրը տալիս է ինձ իրավունք՝ առանց քննության մտնելու համալսարան,— պատասխանեց Ալթմազովը լավ ռուսերեն առոգանությամբ։

— Այո՛, այո՛, այդ ինձ ասել էր պրոֆեսորը,— ասաց իշխանը, որ ավելի և ավելի կորցնում էր յուր կախարդանքը մի «խեղճ խնդրողի» վրա։

Դարձյալ լռություն։ Ալթմազովը յուր խոշոր աչքերը հարցական իմաստով տնկել էր իշխանի վրա։ Այդ րոպեին դուռը բացվեցավ և թագուհու քայլվածքով ներս մտավ հիանալի գեղեցկությամբ՝ Բալզակի գոված տարիքով մի կին։

Իշխանը ոգի առավ, նա նման էր Սոլֆերինոյի ճակատամարտի մեջ պատերազմող Նապոլեոնին, որին ասացին թե՝ ահա Մակ-Մահոնը գալիս է քեզ օգնության։

Իշխանուհին ներս մտավ. շնորհալի շարժվածքով ձեռքը պարզեց մարդուն, ունքով պատասխանեց Ալթմազովի ողջունին և նստավ իշխանի մոտ։ Ալթմազովը ուզեց յուր աչքերի կախարդությունը իշխանուհու վրա ևս փորձել, բայց իշխանուհին շուտ հասկացավ մեր երիտասարդի «ֆոկուս– փոկուսները» և այնպիսի քիթ ու պռունկ արավ, որ պ. Ալթմազովը յուր ամենահաղթ զենքը խոնարհեցուց։

Իշխանուհին փորձառու և կանոնավոր դաստիարակություն ստացած կնիկ էր. նա վաղուց լսել էր մանր ու կեղտոտ հաղթությունների մասին, որ կովկասցի երիտասարդները, ի վնաս իրանց առողջությանը և գեղեցկությանը, կատարում են պարզամիտ ռուս աղջիկների, այրիների և պառավների վրա. նա այդպիսի գարշելի անբարոյականության համար ի բոլոր սրտե ատել էր Կովկասը և նորա բնիկներուն։ Երբ որ իշխանը տեսավ, որ նորից լռություն տիրապետեց, խոսքը կենդանացնելու համար, ասաց Ալթմազովին. «Կարո՞ղ եմ հարցնել ինչ ազգից եք դուք»։

Իշխանուհին ժամանակ չտվեց Ալթմազովին պատասխանելու և իսկույն դարձավ մարդուն և ասաց. Mais, mon Dieu, que vous etes naif certainement que monsieur est armenien (Բայց, աստված իմ, որքան միամիտ եք. պարոնը հայ է անշուշտ).

Ալթմազովը միայն գլխով արավ, որ նշանակում էր, թե իշխանուհին իրավացի է՝ բայց և հասկացավ իսկույն, որ նա վերջապես գտավ յուր ախոյանը։ Ալթմազովը, որ գրեթե ծնած օրեն տեսած չէր մարդոց երեսի վրա բացի սերեն և հարգանքեն ուրիշ զգացմունք և այժմ նկատելով իշխանուհու աչքերի և ձայնի մեջ անհրաժեշտ ատելություն դեպի իրան՝ չի վհատեցավ. ինքն իրան երդում արավ մինչև վերջը պատերազմել, եթե հնարը գտնե՝ հաղթել, ապա թե ոչ՝ հաղթվել՝ ծունր իջնել նորա առջև, ոտերը համբուրել, նորա ստրուկը դառնալ, բայց.... չի հեռանալ։ Ինչո՞ւ։ Ով գիտե գնա իրան հարցար։ Շա՜ն զգացմունք՝ լիզել զարնող ձեռքը:

Հա՛յեր, Ալթմազովի այս բնավորութենեն ամենիս մեջ փոքր-փոքր չիկա՞ արդյոք։

Իշխանուհին դուրս գնաց և իսկույն ասաց աղջկան «Հորդ սենյակումը մի այնպիսի գեղեցիկ երիտասարդ կա որի նմանը ոչ իրական կյանքի, ոչ երևակայության մեջ և ոչ պատկերի վրա տեսել ես, կամ պիտի տեսնես. Բելվեդերի Ապոլլոնը դորա առջև ոչինչ է. բայց ափսոս որ հայ է. հայ է ոչ միայն ծնունդով, այլև բնավորությունով։ Մի՛ վախենար, դու չես սիրահարվիլ, վասն զի դու ռուսի столбовая ազնվուհի ես, իսկ նա՝ առմիաշքա է»։

Աղջիկը այնպես պինդ ծիծաղեցավ, որ ձայնը մինչ Ալթմազովին հասավ։ Նա թեև մոր ու աղջկա իրար հետ ունեցած խոսակցությունը չլսեց, բայց այդ ծիծաղի ձևեն հասկացավ, որ այս այն տունը չէ, ուր նա մտադիր էր յուր հոր խորհուրդները էացնելու։ Բայց անձնապաստանությունը, համառությունը և յուր խորամանկության ամենակարողությունը նորա մեջ խոր արմատներ էին ձգել։

Քանի ժամանակից հետո աղջիկն էլ ներս մտավ, նա էլ տեսավ, որ Ալթմազովը երևելի սիրուն երիտասարդ էր. նորա խոսակցութենեն նկատեց, որ յուր տարիքի համար չափազանց մեծ գիտություն և փորձառություն ունի, քանի՜– քանի՜ անգամ նորա աչքերին չի դիմանալով՝ յուրերը խոնարհեց և երբ որ հեռացավ՝ սրտեն խորունկ ա՜խ հանելով, ասաց. «Մեղք որ հայ է», բայց մի փոքր հետո ավելացուց. «Ա՜խ, ինչո՞ւ մայրս ատում է Կովկասցիներուն. այդ ի՞նչ նախապաշարմունք է. մի՞թե ամենքն էլ Ղարախանովներ ու Վաչինաձեներ են. խեղճ երիտասարդը դեռևս տասնինը տարեկան է, դեռևս երեխա է, ազնիվ պրոֆեսորներուն դասախոսությունները, ազնիվ մարդոց բարեկամությունը, ազնիվ երիտասարդների կենակցությունը և... ազնիվ օրիորդների ընկերությունը մի՞թե չեն կարող բնավորության մի քանի անհարթությունները ուղղելու... բայց այդպիսի ցոլուն, խոշոր աչքեր, այդպիսի գեղեցիկ, անտիկական երեսի տիպարք... չէ՛, չէ՛ մայրս սաստիկ սխալվում է, մորս աչքը վախեցած է»...

Իշխան Կաբիլքինը ոչինչ պատճառ չուներ Ալթմազովի առաջարկությունը մերժելու, մանավանդ որ նորա մոտիկ բարեկամ, մաթեմատիկայի պրոֆեսորը մեծ գովասանքով խոսել էր նորա հաջող գիտության մասին, գրեթե ամեն գիմնազիական առարկաների մեջ. հայտնել էր նորան և այն կարծիքը, որ նա ոչ այնքան փողի համար է պաշտոն փնտրում, որքան մի ազնիվ գերդաստանի մեջ բնակվելու, վասնզի ինքն էլ, թեև չքավոր է, բայց ազնիվ սերնդե է, և չէ ուզում, շատ ուրիշ յուր համազգիներու նման, ընտանիքե դուրս բնակվելով, նույնիսկ մայրաքաղաքի մեջ անցնել կիսավայրենի կյանք՝ հեռու ընտանեկան անմեղ վայելչություններե, հեռու քաղաքային և ընտանեկան կյանքե, որից միշտ զուրկ են վարձած սենյակներումը բնակվող երիտասարդները։

Իշխան Կաբիլքինը նշանակեց նորան յուր տան մեջ մի զարդարուն սենյակ, ճաշ, թեյ, սուրճ, նախաճաշիկ, լվացք, ծառա և ամսական հարյուր մանեթ ռոճիկ։ Մեկ ուրիշ ուսանողի այսպիսի պայմանը երջանկություն կերևեր, բայց Ալթմազովը բավականին քիթը կախած վերադարձավ յուր հյուրանոցը, որ յուր պայուսակը ու մյուս բաները բերե. իշխանուհիի լուռ պատերազմը նորա սիրտը «որոտ» ձգեց։ Կառապանը անհամբերությամբ սպասում էր նորան, որ այս անգամն ևս ստացավ նորանեն մի ուրիշ մանեթանոց։ Հյուրանոցումը նախաճաշիկը նորից ժողովեց երեկվա հյուրերուն. այս անգամ Ալթմազովին երեք օտարուհիները և նոցա հետ ուրիշները՝ ինչպես հին բարեկամի բարևեցին, դարձյալ միասին կերան ու խմեցին, դարձյալ հետ սեղանին, գնացին մյուս սենյակ երգելու և նվագելու, դարձյալ Ալթմազովը յուր շարադրած ասիական մեղեդիներեն մինը նվազեց նոցա առջև, նորից ծափահարեցին նորան, նորից իրանց մեջ փսփսալով, բայց նորա ականջին հասցնելով, գովեցին նորա երաժշտական քանքարը, դեմքի ու իրանքի գեղեցկությունը, բարեկրթությունը, բայց, ավա՜ղ, նորա տրտմությունը փարատել չի կարողացան։ Իշխանուհին նորա անձնասիրությանը անբուժելի խոց էր հասուցել։ Երկու ձայն նորա մեջ բարձրաբարբառ խոսում էին. «Փոխե՝ նպատակդ, թո՛ւք գոռոզ իշխանուհու վրա, ազնի՛վ եղիր, ուղիղ ճամփով առաջ գնա», իսկ մյուսը ասում էր. «Հիշե՛ հորդ խրատները, խորամանկ եղիր, ինչ հնարով կուզե լինի՝ հասիր նպատակիդ՝ փողի, փողի և փողի»։

Նույն օրը մնաս բարև ասաց նա յուր նոր բարեկամներին, հավաքեց յուր իրերը և գնաց տեղավորվեցավ իշխան Կաբիլքինի տանը։ Նորա պատուհանները դարձած էին Նևայի վրա. համալսարանը գրեթե դեմուդեմն էր։

Իշխանը ընդամենը երկու զավակ աներ, մի որդի՝ ինը տարեկան, որին Պաժերի վարժարանի համար պետք էր պատրաստել, և մի դուստր, տասնվեց տարեկան, որին արդեն մի փոքր ճանաչում ենք. որդու անունն էր Միշա, իսկ աղջկանը Եվդոքիա։

