Ձին - սարերի մասին է
եւ
սարերից անմիջապես երկինք անցնող քայլերի,
ոչ մի ժամանակ չտրտնջացող թեւերի,
տառապանքի ու մխիթարության,
ամենալավ սիրո,
ամենալավ հեքիաթի՝ որ տեսնես ով է հյուսել։
Քարը - ձեռքով ետ հրված պահերի մասին է
եւ
ծոցը մեղավորաբար չբացած հովիտների,
«չէ» ասող սրտերի,
ծաղիկը առվի ափից վտարող աշունների,
սլացքի մեջ թեւը կորցնող կապույտների,
այսօրն էգուցվան ագուցող խոստումների,
իրենք իրենց աչքերին նայելուց վախեցողների։
Ծաղիկը - Անահիտի մասին է
եւ
Աստծո քայլերը հսկող մոր աչքերի,
կապույտների մասին է չմոռացվող աստղերի,
վերադարձ խոստացող մանկությունների,
խաբված-չխաբված աղջկական խակության,
հեռվից-հեռու իր մոր աչքերոււմ օրորոցված աստվածուհու,
որի գրկում իր իսկ ազգի նախահայրն է հասունանում։