Jump to content

Քրիստոսի ծաղիկները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

(Ասք)

Ձեռքս բաց չթողնես, որ այն շարունակի
                ուսումը կայանալու:
Երազը - ահա մեր առաջին
                հանդիպման վայրը:
Երազը - ահա մեր ժամադրավայրը
                վերջին:
Իսկ դրախտավայրը կայանում է միայն
                կորսվելուց հետո:


ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

Խոտերի ծայրին երազների երկինքը
քայլում է այնպե՜ս,
որ ոչ մի ծաղիկ չի ճկվում եւ չի թեքվելու՜,
քանի դեռ սուրսայր բեղիկները խոտի կամ հասկի
չեն դիպչում ամպերին,
որոնք պայթում են փուչիկների պես ուռճացած օրվա
եւ տեղիք տալիս հորդ տեղումների։

Անձրեւաթանձր մառախուղների ետեւում
ճերմակամորուս աստվածներն՝ անընդհատ
մոլորումների մեջ,
ափեափ են նետում իրենց.
չէ՞ որ մի վայրկյանում (իմ, քո, նրա ձեռքերով)
հազար ու մի ճակատագիր են փոխում երկրում։

Գանգեսից մինչեւ Զանգու, մինչեւ Թարթառ ու Վոլգա
ժողովուրդներ են ելնում իրար դեմ, ափեր են
քանդում, ափեր կամրջում,
կիսում ծովեր, օվկիաններ, ամենուրեք կռիվ է խառն ու զավեշտ,
կոռուպցիա, ինտրիգներ, մաֆիա,
որոնց մեջ բոլորն են եւ որոնց դեմ բոլորով էլ
կռվում են,
կործանում երկրներ անքանակ,
ավերում աշխարհներ անբանակ,
պրեզիդենտներ ընտրում անհաշիվ, վարչապետներ,
նախարարներ,
(միայն զինվոր լինելն է երկրի, ուր տեղն ազատ է՝
ինչքան ուզես, խնդրեմ),
տապալում կուռքեր սուտ ու ճիշտ,
անկենդան ու կենդանի մումիաներ,
կանգնում նրանց տեղ,
նախագծում նոր գահեր,
նոր մահեր
ու գծում քարտեզներ
բախտի անվի պես ճռռացող այս հին մոլորակի
վրա անհենակ,
որ դեռ անտարբեր այդ ամենին, պտտվում է,
պտտվում է շարունակ։

Աշխարհը ոտքի տակ տվել, եկել-գտել եմ քո մեջ
կետն իմ արքիմեդյան։
Եվ, ահավասիկ, կանգնել եմ ահա թփերի արանքում,
խոտերի մեջ ծնկահաս, ծաղկած խնձորենու եւ քո
կողքին՝ փոքրիկ ձեռքդ ափիս մեջ։
Հայացքս վեր եմ հառել, համբուրելով անձրեւի կաթիլները տաք,
աչքերիդ չափ խոշոր-խոշոր,
սպասում եմ,
որ ճակատիս գրերում ճշգրտումներ մտցնի Տերը,
որն ինձ տվել է տառապանք անկշռելի
ու ամեն պահ բզկտվող աշխարհի ամենամեծ սերը։
Ձեռքս պահած թրի կոթին, ուր իմ
նախնու մատնահետքը
դեռ չի ջնջվել,
խոնարհվում եմ մինչեւ գետինք, համբուրում
Խաչը Հավերժի,
ըմբոշխնելով քարի վրա-քանի՜ տարի-
ծաղկակալող համը
իմ մոր համբույրների,
որոնցով ամեն քար էլ կսրբանա, էլ ուր մնաց՝
Խաչը մեր սուրբ Եխծունտակի։

Նավակներս՝ աչքերդ զույգ, կտրում-անցում են
անձրեւների ու ժամանակների ծովերն
ամեն, հեղեղները
եւ կանգնում ինչ-որ ակնթարթներում՝
ժամանակից դուրս անվերծանելի։
Անձրեւի մեջ ոչ ոք չի տեսնում արցունքները,
ոչ-ոք չի տեսնում
անձրեւի սանրը քո անհնազանդությունից հոգնած վարսերում,
ոչ-ոք չի տեսնում մեր տուն-վայրկյանը տիեզերքի մեջ։

Արի գնանք տուն։ Արի տուն գնանք։ Արի... դուռը
փնտրում է մեզ։

Անվերջ լեռներ են տեղաշարժվում երկնքում։
Ամպերի առյուծաթավիշը տեղ-տեղ
աղվեսամորթով է կարկատանված
եւ Պլուտարքոսը
որքան էլ փետի մազերն ու մացառնե՜րը բիզ-բիզ,
դարձյալ ոչինչ չի կարող անել, դժբախտաբար։

Եվ լեռներ են տեղափոխվում։ Վերակերտվում է պահը անընդհատ։
Ինչ որ մեկը, աղմկելով, խառնվում է
գործերին Աստծո,
նայեցեք՝
գրիչն էլ բռնել է բոբիկ ոտքի մատնածայրերով...

Խուլ տնքոցներ կան գետնախորքերում։
Աստվածների եւ
չաստվածների կռիվն է անվերջանալի։ Անցնում է
ամբողջ մի հավիտենություն։

Սամումը սեւ անապատի եկել, լեռան դուռն է ծեծում։

Մի մութ ստվեր է պահվում-անհետանում քամհար
սարի ծերպերի
մեջ երկնուղեշ, իբր ամպ է,
բայց ամպ է։
Ամենաթեժ կետը երկիր մոլորակի, ուր կանգնում եմ՝
ոտքիս տակ է։
ԴՐԱԽՏԱՎԱՅՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԾԱՂԻԿ

Ծաղիկներից հետո գալիս է աշունը եւ չի գալիս,
որովհետեւ հեռացող գույները միաժամանակ
մոտենում են
տխո՜ւր, շքերթո՜վ, ուրա՜խ,
իսկ նրանք, որ դեռ նոր պիտի ծնվեն, չգիտեն անգամ
ինչ անուններ կունենան։
Եվ շշուկները այնքան մեղմ են ու փափուկ,
որ շուրթերը գրեթե չեն շարժվում,
թեպետ աչքերը վաղուց չասվածի սահմանը անցել են
եւ կայացել՝ խնձորածաղկի ու վայրի մեղվապարսի
հանդիպումին վայել,
իսկ ծաղիկը, որ նեկտար է տալիս ու
քնքշանքով թառամում,
նույն այդ պահի մեջ իր ամենադալարուն
օրն է ապրում։
Անծաղիկ ծաղիկը աշնանավերջի ափսոսանքն է։

Ձեռքս բաց չթողնես, որ այն շարունակի
ուսումը կայանալու։
Մասրավարդը վայրի լեռան անմատչելի ծերպերից
թափվում է ուղիղ երկնքի մեջ։
Ոչ-ոք չի ուզում հիշել երազից դուրս ապրող
մանուշակների մասին։

Երազը-ահա մեր առաջին հանդիպման վայրը։
Երազը-ահա մեր ժամադրավայրը վերջին։

Իսկ դրախտավայրը կայանում է միայն
կորսվելուց հետո։

Մենք ամեն վայրկյան ինչ-որ տեղից դուրս
ենք գալիս, գնում
եւ այլեւս մեզանից ոչ մեկը չի վերադառնում՝
որքան էլ առավոտից վարդաշատ լինի
տրամադրությունը։

Աստված իր վրձինը դրել է իմ ձեռքի մեջ եւ
քեզ ինձ տվել,
եւ ես քեզ անկուշտ-անկուշտ նայում ու նկարում եմ
քեզ աչքերիս մեջ։

Եվ մի ամբողջ գիշեր, թեժածարավ գույների մեջ թավալվելով,
ես ընկղմվել էի հովտի մանուշակներում,
պառկած էի տկլոր,
վերակերտում էի ժայռերը՝
չկարողանալով կասեցնել
իմ այնքան տաք բռնկումի գրոհը դեռ կին չտեսած
եւ անանուն ու անմարմին, թունավոր ծաղիկը դրախտավայրի։

Ես իմ աչքերի մեջ տանում էի քո արյունոտ
դրախտավայրը։
Ես անանուն հովտում ընկած էի մերկ ու անպաշտպան։
Եվ երբ զարթնեցի,
հանկարծ տեսա, որ ամպերը քո պատուհաններից
փախցրած վարագույրներ են քամու,
գետերը կրակս մարելու համար երկարված ու ծովից
ջուր աղերսող ձեռքեր են երանիկ,
ծառերը մազերը շաղ տված հարալեզներ են՝
հավաքված իմ հոշոտված մարմնի ու հոգու շուրջ,
մեղվապարսերն՝ անընդհատ պայծառացող ու
մթագնող
իմ հիշողության ու մտքի առկայծումներն են,
արեգակը՝ քերծածերպերում վառած
նախազգացության
իմ խարույկն է։ Գետնի կանաչ խոտերը
մրկել էին վաղուց։
Իմ վրայով անցել է կապույտ-կապույտ,
անհանգչելի մի խարույկ,
ու իմ վերքերը ասես մանուշակներ են
ցրված ոտից գլուխ։

Դու հասել էիր այնտեղ, որտեղ այլեւս
երբեք չեն լինում,
որովհետեւ ճանապարհը
ընթացքն է ձեռքով չբռնվող երազի ու շողի։

Մենք ամեն վայրկյան ինչ-որ տեղից
դուրս ենք գալիս, գնում
եւ այլեւս մեզանից ոչ մեկը չի վերադառնում։

Աստված իր վրձինը դրել է իմ ձեռքի
մեջ եւ քեզ ինձ տվել,
եւ ես քեզ ծարավ-ծարավ նայում ու նկարում եմ
աչքերիս մեջ՝ ոչ քեզ,
որին արդեն հասել եմ ես ամենաըմբռնելի ու անտես
գույներում։
Սերն ընդունում եմ, ասում ես, չեմ ընդունում
բառերը սիրո։
(Անձրեւը վաղուց թեպետ դադարել էր, սակայն
ծառերի տերեւներից դեռ անընդհատ հոսում էին
կաթիլները՝ տեղ-տեղ խնձորածաղկի ճերմակ
թերթիկներն իրենց մեջ,
իսկ խելագար շրջմոլիկը շարունակում էր
հովհարվել ծառի տակ ու
երգել.
«Գնամ, սրեմ ատամները,
որ լավ ուտի ինձ իմ սերը»։
Շրջմոլիկը մեզ չի տեսնում՝ երկու քայլի
վրա կանգնած)։
Մենք շարունակում ենք շարժվել
վրձինների նման
աստվածապարգեւ։
Իսկ հրեշտակի թեւերին երկինքը ալեբախվում է.
եւ իմ վրձնի ծայրին գնում-հեռանում ես դեպի պահը,
ուր հնարավոր չէ երբեք լինել
երկրորդ անգամ,
շշուկները տերեւների տակ դառնում են
երգեր, խոտերի մեջ,
հողին կպած,
քո փոխարեն հայտնվում է ուրիշը իմ միջով՝ իմ գրկանքներում, քո
կերպարում,
իմ փոխարեն հայտնվում է ուրիշը քո միջով՝ քո գրկանքներում, իմ
կերպարում։
Եվ ես քեզ ունենալով՝
ամեն անգամ կորցնում եմ քեզ,
եւ ես էլ չեմ իմանում ամենապահը-թեժ, ինքնամոռաց,
տաքորսության,
Ես հազար անգամ գալիս եմ քեզ մոտ
եւ հազար անգամ էլ
ճամփան չգիտեմ։
Ասում եմ՝ արի։ Եվ դու գալիս ես՝ չիմանալով, որ դո՛ւ չես գալիս,
պղտորում ես ակը եւ քեզ դարձնում նա, ով դու չես։
Արյանս բոլոր բջիջները աչքեր են եւ
եւ եթե ես դժգոհ եմ քեզանից, նշանակում է ինքս ինձանից օտարվել եմ։

Վայրկյանը մերն է, անշուշտ, քանի դեռ
մերը չէր ամենեւին,
եւ հենց եղավ մերը՝ միանգամից դարձավ օտար,
եւ մերը նորից մնաց վայրկյանն այն, որ մերը չէ,
հետեւապես-անկրկնելին,
հետեւապես-անզուգականը,
հետեւապես-երազելին ու բաղձալին,
անհասը, հետեւապես եւ անփոխարինելին,
որին դեռ չենք դիպչել՝ անգամ մեր Աստծո մեզ
ընծայած վրնձի ծայրով։
Հասնումի մեջ ավարտվում է շինությունը Երազանքի,
սակայն հոգին այնքանով է մնում հոգի,
որ տարված է, հափշտակված, մոլի գերված
իր մեջ ապրող, հասունացող, մարմին
առնող մի Կերտվածքով, որ
դեռ... չկա, անհայտում է,
քանզի կյանքում նոր շինվելիք վանքն ավելի
վանք է, անշուշտ, քան շինվածը,
քանզի կյանքում նոր ասվելիք աղոթքն, անշուշտ, ավելի է սուրբ ու
աղոթք,
քան ասվածը,
եւ մեր ապրած ակնթարթում
դեռ չայցելած պահն է միշտ մեզ առաջնորդում։

Ինչքան պիտի ջուր խմի ծարաված ամպը,
որ երկնահաս լեռան
կողին
ցամաքի լճակը մի ափ-ամենաալպիական
ու անհասանելի։

Չգիտեմ ես նրան, որ իմ միջով գալիս է
ամեն անգամ իմ
փոխարեն,
բայց տենչը նոր, ահա, շշուկ-շշուկ բառերի
միջով բերում է եւ
դեմքեր,
բերում է աչքեր, դեռ ոչ ոքի չտեսած,
բերում է ձեռքեր, դեռ ոչ ոքի չգրկած,
բերում է շուրթեր, դեռ ոչ ոքի չհամբուրած,
բերում է սիրտ, դեռ ոչ մի կրակով չկիզված,

բերում է պահն անկրկնելի՝ իր մարմնով տաքացրած,
բերում է մարմին ու հոգի, երբեմն-երբեմն՝
անմարմին ու անհոգի։
Ես արդեն ինձ չեմ ճանաչում Աստծո տված
քո վրձնի ծայրին,
եւ սա իմ ինքնահաստատումն է ժամանակի եւ
տարածության մեջ
տիեզերական,
եւ չսիրելը քեզ սիրելու մի այնպիսի
խորհուրդ ունի, որին ես եմ
հասու միայն,
իսկ քեզ չունենալը իմ միակ ելքն է քեզ ունենալու,
եւ այստեղ արդեն անմրցակից եմ ես,
եւ ոչ ոք այլեւս չի կարող քեզ ինձանից խլել,
եւ սերը ծաղիկ է հավերժի սահմանի վրա՝
մոռացված ու բզկտված
(քո բառերն են) խնձորենի։

Այսպես պահը դառնում է տարողունակ ու խենթ, ինչպես մեկը,
որ քո դռան զանգն է սեղմել թեպետ,
բայց ինքը չկա։ Ո՞վ է։
Որովհետեւ գալը ամեն ինչ է, բայց դեռ ամեն ինչ չէ,
որովհետեւ սիրելը ամեն ինչ է, բայց դեռ ամեն ինչ չէ,
որովհետեւ վրձինը ամեն ինչ է, բայց դեռ ամեն ինչ չէ։

Դաշտը վրձնի ծայրին, համակցումն է
իրարամերժ ձայների,
ծաղիկների բազմազանությունն ընդգծումն է
յուրաքանչյուր գույնի,
հակասումը՝ ներդաշնակությունը,
չափը՝ անչափությունը,
եղանակը՝
տգեղ լինելու գեղեցկությունը։
(Ադամն ու Եվան հեռու են մեզանից, անսահման հեռու
եւ երբեմնակի հիշելս նրանց լինում է միայն
աստվածախոստում այն պահերի մեջ,
երբ ձեռքիս ափը-ցավ ու բերկրության սուրբ հաղորդություն-
քո տաք մերկության բուրվառների մեջ
դառնում է հանկարծ
թզենու տերեւ՝
փոխարինելով քո մեն ու մենակ, քո մենիկ շորին։
Իսկ հետո
արդեն Սիրինքն է գալիս,
եւ իմ մատները նվագ են դառնում, մեղեդիանում
եղեգան փողի աչքերի վրա՝ պագշոտ, հրեղեն,
դառնում են անթիվ,
անհամար
ու բյուր)...
Դառը չէր լինի ճշմարտությունը, թե, իրավ, այսքան դառը չլիներ։

Նա, ով քոնն է-քոնը չէ երբեք։ Եվ քոնը նա է՝
ով դեռ քոնը չէ,
թեկուզ՝ միեւնույն մարդու մեջ, հոգում։
Եվ ամենուրեք։

Ես ծաղիկներ եմ փնջում այնպես,
իբր համբուրում եմ աչքերը անհաս հեռվի։
Ես ինձ կորցնում եմ մազերիդ մեջ, համաձայնության
մեջ քո անհնազանդ
արյան գնդիկների,
ուր հեթանոս աստվածների նախնադարյան կրակները
դեռ ոչ մի անձրեւ չի մարել.
եւ սա միակ պահն է՝ իմ ինքնահայտնաբերության.
թե սպասում եմ ծաղկի մեջ-արեւի
շրջանակում - չես գալիս դու,
էլ ինչ ծաղիկ է սա։ Հոգուս վրա տանում եմ
Սեւակի ժպիտը վագրենի։
Ինչ աշխարհ է սա-եթե սպասում եմ քեզ, բայց դու
գալիս ես ոչ որպես դու, ես ոնց սիրեմ՝ ոչ որպես ես։

Երազը-ահա մեր առաջին հանդիպման վայրը։
Երազը-ահա մեր ժամադրավայրը վերջին։

Մենք ամեն վայրկյան ինչ-որ տեղից
դուրս ենք գալիս, գնում
եւ այլեւս մեզանից ոչ մեկը չի վերադառնում։

Իսկ մեր տունը՝ սպասումն է մեր, սուրբ սիրո մեջ,
բա՜րձր, բա՜րձր, ամենավեհ լեռան վրա
աստվածամերձ։

ԳԱԼԻՔԻ ՀՐԱՎԵՐՔԸ ԿԱՄ
ԱՌԵՐԵՍՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ

Կրակը լափլիզելով՝ ինչ պատահի, մոտենում է,
ծառը տեսնում է
ու չի կարող փախչել, ու չի կարող նահանջել,
ծառ է՝
ընդերքներում խորն ագուցված արմատներով։
Չի էլ փորձում։
իսկ սաղարթների մեջ դրված բնի եզրին ոստիկները
տնկած հավքը սիրերգակ է հիշեցնում միջնադարի,
առնվազն՝ Քուչակ։
(Վիհ։ Անդունդ։ Թռիչք-անցում)։
Անհասին հասնում է նա, ով չի հասնում. որովհետեւ՝
երբ Աստված է խոսում՝
լսում է բանաստեղծը,
ուշիմ,
խելագար,
երբ սկսում է խոսել բանաստեղծը,
Աստված չի «լսում»,
որ գրիչները շարունակեն շշնջալ աշխարհի ականջին,
քանզի եթե լսող չկա, առավել եւս՝ պիտի ասել,
ասել, ասել...
Որովհետեւ ամեն բանաստեղծ աշխարհում
գիտե մի բան,
որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չգիտե։
Թե ինձ մնար՝ երկնքում էլ ես ծաղիկներ կաճեցնեի,
սակայն հողը մե՞ղք չէ, արդյոք,
ինչո՞ւ նրան զրկել ծաղիկ տալու
հաճույքից անանվանելի։
Կրակն անցավ՝
չանցնելու պես։

Մի վայրկյանից մինչեւ վայրկյանն հաջորդ
տեսնես քանի՞ քայլ է.
ամբողջ կյանքում այդ ճանապարհին եմ։

Ես մենակ եմ մնում, որ... ձեզ հետ լինեմ,
անմարդաբնակ հույսի ետեւն ընկած,
քանզի մոտեցող աղջիկն, անշուշտ, շատ է ուզում,
որ իրեն ասված խոսքը լինի մինչեւ վերջ
չասված ու անպարզ
եւ իր գալը կարեւորվի խիստ անհայտ մի ոլորտի մեջ,
խորհրդավոր լինի
պահը
ու ենթակա բացահայտման, թե չէ միտքն իմ ի՞նչ է որ.
այնքան հստակ է միտքը, որ ասես բառ չի դիպել...

Ձեռքդ՝ ափիս մեջ, արմատակալում եմ հողին։
Դողից կախվել է խոտը։
Բույրից կախվել է ծաղիկը։
Աղբյուրից կախվել է ծարավը։
Սիրուց կախվել է... աշխարհը (սիրտ ասենք՝
շատ է մաշված)։
Գոնդոլների Վենետիկում Բայրոնը ափի մեջ
ընթերցում է մի բուռ հող,
որն իր հայրենաբաղձ ոսկորների
ֆոսֆորն է կրում
մշտալույս՝ իր մահից շատ, անսահման շատ
տարիներ հետո,
մինչդեռ Սաթենիկ տատս՝
միամիտ-միամիտ, իրեն հատուկ ձեւով երդվում է՝
թոբա, թա տի պեն ինի։

Հայտնին սուտ վիճակ է, ինչպես կեղծ է
ձգտումն անկեղծ լինելու,
քանզի բանաստեղծություն չի գրում նա, ով
բանաստեղծություն է գրում
քանզի հին չէ հինը՝ թե որ այն իր
ժամանակին եղել է նոր,
հինը այն է, որ նոր չի լինում
ոչ մի ժամանակ։
Քանզի բանաստեղծությանը ես մոտիկ եմ
եղել անհամեմատ,
երբ ավելի, անասելի շատ հեռու էի
բանաստեղծությունից,
երբ ես դեռ չէի ծնվել,
բայց, անշուշտ, սերը կար աշխարհում։
Եվ բանտերը ազատության օազիսներ են։
Եվ թանձր հուշերի արյուն ու ծուխ է
հանվում այս ծերացած
ուղտի քթից,
իբրեւ, նրա պապը
Աբու Լալայի քարավանում ճամփա էր
ընկել դեպի արեւը։
Արցախում, ասում են, տարիներ առաջ՝ մի քանի օրով
հանգրվանել է,
վրան է խփել Քիրսի լանջերին Իսահակյանի
քարավանը մեծ,
ուր դարեր առաջ ճգնավորված, իշխանություն, կին, տուն ու տեղ
լքած
մեր Վաչե արքան
բերել, իր ձեռքով զանգուլակ է կախել
ուղտերից մեկի ձիգ
պարանոցին։
Սուտ է, թե արքաները մենակ չեն մնում,
բոլոր արքաները լինում են մենակ։
Իսկ թե մենակ չեն՝ ինչ արքա։
Եվ ի՞նչ պոեզիա, եթե բանտերը լիքը չեն պոետներով։
Ճանապարհորդը՝
լինի ծառ, գետ, մարդ թե ծաղիկ,
որին չի ուղեկցում բանաստեղծությունը,
չի հասնելու։

Ժամանակը անծայրածիր ավազուտ է,
ուր ամեն մի վայրկյան ոչ թե մեկը, այլ երկուսն է.
մեկը ինքն է,
մյուսն ստվերն է սատանայի՝ միշտ
հավակնորդն իսկականի...

Ամոթխածությունը կախվել է
չհասունացած համբույրից։
Ճանապարհը կախվել է չծագած արեւալույսից։
Տիեզերքը կախվել է չեկած վայրկյանից։
Սիրուց կախվել է... երկիրը (աշխարհ ասեմ՝ շատ է մաշված)։

Ապագայի հրավերքը Աստծո սուրբ
ոտնահետքն է հայոց
բիբլիական լեռան վրա,
իսկ լեռն ապրում է
անխուսափելի հարյուր ու մի կյանք՝ մեկը մեկից անտանելի։

Բոլորը՝ աղջիկ, երազ, տղա,
կարոտ, քայլում են
դանդաղ, անշտապ
եւ ոչ ոք չի նկատում ժամանակի մեջ,
որ վազում են բոլորը։

Տեսնվող աշխարհն ինչ է չտեսնվող աշխարհի հետ համեմատած,
որ մեր արած-չարած քայլերն է պայմանավորում՝ կոդավորելու պես։
Խախտումների ժամանակը ապրում ենք ամենքս՝
հնարավոր դարձնելով ժամանակի խախտումները
հենց մեզանով,
բայց բոլորս մեկտեղ, անշուշտ, արդար ենք
աստվածաբար,
մինչդեռ ամեն մեկը մեզանից՝
առանձին,
անաստվածաբար անարդար է ու մեղսակից։
Քանի՞ ումպ է, քանի կում է, քանի՞ կտուց քո սերը՝
հարցնում եմ զույգ ոտքերով աղբրակում
ոստոստացող
ջրահավքին,
եւ նա հանգիստ
ճռվողում է՝ մահ ենք հասունացնում կյանքի մեջ,
որ կյանքն ավելի սիրելի լինի, քիչ էլ՝ տանելի։

Ամենուրական գիշեր, աստղերի երկնաճերմակ չորաթանները
փայտե թասի մեջ լցրել՝ Սաթենիկ տատս,
ձեռքերով հարում է։
Նույն ձեռքերով մանկությունն իմ դնում փայտե
տաշտակի մեջ,
Ցուրտ աղբյուրի ջրերով ջինջ լողացնում է տատս,
ապա առնում զույգ թեւերին՝ ցող ու լույսի կաթկթոցով,
երկարում, մեկնում ինձ՝ ամբողջովին մերկ, դեպի արեգակը նոր
ծեգծեգող,
որ բարությամբ,
որ մաքրությամբ,
խղճմտանքով լույս բացվի աշխարհի վրա,
լինի արդար,
լինի սիրո լույս... Թեկուզ՝ որքան էլ անմեղ,
ամեն սիրո մեջ կրիմինալ կա
մի ինչ-որ չափով։

Կապույտից կախվել է երկինքը։
Պարզությունից կախվել է աղբյուրը։
Համբերությունից կախվել է վայրկյանը։
Ճղուպուրի կեղեւաթելից կախվել է աշունը։
Խաղաղությունը կախվել է... եւ հավքի
փոխարեն մի տաք
փետուր թռչում է
դեպի բույնը բարձրադիր (ո՞ւր կորավ) ճյուղի՝ լիքը ճռվողյունով անապաստան։
Ամեն քայլի ոտքիս ծայրը խփում է Ստամբուլի
խուլ պատերին.
Տիեզերացունց մռնչյունով Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի ու
Վարուժանի,
ավազուտներով անցնող ճանապարհները եղեռնի
անընդհատ իմ ոտքերից հետ են ձգում՝
կախված ինձանից,
ոտնամաններս մնում են
քարքարուտների մեջ,
մերկ, Քրիստոսի արյամբ ողող ոտներս
քաշում եմ մի կերպ,
մինչեւ վրա է հասնում ինքնահաղթահարումը ցավի,
եւ ամեն անգամ, տեր Աստված, իմ աչքերի առաջ,
այս էլ որերորդ անգամ, Գողգոթա են հանում,
փայտի վրա
խաչում են Քրիստոսին։
Այստեղ ծառ կար։ Այստեղ
ծառ կար։ Այստեղ,
ուր շարունակում են գետերը հոսել հակառակ ուղղությամբ,
ուր երկրագնդի կեղեւը բացվել է այնքան,
որ կորցրել է ունակությունները կծկվելու՝
որպես շագրենի կաշի,
այնքան է դարձել թափանցիկ՝ կեղեւն այդ հազար
տարվա ցրցամ
տրված,
որ պիտանի չէ
Պանի ոտնաձեւերը թաքցնող տրեխների
համար անգամ։

Յուրաքանչյուր վայրկյան, որ նոր է գալիս,
մեզ տխրեցնում է
առավել,
քանզի ավելի խորն ենք զգում նախորդ
վայրկյանի ողբերգությունը։
Երեկ առաջին «Գրադների» թնդյունների մեջ, երամախաղից պոկվեց
մի փոքրիկ՝
թոռնիկն իմ, փղձկոցով ընկավ գիրկս,
աղիողորմ լաց էր լինում՝ լսելով,
որ Բեթհովենը մահացել է,
բողոքում է անզիջում՝ բա մենք որտեղ ենք եղել,
ինքը որտեղ է
եղել,
որ նման բան թույլ է տրվել աշխարհում,
կարելի էր, չէ՞, թույլ
չտալ.
եւ ես ոչինչ չէի գտնում սփոփելու, բառերը անելք դռնակներ էին դարձել։
Մեր վանքերի նախշաքանդակ նռների մեջ
մագիլներն են խրում
իրենց շեյթան ու նեռ,

եւ նռներից արյունը մեր պուտ-պուտ հոսում
սյուներն ի վար
Արցախա տան,
կրակվում է հողին հայոց,
հուր ու հրդեհ ալիք-ալիք բարձրանում են՝ հասնում
մինչեւ փեշն Աստծո։

Եվ մի, տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛
զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք
յավիտեանս. Ամէն։
Եվ կաթողիկոսն Ամենայն Հայոց
երկարում է իր աջը օրհնաբանյալ,
եւ ափի մեջ խնկարկումով դալարում են
լեզվակահյուսքերն աշխարհալուր
մեր զանգերի՝
արեգական շողերի պես՝ ձիգ, լուսարձակ,
Էջմիածնա Մայր Տաճարից,
ապա քիրսված գմբեթներից Գանձասարի,
Ամարասի ու
Գտչատան...
Եվ ձգվում են, եւ քաշվում են լեզվակները,
մեր արյան մեջ արթնանում են հազար ու մի
զանգ ու ղողանջ
աստվածաձեն։
Իր ետեւից ուղարկված կարմիր խնձորը ափի մեջ՝
հորիզոնի վրա կանգնում է Նեմեզիսը...

Ծանրացել են դեպի լյառն Արարատ բարձրացող
Ուիթմենի քայլերը,
իսկ Նինվեի ավերակները հոսում են
«ներհուն հայի» երակներն
ի վեր՝
Եփրատի հոսանքներում պահելով
հավերժական արտացոլանքը
կորուսյալ աշտարակների,
հավքից հետո անթաքույց երգի ելեւէջները
շարունակում է ճյուղը։

Իմ ականջներից չեն հեռանում Անիի Մայր
տաճարի ղողանջները,
որ երբեք չեմ լսել,
դժվարակիր երազների բուխարիկում հուշամայր
անցյալի հուրն է պեծկլտում՝
ահագնացնելով աղջամուղջում վխտացող
գայլերի կաղկանձը
մածուցիկ,
որից հըցըցե Լենորը վեր է թռչում Լոս-Անջելոսի երկնաքերներից
մեկում
եւ, որպեսզի համոզվի, որ երկինք
համբարձվածը իր հոգին չէ,
սկսում է երգել «Հորովելը» ղարաբաղյան,
բառերը թողնելով աներեւակ ու կծվահամ քարերի
բումերանգային արձագանքներում։
Մինչդեռ այստեղ, ահա, Ռըսկհան սարը
երեսը փռել է ոտքերի տակ արեգակի՝
մի անծայրածիր, արյունռուշտ ժամանակի մեջ,
ուր կուսածաղիկների նախճիր է համատարած,
ուր երազները բարձրաթռիչ են՝ երկնքից իրենք իրենց
վրա գահավիժող ու փշրվող երազների
նման վաղորդյան,
ուր Սեւակի քունքին իջնում է պահը՝ խիստ սուր՝
որպես կապար,
ուր Եսենենի երակի վրա իջնում է պահը՝
խիստ սուր՝ որպես ածելի,
ուր նահատակ գետում արյան
ձուկ են որսում իշխան՝
տիպիկ հայկական ձուկ,
երկրի իշխանները,
Ուր Կոմիտաս Հակոբյանը՝ բանաստեղծ ու զինվոր,
որքան էլ պինդ, ամուր բռնի իր Նունեի երազներից՝
հարսնամոմի մեջ տաք-մեղրախոսուն,
միենույն է՝
իր բռան մեջ մնացել է միայն մի ծամ՝ վարսերի փունջ
(երբ ամփոփում էին հողում իր սիրածին,
իսկ մինչեւ հարսանիքն
ինն օր է մնացել ընդամենը,
Նունեն, որպես վերջին ընծա, կտրեց իր ծամը
ու զոհված զինվորի մատների մեջ «տեղադրեց»
ծաղիկների հանգույն),
որի անվերջ գուրգուրանքից շիրմի վրա
աստղավորվում է կարոտը,
եւ հողը դառնում է զարմանալի բուրիչ ու
անդավաճան,
ուր երախը աղջկածաղիկ է մի
անանվանյալ,
որքան բացես՝ փակ է այնքան,
ուր շաքարավազի վաճառքը ծուլացնում է մեղուներին
եւ նրանց այցեթռիչքները դեպի վայրի ծաղիկները երկնածարիր,
դառնում են ավելի
սակավ
ու
անխոստում,
ուր «Մերսեդեսները», «Ջիպերը» եւ մի քանի
հերոսներ՝ կռվի երես դեռ
չտեսած,
ինտրիգների մեջ
քաղաքական,
կենցաղային՝ փափուկ-փափուկ փաթեթային
կամ փուլային լուծումն են փնտրում
արցախյան խնդրի,
կլորաձույլ զրնգոցները արծաթի
մեծահոգաբար զոհաբերելով եկեղեցու
շուրջ վխտացող լրբերի
ճիվուճուտերին,
ուր անծածկ շուկա հանված աղի նման, անձրեւի տակ,
խիղճը հալվում է,
ուր, ամեն օր դատ է, սպանություն, ցույցեր սոված մարդկանց,
ծախու հոգիների հրավառություն,
ընտրական խոստումների, յուղի, ձեթի, սիրո, բրնձի
նվիրաբերում,
ուր արտերկիր է գաղթում կորովը դոնորական
մեր հողի, որ
այնտեղից
հումանիտար օգնություն «առաքի հոս»,
ուր ափագետուկցի Հակոբը դիրքում է միշտ
ու չի կարողանում
տուն գալ, գոնե հասնել իր
հարսանիքին,
մինչդեռ իր հարսնացուն, առանց զուռնայի,
ոսկեմատը վեր տնկած,
պարում է, պարում է, պարում...

Ուր խմբվել են Աստվածները՝ տիեզերական
մեծ Ֆորումի։

Ձեռքդ ափիս մեջ՝ բողբոջում է հողը ոտքիս տակ։
Հույսը կախվել է խաչքարի մոմից։
Հեռուն կախվել է երազկոտ աչքից։
Աստղը կախվել է ճամփորդի ցավից։
Ծովը կախվել է հանվող ուռկանից։
Շինելի մեջ մտած երկիրը կախվել է
Լուսավորչի կանթեղից, եւ
Սպիտակ ձին Անդրանիկինն է, Կարմիր ձին
Նժդեհինն է,
Ոտնանախշով դեղինը Արաբոյինն է, դեղին-նարինջ ձիու վրա
Աղբյուր Սերոբն է,
ճերմականախշովը Թեւանինն է, Նիկոլ Դումանի
ձիու ճակատին, տես ճերմակ նշան կա,
Տալվորիկի լեռներից են գալիս, նոր են
անցել Հաքառու գետը,
ձիերի ձիգ ոտքերն ի վար
արշալույսի կաթկթոց է։ Մասիսից մինչեւ Քիրս ձիավորների հետ
ճանապարհ են անցնում լեռները։
Հովիտներից նրանց ձեռքով են անում՝
գլխարկները վեր
պարզած՝ Վազգենը, Ավոն, Ասկոլկան, Նորիկը,
Արտուրը, Խաչիկ
Դաշտենցը...Փառքդ՝ շատ, Աստված...

Այստեղ ծառ կար։ Այստեղ ծառ կար։ Այստեղ....

Դար ու դարեր գնում ենք միշտ եւ միշտ չենք հասնում,
բայց կանգ չենք առնում ոչ մի անգամ,
քանզի հավատում ենք, որ հասնելու ենք։
Թեկուզ գնում ենք միշտ եւ միշտ չենք հասնում։

Ձեռքդ ափիս մեջ դարձել է սոխակ։
Արյան մեջ կտուց-կտուց տրտմել է Տրտուն...
«Կանչիրգամ աչքերով աղջիկ,
Չեմգաչեմգա շուրթերով աղջիկ»։

Իսկ Ավոն, ահա, Մելքոնյան Մոնթեն,
զավակների հետ երկրի
տնտղում է ափի մեջ տիեզերական
փոշին աստղապեծ՝
վերագտնելու
առասպելները հինավուրց հողի՝
իրեն իսկ պատկերով,
դեռեւս չքանդակված ոչ արծաթե,
առավել եւս՝ ոչ ոսկե
մետաղադրամի վրա։
Խաչենագետի կամրջից մոտիկ, ուր որ ջրի մեջ Ոսկե ձկնիկն է ապրում,
գետն է մտել Շոպենհաուերը,
եւ ուշանում է եւ, ուշանում է՝ այս էլ քանի տարի,
եւ դուրս չի գալիս՝ աշխարհը իր կամքն է.
իսկ ջրի ճողփյունը «մետաֆիզիկական
շեմին» հայտնված
լիրիկների ոտքերի տակ փշրվող ափսեների
ձայն է հիշեցնում։
Գետը մեկ կորչում է ժայռուտներում ահարկու,
մեկ աչքերեւ է դառնում՝ մեջքին
մեկընդմերթ փայլեցնելով
ափքարի մեջ խրված պայռ մի՝
վրիպված նետի։
Ինչ վերաբերում է Էլիոթին, նստել է, ասում են,
սուրբ կենդանու մեջքին
եւ Վաշինգտոնից թե Լոնդոնից ճանապարհ ընկել
ուղիղ դեպի Ղարաբաղ։
Սեւ սամումը եղեռնական մոլեգնում է Արցախա սուրբ լեռների մեջ։
Յուրաքանչյուր վայրկյան, որ նոր է գալիս,
մեզ տխրեցնում է
առավել,
քանզի ավելի խորն ենք ապրում նախորդ վայրկյանի
ողբերգությունը։

ԴԱԴԱՐՆԵՐ՝
ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐՈՎ

Մեղրաքերծի Կենտ տանձենին ավելի փարթամ էր աճում, քան մյուս ծառերը՝ ջրառատ հովիտներում։ Գաղտնիքը. արմատները ձգվում են քերծի միջով ու... ականջդ դիր քարին, քերծը գվվում է՝ ճեղքերում այնքան մեղվաընտանիքներ կան վայրի, ականջդ, քարին՝ հմայանքի ու կախարդանքի այնպիսի՜ նվագներ են հնչում քերծի մեջ. քարակեղեւի տակ աղբյուր կա, որ քարե երակներում խաղս ընկած վերուվարում է, ապա բավականին ներքեւում ոտուծոց քնած բլուրների արանքից իրեն ցույց տալիս։ Որ հեռվից նայում ես, ասում ես՝ քերծը անտես թելով երկնքից կախված է ծմակի վրա, ներքեւն էլ, գրեթե ծառերի մեջ, ջրի ծայրին գյուղն է ագուցված։
Զառունց Անդրին թուրքի հետ էս վերջին կռվում կորցրած իր տեսողության համար գնաց-հասավ Ֆրանսիա, ուր, մտքում հազար անգամ իրեն վարժելուց հետո, ներկայացել է համեստ ձեւով. «Ձեր Նապոլեոնին ճանաչո՞ւմ եք։ Նրա ադյուտանտին էլ ե՞ք ճանաչում՝ Մուրադին, էդ ձեզ համար է Մյուրատ, մեզ համար Մուրադ է, ես հենց նրա մոտիկ ախպերացեղ եմ գալիս։ Հիմա իմացա՞ք»։ Չնայած իր «ծանոթ դուրս գալուն», ոչ մի բուժում Անդրիի աչքերին չօգնեց։ Բայց օրերի հետ այնքան մեծացավ Ղարաբաղի կարոտը, որ սկսեց անընդհատ վերհիշել հայրենի Մեղրաքերծը՝ բոլոր մանրամասներով, նրա գագաթի Կենտ տանձենին, տանձենու վրա իրիկունը պսպղացող աստղը, աստղից վերեւ թեւերը տարածած հավքը, որի թեւին էր քնում ինքը ու... հրաշք, սկսեցին աչքերը տեսնել։ Նման պահերին մեկ-մեկ էլ ժպտում էր բեղի տակ։ Փարիզցի բժիշկները կարծում էին, թե խելքը թռցնում է, բայց չէ, նա ընդամենը հիշողությունների մեջ է ընկնում. եթե ծմակի արջերից մեկը՝ վաղ աշնանը հասած տանձի ու վայրի մեղրի բույրը ռունգերն ընկած, հասնում է քերծի գլխին, ապա չի կարող ճեղքերն ի վար չխորանալ, թաթը չերկարել դեպի մեղրածոր անցքերը. հենց այդ պահերին էլ մեղուները պարսերով հարձակվում են եւ գլուխը կորցրած արջը բարձրաբերձ ժայռից գլորվում է։ Անդրին արջի մսով քանի-քանի՜ անգամ է մարդկանց ռեւմատիզմը բուժել։ Հարեւան շեներից էլ են գալիս։ Հիվանդին արջի միս ուտեցնելուց հետո էլ քերծի աղբյուրի ջրից մի կուշտ խմեցնում էր, վերջում ասում. «Մեր աղբյուրի ջուրը երկնքից է գալիս, Աստծո ձեռքով է լցվում քերծի մեջ, գլգլում այնտեղ, ինչպես որ կժի մեջ, նոր դուրս գալիս, դրա համար էլ Կուժ աղբյուր ենք ասում։ Բուժիչ է»։
Իր խոսքերը Անդրին լսում ու ինքն էլ սկսում է իրեն հավատալ։ Վեր է կենում, գալիս գյուղ. «Գնամ՝ Կուժ աղբյուրի ջրից ու Կենտ տանձենու վրա նստած աստղի լույսից իրար խառնեմ, քերծից վերեւ թռչող հավքի փետուրով քսեմ աչքերիս, կլավանամ»։ Ու այդպես էլ լինում է։ Բայց էդ բոլորը ուրիշ կերպ է պատմում Զառունց Անդրին։ Ասում է՝ ինձ բուժողը Կուժ աղբյուրի ակից դուս եկած մի հրեշտակ էր, այնքան սիրուն, այնքան սիրուն, որ վրադ աչքեր էլ չլինեն՝ կբուսնեն։ Եկավ, փաթաթվեց ինձ, ասաց՝ բա ես մեռա՞ծ եմ, որ դու տանջվես, բա որ էգուց էլի, Աստված չանի, կռիվ լինի, թուրքի հախից ով պիտի գա։ Ասաց ու այնպես գրկեց իր հոլանի, սպիտակ թեւերով՝ ասես խնձորենու ճուփ-ճուփ ծաղկած ճյուղեր, որ Անդրու կռվում ստացած վերքերը միանգամից չքացան։
Ժողովուրդը հավատաց եւ, ի պատասխան այդ ըմբռնում հավատի, Անդրին հավաքեց մեզ՝ իր ազգուտոհմի տակուգլխին, ասաց. «Սրանից հետո եթե մեր ազգին գյուղի խենթեր ասեն, չվիրավորվեք, կռիվներ չսարքեք»։ Մենք խոստացանք։ Բայց դրանով բանը չվերջացավ. Անդրուն գյուղում փոտ անուն կպցրին՝ Ֆրանսուա Անդրի։ «Այդտեղ էլ վատ բան չկա,- ասում է Զառունց Անդրին,-որ էլի հանկարծ կռիվ լինի, նշանակում է ֆրանսիացիներն էլ՝ իմ ու Մուրադի գլխավորությամբ, մեր կողմից են կռվելու»։
Աչքերը լավանալուց հետո էլ Անդրին շարունակում է հանդիպել Կուժ աղբյուրի հրեշտակի հետ։ Իսկ կինը՝ Վարոսի աղջիկ Վարսինկան, ասում է.«Աչքերի բալասան հրեշտակին մատաղ, մենակ թե՝ լավանա իմ Մուրադս, տանս բաց դո՛ւռն էլ է ինքը, բոստանիս փակ չափարն էլ»։ Վարսինկան ներսից վառվում է իրականում, բայց դա անում է, որ իր սիրտը լափող կրակի ծուխը թաքցնի հարեւաններից, փակի նրանց չար ու բացվելիս չափը կորցնող բերանները։
Աստված նայում է վերեւից, բայց վերեւից չի նայում։ Եվ երբ լուսինը գիշերները սահում-անցնում է Կենտ տանձենու ետեւը, ծառը իր մինչեւ հովիտն երկարած թանձր ու սոսավուն ստվերափնջի մեջ տեղավորում է գյուղը։ Եվ գուցե դրանից էլ ավելի խորհրդավոր են դառնում երազների մեջ հրեշտակների այցելությունները։



Թեպետ Վանին Սումգայիթում էր ծնվել, բայց ծնողները Բեգում Սարով գյուղից էին, դրա համար էլ նրան ընկերները կնքեցին կարճ՝ Սարում։ Արցախի կռվի առաջին օրից մասնակցել է բոլոր մարտերին, ոտքի ստացած վերքերը զգացնել է տալիս մենակ քայլելու ժամանակ, այլապես չես ջոկի, որ հաշմանդամ է։ Երբ հիշում է Սումգայիթը, նախ շտապում է, որ խոսելուց առաջ ձեռքը տանի աչքերի վրայով, շոյանք հիշեցնող մի շարժումով, որ արցունք չերեւա. ծնողներին վառել են թուրքերը, միակ քրոջը, ծաղրուծանակի ենթարկելուց հետո, կենդանի-կենդանի նետել քաղաքի արվարձաններից մեկում փորված խանդակը։ «Մենք՝ հայերս,- ասում է Սարումը,- մեր տեսածը հաճախ մոռանում ենք՝ մեր տեսածի մասին անընդհատ կրկնելով։ Սա վատ է, շատ վատ է, քիչ է մնում մեր մեջ ապրող ցավը, կենդանի, շնչող մեզ հանգիստ չտվող ցավը հիշատակի ու չոր արձանի վերածենք։ Ինձ ճիշտ հասկացեք, Սումգայիթում կորցրել եմ ամենից շատը, ինչ ունեի, բայց... Աստված ների, որ Սումգայիթ չլիներ, մեր հազար անգամ տեսածը մեր աչքի առաջ չբերեին էդ անաստվածները, մեր հին վրեժն էսքան արթուն ու թարմ չէր լինի ու չէինք հաղթի»։
Պապս ճիշտ էր, ասում էր՝ թուրքի հետ որ ընկեր ընկար, պիտի մահակը ձեռքիցդ վար չգցես։


Էն, որ ասում են՝ Զառունց խենթեր, իզուր չեն ասում։ Էդ մենք ենք։ Շենում հաճախ են մեկ-մեկու հիշեցնում, որ Զառունց հավերն էլ կրթված են, բայց մեկ է, դրանից ոչինչ չի փոխվում, խենթի անունը մնում է էլի մեզ վրա։ Գալուստ ամին Թեւանի խմբից է։ Երբ սովետն եկավ, ասացին՝ արդարություն ենք բերում, ժողովրդի շահը պիտի բոլորից բարձր լինի, մարդ պիտի բերան բացի՝ մենակ ճիշտն ասելու համար, թե չէ... Գալուստն էլ հավատաց, մարդ էր, վեր կացավ, կուսակցական ժողովը դարձրեց Թեւանի պաշտպանության ու գովքի հավաք. «Ես Զառունց Գալուստը չլինեմ, թե մի բերան սուտ ասեմ»։ Հաջորդ օրը տարան շրջկենտրոն, «կեպեզեում» նստեցրին։ Ժողովրդի թշնամի պիտի պատրաստեին նրանից, թե «մեղմացուցիչ դեպք հանցանացը» չհայտնվեր. իմացան, որ գյուղում Զառունց Գալուստի ազգուտակին խենթեր են անվանում, հետեւապես, Գալուստից ինչ նեղանալ, մանավանդ՝ գործի մարդ է, հացով, խերով, ուտող-խմող, գյուղում ճանաչված դարբին, ամենքին ձեռք հասցնող մարդ է, էլի, խոսել է։ Ու որոշեցին՝ ոնց տարել են, այդպես էլ բերեն, հանձնեն գյուղին, շենացիք մի փոքր հավաքով ժողովրդական դատ անեն, պրծնի-գնա։ Այդպես էլ արին։ Բայց երբ նորից շենացիներին հավաքել են, Գալուստ ամուն, կրթել-կոփել-դաստիարակելուց հետո, խոսք են տվել, որ մեղա գա, մարդկանց համար էլ դաս ու դատաստան լինի, Գալուստը վեր է կացել, երկար բեղերը ձեռքով սղալել, թե.
- Ա ժողովուրդ, էս մարդը (ձեռքով ցույց է տվել վերեւից եկածին) մեղք չունի, ինքն է մեղքինը, ինչ ասում են՝ էն ա անում, ամա թող քեֆին չդիպչի՝ մեկը, որ մեր շենի՝ Արփագետուկի Պոց աղբյուրից ջուր խմած չլինի, մեզ չի հասկանա... Ես «հակա» ե՞րբ եմ եղել որ։
Շրջանից եկածը աղբյուրի անունը լսելուն պես վեր է ցատկել, ականջին չհավատալով՝ հայերեն լսածը մի քանի անգամ էլ հայերեն թարգմանված ձեւով լսել, էլի բան չի հասկացել։ Ասել են՝ աղբյուրի անուն է, վատ բան չկա այստեղ, ոչ մի «հակա» չկա այստեղ, մանավանդ՝ վիրավորանք չկա, գյուղի մշակները հանդի էդ անտեր անունով աղբյուրից որ ջուր են խմում կեսօրահացից հետո, ուժերը վերականգնվում են իսկույն, տղամարդանում են ավելի, հետո՝ ջուրն էլ քաղցր է, հողից էնպես է բխում, որ շատ նման է... Մեկ է, բացատրությունները չօգնեցին, վերեւից եկածն ընդհատեց հավաքը, միանշանակ որոշեց. «Հակա Գալուստին նորից ետ եմ տանում ինձ հետ»։ Էն տանելն է՝ որ տարան։
Շատ չանցած՝ Ստեփանանց Ավետիսն էլ ծուղակն ընկավ, բայց դա շատ կարճ տեւեց։ Էլի «պարտիական» ժողով էր։ Զառունց Սարգիսը զեկուցում կարդաց ու վերջացրեց «Կեցցե Լենինը», «Կեցցե Ստալինը» բացականչություններով։ Ավետիսը, որ զեկուցողի կողքին գլուխը սեղանին՝ ձեռքերի վրա, ննջում էր, ծափերից վեր թռավ, հանկարծ ձախ ձեռքը հարազատի արքով տարավ-բերեց, թե. «Լիհա իստի մի թավս խփես... Ավա, դվանց հինչնա «կեցցե», որ ասում ես» («ր» տառերը «վ» են նրա լեզվի վրա)։ Վերեւից մարդ կար ժողովում։ Վերջինս խիստ նայեց Զառունց Սարգիսին. «Դու էլ ասում ես՝ անմեղ-անգրագետ մարդ է, էլի, ուզում ես «սվաղել», անցնել»։ Իսկ իրականում ի՞նչ էր եղել, որ գործը հասել էր «վերեւին»։ Նախագահ Շամիրն ասել էր. «Ավետիս, նալոգը բերել են բոլորը, դու ես մնացել»։ Ավետիսը բոստանից էր գալիս, սպիտակ էշի վրա նստած, ոտքերը լայն-լայն կախած, էշն էլ Սաքունց աղբյուրից ջուր էր խմում։ Ավետիսը նայեց-նայեց նախագահին ու թե. «Շամիվ, բեվելը կբեվեմ է, ամա մի ասա տեսնեմ՝ էդքան բուվդը, ձուն, պանիվը, ով հավաքում եք, հինչ ըք անում»։ Շամիրն էլ՝ թե՝ տանում ենք, է՜, ուղարկում Անգլիա, Ամերիկա, Ֆրանսիա, որ բոլորին հեղափոխենք, մեզ նման սովետ ստեղծեն։ «Վա՜,-զարմացած բացականչել է Ավետիսը,-ավա, էդ Ստեփանանց Ավետիսը հինչա տեռալ, ով համ ուվան ռեխը հվաքե, համ Ֆվանսիայի»։ Սա էր։ Եվ, զրընգ հա զրընգ, ձենը գնացել է՝ մեկը օխտը դարձած, հասել է վերեւին։ Հիմա Ստեփանեց Ավետիսի բանը կրկնակի բուրդ է։ Տարան։ Շրջանում դրան էլ գիժ դուրս բերին՝ ութսունն անց, ծեր մարդ էր, մի օր «նստեց», եկավ, բայց լուր չուներ Գալուստից։ Հետո շենացիներին պախարակող լուր տարածվեց շրջանով մեկ, իբր վերեւներում ասած լինեին. «Թեկուզ Զառունց ցեղին են խենթ ասում, բայց մեր տեսածը տեսած է՝ ամբողջ գյուղով էլ գժեր են»։
Տարիներ են անցել։ Երկնքի տակ ինչ ասես՝ որ չի լինում։ Արցախի նոր կռվում, ասում են, Ռուսաստանից կամավոր եկած եւ մեր կողմից կռվող յոթ հայերից մեկը, էն, որ մի օրում երեք գերի է վերցրել թուրքերից՝ ինքը մենակ, շատ է նման Զառունց Գալուստին, թեկուզ մի քիչ, ոնց որ, ռուսի արյուն էլ կա մեջը։ Զառունք եթե օխտը պորտ էլ փոխեն, էլի ջոկվում են։ Վերջում պարզվել է, որ նախնիները Արցախից են, ինքն էլ Սիբիրում է ծնվել, արցախցի «բարեկամներից» մենակ մի անուն է հիշում, որ հորից հասել է իրեն։ Տալիս է էն աղբյուրի անունը... Ու իր չիմացած լեզվով՝ հայերեն-հայերեն, ժպտում է։
Իսկ Արփագետուկի վրա իր պահապան շուքը փռած Մեծ քարը դեռ իր տեղում է։

Կուրոպատկինոյում աշխատելու ամռանը ցորեն գողացավ Սավադը, պիտի բանտ տանեին, կոլխոզի նախագահ Ներսեսն ասաց՝ մեր Հարութի տղան է, ընկերական դատով պրծնենք։ Լսեցին։ Դատը երկար տեւեց, բոլորը իրենց պարտքն էին համարում կանգնել՝ մեկ առ մեկ, գովել Սավադի հորը՝ Հարութին, առանց Սավադի մասին մի խոսք ասելու, չէին անցնում Հարութից։ Իսկ Հարութը մի անկյունում կուչ եկած-փոքրացած էդ գովեստներից, չիբուխը ծխում էր։ Ինչ էլ խոսեին՝ ինքը մտածում էր, թե քննադատելու ամենախիստ ձեւը գովելն է։ Վերջում նախագահ Ներսեսն ասաց. «Հարութ ապեր, հիմա խոսքը քոնն է, ժողովուրդը քեզ է բաշխում տղայիդ»։ Հարութը վեր կացավ ծանր, դես ու դեն նայեց ակնածանքով, թե ա ժողովուրդ, երեսս ոտքիդ տակ, շնորհակալ եմ, բայց մեր էս աննամուսին երկու խոսք ունեմ ասելու. արա, Սավադ, ա շան որդի, որ ինձ նման մարդուց դու ես ծնվել, քեզնից շան թուլեք են ծնվելու։ Սրանով էլ վերջացրեց խոսքը, նստեց։ Դատը պրծավ։

Ակուփը քառասունհինգին հաղթած եկավ, ձեռ ու ոտքը տեղը, գլխից մազ չպակասած։ Ամուսնացավ, յոթ որդի ունեցավ, յոթն էլ՝ զինվորացու։ Բայց որ Արցախի կռիվն ընկավ, տղաների հետ ինքն էլ ճակատ մեկնեց։ Տղաներն ասին՝ ա հեր, ամոթ է, մեծ մարդ ես, մենք գնում ենք, կկռվենք... Ասաց՝ ամոթը էստեղ նստելն է, ձեզ մոտ չլինելն է, ես փորձ ունեմ։ Պատահեց այնպես, որ կռվում ոտքը կորցրեց։ Շատ տանջվեց, չարչարվեց։ Վատն այն է, որ էլ կռիվ չէր կարող գնալ։ Ամենավատը՝ կանանց ու էրեխեքի հետ էվակուացվեց Երեւան, այնտեղից էլ՝ Ռուսաստան... Այնտեղ հեռավոր ազգակից ուներ։ Հարսներն էլ, փառք Աստծո, սիրալիր էին։ Բայց մեկ է, չդիմացավ հեռուներում, ասաց՝ ոնց կլինի, տղաներս այնտեղ, ես այստեղ, մանավանդ՝ տնից-տեղից կտրված։ Բա որ ուրիշի ձեռքի նայել կարենայինք, էլ էս կռիվը ո՞ւմ էր պետք։ Վեր կացավ, եկավ Ստեփանակերտ։ Դեռ Մազի կամրջին չհասած, գրադը սկսեց խփել Աղդամի վրա, Ակուփը աչքերը բացեց մեքենայի մեջ ու թե.
-Ջա՜ն, ձենիդ մատա՜ղ...
Ընկերները զարմացած նայեցին Ակուփի աչքերին. մարդը կարոտել էր Ստեփանակերտին, որդիներին, իր տղերանց արդար կռվին... Ճանապարհներին շատ էր քարշ եկել։ «Մի երկու խոսք ասեմ, հա՛, չասեք, թե Ակուփը խելքը կորցրել է։ Երկու-երեք ամսում հազար տեղ եմ գնացել, հազար քաղաք ու գյուղ հասել, բայց ոչ մի տեղ չի թվացել, թե հասել եմ։ Ինչքան լավ էին ընդունում, էնքան ես իմ մեղքն էի գալիս, քիչ էր մնում լաց լինեի երեխայի նման։ Ուրիշ քաղաքներում ինձ թվում էր, թե ես ես չեմ, շոշափում էի ոտուձեռս, ինքս ինձ հարցնում՝ իսկապես էս ես ե՞մ։ Բա որ ես եմ ՝ մեր դիմացի Բովուրխան սա՞րն ուր է... Շուշի՞ն ինչու չի երեւում։ Հիմա, հասել եմ, տղերք։ Հասել եմ։ Սուտ չեն ասել, որ Արցախը աշխարհի ամենատաք կետն է։ Էդ մեր տաքն է, մեր սառը աղբյուրի տաքը, մեր հողի ու մեր արդար կռվի տաքն է, ուրիշ տեղ չեմ կարող ապրել, ուրիշ տեղ մրսում եմ»։

Ամեն մանուշակի մեջ կա մի անհայտ մանուշակ, որին ոչ մեկի ձեռքը չի հասնում. խորհում էր զինվորը դադարի պահին եւ հիշում իրենց գյուղի մեկը-մեկից սիրուն աղջիկներին։ Ժայռածերպով պիտի դիրք հասներ։ Սակայն նկատեց, որ միանգամից իրեն են նայում գետահովտի հարյուր-հազարավոր մանուշակները ու, չգիտես ինչու, կարմրեց՝ մտածելով, որ ինքը պիտի հասնի իր Երանիկի մեջ ապրող ամենաանհայտին ու ամենաանհասանելիին։ Իսկ դրան հասնելու միայն մի ուղի կա՝ սիրել խորը։ Ավելի խորը։ Ավելի ավելի խորը։ Սիրել։ Էդ ուղին խոսքով չի ասվում եւ չգնացողը չի տեսնի, գնացողն է տեսնում։ Բարձրացավ ժայռը եւ, որերորդ անգամ նկատեց, թե որքան գեղեցիկ է Արցախը. վերեւում կռունկների երկինքն է, ներքեւում հովիտը՝ մանուշակե հույժ համբուրելի աչքեր, որոնց վրա ջրի ցալքուններ է ցանում մանկության գետակը։
Արեւի իրիկնացոլք շողերի մեջ կամաց-կամաց թոշնում էր թախիծը եւ ստվերների հետզհետե թանձրացող խավարում շրշյունների տերեւները դառնում էին անտեսանելի, իրենց հարյուր տարվա եւ դարվա խորհուրդների մեջ՝ հասկանալի։

Էս կռիվը մեր կռիվն է, հեռու երկրներում չէ, օտար աշխարհներում չէ, մեր հանդում է, մեր տանն է. եռանկյուն, կնքված չեն գալիս նամակները, մի կտոր թղթի վրա հասնում են, երբեմն՝ ժամանակին, զինվորն է բերում, հետն էլ «ոնց եք, ոնց չեք»-ը լրացուցիչ գուրգուրանքներով, գյուղի մարդկանց հին ու նոր հուշապատումներով։ Շատ հաճախ նամակի կարիք էլ չի լինում։ Դիրքերը հեռու չեն։ Գյուղացիք հերթով հաց են տանում։ Հասմիկ հարսը մի օր էլ զինվորական զգեստներ հագավ, թե՝ էս անգամ տղերանց համար ես հաց կտանեմ։ Ոչ ոք չառարկեց։ Հակոբը զարմանքից ու ուրախությունից չգիտեր, ինչ ասեր։ Դիրքի տղերքը հասկացան՝ յոթ ամսվա պսակվածներ են, ասին՝ Հակոբ, ոչինչ, մի քիչ զրուցեք։ Հակոբը տեսավ, որ Հասմիկը կարմրեց։ Չկարողացավ հրաժարվել։ Սարի վրա վանք կա, մի քանի մոմ վառեցին, համբուրեցին պատերը, հետո կտուց կտցի մեծ կաղնու տակ զրուցեցին։ Նրանց համբուրվելը, իրարից կարոտ առնելն Աստծո սրտովն էլ էր։ Վանքի խաչի ստվերը ձգվել, ընկել էր նրանց վրա, դրա համար էլ, երբ ծնվեց առաջնեկ տղան, անունը դրին Խաչիկ։ Կռիվները շարունակվում են։
Խաչիկը հիմա, արդեն ինը տարեկան քաջորդի է։ «Տղաս զինվոր է ծնվել, թող զինվոր էլ մեծանա, հետո, որ խաղաղություն լինի, հետո, հեշտ է այն ժամանակ»։ Հայի «հետոն» տեսնես ե՞րբ կգա։
Ալավերդունց Օսեփը հեռու էր եւ՛ «հակա», եւ՛ հակա «հակա» լինելուց, բայց ոնց իրեն ձեռ էր տալիս, այնպես շրջում-բերում, նրան էլ էին այս կամ այն ափում հայտնաբերում։ Շրջկենտրոնից վերադառնալիս, ասացին՝ Ստալինի կիսանդրին տար գյուղի գրադարանին հանձնիր։ Մարդ էր, վերցրեց ու բերեց։ Բայց էշի բեռը ծանր էր, ճամփին ծռվեց, մարդը չուզեց քար դնել՝ ավելո՜րդ ծանրություն ստեղծել։ Օսեփը բեռը ուղղելու համար, թեթեւ հակից կախեց արձանիկը՝ պարանը օղեփոկ արեց, նեղ մասը վիզն էր, հագցրեց ու եկավ, մտավ գյուղ՝ առանց որեւէ հետին մտքի ու «հակա»-ի։ Բայց արձանիկին սրտատրոփ սպասող Նուրվարդը, որ տեսավ Ստալինի այդ վիճակը, ուշքից գնաց։ Հետո նրան ուշագնացության համար շրջանային հիվանդանոցում գովասանագիր տվին, իսկ ուշագնացության պատճառի համար Օսեփին բանտ նստեցրին։ Վերջինս ինչքան փորձում էր Զառունց գժերի հետ ազգակցական կապ գտնել՝ ազատվելու համար, չկարողացավ։ Իր խաչը տարավ մինչեւ վերջ։ Ծանր էր։

Եկել են ժողովի. բոլորը ներկա են ու ներկա չեն։ Ներկա են ցուցակով։ Բայց իրականում ամենքին փոխարինում է Գալուստը. նախագահ՝ ես, հաշվապահ՝ ե՛ս, բրիգադիր՝ ե՛ս, Սարգիս՝ ե՛ս, Ջհան՝ ե՛ս, Ծատուր՝ ե՛ս, Անդրանիկ՝ ե՛ս, Վալոդ՝ ե՛ս, Թեւան՝ ե՛ս, Ուսուբ՝ ե՛ս, Դարչին՝ ե՛ս, Վարդի՝ ե՛ս, Թիվի՝ ե՛ս, Հաբի՝ ե՛ս, Զինի՝ ե՛ս, Սոնա՝ ե՛ս, Բենիկ՝ ե՛ս, Օսեփ՝ ե՛ս... Ավետիս, Շահեն, Սլավիկ, Գիրի, Կարո, Միշա, Նորիկ, Նինա, Էմմա, Մալխաս, Հայո, Հրո, Մակիչ, Արտեմ, Սամվել, Գուրգեն, Խաչի, Բենիկ, Մոսի, Նեսո, Եղիշ, Աշի, Սուրեն՝ ես, ես... դեհ Գալուստն էլ ե՛ս եմ ու ե՛ս եմ։ Իմանալով, որ շենը դատարկված է՝ Գալուստը էլի դուրս էր եկել պահեստի կտուրն ու կոկորդով մեկ կանչել՝ ա ժողովուրդ, քըղաքան մարդա յեկալ, լոխ եկեք, ժողովը սկսվում ա։ Ասել է ու ինքը բոլորի տեղակ՝ եկել։ Կարող եք ձեր ժողովը սկսել, բացակա մարդ չկա։
Սա իմ գյուղն է։ Մեծ քարից ներքեւ։ Արփագետուկը՝ մի պճեղ եւ անչափ մեծ, ամենամեծն աշխարհում։ Պատերազմ չէ՝ պատերազմ է։

Թաղում։ Թաքուն։ Անլաց։ Անծպտուն։ Անթափոր։

Սրտոտ տղա էր Մհերը։ Ուժեղ էր ու պինդ։ Ոչնչից չէր երկնչում։ Տանկը խփվել էր, որ հասանք՝ ամեն ինչ վառվել էր ու մենակ սիրտն էր երեւում։ Ոչ մեկից բան չէր մնացել, կարմիր սիրտն էր ծխում ու ալավ տալիս, նույնիսկ մի պահ կարծեցինք, թե դեռ բաբախում է...
Շապիկս հանեցի, սիրտը խնամքով փաթաթեցինք ու վերցրինք, որ որպես մասունք տանենք ծնողներին։ Դրինք բարձր մի քարի, որ կռվի դադարին տեղ հասցնենք... Մեկ էլ տեսանք՝ էդ քարից կրակ բարձրացավ, գնաց ու թեւերը բացեց։
Որ պատմում ենք՝ ոչ ոք չի հավատում, բայց աչքովս տեսել եմ։ Վազեցինք քարի մոտ, մենակ կրակի հետքն էր մնացել։ Սիրտը թռել էր։

Նայում է աստղին, չի նայում՝ աչքերը տալիս է աստղին, որի տակ ծնվել է մի անհասկանալի օր, տեսնում է, թե ինչպես ոսկեհեր ու նշի պես խոշոր-խոշոր, կապույտ չես ասի, աչքերով մի աղջիկ թեւավոր ձիու վրա թռչում. տեսնենք՝ ուր է գնում։
Ահա կանգ է առնում ուղիղ իր աստղի առաջ, հետո աստղի ոսկեդուռը բացվում է, աղջիկը ներս է մտնում, շրըխկ, դուռը հետեւից փակվում է, իսկ ձին հալվելով երկնքում, իջնում, իջնում է այնքան, մինչեւ որ մեկ քայլի վրա, մի կետ դարձած, անհետանում է։ «Խաղաղություն ինի աշխարհում, տեր Աստված»։

Ձեռքն ակամայից գնաց դեպի թիկունքը, ճիշտ այնտեղ, ուր Անդրանիկի զինվոր իր Խաչի պապը հայի ու թուրքի կռվում վերք էր ստացել, աջ թիակի տակից։ Նրանց բնույթն է էդպես, դեմից չեն գալիս, միշտ թիկունքից են կրակում։ Ուրեմն, իր թիկունքի վրա մռմռացողը պապի վերքն է՝ ինքն իր հետ մտածումների մեջ համաձայնեց Առանը (մեր գյուղում Առանդիկ են ասում)։ Այդպես է՝ վրեժի հետ ցավն էլ է փոխանցվում սերնդեսերունդ. արյունը ջրով չես մաքրի, արյունը արյունով է լվացվում։ Ապա չհնձված ու կոխկրտված արտի անհասկ ծղոտները տեսնելով, Առանդիկը մտաբերեց (սպասումը խաղաղ օրերի հուշեր էր բերում) պապի պայուսակը՝ մատնաքաշի պես փափուկ ու նեղ-երկարավուն, որի մեջ միշտ հանդից եկած մի ցորենի հատիկ կամ մի քիստ էր լինում, եւ որը Անդրանիկից հիշատակ էր մնացել, եւ պապը նրա մեջ էր, վարի կամ հնձի գնալիս, վերցնում հանդի հաց՝ Սաթենիկ տատի ձեռքով պողերին տաքացված ու Սաղուն տափի աղբյուրի ջրով ցողված։ Պայուսակը պապի մի մասնիկն էր դարձել, դա նրա նշանն էր, որով ինքը ինքն է՝ երկար ու դժվարին ճամփաներ անցած, այլ ոչ ուրիշը։ Քաջ կռվող էր պապը, բայց նաեւ անկրկնելի հողվոր էր։
Ուրիշի պատառին ձեռք չէր մեկնի՝ թե սովից էլ մեռներ։ Ինքն իր քրտինքի հարգը իմացող մարդ էր։ Սիրում էր երգի պես միշտ կրկնել. «Հողը պիտի ես ցելեմ, իմ ցելածը պիտի ես ցանեմ, իմ ցանածը պիտի ես պահեմ - ջրեմ, իմ պահած-ջրածը ես պիտի հնձեմ, իմ հնձածը ես պիտի կալսեմ, իմ կալսածը ես պիտի էրնեմ, իմ էրնածը ես պիտի ճեղաց (ջրաղաց) տանեմ, իմ աղածը ես պիտի թխեմ, իմ թխածը ես պիտի դնեմ սեղանին, բոլորը ուտեն, իմ բաժինն էլ նոր միայն բերանս տանեմ։ Հողից մինչեւ բերանս, տես, տես, է՜, ոնց է ձգվում ճանապարհը։ Էդ ճանապարհի պես երկար է ձեռքս։ Թեպետ ոտքով եմ քայլում, բայց ձեռքերս են ինձ տեղ հասցնում»։
Առանդիկի լեզուն ծարավից, կարոտից ու ցավից չորացել էր։ Իսկ մանկության մասրենու թուփն ուղիղ շուրթերի կողքին էր վեր ձգվում, ատամներով կրծեց մասրենու զոխը, ցողունի կեղեւը բացեց ու կաթ-կաթ ծորացող ավիշով թացացրեց շուրթերը։ Դառնանուշ էր այն օրվա պես, երբ դեռ ինքը մի մատ երեխա, մասրենու վրա բույն դրած հավքի ձագը ձեռքին տուն գնաց ուրախացած ու միանգամից վրան պայթեցին հոր ապտակն ու զայրույթը.«Դեհ, հիմա ոնց բերել ես, էնպես էլ տար, դիր տեղն ու արի»։ Մերը փորձեց մեջ մտնել. «Էս անձրեւին, էս կարկուտին»։ Հետո ուզում էր հոր ապտակը մեղմացնել. «Մատաղ ինիմ քեզ, բա հավքը որ գա, տեսնի իր ձագը բնում չէ,գիտե՞ս, որ լաց է լինելու։ Բա էդպես կանե՞ն»։ Հայրը անդրդվելի էր՝ չէ որ, չէ. «Թող տանի, դնի տեղը, գա։ Հենց հիմա»։ Ինքն ու մայրը տարան, ճանապարհին ետ նայեցին, տեսան հերն էլ գալիս է իրենց ետեւից։ Գեղացիք նայում, խնդմնդում էին՝ ճիշտ որ խենթեր, էս անձրեւի տակով իծաշարուկ դարձած էս ուր են գնում տնով-տեղով։
Մանկությունը աչքում արցունքվեց։ Բայց ինքն իրեն թույլ չտվեց, որ իր արցունքը տեսնի։ Զգաստացավ։ Ասում էր՝ պապ, պատմիր Անդրանիկի կռվից։ Պապը չէր պատմում, վերհուշի մեջ նորից կռվում էր ու ինքը ունկնդրում - տեսնում էր, սակայն միայն հիմա է հասկանում պապին, երբ կրկնվում է պատմությունը։ «Ոտքդ պիտի քո հողի վրա լինի, որ կրակելիս ձեռքդ չդողա, անվրեպ լինի արձակած գնդակդ»։ Առանդիկը փորձեց մասրավիշի մի կաթիլ էլ որսալ լեզվի ծայրով, չստացվեց, փուշը լեզվի վրա արյան մի գիծ էր դրել, ինչպես հուշը՝ սրտի մեջ...
Մասրենու գլխավերեւում մի բոռ էր պտտվում, որի բզզոցի մեջ Առանդիկի ունկը հեռանալով մեկ կորչում, անհետանում էր, մեկ կիպ մոտենում էր։ Գիտե, որ թուրքը օրը ցերեկով չի հեռանա, ուստի մնում է սպասել թաքստոցում, որ գերի չընկնի։ Պատսպարանը հին ժամանակներից մնացած ու թարս՝ բերանը դեպի ներքեւ, ընկած սարկոֆագ է մեծ, Մասրուտի թումբը հերկելիս են հողում հայտնաբերել, միշտ ասել են՝ էսօր-էգուց շրջկենտրոնի թանգարանից կգան-կտանեն, բայց ոչ մի օր էլ չեն եկել։ Ասում են՝ սուրբ քար է, նրանում հայոց հին թագավորներից մեկին են ամփոփել ժամանակին։ Դրա համար էլ գեղացիք Սուրբ քար են կոչել։
Առանդիկի մանկության խաղատնակն էր դարձել այդ քարը։ Քարի թեք իջնող երեսից ցած, ջրփախի կողմի վրա, մասրենու խիտ թփեր են, որ ծաղկում են՝ Մասրուտի թումբը բուրաստան է դառնում։ Ընկերները գալիս էին ու խաղում մինչեւ ուշ երեկո, իսկ երբ տեսնում էին, որ Սուրբ քարի մոտ կանգնած թփի բնատեր հավքը մոտենում է՝ հեռանում էին, որ նա անարգել իր բույնը մտնի։ Աշխարհագրության ուսուցիչը, որին աշակերտության մեջ ոչ թե ընկեր Սաքո կրճատ անունով էին հիշում՝ հասակի կարճ լինելու համար, այլ անվանում էին ՑԸ, որովհետեւ խոսքի մեջ անընդհատ «Ց» տառն էր օգտագործում՝ ցը... ապրես, ցը... հիմար, ցը... եւ այլն, ասում էր՝ ցը... դրանով դուք ձեր մարդասիրությունն եք ցը... դրսեւորում։ Քարը լավ է պահպանվել։ Ամեն գյուղ մտնող այդ քարին նստում, շունչ էր առնում, նոր գալիս։ Շենի ձեները այդտեղից լավ լսվում են։ Սոնա հորքուրը այդ քարին, էն անցած խաղաղ օրերից մի օր, նստել, հանգստանում էր, հանկարծ սկսեց բարձրաձայն ուշունցներ տալ։ Սոնա հորքուր, էդ ում ես ասում՝ հարցրել էր քարի տակ թաքնված Առանդիկը, որ դեռ մի մատ երեխա էր։ Վախից վեր էր թռչել Սոնա հորքուրը՝ արա, էդ մեր Վարսուն տղա... Առանդիկն ե՞ս, էդտեղ ինչ ես անում... Հետո շարունակել է՝ բա չե՞ս լսում, գյուղում իրար ուտում են, հայհոյում են, ասում եմ՝ գուցե մեր Զառունց ազգուտակից մեկին են ուշունց տալիս, ես էլ իրենց պատասխանն եմ ուղարկում։ Իր օխտը պորտի համար էլ Սոնա հորքուրը շատ էր սրտըհեռեչ (իր բառն է)։ Առանդիկը Երեւանում ուսանելու տարիներին էլ էր էս պատմությունը հիշում ու ծիծաղում էր ինքն իրեն՝ մանավանդ գիտական կոմունիզմի դասերին, երբ միտքը պարապ էր մնում։
Հիմա էլի քարի տակ է Առանդիկը, բայց քարի վրա Սոնա հորքուր չկա։ Փոխարենը թուրքերեն բառեր են հասնում իրեն։ Երկու ժամ էլ անցնի, մութը կընկնի։ Մեծ քարի ստվերի ծայրն արդեն հասնում է իրեն, ուրեմն ժմաժանք է սկսվում։ Տղաները՝ յոթ հոգի, բոլորն էլ թաքնվել են իրենց մանկության ծակուծուկերում, ոնց տարիներ առաջ՝ պահմտոցի խաղալու ժամանակ, բայց զենքերը հիմա իսկական են եւ թշնամին էլ իսկական է։ Մութն ընկնելուն պես կելնեն ու իրենց գյուղի վրա պահակող թուրքերին կսովորեցնեն, թե «գդե ռակի զիմույուտ», ոնց Բաքվից մազապուրծ եկած Հմայակն է ասում։ Հանկարծ հայերեն բառեր լսեց Առանդիկը։ Խաբկա՞նք է, թե...Առանդիկ..., Առանդիկ... Առանդիկ բառի մեջ՝ ռումբի պայթյուն, շատ մոտիկ։ Ապա՝ գնդացիրների անշտապ ճրթճրթոց, ոնց որ ծմակի կերած-խմած աժդահա արջը ծանրումեծ քայլերով չոր ցախի վրայով անցնելիս լինի։ Դեհ, թուրքի համար ավերելը կոչում է՝ առջեւում թեկուզ լինի Պրոպիլեյներ երկթեւանի... Թշնամին ուզում է համոզել այդ տարածքում ինքն իր «թռուցիկ» հաղթանակի մեջ, ինքն իրեն ստուգում է։ Նորից՝ լռություն։Առանդիկը փորձեց նեղ անցքով նայել Ապրեսի քարի կողմերը... Քթի տակ մրջնաբույն է, չի սիրում ձեռք տալ՝ մանկությունից ի վեր իր սովորույթն է։ Բայց թույլ տվեց, որ մրջյուններից մեկը, երեւի մրջնատան ամենափոքրը, մոտենա մասրենու բաց կեղեւին ու ծարավը կոտրի։ Շոգ է, զովի գալուն էլ դեռ ժամանակ կա…
Առանդիկ, Առանդիկ... Էլի իր անունն է։ Պատանեկության երազը այցելեց՝ բաց ու անքուն աչքերին, սպիտակաշոր աղջկա թեւը բռնած։
Թեպետ լույսը ներս չէր թափանցում համարյա, բայց Մասրուտի թումբի ամբողջ անուշահոտությունը զգում էր Առանդիկը։ Կծուխուրե երկինքը շրջակա բլուրների վրա փռել է մանկության քողերը՝ Լվացքատեղի ոսկե գետից հանված։ Եվ այդ ամենը՝ մի անցք- պատուհանից։ Եվ թե պատուհանից այն կողմ չլինեին լեռները, այդ պատուհանը չէր կայանա՝ որպես իրենը։ Հոլանի թեւերը թափահարելով մի կույս իջնում է Ապրեսի քարից դեպի ձախ, սարի ամենաբարձր լանջին, ջրի մոտ... Հանկարծ Առանդիկը տեսնում է, որ ինքն էլ թեւեր ունի, բացում է թեւերը եւ՝ թըռռ... Ինքն էլ չի հավատում դրան։ Հասնում է աղջկա մոտ։ Կույսը փարվելով նրան, ասում է. «Ես հենց այն աղջիկն եմ, որին դու երազել ես խենթ ու կրքոտ պատանեկության օրերին»։ «Անունդ ի՞նչ է»։ «Չգիտեմ, ինչ անվանես»։ «Սաթենի՜կ...»։ «Այո, ես Սաթենիկ եմ»։ «Իսկ ես՝ Առան...»։ Անվան մեջ նորից պայթյուններ են լսվում։ Սաթենիկը թեւի գունաճերմակ փետուրներից մեկը տալիս է Առանդիկին՝ դրանով բուժիր վերքդ, կանցնի։ Առանդիկը այդպես էլ անում է եւ ոտքի պատռվածքը լրիվ սպիանում է։ Ես կգամ գիշերահավասարին՝ ասում է Սաթենիկն ու բացելով թեւերը, անհետանում լեռնաուրցի բույրերով բռնկված երկնքի կապույտներում։
Աստծո ամեն օր՝ արեւածագին ու մայրամուտին, երբ մի մարդաբոյի չափ մուգ կանաչի մեջ ջրի ցողերը սկսում են շողշողալ, կույսն երեւում է։ Մանկությունից Առանդիկի աչքադրած աղջիկն է։ Կռիվը վերջանա, էլ բաց չեմ թողնի, կամուսնանանք՝ անցավ Առանդիկի մտքով։ Եվ կամուսնանա, խոսքը տափ տվողներից չէ։ Զառունց ամենաթանձր տեղից է, չէ՞։Զառունց մեղքը իսկ ո՞րն է (նրանք «իսկ»-ի իսկական տեղը խոսքում այնպես են շիլ գցում, որ մնում ես շշմած)։
Առանդիկը ֆիզկուլտհամալսարան էր ընդունվել, գնացել քաղաք։ Նամակում շան ու ձիու մասին ավելի շատ էր հարցնում, քան՝ տնեցիների, քուր-եղբոր, ընկերների, բարեկամների։ Բայց կոլխոզի կովերի ֆերման կորուստներ շատ էր կրում, մի գել սովորել, գալիս, կովեր էր ցրիվ տալիս, Եթիմանց Սուրենը եկավ, թե՝ Սարգիս, Առանդիկի Ալաթ շունը գելերին կհաղթի, տուր, մի շաբաթով տանեմ, էլի կբերեմ։ Բայց տարավ՝ էլ չբերեց։ Առանդիկը քաղաքից ամռան արձակուրդ եկավ ու հենց որ տեսավ շունը բակում չէ, իրեն դիմավորողների մեջ չէ, շրջվեց դեմքով ու հո չէր լացում, որ լացում էր... «Ինչի՞ եք տվել...»։ Ախր, պատը՝ պատին, հացփոխի ու փոխանթեղի հարեւան ենք, որդիս, Սուրենի խոսքը ոնց կոտրենք. թախանձում էր մայրը։ Հաջորդ օրը Առանդիկը ձիով դեպի ֆերմայի մոտերքը փայտի գնաց։ Կատաղած շները, որ մոտիկ ձորում գելի թողած լեշերի մեջ էին խոթել դունչները, վրա են գալիս։ Առանդիկը բարձրանում է Ցից քարը։ Այդտեղից նորից է կամաց կանչում՝ Ալա՜թ... Բոլորի վերջում գալիս է Ալաթը, բայց արդեն կաղ ոտքով, գելակռվի մեջ ստացած բազում սպիներով... Ճանաչում են իրար։ Ալաթը, ոնց որ մարդ, դունչը ուղղում է մեկ այս, մեկ այն, մեկ մյուս շներին, որոնք պպզած կենտահաչ էին տալիս՝ զարմացած հին ընկերների հանդիպումից, սաստում է իրենց հասկանալի ինչ որ բառերով, դրանց հաչոց ասել չի կարելի։ Բոլորը հեռանում են, մնում են Ալաթն ու Առանդիկը։ Առանդիկը, քարն ի վար սահելով, իջնում է, գրկում շանը ու ոնց են գգվում իրար։ Տնական ամենալավ ուտելեղենով էր Առանդիկը մեծացրել իր մանկության այդ անկրկնելի ընկերոջը։ Առանդիկն իր մոր պատրաստած հանդի հացն ամբողջովին բացեց շան հետ՝ թողնելով, որ նա ավելի շատ օգտվի «սեղանից»։ Իսկ վերջում ինչքան փորձեց շանը գյուղ բերել, Ալաթը չհամաձայնեց։ Տեսնելով Առանդիկի խնդրանքն ու թախանձանքը, շունը եկավ ընդամենը մինչեւ Մասրուտի թումբը։ Իսկ երբ փայտով բարձած ձիու հետ Առանդիկը Ղաշխա խութը դուրս եկավ՝ գյուղի դիմաց, Ալաթը ետեւի ոտքերի վրա նստել էր Մասրուտի թմբի նույն քարի վրա ու հայացքով հրաժեշտ էր տալիս։ Առանդիկի հիշողության մեջ այսօր էլ մնում է մի պատկեր՝ տխուր, շատ տխուր մայրամուտ, մայր մտնող արեւի շողերի մեջ Ալաթի մոխրագույն ուրվաքանդակը եւ լուռ, անհունորեն լուռ Սուրբ քարը, այն քարը, որի տակ այս ամենն այժմ վերապրում է Առանդիկը... Հարեւան թուրքերը քանի անգամ էին եկել՝ յոթ փութ յուղ ու բրնձով, որ շունը իրենց տան, Առանդիկը չի համաձայնել,ասել է՝ ոսկի էլ բերեք, չեմ տա, ընկերն ընկերոջը չի ծախի...
Իսկ առանց Սուրբ քարի, շենը շեն չէ։ Սիպ-սպիտակ է քարը եւ գիշերները լույս է տալիս։ Նույնիսկ Փոլադանց Խանումը՝ ժողովրդական բժշկության գիտկան, ասում է՝ այդ քարը բուժիչ հատկություններ էլ ունի, եթե հիվանդը նստի քարի վրա, կլավանա։ Սուրբ քար... Կաքավն այդ քարին է իր կաքավուհուն սիրտ բացում՝ շաղ-կղա,հանդից եկող ցուլն այդ քարին է կողը քսում-քորում, Նատուց Վարիշկան մի սարի չափ ցախ շալակած այդտեղ է նստում, հովիվ Արտեմը այդ քարի վրա է հանդի «սուփրան» բացում, հետո վայրի հավքերի բաժինը թողած՝ հեռանում։ Ականջը դրած հողին՝ Առանդիկը փորձում է Թռչկանի (դա իր ձիու անունն է) վազքից հասկանալ, թե որտեղ է նա։ Ահա՝ մերկ, զսպանակված պարանոցով ու քամուն տված բաշով, վարգում է Դերին աղբյուրի ճանապարհով, Աստված իմ, հանկարծ ականի վրայով չանցնի, հասավ, վրնջաց աղիողորմ, ապա, ջուր չխմած՝ թեքվեց դեպի Ապրեսին քարը, դիք, անանցանելի կածաններով։ Մեկ-մեկ էլ , իր՝ Առանդիկի շնչի վրա գալիս, կանգնում է Սուրբ քարի մոտ, մասրենուց մեկ- երկու տերեւ պոկում, չլսելով թաքստոց մտած տիրոջ ձայնը, ոտքով խփում քարին (լավ է թշնամիք դրան ուշք չեն դարձնում), ճերմակ, խալխալոտ որձաքարից ձին իր ոտքատակի նալերով (որից ամեն տան դարպասի կա՝ որպես աչքահուլունք) կայծերի խուրձեր է հանում, դառնում ու ամենաարագ վազքով մտնում է շենամեջ՝ տնտղում զոհված տղաների դիակները, նրանց անդալար պահվածքներից հիասթափված՝ ցատկոտում դես ու դեն՝ ասես հրեշտակ լինի ողբավարս։ Առանդիկի ձին է,անսովոր մեծ, մարզական խաղերում նրա հետ էր Առանդիկը թռչում արգելաձողերի վրայով։ Ու քանի ոսկե մեդալներ է բերել Թռչկանն իր տիրոջը։ Բայց քաղաքն Առանդիկի համար այդպես էլ մնաց խլափակ դուռ։ Գյուղ եկավ, ձին էլ՝ հետը։ Ասկյարները մի ստվար խմբով՝ ձեռք-ձեռքի տված, շրջափակել են Թռչկանին, կալմեջ արել, բայց էլի բանի չեն հասել, ձին առանց դժվարության, ասկյարների գլխավերեւով, երկու մետր բարձր լատանների վրայով ցատկել է ու, ահա մի ամբողջ օր է, բռնել չի տալիս։ Միայն թե՝ թռիչքի պահին ձիու փորկապից կախված տապճակն է ընկել ազերիների գլխին՝ նրանց մի պահ դարձնելով նամազի պահին երկինք նայող ճերմակ չալմավորների։
Ձիու վրնջոցը կտոր-կտոր է անում թաքստոցում պահ մտած զինվորներին։ Տղաները գիտեն, որ տարածքը գրավված է ազերիների կողմից, մի շենի ազատագրումով ոչինչ չեն անի այժմ, ուղղակի մնացել են զոհված ընկերների՝ Արտաշի, Սասունի, Սերգեյի դիակները հողին հանձնելու համար։ Գիշերը կամփոփեն նրանց հողում ու շրջափակումից դուրս կգան։ Շենի ամեն կածան, ամեն պուճախ ու ծալք նրանց համար բաց գիրք է՝ անգիր արված մանկության։ Առանդիկը սթափվեց մտքերից։ Ժամանակ էր անցել։ Ստվերներն արդեն թանձրացել էին, մութը վրա էր հասնում ուշացածի աճապարանքով։ Գյուղի վրա պահակող ազերիներից մի քանիսը ժամաժանքի քաղցր մրափի մեջ էին։ Սպասել էլի՞, թե... Բայց, չէ՛, մտածեց, մի քիչ էլ համբերել, նոր միայն գիշերահավքի իր կանչով ազդանշան տալ։ Ստվերները մգել էին սեւ մելանի պես, փաթաթվել արեւից շիկացած Մասրաթմբի քարերին, ու դրանից թշշում էին օդն ու Պատառի ձորից վեր բարձրացող պաղ հովը... Այդ պահին էլ Սաթենիկ հրեշտակի ձենը համբուրեց Առանդիկի լսողությունը...
Մեծ քարի վրա անակնկալ հայտնված մի քնքշաճերմակ ամպ միանգամից արձակեց կայծակե գոտին ու փուլ եկավ սարի կրծքին։ Եվ այդքանը՝ մի աչքաճպի մեջ։ Մեր գյուղի երկինքն այդպես է, մեկ էլ տեսար՝ արեւ-արվանա օրվա մեջ, թխպում, տրաքում-տրըքտրըքոտում է,լվակարկուտ անում ու այնպես արագ էլ պարզվում, ծիր-ծիրանի դառնում, որ ասում ես՝ էս էն ա՞...Եվ օրը, որ մթնած էր համարվում, հանկարծ փոխվեց։ Տեփուրի վրա դրված՝ երեւաց արեւն՝ անտառների գլխավերեւում։ Թեպետ մեկ է շենացու համար՝ մութով էլ լույս է, ոտքով էլ է տեսնում ճամփաների խարն ու խութը։ Առանդիկի ձեռքն ակամայից գնաց դեպի իր թիկունքը։ Նրա մեջ խոսում էր վրիժակը, ազդանշան տվեց, եւ տղաները անհայտությունից մեկեն ծիլ տվին՝ ամեն մեկն իր դիրքում։

Անդրի քեռու աչքերն արդեն չէին տեսնում եւ լսողությունն էլ ծանր էր։ Մենք էլ՝ չարաճճի ու չրթի-փըրթի երեխաներ, ուզում էինք կողքով աննկատ անցնել, որ նրա հերթական հանձնարարություններից փրկվենք… Բայց նկատում էր մեզ անպայման.
-Էդ հուվը՞ս…
Ուրիշի անուն էի տալիս՝ Ակուդադունց Գիրին եմ։
Դիտողություն էր անում.
- Մի՛ խաբիր, գիտեմ, որ Զառունց Հաբու թոռն ես, բայց դու էն ասա՝ Սարգիսի տղան ես, թե՞ Եղիշի…
Ինձ, տեղում բռնված-մեխվածի պես, մնում էր խոստովանել.
- Սարգիսի…
- Հա, ախր ասում եմ, որ… Ղորմի Հաբուն…Թեւանի բանակում միասին ենք կռվել…
- Բա ասում ես՝ չեմ տեսնո՞ւմ, Անդրի քեռի,- «գրոհս» շարունակում եմ երեխավարի։
- Անդրի քեռին քե մատաղ,- ասում է,- ես հո մենակ աչքե՞րով չեմ տեսնում, լռությամբ էլ եմ տեսնում, ձենով էլ։ Բա՞… Խումհարագոմերի խնձորենու վրա բույն դրած չարդի կանչից էլ հասկանում եմ, թե տակին քանի ձու կա…

Ինձանից է սկսվում այս քարը. իսկ այս ծաղի՞կը, այս փուշը, այս երկինքը, այս օձը, այս... Իսկ ե՞ս ինչից եմ սկսվում։
Մուհամեդը եկավ՝ բարեւ Սուրեն։ Սուրենը էլի Սուրենն էր։ Մուհամեդն ասաց՝ լավ ցուլեր ունես, մեկը կտա՞ս, տանեմ՝ մորթեմ։ Սուրենը նայեց առանց կասկածի՝ քեզ փեշքեշ, որն ուզում ես։ Մուհամեդը մտավ գոմ, բոլորն ուզեց, առաջն արավ, որ տանի։ Սուրենը ուշքի եկավ, կանգնեց Մուհամեդի առաջ, որ նա տեսնի Սուրենին, հասկանա, որ Սուրենն է էլի, ինքն էլ՝ Մուհամեդը լինի։ Մհամեդը գնդակն արձակեց, որովհետեւ Մուհամեդն էր։
Եվ արեւի շողերը թպրտացին արյան մեջ, մճճվեցին։ Մալխասանց Սուրենը, ասում են, մինչեւ հիմա էլ նման է ճյուղը կորցրած հավքի, որ չգիտե՝ ուր իջնի, թեւին է տալիս անընդհատ, աչքերում՝ արյան մեջ թպրտացող Հայկանուշի, Հայասերի, Սուրենի, Էմմայի պատկերները։ Էդ գիշեր Ղաշխա խութի հանգստարանից մեռելները մեկ-մեկ վեր կացան քնից՝ ծեր թե ջահել, գյուղում ուրիշ ոչ մեկը չկար, զենք առան։
Տեսնես ինչ մտքով է ամեն օր Մեծ քարի վրա իջնում երկինքներ կտրած-եկած հսկա աստղը։ Ո՞վ կասի։ Գուցե այն տղանե՞րը, որ գիշերը աստղերի թեւով թռչում են։ Մեծ քարը երբեք չի փոխվում՝ երբ էլ նայես՝ ինքը Մեծ քարն է։

Ճանապարհը հուշարար է։ Ճանապարհը ասում է՝ դուք չեք գնում, երբ հեռանում եք։ Ինչպես կարող եք ձեր սիրտը դեն նետել, մի կողմ թողնել ապրած օրերի հուշը, ծննդավայրի առաջին սիրո ճամփան, ձեր հարազատների շիրիմների վրա վեր ու վար ճախրող հրեշտակներին ու հեռանալ, սփյուռվել։ Դուք պարզապես մասնատում եք ձեզ, բաժան-բաժան եք անում, քաղցրությամբ դյութող թույնի թմբիրներով տրվում եք թվացյալ «դրախտին» ու անարթնանալի, անարթնանալի մշուշով խորը քնում եք։ Դուք չեք գնում, երբ որ գնում եք։

Տղեկն ընկավ դարանամուտ կրակոցից՝
ծմակի մութ ոլորանում.-
զինվոր ախպոր հացն էր տանում...
Թամբին մի շիշ թթի օղի
ու ժենգյալով հաց՝ դեռ տաք-տաք,
ձին կանգ առավ՝ վեհ ու վսեմ,
բաշը տվեց քամիներին,
դունչը տնկեց արեգակի վրա ծագող
ու վրնջաց,
ու վրնջաց ձիգ ու երկար՝
ցող ու շողում այգաբացի,
վաղորդայնի կապույտի մեջ։

Առանց աստղոտ այդ խրխինջի
այնքա՜ն չասված բան կմնար
այս ավերվող աշխարհի մեջ, մեր սարերում։

Տաք փնչոցից եւ ռունգերի հուր ու քամուց
խտուտ եկան խոտ ու ծաղիկ, թուփ ու տերեւ,
կակաչներից թերթեր ընկան մոտիկ ժայռին։

Ամեն ինչ աշխարհում խառնվելուց առաջ, խառնվեց Գեոյի մեջ, ծիծաղն ու լացը իրենց տեղերը փոխեցին։ Ասին՝ Գեո, տղա ունեցար, ծիծաղեց, հետո զգուշաբար իբր, ասին՝ Գեո, կինդ ծննդի ժամանակ չփրկվեց։ Հրամանատարի տված բենզինը չի հերիքել, որ շրջկենտրոնի ծննդատուն հասցնեն։ Չի փրկվել, ծնունդը ծանր էր։ Գեոն ծիծաղի միջից ճչաց։ Դա էր։ Ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Հիմա, երբ զոհված ընկերոջ դիակի մոտ արտասուքոտվում են տղաները, ինքն սկսում է բարձրաձայն ծիծաղել։ Բոլորը հասկանում են, ճանաչում են, սիրում են ու ցավի միջից ժպտում ներողամտաբար։ Մեր Գեոն է։
Քերծ Գեո են կնքել ընկերները։ Ուսերին տանկ են դրել՝ պահել է։ Առանց չափազանցության։ Կանի։ Ես գիտեմ նրան, տեսել եմ, հավատում եմ։

Արկը դիպել է ծառին, եւ մեղվատունը փչակի մեջ ավերվել է, գարնանային անդրանիկ ծաղկանց մեղրը հոսում է ճեղքված ծառուբունն ի վար, հողին է կաթկթում։ Արեւի շողերը հողին դեռ չհասած կաթիլների մեջ ինչ-որ պատկերներ են ուզում տեղադրել, չի ստացվում։ Մեղվափչակն աչքի տակով հսկող-պահող անտառապահը վաղուց չկա։ Օրերը ծանր ջաղացքարերի պես՝ անհատիկ ու անլույս, իրար ուտում են։ Իբրեւ օրեր են իրենք էլ, բայց օրեր են։

Ձյունը դարս-դարս կիտվել էր՝ մի օրվա չէր, երկու օրվա չէր։ Հետո սառել, ասես ձվի կեղեւով պատվել էր, վրայից էլ երկինքը թեթեւ ճերմակափոշի էր ցրել՝ արցախցիներս «պենջարփսոկ» ենք ասում։ Շուշին քերծի վրա է, Քարինտակը՝ ներքեւ։ Շուշիում որքան էլ ապրեր ազերին, մեկ է՝ Շուշին նրանը չէր դառնա։ Աստված վկա։ Բայց Շուշի խցկված ազերին վերեւն ու ներքեւը խառնել էր իրար, գյուղը պահում էր կրակի տակ։ Թիվը՝ 1992։ Ամիսը՝ հունվար։ Օրը՝ 26-ին։ Քարինտակը զարթնում է... օղակի մեջ։ Մինչեւ ատամները, չէ, ատամներն էլ զինած ազերիներն ընտրել էին աֆղանական տարբերակ։ Ուր նայում ես՝ ձեռք-ձեռքի տված, ասես՝ սառցալուլաներից սարքված, ասկյարներ են. մի մասն էլ Չուրչուռի կողմից մտել, վերցրել է «Գարաժներ» տեղամասը՝ դարձնելով հենակետ։ Դիրքավորված ենիչերները փողի տակ էին առել երեւացող բոլոր ուղիները։
Յոթնազավակ Շուշան մայրիկը (հիմա էլ ապրում է) կանգնեց իրենց շահ թթենու մոտ ու աղոթքն առաքեց երկնայինին՝ ամենակարող Տե՛ր, օգնական լե՛ր մեր տղորանցը, փրկի՛ր մեր էս անմեղ ժողովրդին։ Նույն պահին երկինքը մթնվեց, Արցախա սարերի թուխ թխպերը, որտեղից որտեղ, Գանձասարի, Ամարասի, Գտչավանքի կողմերից սահանքով աճապարեցին, եկան ու սեւ լաթի պես փակեցին ազերու հորիզոնը։ «Փառքդ շատ, Տեր Աստված, որ ձայնս լսեցիր»։ Մի քանի րոպեների մեջ, ուղղակիորեն, ամեն ինչ կարգավորեցին։ Գյուղի շրջափակման մասին գուժող Ալյոշայի կրակոցները ոտքի հանեցին բոլորին... Մեծ ու փոքրով զենք առան, ասում են՝ երբ նեղն ես ընկնում, տանդ քարն էլ է քեզ հետ շարք կանգնում։ Շենի որոշումը միանշանակ էր, ոչ միայն ծերերն ու կանայք, ծծկեր երեխեքն անգամ զինվորագրվել էին... Եվ դա թուրք նշանառուին այնքան էր կատաղեցրել, որ լվացքապարանից կախված մանկական շորերն էր անգամ կրակի տակ առել...
Կռիվը ծավալվեց գյուղի շեմին ու տեղ-տեղ էլ՝ գյուղի ծերին գտնվող տների մոտ։ Ամեն տուն՝ մի ամրոց, ամեն կին ու տղամարդ՝ մի բերդ։ Ազերիները, որ հանկարծակիի բերելու եղանակն էին ընտրել, հանկարծակիի եկան քարինտակցիների «հյուրասիրությունից»։ Շենի մոտ կռվի առաջին իսկ վայրկյանին մերոնք պայթեցրին մոտ հազարի հասնող ասկյարների առջեւից շարժվող զրահամեքենան։ Ընկրկման պահ չեղավ։ Ալոշն ուղղվեց դեպի Խաչին սըռ բլուրը, որը, փաստորեն, գյուղի նախադուռն է։ Իսկ Վաղոն եւ նրա քրոջ որդին, որ Երեւանից էր հասել, ապա Ցեցունց Միշան շտապում էին, որքան հնարավոր է արագ, շենի դիրքերում պահակող տղաներին փամփուշտներ հասցնել, բայց, ավա՜ղ, մի վարձու նշանառու, որ դարան էր մտել Շուշվա քերծի վրա, երեքին էլ սպանեց։
Ալյոշը , ընկերների հետ, կրակի տակ էր առել ազերիներին։ Մի քիչ ավելի ուշ նրա արձակած գնդակից վարձու նշանառուն քերծից վիժեց դեպի անդունդ՝ փտած տանձի կաթուկ հիշեցնելով։ Գյուղի դիրքերը ռազմավարական առումով, չափազանց ճշգրիտ էին տեղադրված։ «Գարաժների» կողմից կրակող ազերիները նախճիր էին նախապատրաստել։ Վալունց Շուրայի աղջնակին՝ Մարինային, որ փամփուշտ էր հասցնում հարեւանին, ազերու գնդակը հասավ հենց փողոցում։ Օգնության վազող հարեւան շոշեցիներն ու քարաշենցիները շրջափակման մեջ էին ընկել ճանապարհին։ Կռիվը թեժացել էր եւ Հանգստարանի դիրքերում։ Կռվից սարսափահար դուրս ճողոպրող ասկյարի արձակած գնդակը Ալոշին գտավ Խաչին սըռում։ Մի պահ երերաց Ալոշը, շրջվեց, տեսնելով մոտեցող ազերուն՝ չընկավ, հենվեց ծառին՝ պապի ձեռքով տնկված, ծառը պահեց նրան, ասես համբուրեց ու վերքը փակվեց... «Ալոշն էն սխրանքը գործեց,- տարիներ հետո պիտի սպարտացիների կողքին կանգնելով, վերհիշեր Քարինտակի պատմության ուսուցիչ Արմոն,- ինչ 2500 տարի առաջ, Թերմոպիլեի լեռնանցքը պաշտպանելու ժամանակ, կատարեց Լեոնիդասը»։ Ալոշը գնդացրի մի ամբողջ լիցքատուփ դատարկեց ասկյարների վրա։ Վճռորոշ էր նրա մարտը։ Չնայած ծանր վերքին, Ալոշը չէր ուզում լքել դիրքը։ Նորապսակներ Աբոն ու Ադելան դիրքավորվել էին Շամիրանց բաղից վերեւ, Ջաղացի մոտերքում։ Եվ հանկարծ Ադելան նկատեց, որ Աբոն արյունոտ է, սակայն չի ուզում խոստովանել վիրավորված լինելը. կինը հասկացավ՝ փրկել էր պետք։ Եվ անմիջապես գյուղի աղջիկները, որ բուժքույրի, զինվորի ու, ինչու չէ, ինչ-որ տեղ նաեւ հրամանատարի պարտավորություններ էին ստանձնում, ծանր վիրավորներին՝ Ալոշին ու Աբոյին, դնում են «Ժիգուլի» մեքենայի մեջ՝ Ադելայի հսկողությամբ, ճանապարհում Ստեփանակերտի հիվանդանոց։ Քաղաքից օգնության եկող «ԲՄՊ» մակնիշի մեքենան մինչեւ ճանապարհ կտար վիրավորներ տեղափոխող մեքենային, ազերիները խփում են ու արկը պայթեցնում է «Ժիգուլին»։ Կենդանի է մնում միայն «ԲՄՊ»-ի վարորդից ճանապարհ խնդրելու համար մեքենայից դուրս եկած վարորդը։
 Հետաքրքիր հնար է «բանեցրել» իր քաջագործություններով հայտնի Վագիֆը՝ գյուղի մոտ միագամից յոթ ազերու դեմ-դիմաց դուրս գալով։ Հանկարծակիի եկած ազերիները նրան ուղղելով գնդացրի փողերը, վախեցած վրա են բերում.
-Կանգ առ, ո՞վ ես։
Թուրքերենը թուրքերից լավ սերտած Վագիֆը չի կորցնում իրեն, նրանց, պատասխանի փոխարեն, շտապեցնում է իրենց իսկ լեզվով.
-Տղերք, հայերը գալիս են, բոլորդ՝ իմ ետեւից, շո՛ւտ, այստեղ թաքնվելու տեղ կա։
Ու նրանց քաշելով նեղ, գրեթե անանցանելի քերծուղու մեջ, հարմար պահ ընտրելով ինքը, միանգամից դժոխքի ծոցն է ուղարկում բոլորին, նոր միայն «ծանոթություն տալիս»՝ միաժամանակ հավաքելով զենքերը.
-Ես քարենտակցի Վագիֆն եմ, Օհանանց Համբարձուն տղան, «պա տո՞ւք հուվըք»...
Վագիֆի ձայնի ու շեշտադրման մեջ, անշուշտ, 1920 թվի շունչ կար... Թուրքերը հրդեհելով Շուշին, փորձել են նույն բախտին արժանացնել նաեւ Քարինտակը... Բայց բերդաքաղաքից երկինք հասնող կրակներն արդեն ոտքի էին հանել քարինտակցիներին մի բուռ, որոնք էլ արժանի ձեւով շեյթանի քթին խփել են, ճամփան փակել։
Քարինտակի մարտն ավելի է թեժացել։ Նրբագեղ ու բարակիրան Ռուզանը դարձել էր կրակե մրրիկ, մի պահի մեջ հասցնում էր դիրքից դիրք հասնել, կարկտաթակ եղած ազերիներից վերցրած գնդացիրները, ութսունից ավելի, բաժանել շենացիներին, իսկ Վերդունց Անդրոյին քիչ էր մնում ծեծի՝ ուշանալու համար. «Տղերանց փամփուշտը պրծել է Խաչին սըռում։ Շո՜ւտ...»։ (Ի դեպ, դրանից երկու տարի հետո Երեւանում Անդրոն հանդիպեց Ռուզանին, հիշեց այդ օրը եւ կատակով ասաց՝ երեսիս վրա քո չտված ապտակի տեղը մինչեւ հիմա ցավում է։ Ու ժպտացել են՝ քույր ու եղբոր գրկախառնումով։)
Քարինտակը պլթպլթում էր կրակի ու արյան մեջ։ Ձյունասպիտակ հրեշտակները Ղազանչեցոց եկեղեցու եւ Կանաչ ժամի նախշաքանդակ կամարներից պոկվել, եկել, թեւերի շոյանքով բալասանում էին վերքերը զինվորների, հավատ ու հույս էին ցրում մանանայի պես, քարինտակցու ուժն ու կորովը բազմապատկում էին։ Շենացիների աչքի առաջ Վագիֆի միջով յոթ գնդակ է անցել, բայց այդպես էլ նա մնացել է կանգուն ու կռվել է մինչեւ վերջ։ (Վագիֆը նահատակվեց ավելի ուշ, 1994թ., զենքը ձեռքին)։ Ինչ տղաներ զոհվեցին, ինչ տղաներ... ամեն մեկը՝ մի տան սյուն, ամեն մեկը՝ մի տան ճրագ, ամեն մեկը՝ մի օջախի կրակ... Վաչոն, Գրիշան, Գարիկը, Հենոն, Կարոն, Միշան, Աբոն... Նրանցից ոչ մեկը չի եղել մինչեւ այդ Տղմուտ գետի ափին՝ 451-ին, բայց այդ օրը՝ եղավ, նրանից ոչ մեկը չի եղել Մուսալեռում արծվենի, բայց այդ օրը եղավ, նրանցից ոչ մեկը չի եղել Զեյթունում, բայց այդ օրը ՝ եղավ ու «լաց եղան թրքաց մայրեր», նրանցից ոչ մեկը չի եղել Սարդարապատում... Բայց չէ, Միքայել պապը Սարդարապատում եղել էր, երբ դեռ տասնիննամյա պատանի էր, այդ օրն էլ եղավ ու վերապրեց ամբողջը. հայ քաջորդիներով Քարինտակը առավել Քարինտակ եղավ... Բայց նրանք մենակ չէին։ Ասում են, Անդրանիկ Զորավարը, իր սպիտակ ձիու վրա, շրջում է հայոց աշխարհում, անտես (միայն Աստված է վերեւից օրհնում նրա ուղին), հայի ամեն մի նեղ պահին իր սուրը պարզում է։ Նույնիսկ նրան այդ օրը իր ձիու վրա նստած տեսել է, երդվում է, փոստատար Աթունը, Քարինտակի մոտ՝ Չուրչուռի մասում, թուրքի դեմ կռվելիս։ Իսկ Ահմեդին ո՞նց հանդիպեցիր՝ մեկ-մեկ էլ կատակում են քարինտակցիներ Գարեգինը, Վլադիկը, Շահենը, Լյովան, Ավետը, դիմելով Աթունին, որին, ճշմարտությունը աղուկինձով չարած, այսինքն՝ չհամեմած, չհղկած, դիք-դիք ասելու համար շենացիները անվանում են Վըրցըկյեզար (որձ եւ գազար բառերից է) Աթուն։ Ճամփան անցնում էի՝ համ էլ հաշվում ազերիների լեշերը՝ 130-ից անցնում էր թիվը, մեկ էլ տեսա Մաքունց «քիրվայի»՝ միաչքանի Ահմեդի լեշը հենց ճամփի մեջտեղում փռված, անշնչացած, պատմում է Աթունը։ Ոտքս կախ գցեցի, ասի՝ մինչեւ որ սրտինս չասեմ, չեմ հովանա։ Ասացի՝ ում ես մի պատառ տվել, Ահմեդ քիրվա, առողջ աչքիդ չի դիպել գնդակը, համ էլ հիշեցրի՝ ուրիշի տունը թվանքով մտնողի վերջն էլ դա է լինում։
Գյուղը չէր լքել ութսունամյա Խոնարհ տատիկը։ Նա չենթարկվեց ոչ տղաների, ոչ թոռների, ոչ ծոռների թախանձանքներին, իր հորական տնից աղջկաբաժինք բերած գորգից կախված թուրը վերցրեց՝ տան մեծի առարկություն չընդունող մի շարժումով, արխալուղի փեշի տակ տեղադրեց եւ իննամյա Արմեն ծոռան հետ մտավ թոնրատուն. «Մեր Հայի սուրը (Արցախում ամուսիներին այդպես են հիշում մեծ մամաները՝ որպես ավանդական խոնարհության նշան՝ չտալով նրանց անունները) մեզ միշտ փրկել է, էսօր էլ կփրկի։ Ես «վերին բաղի» ծաղիկ չեմ, որ գնամ՝ ձեզ թողնեմ... Առանց ձեզ ես ում եմ հարկավոր»։ Կռվի ամենաթեժ պահին, երբ Աննան դուրս եկավ տան անկյունից՝ ամուսնուն նոր փամփուշտներ հասցնելու նպատակով, չափարը ճեղքող ազերի ասկյարը մի պահ պատրանքների մեջ ընկավ... Բայց դա պահ էր, հենց մոտենալու փորձ արեց, ասկյարի թիկունքին Խոնարհ տատիկի թուրն իջավ շեշտակի. երկու ձեռքով այնպես վրա բերեց թուրը, ասես բուրդ էր ծեծում տան կտուրին։ Երկրորդ ազերին ընկավ գլխին իջած երկաթաձողի հարվածից, խփողը Խոնարհի թոռն էր՝ Գարիկը։ Իսկ Միքայել պապը (հին ոսկոր եմ, կդիմանամ՝ իր խոսքն է) տան թիթեղածածկի տակից երկփողանի հրացանով մարդագելեր էր որսում։ Տնից տուն զենք էին փոխանցում, տնից տուն հասնում էին իրար մեծ ու փոքր, բոլորը զինված՝ պարսատիկից, բահ ու եղանից մինչեւ... գնդացիր ու նռնակ, մինչեւ խորհուրդը երկնայինի... Իսկ փոքրիկ Արմենի բաց արձակած գամփռը, որն Առյուծ անունը վաստակել էր որսի ժամանակ գել խեղդելու համար, Արմենի «Առյուծ, քեզ տեսնեմ, գել ա» հորդորի վրա պոկվեց ցախանոցից ու մի ազերու ոչ միայն խեղդամահ արեց, այլեւ միանգամից իր վրա վերցրեց ասկյարների մի ամբողջ խմբի կրակահերթերը։ Արցունքոտված ու բռունցքները սեղմած Արմենին մի կերպ տատիկը պահեց, որ կացինն առած չնետվի ազերիների ոհմակի մեջ։
Քարինտակցիների հաղթանակը հաղթանակ էր, բայց ավաղ՝ քսանմեկ նահատակների արյան գնով (հետո այս թիվը, ցավոք, զգալիորեն աճեց արցախյան գոյամարտի ընթացքում)... Մի փոքրիկ, մի անկրկնելի գյուղում հնչեց հայոց նոր գոյամարտի հաղթանակների առաջին ղողանջը։ Այդ մասին լսելով, մի թուրք փաշա ասել է՝ եթե Ղարաբաղի բանակն իմը լինի՝ յոթ օրում աշխարհը կգրավեմ։ Ախորժակիդ՝ քացախ, ասում է թուրքերի «կաշին դեռ դաբաղխանայից» ճանաչող Միքայել պապը, որ շենի հերոս քաջորդիներին հողում ամփոփելիս, չմոռացավ հուսադրել ապրողներին՝ մեծի իրավունքով. «Մենք չենք գնում, ժողովուրդ, մենք միշտ գալիս ենք եւ երբեք չենք գնալու։ Էս մեծ, էս անսահման ցավի մեջ էսօր էլ համոզվեցի, որ, իսկապես՝ Աստված էլ ղարաբաղցի է»։
Պատմում են՝ այդ օրից սկսած, ամեն օր լուսաբացից առաջ, արծիվները գալիս երամով, շենի շուրջ կանգնում են՝ ամեն մեկը մի ժայռի վրա, հսկում Քարինտակի առավոտը, իսկ լույսը բացվելուց հետո, թռչում են երկինք։ «Էն մեր սուրբ նահատակների արթուն ոգիներն են, տղերք»։

Առաջնորդի արձանը հողի վրա է ու հողի վրա չէ, հողի վրա է ու հողի հետ չի խոսում։ Զինվորը սեղմում է ձգանը, բայց գնդացիրը չի կրակում։ Արձանը մեջտեղից վերացնելու դեպքում «նավսը» կանցնի։ Պարգեւ Սրբազանը օծված խաչը երկնքից երկիր տարավ-բերեց, համբուրեց խաչը. էնպես էլ սազում է. խաչը որ լեռան դիմահայաց կանգնեցնում է՝ երկնայինի առաջ, լեռը մեկեն եկեղեցու գմբեթ է դառնում խաչի տակ։ Հիսուսի մեղրախոսքն է կաթեցվում մեր ամեն թփի ու քարի, ամեն ծաղկաբաժակի ու ամեն ունկի մեջ։ Առաջնորդին մի «գրուզավիկի» հետույքից կապեցին ու փողոցով, որ առաջնորդի անունն էր կրում, քարշ տալով, տարան։ Թե՝ ուր, Աստված կիմանա, մեր գործը չէ։ Միայն թե ճանապարհին ով հանդիպում էր՝ երկար տարիների իր խաբվածության ամոթից, ձեռքով աչքերը ծածկում էր, դեմքը շրջում։ Միայն մի տարեց կին էր, որ ձեռքը դրեց ճակատից վեր՝ տեսնելու, ինչ են անում, ում են տանում, իսկ երբ հասկացավ ամեն ինչ, ձեռքը չանչ արեց դեպի քարշ եկողն ու ասաց. «Կա է, նամուսդ կտրվե»։
Մենք նորից սկսվեցինք մեզանից։ Եվ ավազանը օծված է, ձկները վար ու վեր են թռչկոտում Կարկառի ջրերում, Կապուտանում, Զնգանագետում ու Թարթառում, Խաչենագետում... Արցախում օդը մաքուր է, այնքան, որ երկնի ամենավերին գմբեթում հնչող զանգի ղողանջները, ասես ուղիղ ականջիդ տակ, զրնգում են կապույտ-կապույտ. «Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն Քո...»:

Գաղթականների խմբից ետ մնացած մի բնավեր կին իրեն ու երեք տարեկան երեխային պահ է տվել Սաքունց սարի Սուրբ մատուռին։ Երեխան բռան մեջ, որպես լույսի մաքուր հատիկներ, ամուր սեղմել է մայր մտնող արեւի վերջին շողերն ու քնել՝ անցած, ներկա ու գալիք բոլոր պատերազմներում հաղթանակած։

Մակիչին օժը շուլուղեն մաչին ա՝ հինչքան էլ վեր տխուր ինի։ Մին էլ տեսեր կռվեն ամենաթեժ վախտը Մկրտիչին ասումա՝ «զարյադկաս» պրծնում ա, մին պեն պատմե։ Լհա վեր «դադարը» սկսվըմա, Մկրտիչն էլ ընդեղ ա լիզուն խոդ տամ. «Գյոռբագյոռ տեռնա Մելիք Շահնազարը, մին օր ասում ա.
-Պուղի, կկարի՞ս ասիս՝ ըշխարքես ամենանց շատ կենդանիներեն անըմը։
-Էշերն ըն։
-Խե՞, էտ հինչան ա՝ վեր տիյա։
-Ամեն ջուռա շունչ-կենդանու մաչին էլ, հլա թա օզումըս գիդաս՝ խոսքերեն մաչին էլ, էշեր կան։
-Կլոխ չընգե, Պուղի։ Յանի մարդկանց մաչին է՞լ...
-Էն էլ՝ հինչքա՜ն...
-Յանի հո՞ւնց։ Մին օրինակ կասի՞ս։
Պուղին ըստեղ նեղն ա ընկնում.
-Մելիքն ապարծ կենա, վախըմըմ ասիմ՝ ինձանա նըղանաս...
-Լյավ, Պուղի, էտ մինն էլ կոլ տվե։ Ամա ասե տեսնամ՝ է՞լ հինչ տեսակ ըն ինում էշերը։ Խոսքեն է՞շը վերն ա։
-Ասիմ։ Սաղ ըշխարքավը մին խաբարը զռռամա, թա Մելիք Շահնազարը Շուշին ծախալա թուրքերեն յրա։
 Ըստեղ Մելիքը էրկու ծերքավ կըլոխը փըռնըմա, ուրան մաչին կլխեն վայ տամ, օշը հըլյորում տեն, էլ ծպտուն չի հանըմ, ասես լիզուն կոլ տված ինի։
Կռեվը Շուշվա կողքենա քինըմ։ Մերունք կոխած՝ առաջ ըն կենըմ։

Քամին աջից էր, ուրեմն ճղպորու ծմակը դեպի ձախ էր գնում, բայց երբ հասավ քարաժայռին, մի պահ ոտքը կախեց. ճղուպուրները խփվում էին քերծին ու որը չէր ջարդվում, առվի հետ ձորն ի վար հեռանում էր, եւ ետեւից նոր ընկուզենիներ էին բարձրանում, էդպես է, մինչեւ, ով գիտե, թե ուր. որն էլ ջարդվում է, անտառահավերը չրթոցը որսալով, վրա են վազում ու սոված չեն մնում, ոնց ասում են։ Յուրաքանչյուր աշնան վերջին, ոնց լինի-չլինի, քամին մեկ-մեկ բարձր, անմատչելի ճյուղին մնացած ու կեղեւաթելից կախված իր ճղուպուրներից, բլրի վրայով, շպրտում էր դեպի մեր բոստանը, ուր հողն էլ հող չէ հո, իսկույն վերցնում է ու հաջորդ գարնանը մեկ էլ ես տեսնում էստեղից-էնտեղից «ծուկլուկու» տված ընձյուղներ են դուրս գալիս։ Մայրս ասում է. «Էսքան շատ ճղպորե ծառեր մին էլ իմ հերանց Սաղուն տափեն բոստանում կային»։ Հերս, եղբայրներս, ես կռվում ենք, իսկ մայրս միշտ ուզում է առաջկտրուկ անել, մինչեւ ձյունը վեր կկենա բոստանից ու կանաչը գլուխ կբարձրացնի, ժենգյալ-մենգյալ, ժեխռ-մեխռ կկոխեն հողը, փխրեցնում է, մոշու երես առած թփերը կտրտում, պատրաստում ցանքսի. «Աստված որ մարդուն մի բերան է տվել, հետն էլ երկու ձեռք է տվել...»։ Դեռ խոսքը չավարտած՝ ֆը՜ըռ՜ռ, մեր գլխավերեւով արկը գնաց՝ ծառերի կատարները խուզելով, խփեց ժայռին։ Ծուխ ու կրակ դարձավ, հետո՝ փոշի։ Ծեր մայրս, որին ես էի թեւանցուկ, ձեռքը բռնած այգի բերել, տագնապած, գրեթե վազելով՝ ինձ քաշեց տուն. «Թուրքերն են խփում»։ Մայրս չէր ասում բարձր, բայց որ մեկ-երկու օր դադար էր լինում, մտածում էր. «Աստված, չլինի՞ կռիվը սրանով էլ պրծնի, խաղաղություն գա, էս երեխեքն իրենց գործին մնան, էլ կռիվ չգնան»։
Բայց կռիվը նոր թափ էր առնում։ Ես էլ դեռ նրանց հետ լաց էի լինում՝ ինքն իր հետ խոսում էր մայրս։ Ուրեմն, էդ լացի պատմությունը այսպես էր. որպեսզի Մոսկվայից եկողներին ցույց տան, թե հայերն իրենց կոտորում են, դեռ կռիվը սկսված չէր այն ժամանակ, թուրքերը իրենցից երկու սուտ մեռել են պառկեցնում, հավաքում մի քանի «գառի-մառի» ու սկսում երեսները ճանկռոտել, լացել իրենց «զավակների» վրա։ Եվ այդ ամենը հեռուստաարձակում են։ Մերս էլ էկրանի առաջ նստել, նրանց լացակցում էր, թե՝ ինչ անենք, որ թուրք են, բա մայր են, չէ՞, որդի են կորցրել։ Ասում եմ՝ սուտ է, ա մեր, ախր նրանք ե՞րբ են իրենց մեռելին դրել մեջտեղ, վրան լացել, դեռ մարդը վերջին շունչը չփչած՝ հավաքվում են ու մի զուգափայտի վրա դրած, վազելով տանում են, հանձնում հողին, շիրմի վրայից էլ մի շնչանցք թողնում։ Իրենց ադաթը սա է։ Չես տեսնո՞ւմ, որ դա թատրոն է, սուգ չէ։ Մայրս չի լսում։ Հետո, երբ պարզվեց, որ էդ ամենը իսկապես խաղ էր, մերս հիմա էլ սկսում է իր խաբված լացի վրա լացել։ Մտքից չի հեռանում, ասում է՝ դրանցից ամեն ինչ սպասելի է։
Առավոտ-իրիկուն ձեռնափայտի օգնությամբ մայրս գնում է բոստան ու երեսը երկնքին առած, խաչակնքում. «Ա վերին Միատեր (մորս լեզվով Միածինը դարձել է Միատեր, Քրիստոսին է դիմում), դու իմ երեխոց մի մազը պակաս չանես, աջդ ու խաչդ նրանց վրա պահես. բոլորի երեխեքը պահես, իմունքն էլ՝ նրանց մեջ»։ Բայց, որ տեսնում է հարեւան Վարդին լսում է իրենց չափարի տակից, մեղավոր-մեղավոր ձեռքը բերանին է տանում, շարունակում. «Ա վերին Աստված, մեր հարեւան Վարդին մենակ կնիկ է, մի մրջյունի անգամ ոտքի տակ չի տվել, նրա մինուճար Հակոբին էլ ական-սական պահես»։ Իսկ երբ ռազմի դաշտ մեկնելու ժամանակս լրացավ, ձեռքը աչքին տարավ. «Գոնե էնքան կաց, ախպերքիցդ մեկնումեկը գա, դու գնա, էլի, ես մենակ ոնց մնամ»։ Էս վերջին բառերը խոսքի կեսում ցածրաձայնում է, որ չորս պատերի մեջ մնացած մինուճարատեր հարեւանը չլսի, չնեղանա։ Ես համբուրեցի մորս ճակատը, գլուխը կրծքիս դրած նա մի քիչ շնչեց իմ ներկայությունը եւ «ուրախ-ուրախ» ճամփու դրեց. «Հաջորդ անգամ , որ գաս, մեր հարեւան Հակոբից մի լուր բեր մորը»։ «Լավ»։ Ապա մայրս ականջիս տակ, համբուրելիս, ասում է. «Գնա, Վարդի աքան տանն է, իր ձեռքն էլ պաչի, սիրտ տու, ասա՝ հաջորդ անգամ Հակոբի հետ կգամ։ Մենակ կին է, թող սիրտը ետ գնա»։ Գնացի Հակոբի տեղ էլ համբուրվեցի ու մեկնեցի։ Ով կռիվ գնացել է, կիմանա, թե դա ինչ է։ Ինձ հետ տանում էի մորս ժպիտն ու լացը, մեր տան քարերի համը, Կուժ աղբյուրի գլգլոցը, Վարդի հորքուրի ապսպրանքը... Առանց դրանց՝ ինչ գնալ։ Մանավանդ՝ ինչ կռվել։
Շուշիի մարտերն են էսօր-էգուց։ Չեմ կարողանում ինձանից հանել շուշեցի մի հասարակ ուսուցչի գիրքը՝ հայոց քերթողական արվեստի մասին... Մանավանդ որ՝ գրքի լուսանցքում, ասում են, Չարենցի ձեռագրով տողեր կան՝ գիրք հանճարեղ ու զարմանալի։ Մտքիս մեջ է իմ զոհված ընկերոջ խոսքը՝ որ Շուշին ազատեք, մեր սրահի ձախ պատի կենտրոնում մի եռանկյունի, սպիտակ ծրարի պես քար կա, հանում ես, ետեւում այդ գիրքն է, հորեղբայրս է մեզ թողել։ Կհանես՝ չկորչի։ Ասել է ու աչքերը փակել։ Մտքերից սթափվեցի ու շտապեցի՝ Մազի կամրջի վրա հիմա ինձ սպասում են։
Գնում եմ. հարեւանի չափարի մեջ խնկարկում է բոլոր տեսակի ծառերի ծաղկունքի մեջ միայն խնձորենուն զիջող բուրմունքների դեղձենին, որն այնքան քաղցր է ամփոփվել թռչունների երգի մեջ, որ քիչ է մնում պատերազմը սուտ դուրս բերի։
Վազում եմ՝ չուշանամ։ Ճանապարհին ինչեր չեն մտքովս անցնում։ Մտածում եմ Երեւան տեղափոխված կնոջս եւ փոքրիկիս մասին։ Հեռախոսով կապվել ենք, որ դիրքից եկել եմ։ Հարցնում էր կինս, թե քաղաքում ովքեր են մնացել։ Մի քիչ խանդոտ է, ճիշտն ասած, հանգստացնելու համար կատակել եմ. «Ոչ մի հարս, ոչ մի աղջիկ... Եթե պատահական մի ջահել կին էլ հանկարծ փողոցում հայտնվում է, քանի տղամարդ է լինում փողոցում, շրջվում է՝ հայացքով ուղեկցում՝ մինչեւ որեւէ պատի ետեւ նա կանհետանա»։ Ահա եւ Մազի կամուրջը։
Ժամացույցները ստուգում ենք տղաների հետ, պարզվում է, որ ուշանալու վախից մոտ տասնհինգ րոպե էլ շուտ եմ եկել։ Մեր հայացքը վերջապես պոկվում է Կարկառի քարագուռ ջրերից, ուր մեր մանկություններն էին անհոգ լողանում ու վախվորած թռչունների պես քարափներին կուչ եկած աղջնակներին ջուր ցողում։ Կտրուկ շրջադարձով, որ մեզ ներսից մաշող զգացմունքները միանգամից թոթափենք, մեկնում ենք դիրքերը։ Իսկ այս անգամ դրանք ավելի մոտիկ են։ Հինավուրց հայկական Շուշին մեզ սպասում է։ Շուշին, որ քանի ամիս է արդեն հայի ոտք չի տեսնում։ Տեսնես թաքցված գրքի պատը հո՞ չի ավերվել։ Պատկերացնում ե՞ք՝ Շուշիում հանկարծ մեզ դիմավորի Գեւորգ Մարզպետունին՝ իր զորքով, ուր զինվորյալ են եւ ինքը՝ Մուրացանը, եւ Րաֆֆին, Պռոշյանը, Աճառյանը, Աղայանը։ Ծիծեռնակը բույն էր շինում, եւ շինում էր, եւ երգում... Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել։ Հիշեցի իմ գրականության երջանկահիշատակ ուսուցչուհի Արշալույս Ավետիսյանին, նրան եւ ամուսնուն թուրքերը գազանաբար սպանեցին Հին Թաղլարի ծմակում, հիշեցի եւ նրա խոսքը. «Դասը մնում է նույնը, լավ չեք սովորել»։ Եվ քանի տարի է՝ նույնն է մնում։
Մեր ասպետ լինելը թուրքի համար հեչ բան է։ Մեր ասպետությունը թշնամին թուլության է վերագրում եւ մեր ետեւից գալիս է՜, քանի տարի. ճիշտ է ասված՝ մինչեւ որ չկանգնենք , մի լավ ծեծ չտանք ու շան լափը գլխին չթափենք՝ գալու է։ Ինքն իրեն ոչ մի անգամ ետ չի դառնալու, ձեռքն էլ հալալ աշխատանքի սովոր չէ, որ կարոտի, գործը ձգի, գալու է, օձի պոչին խփելով՝ բանի չես հասնի. պիտի մեջքը կոտրես։ Եթե չես կոտրել՝ գալու է։ Անապատի գուրզա տեսե՞լ ես, տաք ավազներից ցնդած-հարբած, կտրված գլխի տեղ նորն է բուսնում, մեկի տեղ՝ տասնմեկը։ Պիտի մեջքը ջարդել։ Մեջքը։ Մեջքը։ Թշնամուն սպանելը քիչ է։ Թշնամուն պիտի ոչնչացնել։ Հասկացա՞ր։ Ամենալավ ասպետությունը էն է, որ այս ամենը լավ իմանաս։ Որ մեռնեմ, հարյուր-հազար տարի հետո ինձանից ոսկոր էլ որ չմնա, այս խոսքերը կմնան։ Կհիշվեն։
Մարդ դարեր շարունակ ինքն իրեն ստեղծում է։ Եվ երբ ձեռք են տալիս նրա ինքնասիրությանը, մենամարտի է հրավիրում ու... թե տղամարդ ես՝ ցույց տուր. կարեւորվում է ասպետությունը։ Իսկ թուրքի մոտ այդպես չէ, ինչ մենամարտ, ինչ բան, ոտքերդ կընկնի, հազար անգամ ներողություն կասի, պուլուլներդ կպաչի, բայց հենց որ հարմար առիթը գտավ՝ թիկունքդ կեռ յաթաղան կխրի ստորաբար։ Թուրքը միայն չհայտարարված կռվում է հաղթում։ Նրա զենքը շողոքորթությունն ու խարդախությունն է։ Այդպես էլ աճում, բազմանում է արագ, ոնց որ սունկը՝ անձրեւից հետո։ Նենգ է։ Եվ սա մեր դժբախտությունն է։
Հետեւակայիններն ավելի շուտ էին հավաքվել։ Բոլորս սպասում էինք հրամանի։ Անբացատրելի մի խաղաղություն կար բոլորի դեմքին, եւ վճռականություն կարելի էր տեսնել յուրաքանչյուրի հայացքում։ Նայում եմ իմ տանկի համարաթվերին, դրանք էլ ավելի հստակ են ասես, մարտի տրամադրող։ Անցյալ գիշերվա մեր մարտական առաջադրանքը լավ կատարեցինք. Բադարայից վերեւ՝ Կարագյովա բարձունքի վրա, թուրքերը դիրքավորվել եւ խփում էին, ոչնչացրինք, հողին հավասարեցրինք նրանց զրահամեքենան եւ շտապ վերադարձանք Խոջալու, ուր էլ մեզ ասացին՝ Շուշին վերցնում ենք... Շուշին։ Որ ճակատ էլ մեկնում էինք, բոլորիս մեջ այն զգացումը կար, թե այս ամենը նրա համար է, որ մի օր Շուշին ազատագրենք։ Դա մեր հաղթանակի նախշը կլինի։ Հետո՝ Շուշիի մասին լսում ենք թե չէ, հոգնություն, տանջանք, անքուն գիշերներ... կորչում-անհետանում են։ Պատկերացնու՞մ եք՝ երկու ժամով գալիս էի Ստեփանակերտ՝ չէի կարողանում լույսի տակ մորս, կնոջս տեսնեի, նորածին երեխաս արդեն ութ ամսական էր դառնում, բայց դեռ երեսը չէի տեսել արեւի տակ, մեկ մոմ էի վառում, մեկ ճրագին էի մոտ պահում։ Գրադի կայանքը մի կողմից, նշանառուները մի կողմից...Որն ասեմ, հենց նկուղից փորձում էի դուրս գալ՝ խփում էին։ Մտածում էինք՝ մեռնել է, թող ռազմի դաշտում մեռնենք։
Հիմա ժամը եկել է։ Վերջապես հրաման տրվեց, որ հետեւակայիններին զուգահեռ պիտի գնանք եւ դիրքավորվենք Երեք վիշկայի մոտ։ Օպե՜րացիան կազմակերպվում է բոլոր հանգամանքների ու իրավիճակների ստույգ ուսումնասիրությամբ։ Ջանհասանի մոտ Սեյրանի զորքը լավ ջարդ է տվել ազերիներին, հետո եկել-հասել է Շուշիի մոտերքը։ Բայց զոհեր էլ եղան։ Այնտեղով, որտեղով իրենք՝ թուրքերն էին պատրաստվում հարձակվել Ստեփանակերտի վրա եւ ահագին ուժ էին կենտրոնացրել, մերոնք շարժվել են, որ Շուշիի մուտքի մոտ թշնամուն անակնկալի բերեն, մանավանդ, որ վերջինս չէր էլ պատկերացնում, թե նման հարված կարող է ստանալ պարիսպների կողմից, Քարին տակի ու Տիզկանց քերծի թեւից, ուղղակի՝ քաղաք մտնող մայրուղուց։ Խոստովանենք, որ նրանց տեխուժն ու ռազմամթերքը քառակի մեծ էր։ Դեռ դրանից մի շաբաթ շուտ պիտի մերոնք ձեռնամուխ լինեին քաղաքի ազատագրմանը, բայց Կոմանդոսը հրաման էր տվել՝ չվռազել, ամրացնել դիրքերն ու սպասել պատեհ պահի։ Ասենք, որ Շուշիի օպերացիան մեր հայ ռազմական գործի պսակներից մեկը եղավ։ Հարձակման ենք անցել չորս հիմնական ուղղություններով՝ Հյուսիսային («26»-ի), Արեւելյան (Շոշի), Հարավային (Լաչինի), Հյուսիս-արեմտյան (Ջանհասան-Քյոսալարի)։ Եվ սա էլ եղավ բախտորոշ։ Երեւի աշխարհի ոչ մի զինվոր իր գրոհի մեջ այդքան սեր, հավատ, կարոտ չի դրել, ինչպես մենք։ Վաղ առավոտյան դեռ լույսը չբացված, Ասկոլկան բերդի կողմից ճեղքել-մտել եւ հեռակապով միացել է Կոմանդոսին. «Նստած եմ Շուշվա բերդի պատին եւ սպասում եմ տղաների բարձրանալուն, մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»։
Եթե մեր հողը փրկելը մեր սուրբ պատիվն է, ապա Շուշիի ազատագրումը նաեւ մեր պատվի պատիվը պահելու խնդիր է։
Մեր զրահամեքենան Քարահանքի սալերը ճանկռոտելով բարձրանում էր, ականազերծողները երկու հոգի էին, գնում էին առջեւից։ Հետեւակայինները գրոհով առաջ էին անցնում։ Հանկարծ նրանց մեջ նկատեցի մազերը գզգզված ու տարօրինակ շարժումներով մի կնոջ։ Ճանաչեցի, Մազի կամրջի վրա մոտեցել է, թե. «Բալա, մատաղ ինի աքան քեզ, Սավադիս չե՞ս տեսել»։ Սավադը զոհվել է Դրմբոնի մոտ, բերել են, ինքն էլ թաղմանը մասնակցել է, բայց... մի քանի օր հետո «միտքը մթնվել է»։ Մի կին, որ մոտ էր նրան, թեւը մտավ, թե՝ գնանք, Հեղուշ, գնանք տուն, գալու է Սավադը։ Եվ, ահա, նորից է խառնվել հետեւակայիններին։ Մեր զրահամեքենան դժվար էր բարձրանում, բայց տղաները՝ Աշոտը, Շահենը եւ ես տեղանքը ոչ թե լավ, շատ լավ գիտեինք։ Մեր պորտն էդ քարերի վրա է կտրվել։ Հենց հասանք Երեք վիշկայի մոտ, հրաման եկավ, որ հապաղել չի կարելի, պիտի առաջ անցնենք առանց ականազերծողների. թշնամին մեր առաջխաղացումը՝ այդքան ճակատ-ճակատի, սկզբում դիտում էր «դիվերսիոն» քայլ, բայց հետո փորձում է ուշքի գալ... Չպիտի թողնել, որ ուշքի գա։Պիտի խփել եւ օղակի մեջ առնել բոլոր կողմերից։ Դիքը հաղթահարեցինք։ Ահա եւ քարաբլուրների եւ բետոնե հյուսվածքներով դիմափակված խրամատներն ազերիների։ Կտրուկ, մեր առջեւով, փորձում էր անցնել թուրքական «ԲՄՊ» մակնիշի մի մեքենա։
Նշան ենք բռնում։ Խփվելուն պես սկսում է վառվել։ Սա ոգեւորում է բոլորիս՝ առաջին գրոհը սկսվում է այստեղից։ Մայիսության մեր անդրանիկ հարվածը, կարծում ենք, արտակարգ գեղեցիկ էր։ Մանավանդ՝ տեսնում էինք, որ ներքեւից մեզ առաջնորդում է եւ Ստեփանակերտի հայացքը, նույնիսկ թվաց, թե լսում ենք մարդկանց բացականչությունները մեզ քաջալերող։ Բայց իրականում աղմուկն այնքան էր մեծ, որ դրսից ոչինչ լսել հնարավոր չէր։ Իրարով անցած թուրքերը ոչ այն է՝ ուժերի վերատեղաբաշխում էին կատարում, ոչ այն է՝ «դիմավորում» էին մեզ... Եվ ահա, հայտնվում է նրանց զրահամեքենան, կարծես ուզում էր մեզ չտեսնելուն տալով՝ կտրել-անցնել ճանապարհը, որտեղով նրանք ուղի էին բացել դեպի Ջանհասանի դիրքերը։ Բայց մեր արկը բեկորային է, ինչ պիտի անի դա հսկա զրահամեքենային։ Այնուամենայնիվ՝ պիտի փորձենք։ Տղաներն, ատամներով շուրթները կծած՝ կրակում են, խոսելու պահ ու անհրաժեշտություն էլ չկա։ Եվ հնարամտությունը, որ վայրկենապես ճառագեց Շահենի ուղեղում, իր փայլուն արդյունքը տվեց. արկը պայթելով զգալի թեքության վրա սլացող զրահամեքենայի թրթուրների տակ՝ ցնցեց ու գլորեց դեպի ձորը։
Այդ ակնթարթում՝ ծխի, վառոդահոտի, կրակների մեջ արդեն հաղթանակի անխառն բուրմունք էինք ըմբոշխնում։ Բայց ազերիների նռնականետերը, գնդացիրները ճարճատում էին անդադար, խփում էին ականանետերով։ Դրան գումարվել էին եւ գրադի կայանքներից հեռահար զարկերը Ստեփանակերտի վրա։ Անպատասխան չմնացին՝ համազոր հարվածներ գնացին դեպի Աղդամի կենտրոնական մասերը։ Ամեն ինչ հաշվարկված էր, մազաչափ խախտում անգամ չէր կարող լինել։ Յուրաքանչյուր զինվոր, մեկն էլ՝ ես, անհաղթելի էինք զգում մեզ եւ ոգեւորող հանգամանքները շատ էին. նախ՝ մենք կռվում էինք մեր հողի ուղիղ, չմիջնորդավորված ու տաք շնչառությունը ամեն րոպե զգալով մեր թիկունքին, ապա յուրաքանչյուրը հավատում էր մեր հաղթանակին, որին անասելի թափ էր հաղորդում Կոմանդոսի ներկայությունը՝ ամեն մի ձեռնարկման մեջ։ Եվ մեր անխոցելիության մասին մեր ներքին լեգենդն ունեինք արդեն, որ գալիս էր հրամանատարի ճշգրիտ հաշվարկված տեղաբաշխումներից ու ամեն մի զինվորի մի մազի համար անգամ ունեցած ցավից. այս հատկանիշով թվում է, հպարտանալ կարող է աշխարհի ամենամեծ զորավարն անգամ։
Եվ թող ների Կոմանդոսը, նրա ազգուտակից ոչ-ոքի չգիտեմ, բայց քաջատեղյակ լինելով մեր պատմավեպերին, որոնցից մեկն էլ ինձ հետ անցնում է արցախյան պատերազմի բոլոր ճանապարհները՝ «Գեւորգ Մարզպետունին», կարող եմ ասել, որ զինվորի հանդեպ մեր գլխավոր հրամանատարի այդ արքայական վերաբերմունքն ու ասպետությունը գալիս է ավելի վաղնջական ժամանակներից, երբ զորավարը դեռեւս Մեծն Տիգրանն էր։
Այսպես, ուրեմն։ Սկսվել էր մի անզիջում ճակատամարտ։ Շուշիի կռիվը։ Ճիշտն ասաց, երբ խաղաղ օրերին էի այցելում մեր այդ հինավուրց քաղաքը եւ տեսնում հայկական թաղամասերում վեր խոյացած ավերակ պատերի ծխաթակ ու թռվահակ վիճակը, սիրտս մղկտում էր եւ չէր կարողանում ներել քսան թվականի մեր այդապատկեր «բոլշեւիկությունը»։ Հիմա մեր ասելիքի պահն է։ Իսահակյանը, որին շատ եմ սիրում, երազել է՝ լինել զինվոր հասարակ ու կռվել-ընկնել Անիի պարիսպների տակ։ Տատս նրա մասին միշտ լավ էր խոսում, վերջում էլ ավելացնելով՝ շուշեցու փեսա է։ Հիմա մենք Անիի փոքր քրոջ՝ Շուշիի պարիսպների տակ ենք։ Ռադիոկապով մեզ հայտնում են՝ առաջանալ։
Տեղանքը սանրելով՝ գնում ենք։ Առաջին վիրավորներին ու զոհերին մերոնք արագորեն հանում են մարտադաշտից։ Ամենավտանգավորը ճանապարհի շրջադարձերն էին, քանի որ բլուրների ետեւում դարան էին մտնում թշնամու դիրքայինները։ Շուշի մտնող նախավերջին բլրակեռմանին ենք հասել։ Առաջին ճեղքումը փաստորեն, մայրուղու կողմից, կատարեց մեր զրահամեքենան։ Ձախ թեւի վրա վառվում են «դուքանչի» Նազիմի խանութները։ Մեր զրահամեքենան պիտի մայրուղուց դուրս գար, ճիշտն ասած, կանգներ բարձրության վրա, բայց հրաման եղավ, որ գնանք ուղիղ։ Ապա հայտնվեց հեռախոսակապով, որ դեպի մեզ եկող զրահամեքենան (լրիվ կանաչով էր ներկված, չէինք տեսնում, դեհ մայիս էր, հանդերն էլ կանաչապատված) թշնամունն է։
Անակնկալի եկանք։ Եկավ, կանգնեց հարյուր մետրի վրա, ձորակում, շրջվեց եւ հրանոթն ուղղեց մեզ վրա, իսկ նրան «ուղեկցող» հետեւակայինների ու մերոնց միջեւ մի անհավասար կռիվ էր սկսվել։ Ռազմի դաշտում, երբ կռվում էինք համեմատաբար հարթ տարածքներում, սովոր էինք «սնվել» թշնամուց առգրավված զինամթերքով, բայց այստեղ հաշիվները փոխվեցին։ Բեկորային արկով խփել այսպիսի զրահամեքենայի, դա միեւնույն է, թե մատնաքարերով խաղի մեջ մտնես։ Նրանց զարկը մեր զրահամեքենայի կողին դիպավ. դիտանցքը ծխով լցվել էր, ոչ լսում էինք, ոչ տեսնում։ Մերոնց հետ կապը կտրվեց։ Շահենը ասաց՝ չեմ տեսնում, ինչ անենք։ Մեր մեքենայի տեսասանդղակը ջարդվել-ընկել էր։ Շահենն ասաց. «Տեսողություն չկա, ոչինչ չեմ տեսնում»։ Աշոտն առանց խոսելու, մտոցի ծածկադռնակը բացեց, որ գոնե վերեւից տեսնենք։ Այդպես էլ անում ենք։ Պահեստային միակ ծանր արկը էլ ո՞ր օրվա համար պիտի պահենք։ Շահենը նշան է բռնում։ Նրանց զրահամեքենան մեր հարվածից պայթեց։ Վառվում է արդեն։ Մերոնք գրոհով մտնում են Շուշի։ Մեր զրահամեքենայի մեջ էլ է կրակ բռնկվել։
Մեկս մեկիս հորդորում ենք՝ դուրս գալ, դիրքավորվել ու կռիվը շարունակել ավտոմատներով։ Բայց ծուխը, կրակը, աղմուկը խառնվել էին իրար։ «Տղերք, դուրս եկա՞ք»։ Ձայն չկա։ Մտածում եմ, որ տղերքը մեքենայից դուրս են եկել։ Մի կերպ ես էլ դուրս եմ գալիս ու կանչում եմ «Աշոտ, Շահեն, ո՞ւր եք»։ Ու փորձում եմ քայլել՝ արկի բեկորները մարմնիս մեջ, արնաթաթախ։ Մյուս թեւից երեւում է մեկը։ Աղոտ, մշուշի մեջ։ Կարծում եմ Շահենն է, իսկ Աշոտը պիտի ավելի շուտ դուրս եկած լիներ։ Փոքր-ինչ գոհունակությամբ, որ տղաներին բան չի եղել, քայլում եմ։ Հանկարծ մերոնցից մեկը, բռնելով ձեռքս, գրեթե ինձ շպրտում է քարաբլրի ետեւը. դա փրկում է ինձ։ Հետո իմացանք, որ Աշոտին խփել են, իմ ետեւից նա էր գալիս։ Միայն հաջորդ օրն ենք նրան կարողանում հանել այդտեղից։ Իսկ Շահենը, որին արկի բեկորը դիպել էր հենց զրահամեքենայի մտոցի մեջ, վառվել էր ամբողջովին, նրանից մնացել էին միայն մասունքներ։
Այնքան ծանր է՝ երբ ընկերդ կողքիդ ընկնում է եւ դու մնում ես կենդանի, կարծես վատ ես զգում նրա համար, որ դու էլ չես ընկել։ Վերքերից բացի, նաեւ ուղեղի ցնցում էի ստացել։ Հաջորդ օրը աչքերս բացեցի եւ տեսա, որ Ստեփանակերտի հոսպիտալում եմ, այն տեղաբաշխված էր կառավարական շենքի նկուղում։ Շոշափեցի ինքս ինձ. ձեռքերս, ոտքերս տեղն էին, ամբողջովին վիրակապերի մեջ էր մարմինս, բայց... շարժվում եմ՝ ինքս ինձ սրտապնդելով, կարծես թե ոչինչ չի եղել։ Պահանջում եմ շորերս, բերում է քույրը, բայց որին ձեռք եմ տալիս, ձեռքիցս թափվում է, ծուխն ու կրակը շատ էին թակել, նաեւ արյունով էին ներծծված։ Դրանք բերելով՝ քույրն ուզում էր ասել, որ շորեր չկան՝ ուրեմն պիտի մնալ։ Բայց ես ոնց կարող էի չմտնել Շուշի՝ մեր զորքերի, մեր տղաների հետ՝ քանի դեռ բերանումս շունչ կա։ Ստիպված էին լսել իմ խնդրանքն ու հորդորը։ Մեքենայով հասա Մազի կամուրջ, այնտեղից էլ ռազմամթերք տանող մեքենաների թափքում տղաներն ինձ հասցրին Շուշի։ Ամենածանրը մեր զրահամեքենան, ընկերներիս արյունը տեսնելն էր։ Ծնկներս ծալվեցին, դեռ ծուխ էր բարձրանում, իսկ Աշոտի դիակն ու Շահենի մարմնի մասունքները նոր էին տեղափոխվել Ստեփանակերտ։ Աշոտի մարմնի վրա թուրքական ռազմական ուղղաթիռների երեսունյոթից ավելի գնդակահետքեր էին մնացել։ Չգիտեմ, չէի լացում, մռնչում էի, ճանկռոտում էի քարերն ու զրահամեքենայի թրթուրները, կանչում էի՝ Աշոտ, Շահեն ու թվում էր, թե զրահամեքենան պիտի նրանց փոխարեն պատասխան տա, ինքն է մնացել ու ես։ Ու ցավի մեջ, կրակի մեջ, արյան ու վերքերի մեջ... հաղթանակի բույրը, մայիսիննյան բուրմունքների հաղթանակը։ Ասում եմ՝ տղերք, ինձ էլ տարեք, ուզում եմ ազատագրված Շուշիում լինել։
Բարձրանում ենք։ Պարիսպների մոտ մեզ ընդառաջ է գալիս Երկաթ Ավետը, ասում է. «Հակոբի դիակն է այստեղ, գիտեմ, որ հարեւաններ եք, պիտի...»։ Իսկ Վարդի աքան ու մայրս սպասում են, որ պիտի տուն գնամ Հակոբի հետ։
Գարուն է իբր, բայց գարուն է։ Ծաղկած ծառերի ճերմակի մեջ, ուր նայում եմ, ասես աչքերիս առաջ սպիտակին է տալիս մեր զրահամեքենայի համարանիշը. «Տ-72, 442»։ Իմ ու Շահենի, Աշոտի քայլերով փորձեցի Շուշի մտնել։ Դա մեր պահանջ-պատգամն էր. «Մեզնից ով կենդանի մնա, բոլորի քայլերով ազատագրված Շուշիում քայլի»։ Այդպես էլ արեցի։ Որքա՜ն վեհ է հայոց հողը մեր ոտքերի տակ։
Ուզում էի տեսնել Ղազանչեցոց եկեղեցին, որի խաչի վրա թուրքերը անհաշիվ գնդակների հետքեր էին թողել, բայց խաչը էլի կանգուն էր մնացել։ Ստիպված բարձրացել, խաչը պոկել են։ Ասում են՝ թուրքերը յոթ օր ու գիշեր ճգնել են, որ խաչը հանեն, չեն կարողացել, ստիպված վերամբարձ կռունկ են բերել, մի կերպ հանել՝ գմբեթի հետ։ Խաչն իջեցնողն էլ, դրանից հետո, հինգ րոպե չանցած, տեղնուտեղը սիրտը բռնել-մեռել է։ Իսկ երբ մերոնք ազատագրեցին Շուշին, հրաշք ու զարմանք էր պատել բոլորին. առանց զանգ ու լեզվակի Ղազանչեցոց եկեղեցուց (երկնքից էին գալիս) սկսեցին արեւազիլ ղողանջներ հնչել երկար ու ձիգ՝ տարածվել հայոց աշխարհով մեկ։ Ոչ ոք չէր իմանում շուշեցի Արսեն ապոր այդ օրվա համար փայփայանքով պահած-պահպանած զանգի մասին։ Աստծո բարի օրհնանքն է, երեսները խաչակնքելով, ասում էին մարդիկ։ Զոհված ընկերներիս հոգու հանգստյան համար եկեղեցու մուտքի մեծ քարին մոմեր եմ վառում։ Ով գիտե, հիմա նրանք հրեշտակի թեւերով ճախրում երկնքում եւ հետեւում են մեր ամեն քայլին, մեզ հետ ապրում բերկրությունը ազատագրված Շուշիի։ Մուշեղանց տանը հասնելուն պես, նկատում եմ, որ արկի հարվածից տան պատը փլվել է եւ տանիքի կեսը նստել է հողի վրա։ Գտնելով ընկերոջս նշած պատը, սկսում եմ քարերը ետ տանել. նախ մի լուսանկար է գտնվում փոշու եւ քարերի մեջ, քիչ հետո հայտնվում է կաշվեպատ մի գիրք՝ ձեռագիր էջերով՝ իմ փնտրածը։ Փոշին ու ցեխը մաքրում եմ թեւքովս, բացում առաջին էջը, հազիվ ընթերցում եմ «Ավետիք Բահատրյան» անունը, հեղինակն է, իսկ ավելի ներքեւ գրված է. «Գիրք եւ որդի՝ Մուշեղ Աբրահամյանի»։ Մուշեղին ով չգիտեր։ Ուրեմն՝ գիրքը որդեգրել էր... Մուշեղ Աբրահամյանը։
Մի գիշերվա մեջ հյուծվել էի, հալից ընկած էի։ Գնացի տուն։ Տարիներ են անցել։
Ութ երկար ու ձիգ տարիներ։ Անցել են ու չեն անցել։ Չկան ոչ մայրս, ոչ մեր հարեւան Վարդի աքան։ Զոհեր շատ տվինք։ Մայրս մինչեւ մեռնելն այդպես էլ տեղուբարձից դուրս չեկավ, հարեւան Վարդի աքու մահանալն էլ չասացինք իրեն։ Կարծում եմ, մայրս Հակոբի ցավից գնաց։ Շատ էր տանջվում։ Իսկ երբ ստիպում էին հարսները, թե՝ արի, օգնենք բոստան գնա, մի քիչ նստիր, ասում էր. «Ամաչում եմ Վարդի աքու աչքին երեւալ՝ իմոնց հետ իրա մինուճար Հակոբը չի եկել»։ Երբ շատ ես լցված՝ խոսել չի լինում, ի՞նչ ասես։
Ուղղակի վերցնում եմ Շուշուց բերած գիրքը ու գնում եմ բոստան, հայացքս սահում է ճղուպուրի ծառերով ու կանգ առնում հարեւանի այգում չափարին հենված ծառին. երկնքի առաջ խնկարկում է բոլոր տեսակի ծառերի ծաղկունքի մեջ միայն խնձորենուն զիջող բուրմունքների դեղձենին, որն այնքան քաղցր է ամփոփվել թռչունների երգի մեջ, քիչ է մնում հավատաս, թե ուր-որ է Շահենը, Աշոտը, Հակոբը, մյուս ընկերները պիտի դուրս գան դիմացի անկյունից ու ասեն. «Ձեր բոստանում լավ է, կռվի գնալուց առաջ Սարգիս ապոր թաղած գինու կարասներից մեկը բացենք»։ Իսկ մայրս էլ նրանց «Նախշուն աքա» կանչի վրա, պիտի հարսներից առաջ ընկած իրարով անցնի ու հոգեպահուստի անակնկալներով զարդարի սեղանը։
Ճղպորու ծմակը ձորն ի վար, գետեզերքներով գնում-գնում է։
Տղաք, ես ես չեմ, ես իմ Արմենակ պապն եմ, ինչ ասում եմ, ես չեմ ասում, ասում է Արմենակ պապս։ Թուրքի առաջ հայը չպիտի մի քայլ անգամ ետ գնա, առավել եւս՝ խեղճանա։ Աստծո, փառքին մեռնեմ, ախր նա մեզ հայ է ստեղծել, չէ՞... Դա, գիտեք, ինչ հրաշք է։ Մենք պիտի միշտ մենք լինենք։ Սարդարապատում, ուրիշ է, մենք արդեն մենք եղանք։ Հիմա ասում եք՝ ետ քաշվենք։ Ո՞ւր։ «Ետ քաշվել» բառերը լսելուն պես՝ գժվում է։ Ասենք՝ Կիրակոսը գժվել է, հրաման է տվել, թե ետ եկեք, բա մե՞նք, մեր խելքը հացի հետ կերե՞լ ենք։ Չէ։ Ախպեր։ Կկանգնեմ էստեղ, կկռվեմ, թեկուզ՝ մենակ էլ մնամ, կմեռնեմ, բայց թուրքի առաջ մի քայլ էլ ետ չեմ գնա, թե չէ օխտը պորտիս ոսկորները Դեր-Զորի անապատում կշարժվեն։ Չասեք՝ քարոզ է անում, չասեք Վիշապ Դավոն խեւ է, չէ։ Պատմում է, ավելի ճիշտ վերապրում է պապի տերողորմայի հատիկների պես ամեն օր դես ու դեն գցվող-բռնվող բառերը ու ձեռքով գնդացրի փողը շոյում այնպես, ասես, առնվազն Արաբոյի ձիու բաշն է խաղացնում մատների տակ։ Երբ սկսում է երգել, թվում է հանկարծակի է սկսում, թվում է՝ երգին նախորդող ու ձայնը բացող պահը չկա, բայց դա միայն թվում է, որովհետեւ իր մեջ է պատրաստվում՝ աննկատ...
Ասում է՝ տղաք, ես ես չեմ, ես իմ Արմենակ պապն եմ,երգեմ՝ լսեք։ Տղաները գիտեն, որ եթե հուզվում է՝ սկսում է երգել, եթե բարկության խոսքեր պիտի ասի՝ սկսում է երգել, պիտի հայհոյի թուրքին՝ սկսում է երգել. «Ելիր, դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր, Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր, Ձեն տուր քո քաջերին՝ քնած թե արթուն, Փրկիր քո հայրենի չքնաղ Սուրմալուն»։ Ասում է՝ տղաք, գիտե՞ք, մեկ-մեկ կթվա, թե պապիս Ղարսում եմ կռվում. Քար աղբյուր, Ցից քար, Կապուտան... անունները պապս էլ էր տալիս, էրգրի անուններ են սրանք։
Խմբից քսանմեկ հոգի էին մնացել, յոթը զոհվել էին։ Դիրքավորվել էին Հարարի մոտերքում, Ղուլուլվեն քարի շուրջ։ (Հայի ու թուրքի կռիվը դեռ չէր էլ սկսվել, որ այդտեղ թուրքերը սպանեցին խմբի տղաներից մեկի՝ Ղոչ Խեչոյի հորը՝ Սիմոնին, կռացել էր, որ ջուր խմի, նախրապան էր, ետեւից կրակել, սպանել են, նախիրը քշել, տարել)։ Ազերիները Հաքառու գետի ափերից, նեղ ձորակն ի վեր գիշերը եկել էին ու հանկարծակիի բերեցին։ Հակոբն ու Մոսին վիրավորվեցին ծանր։ Տղաները մեկը մեկին փակելով կրակահերթերով՝ ճանապարհ էին տալիս իրար ու ետ էին քաշվում, որ շրջափակման մեջ չընկնեն, մանավանդ՝ մերոնք Սուվարասիի կողմից գրոհած, գալիս էին։ «Ռացիայով» կապվել է պետրոսաշենցի Բարիսը, ասել է՝ մի կես ժամվա չափ էլ դիմացեք, հասնում ենք, աշխատեցեք զոհեր չտալ։ Բայց Դավոն մնում է Դավո։
Ղուլուլվեն քերծը, ինչպես ասում են, յոթ անգամ յոթանասուն քարայր, ծակ ու ծուկ ունի, բայց ամենագլխավորը քերծի ծերից մինչեւ գետի հատակը գնացողն է՝ ծալվեծալ, օձագալար, նեղ... Դավոն իջել էր այդ անցքով, դիրք բռնել ու... նահանջս որն է, ետ գնալս որն է, փրթում է ազերիներին... Դավոն երեւի, որ սուտ չլինի, քառասուն-հիսուն ազերու գրողի ծոցն էր ուղարկել... Բայց փամփուշտները պրծել էին։ Մի քանի հատ պահել էր նեղ պահի համար... Թուրքը շշմել էր։ Շրջապատել էր քերծը, բայց չգիտեր՝ ինչ անել։ Դավոն ժայռի ներսից երգում էր։ Թշնամին նռնակներ էր նետում քերծի վրա, պայթում էր, բայց երգը չէր լռում, թեկուզ բառերից արդեն «այրուն էր ծորում». «... Չես վհատվի անգամ կրծքիդ խոր վերքից»։ Ուժանակով պայթեցրին քերծը։ Դա Դավոյի համար անսպասելի էր, բայց մնաց անդրդվելի։ Իսկ մերոնք մոտենում էին։ Վիշապ Դավոն թեւից եւ կրծքից ծանր վերք էր ստացել։ Ազերին փորձում էր կենդանի «վերցնել» Դավոյին։ Դավոն վերջին փամփուշտներն էլ «բաշխեց» ազերուն։
Իսկ երբ ազերին նկատեց, որ Դավոյի փամփուշտները վերջացել են, փորձեց աքլորանալ՝ ձեռքերդ վեր... «Ես իմ պապն եմ, տղաք, պապիս ձեռքերը ոնց բարձրացնեմ թուրքի առաջ... Չէ՛, էդի չեղնող բան է»։ Վիշապ Դավոն կրծքի շղթայից կախված վերջին գնդակն իրեն բաժին արավ...Երբ վրա հասնող ընկերները «Դավո» ճչացին, ուշ էր արդեն։ Դավոն փլվեց քերծն ի վար, դեպի գետի խորխորատները անմատչելի։ Այդ պահին թեպետ ժաժք չեղավ Գյումրիում, բայց նրանց տանը բոլորը ցնցվեցին Դավոյի մայր Հերիքնազի սուր ծկլթոցից. «Տղուս բան եղավ»։
Դիմացի սարը Տաշտահանքն է, սարի վրա՝ Ամըտեղի սուրբը, ուր Ավարայրից բերված վիրավոր Վարդան Մամիկոնյանն է վերջին շունչը փչել... Քարը, որի վրա նստել էր զորավարը, մինչեւ հիմա էլ կարմիր է նրա արյամբ, Վարդանի քար են կոչում... Պատմության կրկնություն է, ճակատագրի առեղծված, թե... վերուստ կանխանշված ճանապարհ. Ղուլուլվեն քարը արեւի տակ պլպլում էր Դավոյի մուգ կարմիր այրան թերթիկներով։
Մի քանի վայրկյան միայն ուշացան մեր տղաները, բայց, ավաղ, ուշացան... Երկինք ու երկիր դղրդացին, ժայռի փլված բեկորները իրարու եկան եւ Մհերի պես քարայր մտած Դավոյի երգը սկսեց վարարել անկանգ Հաքառուի պես... Յոթ անգամ դաժան կռիվներով թշնամու ձեռքն ընկավ Ղուլուլվեն քարը,յոթ անգամ էլ վերցրին մերոնք։ Եվ թեպետ առաջին կռվում նահատակվել էր Վիշապ Դավոն, բայց ամեն մարտի էլ շարունակում էր նրա երգը նեղել թուրքին՝ նրան հասցնելով վախի ու խելագարության դուռը։
Տղաները մեկ-մեկ հիմա նստում են Ղուլուլվեն քարին՝ լսելու ղարսեցու թոռ Վիշապ Դավոյին. «Տղաք, ես ես չեմ, ես իմ Արմենակ պապն եմ, երգեմ՝ լսեք»։ Ու հնչում է, ժայռից ժայռ, հայոց աշխարհով՝ Արցախից մինչեւ Մուշ ու Արդահան, արձագանք է տալիս երգը. «Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն, Քաջ Հայդուկից բարեւ տարեք դեպի տուն»։

Թշնամու արձակած հրթիռի բեկորը երբ կպավ Վարուժին, քայլում էինք Ստեփանակերտի զբոսայգում։ Ալիքը ինձ նետեց հեռու։ Երբ սթափվեցի՝ Վարուժն արդեն զոհված էր։Մտքիցս չի գնում։ Կարող է՝ բեկորն ինձ է կպել, զոհվել եմ ես եւ հիմա Վարուժն է իմ մասին գրում։ Ու մասնակցում եմ Վարուժի, որպես թե՝ իմ, թաղմանը։ Մի քանի մեխակներ եմ դնում մայթի այն մասում, որ դեռ երկար ժամանակ Վարուժի, այսինքն՝ իմ, արյամբ է ողողված։



-Ժամը քանի՞սն է։
-Քսաներորդ դարից վեց ամիս, երեք ժամ եւ քսանհինգ րոպե է պակաս։
-Բա՜... Ինչ ես ասում, ուշացա՜...
-Որտեղի՞ց։
-Որոշել էի մեր Ցուրտ աղբրի ջրից Սեւակի համար տանել, Մարսի վրա, քանի՜ տարի է, երկրագործություն է անում մարդը։
-Հա՜... Ախր Հայաստանի հողերը շատ են քչացել, շա՜տ։

ՈՒրիշ օր էր բացվել։ Եվ սարը իր իսկական տեղում չէր, այսինքն՝ այնտեղ չէր, ուր միշտ նրան տեսնում էինք. չգիտեմ՝ առաջ էր անցել, թե ետ, բայց իր տեղում չէր։ Ավելի ճիշտ՝ այն տեղը, ուր գտնվում էր, էլի իրենն էր, բայց նախկին տեղից հեռացել էր, թեկուզ՝ մեկ սանտիմետր, թեկուզ մեկ միլիմետր, բայց նախկին տեղից հեռացել էր։ Ասում են՝ սարերը սովորություն ունեն, գիշերները, լուսնալույսով հարբում, շրջագայություն են անում երբեմն։ Դա լինում է հազար տարին մեկ։ Էդ մեկի օրն էր։ Էդ մեկի պահն էր։ Ես ու Մեծ սարը հանդիպեցինք։ Կռիվ էր։ Տարին՝ սեւ սանդաքար։ Բա, ասում են՝ սարը սարին չի՞ հանդիպում։


Շմավոն.
-Հի, հի, հի... մեզ գործից գցում-բերում են, ամբողջ օրը էստեղ, նստեցնում... Հի, հի, հի... Ինքն էլ չի հիշում՝ դա երբ էր։ Հի-հի-հի... Այս երգիծանքը ուշ հասունացավ երկրի ջղերում։ Բեմաժողովրդական կոմունիզմը մնաց փլատակների տակ, չտեսնվող վայրերում։ Շմավոնը նշան է բռնել։ Նշանի մեջ Շուշին է... Եվ կրակողն էլ հաստատ ինքն է։

Ամեն մի պահ հազար ու մի դուռ ունի դեպի ելքը, մի դուռը (առաջինը), որ բացում ես, մնացածներն ինքնըստինքյան բացվում են քո առաջ եւ, մեկ էլ տեսնում ես, քո առաջ պսպղում է լուսե այն գագաթը, որտեղ «օրը ուշ է մթնում»։ Քիրսի փեշերին կռիվներ գնացին կատաղի։ Մեր տղաները գերազանցեցին իրենք իրենց։ Դժվարը դա էր։ Դրանից հետո թուրքին հաղթելը պահի խնդիր էր։ Արամոն, ինքն էլ չիմացավ՝ ինչո՞ւ (այսինքն՝ իմացավ, կողքին ռուսաստանյան իր մեծ հայրենակցի ազգակիցն էր) հիշեց ղարաբաղցի մեծն գեներալ Մադաթովի հետ կապված մի պատմություն։ Ուրեմն, բանն այսպես էր։ Արցախը պաշարված էր թշնամիների կողմից եւ հերոսաբար մարտնչում էր։ Էս «հերոսաբար» բառը որ ասում եմ՝ մեզ է վերաբերում, մունք ընք։ Աբաս Միրզայի զորքերը հանգիստ չէին տալիս՝ ճակատամարտը՝ ճակատամարտի ետեւից։ Եվ ահա կռվի ելքը կտրուկ փոխվում է, Շամխորի եւ Ելիզավետապոլի կռիվներում Մադաթովի բանակը մեծ հաղթանակներ է ապահովում։ Ասեմ նաեւ, որ Մադաթովը հայտնի դեմք էր դարձել դեռեւս ռուս-թուրքական պատերազմում (1806-1812), կռիվների մեջ աճել է արցախցու ոգին, աննկուն է մնացել եւ ռուս-պարսկական պատերազմում։ Իսկ ահա Մադաթովի սրտի մուրազը կատարվեց, նա նշանակվեց Ղարաբաղի զորքերի հրամանատար։ Տեսնելով նրա մեջ ամփոփված անհաղթելի ու հզոր ոգին, Մադաթովին նոր պաշտոնի են առաջ քաշում՝ Ղարաբաղի, Շաքիի եւ Շիրվանի ռազմական օկրուգի պետ։ Բա՜...
Թուրքը որ պատմություն ունենար՝ հիշողություն էլ կունենար, որ հիշողություն ունենար՝ չէր էլ մոռանա Մադաթովին ու իր հրացանի փողը չէր ուղղի նրա սարերին, իմանալով, որ գնդակը ետ պիտի գա ու կպնի իր սրտին՝ եթե, իհարկե, սիրտ ունի։ Էդքանը հասկանալ է հարկավոր։ Աբաս Միրզան հո պատահակա՞ն մարդ չէր կռվում, բայց նրա տասներկու հազարանոց բանակը Մադաթովը ջարդուփշուր արեց մի շատ փոքրաթիվ խմբով։ Սա հենց էնպես եղա՞վ... Հա՛, խոսքս շարունակեմ։ Ուրեմն, Մադաթովը Բալկանյան կռիվներում հաղթանակ էր տանում։ Թշնամին արդեն անձատուր էր եղել։ Հանկարծ իրեն վատ զգաց զորավարը՝ հին ու չսպիացած վերքերը սկսեցին մրմռալ։ Օգնականները մոտ վազեցին, բայց զորավարն ասաց՝ դուք ձեր գործին կացեք, բան չկա... Ասաց ու իր շինելը փռեց մի ժայռաբեկորի վրա, պառկեց, որ հանգստանա...Սակայն ընկերները, տեսնելով, որ դեմքը սփրթնած է հրամանատարի, չհեռացան... Վրա էր հասնում մահը, վայրկյաններ անգամ չէր տալիս, որ իր ձեռք բերած այդ վերջին հաղթանակի ծնծղաները գոնե լսի լեռների անվեհեր արծիվը, որի բաց թեւերի տակ այդ պահին արթնացել էր քարքարոտ ու լեռնոտ մի աշխարհ... Սրտի մարող զարկերն են խփում։ Եվ ինչպես լինում է, սովորաբար, մահամերձն սկսեց իր վերջին բառերը մրմնջալ մայրենի լեզվով՝ հայերենով, այն էլ ամենատկռկալած բարբառով Ղարաբաղի... Ի՞նչ է ասում, ինչ է ասում՝ իրար հարցնում էին զինվորները։ Չգիտեին՝ ինչ անել... Իսկ զորավարի շուրթերը, հազիվ լսելի, մրմնջում էին՝ տղերք, պենդ կացե՛ք, տղերք, ծեզ տեսնամ, էսա-էսա հըսնըմընք Ղարաբաղ... Արցո՜... Քեզ տեսնամ։
Կարծես ձիու վրա էր, թռչում էր ասես։ Արցոն (Արցախ անվան արմատից) նրա ղարաբաղյան անզուգական նժույգի անունն է... Այդ ձայնի վրա հանկարծ վեր է թռչում նժույգը, վազում տիրոջ մոտ, դունչը դնում զորավարի դեմքին՝ ասես ստուգելու շնչառությունը, հաճելիորեն շնչով տաքացնում տիրոջ դեմքը մի պահ, ապա սկսում տեղում աջուձախ վազելն ու խրխնջալը, գետինը դոփելը... Ասես խնդրում էր զինվորներին, որ իր հեծյալին նստեցնեն թամբին ու նրան վայրկյանում թռցնի ու հասցնի Ղարաբաղ, որ հայրենի օդով ու Կթնամար աղբյուրի սառը ջրով կազդուրվի, ոտքի ելնի իսկույն տերը, բայց... Ոչ ոք չիմացավ, թե ինչ է ասում ձին... Ետեւի ոտքերին կանգնած նժույգի դեմ ծառացել էին Արցախի լեռները, եւ նա վրնջում էր անզուսպ, աղիողորմ... Շրջապատում մենակ նա էր, որ հասկացել էր «չընըղչեցի Գրիգորի տղա Ռոստոմի» վերջին բառերը... Արցախյան բարբառը՝ այնքան կոշտ, այնքան քաղցր ու նվիրական, անկրկնելի...
-Լավ,-իր տխուր պատումին վերջ տվեց Արամոն,- վեր կենանք, Մադաթ, մեր դիրքը փոխենք։ Ու կարծես ի լրումն հուշերի, Չանաղչու կողմերից լսվում է ձիու արծաթե մի խրխինջ, ով գիտե՝ գուցե եւ մեծ զորավարի Արցո նժույգի հեռավոր տոհմակիցներից մեկի կանչը...
Մեր տղաները գերությունից ազատված լեռան թամբին էին։

Վարդին խրամատ չէր մտել՝ կռվելու։ Երեխան ծնվել-մեծանում էր, հերը երեխայի երեսը չէր տեսել։ Կապել է մեջքին, թե՝ այսօր հաց եմ տանելու զինվորին։ Ընկեր, հարեւան առարկել են՝ աղջի, ամոթ չի՞, բա մեզ ինչ կասեն, երեխայի հետ էնտեղ գնալու տեղ է՞։ Ու այսպես հայտնվել է Հայոյի խրամատում։ Իսկ Հայոն չկա ու չկա։ Գոնե մի անգամ տղայի երեսը տեսներ, հորը այնքան էլ շատ է նման փոքրիկը։ Չեղավ։ Մարտը վերսկսվեց, հանկարծակի բոլորը դիրքավորվեցին, ինքն էլ ոչ ետ գնալու տեղ ուներ, ոչ մնալու։ Ի՞նչ աներ։ Երեխան էլ մի լաց էր բռնել, որ... ուզում էր պայթեր։ Կողքի տղան՝ Գիրոն, մնաց խրամատի պռնկին կրծքի վրա թեքված, գլուխը կախ, առաջ ձգված, ասես գնդակը կրծքին չի դիպել, ասես էլի պիտի կրակի թշնամուն։ Իսկ Վարդին դեռ խոսում էր Գիրոյի հետ, կանչում էր։ Ուշ գլխի ընկավ կատարվածը։ Ճչաց Վարդին։
Երեխան էլ սկսեց ավելի անզուսպ լացել, կարծես պահանջում էր դադարեցնել պատերազմը։ Վարդին տեսավ, որ չէ՛, լացով բան չի լինի, երեխային իր մեջքին պինդ կապեց, Գիրոյի դեռ լրիվ չսառած ձեռքերից քաշեց ավտոմատը ու... կրակահերթ չէր,որ արձակում էր։ Երեխան էլ մոր կրակահերթի հետ լռում էր, հենց որ դադարում էր ճարճատյունը՝ լացում էր։ Այ քեզ երեխա... Երեւի ինքն արդեն զգում էր, որ հերը զոհվել է, վրեժ էր պահանջում։ Երեխաների սիրտը իմացող է լինում։
Մարտը շահեցին մերոնք։ Ծանր գնով։ Տղաները Վարդիի ու նրա երեխայի ներկայությամբ խելագար էին, անհաղթելի էին, մարտնչեցին ու... տասնինն հոգուց մնացին տասնյոթը։ Ոչ ոք խոսք չէր խոսում։ Ամեն մեկն իր պարտքն էր համարում շոյել Վարդիի մեջքին կապված մանկան դեմքն ու ժպտալու պես ինչ-որ շարժում նկարել աչքերում։ Երեխան հաղթեց, այս պատերազմի ամենափոքրիկ եւ ամենամեծ զինվորը։ Ավելի ճիշտ՝ հրամանատարը։ Դա Վարդիի առաջին մարտն էր։
Այնպես կուզենար Վարդին այդ պահին, որ կենտ-կենտ այս ու այն կողմից հայտնվողներից մեկն էլ լիներ Հայասերը, իր Հայոն։ Ինչ կաներ։ Ինքը, երեխան մեջքին, կփաթաթվեր Հայոյին, իսկ վերջինս ուրախությունից ու սիրուց մի շոյիչ ու տաք ապտակ կդներ Վարդիի երեսին։ Հա՛, Հայոն խոսքեր չունի։ Անգամ առաջին սիրո խոստովանությունը Վարդիին, արել էր... ապտակով։ Եվ ոչ ոք չէր հասկանա Վարդիից բացի, որ այդ ապտակը... սեր ու կարոտ է, երկու շուրթի փոխարեն հինգ մատով է համբուրում Հայոն իր Վարդիի թուշը (Հայոն իր «ապտակը» այսպես էր բացատրում)։ Բայց Հայոն ո՞ւր է։ Այդպես էլ Վարդին մնաց Հայոյի խմբում՝ ամուսնուն փոխարինեց։
Իսկ տղան մեծանում է։ Լուսադեմին, երբ արեւի փողը նշան է բռնում Արփագետուկի սարի գագաթին՝ չլինի՞ այստեղ թուրքի հետք ու թեփուռ է երեւացել, ծմակի ամեն ծառ զինվոր է դառնում ու կանգնում տողանի։ Իմ Սարգիս հոր սարերն են։ Ո՞վ է ասել՝ ջան սարեր, ջան արեւ, ջան Ղարաբաղ...


ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ես պարիսպ եմ. եւ իմ ստինքները աշտարակների
նման են. ուրեմն նորա աչքի առաջ կլինիմ
խաղաղություն գտածի նման։
«Երգ երգոց»
    
Անունդ շշնջում եմ երկնքին,
աստղերը թեժանում են միանգամից,
հեռուները անվերջ մոտենում են,
շուրթերիս իջնում է մանանա,
իսկ դու ասում ես՝ անունս մի՛ տուր։

Անունդ շշնջում եմ սարերին,
լանջերը զմրուխտ են հագնում,
ձիերը վարգում են երկնքով,
մեղուն նեկտար է հավաքում,
իսկ դու ասում ես՝ անունս մի՛ տուր։

Անունդ շշնջում եմ հանդերին,
քարերը տաղեր են ասում,
ջրերը արծաթ են հոսում,

հատիկը հողում ծլում է,
իսկ դու ասում ես՝ անունս մի՛ տուր։

Անունդ շշնջում եմ Աստծուն,
ցավս դառնում է պսակի ծաղիկ,
տանջանքս դառնում է ընդունելի,
աչքերդ բույն են դնում հոգուս մեջ,
իսկ դու ասում ես՝ անունս մի՛ տուր։

Անունդ շշնջում եմ աշխարհին,
օրերը սիրո նշխար են բերում,
թախիծը լույսից անուշ է բուրում
ու աշխարհն իմ աշխարհն է դառնում,
իսկ դու ասում ես՝ անունս մի՛ տուր։

Վարդերը կպան զգեստներիդ եւ պոկ չեկան, մի թերթիկ էլ մնաց պարանոցիդ եւ թփուտները սկսեցին շարժվել իմ վարարած շնչառությունից (թե՝ հովերից աշխուժացած), դուրս թռար իմ թեւերի միջից եւ չոլերն ընկած աղբյուրի պես ես սկսեցի երգել՝ ինչ գլուխս կգար...

Ինչ ուզում էի սովորել ծառերից, ձկներից, աստղերից, քարերից, ջրերից, նրանք ինձանից սովորեցին, իսկ սերն ու գութը անափ ու անսահման էին միայն սիրուց մերժվածների մեջ։

Բառերս թողեցի թղթին ու հետո քեզ
փորձեցի կարդալ։
Բայց ի՞նչ տեսա.
Թղթի վրայով առու-առու, գետակ-գետակ
հոսում են բոլոր տառերը,
թղթի վրայով առու-առու, գետակ-գետակ
հոսում են բոլոր բառերը,
թղթի վրայով առու-առու, գետակ-գետակ
հոսում են բոլոր տողերը,
խոսքը հոսում է՝
ու՞ր։
Հայացքս ձուլվում է խոսքին՝ գնում է նրա հետ,
եւ
ես չոքում եմ ու իմ աղոթքն եմ հղում Բարձրյալին խնդրակատար.
-Փառքդ շատ, ով՛ ամենակարող Տեր,
Որ խոսքս գնում է անսխալ ու ճիշտ, նաեւ՝ անվրեպ,
Որ խոսքս գնում է միշտ այն ուղղությամբ,
ինչ ուղղությամբ
հոսում է
հողին թափված արյունը հայոց սուրբ
նահատակների։

Ժպիտդ բերկրաց բացված թեւերիս մեջ։ Եվ հայացքով բռնեցի լույսը, որ աչքերիդ մեջ թաքստոցներ էր փնտրում. եւ ծաղիկը ճանապարհ ընկավ դեպի կարկաչը վայրի աղբյուրի, եւ ծառը, կրկնակի բացելով թեւերը, թռավ հավքին ընդառաջ։

Ծաղիկը չգիտեմ ինչ էր, բայց ծաղիկ չէր՝
քանի մեղուն չէր իջել թերթերի մեջ,
աղբյուրը չգիտեմ ինչ էր, բայց աղբյուր չէր՝
քանի հավքն իր կտուցը չէր
թաթախել ակում,
երկինքը չգիտեմ ինչ էր, բայց երկինք չէր՝
քանի թեւերը երազի չէին բացվել կապույտում,
եւ դու չգիտեմ ով էիր, բայց դու չէիր՝
քանի ես քեզ չէի ասել՝ սիրում եմ։

Եվ նա ասաց. սպասիր՝ ձիուդ առաջ մի խորոմ ծաղկախոտ դնեմ՝ նոր գամ, որ... լավ լինի։


Անվերք թղթի վրա փորձեցի Դալիի
ձեռքով գիծ քաշել,
նկարել աղավնու թեւ,
չենթարկվեց ձեռքս սակայն, գնա՜ց, գնա՜ց, աշխուժացավ
մի նկարի, թե քանդակի, ավելի ճիշտ՝ բնորդուհու
համապատկերում
(միանձնուհու սլացիկ ծնկներին եւ մի քիչ էլ վեր),
այնքան աշխույժ, որ ասես ծաղիկներ էր քաղում ալպիական։

Մորեմերկ ու ոտաբոբիկ կանգնեցի Քիրսի վրա՝
անցյալ տարիներից մնացած ձյուների մեջ
(թող ձայնս հասանելի լինի ամենուրեք)
ու սկսեցի երգել
կույս երգեր-իսկ շուրջս պարում են փերիներ ճերմակ-
մինչդեռ նահապետական վարք ու բարքով երկինքը
փորձում է թխպի... մի խոնարհ լաթով փաթաթել ինձ՝
փրտակելով մարդկության վաղը՝ վառ ու ցոլցլուն հովիտների մեջ։

Ջրաղացաձորի գետի մեջ, ուր նա ծունկ է տալիս
եւ կապտանում մի փոքրիկ լճակում-համարյա
քարե գուռ-
ես համբուրվում եմ աղջիկ ջրերի հետ,
այնպես որ՝
գետը արբենա ծաղիկ առ ծաղիկ, բջիջ առ բջիջ,
ու երբ ջահել մամիկները խաբեն իրենց
բալիկներին, թե
գնում են ջրից եղբայր կամ քույրիկ հանելու
իրենց համար,
սուտ չլինի։
Կանգնում եմ - հասակով մեկ-խաչմերուկում
քաղաքական «մերսեդեսների» ու
պոռնիկ-պոռնկուհիների,
չմեղադրված մեղադրյալների,
որ, անցնելիս, նրանց պահի մեջ տպավորվի
վաղվա մեր քաղաքի ամբողջական պաննոն՝
բանաստեղծի ու իրական հերոսների անձեռակերտ
արձաններով, արցախյան թխպերի խորալներով
ու անցողիկ օրամիֆերի խաժամուժով բազմագունեղ
(որովհետեւ բանաստեղծն ամեն մարդու մեջ կա,
իսկ մյուսները միայն իրենք են իրենց մեջ)։

Բայց այսօր դեռ 2000 թվականն է ընդամենը.
վայրկյանացույցի
նոստրադամուսյան սլաքների ծայրերը
ցանցառ բեղերի պես անընդհատ ծամծմվում են
նյարդայնորեն։
Իսկ Եվայի սերն ինձ համար եւ հաց է, եւ ջուր,
եւ ճանապարհ է՝ խաղաղության
եզերքները գոտեւորող։

Կա՞ ավելի գեղեցիկ խոստովանություն, քան բառերը՝ ես քեզ սիրում եմ։ Կա՞ ավելի անտանելի խոստովանություն, քան բառերը՝ ես քեզ սիրում եմ։ Ինչպե՞ս է լինում, որ աշխարհը դառնում է աներեւակ։ Ինչպես է լինում, որ եթե սիրում ես, աշխարհի ամենադժվար բանը դառնում է «Ես քեզ սիրում եմ» ասելը։ Եթե սիրում ես։ Ինչպես է լինում, որ աչքը բուժվում է խավարով։

Դու մաքուր ես ու թեթեւ՝ որպես օդը մեր Կեծակտվածի ծմակում, Կանաչ թալայի բացատում, ուր ծառից թռած փետուրը դեռ չի իջել հողի վրա, կամ գուցե՝ ծաղկին։

Եթե դու ինձ սիրեիր՝
Ես կլինեի գեղեցիկ,
Եթե դու ինձ սիրեիր՝
Ես կլինեի անկրկնելի,
Եթե դու ինձ սիրեիր՝
Ես ավելի ես կլինեի...
Եթե դու ինձ սիրեիր...
Բայց ես քեզ կսիրեի՞,
Եթե դու ինձ սիրեիր։

Երբ չբացված ծաղիկներին ես նայում կամ աստղերին, աչքերիդ մեջ ցոլցլում են պատրաստի պատասխաններն իմ անպատրաստի բոլոր հարցերի։ Եվ հասկանում եմ, որ տոնը այն չէ, որ տոն է, տոնը Աստծո սովորական օրն է։

Ակուդադունց ճղոպորե ծառի ճյուղից, Կարկառի վրա, երկար պարանով կախեցի կիսված լուսինը, Մարունց Սիրունը նստեց կիսալուսնի մեջ, եւ ես սկսեցի օրորել՝ գիշերվա պարզ ջրակնում տեսնելով ճոճքի գնալ-գալը, որ զարմանալիորեն չէր խրտնեցնում ջրի խորքում պահվող ոչ մի կարմրախայտի։

Արյան միջով եկող բառը ինչ է բերո՜ւմ... քեզ ասվելիս։
Ես բառիս մեջ
իմ ոգին եմ՝
Մռով սարի պահվածքում վեհ,
ես ցավիս մեջ՝
իմ ավյունն եմ,
շշուկներում Եղծաձորի աղբյուրների,
ես «սիրում եմ» տանջանքի մեջ անմեղ զոհ եմ՝
ծաղկից առաջ եկած բույրի,
ես թախծահունց մի երկինք եմ՝
իր ծիվծիվում լույսի թելը կտցող-քաշող առավոտի,
ես ընկրկման պահում պաղած արահետ եմ՝
քայլը՝ վրաս, բայց քայլվորին կորցրած արդեն,
ես իմ ապրած օրվա հուշն եմ
(ծերությունը, ո՞վ է ասել, դեֆորմացված
մանկություն է),
ես ե՛ս եմ միշտ՝ Քիրսա սարի ֆոնի վրա.
թե որ Քիրսը, Աստված չանի,
հանվի հանկարծ իմ թիկունքից, իմ ցավի
եւ արյան միջից՝
ես կփլվեմ
եւ իմ սերը չի լինի սե՜ր,
մինչդեռ
քանի սիրում եմ ես՝ կա Հայրենիք։
Եվ սահմանը անսահմանն է հավերժության։
Արյան միջով եկող բառը ի՞նչ չի բերում...
քեզ ասվելիս։

Ներանձնացել էի, սակայն չկարողացա որոշարկել պահանկարը, քանի շրջանակ փորձեցի, չստացվեց, միշտ աչքերդ ժպիտներիդ մեջ դուրս են մնում։

Ինչ է աշխարհը։ Սե՞ր։ Ատելությո՞ւն։ Իմ մեջ անընդհատ տրորվում է մի ծաղիկ եւ, միեւնույն պահին, մի ծաղիկ է բարձրանում իմ մեջ։

Ջրից հանված ամեն մի
հատիկով
կրկնակի վարարում է
գետը մարգարիտների, ինչպես
համբուրվելով
գեղեցկանում են աղջիկներն ավելի։

Արի՝ մի քիչ էլ զբոսնենք գետափին,
Որ գետն ավելի մարգարիտ լինի։

Ես քեզ ասացի՝ մնա, բայց դու փախար շիկնած, որովհետեւ քո մեջ, ինքդ քեզանից թաքուն, համաձայն էիր, որ մնաս։

Սիրո մասին խոսելիս՝ սերը փախչում է, որովհետեւ զգացմունք է այն, ոչ թե ճյուղ. լուսնի շողը չի բռնվում, թեպետ վարսերիդ մեջ ու կրծքիդ վրա ծաղկում է ճյուղի պես։

Ձեռքս երբեք չի պոկի ծաղիկն այն,
որը պոկվելու պահին
չի հակվում,
չի թեքվում,
չի ճկվում,
չի ձգվում դեպի իմ ձեռքը.
իսկ թե պոկեց հանկարծ՝
իմ ձեռքով կկտրեմ իմ ձեռքը։

Ուզում եմ այնպես մոտենալ, որ քեզ թվա, թե աշխարհի ամենալավ կինը դու ես։ Ուզում եմ այնպես մոտենալ, որ դու ավելի արագ գաս դեպի ինձ։

Վերջին թերթիկը՝ ցողունի վրա, քո խոսքն է վերջին,-
դաշտը երազ է ծաղկի դողի մեջ՝
երկնքից առկախ,
իմ ոտքերի տակ փախչում է հույսը՝
որպես տաք ավազ,
հայացքը սառցե ճաքեր է տալիս մարմարի վրա.
ճերմակը, ավաղ, ճերմակ չէ արդեն,
այլ՝ նախկին ճերմակ։

Աստղի հուրն անանց ես ինչպե՞ս քերեմ
իմ իսկ ճակատից,-
երակս տավղի լար է՝ մեղեդին
տրտմում է ներսում,

լուսնյակի շեղբը եղեգ է հատում՝
սուգ սրնգելու,
մարում է լույսի շնչառությունը ճերմակի հետ սուրբ,
կանչեցեք բոլոր հարալեզներին ու... Աստվա՛ծ կանչեք։

Իմ հոգին կիզող կրակների մեջ հունցվում է ցավը,-
սատանան նորից իր պարն է պարում
դաշույնի ծայրին,
դուք իմ փետուրով շոյեք ճերմակը...
հարություն կառնի,
լեռ ելնող ճամփի ցողունին լուսնի շուշանն է տխրում,
բացվել երազիս դուռը գեղուղեշ ու կանչում ՝ է լու՜յս...

Եվ հանկարծ...Խրխի՜նջ։Ձի, իմ ճերմա՜կ ձի,
աննմա՛ն իմ ձի,-
ես դուրս եմ նետվում, գրկում եմ ոսկե բաշը ու լալիս,
խփում եմ ուսին... Ճակատս հպում ճակատին ձիու
ու երկա՜ր-երկա՜ր մենք վրնջում ենք՝
մեկտե՛ղ-միասին...
Ես քեզ սիրում եմ... Ես մո՛մ եմ վառում
պատահած քարին։

Քո մարմինը հոսող ջուր է (առու, գետակ, աղբյուր), ստինքներդ աշտարակներ են. եւ իմ համբույրները՝ աստղերի համրանքով, մնում են քո մեջ ու չեն երեւում. եւ ամեն անգամ երբ նայում եմ սիրուն տեղերին քո (չսիրուն տեղ չունես), դու տակավին չհամբուրված ես. եւ ամեն անգամ՝ հույժ համբուրելի։

Սերը միայն սիրելը չէ, սիրելով չեն միայն սիրում
եւ, մանավանդ,
տիրելով չէ, որ տիրում են.-
այս աշխարհում աղջիկները վանք են,
մատուռ, եկեղեցի,
ուր Աստծո ամեն մի խոսք, ամեն շշուկ
ավելի են լսելի միշտ
եւ ավելի հասկանալի՝ անգամ թե չեն արտաբերվել։
Տիեզերքի անդարձ անցնող բյուր-բյուրավոր պահերից
մի պահ, ահա, ընտրել է ինձ, ես էլ՝ նրան...
Եվ իմ արյան միջով հոսում է խշշոցը
արագիլներ փախցրած եղեգնուտների,
եւ ակունքների մեջ դանդաղ մահանում են
ցավից զմռսված
արտասուքները,
եւ արեւը Ցից քարի ստեղնաշարով անցնում է ինչպես առաջին անգամ,
եւ երկինքը սպիտակ սավաններով փաթաթում է
ծեր գիշերապահի հայհոյանքները անհասցե,
                                    բազմափերթ ու անծալ։
Իսկ քո աչքերը շարունակում են թալիսմանների պես
մնալ ափիս մեջ.
«Քեզ մոտ գալու կա միա՛յն մի ճանապարհ՝
որ հեռանամ ես քեզանից»։
Սերը միայն սիրելը չէ,
սիրում են եւ... երբ չեն սիրում։

Սա ես եմ՝ ծառը իբրեւ ծաղկել է, բայց ծաղկել է։ Ես իբրեւ չեմ սիրում քեզ, բայց սիրում եմ։

Գլխատակիս քո դրած փետրաբարձն է, ձեռքիս վրա՝ քո գլուխը, եւ գիշերները չտեսնված, չսպասված հավքեր են թռցնում անդադար։

Ի՞նչ բառ՝ եթե հասկացվում է,
Ի՞նչ բառ՝ եթե չի հասկացվում,
Եթե հոսում է՝
Ի՞նչ գետ,
եթե երգում է՝
ի՞նչ հավք,
եթե արձագանք է՝
ի՞նչ ժայռ...
Որ մեկը թվեմ։
Եթե բառ եմ՝ ինչու չեմ ասվում,
Եթե ասվում եմ՝ ինչու չեմ լսվում,
Եթե լսվում եմ՝ ո՜վ կհասկանա։

Ես քեզ հասնում եմ եւ այն ժամանակ, երբ քեզ չեմ հասնում։

Ընդունիր, սիրելիս, ճշմարտությունը՝ ի սեր Աստծո. քեզանից զորեղը, դա մեկ էլ դու ես։

Մասիսները աստղապտուկ կապույտներում
խունկ են վառել,-
լուսնի շողը թեւերիս մեջ գալարում է մեջքն իր եղեգ,
պահը թռչող ծաղկաթերթի նման իջավ հոգուս վրա,
հեզամարմին սահանքը քո եթերինն է մեղրամոմիկ,
եւ ես անհաղթ, հզոր, անքեն արքան եմ ողջ տիեզերքի։

Իմ մանկության աղբյուրները եկել են
ինձ այցելության,-
քո շուրթերի վրա քաղցրիկ մանուշակը
կապույտ թողեց,
ամբրոսվել է իմ երեսը թոնրաթեժիկ քո ծոցի մեջ,
սիրտը զուլալ լույս է քամում
երկնածարիր ընծայումից,
եւ փիրուզյա փետուրներդ անմեկնելի երգ են ցրում։

Նվիրումը հազար թեւ է տվել ցավին անպարագիծ,-
պախրայի թավ եղջյուրներում բույն է դրել
հավքն Աստծո,
ձեռքերն, ասես, մեհյանաշող ընձյուղվել են
կրակի շուրջ,
մեն-միակը, անկրկնելին բռնկվել է մի հրաշքում,
եւ մթան մեջ՝ շորիկն ընկած, բուրվառում է-
ճերմակ շուշան։

Ահագնացող այրումի մեջ շիվ է տալիս
գիշերն անկուշտ,-
Սերոբ Աղբյուրն իր Սոսեի կանչի վրա ելնում է սար,
անբառ-անխոսք, անիրական երազի մեջ
կորցրել եմ ինձ,
կանգ առ, վայրկյան, գեղեցիկ ես... Ախ, դու,Գյոթե,
շունշան որդի,
սուրբ խաչքարի նախշից հավքը կտուց-
կտուց ջուր է խմում...

Սիրտս երգ ուզեց, բայց մինչ այն կհասներ ինձ՝ երգվել էր արդեն։ Իսկ ես ուզում եմ շուրթ չտեսած, վայրի մեղվափչակի մեջ բլիթված, թոնրապատին թխված, թեժաթուխ-թաժա, ձեռք ու ծհանով չանցած, երբեք չերգված երգ։

Տխրությունը փաթիլ-փաթիլ
իջավ, ծածկեց երազ ու սիրտ.
-Տուր թողություն, հույսի կաթիլ,
Կուլ չգնամ աշխարհին բիրտ։

Մարմրում է ցոլքն երազե,
Աստղի նման լուռ հանգչում է.
-Ձենը հանկարծ գար, ինձ հասներ,-
բաժանումն այս մեղանչում է։

Ժայռին բեկված շողի հանգույն
փշուր-փշուր եղավ հոգիս.
-Ի՞նչ է կյանքը... Վարկած անգույն՝
Ճիրաններում հազար մեղքի։

Տխրությունը իջավ, ծածկեց
Ճամփաները մայրամուտի.
-Մոմի լույսը իր մեջ կծկվեց,
Բոցը կրծքին խաչվեց մութի։

Խաչենագետի ձախ ափին, թփերի մեջ, անշտապ անհետացավ մի միրհավ, իսկ քիչ հետո ցողաթաթախ առավոտը կրծքին առավ նրա խոնարհ ու անմեկնելի կանչը անտառի խորքում՝ ուղղված ով գիտե լույսի՞ն, պայթյուններում անհետացած իր զուգընկերոջը, խաթարված խաղաղությա՞նը, թե՞ Աստծուն։
Իսկ մեզ երբեմն թվում է, թե բան գիտենք։

Տեր Հիսուս, թող Վարդանն ինձ հավատա,
Տեր Հիսուս։ Քո խոսքերից

Բացվել է ծաղիկը, ոչ լրիվ,
Կիսաբաց դուռ է, ասում եմ, ներս արի։
Բացվել է լույսը-ոչ լրիվ,
Կիսաբաց դուռ է, ասում եմ ներս արի։
Բացվել է երկինքը...
Ասում եմ՝
Տերս Հիսուս, սրտիկս մոմ եմ արել,
Սուրբ խաչին եմ դրել պաչս,
Հայացքս լույսին եմ հառել,
Աղերսով կարկառել աջս,
Ասա՝ երբ Վարդանն է կանչում,
Ասա, մի հապաղիր, գնա,
Աստծո ձայնն է սրտի մեջ հնչում,
Մաքրասուրբ՝ որպես մանանա։

Նա լսում է քեզ, Տեր Հիսուս,
Նա լսում է քեզ, տեր Հիսուս։
Ես սիրում եմ նրան, պաշտում եմ նրան,
Հովանի լեր սիրուս, Տեր Հիսուս։
Ասում եմ՝
Բաց դուռ է ծաղիկը-ներս արի,
Լույսը բաց դուռ է- ներս արի...
Ասա, թող ներս գա, Տեր Հիսուս,
Ասա, թող ներս գա, Տեր Հիսուս.
Սրտիկս մոմ եմ արել քարին...

Ես եմ իմ բարեւը, ընդունիր, ինձ բացվող լույս։

Դու ավելի իմն ես, քան՝ ես, սիրելիս։
Քանզի ծաղիկը, որ բացվում է, բուրմունքինն է։
Քանզի հոգին, որ ծաղկում է, համբույրինն է։
Քանզի առվակը, որ ձգվում է, մանկությանն է։
Քանզի հեռուն, որ կանչում է, երազինն է։

Դու ավելի իմն ես, քան՝ ես, սիրելիս։
Աղբյուրը վազում է դեպի մաքրությունը լույսի։
Լեռները երկնքի ճանապարհին են անվերջ։
Խոսքերս քամու բերանն ընկած սրտի պողեր են։
Որտեղից դու ես նայում, դա ինձ համար արեւելքն է։

Դու ավելի իմն ես, քան՝ ես, սիրելիս։
Երազի մեջ հասունանում են թռչունները։
Աստղերի մեջ իրար գտնում են սրտերը։
Կարոտի մեջ ոտք են բռնում ճանապարհները։
Հասկի մեջ հարսնանում են վայրկյանները։

Դու ավելի իմն ես, քան՝ ես, սիրելիս։
Հովիվը տուն եկավ, խարույկը
մենակվեց սարում։

Գտել եմ խրխիջը ձիուս, բայց ձին դեռ չի երեւում։
Քարայրը, ուր ճգնավոր էի՝ ահա, բայց ես ուր եմ, չկամ։
Շուրթերի տաքով ականջին ասված խոսքն,
ասում են, չի մոռացվում։

Դու ավելի իմն ես, քան՝ ես, սիրելիս։
Աշխարհի մեջ հանդիպեցի ես համարյա բոլորին,
Բացի նրանից, ում որ պիտի հանդիպեի, ներիր,
Քանզի ես միշտ ավելին եմ, քան՝ ես ե՛մ,
Բայց եւ միեւնույն է, ես դեռ ես չեմ ամբողջովին։
Սիրելիս։

Ինձ հետ գալիս էր երկինքը, եւ ես ճանապարհս ճշտում էի աստղերով ու քո աչքերով։ Բայց եղավ մի պահ, մի կարճ ակնթարթ միայն, որ մոլորակները կորցրին իմ լույսը. ինձ մնում էր, ինքնաբացարկ տալ՝ քեզ միանալու համար, քանի որ դու լույս էիր դարձել լույսից դուրս։

Աղջիկները Արցախում ժպտում են անթերի, եւ դրա համար հողի մեջ կենսավիշը շատ է ու թեպետ այստեղ մորից հերոս են ծնվում բոլորը, բայց հերոս մնալը մնում է հերոսություն։ Սեր կա։ Աստված վկա։ Եվ Արցախը միշտ կլինի ու կլինի։ Ես ու դու էլ։

ԵՎ ԿՐԿԻՆ՝
ԴԱԴԱՐՆԵՐ...

Ուշխուդանց Մանվելը Կանադայից է եկել։ Նախնիները Մուշից են։ Սիգարը վառում է Ամարասի պատի տակ ու իր գյուտից ոգեւորվում. «Հայի ֆենոմենը հայն էլ չի հասկացել դեռ։ Թշնամին մեզ ցրել է աշխարհով մեկ՝ Սինգապուրից մինչեւ Սիբիր ու Սիրիա, որ առանձին-առանձին տիրի, բայց վտանգի ժամին, մոլորակի որ ծայրում էլ լինի մեզանից ամեն մեկը, անգամ չասված, անլսելի, ընդամենը մտքով անցած մի շշուկից լսում ենք իրար, տարածությունն ու ժամանակը մեզ համար չեն, կանգնում ենք իրար կողքի։ Սա ի՞նչ բան է»։ Մի քիչ լռելուց հետո՝ ինքնուինքը. «Ցավի տված գերզգայունությո՞ւն։ Չէ՛։ Ավելի անսահման մի բան։ Բայց ի՞նչ»։ Այդ պահին, տեսնելով վանքի խաչին նշան բռնող թուրքին, Մանվելը գնդացիրն ուղղում է նրան, բայց կատարվում է անսպասելին. հանկարծ Ամարասի դռների մեջ հայտնվում է Մեսրոպ Մաշտոցը, սպիտակ վեղարը ոտից-գլուխ ձգված՝ ձիգ ու առինքնող, ճերմակ միրուքը մինչեւ գոտկատեղը իջած... Բարձրացնում է ձեռքը Մաշտոցը, եւ Մանվելի ձգանը ձգելն ու հողի ճեղք տալը՝ թշնամու ոտքի տակ, մեկ է լինում... Չինգիզ խանը, Բաթու խանը, Կաջարը, Բաբեկը, Հեյդարը... Բոլորը... Ով զենք է հանել մեր խաչի դեմ, հողի տակն են անցնում։ Հողի ճաքը նորից փակվում է։ Մանվելը մի կերպ հավաքեց իրեն, քայլերն ուղղեց դեպի վանք։ Այնտեղ, մուտքի մոտ, հանդիպեց մոմավաճառ-զինվոր Բախշունց Սիմոնին։ Երկու զույգ մոմ վերցրեց ու վառեց՝ խաչակնքելով.
առաջին զույգ՝
Հայի հոգնած ոտքն իր տան շեմին հասնի ու հաղթանակ լինի, ու աշխարհում խաղաղություն լինի,
Տեր Աստված, շեն կենաս դու էլ, որ մեզ էլ շեն պահես,
երկրորդ զույգ՝
Տեր Աստված, շատ եմ աղաչում-պաղատում՝ մեր թշնամուն մի խելք տաս...
Վանքից երբ դուրս եկավ Մանվելը, հանդիպեց մի խումբ տղաների. նոր եկած զրահամեքենայից դուրս եկավ Սերժը եւ խփելով Մանվելի ուսին, շշնջաց. «Բա՞... Հլա մի բերանումդ ասա՝ հայոց ազգային բանա՞կ... Ամեն մեկը աշխարհի մի ծագում դիրքավորվել է... Արցախի շուրջը։ Մաշտոցին էլ տեսա՞ք...»։
Մանվելը հանգիստ շունչ քաշեց։ Զգաց, որ աչքին չի երեւացել, իր տեսածը տեսել են բոլորը։

Լեռը թռչում էր սրընթաց՝ արծվի թեւերի տակ, եւ երկինքը մոտենում էր ավելի։ Իսկ ինքը երկնքում անելիք չուներ, իրեն սպասում էին երկրի վրա։ Ձեռքով շոշափեց քարը եւ տեսավ, որ այն ներկված է իր արյամբ ու սկսեց անհամբեր սպասել, թե երբ վերջին կաթիլը հրաժեշտ կտա իրեն, նույնիսկ փորձեց թեքվել, որ ժայռի հակառակ կողմից գլորվի դեպի անդնդի խորխորատը եւ միանգամից ազատվի ցավից ու տանջանքից, չստացվեց, ընկավ քարե փոսորակն ու մնաց այդպես։ Սկզբում ականջի տակ կրակոցներ էին, պայթյուններ, հայհոյանքներ՝ հայերեն, ռուսերեն, թուրքերեն աղաղակներ, ճիչեր։ Ինքը պարզ տեսավ, որ Մհոն սողեսող մոտեցավ իրեն, նույնիսկ հարցրեց՝ Հարո՞ն, ոնց ես, համբերի մի քիչ. այն է՝ ուզում էր ձեռքը բարձրացնել, որ գրկի, հանի կրակի տակից, գնդակեցին թուրքերը։ Մհոյի վերջին ճիչը եւ քարերի վրա մարմնի ճողփյունը լսեց շատ հեռվից, ոնց որ յոթ սար ու ձոր հեռու։ Ճչաց այս անգամ նրա ցավից։ Ուզեց կանչել տղաներին, որ այլեւս չմոտենան իրեն, բայց ձայնը դուրս չէր գալիս։ Հաջորդը Մարատն էր, որ փորձեց իրեն փրկել։ Մարատին ասաց՝ չմոտենաս, խփում են թուրքերը, դարան մտած են։ Ասելն ու ազերիների կրակահերթը մեկ եղան։ Մարատը վիրավորվեց, մի կերպ կարողացավ նահանջել։
Հարոնը մնաց նորից մենակ։ Անելանելիությունից, որ շարժվել չէր կարող, չգիտեր ինչ աներ։ Ցավից ու անզորությունից ժպտում էր անորոշ։ Միայն աջ ձեռքն էր կարողանում շարժել։ Հիշեց իրեն քարշ տված ու քերծի վրա դրած թուրքին ու իր հայհոյանքը նրան։ Դիտավորյալ Հարոնին տեղադրել են բարձր դիրքում ու իրենք պահվել, որ հայերից ով մոտենա՝ խփեն։ Ժամեր, թե դարեր անցան՝ չիմացավ Հարոնը։ Միայն մեկ-մեկ, աղոտորեն, գյուղից եկող ձայների մեջ խրվում-մնում էր, քանի որ ամենօրյա իրիկնային շեն ու վարգար շշուկներին փոխարինել էին կրակոցները, ոռնոցները, պայթյունները... Գյուղն, ուրեմն, ավերվել, կործանվել է։ Շուրթերը վառվում էին։ Իրիկնային զովը ճակատի մազափունջը ետ տարավ, սեղմվեց Հարոնի ճակատին, վերջինս ջերմության ու մղձավանջի մեջ ընդամենը կարողացավ շշնջալ. «Մայրի՝կ... Ինչո՞ւ սառն ես այդքան», «Ջուր եմ ուզում»։ Մի պահ սթափություն իջավ վրան, ժայռը ցնցվեց ջախջախված մարմնի տակ ու դիմացը կանգնեց ճերմակամորուս մի ծերունի, ասաց՝ եկել եմ քեզ տիրություն անելու, տուր ձեռքդ... Եվ հանկարծ մութ ու ցավի միջից լսվեց մի տնքոց։ Հարոնը սթափվեց, ուշք դարձրեց տնքոցին, լսեց մի անգամ, երկու անգամ։ Սկզբում թվաց, թե ինքն է տնքացողը։ Բայց ավելի ուշ զգաց, որ կողքին ուրիշ մեկը կա։ «Ո՞վ է»։ Ոչ մի ձայն, լռություն։ «Ո՞վ է»։ Դարձյալ տնքոց։ Հարոնի ուշքը տեղն եկավ վերջնականապես։ Մարդ կա՞»։ Ոչ մի ձեն ու ձուն։ Հանկարծ զգաց, որ կարող է՝ մերոնցից չէ։ Թուրքերեն դիմեց՝ ո՞վ է։ Եվ շատ մոտիկից, գրեթե մեկ-մեկուկես մետրի վրա պարզ լսեց. «Ախպեր, մեռնում եմ»։
Ախպե՞ր։ Չհասկացավ։
-Այստեղ ի՞նչ ես անում։
-Քեզ բարձր քարի վրա դնողը ես եմ։ Երբ շրջվեցի, գնդակն ինձ դիպավ, մերոնցից էին... Ուզում էի քեզ օգնել։
Թուրքը ճշմարտությունը թաքցնում էր։ Նրա վրա կրակել են մերոնք։
-Որտեղացի ես...
-Զաքաթալայից։ Իսկ դո՞ւ...
Թաքցրեց, որ ճանաչում է։
-Այստեղացի եմ։ Հարարից։ Զաքաթալայում ծանոթներ ունեմ։
-Օգնի՛ր ինձ...
-Ես ինչ կարող եմ անել,- ցավի միջից մի կերպ խոսեց Հարոնը։
-Հայերը ամենանեղ վիճակում էլ ելք են գտնում։
-Ճիշտ է,- Հարոնը աջ ձեռքով շոշափեց ու տեսավ, որ տափաշիշը չկա,- նեղությունները մարդուն սովորեցնում են, բայց հիմա...
-Ի՞նչ...
-Տափաշշիս մեջ մի հարյուր գրամ թթի օղի կար... Չկա տափաշիշը։ Մի կում խմեինք, ցավերը կմեղմանային։
-Տափաշիշդ ինձ մոտ է,- ինքն իր մեջ խիստ ամաչեց թուրքը,- ես եմ վերցրել, ուրեմն թթի օղի կա մեջը, հա՞...
-Հա՛, մի երկու կում խմիր, կօգնի...
Թուրքը մի կերպ տափաշիշը բացեց, երկու կում խմեց Հարոնի ձեռքով քաշած օղուց՝ կենացդ... Ապա չարչարանքով տափաշիշը հասցրեց Հարոնին։ Կենացդ. երկու կում էլ վերջինս խմեց՝ զգալով հայրենի հողի նեկտարը, պապական թթենիների շշուկն ու խորհուրդը։ Փոքր ինչ տաքացան։
Գիշերը թանձր էր։ Հարոնը հիշեց, որ գրպանում վառիչ կա, աջ ձեռքով մի կերպ հանեց, բայց վառել չկարողացավ, թույլ էր ձեռքը, դողում էր։ Նույն պահին երկինքը նորից հրթիռների ու արկերի լույսից վայրկենաբար բռնկվեց լույսով, Հարոնը տեսավ թուրքի երեսը մի պահ, բայց... լույսը կարճ տեւեց, չնայած ձայնը ծանոթ էր թվում, սակայն չկարողացավ ճանաչել։ Իսկ աստղերը, որ մանկության գիշերներին թիվ-համար չունեին, չէին երեւում, անգամ այն մեկը, որ ուղիղ ժայռի գլխին էր կախվում եւ որը Հարոնը համարում էր իր աստղը։ Հուշի առկայծումից ջերմացավ մի պահ, ապա սկսեց սառը քրտնել։ «Վարդի»... Փորձեց սիրածի անունը շշնջալով տաքանալ, ջերմանալ... Աչքերը նորից մշուշվեցին։ Ու մթան ու մղձավանջի մեջ, Սաքունց սարի կողմերից, նորից մի աջ իջավ ճակատին։
-Գնանք,- ասաց ձեռքը։
-Չէ, չեմ գա,- մրմնջաց Հարոնը։
Աջը հեռացավ։
-Ինձ չհիշեցի՞ր, Հարոն,- այնուամենայնիվ, փորձեց ներկայանալ թուրքը։
Ձեն չկա։ Լռություն է ու խուլ տնքոց։ Անկապ շշուկներ։
Կռիվը հեռացել էր այդտեղից։ Խավարի քողի տակ ամեն ինչ ծածկվել էր։ Իսկ Հարոնը ջերմության մեջ կանգնել էր հեռավոր Մարաղայի կենտրոնում, ուր կռվում էր շատ օրեր առաջ, շուրջը յոթանասուն դիակներ են մեծի, փոքրի, կնոջ, մոր, բոլորն էլ՝ գլխատված, մորթված։ «Ո՞ւմ թշնամական հրամանն էր՝ նահանջել»։ Չէր հասկանում։ Ուզում է գոռալ՝ ձայնը դուրս չի գալիս։ Ուզում է լացել։ Արցունք չկա։ Այդ պահին մեկը բռնում է մատների ծայրից ՝ սառը, ձյունե ձեռքերով. «Հարոն, չգնաս, եկել է ծերունին՝ քեզ տանելու։ Ինձ չթողնես մենակ»։ Սիրած աղջիկը՝ Վարդին, սփրթնած էր, վրան գույն չկար։ Հետո չքացավ միանգամից Հարոնի հայացքից։ Վերջինս ձգվեց, իբրեւ, ուղղեց գնդացրի գոտին ուսի վրա ու, թոթափելով զգացմունքները, կտրուկ շրջադարձով մեկնեց կռիվ։ Մղձավանջ է։ Ապա զգաց, որ ոտքերը չեն ենթարկվում։ Փորձեց մեջքը շարժել՝ չստացվեց։ Ձախը ոնց որ չկա։ Աջով բռնեց գնդացրի կոթը։ Լսվեց նորից մի ձայն, այս անգամ ոռնոցի նման։ Բարձր.
-Հարոն։
Հարոնը միանգամից սարսռաց՝ որտեղի՞ց իմացավ անունս.
-Ինձ ճանաչո՞ւմ ես։
-Քո եղբոր քիրվա Մամեդն եմ։ Մի երկու անգամ հանդիպել ենք։ Հանկարծ չքնես։ Հարոն։ Քնողը չի զարթնում... Չմեռնես ու ինձ մենակ թողնես... Հազիվ շշնջաց Մամեդը ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես հիշողությունը սեւեռեց մի կարմիր կետի, որը փարոս է հիշեցնում հեռու-հեռու ծովի խորքերում։ Ահա Կասպիականը՝ դեմը փռված, ափին՝ իրենց տունը։ Մայրը, կինը սեղան են գցում, հնչում է երաժշտություն, երեխաներն են խաղում շուրջը, աղմուկ է։ Աստղերը խաղում են ծովի ալիքներում, աչքով են անում իրար։ Եվ հանկարծ ջրերում լողացող կիսալուսինը բարձրանում է ինչ-որ մեկի ուսադիրների վրա, կենացի համար բարձրացված բաժակների մեջ պայթում ու արյունով ողողում իր երեսը. «Դու պիտի գնաս կռվի»։ «Ինչո՞ւ, ո՞ւր, ինչի՞ համար»։ «Պիտի գնաս։» Ծովը, երկինքը սեւանում են, մուր են դառնում բոլորի երեսին, իսկ կարմիր փարոսը լերդացած արյամբ է բուրում։ Մոր ճիչից վեր է թռչում ինքը։ Արթմնի երա՞զ էր, զառանցա՞նք։ Ախր, ինչ ունի ինքը այստեղ։ Այնպես էր ուզում ապրել։ Դժվարությամբ վերադարձավ իրական վիճակին։
-Հարո՞ն...
-Հա...
-Չես խոսում։
-Չեմ կարող։
-Մի բան ասա գոնե։
-Խոսքիդ վրա հիշեցի մեր հավաքները։ Ասում էինք՝ ով քնեց, չի զարթնի, մի՛ քնեք, տղաներ... Ժողովուրդը, առյուծ է, որ զարթնեց՝ էլ չի քնի։ Լա՛վ...,- տնքաց Հարոնը,- չեմ կարող խոսել։ Նվում էր ջարդված մարմինը։
-Հարո՛ն։
Կրկնում է նորից.
- Հարո՛ն։
-Հա՛։
-Ասում եմ, պայմանավորվենք՝ ձերոնք գան, դու ինձ պահես, որ չսպանեն, մերոնք գան՝ ես քեզ պահեմ,- երեւում է՝ օղին մի քիչ մեղմել էր ցավերը։
-Եղավ,- չի կարողանում խոսել, կարճ է կապում։ Բայց Մամեդը շարունակում է.
-Հարոն։
-Իսկ ձերոնք քեզ կլսե՞ն, Մամեդ։
-Կլսեն, կլսեն...
-Բա որ կլսեն, Զաքաթալան՝ ուր, Ղարաբաղն՝ ուր... Որպես հյուր գայիր, գինու կարաս բացեի, իմ ձեռքով քաշած թթի օղին մեջտեղ բերեի, ցուլ մորթեի, քեֆ անեինք...
   Մամեդը երկար լռում է։ Չի ուզում նոր խոսք բերել Հարոնը, նույնիսկ մի պահ մտածեց, թե գուցե պետք չէր այդքան ուղիղ աչքերի մեջ կրակել ընկած մարդու... բայց Մամեդը խոսեց.
-Ճիշտ ես, Հարոն, հազար անգամ ճիշտ ես։ Եթե ալլահը մեզ կյանք տա հրաշքով, պիտի ախպեր լինենք...
-Երբ նեղն եք ընկնում՝ ախպերանում եք,- չխնայեց Հարոնը։
Մամեդը ճիշտ չհասկացավ.
-Բա՞։ Ախպերը նեղն ընկած ժամանակ է երեւում։
Երկուստեք տրվեցին մտքներին, ու ցավի մեջ գալարվում էին հոգիները, իսկ մարմինները շարժել համարյա չէին կարողանում։ Լռությունը վիրավորի համար վտանգավոր է։ Մամեդը ելք գտավ.
-Հարո՛ն։
-Հա։
- Մի բան խոսիր։ Ասող-խոսող մարդիկ եք հայերդ։ Օղին պրծա՞վ... Ոնց որ մեզ հետեւող չախկալներ կան։ Աչքեր են պսպղում մթնում։ Ձեներ են հանում։ Լսո՞ւմ ես։
-Էս կողմերում, հա, չախկալներ էլ են հայտնվել։ Դիակների վրա են գալիս։ Էհ, ի՞նչ ասեմ, որ... հա։ Օղին պրծել է։
-Հարցրու, թե կինս, երեխաս, մայրս ոնց են, ո՞նց չեն... Իբր կռիվը սուտ է, իբրեւ ես ու դու էլ ազիզ ընկերներ ենք..
Մի քանի վայրկյան լռելուց ու ցավի ճիչերը կուլ տալուց հետո, Հարոնը հարցրեց.
-Կինդ՝ որտե՞ղ է աշխատում, Գյուլբայազը։
-Ուսուցչուհի է։
-Երեխա ունեցա՞ր...
-Աղջիկս երեք օր հետո մի տարեկան է դառնում։ Աղջիկ մի ասա՝ հուրի-փերի ասա։ Անունն էլ Գյուլչորա... Գյուլչորա՜...,- սկսում է կանչել աղիողորմ, հայրդ մեռնում է, Գյուլչորա...
Հարոնը փորձում է հանգստացնել՝ հոգում ինքն էլ տանջվելով.
-Մամեդ, կամա՛ց, կարող է երեխան օրորոցում քնած է, չարթնանա քո ձենից...
-Մայրիկ,- սկսում է հիմա էլ մորը կանչել։
Հարոնն ընդհատում է.
-Իսկ ծնողներդ դեռ ապրո՞ւմ են։
-Մայրս, գիտես, բժշկուհի է... Ուր էր, թե հիմա հասներ ինձ՝ ղուշի թեւով... Քեզ էլ կտանեինք։
-Չէ՛- միանգամից լրջացավ Հարոնը,- մեր տունն այստեղ է... Չեմ ուզում։ Դու գնա՝ մորդ հետ։ Ամեն մարդ պիտի իր վաթանում ապրի ու մեռնի... Մեր քարի բուրմունքը ինձ բուժելու է...
Լռութուն՝ անբացատրելի, անկապ, անհասկանալի։
Հարոնի ականջին լացի՞ ձեն խփեց, թե դա չախկալներն էին տնազում մարդկային համատարած սուգը։ Աչքի առաջ հրդեհված շենից բարձրացող ծուխը վիշապի նման օղակ-օղակ, խեղդում է Հարոնին։ Մշուշը շատացավ հանկարծ, ապա հալվեց-հալվեց ու ասես երկնքից, իրեն ձեռք մեկնեց մի քույր։ Ուշադիր զննեց. առաջին անգամ հանդիպել են Վերին Հոռաթաղում, Նաիրա է անունը, պատմիչի ծիրանին ուսին է առել ու սիրտ է տալիս՝ կարող է սուտ լաց է գալիս գյուղից, Հարոն, այդպես լինում է։ Օրինակ, երբ խորհրդային զինվորները փորձում էին Վերին Հոռաթաղ մտնել՝ «օբըսկ» անելու, իսկ այնտեղ մեր զինված տղաներն էին ու զինանոցն էր մեր, Բաքու տարված ու նահատակված Նապոլեոնի կինը կանգնեց գյուղի դարպասների մոտ ու ոչ-ոքի ներս չթողեց, կանանց, երեխաներին գլուխն էր հավաքել ու մի էնպիսի լաց էր սկսել, բազմաձայն, որ... Երեխեքը մի պահ սկսեցին իսկականից լացել, բայց Նապոլեոնի կինը տեսնելով, որ փոքրիկները կվախենան, սկսում է լացի միջից սուգ ասել. «Ա խոխեք, վախիք վեչ, սրանց գլուխը հողեմ, ես սուտուսուտ եմ լաց լինում, ըրտուսունքներիս մի՛ հավատացեք, սրանք ի՞նչ փալաս-փլուս են, որ վախենանք»։ Եվ «սուգ» էր ասում, եւ կուրծքը ծեծում, հողն ու թուփը ճանկռում։ Այնքան որ՝ պատեհ առիթը գտան մեկ-մեկ իրար գլխի հավաքված կանայք ու միանգամից, անակնկալի բերելով, զինաթափեցին զինվորներին։ Բայց դրանով գործը չի ավարտվում. խորհրդային զինվորներին պատանդ են վերցնում հայոց «փափկասուն տիկնայք»։ Մի պահ Հարոնն սկսում է ծիծաղել քահ- քահ, բայց կրծքի վերքերը սեղմում են, սուր ծակոցները նրա ծիծաղը վերածում են անհասկանալի հնչյունների։ Իսկ Նաիրայի ձայնը նորից է կրկնում. «Կարող է՝ սուտ լաց է»։ Բայց չէ, չէ... Շենը, ահա, վառվում է։ Աշխարհն է սուտ, ցավը սուտ չէ։ Գյուղից եկող ամեն մի կանչ մի մեխ է խփում Հարոնի սրտի, հոգու մեջ։ Տեր Աստված, սա ինչ է։ Ուզում է, որ դա քուն լինի եւ մեկը իրեն արթնացնի այդ տանջանքից։ Հանկարծ ականջին բառեր են հասնում կցկտուր.
-Իսկապես քարն էլ բուրմունք ունի՞։
-Իհարկե։
-Ես, օրինակ, Կասպից ծովի ջրից բուրմունք եմ զգում։ Բայց թե որ քարն էլ բուրմունք, հոտ ունի՝ չգիտեի։
-Ունի, Մամեդ։ Մարդն էլ՝ բուրմունք ունի։
-Ձերոնցից ո՞ւմ է հիմա ամենից շատ սիրտդ ուզում։
-Բոլորին։ Բայց... Մի հիվանդ տատիկ ունեմ, կարծեմ՝ տեսել ես դու,ինձ որդեգրել էր։ Ինքը կույր է եւ խուլ։ Մինչեւ ձեռքս չի բռնում, հոտ չի քաշում իմ ձեռից՝ չի ճանաչում։ Մեկ-մեկ ախպերս ուզում է խաբել Սաթենիկ տատիս, գնում է, թե՝ տատի, ես եմ, Հարոնն եմ, եկել եմ... Բայց ստի մեջ իսկույն բռնվում է. տատս հենց վերցնում է ձեռքը, հոտ քաշում, իսկույն ասում է՝ շան որդի, բա դու Հարոնն ե՞ս...
Երկար խոսելը սպառեց երկուսին էլ։ Թանձրացող մութի հետ սառը քամին սրվում է դանակի շեղբի պես, վերքերի մեջ ասես տաքդեղ դնում։ Միանգամից երկուսն էլ կուլ գնացին լռությանն ու ցավին։ Կռիվը հեռացել էր։ Մամեդը փորձեց շրջվել, չկարողացավ, մարմինը սառչում էր կամաց-կամաց։ Եվ այնպիսի զառացանքների, տանջանքների մեջ էր ընկել, որ հազար անգամ գերադասելի էր մեռնել-պրծնել։ Ու միանգամից այլ ոճի անցավ Մամեդը.
-Հարո՛ն։
-Հա։
-Մեջքիս ոսկորները ջարդված են, մեկը-մեկից ընկած են։ Մի խնդրանք ունեմ, բայց դու՝ էն ալլահը, չմերժես։
-Ասա։
-Կրակիր ինձ վրա, պրծնեմ ցավից։ Մեկ է, ես ջարդված մեջքով ապրողը չեմ։
-Ես ավտոմատ չունեմ։
-Ահա, իմը վերցրու,- մի կերպ մատների ծայրով դեպի Հարոնը հրեց ավտոմատը։ Հարոնը աջով բռնեց, դժվար էր քաշում դեպի իրեն, ցավը մի կողմից, քարերը մյուս կողմից արգելք էին ստեղծել։ Այնուամենայնիվ, քաշեց մոտ.
-Չեմ կարող։
-Ինչո՞ւ։
-Մինչեւ որ զենքը ձեռքին չեն գալիս ինձ սպանելու՝ ես չեմ սպանում։
Մամեդն, իհարկե, մինչ այդ շատ է ծանրութեթեւ արել իր համար։ Կարող էր մոտիկից կրակել ու սպանել Հարոնին։ Բայց... հանկարծ զգաց, որ մենակ կմնա։ Հետո՝ ի՞նչ է արել իրեն այդ մարդը, մանավանդ՝ ճանաչում է... Մինչդեռ վերջինս հրաժարվում է ընկածին սպանելուց։ Մամեդը, երբ կռիվը նոր էր սկսվել եւ Հարոնի հորեղբայրը Բաքվի բանտ էր ընկել, որպես քիրվա «տիրություն» էր անում նրան,մի օր էլ ասել էր՝ աչքս վիլիսիդ վրա է, մեկ է՝ մի օր մեր թուրքերը ձեզ քշելու են Ղարաբաղից, մեքենադ էնպես կանես, որ ինձ հասնի...
Մամեդը նորից հիշեց, որ վիլիսը իրեն չհասավ, ինքն իր մեջ դրանից կրկնակի զայրացավ։ Զայրույթից ավելի կորցրեց իրեն, ինչ որ բան կատարվեց ներսում, թե արյան բնույթը դարձավ անուղղելի։ Տեսավ, որ խնդրանքն ավելորդ է, ձեռքերը դես ու դեն տարավ, մի քար ընկավ ձեռքը, փորձեց նրանով խփել ինքն իրեն, սպանել, զարկել եւ Հարոնին, բայց չէր կարող ոչինչ անել, թույլ էր, քարը ընդամենը դիպավ մի ուրիշ քարի, վերջինս էլ գլորվեց թույլ-թույլ, ապա անհայտացավ ու գիշերային թփուտների մեջ պահված մի քանի հավքերի թեւահարումն ու կռինչը բարձրացրեց օդ։ Մի ժպիտ էր թառել Հարոնի շուրթերին, ոչ ոք դա տեսնել չէր կարող։ Քմծիծաղ էր։ Մի պահ մոտիկից լսվեց քրքիջ։ Ապա սարսափազդու մի խռմփոց սկսեց գալ։ Հարոնին թվաց, թե ինչ որ մեկի հետ կռիվ է տալիս թուրքը։ Կանչեց նրան։ Պատասխանը շնչահեղձ բառեր էին ու ցնցումներ։ Դա տեւեց մի ժամ, թե մի հավիտենություն, չհասկացավ Հարոնը։ Գիշերն ամեն ինչ առավ իր թեւերի տակ՝ ուշ հայտնվելու համար մեղավոր-մեղավոր, մեկ մութն էր կույր շեղբի նման խրվում վերքերի մեջ, մեկ ամայությունն էր հսկայական կարպետի պես պատառոտում իրեն։
Երբ Քած աստղը, արեւի դուրս գալուց առաջ, անդրանիկ շողով շոշափում-հետախուզում էր ժայռի ամենածերպի քարը, երբ արդեն շատ հեռվում խուլ պայթյուն լսվեց, Հարոնի արնոտված կոպերը խտուտ եկան։ Թվաց անկողնում է, բայց արյունը քարատաշտի մեջ լճացել-լերդացել էր, իսկ ինքը ոչ մի շարժում չէր կարող անել արդեն։ Ինչքան կանչեց հարեւանին, արդյունք չկար։ Ավտոմատը ձեռքին էր։ Փորձեց ինքն իրեն կրակել աջով, չստացվեց, քարն ի վար սահելով, գնաց ավտոմատը, հեռացավ, ձեռքն այլեւս չէր հասնում։ Իսկ մերոնք շատ էին նահանջել։
Հանկարծ սկսեց անձրեւել։ Միանգամից, առանց ամպերի կուտակումների։ Առանց որոտի։ Թե որոտը իրար հերթ չտվող պայթյունների մեջ չէր ջոկվում։ Հարոնը փորձեց կաթիլները որսալ շուրթերով, բայց չէր ստացվում։ Աջ ձեռքը տարավ դեմքի վրայով եւ անտանելի ցավից ոռնաց, ուռած էր երեսն ամբողջովին ու պատառոտված։ Սակայն անձրեւը մի փոքր սառնություն բերեց ներսից վառվող ու կսկծացող մարմնին։ Քնեց։ Ինչքա՞ն։ Չգիտեր։ Դա քո՞ւն էր։ Ականջի տակ կռինչներ լսվեցին։ Սկզբում չհավատաց, թվաց թուրքի տնքոցներն են էլի։ Աչքը բացեց կիսով չափ ու տեսավ կափկափող թեւեր։ Ապա թվաց, թե մեկը ոտքի ծայրից ասեղնոտում է, սկզբում խտուտ էր գալիս մարմինը, նույնիսկ այդ խտուտախաղը նրա դեմքին ժպիտներ դրեց, հետո անտանելի ցավն ու ծակոցները միախառնվեցին։ Ճչաց։ Ձեռքով փորձեց հեռացնել։ Չստացվեց։ Կտուցներն արյունոտած գիշանգղներն արդեն քրքրել էին զույգ ոտքերը։ Նույնիսկ նրանցից մեկը փորձում էր մագիլների մեջ առնել մի զանգված ու տանել, բայց ինչ-որ թելեր, կապված մարմնին, թույլ չէին տալիս։ Աննկարագրելի ցավից երկար ոռնաց Հարոնը, այնքան, որ արդեն մարմինը լրիվ թմրեց, կորցրեց ցավի զգացողությունը։ Առավոտը նոր էր բացվում։ Աղմուկով, կռինչներով գնում-գալիս էին ինչ որ թեւեր, կեռ ու արյունոտ կտուցներ։ Աջ ձեռքով փակված էին աչքերը։ Եվ հանկարծ վրա է հասնում ճերմակամորուս ծերունու ձեռքը, այս անգամ՝ վճռական, առարկություն չհանդուրժող.
-Քեզ ասու՞մ էի ժամանակին... Գնացինք։
Հարոնը նայեց մեղավոր-մեղավոր ու լուռ համաձայնեց։
Երկնքում խաղաղություն էր։ Միայն դեռեւս չմարած աստղերն էին Դիոգենեսի ճրագների պես շարժվում՝ չերեւացող մարդկանց վեր պարզած ձեռքերին. բոլորը փնտրում էին, հաճախ իրար ոտքով էին ընկնում, ոտքերի տակ տրորվում, բայց ոչ մեկը չէր գտնում ոչ մեկին։

Մի պահ էր. արկի բեկորներից ճամփի երկու ափերը խարխլվեցին ու... փակ էր ուղին։ Ի՞նչ անել։ Եվ հանկարծ կրակների միջից հայտնվեց Վաղոն՝ գնդացիրն ուսից կախ, զինվորական զգեստները կիպ-կպած մարմնին, սլացիկ, սիրուն։ Ասես չի զոհվել, ասես՝ ոչինչ չի եղել։ Միայն մի սեւ, բարակ սպի կա դեմքին,որ աչքի կողքով գնում, թաքնվում է գանգուր մազերի մեջ։ Գրկեց աղջկան իր զորեղ բազուկներով, ափ հասցրեց խաղաղ, մի համբույր թողած տաք շրթունքներին, ծխի ու փոշու մեջ անհետացավ՝ կռիվ է, ես գնամ։ Կարո՞ղ է՝ ինքը չէր՝ Վաղոն, կարո՞ղ է՝ պատրանք է։ Չէ, մի բան հաստատ գիտե Անուշը՝ իր ամենա, ամենանեղ պահերին հասնողը միշտ Վաղոն էր լինում։ Եվ դա երազ չէ. այդ դեպքում ինչպե՞ս ինքը կհայտնվեր այստեղ, ապահով վայրում. «Վաղոն այդպիսին է՝ յոթ լեռան ետեւում էլ լինի՝ հասնում է։ Հետո ի՞նչ, թե զոհված է, դա ի՞նչ կապ ունի։ Նա ինձ սիրում է։ Ես նրան սիրում եմ»։

Ես ջուր խմեցի Բովտունքարի աղբյուրից, ոլորաններն իջա, եւ իրիկնային լույսերը Ստեփանակերտի բարձրահարկերում ու փողոցներում միանգամից վառվեցին՝ վրա հասնող գիշերն ասես լցվեց սպիտակ-սպիտակ աղավնիներով։ Տանն ինձ սպասում են մայրս, կինս, փոքրիկ տղաս։ Ի՜նչ Ստեփանակերտ, Փարիզ ասա՝ քաղաք, որն առաջինը պատմության մեջ ամբողջովին լույսեր հագավ... Ես էլ, ի՜նչ Հակոբ, Լյուդովիկոս 14-րդն եմ... Թվականը՝ 1718... Չե՞ք տեսել զինվոր, որ արքա լինի։ Այդ ես եմ։

Սաթենիկ տատս միշտ ինձ «զարդարում» էր իր ոչ մի սիրո չնմանվող ջերմության հատուկենտ բառերով՝ իշի քուռակ ես, իշի քուռակ... Ասում եմ՝ «ի» մի ասա, տատիկ, «է» ասա... Հա, քոնը էդա, ասում է, էդ այբ-բենն էլ որ չիմանայիր՝ «քաշ-կռավկալ» քեզ կտանեին։ Տատիս խոսքերը երեկ հիշեցի՝ կռվի ամենաթեժ պահին հանդիպելով... ինձ, այսինքն, այս մասին ո՞վ է ասել, էշի քուռակին։ Եվ տրամադրությունս միանգամից բարձրացավ։ Այնքան ուրախացա էշին տեսնելով, Տեր Աստված։ Ոչ նրա համար, որ իմ տատից առաջ Դոստոեւսկին ասել է «էշը լավ մարդ է»։ Չէ՛, պարզապես չի խանգարում ոչինչ, որ մարդ մեկ-մեկ էլ ինքն իրեն հանդիպի։ Հլա դեռ մեզ մեկ-մեկ ասում են՝ սովետի տարիներին հավատը ամուր չեն պահել... Լավ, այդ սուրբ կենդանին որտե՞ղ է ավելի հարգեւոր, Երուսաղեմից հետո, քան Ղարաբաղում։ «Գրադի» ծանր արկերից երեք-երեք բարձում են իշուկին ու դուրս հանում դրանք կայանքի մոտ։ Բա՞։ Այնտեղով, որտեղով էշի քուռակն է գնում, ոչ մի տեխնիկա չի կարող աշխատել, այն էլ՝ առանց վառելիքի։ Այնպես որ՝ ռազմական մեր «տեխնիկան» շատ է բազմազան... Իշի քուռա՜կ...
Էդ պահին երկնային մի ափսե, թը՜ռ, եկավ, մոտերքում պայթած արկի բեկոր էր ասես, ուղիղ էշի առաջ իջավ, էշը հոտոտեց-հոտոտեց՝ երկու ականջներն ու աչքերը վրան խլշած, բան չհասկացանք։ Գյուղացին թոնթորաց տնավարի՝ բոստանումս բռնիները չափարով ընկած, էսօր-էգուց ձյուն կդնի... Բա սա արդարությո՞ւն է, փոխանակ նրանք տուն տանեմ, սրանք եմ բարձրացնում սար։ Ազերին թե գլխում մի գրամ ծեթ ունի, թող էնա մտնի Կասպից ծովը՝ խեղդվի, էլի, ինքն էլ կազատվի միանգանմից, մենք էլ։ Այդպես է ասում տարեց հաթերքեցին ու իր էշը քըշում, գնում։
Որ Հաթերքը Հաթերք էր՝ դեռ Աթենքի անունն էլ չկար։

Շահումյանում կռիվներ են գնում։ Լրագրող Մհոն տեսավ, որ ամոթ է այստեղ նույնիսկ գրիչ հանելը, զոհված տղաներից մեկի գնդացիրն առավ, ձուլվեց տղաներին։ Նահատակվածի անունն էլ Մհո էր։ Ասավ՝ ես Մհոն եմ, ես չեմ զոհվել, ես պիտի կռվեմ, ես պիտի հաղթեմ։ Ու այսպես, լրագրող Մհոն «կորավ», անհետացավ...
Երեւանից եկած հայր Ռազմիկն ինչ անում էր - չէր անում, «Զինվորի հայրը» հայտնի ֆիլմն էր կրկնվում, այս անգամ՝ մեր աչքի առաջ, մեր տանդռանը։ Ամիսներ են անցել, Մհոն չի երեւում։ Հայրը մեզ հետ այս ճակատում է հարցնում, մեկ այն առաջին գիծն է մտնում, մեկ... թե բա չեք տեսել՝ մի լրագրող, սիրուն տղա, էսպես ու էսպես... Հազար ու մի վարկած է լսում, հազար ու մի պատմություն է պատմվում, բայց բոլորը՝ ապարդյուն։ Եվ երբ Ռազմիկը լսափողի միջով դեպի Երեւան ճչում է՝ Հասմիկ, Մհեր չկա, ռեքվիեմված ձայնի ու ցավի ուժգնությունից դղրդում է տունը։
Ղազանչեցոց եկեղեցում, որերորդ ամիսն է արդեն, մոմերը շարում ենք, որ լուցկին մոտեցնենք։ Եվ ի՞նչ. երկնքից իջած մի շող առաջկտրուկ է անում, ասես, ու մոմերը վառվում են միանգամից, իրենք-իրենց։ Նայում ենք մոմերին՝ աղոթքի մրմունջներով, տողանի կանգնած զինվորներ են... Մհեր կգա...
Եկա՛վ։ «Այ տղա, Մհո, ո՞ւր ես, ինչի ձեն չես հանում»։ «Չհասկացա,- զարմանք է Մհոն,- երկիր-երկինք գիշեր-ցերեկ պայթյուններ են, էդ ձեն չէ՞»։ Շուշիում խմեցինք, իջանք Ստեփանակերտ։ Ու «Քոչարին» մրրկեց Կարկառ գետի (ակունքը Շուշվա քերծի տակ է, իսկ քերծի վրա Ղազանչեցոց եկեղեցին է) մի ափից՝ մյուս ափը, ձեռք-ձեռքի տված Հարությունի, Մհերի, Վահանի, Անուշի, Սերոբի, Անահիտի, Վաչիկի եւ ուրիշների մարմնի ու հոգու մեջ, թիկունք-թիկունքի վառվող մոմերի հանգույն (Արայիկին ինչքան ասացինք՝ ոտքիդ վերքով չի կարելի ջրում շատ մնալ, չլսեց) պարի մեղեդին տրվեց ալիքներին, գնա՜ց-գնա՜ց, ծաղիկներին ու ծառերին, մեր ազատվելիք հողերին հասավ, ծովերին հասավ ու հասավ անհասանելի հորիզոնին։
Վերեւում սար կա, սարի վրա վանք կա, վանքի վերեւ՝ երկինք, երկնքի տակ Արցախն է։

Էրիկ է, Ճուտո են ասում։ Սիրունի հետ երբ համբուրվեցին, չգիտեին, թե համբույրը ինչ է, չգիտեին՝ ոնց է լինում, որ սիրում են... Առաջին արթնացումի զգացումները ծառերի վրա ճառագող երամներ էին հիշեցնում, մեկ-մեկ էլ նմանվում էին կալի մեջ աշանի վրա «հարձակվող» հազարաթեւ ճպուռների։ Փրկություն չկա։ Բայց Սիրունին փախցրին։ Տանողը հենց այն լոլոզ տղան էր, որ Մարունց Սիրունին, համբույրի պահին, պոկեց Ճուտոյից՝ մի ապտակ էլ վրադիր թողնելով, ասաց՝ փսլնքոտին նայեցեք։ Ճուտոն ինքնաշեն հրաձիգով պիտի սպաներ լոլոզին, ընկերները չթողին, ասացին թող աղջիկը որոշի։ Աղջկան լոլոզը փախցրեց. տարին տարուն ծալվեց, երեխա չեղավ, էս կռիվներն էլ նոր էին սկսվել, լոլոզը խոպան գնաց ու էլ ետ չեկավ։ Սիրունը հորական տունն էլ չգնաց ամոթից, մի սենյակ վարձեց, մնաց ինքն իր հետ։ Ճուտոն մի օր, պատահմամբ, հանդիպեց ու ասաց՝ ո՞նց ես։ Հետո ճանապարհը էլի էր Ճուտոյին «պատահմամբ» տանում այնտեղ, իսկ Սիրունը ասում էր՝ չէ, դու դեռ տասնվեցն էլ չկաս, իմն էլ պրծել-գնացել է։ Ճուտոն տաքացավ, բայց ցուրտ խոսք չասաց, հեռացավ։ Հաջորդ օրը զինկոմիսարիատում էր. «Ուզում եմ գնալ ռազմաճակատ»։ «Փոքր ես, գոնե տասնյոթդ լրանա»։ «Չէ՛, գնում եմ, չուղարկեք՝ ինքս կգնամ»։ Մեկնելիս՝ Սիրունին այցելեց, թեկուզ «խռով» էր։ Սիրունը, երբ տեսավ կանչի թուղթը, չհավատաց աչքերին, նայեց, նայեց ու, միանգամից գրկելով Ճուտոյին, սկսեց լացել, ոնց թե, ախր, ոնց են թողնում, դու... Խնայեց ու չասաց՝ փոքր ես դեռ, նրանից ինքը երեք տարով էր մեծ։
Սիրունի միակ մահճակալի գլխավերեւում երկու մեծ մոմ վառեց Ճուտոն։
Պատուհանը փակեց Սիրունը, մոմի խաղացկուն ստվերների տակ սկսեց կամաց-կամաց մերկանալ։ Օգնում էր Ճուտոն խոնարհաբար։ Առաջնորդողը Սիրունն էր։ Հանկարծ նկատեց Սիրունը, որ պատուհանի լավ չծածկված անկյունից մի լույս է երեւում՝ դիմացի շենքի պատուհանից էր, թե՝ աստղ։ Մեկ է, ասաց, փակիր, չերեւա, կտեսնեն։ Ու խոսքի հետ մերկանում էր։ Ճուտոն եւ օգնում էր նրան,եւ, երեւի, շշմել էր։ Կյանքում կին չէր տեսել, այն էլ՝ այդքան գեղեցիկ, բարալիկ, օձի բերանով քաշած ոնց-որ։ Սիրունը իր միակ շորիկը՝ վերջինը, դեռ ոտքերին չիջեցրած¬ սկսեց Ճուտոյի շորերի կոճակները արձակել։ Ճուտոն ակտիվացավ ու, կարծես, նոր միայն «հասկանալով», որ ինքը մերկ չէ, առանց Սիրունի շուրթերից, կրծքից, ոտքերից պոկվելու, սկսեց կցկտուր շարժումներ անել։ Թվաց հազար թոկով կապված աճպարար է այդ պահին եւ, որքան էլ պինդ լինի կապված, մարմնագալար շարժումներով իրենից թոթափում է զգեստները։ Մոմերը ժպտում էին աստղերի պես։ Դա ավելի շուտ ծեսի էր նման. ասենք, դա կարեւոր էլ չէ, թե ինչի էր նման։ Երբ մարմինները շիկացած կրակների պես գալարվում էին, Սիրունի ձեռքը իջավ ճիշտ այնտեղ, ուր Ճուտոյի ափն էր, ուր Եվան, սովորաբար թզենու տերեւ էր կրում... Բայց Ճուտոյի ձեռքը վառվում էր, տերեւը ոնց կդիմանար։ Սիրունի երկարուկ մատները ասես շոյեցին Ճուտոյի առնանդամի անսովոր ու ախորժագրգիռ պնդությունը, առավ իր մեջ, մոռանալով անգամ, որ պիտի մի քիչ ջուր ցողեր՝ որպեսզի թեժ թոնրապատից հացը, դեռեւս լրիվ չթխված, չընկնի։ Ընկնի էլ՝ պողերին է թխվում, մանավանդ, որ կրակը խիստ բորբոք է։ Հեռվում, Քիրսի լանջերից թուրքի դիրքերի վրա խփող մեր «Գրադ» կայանքի խուլ, լսվող-չլսվող համազարկերում մոտալուտ բաժանման անխոս խորհուրդ կար, որն ավելի էր քաղցրացնում այն, ինչ քաղցր էր։ Սիրունը իր մեջ արագորեն գտավ Ճուտոյի խորքում, ամենախորքում վառվող, շիկացած պողը, Ճուտոն միանգամից հայտնվեց թոնրակրակի ամենաթեժ պահի մեջ ու Սիրունի մեջ ամենաանհայտ Սիրունին գտավ։ Ճուտոն ուշիմ աշակերտի պես հետեւում էր անսովոր հմայքին ու այնպես լուռ, շարժման մեջ, անասելի, անչափ գոհ էր Աստծո ստեղծած աշխարհի կատարելությունից։ Մատներն այնպես նվագուն էին գրկել Սիրունի բաց ու հույժ համբուրելի սրունքները, ապրում էր բոլոր սուրբ հրապույրները դրախտի։ Սիրունն այնքան փխրուն էր ու շքեղ։ Եվ չնայած երկու տարի կին է եղել, ասես ապրում էր իր մեղրագիշերը եւ, եթե չլիներ իր «փորձը», ինքն էլ պիտի հավատար իր կուսությանը։ Այդպես էլ շնչատաքով այրելով Ճուտոյի ականջները, ամաչկոտ-խոնարհ խոստովանեց. «Առաջինը քոնը եղա, ես մինչեւ հիմա անհաս էի նրա համար, ով ինձ հասել էր». Եվ ճիշտ էր։
Մի գիշերում երեք անգամ խնձորենին ծաղկեց։ Առավոտյան մոմերը վերջին ծիկրակումներն էին նվիրում նրանց ու խնկահոտն ու թեթեւ մոմածուխը սենյակը լցրել էին ախորժալի բուրմունքներով։ Նոր ծագող արեւը եղավ պսակադրողը։ Ճուտոն արդեն բացված ու արեւը ներս թողած պատուհանի առաջ համբուրեց Սիրունին, ասես ծաղկի կոկոնի էր կպչում ու վախենում էր, որ թերթիկը կընկնի։ Ես քեզ հետ գալիս եմ՝ վերջին պահին հաստատ վճռեց Սիրունը։ Չէ՛, դեռ չէ՝ Ճուտոն ընդգծեց տղամարդու իր անառարկելիությունը, մի անգամ էլ համբուրեց Սիրունին ու գնաց։ Շատ ժամանակ չէր անցել, երբ Սիրունը հարեւանի ամուսնու՝ զինվոր Սասունի միջոցով ռազմադաշտ հասցրեց ապսպարանքը. «Ասեք՝ բան ունեմ ասելու»... Ճուտոն խնդրեց հրամանատարին, մի գիշերվա մեջ տեսության եկավ եւ ականջներն աշխարհի ամենագեղեցիկ շշուկներից շիկացած, կաս-կարմիր կտրած, այ քեզ Ճուտո, մեկնեց. «Երեխա ենք ունենալու»։ Կռիվ է։ Ո՞վ կարող է ասել, թե դրանից հետո ինչ էր մտածում Ճուտոն, երբ նստեց տանկի իր «օթյակում», ոչ ոք չգիտե, բայց մի բան անկասկած է։ Նրան հաղթել չի լինի։ Ճուտո՜ն։

Ուղեգիր են տվել Վըրցըկյեզար Աթունին, ասել են՝ որբ մեծացած տղա է, գնա ամերիկյան մի «սանատորիա», հանգստանա, պատերազմական վերքերը մի քիչ բուժի։ Նախաձեռնողն ու հովանավորն էլ Ամերիկայում ապրող մեծահարուստ համագյուղացիներից է։ Բայց Աթունը հրաժարվել է.
-Աշխարհում մեր Ղարաբաղից լավ տեղ չկա, էդ՝ մեկ, երկրորդ՝ մեր Սուսանն ասում է՝ Աթուն, աշխարհքի ամենալավ տեղն այնտեղ է, որտեղ ես քո կողքին եմ։ Ինքը չի գալիս, ես էլ չեմ ուզում։
Ասել են.
-Ինչու չեք ուզում, լավ կռվել, հաղթել եք, հերոսություն եք արել... Վըրցըկյեզար Աթունը զարմացել է.
-Վա՜հ... Էս ինչ են ասում, է՜։ Հասան-մասան թուր- թվանք կապած, եկել մեր դուռն են հասել, թե՝ ձեզ պիտի կոտորենք, էլ մեծ ու փոքր, կին, երեխա չեն ասում... Էդքանից հետո որ չհաղթեինք՝ ի՞նչ պիտի անեինք։ Ուրիշ ելք եղե՞լ է։ Հերոսությունս ո՞րն է, էդպես էլ պիտի լիներ, էլի։ Կարո՞ղ է՝ տատիս գործած գորգը նրանց ոտքերի տակ փռելու էինք...

Մարդն ինքը ճանապարհ է, անցնում է բոլոր մարդկանց միջով, անցնում է բոլոր ծառերի, քարերի, ջրերի, ծաղիկների, տիեզերքի, ամեն մի հյուլեի միջով։ Եվ միայն ու միայն այդ ճանապարհին են կատարվում աշխարհի ամենամեծ հայտնությունները՝ կրակի գյուտից մինչեւ Էյնշտեյն ու Հրանտ Մաթեւոսյան, մինչեւ արցախյան ժենգյալով հաց, մինչեւ ատոմային ռումբն ու մինչեւ... սերը։

Աշխարքս լոխ
սուտուկցան ա,
լիհա լյավ ա՝
ղաթըմը ղորթ էլ կա։

Գրավում ենք լեռն ուր-որ է. եւ հիմա այստեղ՝ բարձրում, Աստծուն մոտիկ, մեզ սպիտակ խալաթներ են տվել, որ ձյունի հետ լինենք համախոս եւ հեռվից չնկատի թշնամին։ Սպիտակ խալաթ ես միշտ երազել եմ՝ դեռեւս վիրաբուժականի ուսանող, օրերն էի հաշվում, որ հագնեմ ու նշտարը ձեռքս առնեմ, բայց հիմա ձեռքս եմ առել... գնդացիրը։ Հը՛, քեզ համար ո՞նց է, Հիպոկրատ։ Մի շիշ գինի լինե՜ր, հիշեի Օմար Խայամին՝ իր անունը կրկնող Օմար լեռան վրա։ Գինու մի կումը (մտքիս մեջ) ինձ ասում է՝ մեկ են նշտարն ու գնդացիրը, երկու դեպքում էլ՝ թունազերծում են, որ բուժեն... Մյուս կումերը գինու շարունակում են առաջինին։ Պայթյունները լեռան վրա, ձյուների մեջ այլ իմաստ ու հնչողություն ունեն։ Եվ ես՝ Հիպոկրատի ու Օմար Խայամի համար ճանապարհ բացելով՝ գնում եմ դեպի խաղաղությունը լեռան։ Հաղթանակը մոտ է։ Իմ ձախ թեւից ծորացող արյունը ամենեւին էլ գինի չէ եւ սպիտակ խալաթիս ու ձյունի վրա գարնան կարմիր վարդերի խրախճանք է։ Իսկ ինչ մնում է Օմար Խայամին, եթե նա գոնե մի բաժակ արցախյան թթի օղի խմած լիներ, հազիվ այդքան գովերգեր գինին, նույնիսկ՝ եթե այն խմում է Խորասանի իր սիրուհու շուրթերից։

Դադար էր։ Ծխախոտ վառեց, նստեց մի քարի վրա, ծխի քուլաները ներքաշեց ու, չգիտես ինչու, հիշեց իր Սաթենիկ տատին, որն, ավաղ, ամփոփված մնաց Բաքվում։ Էն մնալն էր, որ մնաց։ Հայրենի շենում լիներ, գոնե գերեզմանին այցի կգնար, սիրտը կթեթեւանար։ Տատն իրեն շատ էր սիրում, իր մասին ասում էր. «Մեր Վարդանի նման խենթ երեխա դեռ աշխարհը չի տեսել, կամ ճամփի գլխով կգնա, կամ՝ ճամփի տակով, ճամփով գնալ չունի...»։ Նայեց շուրջը՝ ուր հասել էր քարերի վրա մագլցելով, անճանապարհ հանդերին նայեց ու մտածեց. «Տատս կենդանի լիներ, տեսնես հիմա ինչ կասեր...»։ Հիշեց նաեւ այս հանդերում կյանքն անցկացրած Հաբի պապին, նրա խոսքը. «Է՜, Աստված, կռանս զոռոքն ապրում եմ, դու էլ գիտես, թե ինձ պահում ես, էլի...»։
Տաք հիշողություններից ջերմացավ։ Հոգնությունը անցավ։

Խմբում ամենատարեցը ինքն է՝ Նեսոն, քսանյոթը բոլորել էր երկու ամիս առաջ։ Դրա համար տղաները նրան կնքել են նոր անվամբ՝ Դեդ։ Մի տեսակ լավ էին զգում զինվորները նրա ներկայությամբ։ Պահը բաց չէր թողնում որեւէ իմաստություն ասելու համար։ Ջըռահաց ցեղից է։ Հայրը՝ Սոփա Սարգիսը, դպրոցում վարժապետ էր, բայց բարձր դասարանում սովորող մի աշակերտուհու ոտք, ծնկից վեր, փուշ էր մտել՝ երբ գնացել էին կոլեկտիվ տնտեսության համար մասուր հավաքելու։ Երեխան մեղք էր, «աղջիկ խոխա», լաց էր լինում ցավից, ինքն էլ փուշը հանեց։ Բայց ուսուցիչներից մեկը գյուղում ասել էր, թե փուշը հանելու ժամանակ մի քիչ շոյել է ցաված տեղը։ Դեհ, գյուղացիք էլ վերցրել, վարժապետությունից զրկել են։ Որբ տղա է եղել, նախրապանություն են առաջարկել, ասել են՝ ձեր ցեղից են եղել գյուղի բոլոր նախրապանները, դու էլ գնա, հորդ փեշակը բանեցրու, վարժապետության հետ ինչ գործ ունես։ Դեհ, ինքն էլ չի առարկել, մենակ թե՝ ամեն օր թերթ էր տանում հանդ ու ընթերցում էր ոչ թե սովորական դիրքով, այլ թեք սարալանջին՝ գլուխը դեպի ներքեւ, բերանքսիվայր, պառկած։ Ճիշտը դա է, ասում էր, որ արյունը գլխին ավելի շատ մատակարարվի ու խելքը բնականից ավելի լավ աշխատի։
Աղջիկ խոխան, որի փուշը հանել էր, հետո լաց էր եղել, թե նախրապանին եմ սիրում, նրան եմ մարդի գնալու։ Սարգիս նախրապանն էլ լսեց, թե. «Էդպես է՝ սիրտն իր փուշը հանողին է սիրում»։ Էստեղից էլ անունը մնաց փիլիսոփա, կարճ՝ Սոփա։ Ամուսնացավ։ Մինուճար մի տղա ունեցավ, հենց մեր Նեսոն, որի մասին դուք արդեն իմացաք։ Եվ զինվոր տղաների համար մեծագույն հաճույք է ամեն անգամ լսել, թե Սոփա Սարգսի որդի Դեդը ոնց է գերի ընկել ազերիներին, ոնց է ազատվել, ոնց է ընկել՝ Ադրբեջանի պրեզիդենտի մոտ, նրա հետ վիճել... Եվ պատմելու ժամանակ Դեդը ոչինչ չէր ավելացնում, չէր պակասեցնում։ Ուրեմն, երկու բառով ասենք, թե բանն ինչն-ինչոց էր։ Դեդը մասնագիտությամբ հրետանավոր էր, ծառայել էր Գրադ Շուրայի մոտ, եղել էր Աղանց Համոյի խմբում, Նեսոյի մոտ էր եղել։ Իսկ վերջին կռիվների ժամանակ հետախույզ էր արդեն։ Որքան էլ տեղանքին քաջ ծանոթ, Դեդը, այնուամենայնիվ, ճանապարհը կորցրեց գիշերվա մեջ, մառախուղ էր։ Մի խոսքով գերի ընկավ։ Ազերիների համար դա մեծ «ավար» էր, մանավանդ, որ Ադրբեջանը մեկ-երկու անգամ էլ, սովետի տարբեր հանրապետություններում ըմբշամարտի մրցումներում ներկայացնելու եւ հաղթություն նվաճելու առիթ էր ունեցել։ Բայց դա անցել է։ Բաքվի ճամբարներում եղած մարդը միայն կարող է իմանալ, թե ինչ զրկանքների ու տանջանքների են ենթարկում։ Մուրճը վերցնում, խփում են ատամներիդ ու թե նրանց մեջ ոսկի կա՝ վերցնում են։ Իսկ Դեդը ոսկի ատամների մի «կամուրջ» ուներ, հենց մուրճը պիտի իջներ իր ատամների վրա, ձեռքը բարձրացրեց (ազերիներից ավելի լավ է իմանում նրանց լեզուն), թե նեղություն մի քաշեք, ահա... Եվ ինքը ձգում իր ձեռքով ու ոսկի ատամները հանում, մեկնում է թուրք ավարառուին, որը «քննիչի» անվան տակ է։ Դեդը պատմում է, թե պատին տկտկացնելով, ոնց են հայ գերիները տարբեր խցերի մեջ իրար հետ հաղորդակցվում։
Բայց սարսափելին դեռ հետեւում էր։ Երբ Դեդի զինվորական շորերը խլել էին, դրանից մի շաբաթ հետո եկան ու իրեն տարան անհայտ ուղղությամբ։ Ապա նրան թուրքական ոճով կահավորված մի սենյակ հասցրին, ուր իրեն շատ սպասել չտվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ պրեզիդենտ Էլչիբեյը. «Հը՛, Էրմանի, հիմա կասե՞ս, թե սա ինչ քարտեզ է»։ Դեդը քարտեզի անունը լսելուն պես նայեց սեղանին։ Եվ ի՞նչ։ Սեղանին մի քանի օրինակից հանված, բազմատեսակ մեծացված, դրված էր հոր՝ Սոփա Սարգսի կտակած խրատը՝ գծագրի ձեւով։ Հոր մասին հիշողությունը սիրտ ճմլեց։ Սոփա Սարգիսը... ճապկե մահակը ճկում էր մեջքին՝ երկու կողմերից թեւերը մահակի վրա ետեւից կանթ անելով ու, դանդաղ, տավարի ետեւից իրիկունը, մի ժամ ուշացումով, գյուղ հասնում։ Կովերը գոմ էին հասնում, կթվում, հորթերին կաթ տալիս, ինքը դեռ Ապրեսին քարում անընդհատ «հո, հո, հո» էր ասում գլուխը կախ ու քայլում հոգնած... Հիշեց Դեդը այս ամենը եւ աչքերը լցվեցին։
Սոփա Սարգիսը իր «կտակի» կենտրոնում գրել էր. «էդպես է՝ սիրտն իր փուշը հանողին է սիրում»։ Ապա ավելացրել է՝ ամեն մի մարդ մի ուրույն մոլորակ է։ Աշխարհում չես գտնի իրար նման երկու մարդ, որ մի ուղղությամբ գնան, բոլոր մարդիկ գնում են ամեն մեկն իր ճանապարհով, բայց միեւնույն է՝ բոլորը մի ճանապարհի վրա են, որքան էլ իրար հակառակ ուղղությամբ քայլեն, բոլորն էլ, առանց բացառության, նույն տեղն են հասնում ի վերջո։ Մարդ պիտի մարդ լինի։ Տղաս, աշխատիր միշտ մարդկանց սրտի փուշը հանել, ոտքիդ տակ ամուր պահել հողը։ Այսքան բան։ Հորդ ասածներով գնա ու ոտքդ քարի չի դիպչելու։
Դեդը հոր կտակած այդ թուղթը ծոցագրպանում էր պահում, փոքրիկ որդու՝ Արենի լուսանկարի հետ։ Բայց ազերին դա երկրի առաջին դեմքին է հասցրել (երեւի դրա համար շքանշան է ստացել) որպես Ղարաբաղի կողմից Ադրբեջանը գրավելու ռազմագործողությունների խիստ գաղտնի մշակված ծրագիր-քարտեզ։ Պահանջում են, որ քարտեզի «լեզուն» բացի ինքը՝ Դեդը, քանի որ իրենք բան չէին հասկանում։ Դեդն էլ բացատրում էր, չէին հավատում։Ամեն անգամ ձգում-հանում էին ձեռքի եղունգներից մեկը, ճկույթներն են կտրել անգամ։ Սպառնում էին մահվամբ։ Գաղտնիքը բացելու դեպքում՝ ազատության խոստումներ էին տալիս՝ ոսկե բեռով, մինչեւ Մոսկվա։ Ի վերջո, Դեդի ռազմագործողությունների «քարտեզը» քննեցին ազերիների ազգային ակադեմիայում՝ գեներալիսիմուսի մասնակցությամբ։ Մոսկվայից պատահմամբ ներկա գտնվող մի վարձու օդաչու, խորը քննելով ծրագիրը, ուղղակի ժպտացել է. «Դա արեգակնային համակարգության անհաջող արված գծագրություն է, մոլորակների փոխարեն ուղղակի նկարել են մարդկանց, Ղարաբաղը, սարեր, պարզապես ուրիշ ոչինչ»։ Դրանից մեկ տարի հետո, Միր Բաշիրի եւ Մարտակերտի սահմանագծում Դեդին փոխանակել են յոթ թուրքի հետ։ Շատ էր ցավում հոր հիշատակի կորստյան համար։ Ափսոսում էր, տխրում։
Տանն էլ լավ լուրեր չէին սպասում Դեդին։ Կինը զոհվել է գյուղի հրետակոծության ժամանակ, իսկ երեխային գտել էին մոր կրծքի տակ, մի քիչ էլ ուշ հասնեին՝ երեխան շնչահեղձ կլիներ։ Փոքրիկին տարել էին Ստեփանակերտ, ուր նրա, մոր կողմից, տատն է ապրում։ Երբ Դեդը գրկել է փոքրիկ Արենին, անմիջապես ձեռքերի մեջ զենք առնելու պահանջ է զգացել նորից ու, առանց առարկության, զինկոմիսարիատ է դիմել, հաջորդ օրը մեկնել ճակատ։
Մի օր էլ, գիշերային դադարի պահին, երբ մի պահ նինջ էր պատել աչքերին, դիմացը կանգնեց սրբի լուսապսակով մի մարդ, ոչ այն է՝ հայրն էր, ոչ այն է՝ չէ, Դեդին պարզեց հոր ձեռքով արված գծագիրը։ Մոլորակների, մարդկանց, թռչող ձիերի պատկերներ են, բայց որ խորն ես նայում՝ Ղարաբաղն է, պտտվում է արեւի շուրջ...
Դեդը զոհվեց ականի վրա։ Անտառի մի բացատում էլ դին ամփոփել են, վրան քաշել մամռակալած ու չեչոտ մի քար։ Եվ ընկերները չեն մոռացել մի խաչ կանգնեցնել երկաթյա, խաչի կենտրոնում՝ Սոփա Սարգսի արեգակնային համակարգության գծագիրը. «Էդպես է՝ սիրտն իր փուշը հանողին է սիրում»։

Մինչեւ պատերազմն սկսվելը Աշոտն էր ինքը, կռվի տարիներին փոխվեց։ Մեկ էլ կտեսնեիր, կասեր՝ տղերք, թուրքերը Կանաչ թալայի ճանապարհը ականապատում են, կամ՝ Կաթնամար աղբյուրի մոտ ասկյարների մի խումբ կա։ Սկզբում տղերքը չէին հավատում, կամաց-կամաց, համոզվելով ասածների ճշմարտության մեջ, տեսան, որ մարդը ներքին լսողություն ու ներքին տեսողություն ունի. յոթ սարի ետեւում էլ իմանում է, թե ինչ է կատարվում։ Ինքը՝ Աշոտն էլ, սկզբում չգիտեր իր այդ «տվովի» հատկանիշների մասին, թե՞ չկային դեռ դրանք։ Մի անգամ, երբ Հարոսի ու Արմանա խութի արանքում ընկած Գողաձորում էին, ուր ցերեկն անգամ մթին ու անտեսանելի է լինում ճամփադ, Աշոտն ասաց. «Տղերք, պատրաստվեք, երկու կիլոմետրի վրա, Երինջայի ֆերմայի մոտ, թուրքերը մեր ճամփին դարան են մտել»։ Այդպես էլ եղավ։ Հրաշք է դա։ Նախապես իմանալով, մերոնք շրջափակման մեջ առան ազերիներին ու ջախջախեցին, երկու հոգու էլ գերի վերցրին։ Տղաները մի երկու անգամ կատակով ուզում էին իմանալ՝ հո գաղտնի ռացիա չունի Աշոտը, հո որեւէ տեղից չի՞ տեղեկանում։ Բայց պարզվեց, որ այդ մարդու «ռացիան» իր մեջ է։ Ու այդ օրից ընկերները նրան կոչեցին Ռացիա Աշոտ։ Տարան հետախուզական ջոկատ եւ որտեղ վճռական մարտեր էին գնում... Ռացիա Աշոտն այնտեղ էր։
Գրեթե անսխալ էր գործում նրա «ռացիան»։ Երբ ասածին տղերքը կասկածանքով էին նայում, ականջը դնում էր հողին, արագ վեր թռչում, թե՝ տղերք, հորս արեւ, ճիշտ եմ ասում։ Ժամանակի մեջ էլ հեռատես է, մեկ-մեկ էլ էնպիսի բաներ կասի՝ ոչ լսված, ոչ տեսնված, ոչ սպասված։ Մի օր տղաներից մեկը՝ Երեւանցի Արշակը, կատակեց. «Ապեր, ես ամեն օր Երեւանից նայում էի Արարատին, մի հատ իմ փոխարեն դու էլ նայի, էլի, կարոտել եմ, յոթ ամիս է՝ տուն չեմ գնում»։ Ռացիա Աշոտը նայեց, նայեց, թե տղերք Էջմիածնի խաչը տեսնում եմ։ Ասաց ու խաչակնքեց։ Տղերքն էլ խաչակնքեցին։ «Իսկ Արարատը չի երեւո՞ւմ»։ «Ոնց չի երեւում, ահա. տեսեք թուրքերն ինչ են արել. օղապարան են իջեցրել, հագցրել են Արարատի վրա կանգնած մեր Աբովյանի պարանոցին, քանի տարի է, բայց լեռը ոտքերի տակից հեռացնել չեն կարողանում։ Ես ձեր...»։ Եվ տղաները չհավատալու պատճառ չունեին, ամեն մեկն ավելի ամուր կրծքին սեղմեց իր գնդացիրը, ասես համար մեկ ազդանշան էր տրվել՝ պատրաստ... Տեսնելով, որ տղաները շատ տխրեցին իր վերջին բառերի վրա, Ռացիա Աշոտը սկսեց հանգստացնել. «Մի տխրեք, տղերք, ճամփան էս սարերով է, Արարատն էլ ենք շուտով ետ վերցնելու»։
Ռացիա Աշոտի լսածը լսած է, տեսածը՝ տեսած, ասածն՝ ասած։ Մազը միջից կիսում է։

Ես տեսնում էի, թե թանձրացող մթության մեջ ինչպես էր հետզհետե անհետանում Մեծ քարը. եւ իր գագաթի ամենաբարձր կետում մարող վերջին, ամենավերջին լուսափայլի հետ կորավ։ Տխրեցի սաստիկ։ Կարծում էի սարը անվերադարձ է հեռացել, բայց պարզվեց, որ մեկնել էր ծաղիկներ «քաղելու», երկնքի՞ց, հեռու՜-հեռու՜ դաշտերի՞ց, թե… Երբ առավոտյան ներկայացավ, հսկայական գոգնոցը տրաքում էր անզուգական ծաղիկների ծանրությունից, որ իրենց անզուսպ բռնկումներով անմահական հուր էին հիշեցնում։ Հենց որ լեռը փորձեց մի քայլ եւս առաջանալ՝ կտրվեց գոգնոցի թելն ու ծաղիկների հոտավետ խուրձը միանգամից թափվեց, փռվեց արշալույսի հրդեհներով՝ Արփագետուկի վրա. մի անտես ձեռք լուցկու վառ հատիկ էր մոտեցրել եւ, գիշերը, որ սեւ ու կպչուն մազութի պես շուլալվել էր քարերին, ձորերին, հանդերին ու նինջ մտած ավերակներին, միանգամից բռնկվեց կարմիր, բոցեղեն լեզվակներով։ Իսկ Մեծ ձորագետը ոսկու եւ արծաթի խառնուրդ էր տանում արթնացող հորիզոններին, որոնք մերթընդմերթ թեթեւակի շիկանում էին սարերից այն կողմ պայթող կրակներից։
Անդոնը նայում էր մանկության կրկնվող հեքիաթին, գյուղի անմարդաբնակ ու կիսաքանդ տներին («Այստեղով անցել են թուրքերը») ու չէր հասկանում, թե ինչպես կարող է պատահել այն, ինչ պատահել է։ Եւ առավոտի գեղեցկությունը, թվում էր, վշտերի մեջ խորովվող նահապետին անուղղակիորեն ծաղրում է։ Հանկարծ կողքին հայտնվում է փոքր տղան՝ Մուրադը։ Գերիների փոխանակման օրն էր։
- Արդե՞ն… Գնո՞ւմ ենք։
- Հայրիկ…
Երկու ձեռքերով բռնում է տղայի ուսերից, իբրեւ թե՝ որ նա պինդ կանգնի ու խոսի, բայց վատ լուր գուշակելուց, փաստորեն, ինքն էր չընկնելու ճիգեր թափում։
- Հայրիկ…
Չի կարողանում խոսել Մուրադը,հայրն իրենից դուրս է գալիս, թափահարում է որդու ուսերը։
- Դեհ, խոսիր, շան տղա։
- Սառան չկա։
- Ո՞նց… Սպանե՞լ են…
- Սպանել են...,- ասում է ու փորձում տան դռներից խուժել ներս, որ գնդակի ինքն էլ Ռանգիզին։
- Չանե՛ս… Չանե՛ս…,- գլուխը բռնած ներս է վազում Անդոնը, տղայից խլում ատրճանակը ու փլվում հնամաշ բազմոցին, որի վրա գնդակների ու դանակի հետքերը՝ կոշտափոկ կարերով իրար բերված (գյուղը երկու ամիս մնացել է ազերիների ձեռքին) չանցնող սպիներ էին հիշեցնում։
Ռանգիզը վախեցած վեր է թռչում։ Նա հասկանում է, որ Անդոնի մինուճար աղջկան՝ Սառային սպանել են եւ, տեսնելով Անդոնի անելանելի վիճակն ու սարսռալով նրա տղամարդկային դաժան լացից ու կոծից, փորձեց հանգստացնել.
- Անդոն քեռի, դուք էլ ինձ սպանեցեք, խնդրում եմ…- ու կոծում էր, մազերը փետում։ Դուք էլ ինձ սպանեցեք…
Ռանգիզին գերի են վերցրել Անդոնի զինվոր տղաները՝ Մուրադն ու Դավիթը, որ ազերիների ձեռքն ընկած իրենց քրոջ հետ փոխանակեն։ Նույնիսկ կապ են ստեղծել Բաքվի հետ, խոսել Սառայի հետ։ Վերջինս արցունքները զսպելով, դա որքան որ կարող էր հաջողվել նման պահերին, լսափողի մեջ ասում էր այն, ինչ հուշում էին.
- Ռանգիզին լավ պահեցեք, մինչեւ… Ես լավ եմ։
Ռանգիզը ռազմի դաշտ էր հասել իրեն փախցրած ու տանը մենակ թողած Ահադի հետեւից, քանի որ իր ծնողները երեսը պոկում էին անընդհատ. «Տեսնո՞ւմ ես, մեր անունը գետնովը տվիր։ Իսկ Ահադը կռվի պատրվակով քեզ լքել է։ Կմեռնի, բայց քո հետեւից չի գա»։ Ինքն էլ եկավ, գտավ Ահադին։ Ձեռքը ջարդվել էր, գնդակը մոտիկից էր, եւ Ահադը Ռանգիզին տեսնելով անշարժացած, ուշագնաց վիճակում, ինքը ճողոպրել էր։ Ռանգիզը աչքերը բացեց Ցեխ ձորի հոսպիտալում։ Սպիտակ խալաթավորը երբ փորձեց մոտենալ, ճչաց գազանիկի պես.
- Չմոտենա՛ք…
Այնքան էլ սիրուն էր այդ անաստվածը։
Եւ հաց էլ չվերցրեց տղամարդկանց ձեռքից։ Միայն թե հետո, ճանաչելով Անդոն քեռուն, նրա կնոջը, փոշմանեց պահվածքի համար, նույնիսկ Անդոնին «հայր» էր անվանում մեկ-մեկ... բայց եւ այնպես, մնաց իր սովորույթին հավատարիմ։ Գերին գերի է։ Իսկ եթե փորձում են նրան լավ պահել, լավը ո՞րն է, դրանից ոչինչ չի փոխվում, ընդհակառակը՝ նրա գերությունը ավելի է խորանում։ Օրեր էր հաշվում Ռանգիզը՝ այսօր, վաղը, մյուս օրը, մյուս չէ՝ մյուս օրը… որ փոխանակեն իրեն Սառայի հետ, տուն գնա… Այնպե՜ս էր կարոտել Ահադին, ծնողներին, ծովափնյա իրենց նստարանին… Սկզբում չէր հավատում, թե դա հնարավոր է, երազի նման էր այդ ամենը, բայց հետո համոզվեց, որ հնարավոր է։ Եւ հանկարծ… Սառային սպանել են…
- Ալլահ, թող դա սուտ լինի… Չեն սպանել Սառային…
Անդոնը միանգամից վեր է ցատկում, գոտեպնդվում, լվանում երեսը, այնպես արագ, որ բոլորին թվում էր, թե խելքը կորցրել է ծերունին։ Բայց նա վռազում էր։ Հոգու ամենահեռու խորքից ընդամենը մի երկու հատիկ բառ բերեց.
- Գոնե դիակը բերո՞ւմ են…
- Բերում են, հայրիկ,- տղան սրբում է արցունքը,- ես եմ կապվել անձամբ, հեռախոսով ասացին՝ առանց Ռանգիզի, ձեր աղջկա դիակը չենք տա։
-Գնացինք… Մորդ դեռ բան չասես…
Ռանգիզը, որ ամեն գիշեր՝ ջերմության մեջ, փոքր-ինչ ապաքինվելուց հետո՝ նաեւ երազում ծնողների, սիրած Ահադի անուններն էր տալիս, հիմա բարձրաձայն հայհոյում էր նրանց, անիծում, երկու անգամ նույնիսկ փորձեց իրեն մեքենայի տակ նետել։
Գերիների փոխանակման գծի աջ ու ձախ թեւերի վրա, համարյա Քռի ափին, կանգնել են երկու կողմերի ներկայացուցիչները, ամեն րոպե կռվի պատրաստ թիկնապահներով… Խոսք չկա։ Սկզբում ազերիների մեքենայից մեր մեքենան են տեղափոխում Սառայի դին, ապա Ռանգիզին, նրանից պատշաճ հեռավորություն պահպանելով, բերում գնդացիրների փողի տակ գրեթե, հանձնում են. մեկ-երկու գերի էլ են փոխանակում ու բաժանվում, պահպանելով նույն սառը եւ անխոս արարողակարգը։ Անդոն քեռին փաթաթվում է աղջկա դիակին։ Մի քանի վայրկյան հետո, ազերիների կողմից, լսվում է գնդացրի կրակոց։
Մերոնք իսկույն գնդացիրներն ուղղում են թշնամու կողմը եւ, տեսնելով կատարվածը, ետ քաշում նորից։Հարազատներին գտնելուն պես Ռանգիզը փորձել է մոտենալ Ահադին, հարազատներին, երեւի թե հանդիմանանքով՝ ինչու եք սպանել Սառային, Ահադն, արցունքն աչքերում, կրակ է բացել «սիրածի» վրա. «Ինձնից ինչ Ահադ, թե Ռանգիզին պիտի պահեմ՝ գյավուրների ձեռքն ընկնելուց հետո»։
-Հայրիկ, Ռանգիզին էլ սպանեցին, այս անգամ ավելի շատ զարմանքի երանգ կար Մուրադի ձայնում։
Անդոնը դանդաղ գլուխը բարձրացնելով դիակից եւ տեսնելով ասֆալտի վրա բերանքսիվայր փռված Ռանգիզին, մի կերպ իրար բերեց մի քանի բառ.
-Սիրտս այդպես էլ գուշակում էր, տղաս,- ապա մի քիչ լուռ անելուց հետո,- դրանք մարդասպաններ են՝ իրենց հին ադաթին գերի, մտածում են, որ հայի շունչ է դիպել Ռանգիզին… Սպանելու համար են փոխանակել…
Գերիներ տանող-բերո՜ղ մեքենան ավելի արագ էր «լափում» վերադարձի ճանապարհը։ Լաց չկա։ Արցունք չկա։ Խոսք չկա։ Լռություն էլ չկա։ Մուրադն էր միայն մտքում վերհիշում հոր ամենասովորական դարձած բառերը. «Էս խմորը դեռ շատ ջուր է տանելու»։
Թեեւ հունիս էր, բայց ճամփեզրի քար ու քռեճ օգոստոսյան շոգի մեջ էին կարծես եւ թոնրաթեժ պողերի պես, երկու-երեք մետրի վրա, իրենց տաքը խփում էին երեսիդ։ Անտանելի էր, օդը չէր շնչվում։ Հեռվից, շատ հեռվից, սարերի վրայով, իրենց ընդառաջ էր գալիս Մեծ քարի բարձր գագաթը՝ տապանի պես տխո՜ւր-տխո՜ւր լողալով անվերջանալի երկնքում։ Եվ ափը չէր երեւում։

Արտաշը չկար ու չկար՝ ոչ զոհվածների, ոչ էլ անհայտ կորածների մեջ, բայց մի օր հայտնվեց շենամեջում՝ մաշված-մաշված, թշերը բերանում կուլ գնացած, աչքերը կորած, սմքած, ոսկորներն են վրան ու մի կաշի։ Նայում ես՝ մի շունչ է, գալիս է, գնում։ Գերի էր ընկել։ Մարդաքյան էին տարել թուրքերը, օր ու գիշեր բանեցնում էին, գերյալների ցուցակում էլ անունը չկար, պատահմամբ «Կարմիր խաչի» ընկերության մի քրոջ միջոցով է հայտնվել ու փոխանակվել, եկել… Խելքը տեղն է, պատմածը լսում ես ու… եւ հավատում ես, եւ չես հավատում։ Պատմում է, որ Հովսեփանց Ուրայի հետ մի խմբում էին, թուրքերը տարել էին Հովսեփավանից՝ ավտոբուսով, իբր՝ որ անձնագրերը ստուգել-ճշտելուց հետո, ետ բերեն… Տղերքը մի քանի օրում չոր ու ամայի տեղում ավան էին հիմնել՝ Խոջալուին դիմակայելու համար, Նորագյուղի ձախափնյակում։ Մինչեւ հիմա էլ կա ավանը, այդտեղ մարդիկ են ապրում։ Բա էդպես ո՞նց կլինի՝ .գազազել էին ազերիները, էն տանելն էր, որ տարան։ Քար էին բարձում, թե տարեք։ Ու ամենից շատ չարչարում էին Ուրային, նա էր Հովսեփավանի հիմնադրման «մեղավորը»։
Արտաշն ասում է՝ մի օր էլ թաքուն խոսում եմ Ուրայի հետ՝ ձեն չի հանում, կանչում եմ՝ չի խոսում, կռանում եմ, որ դեմքին նայեմ ազերիներից թաքուն, տեսնեմ ինչու չի խոսում, բայց ինչ եմ տեսնում, գլխարկի տակ գլուխ չկա, «պիջակի» մեջ մարմին չկա, փողքերում ոտքեր չկան, թեւքերում թեւեր չկան, ոտնամաններում… Մենակ շորերն են՝ ոնց որ «վիշելկայից» կախված, այդպես գնում է, գալիս։ Վախից բղավում եմ։ Թուրքերը մոտենում են, նայում ու հարայ-հրոցը գցում՝ Ուրան չկա։ Բայց ուր է, ախր, ուր է, շորերը, ահա, ամեն մեկը՝ տեղում, նայում ես՝ մարդը գնում-գալիս է, քար է տանում… Ճամբարի պետը՝ մի անպետք մարդ, գալիս, ինձ ոտքերի տակ է գցում, ծեծում, թե դու գիտես՝ ուր է… Հետո ինչ պարզվեց. Ուրան հոգի մարդ էր, թռչել էր երկինք…
Երբ ինձ ջարդուփշուր անելուց հետո, ցեմենտապատ, սառը մենախուցն են նետել, հանկարծ աչքիս առաջ հայտնվել է Ուրան։ Ձեռքը դնում է ճակատիս։ Ասում է՝ պինդ կաց, Արտաշ, ես կենդանի եմ, երկնքից հսկում եմ քեզ, դիմացիր, դու պիտի ապրես, մի հրեշտակի ուղարկելու եմ, որ քեզ տուն տանի… Մարդը խոսքին տեր եղավ։
Հիմա ամեն օր Արտաշը գնում, վանքում մոմ է վառում։ Հավատացյալ ե՞ս, Արտաշ՝ հարցնում են։ Մինչեւ գերի ընկնելս հավատում չէի,հիմա՝ հա, Աստծո խոնարհ ծառան եմ, երեսս նրա ոտքի տակ՝ ասում է։ Մենակ թե չի կարողանում առողջությունը վերականգնել Արտաշը։ Եվ ամեն անգամ, երբ Ղազանչեցոց եխծի է գնում, ինչպես ինքն է խոստովանում, մի քանի վայրկյան կանգնում է մուտքից վերեւ կանգնած հրեշտակի առաջ ու սկսում արագ-արագ խաչակնքել երեսը.
- Մեղա քեզ, Աստված, երազումս տեսած հրեշտակն է…

Կոշկակար Անդոնի խոսքն է. սոված էլ մնաս՝ ուրիշի դուռ չգնաս, նույնիսկ եթե այդ ուրիշը... Նիցշեն է։

Ժամանակը սա է. դու գնում ես դեպի այնտեղ, որտեղից եկել են Նորիկ Դանիելյանին, Արտուր Մկրտչյանին, Ասկոլկային, Մոնթեին... դիպած գնդակները։ Եվ մինչեւ դու կհասնես, քեզանից առաջ քեզ հասնում է մի այլ գնդակ։ Թեկուզ ընկել-զոհվել ես, բայց էլի շարունակիր գնալ։ Մի օր դու եւ մյուս բոլոր ընկածները հասնելու եք նրա հետ ու նրա մեջ, ով ձեզանից հետո կգա ու կհասնի, ում գնդակը ոչինչ չի կարող անել արդեն։

Մի ձեն ու ձուն, թեկուզ մի ուշունց... Լռությունը կիսաչոր գիլամասրենու վրա ագռավի բույն է դրել ու ճտահանում, լցնում է իրենով երկինք ու ձոր։ Էհե՜յ...

Ես իմ ետեւից ուղարկված կարմիր խնձորը կերա եւ ակնոցս թողի սինու վրա։
Իսկ ոտնամանիս ծայրին գիշերվանից պսպղում է մի անծանոթ աստղի փոշի։

Աշխարհի ամենալավ մարդը ես չե՞մ, էլի թերություններ ունեմ։ Թերություն էլ որ ասում եմ... Աշխարհի մեղքերի հարյուր տոկոսն իմ ուսերի վրա է։

Երկար ժամանակ Արամոն ուզում էր գրել, բայց չէր ստացվում, ինքն իրեն ձեռ էր առնում՝ քիմիկոսն ուր, բանաստեղծությունն ուր, ախր ես որտեղի գրող եմ որ... Բայց եւ այնպես, արցախյան շարժման շեմին, շրջափակման մեջ, գրել է Արցախին նվիրված, անվարժ տողեր, որ ռազմադաշտում, դադարի պահերին՝ եթե լինում էին մեկ-մեկ, հաճախ էր մտաբերում... Ինքնալիցքավորում էր դա յուրովի, հույսն իր վրա կենտրոնացնելու պահ.

Ճամփան փակ է, կյանքում թեպետ
Միայն ճամփա ենք հարթել...
Ընտիր դավի, կռվի տեր ենք,
Ցավի տեր ենք, սակայն՝ անտեր։

Հիշում էր անհուսության պահի բռնկումն ու հույսը շատանում էր ներսում։ Իսկապես, բանաստեղծությունը հրաշք է, աննախադեպ բաղադրատարերք, աննախադեպ ռեակցիա, որ անուն չունի։

Հասմիկը կանգնել է մի տղայի մոտ։ Կանգնել է կիպ-կպած, ասես սիրո մեջ մի գեշ վախ կա։ Ժպտում է։ Սպասումներից տղայի համար վիրավորվեցի ինձանից անկախ, հիշեցի նրանց միասին քայլվածքը, կտուց-կտցի զրույցները Ստեփանակերտի փողոցներում, վատ զգացի. այնպես ջերմ է ժպտում։ Մտքումս դառը, չբավարարվող խոսքեր կուտակվեցին։ Բայց քիչ անց զղջացի ծանր մտքերիս համար։ Այնքան անո՜ւշ է ժպիտը։ Ներիր ինձ, Հասմիկ։ Եվ ներիր դու, չվերադարձած տղա։ Իսկ ես որեւէ մեկին այլեւս ներելու տեղ չունեմ, առավել եւս՝ չներելու։

«Առ է... կտրվիս տու,- ձեռքով ինքն իր երեսին չանչ արեց Արուսը,- էսքանից հետո էլի կարողանում ես ծիծաղել»։ Այս ինքնակռիվը երկար տարիներ ձիգ տվեց ու ասես իրենից անբաժան էր։ Բայց ինչ. կյանքը շարունակվում էր ու պիտի իր երեխան մոր դեմքին ծիծաղ էլ տեսնի. մեղք է, հեր չունի՝ հերիք չի, մերն էլ սեւ ու սուգի մեջ, բա էդ երեխան ինչո՞վ է մեղավոր։ Արուսին հանգստացնել կամ խաբել, հնարավոր չէր, իր վիճակում ինքն էր ու ինքը կարող էր իմանալ իր վիճակը, որքան էլ նման վիճակները շատ լինեին շուրջը գնացող-եկող մարդկանց մեջ։ Ոչ մի մանրուք մտքից չէր հեռանում ապրած օրերից. հիշողությունը դարձել էր վանքի գմբեթին անդադար ղողանջող զանգի թել. զրընգ հա զրընգ, զրընգ հա զրընգ...
Մեջի չարությունը՝ ամենքի հանդեպ, մեկ-մեկ գլուխ էր բարձրացնում. «Գնացողը գնում է, մնացողն է մնում։ Շքանշան տվին երեկ Բորյային՝ կռվի երես չի տեսել։ Կռվում շքանշան չեն բաժանում։ Շքանշանը բաժանում են կռվից դուրս։ Բաժանողներից մեկն էլ կռվի ժամանակ Ռուսաստաններում ծպտված չոփուռ Սերգին է, Չախկալ Միշին տղան, երկու էշի գարին ջոկել չի կարող, հիմա Սերգեյ Միխայլովիչ է դառել։ «Մերսեդեսով» է ման գալիս։ Լավ կռվելն էլ հերոսություն չէ։ Հերոսությունը շքանշան ստանալն է։ Հա։ Չասեմ՝ կպայթեմ։ Իսկ դու հողի տակ ես։ Քեզ հիշել քիչ է. երեխիդ ժպիտ է հարկավոր, ոտնաման է հարկավոր, դպրոց է գնում՝ գիրք է հարկավոր ու պայուսակ։ Ի՞նչ էլ տան՝ թուլափայ է։ Հրաժարվում եմ։ Մնացածը դատարկ խոսքեր են, քամով լիքը փուչիկներ։ Տեսե՞լ ես՝ ոնց են իրար ետեւից պայթում Կարկառ գետի կողերից ելած սուտ աղբյուրների պղպջակները։ Ամեն ինչ ապրողին է՝ գովեստն էլ, մեդալն էլ, քու երեխայի բաժին ուրախությունն էլ, հլա քո կնոջ դժվար ծնող ժպիտն էլ»։ Էս վերջին բառերի վրա լռեց, ինքը իրեն երբեւէ դեռ թույլ չէր տվել ամուսնու հետ այդպես խոսել, ինչ անենք, թե չկա։ Իր տղամարդն է, չէ՞։ Ու ապտակելու պես էլի չանչ արեց ինքն իր երեսին. «Կա յե՜ե՜...։ Տափը մտնիս տու»։ Բայց «տափը մտնելը», ամուսնու մոտ գնալը հեշտ է, բա երեխա՞ն։ Պիտի ապրի, չէ՞։ Պիտի մեծանա, չէ՞։ Ու իրենից անկախ, համաձայնեց, որ պիտի ժպտա։ «Ջահել ես, մեկի հետ համաձայնիր, տասնմեկ տարի է անցել, երեխիդ կյանքը մե՛ կործանիր, մեղք ես դու էլ, սիրտ ես, հոգի ես, քար չես»։ Բոլոր տղամարդիկ իր համար աչքի փուշ էին, մինչեւ որ մի օր, երբ ննջում էր՝ որդուն գրկած, զոհված ամուսնու ձենը ականջն ընկավ ու խտուտ տվեց, ինչպես սպիտակ, արդար ցորենի հատիկը՝ խամ կալ կալսող հարսի ականջում. «Արո՞ւս... մեղք ես դու էլ, երեխան էլ... Սիրիր մեկին... Բայց տես որ վատ մարդ դուրս չգա... Երեխային շատ սիրիր...»։ Վեր թռավ տեղից։ «Հա, էդ դու ես խոսում։ Ուզում եմ բառերիդ հավատալ, մեկ էլ հիշում եմ տնազ-տնազ, իբր, կատակելդ, կարծեմ՝ Աթաբեկյան Լեւոնի բերանով՝ լավ հարթնը վեր կա, սօր քուննա, էգուց մեռեր՝ լոխճիննա... Հիշում եմ ու նորից դառնում եմ աղու տաքտեղ կծած»։
Ու մի օր էլ, երբ գնաց զոհված ամուսնուն հետմահու տրված հերոսի շքանշանը ստանալու, արդեն ուրիշ ամուսին ուներ, երեխային հետը տարավ, որ իրեն չկորցնի... Ծաղիկներն ու շքանշանը ընդունեց, լցված սրտով կանգնեց, որ շնորհակալություն ասի, բայց տեսավ, որ ուրիշ բաներ են դուրս գալու ասածներից, լռեց, լաց եղավ անձայն եւ բառերը, որ կիսատ-պռատ թողեց «միկրաֆոնի» մեջ, սրանք էին՝ խաղաղ ինի աշխարհքը։
-Չէ, մնում է նա, ով մնում է, անկախ նրանից՝ գնացած է, թե մնացած,- այս միտքը Արուսին թվում էր ներքին ձայնի ու չմեղավորի արդարացման կանչ։ Բայց դա էլ էր ընդունելի. «Կյանքը վշտի շերտավորում է մարդու մեջ. ամեն շերտը մի աստիճան է՝ ոտքդ պահ տաս, որ չընկնես։ Մեր մի արմատը ցավի մեջ է դալարում։ Աշխարհք է, էլի։ Մենք ենք էսպես ստեղծել»։
Տղան մանկություն էր ապրում։ Արուսի աչքերում, տղայի համար, անխոս ու լուռ աղավնիներ էին օրերը։ Իսկ տղան շատ էր սիրում խաղաղ երկնքում, ուր միայն հին, չսպիացող վերքերի սպիներ կային, աղավնիներ թռցնել։ Միայն թե ինքնաթիռներ չլինեին երկնքում, դրանից աղավնիները խրտնում են, անհետանում են ու ետ չեն գալիս։ Եվ այդ խաղի մեջ նրա ամենասիրելի պահը թեւավորների վերադարձն է լինում։ Վերադարձը շատ է սիրում։ Դա ուղղակի հրճվանք է՝ ավերող «գրադի» հետքերը թոթափած իրենց տան կտուրի վրա, որտեղից ամեն-ամեն ինչ աշխարհում երեւում է՝ ոնց որ ափիդ մեջ... Ինչ անենք, թե երեխան ամենից շատ ուզում էր տեսնել եւ այն, ինչը չէր երեւում։

Մի տեղ որ անհաշտություն եղավ՝ խոտ էլ չի աճի։ Մեր Հայն ասաց՝ հեքիաթի խնձոր, հեքիաթի խնձոր... էս որ ասում են, սա ինչ ծառից է... գնամ բերեմ, մեր այգում էլ տնկենք։ Հեքիաթի խնձորենու անմահական տունկերը, որ գնացել-բերել-տնկել ենք մեր բոստանում, չորացել են։ Իսկ մեր Հայը ասում է՝ աշխարհում ինչ ծառատեսակ կա՝ մեր այգում պիտի դրանից լինի։ Բայց ոնց կլինի, երբ հարեւան թուրքը հարամություն էր անում, գալիս-գողանում էր առաջին մրգերը, ծառն էլ վատ բանը որ տեսնում է՝ չորանում է։ Հիմա, փառք Աստծո, թուրքի ոտքը մեր հողից չքացել է։ Տեսնում ես՝ ոնց է բերքով ճոռոփել. մեր Հայը թոռնիկներին ծնկանը դրած՝ հեքիաթ է պատմում, ամեն քաթի վերջում խնձորները ոչ թե երկնքից են ընկնում, այլ մեր բաղի ծառերից։ Հլա դեռ բերանումդ ասա՝ Ղարաբա՜ղ...

Ասում են՝ դրանք ետպատերազմյան երեւույթներ են, կլինեն։ Ինչ ասես, որ չի լինում։ Գողություն, պոռնկություն, սպանություն, թալան, ուրացում... Հին առաջնորդների նկարների ու կարգախոսների հրապարակային այրում, նորերի պանծացում՝ ձեռքերի վրա բարձր պարզած։ Մեկի ոտնատակացում, մեկի բարձրացում։ Մի պատի վրա էլ Լենինի նկարը պատռել են այնպես, որ միայն մորուքն է մնացել կախ, տակն էլ «ՍՄԿԿ»-ից թողել են ՄԿԿ-ն... Ասում են՝ այդպես անողի պապը տերտեր է եղել եւ մահացել է այծի մկկոցից. գիշերը պատահմամբ վանքում այծ են թողել, առավոտյան դուռը բացել է, տեսել բեմին մի պոզավոր միրուքը շարժում է, վախից սփրթնել է. «Հրաժարեմ քեզ, չար սատանա»։ Ու ընկել է, մեռել։
Հիմա՝ դառնանք մեր էծերին։ Աթոռակռիվն հզոր թափ ունի։ Մենակ թե՝ սկսել են աթոռները երկաթից սարքել, քանի որ փայտի տեսակը մի չտեսնված հիվանդություն է հաղորդում... իշխանավորին, սպիդից էլ՝ ահավոր. փայտի մեջ բազմացող լվերը սկսում են թափանցել նաեւ շատ նստելուց փայտացած իշխանավորի հետույքի մեջ ու տեղի է ունենում քայքայում, էդ լվերն, ասում են, թուրք շեյթաններն են լուցկու տուփի մեջ բերել ու ցրել մեր հանդերում։ Նույնիսկ, ասում են լու ցրող շեյթաններից մեկին մեզանից տեսնող է եղել։ Սեւ ստվերի պես աչքից չքացել է խավարում։ Մեր լեզուն էլ, իբր, լավ էր իմանում։

-Այս աթոռը իմն է։
  -Չէ, իմն է։
-Իմն է, չէ։
-Իմն է։
-Է՜...
Ու տուր թե կտաս՝ աթոռով ու թիկնակով,էլ դանակով ու թանաքով, հագած-կապած թուր-թվանքով... Ականջդ կանչի, Թումանանց Օհաննես։ Մինչեւ կռիվը շարունակվում է, նոր շունչ առած պետությունը քանդվում է, երկիրը չոքում։ Իսկ ժողովուրդը - սոված, տկլոր, արյուն տված, խեղճ-խեղճ նայում է ու բան չի ջոկում.
-Աղջի, հայի ու թուրքի կռիվը բա չի պրծե՞լ։
-Հայ-հու՜յ... Հիմա էլ հայի ու հայի կռիվն է։
Իրար ուտող աթոռների անցք ու ծակից եւ, ընդհանրապես, ամեն տեսակ, ամեն ձեւի ծակ ու ծուկից դուրս եկած փայտոջիլներն էլ ակտիվանում ու մի ոհմակ կազմած, սկսում են ավելի թեժացնել կռիվը։
-Այս հաղթանակը իմն է։
-Իմն է, չէ։
-Չէ։ Է...
Հայի ու հայի կռիվը միակն է, որտեղ հայը պարտվում է։

«Չասես՝ մեզ թողեց, փախավ Ռուսաստան, հիմա լեզու է թափում։ Չէ, ախպեր ջան, դու ինձ գիտես... Ես դրանցից չեմ, աջ ձեռքս էլ քո աչքի առաջ, թողել եմ Ողտամեջքի կռվում։ Բայց դու հո տեսա՞ր, թե ոնց քշեցին, հա, բա քշել չէր, ի՞նչ էր դա... Գլուխդ չցավացնեմ՝ ամեն ինչ ինձնից լավ գիտես։ Մի բան եմ խնդրում։ Եկող ամսվա՝ մայիսի 11-ին, իմ ծնված օրը, գիտես, ժամը 21-ին ուղիղ, կանգնիր մեր տան առաջ, տանձենու տակ, նայիր լուսնին, ես էլ այստեղից եմ նայելու, մեր հայացքները լուսնի վրա հանդիպեն, մի քիչ կարոտս մեր տան քարերից, մեր սարերից, բոլորիցդ առնեմ... Գալը դժվարացել է, մի տարվա աշխատանքի փող է հարկավոր, որ թողնեն ինքնաթիռին մոտենամ... Որ իմանաս, թե ինչ եմ քաշում։ Էստեղ էլ մի բան չէ։ Ցերեկները ռուսաստանցի եմ՝ էս բազարում, էն խանութում, էս փողոցում, գիշերները՝ ղարաբաղցի եմ՝ Մեծ ձորում, Ղուզեն տափում, Սաքունց սարում։ Լեզուս ռուսերեն, երազս՝ հայերեն...»։
Ծխախոտի համար տանը թուղթ փնտրելիս՝ Մարութի նամակն էր ձեռքով ընկել։
Ինչքան էլ լավ «սիգարեթներ» լինեն, ինքն իր ձեռքով փաթաթածն է ծխում։ Կռվի օրերից մնացած հիշատակ է, ասում են։ Սրտովը կրակ անցավ։ Թուղթը խնամքով ծալեց, դրեց գրպանը, առանց ծխախոտ վառելու՝ վեր կացավ, քայլերն ուղղեց դեպի մոտակա խութը, ուր տղաները կրակի մեծ քուրա էին սարքել՝ խորովածի համար, արջի մսով։ Հիշեց, որ Մարութը դա շատ էր սիրում։ Դա էլ չպիտի հիշեր։ Կտրուկ շրջադարձ է կատարում։ Հանկարծ հանում է ատրճանակը եւ, ասես թշնամին գրոհել է, էքստազի մեջ ընկած, առանց նշան բռնելու կրակում-կրակում չորս բոլոր, որ... հեռանան, ցրվեն հուշերը, մտորումները, մոտ չգան այլեւս, որովհետեւ զինվորի համար դրանք վատ նախանշաններ են ռազմի դաշտում, ուր սիրտն ուղղակի ավելոդ է ու խանգարիչ։ Գնդակները իր վրա վերցնելու սովորույթ ունի սիրտը։

Ճանապարհի կեսն անցնում է, նոր միայն նկատում, որ քայլերը տանում են այնտեղ՝ իր կամքից անկախ, մտնում է այն պահի մեջ, ուր... Արսե՜ն... Ետ է նայում։ Մայրն է։ Այս պատկերն ամեն օր կրկնվում է մտքի մեջ։ Պահը իբրեւ հեռանում է, բայց չի հեռանում։ Պահը. պիտի տանկով փակեն խուժող ազերիների մուտքը։ Եվ հանկարծ թշնամու արկը խփում է իրենց տանկին, տանկը վառվում է, թեքվում է կողքի վրա ու... Արսենի մի թեւը մնում է թրթուրների տակ։ Ինչ անել։ Նայում է, ի՜նչ հայացք է, Աստված, Թաղավարդի կողմը, ուր մայրն է, ծեր հայրը, մինուճար որդին՝ Շահենը, կինը, ուր... Իսկ ազերու տանկն իր գործը կատարած համարելով, մոտենում է։ Մի պահ մթնում են աչքերը, ապա երկնքից սրընթաց սլացող հրեշտակն իր թեւերով խփում է դեմքին, մոր ձայնով ճչում՝ Արսե՛ն... Վրա հասնող թմբիրը չքվում է։ Արսենը հանում է գրպանի դանակը ու... ինքն իր աջ ձեռքով կտրում է իր ձախը, արմունկից ներքեւ... Վերնաշապիկի պատռված լաթով կապում է ձեռքը, արագորեն մղվում դեպի թշնամու արդեն հասվեհաս տանկը, որն իր փողը ուղղել էր արդեն մեր դիրքերին։ Իսկ ետեւում Մարտունին է։ Հակատանկային նռնակները մեկը մյուսի ետեւից նետում է թուրքական տանկի տակ... Ա՛ռ քեզ։ Ղարաբաղցու ուշունցը ափսոս է, թուրքերեն է «նախշում»։ Ապա նա ձախ ձեռքի արմունկից վերեւ մնացած մասը բարձրացնում է, գնդացրի փողը «պահ տալիս» վրան ու աջով մատների տակ առնում ձգանը։
Երկնային խորաններից մի բուռ լույս է իջել կրծքին եւ ծածանվող թեւքի հետ քամին քաջալերանքի շշուկներով խառնում էր գիսակները։ Արսե՜ն...

Նայեցի ծեր քամու թեւերին՝ լրիվ կանաչել էին։
Ձիու վերջին վարգն էր գուցե։
 Եվ գարուն էր։

Բառերը քո սիրուհիները չեն - լռիր։
Եվ,առավել եւս՝
                 լռիր, եթե քո սիրուհիներն են բառերը։

Ռազմական գործողությունները շարունակում էին նոր թափ ստանալ։ Քռի ափին վրան էին խփել մեր տղաները։ Կեսօր էր։ Այն կարճ դադարներից մեկն էր, որի ընթացքում հասցնում էր միայն թփերում պահված հավքը ճչալ եւ թեւահարումով հայտնել իր գտնվելու վայրի մասին։ Եվ հանկարծ՝ անսպասելի անձրեւ։ Քռի մեջ ձկները այստեղ ու այնտեղ վերուվեր էին ցատկում՝ բերաններով որսալով անձրեւի կաթիլները, զինվորներին վայրկյանաբար կտրում էին խառն երազի պես շարունակվող առօրյայից։ Անձրեւը չդադարած, արեւի շողերը «դիրքավորվեցին» հորիզոնի վրա, գույների ամբողջ շքեղությամբ փայլեց աշխարհակալ ծիածանը։ Մի պահ եղավ, որ տղաները զարմանքից քարացան, չհավատացին կռվին. ինչպե՞ս կարող է պատերազմ լինել, երբ ծիածանն այնքան գեղեցիկ է...
- Արմաշ,- Միշան կանչում է ընկերոջը,- Արմաշ, նայիր հորիզոնին։
- Առաջին անգամ եմ անապատում ծիածան տեսնում,- հիացած է Արմաշը, - լեռներում շատ էի հանդիպել։
- Շնորհավորում եմ, Արմաշ։
-Տատս միշտ ասում էր՝ տղան եթե ծիածանի կամարով ներս գնաց՝ աղջիկ է դառնում, աղջիկն անցավ՝ տղա է դառնում... Հիշեցի մանկությունս։ Տխրեցի։ Ի՞սկ դու շնորհավորում ես, Միշ։
- Տեսնում ես՝ որքան գույներ ունի,Արմաշ։ Ախր, դու չգիտես, թե ծիածանն ինչ է։
- Շատ են, չնայած ասում են յոթ գույն է լինում։
- Իսկապես՝ յոթն են, բայց գաղտնիքն էլ հենց նրանում է, որ այդ յոթի մեջ տիեզերքի բոլոր երանգները կան։
- Ի՞նչ գաղտնիք է, Միշ...
- Աստված աշխարհը յոթ օրում է ստեղծել։
- Բայց դա ինչ կապ ունի Աստծո հետ։
- Ծիածանը, Արմաշ,- պատմության ուսուցիչ Միշան միայն մի ժամ էր հասցրել դասարան մտնել, երբ ճակատ եկավ,- համաշխարհային ջրհեղեղից հետո Աստծո առաջին խոստումն է Նոյին, որ էլ ջրհեղեղ չի լինելու... Խաղաղության նշան է։
- Ո՞ւր է, թե... Մի քանի օրով գնայինք տուն, որդի է ծնվել, դեռ չեմ տեսել...
Այդ պահին կրակոցներ են լսվում։ Միշան ու Արմաշը դիրքավորվում են նորից՝ պատասխան կրակ բացելու համար։ Սակայն՝ չէ, թշնամին չի երեւում։ Իսկ կրակոցները օդում են հնչում ոնց որ։ Ապա կրակոցներ են լսվում նաեւ մեր դիրքերում։ Ինչ էր եղել։ Խեչոն գլուխը հանելով խրամատից, կանչում է.
- Տղերք, աչքներդ լույս, խաղաղություն է, դադարի պայմանագիր է ստորագրվել երկու կողմից։
Ծիածանը միանգամից տեղափոխվում է տղաների ներսը՝ մի ոտքը խրած պահելով խրամատների մեջ։ Տղաների ձեռքով հաղթանակած արդարության եւ Աստծո ժպիտն է ծիածանը։ Իսկ թփերից դուրս թռած հավքը տղաներին թվաց, թե աղավնի է։

-Ի- Ինչ եղավ քեզ, Առուշ։ Քո մեջ կորել ես։
- Էլ մի ասա, Ղեւի։
-Եթե ես հանկարծ գտնեմ քեզ, ինչ պիտի անես ինձ համար։
- Բիզնես ես անո՞ւմ ինձնով...
- Դե մի բանով պիտի պահեմ գլուխս, չէ՞։
- Գիտե՞ս, մտքումս հարցնում եմ ինքս ինձ՝ ինչու էին մերոնք մեր ռազմական նորությունների հետ միասին ռադիոյով հայտնում նաեւ, թե օրվա մեջ քանի երեխա է ծնվել Արցախում։
- Այդպես էր, հա՛։
- Բայց մարդ ինչո՞ւ է ծննդով ուրախանում։ Չէ՞ որ դա տխուր վախճան է։
- Ինչպե՞ս թե։ Մեզ փոխարինող զինվորներ են պետք, չէ՞։
- Պարզ։ Զինվորի առումով՝ համաձայն եմ։ Բայց... երբ մեր հայրն ու մայրն իրար սիրել են, նրանց սիրո եւ երազանքի մեջ, քանի դեռ չէինք ծնվել, մենք ավելի կատարյալ էինք, մեծ, անհասանելի, աննման էինք, առնվազն-առնվազն՝ ամեն մեկս մի Սասունցի Դավիթ։
- Հետո՞։
- Դեհ, հետո՝ ի՞նչ... ծնվում ենք այն, ինչ կանք։ Երազը մարմին է դառնում, մարմինը սպանում է երազին՝ ինչպես պտուղը ծաղկին... Եվ ծնունդը վերածվում է երազի տխուր վախճանի։
- Էէհ... Շան խփում ես՝ ծակ փիլիսոփայի է դիպչում։ Աշխարքն էլ անխելքների ձեռքին փչանում է։ Դեհ, Սասունցի Դավիթ չենք՝ ի՞նչ ենք։ Դու մեր դուշմանին հարցրու։

Վազգենը հարցրե՞ց, որ Եռաբլուր գնաց՝ երբ իր մնալը խիստ անհրաժեշտ էր ու չպիտի նման քայլի դիմեր։ Իսկ Ավո՞ն՝ Վազգենից առաջ. դավաճաններ։ Սա ի՞նչ է։ Ասկոլկայի վերքը թիկունքից էր չափած-ձեւած։ Ասում են՝ վերքի վրա որ հող են դնում, լավանում է։ Սո՞ւտ է։ Ազատություն է. ով ում ուզում է՝ կարող է սպանել։ Բայց դա դեռ ամբողջը չէ՝ ով ում ուզում է՝ կարող է նաեւ չսպանել: Ո՞ր կետից է «ծնվում» թիկունքից եկող գնդակը, մեր մեջ ոնց ոչնչացնենք այդ «կետը», ոնց մեր միջից բացառենք այն։ Նորիկը Ստեփանակերտի մատույցում էր, որ Ասկոլկայի, Ավոյի, Արթուրի միջով անցած գնդակը հասավ իրեն։ Արցախն Ամերիկայից ինչո՞վ է պակաս, թե մեր թագավորները Քենեդու չափ էլ չկան։ Նույն գնդակը գնում-գալիս, գալիս-գնում է՝ հազար անգամ, հարյուր հազար անգամ.
Մայիսի 9-ն է։ Տոն է։ ՈՒռ-ուռ-ուռռա՜... Ուռա՜... Կեցցե մայիսի 9-ը։ Ուռա՜։ Կեցցե XXI-րդ դարը։ Կեցցե «Կեցցեները»։ Ուռա՜։ Մեղա քեզ, Աստված։ Ուռա՜։

Անխորհուրդ
վայրկյանը ձանձրույթ է
ու մահ.
ես գաղտնավորում եմ պահը այնպես,
իբրեւ բացում եմ գաղտնիքը նրա...

Ասում են՝
խաղաղության զինվորի վերքից
արյան կաթիլները որտեղ հողին կամ
քարին են ընկնում,
այնտեղ իսկույն
բարձրանում են ոսկեղեն կրակներ
դրանց Քրիստոսի ծաղիկներ են անվանում հին արցախցիները,
որոնք հաճախ էին (հիմա էլ՝ մեկ-մեկ պատահում է) առյուծների
ու բորենիների հետ գոտեմարտի բռնվում
իրենց լեռներում։
Արցախը վաղուց
Քրիստոսի ծաղկանոց է։
Պսակները, հերոսների համար, միայն ու միայն
այդ ծաղիկներից են հյուսում Արցախում։



Սպասում է ու չի սպասում, տեսնում է իր ասածը եւ ուզում է դու էլ տեսնես. «Փոքր տղայիս հուշաքարը պատրաստեցինք, Մուղուզի մոտ է զոհվել, մայրն էլ հետեւից գնաց, իսկ մեծ տղաս, տասը տարի է՝ չկա, անհայտ կորածների մեջ է, ասացի իր համար էլ հուշաքար պատրաստենք (լեզուս պապանձվի, խոխաս կարող է ողջ-առողջ է), որ մեր ու ախպերք մի տեղ լինեն։ Քարտաշ Ալիկը երազ տեսավ. երազում մեծ տղաս՝ Վլադիկը, գալիս է, քարտաշի ձեռքը բռնում (իր ընկերն է), թե՝ Ալիկ, բա ես մեռա՞ծ եմ, որ ինձ համար քար ես տաշում։ Դրանից հետո Ալիկի ձեռքը չգնաց դեպի քարը։ Այդպես էլ մնաց։ Սպասում եմ։ Որ սպասելս չլիներ, հիմա ես էլ մեռած-գնացած կլինեի։ Ապրում եմ՝ գուցե տղաս գա, տանը գոնե մեկը լինի՝ դիմավորի»։

Սարիթաղցիները մի օր վեր կացան եւ նրան տեսան փողոցի անկյունում կանգնած ու ձեռքն առաջ պարզած։ Ավելի ուշ, օրեր հետո, երբ նա զգաց, որ ձեռքը մեկնած պահելուց շատ է հոգնում, մի պղնձե ծակ աման գտավ, չգիտեմ որտեղից, դրեց իր առաջ։ Ամանը միջինասիական թասակ էր հիշեցնում, իսկ երբ դատարկ էր մնում օրվա մեջ, որպես բողոքի նշան, նա դնում էր գլխին ու, մի մատնաքարով զնգզնգացնելով, տուն գնում՝ ի ցույց բոլորի։ Սկզբում ինչ որ շորեր կային հագին, թեպետ ամառ էր եւ վրան հագուստ ունենալն այնքան էլ կարեւոր չէր։ Բայց հենց ցրտերն ընկան թե չէ, «հագավ» զգեստ հիշեցնող մի բան, որի համար այդպես էլ անուն չգտան մարդիկ, ոչ այն է՝ չուլ էր հնամաշ, ոչ այն է՝ գույնզգույն լաթերից ու զիզիբիզի կտորներից ագուցված զանգված էր, ոչ այն է... Կարեւորը՝ տաք էր պահում։
-Անունդ ի՞նչ է,- հարցրեց առաջինը «ռաստ եկած» սարիթաղցին։
-Աշխարհից անտեղյակ է էս մարդը,- զարմանքի մեջ աչքերն ավելի են սեւանում ու խոշորանում։
  -Անունդ, ասում եմ, անունդ։
-Անունս նոր է մեռնո՞ւմ։ Քելեխի կորկոտը երբ ենք կերել, հա՜... Գերեզմանին հազար տարվա խոտ է բուսել։
-Չհասկացա։
-Վա պերվըխ՝ չհասկանալոււ բան չկա, վա վտարըխ՝ քո փայ կոպեկը գցիր, գնա գործիդ,- ավելացնելով ետեւից,- պահո՜, հիմա էլ «պասպորտ » են լրացնելու։
Այդպես էլ ոչ ոքի չհաջողվեց իմանալ, թե այդ կինն ով է, որտեղից է եկել, ինչ անուն ունի։Կռվի տարուց խառն է լինում կռվից հետո եկած տարին, հաճախ էլ՝ շունը տիրոջը չի ճանաչում։ Մարդ է, էլի։ Այսպես էին մտածում բոլորը, բայց երբեմն էլ, իրենց ներսում, ամենքից թաքուն նրա ազգությունն էին կասկածի տակ առնում։ Գուցե լրտե՞ս է։ Հոսում էին օրերը՝ շաբաթներ դառնում, շաբաթները ամիս էին դառնում, ամիսը՝ տարի... Իսկ ժողովուրդը անուն ունեցողին է անուն կպցնում, էլ ո՞ւր մնաց՝ չունեցողին։ Այնպիսի անուն, որ «ըռխից է » կենում ու պոկ չի գալիս։ Եվ մուրացկանը քանի որ նաեւ մշտապես մրոտ երեսով էր լինում (գուցե դիտմամբ էր դա անում՝ ով գիտե, ճանաչող հանկարծ չլինի), անունը դրին Մուրի։
-Էլի այստե՞ղ ես, Մուրի։
-Չէ, Ամերիկա եմ գնացել։ Ես քո իմացած «փլան-փստանը» չեմ, որ ժողովրդի արյունը ծծեմ, տակս-գլուխս լցնեմ, փախչեմ։ Էս իմ երկիրն է։ Ես էստեղից գնալու տեղ չունեմ։
-Ապրես, Մուրի։ Ապրես։ Ափսոս, որ շատերը քո խելքն էլ չունեն։
-Վա պերվըխ՝ էս ձմռան կեսին թեւերիս տակ ձմերուկներ մի դիր, ձմերուկից իմ սիրտը խառնում է, վա վտարըխ՝ էդքան խոսելու տեղակ, մի քոռ կոպեկ դիր, եւ՝ մնաս բարով...
Ամեն անցորդ իր պարտքն էր համարում՝ օրը սկսել Մուրու ամանը մի բան գցելով։ Բայց դրանով չէր սահմանափակվում՝ պիտի անպայման մեկ-երկու խոսք փոխանակեր, որովհետեւ Մուրին այնքան էլ խելապակաս չէ, ավելին՝ մարդիկ կարոտ էին զգում խելոք-խելոք խոսող մի խենթի։ Եվ կարծես այդ խենթը ինքն իրեն եկել է։
-Մուրի, բա դու հեր, մեր, ընտանիք չունե՞ս։
-Չէ, Մուրին քարից է ծնվել։
-Գուցե մի լավ գործից-բանից դասավորենք՝ աշխատես, Մուրի։
-Վա պերվըխ՝ աշխատում եմ, էլի, աշխատանքիս լավն ու վատը ո՞րն է, վա վտարըխ՝ հիմա բոլորն էլ ճրագով են աշխատատեղի ման գալիս, իրար գլուխ են ճղում։
Ոչ ոք չէր իմանում, թե Մուրին որտեղ էր գիշերում, ոնց հայտնվել էր, այնպես էլ մթնելուն պես անհետանում էր, հաջորդ առավոտյան փողոցի նույն անկյունում, լույսը բացվելու հետ, բուսնում։ Բայց օրերից մի օր բռնեցին նրան ծայրամասային մի ավերակում կուչ եկած ու, խղճալով, հոգացին նրա մասին։ Թաղում մի պառավ կին կար՝ Վարդուշ աքան, մենակ էր ապրում։ Մարդիկ համոզեցին նրան, որ Մուրին անվնաս կին է, թողնի՝ իր մոտ գիշերները մնա, մեկ-մեկ էլ հաց ու ջուր կհասցնի՝ ձեռքն առողջ, ոտքն առողջ։ Պառավը համաձայնեց։ Մուրին գլխի վրա ծածկ ունեցավ։ Երկու տարի չանցած՝ պառավը մեռավ։ Տանը մենակ Մուրին մնաց։ Պառավի տղաներն էլ որտեղ են, ով գիտե, որ երկրում են իրենց «չորաթանը բլիթել»։ Կգա՞ն, չեն գա՞։ Մուրին տնատեր դարձավ փաստորեն։
-Մուրի, ա մարդամեռ, փողը որ հավաքում ես, ի՞նչ ես անելու։
-Փամփուշտ եմ առնելու մեր բանակի համար,- ու ձեռքերը մեկնում է հրացանի պես,- տրաք-տրաք-տրաք։
Հետո ինքն իրեն խոսում է Մուրին.
-Ով մի գրոշ է գցում ամանիս մեջ, կարծում է, թե ինձ պահողը ինքն է։ Չէ, մարդը վատ կենդանի է։ Հասկացեք, այ մարդիկ, ինձ ժողովուրդն է պահում, ժողովուրդը։ Իմացա՞ք։
-Մուրի, գոնե մի կարգին հագիր, շենքդ-շհորհքդ էդ ի՞նչ է։
-Էսպես լավ է, որ սարքվեմ-զուգվեմ, հիմա էլ փեսացուների ձեռքին կրակը կընկնեմ։
-Ինչ վատ բան կլինի, կամուսնանաս, ընտանիք կունենաս։
-Ամուսինը ինձ աշխատանքիցս կզրկի, կասի՝ «տանը տիտիկ արա»։
-Ավելի լավ։
-Լավ ինձ համա՞ր, թե՝ քեզ... Էրկու կոպեկի «քամակն ես մտել», ձեռքդ շարժելու փոխարեն, լեզուդ ես չարչարում։
-Բայց մեր մեջ ասած՝ խելքդ տեղն է, Մուրի։
-Վա պերվըխ՝ ճիշտ ես նկատել, վա վտարըխ՝ սովորաբար խելոքները միշտ քիչ են լինում աշխարհում, անխելքները՝ շատ, վախենամ թե՝ բոլորիդ մեջ միակ խելոքը ես եմ...
Մուրին երբեք, ոչ մի անգամ ոչինչ չի խնդրի ոչ մեկից։ Տվողից գոհ է, չտվողից այնքան էլ դժգոհ չէ։ Գլուխը չի ծռի, չի խեղճանա, խղճմտանք շարժելու ոչ մի փորձ չի անի, կարեկցանք չի հարուցի իր հանդեպ, ընդհակառակը, մեկ-մեկ էլ նախահարձակ է լինում, երբ չտեսնելուն են տալիս ունեւորները.«Աշխարհքս կոխած ուտում եք, է՜, իմ փայն էլ բերեք»։ Այնպես որ՝ ոչ միայն գիտե, որ աշխարհքից ինքն էլ իր «փայն» ունի, այլեւ համոզված է, թե իր «փայը» ուր է կորչում։ Մեկ էլ տեսար՝ Մուրին իրենից դուրս եկավ, պայթեց.
-Արա, Արմուշկա, էնքան կերել ես, աչքերդ յուղով փառակալել են, ինձ էլ չես տեսնում անցնելիս։
-Մուրի, էսօր փողս քիչ է, տան համար, երեխոց համար բան պիտի առնեմ։
-Վա՜հ,- զարմանում է,- արա, էդ որոշել ես տունդ, երեխեքդ իմ հաշվին պահե՞լ։
Մուրու միտքը ածելու պես սուր է։ Բայց մի բան էլ ասեմ՝ հանուն ճշմարտության։ Այն օրհնանքները, որ Մուրին տալիս է ողորմացողներին, ուրիշ ոչ մի տեղ, ոչ մի բերանից չեք լսի։ Վերցրածը շատ լինի, քիչ լինի՝ մեկ է Մուրու համար, դրա դիմաց տրված օրհնանքը մեծ է լինում։ Ավելին, շատերը, մատաղ մատուցելու նման,բերում, նպատակով փող են տալիս... Միշտ էլ, գիտե Մուրին՝ ում մատաղը ում համար է, ինչի համար է, եւ օրհնանքն էլ ճիշտ հասցեով տեղ է հասցնում, մշտապես ավարտելով «Ծլիս, ծաղկիս, ծիր-ծիրանի դառնաս» բառերի շարանուկով։ Կյանքից, հոգսերից, ընկերներից, չկամներից, ցավերից հոգնած մարդիկ երբեմն էլ, հենց այնպես,ունեցածից մի կտոր բաժին են հանում Մուրուն, զուտ նրա համար, որ իրենց ականջները հանգստանան գեղեցիկ ու շոյիչ, մարդուն իր իսկ աչքում բարձրացնող խոսք լսելուց։ Իսկ անեծքները...Անեծք ունի՝ աշխարհը չունի, ոնց ասում են։Աստված չանի հանկարծ Մուրին ձեզ վրա բերան բացի։ Միայն մի բան ասեմ՝ ով թաղում մեկի հետ թշնամանում, վատն է ուզում նրա, ասում է.«Մուրու անեծքի տակ ընկնես»։
Մի բան եւս՝ սիրտդ էլ պատռես, ոչ մեկին պարտք չի տա։ Մի օր հարեւան Անասի (Անաստաս է լրիվ անունը) կինը՝ Սիրանը, գնաց մոտը.
-Մուրի, մի ճար արա, երեխան քննություն է հանձնել բուհում, դուրս է մնալու, գումարը չի հերիքում, Մուրի, ոտքդ եմ եկել։
Մուրին ինչ ասի, որ լավ լինի.
-Բա որ լինի, եղածն ինչ է, որ չտամ... Էդ՝ դու, էս՝ տունը, թե մի քոռ կոպեկ գտար, քոնն է։
Մուրու կատակն ու լուրջը չես տարբերի։ Չես էլ ասի Մուրին չար է, բայց չարություն ունի, որ բռնեց՝ վերջ։ Մի օր ես ականատես եղա, թե ոնց է «որսին» նեղում.
-Արա, Շավարշ... Էդքան փո՞քր եմ, որ չես տեսնում։ Կինդ էլ ասելու է՝ ամուսին ունեմ։
-Արի, համաձայնիր, Մուրի, կնոջիցս բաժանվեմ, քեզ առնեմ։
-Շատ չե՞ս վստահ քեզ վրա, Շավարշ... Մի գիշերը բավական է, որ չրթացրած, մի կողմ շպրտված արեւածաղկի թեփ դառնաս, խելքդ չգնա քո նանուշ-մանուշ կնոջը։
-Հավատում եմ, Մուրի, հավատում եմ,- փրկությունը ծիծաղի մեջ է տեսնում Շավարշը։
-Դե որ հավատում ես, շնորհք ցույց տուր։
-Մուրի, ազնիվ խոսք, քո ամանի փողը իմ ունեցածից շատ է, չունեմ։
-Վա պերվըխ՝ սուտ ես ասում, վա վտարըխ՝ մի ասա՝ չունեմ, միշտ ասա՝ ունեմ, որ ունենաս ինձ նման։
Մուրին, չնայած «շենքի ու շնորհքի» խղճուկ վիճակին, բայց ավելին է միշտ, քան ինքն է, մանավանդ՝ դեղատան կշեռքի նման գիտե իր խոսքերի մեջ կաթեցվող քաղցրության ու լեզու կծող պղպեղի չափը։ Երբ ամանի մեջ կոպեկ գցողը պաշտոնանկ ինչ-որ մեկն է, շտապում է «վարձահատույց» լինել.
-Մեր գլխին մենք էլ հո ղեկավա՞ր չունենք... Խեղճ ժողովրդի բկին չոքած, արյուն են ծծում վամպիրների նման։
Սուր լեզվին մի նայեք, թե հանկարծ մեկը քեֆին դիպավ, անզգույշ եղավ կատակների մեջ, խռովում է, ոտով փողամանը մի կողմ հրում, սկսում անօգնական ու աղիողորմ, մարմնի անզուսպ ցնցումներով լաց լինել։ Նման պահերին երեսի մուրը գալիս, արցունքների հետ շուրթերի մոտ լճանում է, ավելի ցավագին տեսք տալիս սեւ կրակների պես դեմքի վրա իր իսկ ձեռքերով տրորվող աչքերին։ Փակ ճակատագիր է Մուրին եւ այդքանով էլ՝ խորհրդավոր,։ Միայն մի բան գիտեին բոլորը, բայց չէին բարձրաձայնում՝ պատերազմն է ծնել Մուրուն... Մինչ այդ նա չկար Շուշիում։ Բացի դա, ինչ էլ որ անեին՝ հաշմանդամից կամ զինվորականից երբեք փող չէր վերցնում։
Առանց Մուրու Սարիթաղը թաղ չէ։ Առանց նրա թաղից մի կարեոր բան կպակասեր, գուցե եւ, թող ներվի՝ երկրորդական, բայց այնպիսի մի բան, առանց որի չէր հերիքի օդը, բայց այնպիսի մի բան... Եվ ոչ ոք չգիտե, թե ինչ... Երբ Մուրու քեֆը տեղն է լինում(իսկ այդպես շատ քիչ է լինում), նա իր «թատրոնն» է բացում իր անկյունում՝ հաճախ հագնելով այս կամ այն ղեկավարի դիմակը, անկախ նրանից՝ գահի վրա է նա, թե չէ։ Որտեղից է ճարում դրանք, չգիտես։ Բայց հոգուս մեղք չանեմ, ասեմ, որ ամենից հաջող հանդես է գալիս ողորմածիկ Լեոնիդ Իլյիչի դերում։ Բառերը լմլմալով, ոտքերը թույլ-թույլ տնկելով մուրացիկի ամանի շուրջ, ասում է.
-Կամո՞ւ եշչո պամագած...
Մի անգամ նույնիսկ, երբ տեղական ղեկավարներից մեկի դիմակը հագել, նստել էր մուրացկանի իր թասակամանի կողքին, եկան, առանց խոսքի, թեւերից բռնեցին ու տարան ուսադիրներով ինչ-որ մարդիկ։ Մուրին չընկճվեց։ Ջրի համար տրված ամանը դատարկեց կալանասենյակում ու դրեց էլի իր առաջ, կողքին կանգնեց։ Սաստեցին ոստիկանները։ Բայց Մուրու համար ի՞նչ։
-Ես որտեղ էլ լինեմ, իմ գործն եմ անում... Հետո՞ ինչ, փող գցող չկա, բոլորը վերցնել գիտեն այստեղ։
-Մուրի, բերանդ քեզ պահիր, գործդ ավելի ես բարդացնում։
-Ձեր գործն է բարդանում, ոչ թե իմ։
-Մուրի, իսկ չե՞ս ասի, թե այդ դիմակները որտեղից են հայտնվել քեզ մոտ։ Ո՞վ կա դրանց հետեւում թաքնված։
-Ինչո՞ւ թաքնված... Որ հագնում եմ, դրանց հետեւում ես եմ լինում։
-Բայց որտեղից են դրանք,-հստակ կասկածեցին նաեւ լրտեսության մեջ։
-Վա պերվըխ՝ երկնքից են բերում,- բոլոր կասկածները «փարատում» է,- էնտեղ մոտիկ մարդ ունեմ, վա վտարըխ՝ մարդ չկա էս աշխարհում, որ հազար դիմակ չունենա։ Առաջինն էլ՝ դուք... Ինչ եք զարմացել։ Ես մեղավո՞ր եմ, որ իմ դիմակները երեւացող են։
Հաջորդ օրը, իսկապես, Մուրու ձեռքին (մարդը ուր պիտի գնար,ո՞վ կարող էր մոտ գալ փակ մենախցում) էլի դիմակներ հայտնվեցին։ Դրանք տեսնելով՝ ոստիկանապետը սարսափեց։ «Մի տղա կա,- պատմում է Մուրին՝ աչքից հուզմունքի արցունքը կախ,- ինձ սիրում է մինչեւ հիմա, բայց ինքը սպանված է, գալիս,կանչում է, ուզում եմ արթնանալ, ասում է՝ սա երազ է, մի արթնացիր, բան եմ բերել։ Երբ առավոտյան արթնանում եմ, տեսնում եմ՝ գլխատակիս դիմակներ կան։ Մենակ դիմակներ է բերում, գիտե, որ շատ եմ սիրում դրանք»։
Ոստիկաններից մեկը մի քանի կոպեկ նետեց Մուրու առջեւ դրված ամանի մեջ։ Մուրին շտապեց քաջալերել.
-Աստծուն կասեմ, որ աջը միշտ քեզ վրա պահի, օրհնվի օխտը պորտդ... Փառքդ՝ շատ, Տեր երկնային, որ մեռած խղճին էլ շունչ ես փչում, կենդանություն տալիս...
Մուրին ընդամենը մի գիշեր մնաց կալանքի տակ։ Թաղը կանգնեց թիկունքին՝ խելապակաս կին է... Եվ բաց թողեցին Մուրուն։ Սակայն դրանով ոչինչ չփոխվեց, հենց տեղը գար՝ Մուրին իր ձին էր քշում։
-Մուրի, որ մեռնես, քեզ ով է թաղելու։
-Թաղող չունեմ, դրա համար էլ չեմ մեռնի։
-Բան է, էլի, թե մեռա՞ր...
-Վա պերվըխ՝ ռեխըդ բարի բաց արա, վա վտարըխ էլ՝ ապրողի կողքի կագնածներն են քիչ լինում, մեռնողի կողքին կանգնածներին թիվ չի լինում։ Բա դուք մեղք չե՞ք, էս ժողովուրդը մեղք չէ՞, որ ես մեռնեմ... Ախր ես «սիլյուկնի» նման ձեր «փոտ» արյուն եմ վերցնում, հարամ փողը, որ առողջ մնաք դուք... Էդքանն էլ չգիտե՞ք։ Երկու կոպեկը մի բան չէ, բայց ձեր տված էդ երկու կոպեկով ձեր խիղճը չեք թողնում մեռնի, արթուն եք պահում, ընկածի տեղը չեք մոռանում, այ անխիղճներ...
Նա չէր հիվանդանում, բայց թե պատահեր նման բան, հարեւանը գալիս, խնդրում էր թաղեցիներին.
-Մարդամեռը սոված պառկած է, ուտելու բան չունի տանը...
Ու ձեռք էին հասցնում բոլորը՝ ով ինչով կարող էր։
Թեպետ թաղում ոչ ոք չէր հավատում դրան, բայց Մուրին էլ մահկանացու էր։ Մի օր սարիթաղցիները արթնացան, տեսան Մուրին չկա։ Պակասն աչք էր ծակում։ Ո՞նց կլինի։ Ոչ ոք չէր կասկածում, թե Մուրին հավերժական չէ։ Մուրիի հարեւանուհին եկավ, թե՝ բա չե՞ք ասի... Ամբողջ թաղով սգացին Մուրու մահը։ Հավաքվեցին, միջոցներ հայթայթեցին,ամեն մեկից՝ կարեցածի չափով, շատ ճոխ (իսկի թագավորների հողարկավորությանը այդքան մարդ չի լինում) թաղում կազմակերպեցին։ Ասացին՝ անտեր կին է, այնպես վարվենք, որ Աստծուն էլ դուր գա մեր արածը։ Մեռել լողացնող Անիշկան, դեռ նոր էր գործի անցել, երբ իրեն օգնող կնոջ ականջին շշուկով ասաց՝ տեսնում ե՞ս, աղջի, որ Մուրու կրծքապտուկները չկան, կտրած են, մարմնին էլ դանակի հազար վերքեր կան սպիացած... Խոստացան ոչ ոքի այդ մասին չասել։ Թե չէ՝ էլ, ո՞վ կվստահի իրենց մեռելը, որ լողացնեն... Երբ պիտի շորերը հագցնեին, Անիշկան ասաց՝ ժողովուրդ, մի լավ զգեստ էլ առնենք, որ Մուրին իր հավերժական տանը հագնի,ունեցածը փտած չուլ է, ամոթ է այդ քուրձի մեջ Աստծուն երեւալ... Այդպես էլ արին։
    Եվ Մուրին այնքան գեղեցիկ էր դագաղի մեջ ու այնքան ջահել։ Ոչ ոք գրեթե չէր ճանաչում։ Ո՞վ գիտե՝ ո՞ր վառված օջախից է քամին պող նետել այստեղ, որ մարմրեց, մարմրեց ու անհայտության մեջ հանգավ վերջապես։ Մուրուն տեսնելով, ամեն մեկը իր կորուստն էր սգում, իր կորցրած հարազատի համար լալիս, սիրտը թեթեւացնում...
 Թաղումից եւ յոթ օրը նշելուց հետո, երբ հարեւանուհին Մուրու տունը մաքրում էր, ձեռքն ընկավ նրա «շորը» եւ... հայտնագործություն արավ, վազեց թաղեցիների մոտ.
-Բա չեք ասի՞...
-Ի՞նչ...
Պարզվում է, որ Մուրու հագի մշտական լաթը, որ չէին հագցրել, հազար (ես հազար ասեմ, դուք տասը հազար հասկացեք) ու մի ծոպ ու ծուպ, հանգույց (մենք բարբառով քշկոռ ենք ասում) ունի։ Բացում են ու տեսնում ամեն հանգույցի մեջ ճմրթված, շլոլած-կլոլած փողեր են... Երեւի Մուրու ամբողջ «աշխատանքի» վաստակը։
...Ամեն գերեզմանոց մտնող չի մոռանում մի զույգ ծաղիկ կամ հացի կտոր դնել արձանացած Մուրու մեկնած ձեռքի մեջ։ Միայն թե քարի վրա ոչ ծննդյան թիվ կա, ոչ մահվան, հայրանուն, ազգանուն էլ չկան, մի հատիկ բառ է՝ Մուրի։ Ասում են, տեսնող է եղել՝ գիշերը Մուրու շիրմաքարից մեկ-մեկ խաչաձեւ լույսի ալիքներ են բարձրանում, գնում, երկնքում կորչում։

Հարաբերական խաղաղություն։
Հարաբերական երկինք։
Հարաբերական պատերազմ։
Հարաբերական արեւ։
Հարաբերական սեր։
Հարաբերական թշնամի։
Հարաբերական թուրք։ Հարաբերական կյանք։
Հարաբերական հարաբերություն։
Հարաբերական բարեկամներ։
Աշխարհ-հարաբերական եւ ոչ հարաբերական։

ԿԱՊԱՐԵ ԴԱՐ

Ժամանակը
հիմա ուրիշ անուն ունի՝ սպասում.
վայրկյանները հիմա
կապարե դարեր են, հոսում են
ու չեն հոսում, հաճախ լեզու ունեն, հաճախ՝ համր են,
վայրկյանները
խոսում են
ու չեն խոսում։ Սակայն մեկ է՝
մեծ աշխարհի
խուլ, անթափանց աղմուկի մեջ քո ձայնը միշտ
գալիս է ու փաթաթվում ինձ։
Աշխարհում
շատ ճամփաներ կան՝ մեկը-մեկից ջինջ ու սիրուն,
բայց ամենից գեղեցիկը
այն ճամփան է, որով պիտի իմ որդին գա։
-Վերադարձիր, տղա՛ս։
Ամեն վայրկյան,
ընթացքի մե՜ջ, իմ աչքերի խորքն է նայում ու
մեղավոր-մեղավոր
հեռանում, անցորդ բոլոր ժամերի մեջ ես փնտրում եմ
քո վայրկյանը,
ուր
դու փոքրիկ տղեկ ես դեռ ու
վազում ես մանկապարտեզ,
շուրջդ փղեր, վագրեր,
արջեր-խաղալիքներ հազար տեսակ,
ուր
դու արդեն պատանյակ ես եւ մեկ-մեկ էլ
ինձ կանչում են քո
դպրոցից՝
խենթություններիդ համար
եւ նրա համար, որ դասամիջոցներին
տուն էիր վազում, կարոտից,
ուր

դու թեպետ նշանված ես արդեն, բայց երբ
մեկ-մեկ խոսք եմ գցում
սիրածիդ մասին (դու սկսել էիր ուշ-ուշ
երեկոնները տուն գալ),
կարմրում էիր.
-Մա՜մ...
Ուր
դու նստել սիրածիդ հետ մեր այգու մեծ ծառի
տակ ու սպասում
ես,
որ հարսնություն անեմ հարսիս։
-Վերադարձիր, տղաս։
Չեմ հավատում
այն վայրկյանին, որ սողեսող տունս
մտավ, թե... կորած է
զավակը քո,
թե անհայտ է.
այդ ո՞նց, ինչպե՞ս, երբ
այնհայտը այսքան հայտնի դեռ չի եղել.
այդ ո՞նց, ինչպե՞ս, ե՞րբ
մոր սիրտը ցավի անսուտ ուղեցույց է՝ առաջնորդեք
իր որդու մոտ,
այդ ո՞նց, ինչպե՞ս... եւ
հավքերը մի պահի մեջ իրենց ձայնը կորցրեցին, չերգեցին,
նրանց թեւերի տակ երկնքի կապույտը
ցամաքեց, թալկացավ,
սերմը հրի ճարակ դարձավ՝ քանի հողին
դեռ չէր հասել։
Վերադարձիր, տղաս։
Ես յոթ սարի
ետեւում էլ լսում եմ քո ձայնը քաղցրիկ-
քեզ առնում եմ իմ գրկի մեջ,
կուշտ համբուրում, շոյում եմ քո
վերքը ցավոտ,
նստեցնում սեղանի մոտ,
ապա քեզ հետ փողոց եմ ելնում՝ աննման է Արցախը
մեր, անզուգական,
ապա քեզ հետ զրուցում եմ, հաղթանակի քո նվիրած պսակի մեջ,
լույսերի մեջ քո առաքած,
շատ եմ ուզում, որ հարսանքիդ մասին խոսես ու տուն բերես
այն աղջկան,
որ ցավիս մեջ գալիս, գիտե՞ս, ինձ «մայրիկ» է
կանչում այնպես.
-Վերադարձի՜ր...
Կաս թե չկաս՝
գիտեմ՝ որ կաս։ Ու պիտի գաս։
Քո աստղը երկնքի մեջ վառ եմ պահում՝
դու պիտի գաս,
իմ խոսքը դեռ շուրթիս չառած, դու լսում ես
ու պիտի գաս,
դեռ շողն իրեն չհասած՝ ծաղիկը խտուտ է
գալիս իմ մեջ՝
դու պիտի գաս,
վարդի կոկոնը չբացված՝ բուրմունքը
աշխարհ է բռնում՝
դու պիտի գաս,
վանքում վառած մոմս հաջորդ առավոտյան դեռ վառ է լինում՝
դու պիտի գաս,
իմ վայրկյանը, ակնթարթը՝
աստվածատուր, քեզ հետ
կգա, միայն քեզ հետ.
եւ առավել հայտնի, որդիս, քան անհայտն է քո,
աշխարհում չկա,
դու պիտի գաս, դու պիտի գաս։

Ժամացույցի՝
սրից էլ սուր սայրի վրա սլաքների՝ հոսող ամեն մի
ակնթարթ սրտիս զարկն է,
ժամանակը՝ վայրկյան, րոպե, ժամ, օր, տարի, դար ու դարեր...
Աստված, մայրեր, աշխարհ, դուք ինձ
տվեք այդ ամենից գեթ մի հատիկ,
մի ակնթարթ,
վերադարձի վայրկյանը սուրբ իմ զավակի...
Աշխարհում
շատ ճամփաներ կան՝ մեկը մեկից ջինջ ու շիտակ,
բայց ամենից գեղեցիկը
այն
ճամփան է,
որով պիտի գա իմ որդին։
Ես խոսում եմ՝ վերադարձիր, ես լռում եմ՝
վերադարձիր,
տառապում եմ՝ վերադարձիր,
խելագարվում եմ՝ վերադարձիր,
աչքս՝ ճամփիդ, սիրտս՝ ճամփիդ, ունկս՝ ձայնիդ,
գիշեր-ցերեկ ես չեմ փակում դուռը
մեր տան՝ վերադարձիր,
վերադարձիր, վերադարձիր, վերադարձիր, տղա՜ս։
Վերադարձի՜ր։

ՔՐԻՍՏՈՍԻ
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։

Աչքերս ինձ առաջնորդում են դեպի
ծաղիկները,
իրենք տարրալուծվում են ծաղիկների մեջ, եւ
ծաղիկներն են մնում՝ որպես իմ աչքեր,
տեսնում եմ
ծաղիկներով։ Ինչո՞ւ չէ, նաեւ քարերով, ծառերով։

Ծառը, ասում են, կոտրվելուց հետո է
դառնում անկոտրելի։

Ծառն ինքն իրեն լավ հասկանալու
համար
գալիս, կանգնում է ինձ մոտ, մորս օրհնանքն եմ դնում
պատվաստին՝ իսկույն բռնում է ,
ծառը գնում է հետքերով իմ չթողած
եւ կանգ չի առնում
ոչ մի ժամանակ, քանզի, աղբյուրի վարգից գիտեմ՝
անկանգունակ է ջուրը, որ արդեն բխել է։
Ծառը նման է այն ծառին, որ իրեն նման չէ։
Եվ ուրիշ խորհուրդներ ունեն լեռները,
որոնց գագաթները արեւի ու աստղերի
թռիչքադաշտն են՝
ուղիղ երկնքի շեմին։
Եվ ամպերն անգամ չեն խանգարում հրեշտակների չվերթներին։
Ծովերում գետերը կարոտում են
գետ լինելուն։

Գագաթը
ուր կանգնած եմ՝ Քրիստոսի ծննդից էլ շատ առաջ,
ամեն ակնթարթ մոտենում է այն կետին,
որից որ հեռանում է ամեն ակնթարթ։

Եւ որքան էլ հեռագնա լինեն հորիզոնները,
կապույտ նկարելու համար ես չեմ ընտրում
գույնը կապույտ,
«սիրում եմ» ասելու համար
չեմ ասում՝ սիրում եմ։
Երկրագունդը գլորում է ինքն իրեն
ճանապարհով սիրո,
չիմանալով սակայն, որ հակառակ
ուղղությամբ է գնում,
երկրագունդը,
որ ամենեւին էլ կլոր չէ, ինչպես Կոպեռնիկոսն է մեզ
խաբել, այլեւ բազմանկյունի է։
(Ա՜խ Կոպեռնիկ, Կոպեռնիկ,ճամփից շեղված,
դժվար երեխա)։

Աստծո ապսպարանքը, որ բերել եմ
քանի դեռ չեմ ասել՝ խոտին, ձեզ, քարին,
այրում է շուրթերս։ Եւ ես
ծաղիկներ եմ դնում
նահատակի շիրիմին - դա իմ երկխոսությունն է նրա
հետ, խաչքարի վրա մոմեր եմ վառում,
դա իմ հաղորդությունն է։

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։
Բոլոր մարգարեները սուտ են, բացի զինվորից։
Եւ հայրենիքի սահմաններն անխախտելի են
այնտեղ, ասում են,
ուր գիծը քաշված է արյունով. ահա գույն,
որի բարձրությանը չի հասնի պարիսպը չինական։

Իսկ բանաստեղծը
մենակ է բանաստեղծ։
Քո չարած քայլերն իմ չգրված երգերն են հիշեցնում։
Հիշեցնում են պարպումը նշանամետ պահունակի։
Քանի դեռ ես չեմ սկսում գրել՝ գրում եմ անդադար,
հենց սկսում եմ գրել՝
արդեն չեմ գրում։
Ասում եմ՝ կյանքն անտանելի է։ Ասում եմ
ու… տանելի է
դառնում այն։ Բայց երբ չեմ ասում, թե
անտանելի է, կեղծում եմ
իմ արյունը, եւ կյանքը, իսկապես, դառնում է
անսահման անտանելի՝
որպես ցլամարտում թափված արյուն գեղեցիկ։

Քայլերիս արձագանքները արագացնում են ընթացքը
գետերի,
որոնք հոսում են ծաղիկների ափերով։

Արահետը, որով ընթանում եմ հիմա,
չկա։
Ես ու դու քայլում ենք կողք - կողքի,
երբ դու նայում ես՝ ես քո կողքին եմ,
երբ ես եմ նայում՝ դու իմ կողքին չես։
Ես ու դու քայլում ենք կողք - կողքի։
Ինձ հետ չէ անգամ իմ ճանապարհը,
որով քայլելիս
հաճախ ես նմանվում եմ լքված մատուռի,
որի կողին վառվող մոմ է բեմադրում
երկնային լույսի մի անուշ շողիկ։

Եվ անուշ է այն, ինչ դառն է,
Բայց ինչ դառն է, միշտ չէ, որ անուշ է։
Նեղանձուկ, ապականացու, նանիր պահերից դուրս է
ճողոպրում
դաշտը, եւ
բարձրերի վճռական կապույտը խտուտ է
տալիս ծառերի կատարները,

տերեւաթափ եղած, սեպռիկ ճյուղերը ծիծաղում են
վայրկյանի եւ իրենք իրենց վրա։ Մի քիչ էլ,
ինչ խոսք, ինձ վրա։
Հնարավոր չէ տարհամոզել քամուն,
բայց չէ՞ որ ամառը դեռ չի գնացել։
Ավելին՝ մի ետընթաց քայլ եւ…
մանկությունը գտնված
կդառնա, եզակի հնարավորություն՝
սխալներն ուղղելու։
Թեպետ՝ սխալը ո՞րն է։-
Ճանապարհը՝ անճանապարհությունն է՝
ծանր,
որի վրայով թռչում է ալիքը,
անճանապարհությունը ճանապարհն է՝
փխրուն,
որին գուրգուրում է առավոտը 21-րդ դարի։

Եվ չնայած ես միշտ էլ մենության եմ ձգտում ,
սարսափում եմ սակայն ինքս ինձ հետ մնալուց,
գերադասելի է հազար անգամ
երրորդի ներկայությունը,
թեկուզ այդ երրորդը դարձյալ լինեմ ես։

Ուզում եմ քեզ հիշել եւ փակված աչքերիս մեջ
միանգամից ծաղկում են մեղքեր բյուրավոր։
Արեւը գուրգուրում է, եւ ծաղիկը չի կշտանում
արեւից ու չգիտեմ՝ էլ ինչից։

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։

Եվ սուտ են բոլոր մարգարեները, բացի զինվորից։
Ինչ անենք, թե հրամանատար է Ավոն,
բայց չէ որ նա ինքն էլ իր զինվորն է
եւ ինքն իրեն հանդիպելիս պատիվ է տալիս,
եւ թող Աստված փրկի բոլորին
նրա՝ ինքն իր համար պահած… մենախցից,
թե հանկարծ զանցառություն է եղել մի հեղ։
Ծլունակ, ծաղկունակ քարեր-երազների պահունակ։
Վիշտը հալվեց, բոցն էլ հետը մարեց, կորավ, քանզի
հաճախ վիշտն է, թերեւս, սիրտ աշխատեցնում,
քանզի
թե որ սեր է լինում մեջդ,
ոտքիդ տակ քարերն էլ
փխրուն են դառնում,
դառնում են հայացքով քեզ ուտող աչքեր։
Եվ
այլընտրանք չկա ՝
բազում են հավքերը, երկինքը մեկն է, բայց
քանի որ ամեն թռչուն ունենում է իր երկինքը,
երկինքները շատանում են, անհունանում երազները։

Թե ամեն մարդ մի մոմ վառեր՝ աշխարհում
խավար չէր մնա։

Երկինքը՝ տկլոր ու պորտաբաց,
մի ոտքի վրա կանգնել է
Մեծ քարին ու պարում է ափաշքարա, թզենու
տերեւը տարել է քամին,
Հարյուրամյա Գալուստ քեռին դեմքը շրջում է՝
մեղա քեզ, Աստված։
Դեմքը շրջում է եւ շտկում շալվարի բարձրացած առաջնամասը՝
քանի տեսնող չի եղել։
Անմարդաբնակ մարդիկ։ Ո՞վ է՝
փչում է,
որ հանգցնի մոմերս վառած,
ահա ինչու տունն իմ՝ Արցախը, իր մի աչքով
                                   արեւին ու աշխարհին,
մյուս աչքով հավերժական տագնապի կողմն է նայում։

Իսկ այբուբենն ապրելու սկսվում է «Զ»-ից՝
զոհվել բառի Տառն առաջին
(որքան դաժան ես, կյանք),
եթե պատրաստ չես դրան,
կորած ես երկրովի։
«Ժողովուրդ,էս աշխահը ձեռքից գնում է,
եկեք մի բան անենք». Քեռի Գալուստ։
Շուշան սարեր, մանուշակ քարեր -
Ղարաբաղ։
Ձին տնկել է դունչը երկնքի մեջ
եւ անզուսպ կապույտը խրխնջում է
ալիք - ալիք, մոլեգնական մի քնքշությամբ։

Ամեն անգամ երբ անցնում եմ ճանապարհով,
ամեն անգամ նույն ճանապարհը նոր է,
եւ ամեն անգամ հասնում եմ ուրիշ մի վայր,
թողած ունելիները,
ամեն անգամ մատներիս ծայրերով եմ բռնում պողերը։

Անցած ճանապարհը ետ չի վերցվում,
ետ չի վերցվում տրված ժպիտը,
արձակած գնդակը ետ չի վերցվում,
 չեմ կարող ետ վերցնել աչքերս քո աչքերից,
որովհետեւ եթե դու լուսեղեն ու երկարուկ թեւերով,
                                    պարզության աղբյուրներո՜վ
                                    կանաչության դաշտերո՜վ,
                                   հիշատակների առուներո՜վ
գրկում ես ինձ,
ոսկորներիս մեջ շատանում են
հրեշտակավառ ծաղիկները,
որոնց մեջ արեգակները հաստատ կրկնում են իրենց՝
վերադարձնելով ինձ չգիտեմ, թե ուր,
իսկ երբ ես եմ գրկում մարմինդ եղեգնաշրշյուն,
նոր միայն հասկանում եմ , թե ինչու բոլոր
սրինգները
միայն եղեգներից էր պատրաստում
Միսաք Մեծարենցը։
Քո մի ժպիտով եղեգնուտներից թռած հավքերը
արեւին շուրջառած,
վերադարձնում են կրկին եղեգնուտներին՝
անբացատրելի սվսվոցներով թեւերի,
անբացատրելի կափկափյուններով
եղեգների։


Սուտ են բոլոր մարգարեները, զինվորից բացի։
Ոտքերս տվել եմ ճանապարհին,
եւ ինչ չեմ տվել ճանապարհին,
մինչեւ որ նա իմ ճանապարհը կդառնար։
Չէ՞ որ ոտքի տակից փախչում է հողն Արցախա,
թե վազքի մեջ
քայլդ հանկարծ… ճիշտ չի դրվում՝ որպես կնիք,
որպես դրոշմ, ժպիտ բեղմնավոր, որդիական երդում։

Քո աչքերն են ինձ կապույտների արքա կարգել։
Քո չտված ծաղիկները ծաղիկներ են ավելի,
քան ծաղիկները այն, որ տվել ես, եւ
դա սպասումը դարձնում է երկունք ծննդյան։

Իմը լիներ այն վայրկյանը
որով ես միշտ… ուշանում եմ։
Ժամանակի միավորը ամենամեծ։

Քեզ հետ, ներիր, որքան էլ վաղ հանդիպման
վայր գամ՝
Ժամադրված ժամանակից կես ժամ, մի ժամ,
մի դար առաջ,
միեւնույն է՝ ուշանում եմ, պարտքի տակն եմ ժամանակի։
Ու որքան ես պարտքդ մարեմ՝
Պարտքս այնքան մեծանում է,
որովհետեւ ես մանուշակի շարժումն եմ
քարի մեջ-քո քարի,
որովհետեւ ես իմ ձեռքերն եմ՝
քո ուսերից կախված,
որովհետեւ ես քո թռիչքն եմ՝ իմ թեւերի մեջ։
Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։
Մի մարդ գավաթը խփում է քարին եւ ասում մի կենաց,
եւ ասում է զարմանալի ձորեր, աստղեր,
եւ ասում է զարմանալի ճանապարհներ,
երկնքով հոսող գետեր,

չընկնելու համար ձեռքը գցում է Քիրսի վզով,
գլխին քաշում գինին կարմիր ու մոլեգին,
շուրթերի վրա
թեւքով սրբելով բեղերն առնվազն Արգիշտի Արքայի։

Խնձորախոտը զբաղեցրել է արահետը
իր ծաղիկներով՝
Ճապկանքների մեջ կանաչ ծավալումների,
ուր լույսը քչփորում է պատմությունը Սիրո։
Մեղքի վրա բարձրանում է մի ծիլ։ Անմեղություն մեղքի։

Ծառերից, խոտից, հողից բարձրացող երաժշտությունը
իր ռիթմերով փոխում է ուղղությունը մտքի,
գետ ու առվի
եւ
կապույտները թեւերում ծրարած հավքերը,
տեղ են հասնում...
Ժամանակը հատիկ-հատիկ սերմանում եմ իմ հերկերում
եւ սերմնացու հատիկների մեջ եմ մտնում՝
առանց կեղեւը պատռելու։
Անրջախոս տարածություն,
վերադարձ հեռացնոր,
եւ
արմատների երկինք հավքառատ։

(Հուշը վաղվա սերմն է երանիկ, եւ ես
ինձանից դուրս
ավելի շատ կամ, քան իմ ներսում։ Բայց իմ ներսից եմ
գրում միմիայն իմ դրսի մասին, քանզի
բառը
չմիջնորդավորված, դա իմ հանդիպումն է Հիսուսի հետ)։

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։



Եկեղեցու կողմից եկած շուքամեծ մի ղողանջ
պատգամում է
թռիչքների գույն, ծաղիկներ՝
որ դեռ չեն բացվել։

Անցագիրս, դա երազն է, ծաղիկ,
Անցագիրս, դա ծաղիկն է, երազ։

Տղաք, դուք եղած հացը կերեք, ես չեղածից կուտեմ,
Ես իմ կրծքին կառնեմ եղած գնդակները նեռի,
դուք չեղած գնդակները ձեր կրծքին առեք,
եղած փամփուշտներով դուք կրակեցեք,
տղաք,
ես ինձանից գնդակներ կձուլեմ,
դուք եղած մոմերը վառեցեք, ես չեղածը կվառեմ,
դուք եղած աղբյուրից ջուր խմեք, ես կխմեմ չեղածից.
«Մենք պիտի այնքան ուժեղ ըլլանք, տղաք,
որ ոսոխները կարենան տեսնել իրենց թուլությունը։
Եվ տեսեք՝ հաղթանակից հանկարծ չկորչի
պրկումը ձեր երակների»։

Իմ աչքերը սերվել են իմ տառապանքի գիշերներից։

Դեմս դաշտն է՝
ծաղկի խաչելության։ Եվ դժվարը տարած
հաղթանակը տանելն է։

Ուրիշին՝ իրավունք չունեմ,
բայց բիթլիսցի Սարոյան Վիլյամին՝ Կալիֆոռնիայում
աճեցված տիպիկ արցախյան բեղերով,
թույլ եմ տալիս
ձեռքն առնել իմ ինքնաձիգը՝.«ԱԿՍ».
-Ես կսիրեմ մեր պատերազմներ…
Ես կսիրեմ Բիթլիս…
Զինվորը զինվոր էր սովորական, Շուշին
առավ իր ափի մեջ,
պահեց բարձր
եւ ասավ՝ թըռ՜ռ,
եւ հավքը հասավ իր երամին։ Չթագադրված
լեռան առասպելներ։
Թռիչքը հավաստումն է իմ հավարժական
ներկայության։
Լույսը, որ երիզում է քայլերս,
գիշերում է ինձ մոտ, միշտ ոտուծոց ենք պառկում, եւ
առավոտը միշտ ճանապարհ է ընկնում ծաղկի միջից։

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։

Ես գիտեի՝ աշխարհ գալուց դեռ շատ առաջ,
որ կբախվեմ մի օր քարե խավարի հետ,
եւ, ինձ ծնելիս,
մայրս մի պտղունց լույս դրեց ինձ հետ՝ որպես
                                  ճանապարհի հաց,
մերս «առյուծ կանչեց ու ինձ ծնեց էսպես»…

Հիշողությունը -ահա աչքը մեր,
որով տեսնում ենք անխաբ ապագան։

Շուրջս կենու ծմակ է։ Մայրս տարիներ առաջ
մի կտոր կենափայտ էր կապել
դաստակիս,
ծառ սրբենի,
որ ինձ աչքով չտան, աչքահուլունք էր պարզապես,
բայց ի՞նչ տեսա մի օր՝
կենին արմատներ ձգել երակներիս մեջ,
ձեռքիս վրա, ծաղկում է…
 
Կանգնած եմ Քիրսին, բաց երկնքի տակ, կենուտում,
իրար բերած ափերիս մեջ՝
մի ծով ջուր… Երկնքի հավքը, լեռը,
ռմբարկու նավերը,
բոլորը անցնում են ափիս ծովով։ Ես
լեռներիս, երաշտ հանդերիս
ծովակալն եմ։

Աստված իմ, Աստված իմ, ինչու ինձ լքեցիր-Քրիստոսի վերջին խոսքը։
կրկնում է Քրիստափոր Իվանյանը,
Աստված իմ, Աստված իմ, ինչու ինձ լքեցիր-
կրկնում է Ավոն
Աստված իմ, Աստված իմ… Արձագանքում են
Ասկոլկան, Պետոն,
Շահմուրադյան Սամվելը եւ մյուսները
եւ
հուշում են, որ Արարատի բարձրությունը
պետք է չափել Աբովյանի քայլերով միայն։

Արցախը
ծաղկագիր նամակ է լեռների վրա՝ պարզված
հավերժին, եւ բարեւառություն է լուսածեգի,
գրերի արմատարան, վանքադարան,
Եւ փույթ չէ, թե կռվի պահին կույս
աղջիկներն Արցախի,
Մարիամները սուրբ,
հաճախ գիշերում են գոմերում խարխլված։ Բայց
չէ որ նրանք մեզ համար ծնում են Հիսուսներ։

Շուշան սարեր, մանուշակ քարեր - Ղարաբաղ։

(Տուր ինձ, Աստված, մեղա, մեղա,
արարչության տիեզերական ռոմանտիկան
եւ
ես աշխարհը կվերաստեղծեմ
ոչ թե յոթ օրում,
այլեւ գուցե յոթ վայրկյանում,
միայն թե՝ առանց նեռի)։
Թեպետ գիտեմ՝ չի կարող չհաղթել լավն աշխարհում,
երբ այնքան շատ է վատն ու անսահման։

Սխալվել է, անշուշտ, Գյոթեն Վոլֆգանգ,
երբ կանգնեցրեց վայրկյանը, որ անչափ գեղեցիկ էր,
եւ կանգնելով՝
վայրկյանը կորցրեց իր ամբողջ գեղեցկությունը։
Իսկ ցողունը ծաղկի կոտրվելուց հետո է
դառնում անկոտրելի։

Ողբերգական է պահը։ Աչքս գնաց, կորավ մեր
Մինասի չնկարած մի կտավում։
Եվ այնտեղ, ուր փորձեցի դուրս գալ ցավից,
միանգամից ես հայտնվեցի
փողոցի մեջ՝ դրսում, անտուն-անտեղ, անօթեւան։
Եվ հիմա լավ եմ, ինչ խոսք, հասկանում
տխուր մարդկանց,
ուրախ մարդկանց է, որ չեմ հասկանում։

Որքան շատ եմ ես ձեզ մերձենում,
նույնքան
ինքս ինձ օտարանում եմ,
օտարականի մեջ օտարականը ճամփա է
ելնում՝ ես եմ։
Ասես մի անգամ՝ շատ դարեր առաջ,
սխալ ապրել եմ կյանքս,
գնացել
եւ այսօր մի տաղտկալի կրկնությունն են
քայլերս արվածի,
թեպետ, երդվում եմ,
արեւն ամեն օր առաջին անգամ եմ տեսնում։
Հաճախ ինքս ինձ հայտնաբերում եմ
երկրագնդից դուրս, եւ
որքան էլ որ ջանքեր եմ թափում,
ես ելք չեմ գտնում ներս գալու համար.

Հիասթափության պահերս աճող սնկեր են։
Չսիրելու համար մարդուն պիտի քշել ուղիղ
ուղղիչ տուն,
թեկուզ նրան այլեւս ոչինչ չի ուղղելու
եւ անընդհատ պատերազմներ են
սպառնալու մոլորակին։
Մոլորակ, թող տափակ չթվա, որ մեր
ընդհանուր հայրենիքն է,
 ոչ թե այլմոլորակայինների.
սա հաստատապես գիտեմ արդեն, պիտի այն
բնակեցնել… սիրով։

Երբ նայում եմ ես քո ծաղկին՝
իմ տեսած ծաղիկը ոչ ոք չի տեսնում։ Աղբյուրը
երգվում է քարերի
շուրթին, եւ աստղում է կապույտը։ Եվ շողը որձկում է։
Մենակ եմ։ Ես այնքան եմ մենակ, որ ոչ մի
բառով չի ասվի,
իսկ թե փորձեմ ասել,
ավելի կխորանա իմ մենությունը։
Ամեն ինչի մասին պատրաստ եմ ամեն ինչ ասել,
միայն թե՝ ի սեր Աստծո,
թույլ տուր քո մասին միմիայն… լռել,
ինչպես ասում են։ Եվ
ճամփան մի փակեք, թողեք մանկությանս
ձին մոտենա ինձ։
Հասանելին
անհասանելին է։ Դու երբ կանգնում ես
Պիկասոյի նկարների մոտ

(Պիկասոն, հավատացած եմ, նկարելիս դա երբեք
նկատի չէր առել),
դրանք բազմապատիկ հանճարեղանում են
եւ նոր միայն Պիկասոն հասնում է
Պիկասոյին։ Իսկ քեզ
իմ հասնելը ծնվելս է.
ես քայլում եմ միշտ, որ ճանապարհը չմնա ճանապարհին։
Եվ չեմ թողնում երբեք, որ փախուստի դիմեն վայրկյանները։

Աղբյուրը գնում է այնտեղով, որտեղով երբեք չի գնում,
որովհետեւ
ես կրում եմ իմ մեջ աստղի լույսը հեռավոր,
եւ տեսնում եմ ավելի հեռուն, քան կարող է երեւալ։

Նախշուն երկիր, նախշուն մարդիկ- Ղարաբաղ։

Եվ սուտ չէ ոչ մի մարգարե,
թե մարգարեն զինվոր է։

Ժամանակը հատիկ-հատիկ սերմանում եմ
ես հերկերում
եւ սերմացու հատիկների մեջ եմ մտնում՝
առանց կեղեւը պատռելու։


ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՅԱՆՔ

Բառերն ուզում են իրենք իրենց հասնել։
Աշնան քամին թափահարում է ծառը,
եւ տերեւների հետ
հավքերի ծիվծիվները թափվում են հողին։

Երեխա է ծնվում։

Անապակի աչքից պատուհանի, որին հեռվում
պայթած ռումբի
ալիքներ են դիպել ընդամենը,
երաժշտությունը ուղղակի թափանցում է
դրսի օդի մեջ,-
Ազնավուրը երգում է ֆրանսերեն,
ինձ մոռացած լսում եմ եւ չի թվում, թե նա
չի երգում հայերեն.
իմ առջեւով գետի պես հոսում են աղջիկները,
ասես կռիվ չի եղել։
Եվ ես հիշում եմ քո
մազերի խուրձը,
որոնք այնպես էին միշտ հետ ձգվում՝ անգամ
կանգնած պահիդ, ասես թռչում էիր։
Ձեռքերս երգում են։
Խունկ են շուրթերդ։
Դու ծաղիկներով ես եւ այն ժամանակ,
երբ ծաղիկներով չես։
Եթե ինքդ քեզ որոնում ես ու չես գտնում դու քեզ,
նշանակում է՝ ես չկամ։
Ես, որ կարող եմ ձեռք լինել, բայց ոչ երբեք՝ ձեռքի կուլա,
թեպետ կուլաների քչքչոցները ծարավկոտրուկ
ցախավելներ կապող Խաչի պապիս են հիշեցնում անընդհատ
եւ նրա բազմադուռ ուշունցները անհասցե։

Շեքսպիրն իր չգրած արցախյան
ողբերգություններից մեկում
ստանձել է ձիապանի դերը, ասում են։
Օրխեստինե - Արդախ -Արցախի շուրջ՝
Ստրաբոնից մինչեւ Լեո,
մինչեւ անգամ Հրաչյա Բեգլարյան ու Վլադիմիր Սեւյան,
արեգակի պտույտները մշտնջենական
պսակներ են հյուսում լուսո,
եւ գմբեթներին հայոց լերանց ու եկեղեցվոյ
կախում զանգեր,
որոնց թելը գոտիներն են աստվածների։

Մենք քայլում ենք եւ, ահա, ազատ է
այն վայրը,
ուր քիչ առաջ կանգնած էիր, ուր բուրում են
ոտնատեղերդ,
որպես տարածքն այն,
ուր պիտի բարձրանա մի նոր վանք կամ նշխարատուն։
Ջրիմուռները հոսող ջրերում պատկերներ են
խաղացնում հուշերի,
եւ դեղձահոտի առուներով ոռոգվում են բոստանները՝
պատերազմի չափարներից մի կերպ դուրս հայտնված։
Թեպետ գնդացիր կա ուսին
եւ ասպարը կապած է կիպ,
բայց չի խորշում աղավնին՝ ամեն օր իջնել
Ավոյի ափի մեջ
ու չթառամող, կենդանի առասպելներից
ձիթենու շյուղեր կտցել,
իսկ իմ շուրջը անվերջ քայլող, եկող, անցնող,
ուրախ, տխուր,
հոգսից ծռված, աղավաղված, ժպտուն, սիրող, հիասթափված,
ամեն կարգի, ամեն տեսակ
մարդիկ, հիրավի, թռչուններ են՝ թռչելուց ետ վարժված։

Բառերն ուզում են իրենք իրենց խոսել։

Արցախը, ահա, հեռո՜ւ - հեռու հորիզոնի վրա
հոգու եւ տանջալից դրախտի,
կանգնեցնելով արյան կտրված երակները,
սիրո ավիշ ու կորով է ներարկում իր քարքարուտներին,
կրակից ու վառոդից սեւացած իր
անտառներին մրգատու,
հրդեհից ու պայթած ռումբերի ալիքներից
գունաթափված պատերին,
եւ շնչում է
ժամանակի զրնգուն կապույտ՝ բարձր լեռների
գագաթները երիզող,
շտկում ընթացքը օրերի՝ ոչ մի քարտեզի ու քաղաքականության
մեջ չտեղավորվող
իր աղբյուրներով, դաշտերով,
գետակներով ու լեռներով սրբադուռ, եռաբլուրված
իր բոլոր լեռ ու բլուրներով...
(Քաղաքականությունը մարդու ստեղծած
մեծագույն չարիքն է,
քնարերգությունը՝ հրաշքը
մարդու,
եւ, սակայն, այդ երկուսն առանց իրար չեն կարող
հարատեւել)։

Հրդեհը մտել է երկրի կեղեւի տակ եւ
Սաուդյան Արաբիայից
մինչեւ Կոսովո, մինչեւ Պաղեստին ու Իսրայել,
մինչեւ Իրաք,
Մադագասկար, Զիմբաբվե, Ուրուգվայ
ու
Քրդստան, անցնում է անարգել։ Իսկ Գարսիա Մարկեսը
իր «Հարյուր տարվա մենությունն» ուզում է ավարտել
բանաստեղծությամբ,
այսինքն՝ անել այնպես,
որ ոչ սկիզբը երեւա, ոչ վերջը,
այսինքն՝ չկա սահման։ Եվ անսահմանություն է։

Ձորափին տուն մի՝ լքված աշխարհից, կիսավեր,
թիթեղածածկը ծուռ դրված գլխարկի
պես քաշել աչքերին,
տրտմում է,
մենակ է ու մենիկ,
նրան ձեռք տվող չկա, պահում են որպես
վկա եւ ականատես
հորիզոնից սկսվող Թարթառ գետի եզրին,
ունկերում՝ ետդարձի կանչը օվկիանոսներ
կտրած-անցած ճռվողյունների։
Իսկ քամին անիմաստ շվվացնում-սուլում է
պատից ատամների պես թափված
քարերի արանքով։
Տխրության մեջ տեղավորված նոյեմբերը
նշանակալից լռում է՝
Խորանալով արեւի եւ արյան միջեւ իրար «խաբս
տվող» գույների
հիշողություններում։

Ռմբարկումներից ազատված երկինքը
կատարյալ հրաշք է,
կարծես մինչ այդ երկինք չենք տեսել այսքան գեղեցիկ։
Իմ ու քո ձեռքերում միահյուսվել են
իր բույնը հազարումեկերորդ անգամ շինող
ծիծեռնակի թեւերը,
եւ ես չգիտեմ, թե մեր ձեռքերից որոնք են իմը։
Ախ, ես էլ չգիտեմ եւ միայն Աստված գիտե,
թե ինչքան եմ քեզ կարոտել։
Քերծը՝ կապույտ ու մոխրագույն խլեզների վազքի մեջ,
տեսնում ենք առաջին անգամ,
մի մրսած թրթնջուկի թելով կախվել է
Աստծո փեշերից։

Լճի հայելում արտացոլված ծառի
տերեւներին խտուտ են բերում
երազների մեջ խաղս ընկած ձկները
թափառական։
Ինչ-որ բան, բայց թե՝ ինչ, չգիտեմ,
մոռացել ու թողել եմ մանկության մեջ իմ հեռավոր,
մոռացածս՝ ափի մեջ, քանի տարի է՝
քարեքարվելով, իմ ետեւից՝
գնդացիրների, արկերի, մոռացության, ռումբերի փողի տակ,

անվախ ու անարգել
վազում է յոթ տարեկան մի տղա,
վազում է Քարինգի սարերով,
թեպետ, չգիտեմ, չեմ հասնելու, բայց
վռազում եմ ընդառաջ...

Ամերիկյան, շվեյցարական, էմիրաթներից բերված ապրանքների շուրջ,
առեւտրական կոկիկ սեղանի ետեւում
«թիկունքային» մի տղա՝ ձախով խաղացնելով հատիկները թզբեհի,
աջով սիգարն է վառում չափազանց սիրուն մի աղջկա,
վարքի մեջ՝ ժեստ մի նապոլեոնյան
ասպետության։

Կանաչ խոտափունջը՝ ետպատերազմյան գարնան,
բարձրանում է հողից՝
նահատակների չասված մնացած
խոսքերն ու շշուկները
անհանգիստ աչքերում։

Հողը պինդ է եւ երկինքը՝ ամուր։
Եվ կյանքը՝ անխուսափելի։

Գարունքհան եղած տարին «Հեռուստամարաթոնից» սահում է
աստղամարաթոնի էկրանին, ուր
տիեզերական համաստեղությունը՝ «Վիկտոր Համբարձումյան»,
հայոց անկորնչելի աստղի լույսով միասնական
թրծում է օրը
վաղվա՝
աստղադիտարանում Բյուրականի՝
աշխարհի աչքի առաջ.

մինչդեռ Սեզեր փաշան՝ ատամները կիսալուսնի
մահիկով պրոտեզավորած,
փոխանակ ձեռքով վերցնելու,
շուրթերով է բռնում դատաստանագիրը
ժամանակի,

որովհետեւ եղունգների տակ հայի չորացած արյուն կա
եւ փորձում է թաքցնել ձեռքերը։

Եթե ես մշակ լինեի՝ մաճը ձեռքիս, Քլինթոնին
չէի վստահի,- զայրանում է Անդոն քեռին,-
հոտաղի ճիպոտը,
որովհետեւ շունշան որդի է նա բացարձակապես.
մի «որովհետեւ» էլ կա՝ նա չունի այն
տիրատուր բառերը,
որ պիտի լծորդ դառնան քաշող եզան...

Տիեզերական ժամանակի եւ տարածության մեջ
արձակվում են ամեն վայրկյան նոր
հրթիռներ ու արբանյակներ,
որոնցից մեկը դեռ չի հասել այնտեղ,
ուր իմ հայր Սարգսի արած խնձորապատվաստներ են
ծաղկակալում՝
Թառամնի աղբյուրից մի երկու ոտք վերեւ.
(ինչ անենք, թե «գրադի» արկերը ծառերի գագաթներից
մի քիչ կճմթել-տարել են անզգուշաբար)։
Ղարաբաղցիները Նոստրադամուսի առաջ զարդա ցորենի թաժա
թոնրահաց ու պանիր են դրել՝ սինու մեջ
արծաթաձույլ,
մի շիշ Քարահունջի թթի օղի
ու, Երուսաղեմի ճանապարհին,
դեսից-դենից զրուցում են ջերմ։
Աշտարակվում է բարձրությունը հիշողության,
եւ երեխաները իրենց ծիծաղով փափկացնում են եղանակը,
քրիզանթեմները մեկ-մեկ բարձրացնում են
իրենց գլուխները։

Ես չգիտեմ՝ ինչի վրա է կառուցված աշխարհը, բայց
կուզենայի

այն սկսվեր ուղիղ այս ծաղկած ծիրանի
ծառի մոտ, Արցախում,
որտեղ ոչ մի զույգ դեռ սիրո սուտ
երդում չի տվել երբեք,
որտեղ Աստծո «Բարի լույսն» ու «Բարի երեկոն»
անարատ-նախնական են՝
ինչպես Եվայի եւ Ադամի ժամանակներում,
այնքան, որ նրանցով շուրթեր են
սրբագործվում անգամ,
որտեղից նույնիսկ չի երեւում
հորձանուտը ժայռի մոտ ծունկ տված գետի,
ուր որոգայթների մեջ՝ հազար ու մեկ ցավի ու
արյան դժխեմ
«արքայացուները»,
ավանդել են իրենց հոգին,
մի պահ խաթարելով անդորրը ձկնավտառների։

Խնձորենու, տանձենու, ալոճենու եւ դեղձի ականապատված
այգիները
բերքով ճոռոփել են՝ ի հեճուկս,
եւ ճյուղերի միջով հովն ու հավքը սահում են
խիստ զգույշ՝
երբեք չիջնելով փշալարերի ծանր ցանկապատին,
ուր վառված տանկի բեկորները՝ մանկատան
տարածքում գրեթե,
փտում են, այլեւս
պիտանի չեն նաեւ որպես մետաղի ջարդոն,


շարունակում են մնալ իսկական խաղալիքներ՝ երեխաներից մոտիկ։
Բարձրացող պատերը դարձել են
կրկնակի պատեր,
դալարող ձեռքերը դարձել են
կրկնակի ձեռքեր,


բուխարիկներում կրակները կրակ են դարձել կրկնակի,
սիրո եւ ատելության ծաղիկները՝
կրկնածաղիկներ,
մեր շահ թթենին կրկնակի թթենի է, շերամը՝
տերեւի մեջ, կրկնակի,
եւ օրնիբուն մետաքսյա բեհեզ է հյուսում հարսնաշորերի,

իսկ շիրիմների վրա իրենք-իրենք են բացվում վարդ ու շուշաններ
եւ երեխաներն Արցախում ծնվում են
միայն զույգ-զույգ։


Մանկատներում ամեն օր աստվածների հետ հանդիպման
ծեսեր են՝
արեւի եւ խաղաղության լրիվորեն
չսերտված խմբերգերով.
ահա եւ մեծադիր նկարի մեջ՝ Աղայան Ղազարոսի
միրուքը,
ծաղկած նշենու բուրմունքներ է փռում շուրջը,
վերջապես կարող են ձեռք տալ երեխաները՝ անական
ու անվտանգ է ամբողջապես
եւ իր մեջ պահում է հիշողության ծիծեռնակների իրական ասքը։



Շեքսպիրն իր չգրած արցախյան
ողբերգություններից մեկում
ստանձել է ձիապանի դերը պատվավոր,


Ազնավուրը շարունակում է ռիթմավորել
երկրագնդի պտույտները
երկրաշարժի ու արցախյան շարժի
էպիկենտրոնում, Մասիսից մոտիկ,
հնչեցնելով բիբլիական արարման
ծաղկամեղեդին՝ Հա-յաս-տան, այսինքն՝ հոր,
որդու եւ հոգվո։
Էջմիածնա զանգի ղողանջները
սահմաններ չեն ճանաչում աշխարհում՝ Արցախից
մինչեւ Տիգրիս ու հավերժություն
եւ Մասիսների ձյուների վրա
նրանց ելեւէջները
ծաղիկ-ծաղիկ կրակներ են վառում։

Երդիկների ծուխ է բարձրանում
Նոյան տապանից։
«Քնածահե՜ր, ղարաբաղցին տուն շինելուց, երկիր շենացնելուց
խամ ա՞»...

Թեպետ գնդացիր կա ուսին
եւ ասպարը կապած է կիպ, Սոսի ծառի քառսուն
ակով աղբյուրի մոտ,
բայց չի խորշում աղավնին, ամեն օր իջնում է
Ավոյի ափի մեջ՝
տա՜ք, չթառամող, կենդանի առասպելներից
ձիթենու շյուղ կտցելու։




ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ

Ամեն երգող ինքն իր վրա լաց է լինում։ Իսկ ինչ բառերով ասվում է՝ չի ասվում, աղավաղվում է։ Եվ դեռ ոչինչ չի ասվել աշխարհում։

2000թ.