Ալթմազովի պարապմունքի, համար ես շատ բան չեմ ասիլ։ Ինչպես որ պատմությանս սկզբանը հիշել էի, նա արդեն տասնմեկ տարեկան հասակեն սկսել էր զանազան հասակի և բնավորության աշակերտների հետ պարապելու, գրեթե ամեն գիմնազիական առարկաներեն, ուրեմն մանկավարժության մեջ նա շատ հմուտ և փորձառու էր։ Նորա գիտության համար խոսելն ևս ավելորդ է, վասնզի նա, յուր աշակերտության միջոցին, ո՜չ մի վարժապետի խոսք, ո՛չ մի դասագրքի տող առանց ուշադրության, առանց քաջ սերտելու թողուցած չէր։ Երբ որ փորձի համար առաջին դասին ներկա էին իշխանը և իշխանուհին, նոքա մի ժամի մեջ համոզվեցան, որ Ալթմազովը նոցա զավակներին, եթե նոքա բոլորովին ծույլ, բթամիտ և ուսումնատյաց լինեին, անպատճառ մի բարի վերջի կհասցներ։ Ալթմազովը խոսում էր ամենահասկանալի լեզվով, քերականական կանոնները, մաթեմատիկական դիլեմաները այնպես պարզ առաջներն էր դնում, որ աշակերտը գրեթե առանց վարժապետի օգնության հասկանում էր։ Վաղվա դասերը այսօր լավ բացատրում էր աշակերտներին, որ մինչև անգամ նոքա կարիք չունեին դասագրքեն մյուս անգամ սովորելու կամ ինքներն իրանց ստուգելու։ Առաջվանից ասենք. Ալթմազովը գրեթե չորս տարի մնաց նոցա մոտ։ Միշելը քսանվեց քննվող աշակերտների մեջեն առաջինը հանդիսացավ և մտավ վարժարան և մնացած երեք տարին ետև ետևի փոխում էր դասարանները (Ալթմազովը միշտ վարժատուն էր գնում և դասերը քաղվածք անել էր տալիս)։ Իսկ Եվդոքիան հետևյալ տարին փառավոր քննություն տվեց համալսարանումը, և մնացած ժամանակը կատարելագործվում էր մաթեմատիկայի և ընդհանուր պատմության մեջ։

Ալթմազովը յուր վարժապետական պաշտոնը ամենափառավոր կերպով կատարեց իշխան Կաբիլքինի տանը, որ քանի քանի անգամ պատրաստ էր նորա ռոճիկը կրկնապատկելու, եթե երիտասարդը հոժարեր։ Բայց նա բացե ի բաց հեռացնում էր իրմեն այդպիսի վարձատրություն, նորա փառասիրությունը ավելի լայն հորիզոն ուներ, քան թե որքան կարելի էր սպասել մի խեղճ վարժապետե։

* * *

Այժմ ես ուզում եմ մի քանի միջավեպեր պատմել նորա կյանքից, որ անցավ նորա չորս տարվա ուսանողության ժամանակ։

Եթե Ալթմազովը հյուրանոցումը հանդիպած անգլիացի կնոջ խոսքերի վրա լավ ուշադրություն դարձրած լիներ, գուցե հոր տված խրատներն և յուր աշխարհայեցողությամբ շինած կյանքի ծրագրեն կհրաժարվեր ոչ միայն ինչպես մի խելացնոր և երազական, այլև ինչպես վնասակար և ապարդյուն գաղափարե։ Նա կհասկանար, որ հայերուն՝ նոցա որևէ նպատակին չհասցնելու համար, հազարավոր արգելքներ դրված են ամեն կողմանե. նոցա անունը նախապաշարմունքով շրջապատված է, նոցա քանքարը և գործունեությունը չարակամությունով, նախանձով, ինչպես էրեն ցանցով՝ փաթաթված է. փառքի և պատվի դռները նոցա առջև փակած են և դեպի այն տանող ճանապարհը փուշ ու տատասկով լցված է. հայի առջև երեք ազատ ճանապարհ բաց են՝ մինը դեպի մոլորություն, մյուսը դեպի ոչնչություն և երրորդը դեպի կորուստ։ Նա, խեղճը, չգիտեր, որ հային մինչև անգամ հրամայված չէ յուր աստվածատուր խելքը ի գործ դնելու, նորան միայն թույլ տված է խելքի տեղ խորամանկություն գործածելու, խորամանկություն, որ ատելի, անգոսնելի և բարեմիտ մարդոցմե հալածած ստրկի հատկություն է։ Նա չգիտեր, խեղճը, որ իշխանները դափնիներով զարդարել են բանաստեղծներին, որոնք իրանց քնարը լարել են դեպի հայը՝ ատելություն, նախանձ, չարակամություն և ծիծաղ շարժող զգացմունքով։ Այս ամեն արգելքին նա պիտի հանդիպեր այն ժամանակ, երբ նորա զգացմունքը լինեին ազնիվ, սուրբ, նվիրական գոնե այն ժամանակ նա սուրբ զոհ կլիներ յուր սուրբ գաղափարին և զգացմունքին։ Բայց, ավաղ, Ալթմազովի ո՛չ նպատակն էր սուրբ, ո՛չ գաղափարը և ո՛չ զգացմունքը։ Ինչպե՞ս կարելի էր, որ նա և՛ յուր կյանքի հետ ունեցած պատերազմի հաղթանակը առներ, և աշխարհի առջև պարզերես մնար։ Նայենք այսքան հազվագյուտ հատկություններու տեր Ալթմազովին կհավանի՞ իմ ընթերցողը, նայենք, նա իր անկման միջոցին մի հատիկ կարեկից սիրտ կգտնե՞։

Հուլիս ամիսն էր։ Այն ամառ իշխան Կաբիլքինի սեփական դաստակերտը նորոգվում էր Պավլովսկումը, և այդ պատճառով նորա գերդաստանը ուշ տեղափոխվեցավ ամառանոց։ Ալթմազովի հռչակը այն թատրոնի երեկոյեն արդեն քաղաքի մեջ տարածվել էր. ամենքն ուզում էին նորա հետ ծանոթանալ, բայց այդ բախտը շատ քչերին էր հաջողում, պատճառը այդ է, որ նա մեծագույն մասը օրվան կա՛մ զբաղված էր իր աշակերտներին սովորեցնելով, կամ Կաբիլքինի հյուրերի հետ խոսելով, որոնք Ալթմազովի պաշտոն մտնելեն հետ՝ սկսել էին սովորականեն ավելի ստեպ այցելության գալու և մանավանդ կանանց սեռը՝ «հայ Ապոլոնին» տեսնելու համար, իշխանի տունը ուխտատեղի էին դարձրել, ամենքը ուզում էին նորան տեսնել, հետը խոսել, ծանոթանալ, նորա կարծիքը և նվագը լսել, կարճ՝ սիրել նորան և սիրվել նորամեն։ Խեղճե՜րը, նոքա չգիտեին, որ Ալթմազովը իր մանկական հասակեն սկսած արդեն խրատված էր հորեն՝ «ճարել մի անվանի և շատ հարուստ տունե աղջիկ, պսակվել հետը, և պսակի միջոցով արիստոկրատի անուն չաղացնել»։ Կարո՞ղ էր խեղճ երիտասարդը հոր բաղձանքը և իր սեփական ուխտը փոխել՝ ներկայումս քանի մի րոպեի մարմնավոր վայելչության և ապագայում հավիտենական ստրջանքի համար։ Խե՜ղճ կնանիք. ձեր անկեղծ զգացմունքը, ձեր սրտի գորովանքը պիտի ընդհարվին այդպիսի սառն հաշիվների և դուք պիտի զարմանաք, թե ինչպես է կարելի, որ այդպիսի գեղեցիկ մարմնու մեջ այդպիսի կոշտ հոգի լինի դրած։ Բայց և շատ խիստ մի՛ լի նիք ձեր դատմունքի մեջ։ Ալթմազովը իր ծնած տեղի և նորա պարագայի արտադրությունն է։ Հայաստանը այն պայմանի մեջ, ուր որ է՝ ուրիշ տեսակ զավակներ չէ՛ կարող ծնանիլ։ Փոխեցեք կաղապարը, կփոխվին և նորա տակեն դուրս եկած կերպարանքները։ Ո՞վ է մեղավորը։

Ալթմազովը հենց որ իշխան Կաբիլքինի տունը մտավ, իսկույն գրպանեն հանեց երկու հատ տասը մանեթանոց, մինը տվեց դռնապանին և մյուսը սպասավորին և չսպասեց, որ նոքա խոնարհաբար շնորհակալություն ասեին, թողեց և հեռացավ նոցանեն. մի օր էլ, երբ Եվդոքիայի նաժիշտը արծաթե ափսեի վրա նամակ բերեց նորան՝ երրորդ տասը մանեթանոցն էլ նորան ընծայեց։ Այս ամեն կյանքի մանր-մունր ֆոկուսները հայրը նորան սովորեցուցել էր՝ իբր տասնևիններորդ դարուս կենցաղագիտության ամենահարկավոր գաղտնիքը։ Երբ այս և այսպիսի լուրերը իշխանուհու ականջն էին հասնում, նա սրտեն խոր հոգոց անելով, ասում էր՝ «տեր աստված, տեր աստված, այսքան մատաղահաս և այսքան ապականված»։ Եվ խստիվ հրամայում էր ծառաներին՝ զգուշանալ խորամանկ հայեն։ Խեղճ երիտասարդը, որ կարծում էր իր ապագա շենքի հիմքը ամուր դրած, չգիտեր, որ եկած օրեն արդեն այն քանդվել էր։

