Փոքրիկ ֆելիետոն
ՓՈՔՐԻԿ ՖԵԼԻԵՏՈՆ
ՄԱԹՎԵՅ ՄԱԹՎԵԻՉԸ
(Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)
Վա՛հ... Մի՞թե չեք ճանաչում Մաթվեյ Մաթվեիչին. մի՞թե կարելի է չճանաչել նրան... Դիցուք, կարելի է չճանաչել մի Վիլհելմի, մի Հինդենբուրգի[1]... բայց չճանաչել Մաթվեյ Մաթվեիչին, առնվազն հանցանք է։
Թվենք նրա պաշտոնները, որ հասարակությունը ճանաչի յուր «անհայտությամբ հայտնի» մարդուն։
Նա Գորիս քաղաք կոչվածի քաղաքագլուխն է, նախագահ քաղաքային ինքնավարության, նախկին նախագահ տեղական ճյուղի, նախագահ ազգային բյուրոյի տեղական ճյուղի, նախագահ և... կանանց ընկերության։
Զարմացաք, չէ՞... Ո՞նց թե տղամարդը նախագահ կանանց ընկերության։ Ես էլ եմ զարմանում, ուր մնաց դուք։
Բայց Գորիսում ի՞նչ ասես, որ չի լինում։
Սակայն այդ էլ գալիս է ցույց տալու, թե նա որքան է տարված հասարակական գործերով, որքան է մտածում ազգի, հայության և բուլվարի մասին։
Վերջերս էլ, երբ տեղումս կազմվեց աշակերտական մի խմբակցություն, Մաթվեյ Մաթվեիչը առաջարկեց յուր թեկնածությունը` նախագահ լինելու համար։ Չէ՞ որ իրավունք ուներ... Չէ՞ որ Գորիսում նա նախագահությունը կապալով է վերցրել։
Բայց աշակերտները վախեցան նրա ակնոցներից և «հուժկու» ձայնից, որ այնքան ծանոթ է գորիսցիներին՝ «Փոշտի Անտոնից» մինչև Աբրասը... Աշակերտները վախեցան այդ «անթագակիր թագավորից» և... ընտրեցին... իրենցից...
Բարկացավ Մաթվեյը... Փրփուր դառավ բերանը, աչքերից կայծեր էին դուրս թափվում, և վրեժը հանեց յուր թիկնապահից` Կիրիգ-Գրիգորից։
Իսկ այժմ նա արհամարհում է աշակերտներին և... չի բարևում այդ «խենթուկներին»։
Մաթվեյ Մաթվեիչը քաղաքագլուխ լինելուց բացի դերասան էլ է։ Երեք տարի խաղացել է Պոլսում, տասնհինգ տարի` Գորիսի դրամատիկ խմբում, վերջերս էլ ռեժիսորն էր էյվազլարի բեմի հայկական սեկցիայի։ Այսօր էլ նա գործում է... կանանց ընկերության ներկայացումն է։ Ինքն էլ է մասնակցում. անունն էլ Մաթվեյ չէ, այլ Ս. Մարտիկյան...
Այո՛, մարտիկի պես մարտնչում է նա հանուն ազգի, հանուն Գորիսի բուլվարի բարենորոգության։
P.S. Մոռացա մի բան ևս նրա գործունեությունից։
Առաջ Գորիսի բուլվարում խոտ էր բսնում, այժմ` յոնջա։ Առաջ ակացիա չկար բուլվարում, թթի ծառեր էր, իսկ այժմ կա։ Առաջ քաղաքը արդյունաբեր աղբյուր չուներ, իսկ այժմ երկու հնդկահավ կա, որոնց ձվերը առաջ արտահանվում էր Գերմանիա, Վիլհեմի նախաճաշի համար։
- ↑ 1