Jump to content

Օխայ-բաբի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

13. ՕԽԱՅ-ԲԱԲԻ

Ժամանակով մարդ ու կնիկ են ըլնում, ունենում են մի մինուճար տղա։ Իրանք էլ շատ դառն աղքատ, անճար են ըլնում: Ասսու իրան օրը մարդը կացինը վեր ա ունում, էթում մեջեն, փետ կտրում, տանում ծախում, բերում օղլուշաղը պահում: Սրանց տղեն որ մենծանում ա, տասը-տասնէրկու տարեկան դառնում, հերը միտք ա անում տանի փեշակի տա, բալի մի զադ սարվի, մարդ դառնա, աշխատանք անի, բերի իրանց պահի։ Մերը սրան զաբուլ չիլնում:

— Ա՛յ մարդ,— ասում ա,— ի՛նչ դրա փեջակի վախտն ա, դեռ հլա պուճուր ա, Մընք էլ, տեսնում ես, քյասիբ, անճար ենք. լավ չի՞լնի տանես հեննեդ մեջեն, փետ կտրիլ սարվացնես, տղա ա, է՛լի, ինչքամ չըլնի՝ մեզ պետք կգա։

— Լա՛վ, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— որ ռազի չես՝ փեշակի չեմ տա. կկենամ՝ ընչանք մենծանա։

Անց ա կենում մի տարի, երկու տարի, իրեք տարի, էլի հոր միտքը փոխվում ա։

Կանչում ա տղին.— Ա՛յ որդի,— ասում ա,— կուզե՞ս քեզ տանեմ փեշակի տամ։

— Խի՞ չեմ ուզի, ա՛յ հեր,— ասում ա տղեն,— համա թե ուզում ես բան սարվեմ, վերջը մի կտոր հացի տեր ըլնեմ, ինձ տա՛ր մի ուրիշ քաղաք, ընդե փեշակի տո՛ւ, որ մորս աչքիցը հեռու ըլնեմ, չգա էլ եդ վեր ունի, բերի:

Հերը զաբուլ ա ըլնում էդ խոսքին. կնկանն ասում ա՝ մի քանի բոքոն թխի, որ առավոտը տղին պտի վեր ունի, տանի ուրիշ քաղաք՝ փեշակի տա: Կնիկը էս հետ բան չի ասում, հեգսի օրը բոքոնը թխում ա, դնում խուրջինը, տղի ջուխտ թուշը պաչում, հեր ու տղա փետները վեր են ունում, ընկնում ճամփա, էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, ընչանք ճաշվա թեքվիլը հասնում են մի ջրի ղրաղ։

Հերը տենում ա շոքը շատ ա զոռում.— Ա՛յ որդի,— ասում ա,— արի՛ նստենք մի քիչ հաց-մաց ուտենք, դինջանանք, կենանք ընչանք հովն ընկնի, նո՛ր վե կենանք, էթանք:

Էդ ջրի ղրաղին նստում են, խուրջինը բաց անում, բոքոնները գնում աղաքները, ուտում։ Տղեն մի քանի դուռում որ դնում ա բերանը՝ ծարավում ա. վեր ա կենում ջրի վրեն մոզի անում, խմում։

Էս ջուրը շա՛տ դիր ա գալի տղին, գլուխը բանձրացնում ա, ասում.— Օխա՜յ[1], էս ի՜նչ լավ ջուր ա:

Էս խոսքի վրեն էն սհաթը ջրի միջիցը մի գլուխ ա էրևում։

— Տղա՛,— ասում ա,— ի՞նչ ես ուզում. խի ես ինձ կանչում։

— Քե՜զ ով ա կանչում, բա՛բի[2],— ասում ա տղեն,— ես հորս ի ասում, քեզ հե՞ննա ով ա։

Օխայ-Բաբին էրեսը շուռ ա տալի, տենում ղորթ որ մի մարդ հրենիկ էն դիհը նստե, հաց ա ուտում։

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասում ա,— էս տղեն քո՞ւնն ա. էդ ո՞ւր ես տանում։

— Բարո՛վ, ասսու հազար բարին,— ասում ա հերը։— Հա՛, էս իմ տղեն ա, տանում եմ տամ փեշակի։

— Ինձ աշկերտ չե՞ս տա. ես դրան ընենց լավ փեշակ սարվացնեմ, որ քեֆդ գա:

— Ի՞նչ փեշակ գիտաս, որ սարվացնես,— հարցնում ա հերը։

— Հենց ի՛նչ փեշակ ասես՝ գիտամ, կսարվացնեմ։

— Լա՛վ, բաս որ ըտենց ա՝ կտամ. եննա քանի՞ տարով վե կունես։

— Չո՛րս տարով,— ասում ա Օխայ-Բաբին։

— Չորս տարին շատ ա. արի՛ իմ խաթեր իրեք տարի ու կիսով վե կալ:

— Լա՛վ, որ ասում ես՝ քու խաթեր վե կունեմ։

— Բա ո՞րդի ա ձեր տունը,— հարցնում ա:

— Էս ջրի միջին,— ասում ա։

— Ախար, իմ տղեն որ մննի ջուրը, կհեղտվի։

— Մի՛ վախի,— ասում ա,— ես ընենց կանեմ, որ աղիդ բան չիլնի:

— Դե լավ, որ ըտենց ա՝ տա՛ր։— Տղի թշերը պաչում ա, տալի ուստին։

— Ա՛յ տղա, ձեռդ տո՛ւ ինձ,— ասում ա Օխայ-Բաբին։

Մի ձեռով նրա կուռն ա բռնում, մեկելը թաթխում ա ջուրը, ընենց թաց-թաց քսում տղի էրեսը։

— Աչքերդ խփա՛,— ասում ա։— Աչքերը խփելու բաշտան, Օխայ-Բաբին կուռը քաշում ա՝ էրկսով էլ սկվում են ջրի տակը։

Հենց որ հասնում են անտակը.— Տղա՛,— ասում ա,— աչքերդ բաց արա՛։

Տղեն աչքերը բաց ա անում, ի՞նչ տենում։ Լավ-լավ ամարաթներ, լավ-լավ տներ, լավ-լավ շենքսեր՝ քոմմա[3] ակներից, մարգարտներից, մարջաններից, ես ինչ գիտամ հազար մի ջուռա անգին քարերից շինոտած, որ ամեն դհից չին ֆըրֆըրում, շողշողահար գալի՝ մարդի քեֆ ին բերում։ Մտիկ ա տալի, տենում էն մի գիհն էլ՝ եքա գյուլլի բաղ, որ ասսու ինչ բար ու նուբար ասես միջին լիքը. ղշերին էլ հո՝ հալ ու հեսաբ չկա. ամեն դհից ո՛ր չին խոսում, ծըլվըլում՝ մարդի խելք գլխիցը թռցնում ին, թողում. մի սի՜րուն, նա՜շխուն, ակն ու արեգակ, հուրի-մալաք, ջահել-ջիվան աղջիկ էլ հրենիկ բաղի միջին սեհր ա անում։

Օխայ-Բաբին ձեն ա տալի աղջկանը.— Ա՛ղջի,— ասում ա,— ախար թազա աշկերտ եմ բերե, արի՛ տես կհավանե՞ս․ լա՞վ ա, լավ չի։

Էս աղջիկը Օխայ֊Բաբու աղջիկն ա ըլնում. գալիս ա տենում մի սի՜րուն, մի նա՜շխուն, բոյով, բուսաթով տղա․ համա ափսո՜ս, հագինը քըրչ-մըրչ ա: Տենալու բաշտան էդ տղեն մի կաթ արին ա դառնում, կաթում աղջկա սիրտը։

Եննա Օխայ-Բաբին ասում ա.— Ա՛ղջի, գնա՛ մի ձեռք թազա շոր բե, հագցրա՛ դրան, ոնց որ գիտաս՝ զուգա՛, զարդարա՛։

Աղջիկն էթում ա ղութիկը բաց անում, մի ձեռք լավ շոր հանում, բերում տղին ոտից ընչանք գլուխ զարդարում, ընդե կաննացնում։ Տղեն թազա շորերը որ հագնում ա, դհա՛ ա սիրունանում, դհա՛ շնորք ընկնում, դհա՛ աղջկանը դիր գալի:

Անց ա կենում ըսենց մի վախտ, տղեն Օխայ֊Բաբու կշտին մնում ա, նրանից թազա բաներ, թազա հունարներ սարվում՝ ղշերի, ջանավարների լիզուն ա սարվում, հենները խոսում, հասկանում. եր ուզում էր՝ էշ, ձի, ուղտ, ալապաստրակ, մախլաս ինչ ուզենար, դառնում էր, եբ չէ, հո էլ եդ ըլնում իսան: Նրա աղջիկը հո դհա շատ բան ա սարվացնում սրան, էնթավուր ցաներ, որ հերը ըսկի չէր ուզենա սարվացնի: Ուստեն տանը չէլած վախտը, էրկսով էթում ին բազումը նստում, ասում, խոսում, մասլահաթ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում, սեր անում:

Աղջիկը տղին խրատ ա տալի․— Ա՛յ տղա,— ասում ա,— հերս որ քեզ կհարցնի՝ էս բանը գի՞տաս, ասա՝ չէ՛. ֆլան բանը սա՞րվել ես, էլի ասա՝ չէ՛. մախլաս ի՛նչ կհարցնի, կասես՝ չե՛մ գիտա։ Չլնեմ–չիմանամ ասես՝ սարվել եմ, հա՛, թե չէ իմաց կա՛ց գլուխդ փորձանք կգա։ Սրանից դենը դու գիտաս, մեղքն ու վարձքը քու շլինքը. ըս էլ ընդուր եմ ասում, չունքի ես քեզ սիրում եմ․․․

Սրանց թողանք ըստե սեր անեն, գանք խաբար տանք տղի հորիցը։ Ջրի ղրաղին մի քիչ մնում, դինջանում ա, էլ եդ վե կենում, խուրջինը գցում ուսը, փետն առնում ձեռը, ընկնում ճամփա՝ դպա իրանց գեղը։ Իրիկունը մութն ընկնում ա, հասնում ա տուն։

Կնիկը հարցնում ա.— Ա՛յ մարդ, էրեխեն ի՞նչ արիր:

— Տվի աշկերտ,— ասում ա։

— Ո՞ւմ:

— Ֆլա՛ն մարդին։

— Քանի՞ տարով։

— Իրեք տարի ու կիսով,— ասում ա։

Բերում են հաց ուտում, պրծնում, եննա մարդ ու կնիկ թեք են ընկնում, քնում։ Լիսանում ա թե չէ, էլի մարդը պարանը գցում ա ուսը, կացինը վեր անում, էթում մեշեն ցախի։

Ըսենց անց կացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի մի տարի՝ օրեն մի օրը կնիկը կպավ մարդի յախեն.

— Ա՛յ մարդ,— ասեց,— ախար մենք սոված, ծարավ կոտորվեցինք, է՜․ հրես մի տարին թամմեց. վե՛ կաց գնա՝ մեր տղին էլա բե՛. ընչանք հմի ի՛նչ սարվել ա՝ ըն էլ բոլ ա իրան։

— Ա՛յ կնիկ ,— ասեց մարդը,— ես ո՞նց էթամ բերեմ. ի՞նչ ասեմ նրա ուստին, ախար հեննեն իրեք տարի ու կիսով եմ կապնվե, մի տարին հլա նոր ա թամմում:

— Ա՛յ մարդ,— ասեց կնիկը,— ուստեն հո մեր գլխի տե՞րը չի, նրա՞ն ինչ. գնա ասա՛. «Էլ չեմ ուզում տղես մնա կշտիդ», պրծավ գնաց․ վե կալ հեննեդ բե՛։ Ըստե էլ ի՜նչ կա, որ ասում ես՝ ֆլա՛ն չի, բեհման ա։

Խեղճ մարդը տեհավ կնիկը շատ ա իրա ամալ-աջալը կտրե.— Լա՛վ,— ասեց,— ա՛յ կնիկ, կէթամ. համա որ դարտակ եդ էկա, մեղքը քու շլինքը, դու գիտաս։ Դե որ ըտենց ա, մի քանի բոքոն թխա՛, հազիր արա՛, առավոտը վե կենամ, ընկնեմ ճամփա։

Կնիկը բոքոնը թխում ա, դնում խուրջինը, հազիր անում։ Առավոտը, դեռ լիսն ու մութը չբաժանված, մարդը վեր ա կենում, խուրջինը քցում ուսը, փետն առնում ձեռը՝ յա՜լլա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա ջրի ղրաղը։ Էդ ջրի ղայդեն ղաթի գիտար, մի բուռը վեր ա ունում, խմում, ասում. «Օխա՜յ», ալբիալը ուստեն դուս ա գալի։

— Բարո՛վ, ա՛ղպեր,— ասում ա.— ի՛նչ կա, ի՞նչ չկա, խեր ըլնի, յա՞ղուզ ես էկե։

— Բարո՛վ, ասսու հազա՜ր բարին, ուստա. էկել եմ տղիս տանեմ։

— Ախար,— ասում ա,— ես քեզ հեննա իրեք տարի ու կիսով եմ կապնըվե, մի տարին հլա նոր ա թամմում, ո՞նց կըլնի ըսենց։

— Դե ի՛նչ անենք, մենք էլ քլասիբ ենք, ապրուստ չունենք, կնիկս զոռում ա, թե. «Գնա տղես բե»։ Հմի կտաս՝ դու գիտաս, չես տա՝ էլի դու գիտաս։

— Բաս որ ըտենց ա, ասում ես՝ քյասիբ եք, անճար եք, մի զադ կտամ, տարեք յոլա գնացեք, ընչանք տղիդ վադեն թամմի։— Էս ասում ա թե չէ, սկսվում ա ջրի տակը, մի քիչ կենում, դուս գալի, հեննեն մի էշ բերում։— Ա՛ռ,— ասում ա,— էս էշը տա՛ր, քանի սազ ու կենդանի եք, սրա դատումը ձեզ հերիք ա. էլ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։

— Հալբաթ էս էշը մի հո՞ւնար կունենա, որ ասում ես՝ քանի սաղ ու կենդանի ենք, մեզ հերիք ա: Դե ասա՛ տենանք սրա հունարն ի՞նչ ա, որ մենք էլ էնու գյորա ժաժ գանք:

— Տե՛ս,— ասեց,— սրա հունարն էս ա։ Որ ասես. «Էշա՛կ, զը՜ռ», ալբիալը կզռա, պոչը կբանձրացնի, կփթրի, փթրի հեննա մի հատ ոսկի վե կքցի, վե կունես, կտանես կխարշես: Ըսենց մին, էրկու, հինգ, տասը, մախլաս՝ քանի զռացնես, ամեն հետ ոսկի վե կունես:

Էս ասեց թե չէ, ալբիալը սըկվեց էլ եդ ջրի տակը:

Էս մարդը ուրախ-ուրախ էշն աղաք արեց՝ չո՛շ հա չոշ, չո՛շ հա չոշ, չո՛շ հա չոշ՝ քշեց դպա իրանց գեղը, էկավ, էկավ, էկավ, ճամփի կիսին միտք արեց՝ արի մի փորձեմ, ասեց, տենամ, բա՞լի ուստեն ինձ խաբել ա: Էն սհաթը էշը կաննացրեց. «Էշա՛կ, զը՜ռ»,— ասեց: Ալբիալը էշը զռաց, փթրեց, փթրի հեննա մի ոսկի վե քցեց: Ոսկին վե կալավ, սրբեց, դրեց ջեբը, ուրախացավ՝ աշխարով մին էլավ:

Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, դեռ հլա ճրագվառոց չէր՝ հասավ իրանց գեղը: Էշը քշեց դուզ դպա բազարը, ոսկին խուրդեց, միս առավ, հաց առավ, պանիր առավ, մախլաս՝ տան հմար զադ-մադ առավ, բարձեց էշը, էկավ տոն, դուռը ծեծեց. կնիկը դուս էկավ:

— Ա՛յ մարդ,— ասեց,— բա ո՛՞ւր ա մեր էրեխեն:

— Ուստեն չտվեց, ասեց. «Էս էշը տարեք, յոլա գնացեք, ընչանք վադեն թամմի»:

— Քու տունը չքանդվի, ո՛նց խեղճ ես,— ասեց,— էդ ինչ ա, որ դրանով յոլա գնալն ինչ ըլնի:

— Չէ՛, ա՛յ կնիկ,— ասեց,— դու չես գիտա. էս էշը էնթավուր հունար ունի, որ քանի սաղ ու կենդանի ենք մեզ կպահի: Որ ասես. «Էշա՛կ զը՜ռ», ալբիալը կզռա, կփթրի, կտենաս փթրի միջին մի ոսկի․ մախլաս, որ օրը հազար հետ ըսենց ասես, իմաց կաց հազար ոսկի դուս կքցի, վե կունես։ Հմի իմա՞ցար:

— Իմացա, ա՛յ մարդ, էդ լավ բան ա. հմի բոլ-բոլ կուտենք, կխմենք, քեֆ կանենք: Օրես դենը թե էլ ասեմ. «Գնա տղիս բե» ինչ կուզես արա. թո՛ղ կենա, ընչանք վադեն թամմի:

Էշը տարան գոմումը կապեցին, վրի զադ-մադը վե կալան, բերին տուն, կնիկը օշաղ արեց, կերակուր էփեց, հաց շինեց, բերեց կերան, կշտացան, ասսուն փառք տվին, պառկեցին քնեցին։

Առավոտը բարըլսի հեննա կնիկը վե կացավ, գնաց գոմը, ասեց՝ տենամ մարդիս ասածը ղո՞րթ ա, թե սուտ։ «Էշա՛կ, զը՜ռ»,— ասեց։ Ալբիալը էշը զռաց, փթրեց, փթրի հեննա մի ոսկի վե քցեց. մին, էրկու, իրեք, հինգ հետ զռացրեց, հինգ հետն էլ էշը ոսկի փթրեց։ Կնիկը ուրախ-ուրախ ոսկիքը վե կալավ, սրբեց, դրեց ջեբը, բերեց տվեց մարդին, ասեց. «Հրե՛ս, դու հաշաթ ա՛ռ, սարք ու կարգ ա՛ռ, բե՛, մընք էլ տնավորվենք։ Քեզ հմար էլ, ինձ հմար էլ մի-մի ձեռք լավ շոր ա՛ռ, մախլաս ինչ կուզես ա՛ռ, բե՛»:

Մարդն ա՝ ոսկիքն առավ, գնաց բազար, է՛ս առավ, է՛ն առավ տան հմար, իրանց հմար ինչ խելքը կտրեց առավ, բերեց բոլ-բոլ տունը լցրեց։

Անց կացավ ըսենց մի վախտ, մարդ ու կնիկ լավ ուտում ին, խմում, քեֆ անում. ըսկի տղեն մտներն էլ չէր ընկնում։ Օրեն մի օրը կնկա սիրտն ուզեց էթա համամ։ Բերեց իրանց էշը փալանեց, փոխնորդ-մոխնորդի բողչեն դրեց վրեն, նի էլավ, քշեց էկավ համամ։ Էկավ համամի հայաթումը վեր էկավ, համամչուն կանչեց.— Համա՛մչի,— ասեց,— էշս տար մի լավ տեղ կապա՛, ես էթամ լեղանամ։— Բողչեն վրիցը վե կալավ, նի մտավ համամ։ Համամչին էլ էշը տարավ մի բհըբից կապեց, որ չփախնի։

Էս կնիկն ա՝ լեղացավ, պրծավ, շորերը հագավ, դուս էկավ։— Համա՛մչի,— ասեց,— էշըս բե էթամ։— Համամչին էշը բերեց, կնկանը նի հանեց վրեն, նոխտեն տվեց ձեռը։

— Էշա՛կ, զը՜ռ,— ասեց կնիկը։— Ալբիալը էշը զռաց, փթրեց, փթրի հեննա մի ոսկի վե քցեց։

— Համա՛մչի,— ասեց,— վե՛ կալ, ըտ էլ քու համամի հախը։

Համամչին ուրախ-ուրախ ոսկին վե կալավ, սրբեց, դրեց ջեբը։ Խեղճի աչքը մնաց էդ իշի վրեն։ «Ո՛նց ըլնի,— ասեց ինքն իրան,— ես պտի մի ֆանդով էդ էշը նրա ձեռիցը հանեմ»։

Կնկա եննուցը գնաց, լավ մտիկ արեց, տենա էշը ինչ նշան ունի, ինչ չէ. մին-մին, տեղը-տեղին վարավուրդ արեց։ «Լա՛վ գտա ֆանդը,— ասեց,— կէթամ սրա նման մի էշ կառնեմ, կբերեմ ըստե կկապեմ, որ մըն էլ էկավ համամ, էն կկապեմ տեղը, կնկա էշը կտանեմ կպահեմ»։ Էն սհաթը գնաց բազար, հենց դրա պես մի էշ առավ, կասենաս օխտն օր հենց էդ կնկա էշն ըլներ. բերեց գոմումը կապեց։

Անց կացավ մի օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շարաթ, էլի էս կնկա սիրտն ուզեց էթա համամ։ Էշը փալանեց, բողչեն դրեց վրեն, նի էլավ, քշեց դպա համամ։ Էկավ համամի հայաթումը կաննեց, համամչուն կանչեց. «Համա՛մչի,— ասեց,— տար էշս կապա՛, ես էթամ լեղանամ»: Համամչին էլ զաթի էս էր ուզում, ուրախ-ուրախ էշը նի էլավ, քշեց իրանց գոմը։ Ֆանդն էլ հո գիտար. «Էշա՛կ, զը՜ռ» ասեց: Էշը ալբիալը զռաց, մի ոսկի փթրեց։ Համամչին ոսկին վե կալավ, փթրի միջին կոլոլեց, մի ֆանդով դրեց իրա իշի պոչի տակը, բանդ արեց, նի էլավ էկավ համամ, որ չըլնի թե կնիկը դուս գա, բան ֆահմի. կնկա էշն էլ հո թողաց իրանց գոմումը կապած։

Էկավ տեհավ կնիկը լեղացե, պրծե, համամիցը նո՛ր ա դուս գալի:

— Համա՛մչի,— ասեց կնիկը,— էշս բե էթամ։

Համամչին էշը տարավ ազաքին կաննացրեց. կնիկը, որ ասես, բան չֆահմեց, հենց իմացավ իրա էշն ա, նի էլավ:— Էշա՛կ, զը՜ռ,— ասեց։

Սատանական էշը զռաց, պոչը բանձրացրեց, համամչու դրած ոսկին փթրի հեննա վեր ընկավ։

— Ըս էլ քու համամի հախը,— ասեց,— համամչի, վե՛ կալ:— Ասեց ու էշը քշեց, էկավ տուն։

Համամչին ուրախությունիցը քիչ էր մնացե վեր-վեր թռնի, յա կըլըխկոնձի տա, որ կնիկը բան չֆահմեց, թողաց գնաց, էշը ոտով–գլխով մնաց իրան։

Անց կացավ մի քանի վախտ, մարդ ու կնիկ իշին էլ չզռացրին, չունքի դեռ հլա փող ունեին։ Որ փողները հատավ, մարդը գնաց իշի կուշտը։

— Էշա՛կ զը՜ ռ,— ասեց։— Տեհավ չի փթրում. էլի ասեց.— Էշա՛կ զը՜ռ։– Էլի զադ դուս չէկավ։ Մին, էրկու, հինգ, տասը, ինչ արեց, չարեց՝ չէլավ։

Վազեց դպա կնիկը.— Ա՛յ կնիկ,— ասեց,— ա՛յ քու ըսենց–ընենցը, էդ ի՞նչ օղիա ես բերե իշի գլուխը. ինչ արի. չարի՝ չփթրեց։

Կնիկն էլ էկավ, նա էլ․— Էշա՛կ, զը՜ռ,— ասեց՝ էլի բան չէլավ:

— Զը՜ռ. հա զըռ, զը՜ռ հա զը՜ռ, զը՜ռ հա զըռ,— մեռան չարչարվելոն, իշին բզելոն, պոչն օլորելոն՝ ըսկի նրա այնումն էլ չէր։

Նո՛ր կնիկը մատը կծեց.— Բալի,— ասեց,— կա չկա՝ էս էն համամչու բանն ա, էլ մարդի չէ:

Մարդ ու կնիկ վե կացան գնացին համամչու վրեն կռիվ։ Սրանք նրան ասեցին, նա սրանց, կռիվ, ղալմաղալ արին, իրար ուշունց տվին, համամչին ո՛նչ էշ տվեց, ո՛նչ զադ, դեռ հլա գյադեքանցը վրա արեց, նրանց մի լավ գորսոց տվին, համամիցը դուս արին։ Մարդ ու կնիկ փոր-փոշման վե կացան էկան տուն։

Խեղճերն էլան էլի աղաքվա դառն աղքատը, էլի աղաքվա դառն աղքատը։ Մարդը ասսու իրան օրը էլի պարանը քցում էր ուսը, կացինը վեր ունում, էթում մեշեն ցախի. բերում ծախում, աշխատանք անում, իրանց գլուխը պահում։ Ըսենց յոլա գնացին, ընչանք էկավ էրկու տարին թամմեց։

Օրեն մի օրը, էլի կնիկը մարդին դանգ ու սար արեց.— Ա՛յ մարդ,— ասեց,— ախար մենք սոված, ծարավ կոտորվեցինք. ընչանք ե՞բ մեր էրեխեն ուստի կշտին կենա. հրես էրկու տարին էլ թամմեց. վե՛, գնա՛ բե, բալի գա մեր հավարին հասնի, մեր գլուխը պահի:

— Լա՛վ, ա՛յ կնիկ, որ ասում ես՝ ճարս ինչ, պտի էթամ։ Դե մի քանի բոքոն թխա՛, առավոտը վե կենամ, ընկնեմ ճամփա։

Կնիկը բոքոնը թխում ա, գնում խուրջինը, հազիր անում, մարդը էն գլխեն վեր ա կենում, խուրջինը քցում ուսը, փետն առնում ձեռը՝ յա՜լլա դպա ուստեն։

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա ջրի ղրաղը, ջրիցը մի բուռը վեր ունում, խմում, ասում. «Օխա՜յ»:

Ուստեն ալբիալը դուս ա գալի.— Հը՛, ա՛ղպեր,— ասում ա,— է՞լի էհար դու. չէ՞ ես ասեցի՝ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։

Նա էլ վե կալավ, թե.— Ի՞նչ անեմ, ուստա ջան, ախար մընք էլ քյասիբ ենք, անճար ենք, սոված, ծարավ կոտորվում ենք։ Էկել եմ աղաչանք անեմ, տղիս տաս՝ տանեմ. տղա ա, ինչքամ չըլնի, մեր հավարին կհասնի։

— Ախար ես քեզ մի էշ տվի, որ քանի սաղ ու կենդանի իք, նրա դատումն ուտեիք, չէր հատնի, բա ի՞նչ արիք։

— Բա չե՞ս ասի, ո՛ւստա ջան, համամչին կնկանս գլուխը թլսորել ա, էշը ձեռիցն առե, ինչ անեմ, ոչ ու փո՜ւչ ըլնի փիս կնիկը, հը՜։

— Բաս որ ըտենց ա, սաբր արա, ես հրես գալիս եմ։— Ասեց ու սկվեց ջրի տակը, մի քիչ կացավ, էլ եդ դուս էկավ, հեննեն մի դաստախուն բերեց։

— Ա՛ռ,— ասեց,— էս դաստախումը տա՛ր, որ ձեր օխտը պորտն էլ սրա միջի հացն ուտի՝ էլի չի հատնի. համա լավ մուղաթ կացեք, որ ըս էլ ձեռներիցդ չէթա:

— Դարտակ դաստախունը ախար ո՜նց ուտենք․ հալբաթ սրան մի հո՞ւնար ունի՝ սարվացրա՛, որ մընք էլ էնու գյորա ժաժ գանք։

— Եք կսովածանաք,— ասեց,— էդ դաստախումը կդնեք աղաքներդ. կասեք. «Բա՛ցվի»։ Ալբիալը կբացվի, հենց ինչ կերակուր ուզեք, ինչ ուզեք միջին կըլնի։ Որ կուտեք կպրծնեք, կասեք. «Խփվի՛», էլ եդ կխփվի. վե կունեք, կտանեք կպահեք: Դե գնա՛, էլ չըլնեմ-չիմանամ գաս իմ դուռը հա՜, ընչանք տղիդ վադեն թամմի։— Ասեց, էն սհաթը էլ եդ սկվեց ջրի տակը:

Էս մարդն ա՝ դաստախունը դրեց կռնատակը, ուրախ-ուրախ ընկավ ճամփա՝ էլ եդ դպա իրանց գեղը: Մի էրկու մանդզիլ նոր էր անց կացե, բիրդան դաստախունը միտն ընկավ. ասեց. «Արի՛ մի փորձեմ տենամ, բա՞լի ուստեն ինձ խաբել ա»։ Էկավ, էկավ, մի չայիր-չիման տեղ նստեց. դաստախունը դրեց աղաքը, ասեց. «Բացվի՛»։ Էն սհաթը բացվեց, ի՜նչ բավեց. հազար մի ջուռա կերակրներ, հազար մի ջուռա գինանիք, ես ինչ գիտամ՝ ուտելու ուրիշ բաներ մեջը լիքը։ Խեղճը շշկլվեց, չէր իմանում ո՛րն ուտի, ո՛րը թողա. մի քիչ հարամ-զարամ կերավ, չկերավ, էլ եդ ափալ–թափալ ասեց. «Խփվի՛», խփվեց. դրեց կռնատակը վե կացավ գնաց իրա ճամփեն։

Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մութը գետինը կոխել էր, հասավ գեղը, գնաց իրանց դուռը ծեծեց, կնիկն էկավ բաց արեց։

— Ա՛յ մարդ,— ո՞ւր ա, է՞լի մեր տղին չբերիր։

— Ի՛նչ անեմ, ա՛յ կնիկ, չտվեց. ասեց. «Շատը համբերել եք, քիչն էլ համբերեք»։ Հրես էս դաստախունն էլ տվեց, որ սրանով յոլա էթանք, ընչանք վադեն թամմի։

— Լա՛վ, դրա հունարն ի՞նչ ա,— հարցրեց կնիկը:

— Տե՛ս,— ասեց,— սրա հունարն էս ա:— Բերեց իրա ու կնկա աղացին փռեց. «Բա՛ցվի» ասեց, ալբիալը բացվեց: Ինչ ջուռա կերակրներ ասես, ի՛նչ ասես՝ որ միջին չկար. խեղճ կնիկը մորից էլել էր, էսթավուր կերակրներ ո՛նչ տեհել էր, ոնչ կերե. ուրախությունիցը քիչ էր մնացե խելքը գլխիցը թռցնի: Կուշտ ու կուռ կերան, խմեցին, պրծան. մարդն ասեց. «Խփվի՛», խփվեց։ Կնիկը վե կալավ, տարավ դրեց ղութիկը, պահեց։

Ըսենց մի քանի վախտ էս դաստախունով յոլա գնացին․ առավոտ, իրիկուն ուտում ին, խմում, քեֆ անում, դամաղ, գովրան քաշում։

Օրեն մի օրն էլ, որ մարդը մի քանի օրով ուրիշ տեղ էր գնացե, կնկա բեյինն ընկավ, թե պտի էթամ թագավորի կնկանը կանչեմ, բերեմ ղոնաղ։ Վե կացավ գնաց թագավորի կնկա կուշտը։

— Խի՞ ես էկե, ինչ խնդիրք ունես,— հարցրեց թագավորի կնիկը։

— Խա՛նումը սաղ ըլնի,— ասեց,— եկել եմ քեզ, քու նազիր–վեզրի կնկանը տանեմ ինձ ղոնաղ։

— Ախար դու ո՞վ ես,— ասեց թագավորի կնիկը,— որ մեզ ղոնաղ ես կանչում։

— Ես ձեր ռըհաթի կնիկն եմ,— ասեց,— ի՛նչ կըլնի որ մի օր էլ ես ձեզ ղոնաղ արած ըլնեմ:

— Լա՛վ, որ էդքամ մուննաթ ես անում, էգուց ֆլան վախտը կգանք։ Ձեր տունը ո՞րդի ա,— հարցրեց թագավորի կնիկը։

— Ֆլա՛ն տեղը,— ասեց։

— Լա՛վ,— ասեց թագավորի կնիկը,— դու գնա՛, արխեին կաց, էգուց կգանք։

Թագավորի կնկանը գլուխ ա տալի, վե կենում գալի տուն։ Էդ գշերը քնում ա, առավոտը գշերով-գշերհանա վեր ա կենում, դուռ, դուս, օթախ, հայաթ քոմմա ջըրջըրհանում, սրբոտում, թամզացնում, հազիր անում, ղոնաղների ճամփեն պահում։ Վախտին թագավորի կնիկը, նազիր-վեզրի կնիկը վեր են կենում գալի դրա տունը։ Էն սհաթը դուս ա գալի աղաքները. «Համեցե՛ք, համեցե՛ք, բարո՛վ, հազա՜ր բարին էք էկե, իմ տունը ձեզ փեշքաշ ա»: Բերում ա տակները դոշակ քցում, վրեն նստացնում։

Նստում են, կնանիք են էլի, դեսից, դենից, ըստիան, ընդիան զրից անում, մասլահաթ անում, ասում, խոսում, ծիծաղում, ընչանք հացի վախտը գալիս ա. էդ կնիկը վեր ա կենում, ղութիկը բաց անում, դաստախունը հանում, բերում աղաքներին փռում, ինքն էլ կողքներին նստում։ «Բա՛ցվի» ասում ա, էն սհաթը դաստախունը տախունը բացվում ա: Հազար մի ջուռա կերակրներ, լավ-լավ գինանիք, լավ-լավ ուտելու բաներ մեջը լիքը, որ, ով գիտա, թագավորի կնիկը ո՛նչ տեհել էր, ո՛նչ կերե: Քոմմա մնում են բերանները բաց էս դաստախնին մտիկ անելոն: Ուտում են, խմում, քեֆ անում։ Որ կշտանում են պրծնում՝ «Խփվի՛» ասում ա, խըփվում ա. վեր ա ունում, տանում, պահում:

Հացից եդը մեր ղոնաղները վեր են կենում, էթում իրանց տները։ Ճամփին թագավորի կնիկը ինքն իրան միտք ա անում. «Ես թագավորի կնիկ ըլնեմ,— ասում ա,— էնթավուր դաստախուն չունենամ, նա մի ոըշպարի կնիկ՝ ունենա՞. էս աստոծ վե՞ կունի: Ո՛նց ըլնի, զոռով ա, յա փողով, պտի էդ դաստախունը նրա ձեռիցը խլեմ»։ Սրանից դենը էդ կնկա հեննա լավ սըխ բարեկամանում ա. նրան իրա կուշտն ա ղոնաղ կանչում, ինքն էթում նրա կուշտը՝ մին, էրկու, հինգ, տասը, որ հեննեն լավ դոստանում ա, օրեն մի օրն էլ մեն-մենակ վեր ա կենում էթում նրա տունը։

— Համեցե՛ք, համեցե՛ք, ա՛յ խանում, ո՛նց ես, լա՞վ ես, քե՛ֆդ, հա՞լդ։— Բերում ա դոշակ քցում տակը, վրեն նստացնում։

— Փա՛ռք ասսու, լավ եմ, դո՞ւ ոնց ես, ինչ ես անում, ինչ չես անում։— Ըսենց նստում են, էրկեն ու բարակ ասում, խոսում, զրից անում, ընչանք հացի վախտը գալիս ա. էդ կնիկն էթում ա դաստախունը հանում, բերում փռում, բաց անում. ուտում են, խմում, քեֆ անում, ուրախանում, խնդում, ծիծաղում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում, էդ կնկա մարդն էլ էդ օրը տանը չիլնում։

Հացի վախտը թագավորի կնիկը դաստախնի վրեն խոսք ա բաց անում։

— Էդ դաստախունը,— ասում ա,— իմ քեֆը շատ ա բերե. ինչ կըլնի կըլնի՝ արի դու ծախա՛, առնեմ։

— Չէ՛, խանումը սաղ ըլնի,— ասում ա կնիկը,— ես չեմ կարա. դրա ծախիլը մարդիս ձեռին ա։

— Լա՛վ, որ չես ծախում՝ դու գիտաս։— Տեհավ որ կնկանը չկարաց խաբի, հեննեն քնացնելու դեղ էր բերե, հանեց մի ֆանդով մոտացրեց նրա պնչին թե չէ՝ ալբիալը կնկա քունը տարավ, քնեց։ Թագավորի կնի՛կ, դու թագավորի կնի՛կ, դաստախունը անսաս կոլոլա, դի՛ կռնատակդ՝ յա՜լլա դպա ամարաթը։

Էդ կնիկը ընչանք իրիկուն քնած ա մնում։ Իրիկունը մթնով մարդը գալիս ա, տենում կնիկը քնած: Կնկանը բռթում ա, որ վե կացնի:

— Ա՛յ կնիկ, ա՛յ կնիկ,— ձեն ա տալի,— էդ ի՞նչ խաբար ա. ի՛նչ վախտ ես գտե քնելու, չըլնի՞ հիվանդ ես։— Ի՜նչ հալով կընկանը զարթնացնում ա։

— Օվվե՜, էս ինչ շատ եմ քնե,— ասում ա կնիկը:

— Վե՛, ա՛յ կնիկ, դաստախունը բե հաց ուտենք, ախար ես սոված մեռա էսքամ վախտ, է՜։

Կնիկը վեր ա կենում, որ էթա դաստախունը բերի. դե՛ս դաստախուն, դե՛ն դաստախուն, ման ա գալի՝ չի գտնում: Նո՛ր գլխին, ոտին որ տալիս ա, մարդը գլխի ա ընկնում։

— Ա՛յ կնիկ, էս է՞նլ խաբար ա. չըլնի՞ դաստախնի գլուխն էլ էշի օյինն ես հաղացե։

Նո՛ր կնիկը թե՝ հալ, նաղլ ըսենց, ըսենց, ըսենց բան։ Մարդը շատ ա հեննեն կռիվ անում, ուշունց տալի, համա էլ ո՞ւր, բանը բանից անց էր կացե, ի՞նչ կարային անի. հո չի՞ն էթա թագավորի կնկա վրեն կռիվ. ճարները կտրած՝ տազ են անում, մնում: Դառնում են էլ ազաքվա քյասիբը, էլ աղաքվա քյասիբը։ Մարդը ամեն օր պարանը քցում էր ուսը, կացինը վեր ունում, էթում մեջեն ցախի, իրիկունը գալի տուն: Ըսենց մի քանի վախտ ապրում են, ընչանք գալիս ա իրեք տարին թամմում, օրեն մի օրը կնիկը էլի կպնում ա մարդի յախեն։

— Ա՛յ մարդ,— ասում ա,— ախար սոված, ծարավ կոտորվեցինք. ընչանք ե՞ր մեր տղեն ուստի կշտին մնա, ինչ որ կացավ՝ բոլ ա. գնա՛ վե կալ բե, գա մեր հավարին էլա հասնի:

— Լա՛վ, ա՛յ կնիկ, որ ասում ես՝ կէթամ։ Դե մի քանի հատ բոքոն թխա՛, առավոտը վե կենամ ընկնեմ ճամփա:

Կնիկը բոքոնը թխում ա, դնում խուրջինը, հազիր անում, առավոտը սուրբ ծեքի հեննա մարդը վեր ա կենում, խուրջինը քցում ուսը, փետն առնում ձնռը, յա՜լլա դպա ուստի կուշտը։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էն ջրի ղրաղը, մի բուռը ջուր ա վեր ունում, խմում, ասում. «Օխա՜յ»:

Ուստեն ալբիալը դուս ա գալի.— Հը՜, ա՛յ հայ,— ասում ա,— խե՞ր ըլնի. յա՞ղուզ ես էկե։ Ախար ես քեզ ասեցի՝ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։

— Ի՞նչ անեմ, ո՛ւստա ջան, քյասիբ ենք, անճար ենք. էկել եմ մուննաթ անեմ՝ տղիս տաս, տանեմ:

— Ախար ես քեզ դաստախուն տվի, որ քանի սաղ ու կենդանի իք՝ ձեզ հերիք էր, ի՞նչ արիք:

— Բա չես ասի, ո՛ւստա ջան, ըն էլ թագավորի կնիկն ա էկե, կնկանս խաբե, ձեռիցը խլե տարե. հմի մնացել ենք քյաֆրի ֆողումը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա,— կա՛ց, ես գալիս եմ։— Ասում ա ու ալբիալը սկվում ջրի տակը, մի պուճուր կենում, դուս ա գալի մի դդում ձեռին։

— Ա՛ռ,— ասում ա,— սրանով համ քու էշը եդ կառնես, համ քու դաստախունը:

— Հալբաթ,— ասում ա,— էս դդումը մի հունար կունենա. ասա՛, որ մընք էլ էնու գյորա ժաժ գանք։

— Տե՛ս, սրա հունարն էս ա։ Վե կունես կէթաս աղաք համամչու կուշտը, կասես. «Բե՛ էշս տու՛»։ Տվեց՝ լա՛վ, չտվեց՝ դդմին կասես. «Քո՛թակ տվեք». էն սհաթը նրա միջիցը էրկու ֆոգի դուս կգան, մարդի ձեռին մի-մի դագանակ. կքաշեն դրան տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, էնքամ կտան, ալիր-աղցան կշինեն, ընչանք կէթա ինքն իրա խոշովը էշդ կբերի կտա քեզ։ Նոր կասես. «Բո՛լ ա», էլ եդ էն մարդիկը կմննեն դդումը։ Էշդ որ առար պրծար, եննա կէթաս թագավորի կնկա կուշտը, կասես. «Դաստախունս տո՛ւ»։ Տվեց՝ հո լավ, չտվեց՝ էլի դըդըմին կհրամայես. «Քո՛թակ տվեք»։ Միջի մարդիկը, դագանակները ձեռներին դուս կգան, սրան էլ էնքամ դըրբոց կտան, ընչանք ինքն իր ա խոշովը կէթա դաստախունը կբերի կտա քեզ: Նոր կասես. «Բո՛լ ա», էլ եդ կմննեն դըդումը։ Դե հմի գնա, էլ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։— Ասեց ու ալբիալը սկվեց ջրի տակը։

Էս մարդն ա՝ դըդումն առավ, ուրախ-ուրախ ընկավ ճամփա, դպա իրանց գեղը։ Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին ինքն իրան միտք արեց. «Արի՛,— ասեց,— մի փորձեմ տենամ էս դըդըմի միջին ի՞նչ կա. բալի ուստեն խաբել ա»։ Կաննեց, դըդումը դրեց գետինը, ասեց, «Քո՛թակ տվեք»։ Ասեց թե չէ, մըն էլ էն տեհավ դըդըմի միջիցը էրկու ֆոգի դուս էկան՝ մարդի ձեռին մի-մի դագանակ, դե՛ս մտիկ տվին, դե՛ն մտիկ տվին, տեհան նրանից սավայի ուրիշ մարդ չկա, քաշեցին դրան տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս՝ մին, էրկու, հինգ, տասը, մախլաս մի լավ ձեր հավան կացած սխկեցին։ Վախլությունիցը խեղճի մտիցն էլ էր ընկե թլիսմը, չէր գիտա ի՛նչ ասի, որ ձեռը վեր ունեն իրանից, նո՛ր ինչ հալով միտն ա քցե՝ ասե. «Բո՛լ ա», նոր որ էլ եդ մտել են դըդումը։ Դըդումը վե կալավ, իրա ճամփեն բռնեց՝ գնաց: Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ գեղը, գնաց իրանց դուռը ծեծեց, կնիկն էկավ բաց արեց։

