Jump to content

Քնքուշ լարեր/Բարեկամությունը վերահաստատվում է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քնքուշ լարեր (Բարեկամությունը վերահաստատվում է)

Նույն օրը երեկոյան իշխանուհի Մելիքյանն յուր աղախնի ընկերակցությամբ գնաց անտառ զբոսանքի։ Նա սովորություն ուներ երբեմն, զբոսանքի գնալիս, երբ, իհարկե, մենակ էր լինում, վերցնել յուր հետ և աղախնին, որին և զուգում էր այնպես, ինչպես վայել է մի աղջկա, որ ման է գալիս իշխանազն հպարտ տիկնոջ հետ։ Յուր կարմիր պարզ շորերում և հարդյա գլխարկով՝ Մարիան շատ սազում էր սևազգեստ իշխանուհու հետ կողք-կողքի զբոսնելիս։ Իշխանուհին ամուսնու մահից հետո, չնայելով, որ այդ օրից արդեն տարիներ էին անցել, կրում էր միշտ սև զգեստ՝ առանց մի որևիցե պչրանքի, ի նշան յուր այրիության։ Յուր այդ պարզ սև հագուստի մեջ նա ավելի գեղեցիկ, ավելի սքանչելի էր երևում (գուցե այդ էլ էր պատճառը, որ նա միշտ սև զգեստ էր կրում)։ Պարզ, հասարակ հագուստի մեջ կնոջ գեղեցկությունն առավել ևս փայլում է, քան նորամոդային հազարավոր պչրանքներով զարդարված խայտաճամուկ հագուստի մեջ, որ խլում է կնոջից նրա ամեն կնայինը և դարձնում է նրան մի արվեստական պաճուճապատանք, որ կարողանում է ման գալ։ Պարզ, հասարակ հագուստի մեջ է կայանում կնոջ ինքնակերպությունն․ իսկ ինչպես ամեն բանի, նույնպես և կնոջ պոեզիան գտնվում է նրա ինքնակերպության մեջ։

Պենսնեն ձեռքին պտտեցնելով և գեղածիծաղ դեմքով՝ իշխանուհին զբոսնում էր յուր աղախնի հետ, որ, միշտ աչքի առաջ ունենալով յուր պաշտոնը, անվստահորեն փոքր-ինչ հեռու էր ման գալիս տիրուհուց և՝ կապույտ աչքերը խոնարհեցրած՝ պատասխանում էր նրա զանազան հարցերին։ Բոլոր ժամանակ իշխանուհու աչքերը շրջում էին այս ու այն կողմը։ Նա որոնում էր Հարունյաններին, որոնք տակավին չէին երևում այնքան բնակիչների մեջ, որոնք, ինչպես ամեն, նույնպես և այդ երեկո, լցրել էին անտառը։ Իշխանուհին հույս ուներ՝ որ անպատճառ կպատահի այդտեղ նրանց՝ ում որոնում է և այդ պատճառով՝ ուրախ տրամադրությամբ շարունակում էր յուր զրույցն աղախնի հետ։

— Մա՛րիա,— ասաց նա՝ նրա դեմքին խորամանկությամբ ժպտալով,— դու ոչ ոքի չե՞ս սիրել։

Մարիան կարմրեց, ինչպես յուր շորերը։

— Ես սիրում եմ ձեզ, տիրուհի,— ասաց նա՝ ամոթխածությամբ աչքերը բոլորովին վայր թողնելով։

— Ես այդպիսի սեր չեմ ասում,— ասաց իշխանուհին ծիծաղելով.— ես ուզում եմ ասել, թե դու ոչ մի գեղեցիկ, քեզ պես գեղեցիկ երիտասարդի չե՞ս սիրել։

Մարիայի դեմքի կարմրությունը շորերի կարմրությունից էլ անցավ։ Նա ոչինչ չպատասխանեց։

— Լավ, հասկացա,— ասաց իշխանուհին նրա դեմքին նայելով և առնելով նրա ձեռքը։— Քո դեմքը քեզ մատնում է։ Բայց ո՞ւմն ես սիրել, Մարիա․․․ Ես գիտեմ, որ դու ինձանից ոչինչ չես թաքցնիլ, այնպես չէ՞, Մարիա։

Ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ վերջին բառերը, սիրտ տվեց Մարիային և բացեց նրա բերանը։

— Ես իրավունք չունիմ ձեզնից ոչինչ թաքցնելու, տիրուհի,— ասաց վերջինս՝ աչքերը դարձյալ խոնարհեցրած։— Ես սիրում էի Պետերբուրգում մեր դիմացը բնակվող գնդապետի...

— Դենշչիկի՞ն։

— Ոչ— որդուն...

Բարձրաձայն քրքիջը, որ դուրս թռավ իշխանուհու բերանից աղախնի այդ վերջին գրեթե անլսելի կերպով և միամտաբար արտասանված խոսքի վրա, դարձրեց յուր վրա շատերի ուշադրությունը։ Աղախինը սաստիկ ամաչեց․ նրա փոքր-ինչ անցած կարմրությունը նորոգվեցավ։ Իշխանուհին յուր ձեռքը տարավ դեպի նրա մեջքն և, այս անգամ ժպտալով նրա աչքերին, հարցրեց հետաքրքրությամբ․

— Հետո՞, Մարիա. նա էլ քե՞զ էր սիրում։ Այո՞։ Մի՛ նեղանար, ես քեզ չեմ ծաղրում։ Դու այնքան գեղեցիկ ես, որ բոլորովին իրավունք ունես մի այդպիսի քայլ անելու։ Ասա՛, մի՛ ամաչիր. նա էլ քե՞զ էր սիրում։

— Չգիտեմ... բայց նա ցույց էր տալիս, որ սիրում է,— երկար տատանմունքից հետո ասաց, վերջապես, Մարիան։

— Այդ ի՞նչպես,— ավելի հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին։

— Մի՞թե դու խաբվել էիր, մի՞թե նա քեզ իսկապես չէր սիրում։

— Այո, հետո տեսա, որ նա ինձ կեղծ է սիրում...

— Ի՞նչպես։

— Որովհետև, երբ ես մի անգամ նրան առաջարկեցի ամուսնանալ, նա ծիծաղեց և այլևս չեկավ ինձ մոտ...

— Հետո՞։

— Հետո ես լաց եղա... շատ լաց եղա, բայց նա դարձյալ չեկավ ինձ մոտ։

— Իսկ այժմ նրան չե՞ս սիրում։

— Քիչ եմ սիրում. նա լավ տղա չէր։

— Խե՜ղճ իմ Մարիա,— խոսեց անսուտ կարեկցությամբ իշխանուհին՝ մի առանձին տաք հայացքով նայելով նրա աչքերին։— Ո՜րքան անմեղ, պարզամիտ ես դու... Օ՜, այդ տղամարդիկ, Մարիա, բոլորն անգութ և խելագարներ են, նրանք երբեք չեն խղճում կնոջ վրա, երբեք չեն մտածում կնոջ դրության մասին... Ստոր, վայրենի և անտաշ են նրանք, Մարիա․․․ Նրանք բոլորովին արժանի չեն վայելելու կնոջ սերն, երբ չեն հասկանում, թե ի՜նչ է կին, թե ի՜նչպես պետք է վարվել կնոջ հետ.․. Բնությունը սխալվել է, Մարիա, որ կանանց կապել է այդ գոռոզ վայրենիների հետ, որոնց մեջ բնավ ճաշակ չկա նրանց գեղեցկությունը ճանաչելու, հարգելու, պաշտելու, ինչպես մի կենսատու ուժի... Գեղեցկությունն— այդ ամեն բանի, առավելապես կնոջ մեջ հրաշալին նրանք ոտի տակ են տալիս, Մարիա․ ինչպես խոզեր, որոնք չեն հասկանում մարգարտի արժանավորությունը, գինը... Նրան ծաղրում են, արհամարհում են և աշխատում են իրենց ստրուկը դարձնել... Բայց կինն, իհարկե, այդ երբե՛ք չի թույլ տալ, այնպես չէ՞, Մարիա... Կինն առավել ևս գոռոզ է, հպարտ է դեպի յուր պատիվը, գեղեցկությունը... Բնությունն իբրև միակ զենք՝ կնոջը տվել է գեղեցկություն, որով նա պետք է աշխատի անպատճառ պատժել տղամարդիկներին— այդ վայրենիներին— թե՛ նրանք հիմարությունների և թե՛ անգթության համար... Այնպես չէ՞, Մարիա, պատժել, սոսկալի կերպով պատժել...

Աղախինը ոչինչ չէր հասկանում նրա ասածներից։ Իշխանուհին խոսում էր՝ ոչ թե մտածելով Մարիայի և նրա կեղծ սիրահարի մասին, այլ յուր և Հարունյանի մասին։ Նա սկսեց Մարիայի սիրահարից և հետո, նրան բոլորովին մոռանալով, նրա մեջ երևակայեց Հարունյանին և այդպես էլ վերջացրեց։ Լինում են մարդիկ, գլխավորապես վրեժխնդիր, գոռոզ, եսամոլ մարդիկ, որոնք, տեսնելով ուրիշի դրության մեջ մի որևիցե, թեկուզ չնչին նմանություն իրենց դրության հետ, որ նրանց մտածության առարկան է դարձած, դեռ սկսում են խոսել նրա մասին, հետո, փոքր առ փոքր, իրենք համար ևս անզգալի կերպով, նրան մոռանալով, սկսում են մտածել և խոսել իրենց դրության, իրենց անելիքի մասին։

Իշխանուհին խոսում էր գրեթե անզգայաբար աղախնի ձեռքն յուր ձեռքի մեջ սեղմելով և երբեմն նայելով նրա աչքերի մեջ, որի համար նա թեքում էր գլուխը դեպի նրա դեմքը, երբեմն էլ յուր գեղեցիկ աչքերը շրջելով այս ու այն կողմը։

Հանկարծ այդ ժամանակ դիմացը, հեռուն, նա նկատեց Հարունյան ամուսիններին, որոնք՝ թև-թևի տված՝ հանդարտ գալիս էին դեպի իրենց կողմը։ Նրա դեմքն իսկույն պայծառացավ և նա, չտեսնելուն տալով նրանց, շարունակեց յուր զրույցը՝ նայելով աղախնուն, իսկ աչքի տակով— Հարուրյաններին։ Նա կամեցավ՝ խոսելով յուր աղախնի հետ՝ անցնել նրանց մոտից և ձայն չհանել, իբրև թե նրանց բոլորովին չէ տեսնում․ իսկ նա համոզված էր, որ Հարունյանները կտեսնեն իրեն և անպատճառ կխոսեն յուր հետ։ Ըստ երևույթին, նա խոսում էր աղախնի հետ, բայց իսկապես նա մտածում էր, թե ինչպես հանդիպի նրանց, և այդ պատճառով նրա խոսակցությունից ոչինչ միտք չէր դուրս գալիս։

— Այո՛, Մարիա,— ասում էր նա,— այդպես են, իհարկե, մարդիկ․․․ ամեն բան այդպես է․․․ Դու շատ գեղեցիկ ես, Մարիա․․․ հո գիտես, որ ես քեզ սիրում եմ․․․ այնպես չէ՞․․․ Դու ևս սիրում ես ինձ, թշվառական․․․ Ես քեզ կսովորեցնեմ, Մարիա, թե ինչպես պետք է վարվել ինձ․․․ մարդիկների հետ... Այն ողորմելին չգիտե, որ ինքն էլ միևնույն փայտից է տաշված, ինչպես և ուրիշները․․․ Նա չափազանց հպարտ է․․․ բայց չգիտե, որ ուրիշն առավել ևս հպարտ կարող է լինել, քան ինքը... այնպես չէ՞, Մարիա․․․

Մարիան, իհարկե, ոչինչ չէր հասկանում․ նա միայն զարմացած գլուխը շարժում էր։

— Պատիվ ունինք, իշխանուհի,— հանկարծ լսվեցավ նրա մոտ պարոն Հարունյանի փափուկ ձայնը։

Իշխանուհին որքան աշխատեց զսպել իրեն, բայց չկարողացավ փոքր֊ինչ չցնցվել այդ ձայնից, որին նա վայրկյան առ վայրկյան անհամբեր սպասում էր։ Նա շուտով, իրեն զարմացած ցույց տալով, դարձավ դեպի նա։

— Ա՜խ, պարոն Հարունյան... Նո՛ւնե,— կանչեց նա՝ շտապով մոտենալով նրանց։

— Պետք է ներեք ինձ, որ ձեզ չնկատեցի. աղախնիս հետ մի այնպիսի քաղցր խոսակցության մեջ էի, որ մինչև անգամ մոռացել էի, թե որտեղ եմ գտնվում... Բարև ձեզ։

Եվ նա ժպտադեմ յուր գեղեցիկ ձեռքը տվեց նախ պարոն, հետո տիկին Հարունյաններին։ Իշխանուհու մինչև այժմ օտարոտի ընդունելության ազդեցության ներքո, վերջինս դեռ կամենում էր նրան սառնությամբ ընդունել, բայց այժմ բոլորովին անսպասելի կերպով նրա մեջ տեսնելով դարձյալ յուր առաջվա սիրալիր ընկերուհուն, նա զարմանքից դեռ մի քանի վայրկյան գրեթե մնաց քարացած՝ նրա ժպտող աչքերի մեջ նայելիս, կարծես ինքն իրեն հարցնելով՝ մի՞թե այդ նա է, որ մինչև վերջին ժամանակներս նրան այնպես սառնությամբ էր ընդունում։ Նա չէր հավատում յուր աչքերին, բայց տեսնելով, որ իշխանուհին շարունակ ժպտալով նայում է յուր աչքերին, և նրա դեմքի վրա առաջվա սառը ընդունելության և թախծության նշույլ անգամ չկա, նա, կարծես, նոր ուշքի եկավ և կանչեց սաստիկ ուրախացած.

— Սո՛ֆիա, մի՞թե ես քեզ նույնն եմ տեսնում... մի՞թե գլխացավդ արդեն անցել է...

— Արդեն, արդեն, Նունե։ Դու սուտ չէիր ասում, որ ամառանոցի զով օդն ինձ վրա լավ ազդեցություն կունենա... Գլխացավս բոլորովին անցել է, և այժմ ինձ այնպես թեթև, այնպես հանգիստ եմ զգում, ինչպես ոչ մի ժամանակ.... Դեռ հենց առաջին օրից, որ ես ամառանոց եկա, զգացի, որ գլուխս այլևս այնպես սաստիկ չէ ցավում, ինչպես առաջ, Թիֆլիսում։ Երկրորդ օրն ավելի լավ էի, իսկ այսօր, որ վեր կացա, բոլորովին առողջ, կարծես գլուխս երբեք մի րոպե անգամ չէր ցավել։ Օ՜, այնպես ուրախացա, Նունե, այնպե՜ս ուրախացա, որ․․․ մի խոսքով... նո՛ւ, չեմ կարող ասել, թե ինչպես ուրախացա այդ ժամանակ... Իսկ առաջ ի՛նչպես էի տանջվում ես այդ գլխացավից, աստված ազատե։ Ես ինձ բոլորովին կորցրել էի, չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, ինչ եմ անում, ում հետ եմ խոսում և ինչ եմ խոսում։ Կարծես մի տեսակ տանջող երազի մեջ լինեի, որից արթնանալ չէի կարողանում․․․ աչքերիս առաջ միշտ խավար, մութը․․․ օ՜հ, դեռ այժմ էլ սարսափում եմ, որ մտածում եմ, թե ի՞նչ դրության մեջ էի այդ ժամանակ․․․

— Իսկ ե՞ս․․․ իսկ ես ինչպես տխո՜ւր էի այդ ժամանակ, Սոֆիա,— ասաց տիկին Հարունյանը։— Որ տեսնում էի քո միշտ տխուր, մելամաղձոտ, թախծալից դեմքը, իմ սիրտն այնպես կտրատվում, այնպե՞ս ցավում էր, որ ի՞նչ չէի տալ, եթե դու այդ ժամանակ առաջվա նման գոնե ծիծաղեիր, ժպտայիր․․․ մանավանդ, որ դու ինձ այնպես բոլորովին սառնությամբ էիր ընդունում․․․ Օ՜հ, եթե գիտենայիր, թե ո՛րքան ես մտածել եմ քո մասին, Սոֆիա, թե քանի՛ անգամ ես աղոթել եմ քեզ համար․․․

— Մի՞թե դու ինձ այդ աստիճան սիրում ես, Նունե,— կանչեց իշխանուհին, որին նրա անկեղծությունը փոքր֊ինչ դուր էր եկել, չնայելով, որ նրան դարձյալ ատում էր, բայց ստիպված էր նրա հետ առաջվա նման սիրով վարվելու։

— Օ՜, չափազանց, չափազա՜նց, Սոֆիա․․․ Դու այնքա՛ն լավն, այնքա՛ն գեղեցիկ ես, որ անկարելի է քեզ չսիրել։

Իշխանուհին ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ խոսքերի վրա ուրախ կերպով ծիծաղեց և նայեց պարոն Հարունյանին, որ՝ մինչև այդ ժամանակ լուռ և ինչ֊որ բանի մասին մտածելով՝ նայում էր նրա գեղաժպիտ դեմքին։ Մի ակնթարթում այդ անկեղծ գովասանական խոսքերը դուրս հանեցին նրա սրտից դեպի յուր վաղեմի ընկերուհին ունեցած նրա ատելությունն, և նա սկսեց դեպի նա մի տեսակ բան զգալ, որ ոչ սեր էր, ոչ շնորհակալություն։ Նա ջերմ զգացմունքով առավ նրա ձեռքերն և ամուր֊ամուր սեղմելով նրան՝ ասաց.

— Ուրեմն դու պետք է մոռանաս այն բոլորն, ինչ որ ակամայից ես պատճառել եմ քեզ, Նո՛ւնե․․․ դուք ևս, պարոն Հարունյան... գուցե ձեզ ևս մի որևիցե անախորժություն եմ պատճառել... Կրկնում եմ, գլխացավս ինձ մի այնպիսի սարսափելի դրության մեջ էր ձգել, որ ես ինձ բոլորովին կորցրել էի և, շատ կարելի է, որ ես մի որևիցե բանով ձեզ նեղացրած լինեմ այդ ժամանակ...

— Իզուր դուք այդպես անհանգստանում եք, իշխանուհի,— ասաց պարոն Հարունյանը։— Ոչ ոք ձեզանից նեղացած չէ և իրավունք չունի նեղանալու․․․ Դուք ի՞նչ մեղավոր եք, որ գլխացավը ձեզ այն դրության մեջ էր գցել... իսկ այժմ ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ գլխացավն անցել է բոլորովին, և դուք ձեզ հանգիստ ու թեթևացած եք զգում։

Իշխանուհին այդ խոսքերի վրա նրա դեմքին խոր նայեց․ արդյոք նա դարձյալ ամեն բան հասկանո՞ւմ է և ծաղրո՞ւմ է նրան։ Բայց նա ոչինչ հետևանքի չհասավ, որովհետև պարոն Հարունյանի դեմքն այդ րոպեին բոլորովին լուրջ էր և ինչ֊որ մտածության արտահայտություն կար նրա վրս։

— Ինչևիցե,— ասաց նա։— Ուրեմն դուք ամեն բան հասկանում եք և ներում եք ինձ... իսկ այժմս ես կամենում եմ ձեզ անպատճառ հյուրասիրել իմ դաստակերտում, իբրև տուգանք... և, իհարկե, դուք ինձ չեք մերժիլ, այնպես չէ՞, պարոն Հարունյան․․․ Նունե, դու խո բոլորովին չես մերժիլ։

— Մերժե՛լ,— կանչեց տիկին Հարունյանը ծիծաղելով։— Դու ինձ ծաղրո՞ւմ ես, Սոֆիա։

— Ուրեմն դու համաձայն ես․․․ իսկ դո՞ւք, պարոն Հարունյան։

— Ուրախությամբ, իշխանուհի,— պատասխանեց պարոն Հարունյանը՝ տեսնելով, որ անկարելի է նրա խնդիրքից խույս տալ։— Երբ դուք այդ խնդրում եք, ես անկարող եմ մերժել․․․

Ի՜նչպես դուր եկան այդ խոսքերն իշխանուհուն, որ տակավին առաջին անգամ էր լսում այդ օտարոտի մարդու բերանից։ Ի՞նչ կլիներ, եթե այդ խիստ մարդը միշտ այդպես խոսեր նրա հետ. չէ՞ որ այդ խոսքերից ամեն մեկը նրան այնքա՛ն ախորժելի, այնքա՛ն քաղցր էր թվում, չէ որ այդ, ըստ երևույթին, ամենահասարակ խոսքերը լսելով նրա բերանից՝ նրա սիրտն իսկույն թրթռում էր մի այնպիսի երջանկությամբ, որի նմանը տակավին չէր պատճառել նրան նրա տարփավոր բազմաթիվ երկրպագուներից և ո՛չ մեկի թունդ սիրապատիր խոսքերի ամբողջ բառարանը։

— Ա՛խ, ի՜նչ բավ է,— կանչեց նա՝ չկարողանալով զսպել յուր չափազանց ուրախությունը։— Մա՛րիա,— դարձավ նա աղախնուն, որ փոքր-ինչ հեռու կանգնած՝ նայում էր նրանց, առանց հասկանալու նրանց լեզուն,— շտապիր դաստակերտն և ամեն բան աատրասիր, մենք իսկույն գալիս ենք։

Մարիան հեռացավ իսկույն։

— Առայժմս, սիրելի բարեկամներս, գնանք,— ասաց իշխանուհին՝ առնելով տիկին Հարունյանի թևը։— Հուսով եմ, որ դուք իմ դաստակերտը շատ կհավանեք, և այսօր այնտեղ լավ երեկո կանցկացնենք։ Սիրելի բարեկամներով, առավելապես այսպիսի տեղերում, ժամանակը շատ ուրախ և աննկատելի կերպով է անցնում․․․ Բայց ո՞ւր է ձեր եղբայրը, պարոն Հարունյան։

— Նա որսի է գնացել, իշխանուհի։

— Արմենակը բոլորովին սիրահարվել է որսորդության վրա,— ասաց յուր կողմից տիկին Հարունյանը։— Ողջ օրը թափառում է անտառներում և միայն ուշ երեկոյան է տուն գալիս։

Եվ այդպես խոսակցությունը շարունակելով, նրանք դիմեցին դեպի իշխանուհու դաստակերտը։ Կես ժամից հետո եկավ և Պետրովը։ Նույն օրվա սաստիկ ուրախ տրամադրության ներքո՝ նա նախ մի քանի անգամ համբուրեց իշխանուհու ձեռքն, ապա բարևեց Հարունյաններին։ Պետրովի՝ յուր ձեռքը համբուրելիս՝ իշխանուհին աչքի տակով նայեց պարոն Հարունյանին և նրա դեմքի վրա կարդաց այն բոլորն, ինչ որ նա զգում էր դեպի այդ աստիճանավորը։ Նույն երեկոյան նա մի քանի անգամ կոկետություն արավ Պետրովի առաջ։ Պարոն Հարունյանին, ըստ երևույթին, այդ չէր դուր գալիս. իշխանուհու այդ տեսնում էր և դարձյալ շարունակում էր: Իսկ Պետրովը, որ բոլորովին չէր սպասում, թե իշխանուհին այդ օրը մինչև այդ աստիճան լավ աչքով կնայե յուր վրա, գրեթե խելագարվել էր այդ անակնկալությունից, մի րոպե անգամ չկասկածելով՝ թե ի՛նչ հիմար դեր է կատարում ինքն այդտեղ։ Նա շուտ ֊շուտ առնում էր իշխանուհու ձեռքն և համբուրում էր, որով ավելի ևս կատաղեցնում էր պարոն Հարունյանին, որ բոլորովին զարմացած մնացել էր, թե ի՛նչ է նշանակում իշխանուհու այդ հանկարծակի անակնկալ փոփոխությունը դեպի Պետրովը, որին առաջ այնպես արհամարհությամբ էր նայում։ Բայց նրա ի՞նչ գործն է, թե իշխանուհին առաջ ի՛նչպես էր նայում նրա վրա, իսկ այժմ՝ ի՛նչպես..․ էլ ինչո՞ւ նրա կատաղությունը գալիս է, որ իշխանուհին նրա հետ փոքր֊ինչ սիրով է վարվում։— Ահա բանը դրանումն էր, որ պարոն Հարունյանն իրեն հաշիվ տալ չէր կարողանում, թե ինչո՞ւ իսկապես։ Ճշմարիտ է, նա այդ վերագրում էր յուր դեպի իշխանուհին տածած սիրույն, բայց խո նա մի րոպե անգամ մտքով չէր անցրել, թե իշխանուհին կարող է պատկանել իրեն, չէ՞ որ այդ սերը նա ապօրինի էր համարում և ամեն կերպ աշխատում էր դուրս կորզել յուր սրտից... Տիկին Հարունյանը նույնպես զարմացել էր յուր ընկերուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա։ Նա այդ վերագրում էր այն բանին— թեպետև բոլորովին կասկածանքով— որ գուցե իշխանուհին այժմ սկսել է սիրել այդ լիրբ աստիճանավորին։ Նա այնքան սիրում էր յուր վաղեմի ընկերուհուն և ատում Պետրովին, որ նրան բոլորովին դուր չէր գալիս, երբ առաջինն այնպես ժպտում էր վերջինիս դեմքին և նրա առաջ այնպես կոկետություններ անում։ Եվ թեպետ նա շատ էր ցանկանում դրա պատճառն իմանալ, բայց չէր համարձակվում այդ միանգամից հարցնելու իշխանուհուց։ Իշխանուհին այդ երեկո շատ ուրախ տրամադրության մեջ էր. նա ամեն կերպ աշխատում էր զբաղեցնել յուր հյուրերին։ Հին դաշնամուրի վրա, որ երկար տարիներից հետո առաջին անգամն էր բացվում, նա երգեց յուր սիրած ամենանշանավոր կոմպոզիտորների մի քանի դժվար ածելի պիեսներ։ Տուր գեղեցիկ ձայնով և երաժշտության ու երգի մեջ ունեցած հմտությամբ, նա համարձակ կարող էր մրցել լավ և փորձված երգչուհու հետ։ Նրա ձայնը շատ դուր եկավ մանավանդ պարոն Հարունյանին, որ բոլոր ժամանակ նայում էր նրա փոքրիկ, լիաշուրթ բերանին և սպիտակ պարանոցին... Ո՛րքան սքանչելի էր երևում նրան այդ կինը երգելու ժամանակ... Նա չէր կարողանում յուր աչքը հեռացնել նրանից։ Տիկին Հարունյանին նույնպես շատ դուր եկավ նրա ձայնը։ Նա գտավ, որ յուր վաղեմի ընկերուհու ձայնը գրեթե միևնույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ, երբ նա նույնքան հիանալի երգում էր։ Իսկ Պետրովը վերին աստիճանի հիացմունքից խելքը կորցրել էր. նա մինչև անգամ երդվեց, որ իշխանուհու ձայնը իրենց ռուսների, ողջ աշխարհիս մեջ եզակի կարելի է համարել, որ Պատտի և Նիլսոնի ձայնը դրա ձայնի մոտ ոչինչ է։ Մի խոսքով երեկոն շատ լավ անցկացավ իշխանուհու դաստակերտում։ Այնուհետև Պետրովն և Հարունյանները տուն գնացին։ Հեռանալուն պես պարոն Հարունյանն զգաց, որ այդ երեկոն իրեն արժան չէր նստել... Ողջ գիշերը նրա աչքերի առաջից չէր հեռանում իշխանուհու պատկերը. նրա ականջներում տակավին հնչում էր նրա դյութիչ ձայնը... Հետևյալ օրը նրանք դարձյալ հրավիրված էին իշխանուհու դաստակերտում։ Պարոն Հարունյանը, որքան էլ այդ չցանկանար, բայց ստիպված էր գնալու։ Այս անգամ նրանց հետ էր և Արմենակը, որ տիկին Հարունյանի խնդրանոք միայն այդ օրը չէր գնացել որսի։ Պետրովն արդեն իշխանուհու մոտ էր, երբ նրանք գնացին նրա դաստակերտը։ Այս անգամ արդեն Պետրովը բոլորովին զզվելի և ատելի թվաց թե՛ տիկին և թե՛ պարոն Հարունյանին։ Իշխանուհին Պետրովի հետ վարվում էր նույնպես, ինչպես և նախորդ օրն, և, իհարկե, ընդ նմին աչքի տակով թաքուն դիտում էր պարոն Հարունյանին։ Պարոն Հարունյանն այդ ժամանակ ակամայից եռում էր յուր մեջ։ Իշխանուհին տեսնում էր, և այդ նրան մեծ բավականություն էր պատճառում։

— Գտել եմ քեզ կակղեցնելու եղանակն,— ասում էր նա յուր մտքում և շարունակում էր յուր կոկետությունը Պետրովի առաջ, Պարոն Հարունյանը դարձյալ չէր կարողանում հասկանալ դրա պատճառը։ Բայց երբ մի անգամ էլ իշխանուհին ինչ-որ սիրալիր խոսք ասեց Պետրովին, որի համար և վերջինս իսկույն առավ նրա ձեռքն և սկսեց համբուրել, նա հանկարծ որսաց նրա գաղտագողի հայացքը, որ այդպիսի ժամանակներում նա միշտ գցում էր նրա վրա։ Եվ պարոն Հարունյանը այդ մի հայացքից ամեն բան հասկացավ։— Ա՜, սա ուզում է իմ մեջ խանդոտություն զարթեցնել,— ասաց նա յուր մտքում և նրա սիրտն հանդարտվեց... Այժմ Պետրովը նրան այլևս այնպես զզվելի և ատելի չէր թվում, ինչպես առաջ։ Նա այլևս նշանակություն չէր տալիս իշխանուհու դեպի նա ունեցած վարմունքին։ Այնինչ տիկին Հարունյանին այդ դարձյալ կատաղեցնում էր։ Վերջապես նա չկարողացավ համբերել և թաքուն հարցրեց յուր վաղեմի ընկերուհուց, որ չլինի՞ թե նա արդեն սկսել է սիրել այդ աստիճանավորին։ Իշխանուհին միայն ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց։ Արմենակը նույնպես զարմացել էր իշխանուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա, բայց ոչ նա և ոչ տիկին Հարունյանը բնավ կասկածել չէին կարող, թե այդ իսկապես ի՛նչ է նշանակում։ Իշխանուհին նախորդ օրվանից ավելի լավ տրամադրության մեջ էր։ Ճաշից հետո մինչև անգամ նա առավ պարոն Հարունյանի թևն և խնդրեց յուր գեղեցիկ պարտեզում փոքր-ինչ զբոսնել։ Մյուսները հետևեցին նրանց։ Ահա՛ թե պարոն Հարունյանի դրությունը երբ վատացավ. ճաշին մի քանի բաժակ ավելի խմած լինելով՝ նրա ջղերը գրգռվել էին, իսկ այժմ, նրա թևն առած և նրա կողքին կպած՝ նրա հետ ման էր գալիս այն գեղեցիկ կինը, որին ինքը սիրում էր... Ամեն անգամ, երբ նրա ձեռքը շփվում էր իշխանուհու ողորկ, ատլասում սեղմված՝ կողքի հետ, նա չէր հասկանում, թե ի՛նչ է կատարվում յուր մեջ, միայն զգում էր, որ ամբողջ մարմնով դողում է։ Բայց այդ գոզալն այնքա՛ն ախորժելի էր... Իշխանուհին այդ տեսնում էր և առավել ևս կպչում էր նրա կողքին։ Պարոն Հարունյանի լեզուն, կարծես, կապվել էր. նա խոսել չէր կարողանում, խոսում էր միայն իշխանուհին... խոսում էր և ժպտում, և այդ ժպտի մեջ այնքա՛ն բան կարելի էր կարդալ...

Նրանք բոլոր ժամանակ առջևից էին գնում, իսկ մյուսներն— ետևից։ Պարոն Հարունյանն այդ ժամանակ հանկարծ ետ նայեց, և նրա աչքերը հանդիպեցան Պետրովի փոքրիկ աչքերին, որոնք այդ րոպեին վառվում էին ինչ-որ չար նենգությամբ և որոնք, ինչպես երևում էր, բոլոր ժամանակը նրա վրա էին հառած։ Պարոն Հարունյանը նայեց և յուր կնոջը, որ քայլում էր Պետրովի հետ․ կինը ժպտում էր, որպես ժպտում է միամիտ, անմեղ երեխան... Եվ այդ ժպիտը տեսնելով, ի՞նչ զգաց արդյոք պարոն Հարունյանը...