Jump to content

Քեֆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեֆ

Երկու արհեստավոր մարդ,
Մինը՝ կոշկակար, մյուսը՝ դերձակ
Ման էին գալիս տոն օրում
Ուրախ սրտով, համարձակ:
— Գնանք, եղբայր, գինետուն,
Լավ քեֆ անենք միասին,
Ի՞նչ կա, թե որ մսխըվի
Մեր քանի մի աբասին:
―Գնանք, ասաց դերձակը,
Էլ չենք տեսնի էդպես տոն,
Կը դուրս բերե իմ ծախսը
Երեկ կարած մեկ պալտոն:
— Գնանք, — կրկնեց կոշկակար,
Ես ծախել եմ մի կոշիկ,
Նորա շնորհիվ կըխմեմ
Այսօր գինի անուշիկ:
— Ես էլ ընկեր ձեզի հետ, —
Ասաց տերտերը բազմագետ,
Ես թաղեցի մի մեռել,
Տասը մանեթ եմ առել: