Քեզ վերցնելու եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկնային ծաղիկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Քեզ վերցնելու եմ)

Վարդան Հակոբյան

Ես նայում եմ
***

Քեզ վերցնելու եմ թեւերիս մեջ
ՈՒ տանելու եմ
Անվերադարձ,
Ու անվերադարձ տալու եմ ծառերին,
ՈՒ անվերադարձ տալու եմ ծաղիկներին,
Ու անվերադարձ տալու եմ ժայռերին։
Որ անվերադարձ իմը լինես միշտ։
Լաց մի լինի, մի ծեծիր
Կուրծքս բռունցքներով,
Այլեւս բաց չեմ թողնի,
Այլեւս քեզ չեմ տա, որ տանես ուրիշին։
Աստղը կճեղքեմ,
Քեզ կդնեմ աստղի մեջ,
Լույսը կճեղքեմ,
Քեզ կդնեմ լույսի մեջ,
Կճեղքեմ ցավս,
Քեզ կդնեմ ցավիս մեջ,
Ու կպահեմ, կփայփայեմ ամենքից թաքուն
Ու անվերադարձ իմը կլինես դու միշտ։
Թե չէ՝ չեմ ներում այս աշխարհը,
Թե չէ՝ չեմ ներում այս ճանապարհը,
Այս ծնվել-չծնվելը,
Այս ապրել-չապրելը...
Քեզ վերցնելու եմ թեւերիս մեջ
Եվ տանելու եմ
Անվերադարձ.
        Թե՝ ե՞րբ,
Օրը ինքն է ընտրելու մեզ,
Եվ այդ մասին ոչինչ ես չեմ ասելու քեզ։
        Իսկ հիմա բեր,
Բեր աչքերդ,
Սրբեմ
Ցավի փոշիները տիեզերական։