Jump to content

Քնքուշ լարեր/Պետրով և Հարունյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քնքուշ լարեր (Պետրով և Հարունյան)

Հետևյալ օրն, առավոտյան, երբ Հարունյանները պատրաստվում էին այցելելու իշխանուհուն, երկու եղբայրների մեջ խոսք ընկավ նրա և Պետրովի մասին: Տիկին Հարունյանը չէր մասնակցում նրանց, նա մյուս սենյակում զբաղված էր յուր հագուստով: Արմենակը շատ զարմացավ, երբ իմացավ եղբորից, որ Պետրովն երեկ երեկոյան պատահել է իշխանուհուն։

— Սակայն ինչո՞ւ եմ ես այսպես զարմանում,— ասաց նա,— եթե սերն այն բանն է, որ ստիպում է մարդուս ամեն բան անել, ապա նրա Պետերբուրգից այստեղ վազելը բոլորովին զարմանալի չէ:

— Ի՞նչ... մի՞թե Պետրովը սիրում է իշխանուհուն,— հարցրեց իսկույն պարոն Հարունյանը մի այնպիսի եղանակով, որից երևում էր, որ այդ լուրը շատ չէր դուր եկել նրան։

— Հապա ի՞նչն էր ստիպում նրան այնտեղ պաշտոնը թողնել ու վազել այստեղ, ուր երբեք ոչ եղել է և ոչ կարող է մի որևիցե գործ ունենալ:

Թեպետ ես այդ Պետրովի հետ այնքան հարաբերություն չեմ ունեցել և չէի կարող ունենալ, բայց դրան լավ եմ ճանաչում։ Դա մի եղբայր ունի, որ համալսարանում իմ ամենալավ ընկերներից մեկն էր, նա ինձ դրա բոլոր արկածները պատմում էր։ Դրան այնտեղ մի քանի շրջաններում Դոն-Ժուան են կոչում, թեպետև, ճշմարիտն ասած, դրա մեջ դոն-ժուանական ոչնչից ոչինչ չկա. երևի ծաղրում են, բայց և այնպես դա հայտնի է յուր բազմաթիվ սիրային արկածներով։ Ես կարող եմ հավատացնել, որ բացի գեղեցկուհիների շուրջը քծնելուց ու նրանց ձեռքերը լպստելուց, դա ուրիշ բան ու գործ չունի։

— Բայց իշխանուհին ի՞նչպես է նայում դրա վրա...

— Նա ատում է դրան, երեսն անգամ չէ ուզում տեսնել։ Քանի անգամ դա խնդրել է նրա ձեռքը, բայց նա մերժել է։ Ամենալրբերից մեկն են ասում այդ Պետրովին. ոչ ամաչում է և ոչ հուսահատվում և ամենուրեք հետևում է նրան։ Ինչպես յուր եղբայրն էր ասում, նա երդվել և, մինչև անգամ, գրազ է եկել յուր նման մի քանիսների հետ, որ իշխանուհուն անպատճառ կգրավի յուր կողմը։ Այդ պատճառով ահա նա վազել է նրա ետևից Թիֆլիս։

— Բայց ի՞նչու իշխանուհին ատում է դրան։

— Որովհետև չի սիրում...

Այդ րոպեին ներս մտավ տիկին Հարունյանը՝ ձեռնոցները հագնելով։

— Այդ ի՞նչ բանի մասին եք խոսում,— հարցրեց նա։

— Պետրովի մասին,— պատասխանեց Արմենակը։

— Իրավ, ես մոռացա քեզ հարցնելու, Արմենակ. ո՞վ է այդ Պետրովը։ Երեկ երեկոյան ախար ծանոթացանք նրա հետ. նա պատահեց մեզ Մուշտաիդի ճանապարհին։

Արմենակը պատմեց նրան այն բոլորն, ինչ որ յուր եղբորը։

— Ի՞նչ ես ասում,— բացականչեց տիկին Հարունյանը զարմացած։— Պետրովը սիրում է իշխանուհուն և իշխանուհին նրա՞ն...

— Ոչ, իշխանուհին չէ սիրում նրան, ասացի։ Ահա ամբողջ տարին է գնում, ինչ այդ Պետրովը նրան հանգիստ չէ տալիս. բայց տակավին, բացի ատելության կրկնապատկելուց, ուրիշ զգացմունք չէ կարող հարուցանել նրա մեջ։

— Ինչպես երևում է, այդ Պետրովը սաստիկ լիրբն ու անամոթն է։

— Էլ մի՛ ասիր...

— Դե՛հ, ժամանակ է գնալու,— ասաց պարոն Հարունյանը, որ մինչև այդ ժամանակ, ինքն էլ չհասկանալով, թե ի՜նչպես և ինչո՛ւ, մտածության մեջ էր ընկել։

Նրանք դուրս գնացին, մի կառք նստեցին և քշել տվեցին իշխանուհու տուն։ Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի շքեղ, քարաշեն եռհարկանի տան առաջ, որի առջև գտնված փոքրիկ պարտեզը փողոցի կողմից քաշած էր երկաթյա վանդակապատով։ Նրանք իջան կառքից։ Տիկին Հարունյանը սեղմեց դռան էլեկտրական զանգակի կոճակը, և մի րոպեից հետո ծեր դռնապանը, որ, ինչպես երևում էր, յուր կյանքի մեծ մասն այդ տանն էր անցկացրել, բացեց դուռը։ Նա հանեց նրանց վերարկուները։ Հարունյանները այնտեղ աստիճանավորի ինչ-որ վերարկու տեսան կախած։ Այդ ժամանակ կապուտաչյա փոքրիկ աղախինը, որ վազել էր իշխանուհուն հայտնելու հյուրերի գալուստը, վերադարձավ և հրավիրեց նրանց հյուրասենյակ

«Եվ չգիտեմ մինչև ե՞րբ պիտի այսպես տևի․․․»,— լսեցին Հարունյանները իշխանուհու բարկությամբ արտասանած խոսքերը՝ հյուրասենյակը մտնելիս։ Նրանք ներս մտան։ Իշխանուհին արագ քայլերով այս ու այն կողմն էր գնում սենյակի մեջ։ Նրա գեղեցիկ դեմքն այլայլված, շառագունած էր։ Իսկույն երևում էր, որ սաստիկ բարկացած էր։ Լուսամուտի մոտ կանգնած էր Պետրովը՝ լիրբ ժպիտը կլոր դեմքին։ Հյուրերի մտնելուն պես իշխանուհին իրեն հավաքեց և, աշխատելով դեմքին հանգիստ արտահայտություն տալ, ժպտալով դիմավորեց նրանց, սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը։ Հարունյանները իսկույն հասկացան, թե բանն ինչումն էր և այնպես ձևացրին, իբրև թե ոչինչ չեն նկատում։ Նրանք ողջունեցին և Պետրովին, որի դեմքի վրայից լիրբ ժպիտը չէր հեռանում։

— Ա՜, դուք այստե՞ղ...— կանչեց զարմացմամբ Պետրովը տեսնելով Արմենակին։ — Այո։ Ինչո՞ւ եք զարմանում։

— Ես չէի կարծում, թե դուք կարող եք հարգելի իշխանուհու բարեկամը լինել։

— Այո՛, ես հարգելի իշխանուհու բարեկամն եմ, այս պարոնի եղբայրը (նա ցույց տվեց պարոն Հարունյանի վրա) և այս տիկնոջ տագրը (նա ցույց տվեց տիկին Հարունյանի վրա)։ Իսկ դուք ե՞րբ եք շնորհ բերել։

— Այս երրորդ օրն է։

— Ափսոս՝ ես մի օրով ուշ եմ եկել ձեզանից։ Ձեր եղբայրն ինձ ոչինչ չէ ասել ձեր գալուստի մասին, ապա թե ոչ, մենք միասին կգայինք։

— Իմ եղբորս այդ անհայտ էր։

Իշխանուհին և Հարունյան ամուսինները խոսում էին մյուս կողմը։ Իշխանուհու բարկությունը և այլայլմունքն արդեն անցել էր։ Նա ամենաքաղցր կերպով ժպտում էր նրանց հետ խոսելիս, բայց երբեմն Պետրովին նայելիս նրա դեմքը խիստ արտահայտություն էր ստանում։ Պարոն Հարունյանը այդ օրն էլ լավ աչքով չէր կարողանում նրան նայել։ Հյուրասենյակը մտնելուն պես, երբ տեսավ նրա լիրբ դեմքը, նա իսկույն զգաց, որ, այո՛, իսկապես ատում է նրան։ Մինչև անգամ կատաղության նման մի բան խառը մի տեսակ չար նախանձի հետ՝ շարժվեց նրա սրտում, երբ մտնելուն պես նրան իշխանուհու մոտ գտավ։ Եվ յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զգացմունք, թեպետև բոլորովին մութ և անորոշ, ներս էր սողում մինչև այժմ նրա սիրող ու բարի սրտի մեջ։ Առաջին նվագ ակամայից, ինքն էլ չհասկանալով, թե ինչու, նա անձնատուր էր լինում այդ զգացմունքին, բայց երբ փոքր֊ինչ ու ավելի լրջորեն էր մտածում այդ մասին, նա ինքն էլ զարմանում էր, թե ինչո՛ւ և ի՛նչ իրավունքով այդպես պիտի անե։ Ինչո՞ւ և ի՞նչ պատճառով, ախար, ատել այն մարդուն, որից ոչ թե ոչինչ, թեկուզ ամենաչնչին վնաս չես ստացել, այլ որին մինչև անգամ բոլորովին նոր ես տեսնում ու ծանոթանում նրա հետ... Այդ նրան հիմարություն էր թվում։ Սակայն երբ ավելի ու ավելի խոր էր մտնում նա բուն խնդրի մեջ, նրան թվում էր, թե լուծումը— պատճառը գտել է։ Բայց այդ լուծումն, այդ պատճառն այնքան անորոշ, այնքան մութ էր նրա համար, որ հազիվ թե նա թույլ էր տալիս դրա վրա դրականապես հիմնվելու...

Իշխանուհու և Հարունյան ամուսինների խոսակցության մեջ մտան և Պետրովն ու Արմենակը։ Այնուհետև պարոն Հարունյանն առանձնացավ մի ուրիշ սենյակ՝ ծխախոտ ծխելու. նա չէր կարողանում տանել Պետրովի ներկայությունը։ Բայց հակառակի պես Պետրովն էլ հետևեց նրան նույն նպատակով։ Արմենակը, տեսնելով, որ ինքը ավելորդ է երկու ընկերուհիների մեջ, նույնպես միացավ առաջիններին։

Նրանց երեքի մեջ խոսք բացվեցավ կնոջ և տղամարդի մասին, որի պարագլուխը եղավ Պետրովը։ Նրանք երկար ժամանակ վիճում էին այդ առարկայի վրա։ Պետրովը սաստիկ տաքացել էր։ Առանց այն էլ նրա կարմիր դեմքը բոլորովին կարմրել էր, փոքրիկ աչքերը պլպլում էին և, կանգնած պարոն Հարունյանի առաջ, բայց մի տեղ հանգիստ չմնալով ու ձեռքերն անդադար շարժելով, նա ճարտար արագախոսությամբ դուրս էր թափում յուր կարծիքներն, հայացքներն յուր բացած առարկայի վերաբերությամբ։ Պարոն Հարունյանը բոլորովին լուրջ ու հանդարտ կերպով ծխախոտ էր ծխում և լսում էր նրան։ Արմենակը նստած էր լուռ և չէր միջամտում։

— Տղամարդն,— ասում էր Պետրովը,— կնոջը պետք է պաշտի, երկրպագի, ինչպես մի սուրբի, որովհետև տղամարդն յուր բոլոր գոյությամբ պարտական է միայն կնոջը, չլինի կինը— տղամարդը ոչինչ է, նա մի օր, մի րոպե անգամ կարող չէ առանց նրան ապրել, ինչպես կարող չէ ապրել առանց օդի...

— Իսկ եթե տղամարդը չլինի,— հարցրեց պարոն Հարունյանը,— կինը կարո՞ղ է ապրել։

— Ճշմարիտ է, կարող չէ ապրել. բայց դարձյալ և դարձյալ տղամարդը պետք է պաշտի նրան, պետք է նրա ստրուկը դառնա, հասկանո՞ւմ եք դուք ինձ, որովհետև կինն է միայն կազմում նրա բոլոր երջանկություններից երջանկագույնը, որովհետև կինն է միայն տալիս նրան այն քաղցրությունը, որի նմանը նա երբեք ուրիշ ո՛չ մի բանից կարող չէ վայելել։ Եվ տղամարդն, այդ բոլորը գիտենալով, հասկանալով, ի՞նչ իրավունքով, ասացեք խնդրեմ, պետք է հակառակե կնոջը թեկուզ հենց ամենաչնչին բանի մեջ․ ինչո՞ւ նա նրա ամեն մի խնդիրքն, ամեն մի հրամանը չպիտի կատարե և կատարե ինչպե՜ս,— կուրորեն։ Մինչև անգամ ես այս համոզմունքին եմ, որ եթե կինը տղամարդի կյանքն էլ, հասկանո՞ւմ եք, կյանքն էլ պահանջելիս լինի,— տղամարդն իրավունք չունի մերժելու, պետք է անպատճառ այդ տա նրան, իբրև նրանից ստացած մի պարգև, մի առանձնաշնորհություն։ Ամբողջ քաղաքակրթյալ աշխարհն այդպես է մտածում և այդպես է անում... միայն տգիտության խավարի մեջ խարխափող ազգերն են, որոնք բոլորովին չեն հասկանում կնոջ մեծ արժանավորությունն և, փոխանակ նրան աստվածացնելու, նրան պաշտելու, նրանք ամենաստոր անասունի տեղ են ծառայեցնում նրան...

— Ա՞յդ է բոլորը, ինչ որ դուք ունեիք ասելու կնոջ և տղամարդու մասին,— հարցրեց վերջապես պարոն Հարունյանը։

— Այո։ Եվ դա իմ համոզմունքս է, որին ես երբեք չեմ փոխիլ։

— Ուրեմն ավելորդ է խոսել։

— Ոչ, կարող եք դուք էլ ձեր կարծիքը հայտնել... բայց ի սեր աստծո, դուք մի՛ կարծեք, թե դրանով ես ուզում եմ ասել, թե իմ խոսքերս ստուգության են կարոտ, այլ ես ուզում եմ իմանալ միայն ձեր կարծիքն այս առարկայի վերաբերությամբ։

— Ուրեմն, պարո՛ն,— ասաց պարոն Հարունյանը,— եթե դուք իսկապես այնպես եք մտածում ու հասկանում, ինչպես որ դատում եք, ապա մնում է ինձ ասել, որ դուք սաստիկ և սաստիկ սխալվում եք այդ առարկայի վերաբերմամբ։ Զեր կարծիքն այնքան անհեթեթ է կնոջ և տղամարդի մասին, որ ամենաեսասեր կինն անգամ չի համաձայնիլ ձեզ հետ։ Թույլ տանք, որ դուք չունիք տղամարդու եսասիրություն, որ թեպետև ոչինչ նշանակություն չունի առողջ դատողության մեջ, բայց, այնուամենայնիվ, օգնում է չափազանցությունների մեջ չմտնել և բոլորովին չստորացնել յուր սեփական «եսը»․— թույլ տանք, ասում եմ, որ դուք չունեք այդ եսասիրությունը, բայց մի՞թե այդ ձեզ իրավունք է տալիս, առանց մի որևիցե հիմնական փաստի, առանց մտնելու բուն խնդրի մեջ, ստորացնել այդպես տղամարդի կոչումը կնոջ առաջ, դնել մի այդպիսի սահմանափակ շրջանակի մեջ նրա դերը կնոջ առաջ։ Դուք հիմնվում եք այն փաստի վրա, որ ինքնըստինքյան անհեթեթ է,— թե կինն է միայն կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն և տալիս է նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ո՜չ մի բանից նա կարող չէ ստանալ։ Առաջինը դեռ հարց է՝ թե իսկապես միայն կինն է կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն ու տալիս նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ոչ մի բանից նա կարող չէ ստանալ— և այդ միևնույն բանը հակառակ չէ՞ պատահում արդյոք՝ այսինքն, որ տղամարդը լինի կազմելիս կնոջ ամենամեծ երջանկությունն ու տալիս լինի նրան միևնույն քաղցրությունն, ինչ որ ինքը նրան, և երկրորդը՝ ձեր ասածներից եզրափակելով, որ տղամարդն ամենաստոր աստիճանի վրա է կանգնած կնոջ առաջ— ես ձեզ համարձակ կարող եմ հավատացնել, որ իբրև միևնույն զգացումներով ու կրքերով և այլն— կինն ու տղամարդը հավասար են միմյանց, ինչպես ահա, այս ձեռքիս հինգ մատները հավասար են մյուս ձեռքիս հինգ մատներին, և ավելի ակնհայտնի ապացույց այն՝ որ առանց կնոջ տղամարդը գոյություն կարող չէ ունենալ և առանց տղամարդի— կինը։ Համաձա՞յն եք դուք ինձ հետ։

— Բայց ինչո՞ւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը միշտ և ամեն ժամանակ կնոջը գերապատվում է տղամարդից, երկրպագում է նրան։

— Այդ բոլորովին ուրիշ խնդիր է, որի պատճառն էլ մենք ուրիշ բանի մեջ կգտնենք։ Բայց, ինչպես երևում է, դուք ձեր համոզմունքը կազմելիս դրա վրա եք հիմնվել իսկապես։ Թեպետև իրավունք եք ունեցել այդպես մտածելու, բայց ափսոս, որ դուք հավատացել եք միայն ձեր աչքերին ու ականջներին և չեք կամեցել բուն խնդրի մեջ մտնել՝ իմանալու համար դրա էական պատճառը, որին շատերը ձեզ պես կամ չեն հավատում, կամ չեն ուզում հավատալ։ Իսկ այդ պատճառն ուղեղի և կամքի այն սխալ զարգացողությունը կամ այն կեղծ լուսավորությունն է, որ այժմյան ժամանակս «քաղաքակրթություն» անունն են տալիս։ Այդ կեղծ լուսավորությունն իրեն համար առաջնորդ ունենալով սխալ և անհիմն հայացքներ վեհ գաղափարների վրա, կնոջը տվել է կատարյալ ազատություն, իբրև թե դրա մեջ ճանաչելով իրեն նման և իրեն հետ հավասար իրավունքներ ունեցող էակի։ Դրանով կեղծ լուսավորությունն, յուր կարծիքով, կամեցել է կատարել ընդհանուր մարդկային մի վեհ գործ, բայց դրա փոխարեն դուրս է եկել վարքի կատարյալ ապականումն, կատարյալ անբարոյականություն, որոնց նմանը հազիվ թե գտնվի «տգիտության խավարում խարխափող ազգերի» մեջ, և եթե գտնվի էլ, այդ ներելի է նրանց, որովհետև, նրանք կոչվում են «տգիտության խավարի մեջ խարխափող ազգեր» և ոչ թե «քաղաքակիրթ աշխարհ»․․․ Ամբողջ «քաղաքակիրթ աշխարհը», մտածելով ճիշտ այնպես, ինչպես դուք եք մտածում, կնոջը տվել է ազատություն, իսկ ինքը նրա ստրուկն է դարձել, աստվածացրել է նրան, պաշտում է նրան։ Կնոջ ազատություն և նրա իրավունքների պաշտպանություն՝ սքանչելի՜ գործ... «Քաղաքակիրթ աշխարհը» պարծենում է դրանով, կարծելով, թե մի հրաշք է գործել, այնինչ նա ստեղծել է այլանդակ արարածներ, որոնց վրա նայելիս մարդ չէ ուզում հավատալ, թե դրանք լուսավորության և լուրջ մտածության դարի արդյունքներն են... Ո՞ւր է ճշմարիտ ամուսին, ո՞ւր է ճշմարիտ մայր, որոնց համար միայն ևեթ ստեղծված է կինը։ Հարցրե՛ք «քաղաքակիրթ աշխարհին»,— և նա ձեզ ցույց կտա մի շարժուն և խոսող պաճուճապատանք, որին ամեն բան կարող եք անվանել, բայց ո՛չ երբեք— ամուսին, ո՛չ երբեք մայր...

Յուր բոլոր այդ խոսակցության ժամանակ նրանից չէր հեռանում յուր սովորական սառնասրտությունը, չնայելով, որ ի ներքուստ նրա կատաղությունը գալիս էր, երբ տեսնում էր Պետրովի կլոր դեմքի վրա լիրբ ժպիտը, որի մեջ այդ ժամանակ նկատվում էր մի տեսակ զիջող հոգնություն։ Իսկ վերջին խոսքերի հետ նա մի սուր հայացք ձգեց Պետրովի վրա, վեր կացավ և դիմեց դեպի հյուրասենյակը։

«Վարդապետական քարո՜զ»,— լսեց նա յուր ետևից Պետրովի խոսքերը։ Նա ետ չնայեց և նույն սառնասրտությամբ դուրս գնաց դեպի հյուրասենյակը։

— Դուք լսեցի՞ք ձեր եղբոր հռետորությունը,— հարցրեց Պետրովն Արմենակին, երբ նրանք երկուսով մենակ մնացին։

— Լսեցի։

— Համաձա՞յն եք նրա հետ։

— Համաձայն եմ։

— Ուրեմն երանի՜ ձեզ. դուք երջանիկ կլինեք, հա՜, հա՜, հա․․․— նա բարձրաձայն ծիծաղեց և դուրս գնաց դեպի հյուրասենյակը․ Արմենակը հետևեց նրան։