Jump to content

Քայլում եմ պահը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Քայլում եմ պահը։
Պահը - լուծարված
Ժամադրություն։
Քայլված-չքայլված, ծանրավոր
Պահում -
          որպես հայելում երազող աչքի -
Կանգնում ես սիրուն,
Զույգ ափերիդ մեջ՝ աչքերը իմ զույգ։
Նետիր աչքերս`
Ինչպես չհաջողված բանաստեղծություններ,
Որ... դու չես գրում։
Աչքերս նետիր...
Բայց միեւնույն է,
Ոչ մի տեղ նրանք չեն ընկնի գետնին,
        Միշտ գնալու են,
        Միշտ թռչելու են
Եվ ընդառաջ են գալու հեռավոր,
        Ամենալու՛յս,
        Ամենահու՛յս
Քո գիշերներին։
Քայլում եմ լույսը։