Jump to content

Քեզ համար է իմ տանջանքը․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզ համար է իմ տանջանքը․․․
ՔԵԶ ՀԱՄԱՐ Է ԻՄ ՏԱՆՋԱՆՔԸ…

Քե՛զ համար է իմ տանջանքը,
Ճշմարտության գաղափա՛ր.
Թո՛ղ քեզ զոհվի երգչիս կյանքը,
Ես ապրում եմ քեզ համար։

Կյանքի կռվում քանիցս անգամ
Ես քեզ պաշտպան կանգնելով,
Հալածեցին ինձ անզգամ
Մարդիկ — ուժըս ծաղրելով…

Հոգով աղքատ, մտքով տկար —
Նոքա իմ ձայնն անաչառ
Շա՜տ ջանացին խեղդել իսպա՛ռ…
Սխալվեցի՜ն չարաչար…

Եվ երբ նոցա սև սրտերին
Խոսքս դիպավ, որպես նետ.
Նոքա փրփուր բերաններին
Թույն խառնեցին հացիս հետ…

Բայց դու հուզի՛ր, հուզի՛ր հոգիս,
Ճշմարտության գաղափա՛ր.
Դո՛ւ ես միակ վահան կյանքիս,
Ես ապրում եմ քե՛զ համար։
1893