Իշխան Կաբիլքինի ընտանիքը երկու ամիս ամառանոցումը մնաց, և այդ երկու ամիսը Ալթմազովի համար «Հազար ու մի գիշերի» արկածքներ էին։ Նա շրջապատված էր չքնաղագեղ կնանիքներու և աղջիկներու սիրով, հարգությունով, պատվով, հրավերքով։ Օր չէր անցնում, որ նա հրավիրված չլիներ կա՛մ մի կոմսուհու, կա՛մ մի իշխանուհու, կա՛մ մի մեծատան կնոջ տուն հացկերույթի, երեկույթի, նվագահանդեսի, հեռավոր մի անտառ կա՛մ ամրոց, կա՛մ ծաղկոց՝ ճեմելու, կա՛մ ձիով զբոսնելու, օր չէր անցնում, որ նորան մի բուրած նամակ չի գար, կա՛մ թե կաթոգին ձեռաց սեղմումն չի պատահեր, կա՛մ քնքուշ հայացք չընծայվեր։ Իշխանուհին տեսնում էր այղ ամենը և ամեն հնար գործ էր դնում, որ Եվդոքիան թույլ չտա իրեն այդ կրքերի հեղեղատին մատնվելու, բայց ի՛նչ կանես, կարելի՞ է հրամայել կրակի մոտ կեցած վառողին, որ չի բռնկի. կամ ասել սառույցին՝ կեցիր արեգակի տակ և մի՛ հալչիր։ Դեռևս դաստակերտեն քաղաք չեկած՝ Եվդոքիան պինդ սիրահարվեցավ Ալթմազովի վրա, և նույն շաբաթ Երևան գրվեցավ այսպիսի բովանդակությամբ նամակ. «Ամեն բան դեպի լավն է գնում, իշխան Կաբիլքինը 40.000 օրավար հող ունի, բանկում 4.000.000 մանեթ նաղդ փող և, ոչ մի կոպեկի պարտք, իշխանուհին պահարանների մեջ առավել քան թե 500.000 մանեթի ակնեղեն, ոսկե զարդեր և արծաթե սպասներ ունի, իսկ աղջիկը իմ վրա մինչև ականջները սիրահարված է»։

Օգոստոս ամիսն էր, որ մաթեմատիկայի պրոֆեսորը, որի հետ պատմությանս սկզբումը ծանոթացանք, մի օր եկավ և ասաց. «Արդեն ժամանակ է խնդիր տալու և մտնելու համալսարան»։ Հետևյալ օրը Ալթմազովը գնաց համալսարան, խնդիր գրեց և ներկայացավ դեկանին, որ միամտեցուց նորան, ասելով՝ «ձեզ առանց քննության կընդունենք»։ Այս կողմանե ևս միամտեցած, Ալթմազովը վերադարձավ դաստակերտ և այնուհետև լիապես անձնատուր եղավ ամեն կերպ վայելչության։

Քանի մի ժամանակեն ամառանոցի եղանակը վերջացավ, մարդիկ հետզհետե քաղաք քաշվեցան. իշխան Կաբիլքինն էլ գնաց քաղաք յուր ընտանիքով։

Իշխանուհին չափե դուրս խելոք կնիկ էր. նա շատ լավ գիտեր, որ Ալթմազովը երբեք չէ կարող նորա աղջկա մարդը լինել, որ ինքը միշտ կգտնե հնար նոցա փոխադարձ սերը կա՛մ սառեցնելու, կա՛մ բռնի բաժանելու, բայց կարծում Էր, որ Եվդոքիան, սիրելով նորան, միշտ նորա տված դասերը առավել խորունկ կտպավորե մտքի մեջ և առավել կորոճա, և այդ պատճառով թույլ էր տալիս որքան կարելի է՝ երկար տևի օրվա մեջ սոցա պարապմունքը։ Եվ զարմանալու բան. Եվդոքիան, որ առաջները ոչ միայն չէր սիրում ուսման առարկաները, այլև երաժշտություն, որը պարի հետ միասին, ինչպես հայտնի է, ռուս օրիորդի լուսավորության առաջին պայմանն է՝ այժմ Ալթմազովի ազդեցության տակ գիշերներ լուսացնում էր մի թեորեմայի կամ մի սիմֆոնիայի վրա, որ յուր փեսացուի աչքին հաճելի երևի։ Քանի-քանի անգամ իշխանուհին, սրտեն ախ քաշելով, ասել է յուր մարդուն. «Ինչո՞ւ այս գեղեցիկ և քանքարավոր երիտասարդը ռուս կամ եվրոպացի չէ. ինչպե՞ս մեր Եվդոքիան բախտավոր կլիներ»։

— Ինչո՞ւ այդպես սխալ ես դատում,— պատասխանում էր իշխանը,— մի՞թե հայը լավ մարդ լինել չի կարող։— Ինչո՞ւ չէ,— ասում էր նորան իշխանուհին,— հայն էլ լավ մարդ կարող է լինել, բայց նա հայապես լավ մարդ կըլինի և ոչ ռուսապես։— Չեմ հասկանում, ի՛նչ ուզում ես ասել,— պատասխանում էր իշխանը։ Իշխանուհին ասում էր «լավ հայը երբեք չի ռուսանալ, իսկ վատ հայեն վատթար մարդ չի կա աշխարհիս երեսին։ Ուրեմն որ կողմ կուզես շո՛ւռ տուր,– Եվդոքիան հայի հետ պսակվիլ չի կարող և չպիտի պսակվի»։

Իշխանուհին յուր մանկությունը անցուցել էր մի հայաբնակ քաղաքի մեջ, ուր նորա հայրը գավառապետի պաշտոն էր կատարում, այդ պատճառով նա կարծում էր, թե հայի բնավորությունը շատ խորունկ իմաստասիրել էր։

* * *

Թեև Ալթմազովը շատ լավ դաշնամուր էր նվագում, բայց նա հանձնառու չեղավ աշակերտներին երաժշտություն սովորեցնելու, և այդ մանավանդ այն պատճառով, որ Եվդոքիայի վարժապետը՝ երևելի Հենզելթն էր, որի հետ բաղդատվելով, իհարկե, նա համբակ կարող էր համարվել։ Մօ օր Հենզելթը իշխանուհուն հայտնեց, որ ինքը շուտով արտասահման է գնալու, բայց վախենում է, միգուցե նրա բացակայության ժամանակ Եվդոքիան մի անհմուտ վարժապետի ձեռք ընկնի և փչացնի յուր կանոնավոր նվագելը։ Այդ պատճառով խորհուրդ տվեց մի փորձառու և ընտիր վարժապետ որոնել։ Իշխանուհին պատասխանեց թե՝ «գուցե ես վարժապետի ընտրության մեջ սխալիմ, չէի՞ք կամենալ արդյոք մեզ ձեր ընտրությամբ մի վարժապետ առաջարկել, ձեր բացակայության միջոցին»։— Ինչո՞ւ չէ,— պատասխանեց Հենզելթը,— շատ ուրախությամբ, ես ի նկատի ունեմ մի մատաղահաս երաժշտության վարժուհի, ազգանունը միտս չէ, բայց իմ ընտիր աշակերտներեն է. երթալու ժամանակ ես նորան կուտամ մի հանձնարարական նամակ, որն ստանալով՝ իսկույն կընդունիք նորան, բայց նայեցե՛ք, ի՛նչ վարձ որ ինձ եք տալիս՝ նույնը անշուշտ և նորան պիտի տաք. երաժշտության արվեստի մեջ եթե այդ վարժուհին ինձանից լավ չլինի, վատ երբեք չէ։ Իսկ ինքը Հենզելթը դասի գլուխ ստանում էր տասը մանեթ։

Այդ վերջին անգամն էր, որ Հենզելթը եկավ իշխանի տունը։ Երկու շաբաթ վրա անցավ, ոչ ինքը եկավ և ոչ էլ նորա հանձնարարած վարժուհին ներկայացավ։ Արդեն կարծում էին թե նա մոռացել է յուր խոստմունքը և հանձնարարական նամակը վարժուհուն չտված՝ գնացել է արտասահման։

Մի օր, ճաշից հետո, երբ ամենքը նստած էին դիվաննոյ ասած սենյակումը, հանկարծ զանգակը հնչեց, ծառան շտապելով գնաց և շուտ հետ եկավ, ասելով. «Մի կին կամենում է տեսնել իշխանուհուն»։ Իշխանուհին ասաց ծառային. «Ներս համեցեք արա»։ Դուռը բացվեցավ և մի թխիկ երեսով, բայց գեղեցիկ տիպարքով աղջիկ ներկայացավ և տվեց իշխանուհու ձեռքը մի նամակ, ասելով. «Հենզելթից»։— Գիտեմ, գիտեմ,— պատասխանեց իշխանուհին,– խնդրեմ նստեցեք։ Բայց ես ձեզ երկու շաբաթ է, որ անհամբերությամբ սպասում եմ։ «Ներեցեք ինձ,— պատասխանեց անծանոթ աղջիկը ամաչելով,– ես մի փոքր տկար էի»։– Խնդրեմ նստեցեք,– ասաց նորից իշխանուհին և հետո ավելցուց.— կարո՞ղ եմ հարցնել ձեր անունը։ «Անունս Սուսաննա է»,— պատասխանեց աղջիկը, աչքերը խոնարհելով։

Համեստությամբ նստեց օրիորդ Սուսաննան և մի կարճ միջռց լռություն թագավորեց սենյակի մեջ. ինչպես ասում են՝ «հրեշտակ խաղաղության թռավ»։ Նստողները սկսան մին մինի երես նայելու։ Ալթմազովն էլ նայեցավ Սուսաննայի վրա, Սուսաննան էլ նայեցավ Ալթմազովի երեսին, բայց իշխանուհին, որ այդ րոպեին երկուսի վրան էլ նայեցավ, հետագա նկատողությունը արավ, որ Ալթմազովը հենց առաջին վայրկենում առանց մեկ հիմնավոր պատճառի, ատելով ատեց այդ խեղճ թխիկ աղջկանը, իսկ Սուսաննան դորա հակառակ, ջերմ և անհրաժեշտ սիրով սիրեց այդ գեղեցիկ պատանուն։ Ինչո՞ւ։ Ո՞վ կարող է այդպիսի հարցի պատասխանը տալ։ Ուրեմն մենք էլ թողնենք այս հարցը անպատասխան, նայենք, գուցե իրերի ընթացքը կլուծեն այս հոգեբանական առեղծանելիքը։ Բայց այսքանը իմանանք, որ իսկական սերը և իսկական ատելությունը մի րոպեի մեջ է ծնում, իսկ այն, որ ժամանակով է ծնում, նոցա անունը սեր և ատելություն չեն, այլ գնահատություն։

Իշխանուհին չափազանց մեղքացավ խեղճ աղջկան, որ օտար գերդաստանի մեջ, ամոթեն լուռ մնացած, ով գիտե ի՛նչ հոգեկան տանջանքի մեջ էր այն րոպեին, և կամենալով այդ ճնշող, անհաճո լռությանը վերջ տալ, առաջարկեց Սուսաննային իրենց մի փոքր զվարճացնելու համար, չի՞ կամենալ արդյոք դաշնամուրի առջև նստել և նվագել. բայց և ավելացրեց. «Օրիորդ, չլինի թե՞ իմ առաջարկությունս ընդունիք իբր ցանկության ձեզ քննադատելու։ Պ. Հենզելթը ձեր մասին մեզ արդեն այնպիսի գովասանքներ է տվել, որ ձեր մատերի ամեն մի շարժվածքը մենք նվագահանդեսի տեղ պատրաստ ենք ընդունելու»։

— Մեծապես շնորհակալ եմ ձեր՝ իմ մասին կազմած այդպիսի շողոքորթիչ կարծիքի համար,— ասաց կարմրելով Սուսաննան,— բայց ես վաղուց է, որ կտորներ նվագած չեմ. երկու շաբաթ ձեռքս դաշնամուրին դիպած չէ. դուք գիտեք, այդ բավական ժամանակ է, որ մատերը իրանց սովորական արագությունը կորցնեին։

— Չէ՛, չէ՛, խնդրենք,— ասաց իշխանուհին,— նվագեցեք մի բան։ Մենք խիստ դատաքննիչ լինելու ոչ գիտունություն ունինք, ոչ ճաշակ... գուցե պ. Ալթմազովը...

