Jump to content

Քաջ Նազարը (դասական ուղղագրութեամբ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
(ՀԷՔԵԱԹ)
1.

Լինում է չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թէկուզ սպաննէիր։ Օրը մինչեւ իրիկուն կնկայ կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշէր կնգայ հետ շէմքն է դուրս գալի։ Որ շէմքն է դուրս գալի՝ տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնեակ գիշեր՝ ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարւան կտրելու գիշէր է՜․․․ Սիրտս ասում է՝ վէր կաց գնա Հնդըստանից եկող Շահի քարւանը կտրի, բէր տունը լցրու»․․․

Կնիկը թե.

— Ձէնդ կտրի, տեղդ նստի, քարւան կտրողիս մտիկ արա․․․

Նազարը թե.

— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չէս թող անում ես գնամ քարւան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակւում ես իմ առաջը խօսես։

Որ շատ կռւում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դէ հիմի գնա քարւան կտրի։ 

Էս Նազարս մնում է դրանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչեւ լուսը բացւում է։ Նազարը խռոված պատի տակին արեւկող արած սպասում է, որ կնիկը գայ տուն տանի ու միտք է անում։ Ամառուայ շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր. ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վէր գալի, լցւում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդւում են, առաջին վէր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․ մնում է զարմացած։

Ուզում է համրի թէ մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ, ասում է, ես էսպէս տղամարդ եմ էլէլ ու մինչեւ էսօր չէմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնգայ կողքին վէր ընկել․․․

Էստեղից վէր է կենում, ուղիղ գնում իրենց գիւղի տէրտէրի մօտ։

— Տէ՛րտէր, օրհնեա ի տէր։

— Աստուած օրհնի, որդի՛ս։

— Տէ՛րտէր, բա չես ասիլ էսպէս էսպէս բան։

Պատմում է իր քաջագործութիւնը ու հետն էլ յայտնում է, որ պէտք է իր կնգանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տէրտէրը գրի, որ անյայտ չմնա, ամէնքն էլ կարդան իմանան։ Տէրտէրն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրայ գրում է․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի ջարդի հազար,

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փէտի ծէրի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մէջքը, իրենց հարեւանի իշին նստում ու գիւղից հեռանում։ 

2.

Իրենց գիւղից դուրս է գալի, մի ճամբայ է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում թէ էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գիւղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մրմռալ, երգել, իրեն իրեն խօսել, իշի վրայ բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձէնը բարձրանում է, սկսում է գորգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ միւս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մօտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձէնն աւելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը - թւում է՝ թէ ամէն մի ծառի տակից, ամէն մի թփի միջից, ամէն մի քարի ետեւից՝ որտեղ որ է՝ գազան է յարձակուելու կամ աւազակ. սարսափած սկսում է գորգոռալ, ո՜նց գորգոռալ՝ ականջդ ոչ լըսի։

Դու մի՛ ասիլ՝ հէնց էս ժամանակ մի գիւղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձէնը ականջն է ընկնում թէ չէ՝ կանգնում է.

— Վա՜յ, ասում է, ո՞նց թէ իմն էլ էստեղ էր հատե՜լ, կայ-չկայ էս աւազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամբի տակի անտառն ու՝ երկու ոտն ունէր, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։

Բախտդ սիրեմ Քաջ Նազար․ գորգոռալով գալիս է տեսնում մի թամբած ձի ճամբի մէջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս, թամբած ձիուն նստում ու շարունակում իր ճամբէն։

3.

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կ’իմանար, գնում է ընկնում մի գիւղ. ինքը գիւղին անծանօթ, գիւղն իրեն։ Ո՞ւր գնայ, ո՞ւր չգնայ։ Մի տանից զուռնի ձէն է լսում․ ձին քշում է էս ձէնի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցէք, հա, համե՛ցէք․ դէ ղոնախն Ասծունն է․ սրան տանում են իր դրօշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թէ ուտելիք, թէ խմելիք։

Հարսանքաւորները հետաքրքրւում են իմանան, թէ ո՞վ է էս տարօրինակ անծանօթը։ Ներքի ծէրից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպէս հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծէրին նստած տէրտէրին։ Տէրտէրը մի կերպով ղոնախի դրօշակի վրայ կարդում է․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած յայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, նա էլ երրորդին, երրորդը չորրորդին․ էսպէսով հասնում է մինչեւ դրան տակը ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը՝

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը. ի՜նչքան է փոխուել, միանգամից լաւ չճանաչեցի․․․

Եւ մարդիկ են գտնւում, որ պատմում են նրա արած քաջագործութիւնները, հին ծանօթութիւնն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպէս մարդը հետը ոչ մի ծառայ չունի, զարմանքով հարցնում են անծանօթները։

— Էդպես է դրա սովորութիւնը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասաւ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ 

— Հապա ինչպէս է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մէջքին կապել։

— Շնորհքն էլ հէնց դրա մէջն է, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թէ չէ լաւ թրով, ի՞նչ կայ որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելօքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարօտ էինք երեսդ տեսնելու եւ ահա էսօր բախտաւոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մէջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրդաւոր իրար աչքով են անում, հասկանում են, թէ էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կը նշանակէր․․․

Ու ցրվելով հարբած հարսանքաւորները տարածօւմ են ամէն տեղ, թէ գալիս է 

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրայ զարմանալի քաջագործութիւնները, նկարագրում են նրայ ահռելի կերպարանքը։ Ու ամէն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4.

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամբէն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրօշակը տնկում է, ինքն էլ դրօշակի շուաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկայ եղբայրներ կան, օխտը աւազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մօտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերեւից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վէր է եկել։ Շատ են զարմանում, թէ էս ինչ սրտի տէր մարդ պէտք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշուելու եկել է իրենց հանդում հանգիստ վէր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամէն մինը մի գուրզ ունէր քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ են տեսնում․ հրէս մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերեւը մի դրօշակ տնկած, դրօշակի վրէն գրած․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի ասիլ հարբած հարսանքաւորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպէս թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչեւ Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում գլխավերեւը քառասուն լդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրoշակի ետեւն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքուայ տերեւը կը դողայ։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատուեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացաւ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կը սպաննի, առաջին գետին են փռւում ու խնդրում են․

Անյաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,

— Մենք լսել էինք քո ահաւոր անունը, տեսութեանդ էինք փափաքում․ այժմ բախտաւոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպէր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մէջը մեր գեղեցիկ քոյրը։ Աղաչում ենք շնորհ անես՝ գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրօշակն առած՝ առաջ են ընկնում ու հանդիսաւոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պտտւում թագաւորին վայել պատուով ու էնքան են խօսում նրա քաջագործութիւններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քոյրը սիրահարւում է վրէն։ Ինչ ասէլ կ’ուզի՝ յարգն ու պատիւն էլ հետն աւելանում է։


5.

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրայ։ Ո՞վ կը սպաննի վագրին, ո՞վ չի սպանել։ Ի հարկէ Քաջ Նազարը կը սպանի։ Էլ ո՞վ սիրտ կ’անի վագրի դէմ գնայ։ Ամէնքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերեւը մի Աստուած, ներքեւը մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պէս Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնայ իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թէ վազում էր, որ գնայ վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպէս առանց զէնքի, զէնք առ հետդ էնպէս գնա։ Զէնք է բերում տալիս իրեն, որ գնայ իր փառքի վրայ մի քաջութիւն էլ աւելացնի։ Նազարը զէնքն առնում է դուրս գնում։ Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրէն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրայ կուչ է գալիս ու Նազարն ո՞վ կը տայ — հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հէնց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնու՜մ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սեւանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու թրը՛մփ, ծառից ընկնում է գազանի վրայ։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մէջքին: Էսպէս զարհուրած Նազարը մէջքին կպած էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քալ ու քօլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜յ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ-հարա՛յ, եկէ՜ք հա, եկէ՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել․․․ տուէ՛ք հա, տուէ՛ք․․․ Սրտաւորւում են, ամէնքը մի կողմից հարայ-հրոցով, հրհըռոցով յարձակւում են՝ խանչալով, թրով, թուանքով, քարով, փէտով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացւում է՝ ափսո՛ս ասում է, ընչի՞ սպանեցիք, զօռով մի ձի էի շինել նստել․․․ էնքան պէտք է քշէի ո՜ր․․․

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրէն երգ են կապում ու երգում։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգելով գովեցին թագաւորին ու թագուհուն։

6.

Դու մի՛ ասի էս աղջկանը ուզած է լինում հարեւան երկրի թագաւորը։ Որ իմանում է իրեն չեն տուել՝ ուրիշի հետ են ամուսնացրել՝ զօրք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպօր վրայ։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մօտ, պատերազմի լուրը յայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում՝ հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը, դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնայ իրենց գիւղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկոյն դուրս վազել, յարձակուել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են խնդրում, թէ՝ ախր առանց զէնքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զէնք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջութիւնից տարուած մենակ յարձակուի թշնամու զօրքի վրայ։ Եւ լուրը գնում տարածւում է զօրքի ու ժողովրդի մէջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թէ Քաջ Նազարը մենակ, առանց զէնքի թռչում էր դէպի պատերազմի դաշտը, հազիւ են կարողացել զսպել ու շրջապատուած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժոյգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրէն։ Ոգեւորուած զօրքն էլ հետը վէր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժոյգը, որ տեսնում է վրէն ինչ անպէտքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ թշնամու բանակը։ Զօրքերը կարծում են Քաջ Նազարը յարձակուեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետեւից յարձակւում ամէնայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վէր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթուի, դու մի՛ ասիլ ծառը փտած է, մի գերանաչափ ճիւղը պոկ է գալիս մնում ձեռին։ Թշնամու զօրքերը, որ առաջուց համբաւը լսէլ էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թէ մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է․․․ 

Էդ օրը թշնամուց ինչքան կոտորւում է կոտորւում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, յայտնում են իրենց հպատակութիւնն ու հնազանդութիւնը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը յաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգեւորութեամբ, ուռաներով եւ կեցցէներով, երգով ու երաժշտութիւնով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամաւորութիւններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպէս մի փառք ու պատիւ, որ Նազարը մնացել էր ապշած շշկլուած։

Էսպէս առքով-փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագաւոր ու բազմեցնում են թագաւորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագաւոր, էն հսկաներից ամէն մէկին էլ մի պաշտօն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մէջ։

Ասում են մինչեւ էսօր էլ դեռ ապրում ու թագաւորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջութիւնից, խելքից, հանճարից մօտը խօսք են գցում՝ ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջութիւն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քէֆ արա․․․

Եւ ասում են, մինչեւ էսօր էլ քէֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրայ։