Քո սերը, սե՛ր իմ,
Բարություն հայցող հայացք է անլուռ,
Հղված աշխարհի հեռու-հեռավոր
Ճանապարհներին...
Եվ այն ամենը,
Ինչ գեղեցիկ է բացվող լույսի պես,
Գարնանամուտին
Ծաղիկ առ ծաղիկ պղպջակներով
Պայթող հողի պես,
Դժվարության պես
Չաղարտված սիրո խոստովանության,
Պահվում է քո մեջ...
Եվ գիտեմ հիմա
Մտածումներդ թարգմանել պետք չէ,
Դու ուզում ես, որ
Սիրո բուրվառում լինի ամենուր.-
Զինվոր է սերը՝
Դարում անհանգիստ...
Ես գիտեմ, գիտեմ,
Առաջին սիրով տրոփող սրտի
Զարկերը պետք է
Նոտագրել ճիշտ,
Բարձրաձայնել
Աշխարհի բոլոր լայնություններում՝
Ամեն, ամեն օր,
Որպես նորօրյա
Հիմն առավոտի եւ հիմն իրիկվա...