— Պարո՞նը ևս նվագում է,— ասաց Սուսաննան կարմրելով և աչքերը դարձնելով ուսանողի վրա։

— Այո՛, մի փոքր,— պատասխանեց Ալթմազովը այնպիսի արհամարհական ձայնով, որ առավել վայելուչ էր մի անպիտան կառապանի, քան թե մի համեստ աղջկա վերաբերմամբ։

Ամենքը նկատեցին այդ չար կոպտությունը. Եվդոքիայի աչքեն մինչև անգամ արտասուք կաթեցավ. խեղճ աղջիկը մի րոպեի մեջ երկու անգամ կարմրեցավ և տժգունեցավ։ Իշխանուհին նշանավոր հայացք ձգեց իշխանի վրա, որ կնշանակեր՝ «Հը, ինչպե՞ս ես, չէի՞ ասում քեզ, որ հայը միշտ հայ կմնա»։ Ամենքը նկատեցին այդ անտեղի կոպտությունը, միմիայն միամիտ Սուսաննան չի նկատեց։

— Այդ «մի փոքրը»,— ասաց Ալթմազովին,— շատ և շատ նշանակություն ունի, բայց հուսամ, դուք ներողամիտ կլինիք, ես երկու շաբաթ հիվանդ էի, այժմ ևս բավական կազդուրված չեմ։ —Ասաց և մատերը վազեցուց քլավիշների վրա։ Փոքր մի ֆանտազիա անելեն հետ՝ նվագեց Քոնթսկիի երևելի «Առյուծի սթափումը», որ այն ժամանակները նորաձև երաժշտական հատվածներից մինն էր. և ո՞ր իսկական պետերբուրգցին չէր լսել նույնիսկ հեղինակի նվագածը։

Առյուծի զարթելից մի փոքր առաջ Սահարա անապատի լռությունը, նորանից հետո՝ առյուծի քանի-քանի անգամ ամպրոպաձայն մռնչելը, հետո՝ ավելի և ավելի սաստկացնելը յուր ահեղ մռնչյունը, հետո՝ արյունռուշտ հարձակման պատրաստությունը, հետո՝ սպառազինված որսորդներին հանդիպելը, հետո՝ կատաղի պատերազմը, երկուստեք, հետո՝ հրացանների ճայթմունքը խառն առյուծի մռնչելուն, հետո վիրավորված և հոգեվարք գազանի ոռնալը և վերջապես՝ որսորդների հաղթության երգը, այս ամենը պատկերացան լսողի երևակայությանը մեջ՝ Սուսաննայի ճարտար և խոսուն մատերի զորությամբ։ Մեծ և կախարդական էր նորա կատարած ազդեցությունը լսողների վրա։ Իշխանուհին և Եվդոքիան սրտերի փղձկումեն ակամա արտասվեցան, իշխանը մնացել էր հիացած, ամենքը քաղցր ապշության մեջ էին, միայն Ալթմազովը մնաց անզգա։ Իշխանուհին նայեցավ նորա վրա, և գլուխը շարժելով, ասաց մտքի մեջ. «Այս գեղեցիկ մարմնու մեջ հոգի չկա»։ Եվ իրավ որ՝ բնությունը ամեն բան առատ ձեռքով տվել էր նորան, բացի հոգիեն։

Սուսաննան երեխայի անմեղությունով նայում էր Ալթմազովի վրա ու սպասում Էր նորանից թեկուզ մի խոսք, թեկուզ մի հիշոց, բայց մի խոսք, մի մարդկային խոսք, սպասում էր խեղճ աղջիկը, եթե չամաչեր՝ գուցե նա կխնդրեր, կաղաչեր, մի խոսք կպաղատեր նորանից։ Ավա՜ղ, Ալթմազովը ոչ մի խոսք չասաց և հեռացավ։

* * *

Ալթմազովը սկսավ համալսարան երթևեկելու։ Հենց առաջին օրեն ընդհանուր ուշադրությունն իր վրա դարձուց՝ և՛ մեծավորներին, և՛ ուսուցչապետներին, և՛ ուսանողներին՝ թե՛ յուր արտաքին բռնվածքով և թե՛ յուր հիանալի ընդունակություններով։ Ինչպես որ նա մի անգամ ինքիրան խոսք էր տվել, այստեղ ևս յուր խոստմունքը չի դրժեց, ամենայն կողմանե նա համալսարանի մեջ ընտիր ուսանողն էր համարվում։ Սկզբանե ամենքը սիրում և պատվում էին նորան, իսկ ինքը ոչ ոքի ո՛չ սիրում էր և ո՛չ պատվում, այս որ նկատեցին՝ ուրիշներն էլ դադարեցան նորան սիրելու, բայց միշտ հարգում էին նորան՝ հազվագյուտ հատկությունների համար. իսկ երբ որ նա մի պարահանդեսի մեջ, պաշտպանելով մի ուսանողի պատիվը, երկու ապտակ տվավ մի գնդապետի ու նույն հետայն մենամարտության հրավիրեց և սիրտը վախ ձգելով, ստիպեց բոլոր ուսանողների առջև ներողություն խնդրելու՝ այն ժամանակ ընկերները մեծ հարգանք զգացին դեպի «քաջ հայ ուսանողը»։ Սրախաղության մեջ ախոյան չուներ Ալթմազովը, իսկ քառասուն քայլափոխեն խաղաթղթի ասին խփելը ատրճանակեն՝ նորա համար մի չնչին բան էր։ Շատ կարելի է, որ կարդացողներս արդեն համարում են Ալթմազովին մի նոր Դոն ժուան։ Չէ, սխալ են նոքա. հավատացնում եմ, որ բոլոր իր համալսարանական ընթացքի միջոցին նորա մեջ ո՛չ մի պագշոտ խորհուրդ չի մտավ, մայրաքաղաքի ոչ մի առյուծուհին չէր կարող պարծենալ, որ նորան յուր երկրպագուն կարողացել է դարձնել, ոչ մի օրիորդ, մինչև, անգամ Եվդոքիան, չէին կարող ասել, որ Ալթմազովը նորա վրա սիրահարվել է. մայրաքաղաքի փորձանքներից շատ հեռու պահեց իրան խելոք Ալթմազովը. նորա մարմինը անբիծ, անարատ մնաց, բայց հոգի՞ն։ Այդ ուրիշ խնդիր է։

Նա երրորդ դասընթացումն (cours) էր, որ հորը մի նամակ գրեց այսպիսի բովանդակությամբ.

«Իմ վիճակս արդեն որոշված է. իշխան Կաբիլքինը ինձ սիրում է, հավատում է. նորա դուստրը ոչ միայն սիրում է, այլ սիրահարված է վրաս, մենք արդեն մեր մեջ թաքուն մատանեփոխություն արել ենք. Եվդոքիան ասում է թե՝ եթե մայրս կամենա մեր պսակին հակառակելու, ես թաքուն կպսակվիմ քեզ հետ, և նա վաղ կամ ուշ կներե ինձ ե չի զրկիլ ժառանգութենե. ուրեմն կարող ես ինձ նպատակի հասած համարել»։

Բոլոր այդ ժամանակ Սուսաննան շաբաթը երեք անգամ գալիս էր երաժշտության դասեր տալու Եվդոքիային։

Արդեն երեք տարի էր, որ Ալթմազովը և Սուսաննան վարժապետություն էին անում իշխան Կաբիլքինի տանը, բայց երբեք պատահած չէր, որ ամենքը միասին ժողովվեին և ընդհանուր խոսակցություն ունենային, մանավանդ Ալթմազովը միշտ աշխատել էր բացակա լինելու, երբ Սուսաննան յուր զբաղմունքեն ազատ ժամանակը խոսակցել էր Եվդոքիայի, իշխանուհու կամ իշխանի հետ։ Մի անգամ Սուսաննան ճաշի էր հրավիրված՝ բախտի րերմամբ այն օրը Ալթմազովն էլ այնտեղ էր։ Հանկարծ իշխանուհին, խոսքը դարձնելով Սուսաննային, ասաց. «Ահա քանի ժամանակ է, որ մենք մին մինի ճանաչում ենք, բայց երբեք պատահած չէ, որ ես ձեզ հարցնեմ, թեև շատ անգամ մտքես անցել է, դուք ի՞նչ ազգե եք. թեև դուք պատվական ռուսերեն խոսում եք, բայց ձեր երեսի տիպարքը սլավյանի չէ»։

— Ապա գտեք,— ասաց Սուսաննան ծիծաղելով, ես ի՞նչ ազգե եմ։

— Չգիտեմ,— ասաց իշխանուհին, գուցե սպանիացի եք, կամ իտալացի։

— Ո՛չ, ո՛չ,— ավելի ծիծաղելով ասաց Սուսաննան,— ոչ սպանացի եմ և ոչ իտալացի, գրազ կուգամ, որ մինչև չասեմ՝ ամենևին չեք գտնիլ։

— Ես գիտեմ,– ասաց Եվդոքիան,— Դուք Փոքր Ռուսաստանցի եք։

— Չի գտաք,— ասաց նորան արդեն ծիծաղեն կլկլալով Սուսաննան,–— աստված վկա, որ չեք իմանալ։ Ապա զոր արեք, գտեք ի՞նչ ազգից եմ,— շարունակում էր նա յուր հանաքը։

— Ֆրանսիացի՞ չեք արդյոք,— ասաց իշխանը, առանձին ուշադրությունով նայելով նորա երեսին։

— Դուք էլ չի գտաք, ես ֆրանսիացի ևս չեմ,— պատասխանեց Սուսաննան, և շարունակում էր անմեղ երեխայի նման հանաք անել, որ ոչ ոք յուր առաջարկած դժվար առեղծանելիքը լուծել չի կարողանում։ Եվ վերջապես ասաց բառի վանկերը իրարմե բաժանելով. «Ես-հայ-եմ»։

— Դուք հա՞յ եք,— պատասխանեցին նորան ամենքը նույնպես վանկերը բաժանելով և զարմացական ձայնով, ամենքը ասացին այդ, բացի Ալթմազովեն, որին այդ գաղտնիքը վաղուց, հենց առաջին օրեն հայտնի էր։ «Մի՞թե դուք հայ եք. եթե չասեիք, աստածո անունով երդվում ենք, որ ամենևին չէինք գտնիլ,— ասաց իշխանուհին, կարծես թե սաստիկ ուրախացած մի թանկագին գյուտի համար,– ուրեմն այսօր մեր սեղանի վրա երկու հայ հյուր ունինք՝ մինը դուք և մյուսը պարոն Ալթմազովը»։

Երբ որ Սուսաննան լսեց Ալթմազովի հայ լինելը, յուր սրտի ուրախությունը բռնել չի կարողացավ, քիչ մնաց նոր գիրկը պիտի ընկներ, բայց ինքնիրան զսպեց, և ձեռքը նորան պարզելով, բռնեց նորանը յուրի մեջ, և երկար ու ամուր սեղմելով և երեսի վրա անհուն սեր, ուրախություն և երջանկություն հայտնելով, ասաց.

— Ա՜խ, որքան ես ուրախ եմ, որ դուք հայ եք, որ ես իմ համազգիներես մի հոգի տեսա, վերջապես...

— Մի՞թե դուք հայր-մայր, քույր-եղբայր, ազգականներ չունիք,— հարցրին տանուտերերը, ցավակցելով։— Ոչ,– պատասխանեց Սուսաննան,— ես բոլոր Պետերբուրգի մեջ միայնակ և որբ եմ։

Եվ նա պատմեց իր մասին հետագա պատմությունը.

«Հայրս Սևաստոպոլի դյուցազներեն մինն էր, որ պաշարման տասներորդ ամիսը, ռմբակոծության ժամանակ մահաբեր վերք ստացավ և մեռավ։ Նորա մահվան բոթը ստանալով, խեղճ և ցավագար մայրս է՛լ ավելի տկարացավ և չորս ամիս տանջվելով՝ մեռավ։ Ես մնացի միայնակ, վեց տարեկան երեխա։ Հորս տերության ցույց տված երախտիքի համար՝ ինձ զետեղեցին արքունի վարժարան, ուր տասը տարի մնալով, ավարտեցի ուսմանս ընթացքը, բայց ոչ մի մերձավոր ազգական չունենալով, վարժարանի պատերեն դուրս չեկա։ Բարի տեսչուհին, որ ինքը երբեք զավակ ունեցած չէ, ինձ յուր հարազատ աղջկա նման սիրեց, ինչպես և ես նորան մորս նման սիրել եմ, և վարժարանեն դուրս գալով, նորա բնակարանի մեջ տեղավորվեցա, ուր այժմ ես կենում եմ։ Թեև մայրացուս ասում է, որ ծնողներես ինչ ու ինչ է մնացել, բայց ես երբեք հետաքրքրություն արած և հարցուցած չեմ՝ թե ի՞նչ է և որքա՞ն է. ինչի՞ս է պետք հարստություն, իմ աշխատածիս կեսն անգամ մսխել կարողացած չեմ, թեև, ինչպես տեսնում եք, ես ոչինչ բան՜ ինձ զրկած չեմ։ (Պետք է ասել, որ Սուսաննան միշտ ճոխ և թանկագին հագուստով էր հայտնվում իշխանի տանը): Մայրացուս էլ, տիկին Համմելը, ասում է միշտ, որովհետև աստված ինձ չարժանացուց մայր լինելու, ուրեմն դու իմ զավակը և ՛ժառանգը կլինես։ Բարի պառավը ինձ շատ է սիրում, ոչինչ չի խնայում ինձ համար, մինչև անգամ սաստիկ անբավական է ինձմեն, որ ես դասեր եմ տալիս ո՛չ փողի, այլ օրեր ու ամիսներ անգործ չի մնալու ու տան խորշումը չնստելու համար»։

Իրավ որ ամենքը նկատել էին նորա անշահասիրությունը։ Շատ անգամ ամիսներ էր անցնում, իշխանը կամ իշխանուհին նորան փող տալու մոռանում էին, իսկ ինքը երբեք չէր խնդրում, եթե տված փողը հաշվետետրումը չի գրեին տանուտերերը՝ ինքը Սուսաննան երբեք չէր իմանալ՝ հարյո՞ւր ունի ստանալիք, թե՞ երկու հարյուր։ Միով բանիվ՝ Սուսաննան չափազանց անշահասեր աղջիկ էր երեվում։ Բայց հագվածը, ինչպես վերը հիշվեցավ, միշտ նորաձև, նուրբ ճաշակով և հագուստի նյութը պատվական կերպասներե էր. մատներին հագած ուներ միշտ հինգ-վեց մատանիք, ականջին օղեր, ամենը մեծագին և հազվագյուտ գոհարներով հեռված։

Սոաաննան շարունակեց իր պատմությունը. — Իմ անունս Սուսաննա չէ, այլ Շուշան է (այսպես է գրած ծննդական վկայագրիս մեջ), որն ռուսները չգիտեմ ինչ խորհրդով, իրանց կերպի փոխել են, իսկ ազգանունս Արղ...յան։ Հայրս աստիճանով գնդապետ էր և արդեն գեներալության էր ներկայացուցած. նա այդ բարձր աստիճանը, ասում են, անշուշտ կստանար, եթե այդ չարաշուք պատահարին չհանդիպեր... Խեղճ հայրիկս։

Ասաց ու արտասվեցավ. բայց տեսնելով, որ լսողները ամենքն էլ տխրեցան, իսկույն երեսի վրա մի քաղցր ժպիտ փայլեցուց ու ասաց, «Է՛հ, ի՛նչ անենք, ինչ որ եղավ՝ եղավ, տխրելով ու լալով անցածը հետ չի դառնալ»։

Տխուր խոսակցությունը փոխել կամենալով, իշխանուհին ասաց.

— Ասացեք, խնդրեմ, օրիորդ Սուսաննա կամ ինչպես որ հայերդ ասում եք, Շուշան, մի՞թե դուք միշտ ամուրի պիտի մնաք, մի՞թե ձեր մտքեն երբեք չի անցնում պսակվել, տուն-տեղ ունենալ, կին և մայր լինել, մինչև ե՞րբ այդպես չոր-գլուխ պիտի մնաք, միայնակ ու ձանձրալի կյանք պիտի անցնեք։

— Ինչո՞ւ չէ, ես ուրախությամբ կպսակվեի, բայց ո՞վ ինձ պիտի առնու։ Դուք գիտեք խո, մինչև աղջկան երիտասարդը չհավանի և չսիրե, աղջիկը երբեք իրավունք չունի, եթե չուզե յուր պատիվը կորցնել, ո՛չ հավանել և ո՛չ սիրել,— ասաց նա ու աչքի ծայրով նայեցավ Ալթմազովի վրա։ Բայց Ալթմազովը, որ բոլոր ժամանակը նորա վրա, էր նայում, հենց որ Սուսաննայի աչքը նորանին դիպան, իսկույն, իբր թե զզվանքով յուր աչքը հեռացուց նորանեն։ Միամիտ Սուսաննան այդ ևս չնկատեց, բայց այդ բանը նկատեց դարձյալ իշխանուհին ու մտքի մեջ ասաց. «Այս ի՞նչ հրեշ է. ասես թե սորա սրտումը օձեր ու կարիճներ լինին նստած, այս ի՞նչ անհասկանալի ատելություն է, որ ունի սա դեպի այս պատվական օրիորոը, չեմ հասկանում»։

Նա կհասկանար, եթե հայի բնավորությանը քաջ տեղյակ լիներ, խեղճ կինը չգիտեր, որ հայը դեպի յուր համազգին ունեցած ատելության մեջ փնտրում է ուժ, վայելչություն և հոգեկան մխիթարություն։

Թեև առաջները կասկածում էր, բայց այդ օրը իշխանուհին համոգվեցավ, որ Սուսաննան սիրում է Ալթմազովին. նմանապես համոզվեցավ նա, որ Սուսաննայի մեջ ավելի կանացիություն, քնքշություն, բանաստեղծական հոգի, աշխույժ կա, քան թե իր հարազատ Եվդոքիայի մեջ. և եթե երբևիցե երկուսը ներկայանային մի օրինավոր, լուսավորյալ, առողջամիտ, մարդկային արժանավորություն ճանաչող երիտասարդի, անշուշտ նա նախամեծարության արմավենին Սուսաննային կտար։ Իշխանուհին ամենևին չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է կարելի, որ Ալթմազովի պես անհոգի, չարսիրտ երիտասարդն էլ հայ լիներ, Սուսաննայի նման քնքուշ սրտով, զգայուն, հոգով-կայտառ, ուրախ, բարի աղջիկն էլ լիներ նույն ազգի ծնունդ։ Բայց նա մոռանում էր, որ մինը ասիացու ձեռքումն էր դաստիարակված, իսկ մյուսը եվրոպացու, նա արյունին ավելի գերազանցություն էր տալիս, քան թե դաստիարակության։ Այդ թեորիան որքան էլ ճշմարիտ լինի վերաբերությամբ կովերի, ձիերի, խոզերի, շների և հավերի, այսուամենայնիվ, մարդու վերաբերությամբ միշտ էլ սխալ հետևանքների է բերում։ Երեխան ոչ նորա համար է վատ, որ վատ հորե ու մորե ծնած է, այլ նա նորա համար վատ է, որ վատ հոր ու մոր ձեռք է մեծացած, վատ ծնողներից է դաստիարակված։ Ահա ինչի վրա մեծ և առանձին ուշադրություն պիտի դարձնեին մեր հայր և մայրերը... Բայց ո՞ր հայր ու մայր կասե, թե «ես վատ եմ»։

* * *

Մի անգամ իշխանուհին, ըստ դիպաց յուր մարդու բարձրագույն պարգև ստանալուն, մտադիր եղավ մի փառավոր պարահանդես տալու, ուր հրավիրված էր նաև Սուսաննան, որին իշխանը և իշխանուհին արդեն այնքան սիրում էին, որ ոչ մի մերձավոր ազգականներե ստոր չէին դասում։ Պարահանդեսեն մի շաբաթ առաջ Սուսաննան երեսը կարմրած, աչքերը ուրախութենե ցոլալով՝ մոտեցավ ու ասաց Ալթմազովին.

— Պարոն համազգի, ձեր կարծիքով ինձ ո՞ր գույն հալավը ավել կվայելի (կսազի)։

— Իհարկե հարդագույնը (de paille),– ասաց Ալթմազովը գրեթե ակամա,— այդ ո՞վ չգիտե որ։

— Իսկ դուք ո՞ր գույնը ավելի կհավանիք,— շարունակեց Սուսաննան։

— Իմ սիրած գույնը մանիշակագույնն է,– ասաց Ալթմազովը և ուզում էր հեռանալ։

— Ասացեք, խնդրեմ, պարահանդեսի մեջ դուք որի՞ն միտք ունիք հրավիրելու առաջին կադրիլին,– ասաց Սուսաննան, որ կարծես թե ոչ նրա համար է խոսում, որ յուր հետաքրքրությունը հագեցնե, այլ իբր թե կարոտ է նորա ձայնին, որ նորա խոսք ու զրույցը փափագով լսե։

— Իհարկե իշխանուհիին,– պատասխանեց Ալթմազովը հորանջելով և ասես թե սաստիկ գարշելով խեղճ աղջկա անմեղ ճռվողեն։

— Իսկ երկրո՞րդը— պնդում էր Սուսաննան։

— Կարծեմ որ քաղաքավարությունը պահանջում է,— պատասխանեց Ալթմազովը, քիթ ու պռունկը ծռմռելով, իբր թե մի շատ հիմար մարդու հետ է խոսում,— որ Եվդոքիային հրավիրեմ. ինչպե՞ս եք կարծում։

— Իսկ երրո՞րդը,— չէր դադարում Սուսաննան, երեսը գունատած։

— Ես ի՞նչ իմանամ՝ ի՛նչ երևելի տան աղջիկներ կլինեն այնտեղ, իհարկե մինին արժանի կգտնեմ հրավիրելու։

Սուր և թունավորված դաշույնը սրտի մեջ ցցած այնքան կսկիծ չէր պատճառիլ խեղճ աղջկան, որքան այս կծու, արհամարհական ու գոռոզ խոսքերը։ Իսկույն աչքերեն կաթ-կաթ սկսան արտասուքը գետին թափել։

— Մի՞թե ինձ համար նաև ամենափոքր ուշադրություն թողած չեք ձեր հիշողության մեջ, պարոն Ալթմազով,– ասաց աղջիկը, արդեն բոլորովին լալով, մեղք է ձեր հոգուն, մեղք է... ես ձեզ այնքան անկեղծ սիրել էի... աստված տա, որ մի ուրիշը տա ձեզ այն երջանկությունը, որ ես երազում էի երբևիցե տալ ձեզ։

Այլևս չկարողացավ զսպել սրտի փղձուկը և թաշկինակը աչքերին բռնած՝ դուրս փախավ։

* * *

Պարահանդեսի երեկոն, երկու զինվորական՝ մինը սիրուն դեմքով և գեղեցկակազմ մարմնով գնդապետ և մյուսը ծեր գեներալ, զարդարուն ճրագավառ դահլիճի մեջ կանգնած խոսում էին։

— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այն օրիորդը, որ սյունի մոտ կանգնած, իշխանի դստեր՝ Եվդոքիայի հետ խոսում է,— ասաց սիրուն գնդապետը։

— Ո՞րն է, ո՞րն է,— հարցուց կարճատես գեներալը, աչքերի կոպերը սեղմելով

— Ահա այն աղջիկը, որ մանիշակագույն ժապավեններով գարդարած հարդագույն ձորձ ունի հագած, գլուխը նայե՝ արեգակի պես վառվում է գոհարներեն, որ կենդանի շուշանի հետ խառն, այդպիսի կախարդական գեղեցկություն են տալիս նրան։

— Հա՛, հա՛, այժմ տեսա, բայց չեմ ճանաչում։

— Շատ սիրուն աղջիկ է, երեսի տիպարքը իտալահու կասեի, բայց դորանն ավելի շնորհալի և մեղմ է և չունի այն լիրբ գծերը, որով պարծենում են Ապենինյան թերակղզու կնանիք և որոնք, եթե ինձ հարցնես, ավելի զարդարում է Հեթերային, քան թե համեստ տանտիկնոջ։ Ինչ խելոք նայվածք անի այս աղջիկը, ինչ սիրուն իրանք, ինչ հագուստի ճաշակ, որքան գեղեցկություն բոլոր արտաքինի վրա և դորա հետ միասին որպիսի անմեղություն դեմքի։ Տեր աստված, տեր աստված, կա՞ն խո այնպիսի բախտավոր մահկանացուներ, որոնք այսպիսի գանձի տեր են լինում։

— Այո՛, այո՜, հոժարեցավ գեներալը, սիրուն օրիորդ է. ո՛վ գիտե ո՛ր իշխանի կամ կոմսի աղջիկն է։

— Պետք է հնար գտնել մեկ կերպով հետը ծանոթանալու,— ասաց սիրուն գնդապետը, թողեց գեներալին և գնաց խառնվեցավ բազմության մեջ։

Պատվելի կարդացողս, հուսամ, արդեն հասկացար, որ գնդապետի գոված աղջիկը մեր ծանոթ Սուսաննան էր, որ այժմ շրջապատած շատ երիտասարդներով, կադրիլները, վալսերը և պոյլկաները բաժանում էր, բայց շատ խնայողությամբ և ընտրությամբ։ Արդեն առաջին կադրիլի նշանը տված էր, բայց Ալթմազովը դեռևս դամ չէր գտել։ Իշխանուհիին Բարոն Փ-ն էր հրավիրել. Եվդոքիան էլ խոսք էր տվել յուր մորեղբոր որդի իշխան Ս-ի հետ պարելու, իսկ օտար օրիորդները մի անծանոթ կավալերի և այն էլ՝ տան գուվերնյորի հետ պարե՞լ արիստոկրատիկական պարահանդեսումը... a՜h quelle horreur (ա՜խ, ինչ սոսկալի բան):

Սուսաննան տեսավ խեղճ երիտասարդի այդպիսի նեղ վիճակը, իսկույն թողեց յուր կավալերի ձեռքը, շտապով մոտեցավ նորան և ասաց.

— Պարոն Ալթմազով, դամ չունի՞ք, չեք պարո՞ւմ։

— Ոչ, ասաց նա, առաջին կադրիլը կարծեմ պար չեմ գալ, գլուխս մի փոքր ցավում է։

— Չէի՞ք կամենալ արդյոք ինձ հետ պարել,— ասաց Սուսաննան, իբր թե չիմանալով նորա նեղ դրությանը։

— Բայց դուք, եթե չեմ սխալվում, արդեն հրավիրված եք,— պատասխանեց Ալթմազովը, աչքերը վար խոնարհած։

— Ի՞նչ փույթ, եթե ինձ հետ պարելը ձեզ անհաճո չէ, ասացե՛ք միայն, կավալերիս ճամփու դնելը մի չնչին բան է. կասեմ նորան, որ ձեզ արդեն վաղուց խոստացել էի, բայց մտքիցս գնացել էր. ներողություն կխնդրեմ, և պրծավ գնաց, հա՞, ո՞ւզում եք։

— Եթե կկամենաք՝ համեցեք,– ասաց Ալթմազովը,— բայց ես վիզավի էլ չունիմ, որտեղե՞ն կգտնենք, այժմ կսկսեն պարել, ժամանակ չկա...

— Այդ էլ կհոգամ, դարդ մի՛ անիք,— ասաց Սուսաննան, թոչունի պես թռավ ու գնաց։

Մի րոպեի մեջ Շթուբեին (ծեր գեներալի հետ խոսողին) տված խոսքը ետ առավ, չքմեղ բերելով յուր մոռացկոտությունը, և կոմս Դիլյոնին ձեռքերեն բռնած՝ ծանոթացրեց Ալթմազովի հետ և իրանց վիզավի կանգնեցրեց։ Նույն րոպեին էլ երաժիշտները նվագեցին, զույգերը տեղերեն շարժեցան, պարողների ոտքի տրոփը, կանանց կերպասե հագուստների շփշփոցը, զինվորականների խթանների զրնգզրնգոցը, տղամարդկանց խոսքը, կանանց ծիծաղը միասին խառնվեցան, և այս ուրախ իրականությունը տևեց գոնե կես ժամ։

Բայց, այդքան մարդոց մեջ ո՞վ էր ամենից բախտավորը, գիտե՞ք։ Գլուխ մի՛ ցավացնեք, չեք իմանալ։ Ամենից բախտավորն էր միամիտ և անմեղ Սուսաննան, որ իր սիրական Ալթմազովին ակներև խայտառակութենեն ազատելով, կարծում էր թե՛ յուր մեծահոգությամբ նորա սրտի մեջ մի փոքրիկ խորշիկ տիրապետել է. բայց որքան մոլորված էր նա։ Բոլոր պարի ժամանակ թեկուզ մի քաղցր, մի քաղաքավարի խոսք ասեր Ալթմազովը նորան։ Նորա աղավնիի նման չորս պտուտ գուրգուրալուն թեկուզ մի պատասխան տար։ Բայց Սուսաննայի ի՞նչ հոգն էր, որ նա անքաղաքավարի էր դեպի իրան, լուո էր նորա ամեն քնքուշ խոսքերին, խոժոռադեմ նայում էր նորա երեխայական ուրախությանը... Քո մեղաց տերը լինիմ, եթե նա բոլոր այդ մեծամեծների և նոցա զարդարուն կանանց բազմությունը յուր անձկալիի մազի թելի հետ փոխեր։ Երբ որ պարը վերջացավ, Սուսաննան հարցրեց Ալթմազովին.

— Երկրորդ կադրիլի համար դամա ունի՞ք։

— Կարծեմ... տեսնեմ... կարելի է... կմկմաց Ալթմազովը։

— Եթե ունիք,– ասաց Սուսաննան,— լավ, ապա թե ոչ՝ ես դարձյալ ձեզ հետ կպարեմ։

— Լավ... տեսնենք...— պատասխանեց նա բռնի հորանջելով, որ ծածկե յուր խայտառակությունը և ներքին շփոթը, որ երեսին պարզ նկարած էր։

Ալթմազովը այն փոքրոգի մարդոցմեն էր, որք իրենց հզոր, ակներև թշնամիների վրեժը հանում են անմեղ, տկար և շատ անգամ իրանց մոտիկ մարդոցմեն՝ իրանց ընտանիքեն, իրանց բարեկամներեն։ Փոխանակ բարկանալու և արդար վրեժը հանելու իշխանուհիեն, Եվդոքիայեն և ուրիշ ծանոթ կանացմե, նա յուր վրիժու և ատելության բոլոր թույնը աշխատում էր թափել խեղճ անմեղ աղավնյակի վրան, որ յուր ամեն ճիգը թափում էր նորան մխիթարելու, հովանավորելու և պաշտպանելու։

Երկրորդ, երրորդ և չորրորդ կադրիլներան, երբ Ալթմազովը գնաց դամա հրավիրելու և ոչ ոք չհոժարացավ նորա հետ պար գալու, և խռով-խռով եկավ տեղը նստավ` երեք անգամ հետզհետե եկավ մոտեցավ նորան Սուսաննան և առաջինի նման սկսավ հետը պարել, յուր զվարճ խոսակցություններովը աշխատում էր փարատել նորա թախիծը և մի րոպե չէր թողնում, որ հյուրերը նկատեին հասարակաց արհամարհանքը դեպի նա։ Սուսաննան շատ լավ գիտեր, որ արիստոկրատները միշտ այդ կերպ պատժում են այն մարդոց, որոնք իրենց ստոր աստիճանեն ջանք են անում դուրս գալ և մեծատուների կարգը անցնել։

Բայց խեղճ աղջկա բոլոր ջանքը, բոլոր քաղաքավարությունը, բոլոր անմեղ ու անկեղծ սերը, բոլոր մարդավարությունը իզուր կորան։ Սուսաննան պարզ տեսավ, որ յուր գրկածը ո՛չ մարդկային տաք սիրտ, այլ մի կտոր սառույց էր. հոգնեցավ, վհատեցավ ու հուսահատեցավ խեղճ աղջիկը։ Ոչ մի քաղցր խոսք չի լսեց նորա բերնեն ամբողջ երեկոն։

Պարահանդեսը դեռևս վերջացած չէր. հանդիսականների առջև շատ պարեր, շատ զվարճություններ դեռևս կային այն գիշերը, բայց Սուսաննան արդեն կորցրել էր յուր զվարթ տրամադրությունը, գնաց նստավ մի հեռավոր խորշ և ընկղմեցավ յուր տրտում մտքերի մեջ։ Ետև ետևե շատերը մոտեցան — Սուսաննան այն հազվագյուտ արարածներեն էր, որ նորա բացակայությունը ամեն տեղ նկատելի էր լինում– նորան պարի հրավիրելու. բայց նա որին՝ հոգնել եմ, ասում էր, որին՝ գլուխս ցավում է, որին՝ արդեն խոսք եմ տվել, և այդպիսով գլխիցը ցանում էր նոցա. և մինչև պարահանդեսի վերջը մնաց տխուր ու տրտում։ Միայն Ալթմազովը չեկավ նրա մոտ և ոչ մի քաղցր ու մխիթարական խոսք չասաց նորան, թեև ինքն էր միակ պատճառը յուր համազգի խեղճ ու որբ աղջկան տրտմությանը։

Ինքն Ալթմազովը նմանապես մի ուրիշ խորշում, թեև հոգվով և մարմնով առողջ, բայց տխուր ու տրտում նստած, ոչ թե կարեկցություն, մինչև անգամ ոչ ոքի հետաքրքրությունը չշարժեց։ Ինչպես որ կար, այնպես էլ մնաց բոլոր գիշերը, հյուրերի մեջեն իրա համար նորանոր հարսնացուներ ջոկելով՝ հազարավոր օրավար հողով և միլիոնական մայր գումարով, նա արդեն պարզ տեսնում էր, որ Եվդոքիան ձեռքեն փախել էր։ Ի լրումն յուր թշվառության, նա հետագա տեսարանին հանդիսատես եղավ։

Երկու տարեց կին նորա մոտից անցնելիս՝ իրար հետ այսպես էին խոսում.

— Ուրեմն այսօրվա պարահանդեսը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Եվդոքիայի նշանախոսությանը, թեև երիտասարդ իշխան Ո-ն նախանձելի փեսա է ամեն աղջկա համար, բայց ասում էին թե Եվդոքիան մի հայ ուսանողի...

— Զարմանալի թեթևամիտ ես դու, cousine, մի՞թե իշխանուհին այնքան խելք չուներ, որ փոքրիկ կրքի համար զոհ չբերեր աղջկա ապագան...

Կնանիք հեռացան, խեղճ հայ երիտասարդի սրտի մեջ դաշույն ցցելով և զենքը վերքի մեջ թողնելով։ Կարծես իրար խոսք տվածի պես, այն գիշեր ոչ ոք նորան չմոտեցավ, մինչև անգամ իշխանը, իշխանուհին և Եվդոքիան. ասես թե ոչ ոք չգիտեր նորա ներկայությունը պարահանդեսի մեջ. միայն ընթրիքեն հետ, հյուրերի տուն գնալու ժամանակ Սուսաննան մոտեցավ նորան և կարեկցաբար հարցաց.

— Պարոն Ալթմազով, ինչո՞ւ բոլոր գիշեր տրտում մտատանջ էիք. ինչո՞ւ ինձ չմոտեցաք, հետս խոսել չուզեցիք, մի՞թե ինձ խոսք ու զգացմունք կպակասեր ձեզ մարդապես կարեկցելու, ձեզ մխիթարելու. մի՞թե այս օտար մարդոց ընկերությունը, որ մեր ազգի շահերը ամենևին ճանաչել չի ուզում, երկու համազգի, չպիտի մոտեցներ...։

* * *

Այս վերջին անգամն էր, որ տեսան Սուսաննային. այնուհետև նա բոլորովին դադարեցավ իշխան Կաբիլքինի տունը հաճախելու՝ Եվդոքիային երաժշտության դասեր տալու համար։

Ձմեռը անցավ։ Ապրիլ ամիսն էր։ Մի օր Եվդոքիան մի փոքրիկ նամակ գրեց և Ալթմազովից հետ պահանջեց իր մատանին (իհարկե, Ալթմազովի մատանին էլ դրել էր նույն նամակի մեջ) ասելով, որ նա չէ կարող իր մոր կամքեն դուրս գալ, որ հիմարություն է երեխայության ժամանակ տված խոսքը չափահաս տարիքին կատարելը, որ ռուս արիստոկրատին մահացու մեղք է, որևէ զգացմունքի համար, յուր բարձր դասակարգեն դուրս գալ և ստորինը մտնել, որ նա թողնելով մայրաքաղաքի պալատների զվարճությունքը, ի՞նչ օր պիտի տեսնե փոքրիկ գավառական քաղաքի խրճիթների մեջ, ուր մարդիկ և կովերը մի կտուրի տակ են կենում, որ նա, Եվդոքիան այնքան ուժ չունի, որ կարողանա մի օտարազգի և աննշան երիտասարդի բռնի մտցնել բարձր ազնվականների կաճառը, որ այսպիսի անհավասար պսակը ամեն հանցանքներեն աններելին է խելոք և բարձրաստիճան մարդոց աչքում, որոց կարծիքը արհամարհելը շատ վտանգավոր է, և այլն:

Նույն օրը իշխան Կաբիլքինը մի ծրարի մեջ 500 մանեթ դրած և հետը մի փոքրիկ նամակ, ծառայի ձեռքով հասցրեց Ալթմազովին. նամակի մեջ գրված էր. «Եվդոքիայի ուսումնառությունը վերջացած պետք է համարել, այսուհետև նա ուրիշ կյանքի համար պիտի պատրաստվի, ուրեմն ձեր իմ տան մեջ իբր ուսուցիչ մնալը՝ այսուհետև ավելորդ է։ Այսօր ևեթ պիտի ազատեք ձեր կեցած սենյակը, ուր պիտի հյուրընկալեմ իմ ազգականին, որ այսօր պիտի գա իմ տունը՝ հեռավոր քաղաքից, և ինչպես ձեզ հայտնի է, տանս մեջ բացի նորանից, ուրիշ ազատ սենյակ չունիմ, իսկ այս 500 մանեթը ստացե՛ք ինձանից՝ կուզեք ինչպես ընծա, կուզեք ինչպես կանխիկ ձեր ռոճիկը մինչև սեպտեմբերի ամսին, որով կլրանա մեր չորս տարվա պայմանագրությունը։ Իշխան Կաբիլքին»

* * *

Վրա անցավ երկու տարի։ Ալթմազովը թեև համալսարանական ուսման ընթացքը ավարտեց և մաթեմատիկայի առաջին կանդիտատը եղավ, բայց նա իր նպատակին հասած չհամարեց իրան, նորա գլխավոր նպատակն էր, մայրաքաղաք գալով, ո՛չ գիտություն, այլև փող և մեծ փող ձեռք բերել, բայց այն անիծած փողը, այդ ժանգոտ մետաղը չընկավ նորա ձեռքը։ Ալթմազովի սիրտը «խոր մնաց», նորա ուխտը չկատարվեցավ. ամոթ չէ՞ր նորան վերադառնալ Երևան կամ Թիֆլիզ՝ առանք արիստոկրատ կնկա, առանց միլիոնավոր օժիտի, ի՞նչ պիտի ասեին մարդիկ։ Ալթմազովը համառությամբ մնաց Պետերբուրգ և սպասում էր յուր բախտի անիվի շուռ գալուն։

Մի անգամ բարեկամներեն մեկից լսեց, որ գերմանացի ծեր մի ամուրի կա, որ շատ ուզում էր յուր եղբոր՝ տարիքը անցած աղջկան մարդու տալու, որին ասում էին ամենքը միաբերան, թեև այժմ մեծ օժիտ չի տալ, բայց պառավ աղջիկը նորա միակ ազգականը գալով, ծերանու մեռնելեն հետ հարկավ պիտի ժառանգե նորա անբավ հարստությանը, որն ասում էին, ութը միլիոնեն ավելի է և ապահով կեցած է տերության բանքում։

Ալթմազովը խնդրեց բարեկամին, որ իրան ծանոթացնե թե՛ հարսնացու աղջկա և թե՛ նորա ծերունի հորեղբոր հետ։ Շատ ժամանակ վրա չանցած, նա երկուսի հետ ևս ծանոթացավ, և ինչ որ լսել էր նոցա մասին, իրավ որ այդպես էր. աղջիկը երեսուն տարեկանեն ավելի չոր-չոր, բարձրահասակ, բավականին ցանցառ, դեղին ու նոսր մազերով, երկայն երեսով գերմանուհի էր, իսկ ծերունի հորեղբայրը մոտ յոթանասուն տարեկան հիվանդոտ մարդ էր, որը, ինչպես ասում են, «քթեն բռնեիր՝ հոգին պիտի փչեր»։

