Փշի գերեզմանը
ՓՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն ասում էր.
— Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ հանել:
Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ, Լեզվի միջին փուշս թաղեմ, Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան, Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց զգուշացնում.
— Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ տրորել, ոչ ծամել...
Ոչխարներն ասում էին.
— Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:
Խոզն ասում էր.
— Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչըս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ պետք է փորի:
Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ, Լեզվի միջին փուշս թաղեմ, Թող թրթռան, թող մրմռան, Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.
— Փշի գերեզմանը էշի փորն է: