Քնքուշ լարեր/Ծանր վայրկյաններ
Վերջին առանձնակի տեսակցությունը կատարելապես ապացուցեց Հարունյանին, թե ո՛րքան մեծ և անդիմադրելի է այն ուժը, որ կապում է իրեն իշխանուհու հետ։ Բարոյական այն զարմանալի փոփոխությունը, որ վերջին օրերում կաաարվել էր իշխանուհու մեջ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրանքով, որովհետև այդ փոփոխության պատճառն ինքն էր. բայց երբ մտաբերում էր իշխանուհու վճիռն յուր ընդմիշտ հեռանալու մասին, խորին հուսահատությունն իսկույն պաշարում էր նրան, չնայելով որ այդ ինքն էր խնդրել նրանից. և այդ հուսահատությունն երբեմն այն աստիճանի էր հասնում, որ նա վախենում էր, թե չլինի՛ հանկարծ թողնե յուր կնոջն ու զավակին, որոնց երջանկության համար միայն ևեթ հանձն էր առել բարոյական սոսկալի պատերազմը, որ արդեն մոտ էր յուր լուծման, և հեռանար, փախչեր իշխանուհու հետ... Նա զգում էր, թե որպես րոպե առ րոպե սառում է ինքը դեպի յուր ընտանիքը, թե որպես յուր սրտի վերջին կապը կտրվում է դրանից. այո՛, նա այդ զգում էր, բայց և միևնույն ժամանակ սարսափում էր, որպես մի սոսկալի ոճրագործ, որ հասկանում էր յուր մեղապարտ արարքի բոլոր ահռելիությունը...
Իշխանուհուց բաժանվելով, երբ նա վերադարձավ տուն, կինը նոր էր վեր կացել։
— Ո՞ւր էիր գնացել, Ստեփաննոս,— հարցրեց նա։
— Զբոսանքի,— սառնությամբ պատասխանեց Հարունյանը։
— Այսպես վա՞ղ։
Ամուսինը չպատասխանեց։
Կինը զարմացած նայեց նրան.
— Այսօր ի՞նչպես ես զգում քեզ,— հարցրեց նա կարճ լռությունից հետո։
— Կատարելապես լավ,— նույն սառնությամբ պատասխանեց Հարունյանը։
Կինն ակամայից հիշեց այն սառնությունը, որով մի ժամանակ իշխանուհին ընդունում էր նրան և խոսում էր նրա հետ։ Նա մտախոհության մեջ ընկավ։
— Թեյ ուզո՞ւմ ես,— այս անգամ երկար լռությունից հետո դարձյալ հարցրեց նա։
— Ինչո՞ւ չէ,— եղավ պատասխանը, որ միևնույն ժամանակ կարելի էր հասկանալ և՛ այսպես՝ միևնույն է, եթե չխմեմ էլ։
Այնուհետև ողջ օրը նրանց մեջ ի՞նչ հարց և պատասխան որ եղավ, բոլորն այդ եղանակով էր։ Թեպետ Հարունյանը զգում էր այդ, բայց ուրիշ կերպ վարվել, ուրիշ կերպ խոսել չէր կարողանում, այնինչ կնոջ համար այդ այնքան զգալի էր, որ վերին աստիճանի զարմանքից մի տեսակ կաշկանդող ապշություն էր տիրել նրան։
Նույն օրն երեկոյան նրանք այցելեցին իշխանուհուն։ Իշխանուհին զարմանալի կերպով հանգիստ էր․ նրան տիրել էր մի տեսակ անտարբերություն, մի տեսակ անզգայականություն։ Երևում էր, որ նա արդեն վերջնականապես հաշտվել էր յուր դրության հետ։
Տիկին Հարունյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի այս անգամ նրան սառնությամբ հանդիպեց և չկարողացավ առաջվա նման հեռվից ժպտալ նրա դեմքին, առաջ վազել դեպի նա, ջերմագին սեղմել նրա ձեռքերն և երեխայի նման խոսել նրա հետ։ Իշխանուհուն տեսնելուն պես՝ ինչ֊որ անհայտ զորություն, կարծես, ետ մղեց նրան, կաշկանդելով նրա թե՛ սիրտն և թե՛ լեզուն։ Նա ակամայից մի տեսակ զննող, փորձող հայացքով սկսեց մերթ նայել յուր ամուսնուն, մերթ իշխանուհուն— որպիսի զարմանալի նմանություն այդ երկուսի հոգեկան դրությունների մեջ․․․
— Նունե, գիտե՞ս, ես էգուց պետք է հեռանամ այստեղից,— ասաց իշխանուհին։
— Ինչո՞ւ,— շտապով հարցրեց տիկին Հարունյանը։
— Որովհետև Կովկասի օդն ինձ վրա չէ գալիս, և բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ հեռանալու այստեղից, ապա թե ոչ, հետևանքն, ասում են, շատ վատ կլինի։
Հարունյանն իսկույն հասկացավ, որ իշխանուհին այդ հնարել էր Նունեին բոլոր կասկածներից հեռու պահելու համար։
Տիկին Հարունյանը, լսելով յուր ընկեոուհուց նրա հնարած խելքի մոտ պատճառաբանությունը, ոչինչ չասաց և նույն զննող, փորձող հայացքով նայեց ամուսնուն։ Ամուսինն, ըստ երևույթին, հանգիստ նայում էր մի կողմն և, կարծես, չէր էլ լսում, թե ի՞նչ են խոսում նրանք։
— Ո՞ւր պետք է գնաս, Սոֆիա,— կարճ լռությունից հետո հարցրեց տիկին Հարունյանը։
— Պետերբուրգ։
— Ուրեմն այլևս չե՞ս գա այս կողմերը...
Իշխանուհին մի թռուցիկ, անզգա հայացք ձգեց Հարունյանի վրա։
— Ոչ,— պատասխանեց նա։
— Սո՛ֆիա, ի՞նչպես թե ոչ,— աղաղակեց իսկույն տիկին Հարունյանն, առնելով նրա ձեռքերն և անհուն սիրով, անհուն կարեկցությամբ նայելով նրա աչքերին։— Ի՞նչպես թե ոչ... Մի՞թե մեզ համար հեշտ կլինի, որ ապրենք միմյանցից հեռու, որ այլևս չտեսնենք միմյանց...
Իշխանուհին ամեն կերպ աշխատեց զսպել իրեն, որպեսզի հոգոց չհանե։ Բայց նրա մինչև այժմ անզգա դեմքն ընդունեց խորին վշտի և հուսահատության արտահայտություն, իսկ աչքերը լցվեցան արտասուքով։
— Այո՛, Նունե,— պատասխանեց նա կամաց, դողդոջուն ձայնով,— դժվա՜ր կլինի, շա՜տ դժվար, բայց... տեսնում ես դրությունս... ճանաչո՞ւմ ես ինձ... այս ի՞նչ եմ դառել ես... Եվ մի՞թե կուզեիր, որ այստեղ մնալով՝ ես ավելի վատթար դրության մեջ ընկնեի... Կհեռանամ, լավ կդառնամ և, ո՞վ դիտե, գուցե դարձյալ կգամ այս կողմերը... կամ դուք կգաք այն կողմերը...
— Այո՛, այո՛, Սոֆիա, անշուշտ մենք դարձյալ կտեսնվենք, անշուշտ կտեսնվենք... բայց, իհարկե, մինչև այդ ժամանակը մենք հաճախ նամակագրություն կունենանք, այնպես չէ՞, Սոֆիա։
Իշխանուհին առաջվա նման դարձյալ մի թռուցիկ հայացք ձգեց Հարունյանի վրա։
— Իհարկե,— պատասխանեց նա։
— Բայց էգուց ո՞ր ժամին ես հեռանալու։
— Առավոտյան ժամի իննին կամ տասին։
Մինչև տուն գնալը՝ Հարունյանը գրեթե լուռ էր, խոսում էր միայն այն ժամանակ, երբ կնոջ առաջարկած մի որևիցե հարցին պետք էր պատասխանել, բայց նա պատասխանում էր շատ կարճ, ակամայից, կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է ասում։ Կինն առաջվա նման զարմացած և զննող, փորձող հայացքով դարձյալ մերթ նայում էր նրան, մերթ իշխանուհուն։ Վերջինիս հետ խոսելիս՝ նա խոսում էր մերթ սաստիկ սիրով, սաստիկ կարեկցությամբ, ուզում էր գրկել նրան, համբուրել նրան, մերթ հանկարծ սառում էր, լեզուն կաշկանդվում էր, ինչ֊որ անհասկանալի զորություն ետ էր մղում նրան։
Այդ երեկո Պետրովը դարձյալ եկավ, բայց իշխանուհու աղախինն այս անգամ նրան պարտեզի դռնից վռնդեց, իհարկե, քաղաքավարի կերպով։
Հետևյալ օրը, երբ Հարունյաններն եկան իշխանուհուն ճանապարհ դնելու, ճանապարհորդական ծածկած կառքն արդեն պատրաստ՝ կանգնած էր դուրսը։ Այդ կառքը տեսնելուն պես նույն ազդեցությունն ունեցավ պարոն Հարույանի վրա, ինչ ազդեցություն որ ունենում է մարդու վրա յուր սիրելիի դիակառքը կամ դագաղը։ Կառքի մոտով անցնելիս՝ նա մի չարանենգ հայացք ձգեց ծեր կառապանի վրա, որ՝ յուր նստարանի վրա նստած՝ հազիվ կարողանում էր սանձահարել անհանգիստ, վիթխարի ձիերին։ Նրանք ներս մտան իշխանուհու մոտ։ Իշխանուհին, արդեն բոլորովին պատրաստ, նստած էր լուսամուտի մոտ, կարծես, տեղնուտեղը սառել, փետացել էր։ Երբ Հարունյանները ներս մտան, նրա մեռած հայացքն ընկավ միայն ամուսնու վրա։ Կինը, որ մտնելուն պես՝ ուզում էր իսկույն ևեթ սաստիկ սիրով վազել դեպի յուր ընկերուհին, այդ հայացքը տեսնելով, հանկարծ կանգնեց և ուսի վրայից կամաց, թեթևակի կերպով ետ նայեց ամուսնու կողմը։ Այնուհետև դանդաղ քայլերով նա մոտեցավ իշխանուհուն և լուռ ու սառնությամբ սեղմեց նրա ձեռքը։ Հարունյանն առաջ չգնաց և հեռվից միայն գլուխ խոնարհեց իշխանուհուն։
Կես ժամի չափ նրանք մնացին միմյանց մոտ. բայց այդ բոլոր ժամանակ նրանք ավելի լուռ էին, քան թե խոսում էին։ Տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թև ի՛նչ է անելու արդյոք յուր կալվածքների հետ, որ ինքը հեռանում է։ Իշխանուհին պատասխանեց, որ առժամանակ թողնում է այնպես, մինչև որ Պետերբուրգից մի որևիցե կարգադրություն կանե։ Յուր կալվածքների մասին նա խոսում էր այնպես, որ կարծես դրանք նրա աչքում մի կոպեկի գին անգամ չունեին։
Հանկարծ նա վեր կացավ, տենդային արագությամբ մոտեցավ սեղանին և սաստիկ հնչեցրեց հնչակը։
Աղախինը ներս մտավ։
— Կառքը պատրա՞ստ է,— իրեն հատուկ նախկին վեհանձնությամբ հարցրեց նրան իշխանուհին։
Հարունյանը ցնցվեց ամրողջ մարմնով, ինչպես մի դատապարտյալ, որի ականջներում հանկարծ հնչում է օրհասական ձայնը,— կախաղանը պատրաստ է...
— Վաղուց է պատրաստ, տիրուհի,— պատասխանեց աղախինը։
— Ուրեմն շուտով փակիր բոլոր լուսամուտների փեղկերն ու դռները,— հրամայեց իշխանուհին և ծածկելով գլխարկը՝ մի տեսակ օտարոտի ժպիտով դարձավ Հարունյաններին.— առ այժմ, սիրելիներս, ժամանակ է։
Եվ նա առաջվա վեհանձնությամբ շտապեց դուրս։
Հարունյանները հետևեցին նրան։ Նրանք սաստիկ զարմացել էին նրա այդ հանկարծակի փոփոխության վրա։ Առաջվա հպարտ, շարժուն, կյանք շնչող իշխանուհին յուր կատարյալ վեհանձնությամբ կանգնած էր նրանց առաջ։ Տիկին Հարունյանը, կարծես, չհավատալով յուր աչքերին, միայն նայում էր նրան, իսկ պարոնը նույնպես նայում էր նրան և մտածում.
«Ի՞նչ է նշանակում այս... սրա հեզությունը, սրա տխրությունր, վիշտը, աղաչանքը, լացը, մի՞թե բոլորը դիմակ էր... մի՞թե սա խաղում էր զգացմունքներիս հետ.․․ մի՞թե սա դերասանություն էր անում իմ առաջ... մի՞թե, մի՞թե»...
Ինչ֊որ ներքին անորոշ բորբոքում պաշարեց Հարունյանին, տղամարդկային հպարտ սրտի վիրավորված քնքուշ լարերը ցավագին ձայներ հանեցին... Նա մի տեսակ սուր, թափանցող հայացք ձգեց իշխանուհու վրա և նրան թվաց, թե դա առաջվա նման կարմրայտ և վարդագեղ է, թե դա առաջվա նման անհոգ և քաղցրիկ կերպով ժպտում է։
Բայց եթե Հարունյանը փոքր֊ինչ սառնությամբ և լրջորեն թափանցեր իշխանուհու այդ րոպեի հոգեկան աշխարհը, կտեսներ, որ դրա այդ հանկարծակի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի տեսակ ներքին, տենդային բորբոքում, որի նմանը պաշարում է երկար ժամանակյա մահամերձ հիվանդին մեռնելուց մի քանի րոպե առաջ։
Պատշգամբից իշխանուհին տեսավ դրսում կանգնած կառքը, հանկարծ կանգ առավ և շուռ եկավ դեպի Հարունյանները։ Նա դեռ նայեց պարոն՝ հետո տիկին Հարունյանին և հանկարծ փաթաթվելով վերջինիս վզովը, կանչեց սրտակտուր ձայնով.
— Նո՛ւնե, թողնում եմ քեզ մոտ սիրտս, հոգիս, բոլոր երջանկությունս... պահի՛ր աչքիդ լույսի պես։
Նա յուր այտն ամուր սեղմեց ընկերուհու այտին և դառնապես հեկեկաց։
Տիկին Հարունյանն մայրական քնքշությամբ յուր կողմից գրկեց նրա մեջքն և կամաց համբուրեց նրա վիզը։
Կարճ ժամանակ այդպես գրկած ունենալուց հետո իշխանուհին թողեց նրան, շտապով սրբեց աչքերն և, մոտենալով Հարունյանին, երկար սեղմեց նրա ձեռքը։ Թեպետ այդ ժամանակ նա ոչինչ չկարողացավ արտասանել, բայց նրա հայացքն հազարապատիկ ավելի լավ ասաց այն, ինչ որ նա պետք է խոսքերով ասեր։
Այնուհետև շտապով իջնելով սանդուղքներով և, կարծես, չտեսնելով յուր ճանապարհի վրա շարված ծեր պարտիզպանին, նրա կնոջն և դաստակերտում իրեն ծառայող մյուս մարդիկներին, որոնք հավաքվել էին նրան վերջին անգամ բարի ճանապարհ մաղթելու, նա ուղղակի դուրս գնաց դեպի կառքը, որի մոտ սպասում էր նրան աղախինը։ Հարունյանները հետևեցին նրան։
Կառքի մոտ նա վերջին անգամ լուռ սեղմեց նրանց ձեռքն և ուզում էր բարձրանալ կառքն, երբ հանկարծ նրա ոտները դողացին և նա անշուշտ վայր կընկներ, եթե Հարունյանն իսկույն չբռներ նրան։ Նա շուռ եկավ, առաջվա նման օտարոտի կերպով ժպտաց Հարունյանի դեմքին, երևի դրանով հայտնելով նրան յուր շնորհակալությունն, և իսկույն ներս մտավ կառքը։ Աղախինը կառքի մյուս դռնից հետևեց նրան։ Իշխանուհին այլևս դուրս չնայեց։ Կառքի դռները շրխկալով փակվեցան, կառապանը մտրակեց ձիերին և կառքը, յուր ետևից թոզի մի ահագին ծուխ բարձրացնելով, առաջ սլացավ։ Հետևյալ օրն Արմենակը վերադարձավ քաղաքից։ Մտնելով եղբոր և հարսի մոտ, նա բացականչեց.— ծիծեռնակին քաղաքում տեսա, մի՞թե գարունն արդեն հեռացել է այստեղից։