Jump to content

Քեոփս բուրգի առեղծվածը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԵՈՓՍ ԲՈՒՐԳԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Ես բացարձակապես չեմ սիրում գնալ ոչ մեկի հետքերով.-
եթե բույնը ընդառաջ չգնա հավքին,
ապա հավքը որքան էլ
թեւին տա,
բույն չի հասնելու ոչ մի անգամ։

Եթե դաշտը զրնգում է մի հին ու անմաշ երգով,
պարզ է՝ հավատը տանու է, եւ ծերացած աղբյուրի արծաթները
ակունքի գողթան ծաղիկների մեջ են մնացել՝ վաղնջական ժամանակներից։

Եթե հողմաձյան փետուրները չեն հոգնում թռիչքների մեջ,
հասկանալի է՝ ժայռուտները ճախրում են երկնքով,
եւ Մասիսները թեպետ միշտ սպիտակ են, բայց սեւ են։

Եթե մարդ չի հիվանդանում՝ ճշմարտությունը չասելուց,
կամ չի ստանում, առնվազն, արյան զեղում,
ուրեմն, առանց այլեւայլության, անառողջ ենք բոլորս։

Եթե ամեն բառ բացվելիս չի բուրում մաքրությամբ դժվարահասության,


գիշերաճամփան դառնում է ստվերների անվերծանելի
առեղծված՝ Քեոփս բուրգին չհասած,
որի ջրով լողացած ծաղիկները չեն թոշնում, իսկ ծերերը՝ ջահելանում են։

Եթե ուզում ես վերցնել Բաբելոնը,
Եփրատ գետի հունը փոխիր, նա էլ հո մազանոթ չէ սրտի,
որի պայթյունից կարող է Նոյյան հեղեղ առաջանալ։

Եթե քո առագաստները Արցախի լեռներն են՝ պարզված
անհանգիստ հորիզոնին,


Թարթառի ափին հավաքիր Մոցարտին կանխած մեղեդիները՝
երկնուղեշ ծառ դարձած սրնգի,
որը, հովիվը խրել էր հողի մեջ՝ ջրահարսին գրկելու պահին ...

Ես բացարձակապես հետքերով գնալ չեմ սիրում,
եթե նույնիսկ իմը լինեն այդ հետքերը,
որովհետեւ
չեմ ուզում կորցնել իմ հեքիաթը եւ ուզում եմ անպայման հասնել։