Ալթմազովը յուր կրակոտ աչքերով և գեղեցիկ երեսովը շուտ կարողացավ տաքացնել այն սիրտը, որ արագ-արագ սկսել էր հանգչել սիրո համար։ Ողորմելի Մարիխենը չգիտեր ո՞ր աստվածներուն փառք տար այսպիսի անակնկալ բախտի համար, երեսուն տարեկան հասակումն քսանհինգ տարեկան բոցոտ ասիացու սե՞ր, այդ խոմ հեքիաթի մեջ գրվելու բան է։ Ինքն իրան հանգստացնելու համար՝ Մարիխենը ձևանում է, իբր թե կասկածում է Ալթմազովի սիրո անկեղծության մասին։ Ալթմազովը երդումով հավատացնում է, որ բացի անխարդախ սերեն, ուրիշ ոչինչ չի փնտրում նորա մեջ։

— Կարելի է դուք կարծում եք, որ հարուստ ծերունին իմ հայրս է և կամ ես նորա հոգևոր զավակն եմ. ո՛չ, ես մի խեղճ որբ եմ և մի կտոր հացի համար կենում եմ նորա տանը։

— Ի՞նչ փույթ, ես ոչինչ ուրիշ բան չեմ ուզում, բացի ձեր սրտեն և ձեռքեն,– հանգստացնում է նորան Ալթմազովը։

— Պարոն Ալթմազով, կարելի է դուք կարծում եք, որ ինչպես իմ համազգի գերմանացի կնանիքը կամ աղջիկները, ես երևելի ուսումն ունիմ կամ հմուտ եմ տնտեսության մեջ, այդտեղ ևս կսխալիք. ծնողներես վաղ զրկվելով, ես ո՛չ ուսումն ստացա և ո՛չ տնտեսություն կարողացա սովորելու, իսկ հորեղբայրս շատ ժլատ էր, որ նա իմ կրթության համար տար տարեկան մի քանի հարյուր ոուբլի։ Այժմ ես կարող եմ միայն,– նայեցե՛ք, առաջվանե եմ ասում,– ապահովյալ մարդու կնիկ լինել, ավելի ոչինչ։

Ալթմազովը ծոցեն հանեց համալսարանե ստացած վկայաթուղթը և ասաց.

— Ահա այս թուղթը կուտա մեզ շատ փող և կատարյալ ապահովություն, իսկ ձեզ, քնքուշ օրիորդ, կմնա այդ փողը ձեր ուզածի պես մսխել և իմ տաք սրտի մեջ մինչև այժմ փնտրած բախտը գտնել։

Արդարակորով գերմանուհին, տեսնելով որ յուր ամեն պակասությունները հայտնելեն հետ, չկարողացավ հեռացնել իրանից այս սիրահար երիտասարդին, և մյուս կողմանե միտք անելով թե՝ ի՞նչ շահ է այսքան ժամանակվա կամավոր կուսությունը, խոսք տվեց Ալթմազովին, ո՛չ առանց ցիրլիխ-մանիրլիխ (ziereich-manirlich) (սեթևեթող) շարժումների՝ նորա հրաբորբոք փափագին հասցնելու, և նույն երեկոյին, թեյի ժամանակ պատմեց յուր հորեղբորը այս անակնկալ բախտը։ Հորեղբայրը երկու ձեռքը mit Andacht (բարեպաշտությամբ) բարձրացնում թ երկինք ու ասում. «Փա՜ռք քեզ, աստված (Cott sei Dank), թեև մի փոքր ուշ, բայց վերջը-վերջը լսեցիր դու իմ աղոթքը, ես խոստացել էի ողորմած հոգի եղբորս, քու հորդ, որ մինչև քեզ մի արժանավոր մարդու կին չի տեսնեմ, ոչ կպասկվիմ և ոչ կմեռնիմ։ Ես ի՛նչ անեի, որտեղե՞ն գտնեի քեզ համար արժանավոր փեսա, դու գիտես մեր ժամանակվա երիտասարդները մի–մի արծաթասեր Հուդա Իսկարովտացիներ են, որ ամեն բան, մինչև անգամ իրանց սուրբ զգացմունքը պատրաստ են փողի գնով ծախելու. նոցա ո՛չ կենաց անբաժան ընկեր, այլ ոսկիով լցված սնդուկ է պետք, այս է պատճառը, որ քու պսակը ein Bisschen (մի փոքր) ուշացավ, իմ սիրեկան Մարիխեն։ Դեհ, ուրեմն էգուց ճաշի հրավիրե հերցնես լիբխենիդ (սրտի սիրածիդ), որ ես էլ մի փոքր հետը խոսիմ, տեղեկանամ և միամտանամ, որ ապա թե կարողանամ նորան ավանդելու իմ շեցխենին (գանձին)»։

Մյուս օր, իրավ որ, Ալթմազովին հրավիրեցին գերմանացի Կրեսոսի մոտ ճաշի։ Wildbraten–ի մեջ, տասներկու կոպեկանոց գարեջուրի առջև սկսվեցավ երեսուն տարեկան գերմանուհու հարսնախոսությունը քսանհինգ տարեկան չքնաղ հայ երիտասարդի հետ։ Ծերունի Շմիդտը յուր ականջով լսեց Աւթմազովի անշահասեր առաջարկությունը և անշիջանելի սերը դեպի Մարիխենը, որի վրա, իբր թե, վեց տարիե ի վեր սաստիկ սիրահարված է։ Չգիտեմ հավատա՞ց ծերունին, թե՞ հավատացող ձևացավ, միայն թե հոժարեցավ նոցա ամուսնությանը։ Ճաշեն հետ երկուսին էլ յուր առանձնասենյակը հրավիրեց, ինքը վրան հինավուրց բարեպաշտ նահապետների դերը առավ և սկսավ պես-պես խրատներ տալ, որը քաղել էր գող-բազարի մեջ գնած արժանագին գերմանական գրքերեն. հաղորդեց նոցա՝ իրար սիրել, աչքերը օտար մարդոց վրա չի տնկել և շատ այսպիսի հոգեշահ խրատներ տվեց նոցա, որոց համար, ինչպես ամենքը գիտեն, ժլատ մարդիկ խիստ առատաձեռն են։ Ես, հեղինակս այս վեպին, իմ կողմանե կարող եմ հավատացնել, որ Մարիխենը այդ ամեն խրատները ճշտությամբ կկատարե։

Այսպես, ամեն կողմեն միամտված, ծերանին Աբրահամի, Իսահակի, Հակովբի և Տոբիտի օրհնություններր թափում է (գերմանացին շատ սիրում է աստվածաշունչ կարդալ, այդ գիտեք ամենքդ) այս սիրահարներու գլխուն։

Մի շաբաթից, տեր Գրիգորը, աստված լուսավորե հոգին, Սմոլենսկի եկեղեցումը լռելյայն կատարում է սոցա պսակի ծեսը, և նույն օրը Պետրոս-Պողոսի եկեղեցում գերմանական արարողությամբ կատարվում է նույն բանը երկրորդ անգամ։ Մյուս օր ծերունի Շմիդտը 3500 ռուբլի Մարիխենի անունով դնում է պետական բանկը, իսկ շաբաթ չանցած ինքն էլ պսակվում է մի աղքատ, բայց շատ սիրուն և քսաներկու տարեկան գերմանացի աղջկա վրա. և բանը սորանով կպրծներ, եթե մի տարուց հետո ծերանու նորահարսը մի զավակ չընծայեր ծերանուն։

* * *

1870 թվականին ես Վարշավ էի գնացել իմ մասնավոր գործերի համար, և այնտեղ ոչ մի ծանոթ չունենալով, հյուրանոց էի իջել, նույն հյուրանոցումը, ծառաներեն իմացա, իջել է նաև մի հայ քահանա։ Որքան որ հայերը իրանց կեցած քաղաքումը աշխատում են իրարմե հեռու լինել, այնքան էլ օտար տեղը նոցա իրար մոտեցնում է։ Ես շուտ ծանոթացա այդ քահանայի հետ և իմացա, որ նա հատկապես Մոսկովեն է եկել՝ մի գերմանացի գեներալի որդին հայ կնքելու։ Հետաքրքրությունս շարժվեցավ և քահանան ինձ պատմեց հետագան.

Մի պարահանդեսի մեջ գերմանացի գնդապետ, ազգանունը Շթուբե, սաստիկ սիրահարվում է մի սիրուն որբ հայ աղջկա վրա, անունը Շուշան, Արղ...յան իշխանական տոհմեն, որ գրեթե ոչինչ ծանոթություն չունենալով յուր հանգուցյալ ծնողաց մասին, որովհետև շատ փոքր հասակի մեջ որբացել է, վարժուհու պաշտոն է կատարում եղել։ Երբ որ գնդապետը հնարը գտնում է նորա հետ բարեկամանալու և նորա մորացուի տանը, ինչպես փեսացու, հրավիրվելու, վերջինեն, այսինքն մորացուեն իմացել է, որ այդ կարծեցած խեղճ որբը բավականին նշանավոր ժառանգություն ունի իր մեռած ծնողներեն՝ կալվածքներով և ոսկեղեն-ակնեղեններով։ Բարի պառավը հայտնել է գնդապետին, որ Շուշանը ո՛չ միայն իր հանգուցյալ ծնողաց, այլև յուր ժառանգորդն է, և ցույց է տվել նորան յուր հոգեզավակի անունով հարյուր հազար ռուբլու բանկային տոմսակ։ Պսակի ծեսը չկատարած, Շուշանը յուր փեսայի հետ օրինավոր պայմանաթուղթ է շինել, որով իրմե ծնած զավակները, թե՛ տղա, թե՛ աղջիկ անպատճառ հայ պիտի կնքվին և հայ պիտի դաստիարակվին։ Գնդապետը հոժարել է ստորագրվել այս պայմանին և ապա կատարվել է նոցա պսակի ծեսը։ Շուշանի ամուսինը այժմ գեներալ է և Վարշավայի մեջ ծանրակշիռ տերության պաշտոն ունի։

* * *

Իսկ բախտախնդիր Ալթմազովը ի՞նչ եղավ։

Նույն օրը, որ տիկին Շմիդտի հղության ավետիսը հասնում է նորա ականջին, նա ինքը իրան խոսք տվել է, հենց որ երեխան ողջ և առողջ աշխարհ գա՝ նույն վայրկյանին ատրճանակը իր ճակատին տրաքացնել։ Կատարե՞ց արդյոք նա յուր խոստմունքը, թե ոչ՝ չգիտեմ, վաղուց Պետերբուրգեն լուր չունիմ։