Ա՛յ մարդ,— ասեց,— էլի դու դարտակ էկա՞ր, խի՞ չի բերիր մեր էրեխին, ախար ընչանք ե՞ր։

— Դե ա՛յ կնիկ, ինչ անեմ, չտվեց, ասեց. «Էս դդումն ա՛ռ, տա՛ր, սրանով համ ձեր էշը եդ կառնեք, համ ձեր դաստախունը, յոլա գնացեք, ընչանք վադեն թամմի»։

— Ա՛յ մարդ, դե շանց տո՛ւ տենանք ինչ ա դրա հունարը, որ պտի մեր էշը, մեր դաստախունը եդ առնի։

Մարդը բերեց դըդումը դրեց գետինը, ասեց. «Քո՛թակ տվեք»։ Ասելու բաշտան դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան, վրա հասան կնկանը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, սրան մի լավ ծեծեցին, ընչանք մարդն ասեց. «Բո՛լ ա», նո՛ր որ էլ եդ մտան դդումը։

— Ա՛յ մարդ,— ասեց կնիկը,— էս լավ էլավ. հմի որ համամչու ու թագավորի կնկա հախիցը կգանք։

Մարդ ու կնիկ էդ գշերը քնեցին, առավոտը վե կացան, դըդումը վե կալան, գնացին համամչու կուշտը։ Գնացին տեհան համամը խոլվաթ ա, որ ասես մարդ-մադաթ չկա. համամչին էլ ընդե մենակ նստել ա։

— Համա՛մչի,— ասեց կնիկը,— ախար բո՞լ չի, ինչքամ մեր էշը պահեցիր. չէ՞ մընք էլ մեղք ենք, բե հմի էլ տո՛ւ մեզ։

— Ա՛յ կնիկ,— ասեց համամչին,— դեռ հլա ինձանից ձեռը չես վե կալե, կորի՛ գլխիցս ռա՛դ իլ, թե չէ որ վե կացա՝ ոտ ու գլուխդ ջարդ ու խուրդ կանեմ։

— Ոտ ու գլուխ ջարդիլը ըտեից չիլնի,— ասեց մարդը,— ա՛յ ըսենց կըլնի։— Դըդումը դրեց գետինը, «Քո՛թակ տվեք» ասեց։ Էն սհաթը դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան՝ դագանակները ձեռներին, վրա հասան համամչուն՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մին, էրկու, հինգ, տասը, ձեր հավան կացած մի լա՛վ դորսեցին:

— Ամա՜ն, ասսու սիրուն,— ձեն տվեց համամչին,— ինձ պրծացրեք սրանց ձեռիցը, ինչ ուզում եք՝ տամ:

Նոր մարդն ասեց. «Բո՛լ ա». նրանք էլ եդ մտան դըդումը։ Համամչին էն սհաթը գնաց էջը բերեց, տվեց նրանց: Մարդ ու կնիկ աղաք արին, բերին տուն։

Հեգսի օրը դրդումը վե կալան, գնացին դպա թագավորի կնիկը։ Մարդը դռանը կաննեց, կնիկը դըդումն առավ մտավ թագավորի ամարաթը. գնաց տեհավ թագավորի կնիկը մեն-մենակ իրա օթախումը նստած։

— Խա՛նումը սաղ ըլնի,— ասեց,— իմ դաստախունը ինչքամ բանացրիր՝ հերիք ա․ չէ՞ մընք էլ քյասիբ, օրեն հացի կարոտ ենք, բե՛ հմի էլ տո՛ւ մենք բանացնենք։

— Ա՛յ կնիկ,— ասեց,— ինձ դաստախուն ե՞բ ես տվե. գժվե՞լ ես, ինչ ա։ Գնա կորի՛, թե չէ նոքարներիս վրա կանեմ էնքամ կտան, որ մենծ թիքեն անկաջդ կմնա։

Էդ կնիկը տեհավ, որ խաթրով չիլնում, դըդումը հանեց, դրեց գետինը. «Քո՛թակ տվեք», ասեց։ Էն սհաթը դըդըմի միջիցը մարդիկը դուս էկան, վրա հասան թագավորի կնկանը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ սալջարդ արին, թողին։

— Ամա՜ն, ասսու սիրուն,— ձեն տվեց թագավորի կնիկը,— ինձ ազատա սրանց ձեռիցը, էթամ դաստախունդ բերեմ տամ, ա՛ռ գնա՛, խաթեդ ինձանից քաշա՛։— Նոր ասեց. «Բո՛լ ա», մարդիկը մտան էլ եդ դըդումը:

Թագավորի կնիկը գնաց դաստախունը բերեց տվեց նրան, նա էլ կոլոլեց, դրեց կռնատակը, թողաց դուս էկավ: Մարդ ու կնիկ ուրախ-ուրախ վե կացան էկան տուն։

Անց կացավ մի քանի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի մի տարի, սրանք լավ ապրում ին, լավ ուտում, լավ խմում, ըսկի տղեն մտներն էլ չէր ընկնում։

Օրեն մի օրը էլի կնիկը կպավ մարդի յախեն.— Ա՛յ մարդ,— ասեց,— ախար մեր տղեն մնաց, դեռ վադիցն էլ կես տարի անց ա կացե, վե գնա բե. բո՞լ չի ինչքամ կացավ ուստի կշտին։

— Լա՛վ ես ասում, ա՛յ կնիկ. ճամփի հմար բոքոն թխա՛, էգուց վե կենամ էթամ։

Կնիկը բոքոնը թխում ա, գնում խուրջինը, հազիր անում. առավոտը աղոթարանը բացվում ա թե չէ, մարդը վեր ա կենում, խուրջինը քցում ուսը, փետն առնում ձեռը, ընկնում ճամփա։ Օխայ-Բաբու աղջիկը զաթի իմաստուն էր, ալբիալը իմանում ա սրա գալը, տղին թաքուն կանչում ա, տանում իրանը բաղը։

— Տղա՛,— ասում ա,— ըսօր պտի հերդ գա քեզ տանի։ Ինչ որ քեզ սարվացրել եմ՝ գիտաս հո գիտաս, մնում ա մի էրկու բան՝ հրես ըն էլ կասեմ, որ անես՝ գլուխդ փորձանք չի գա։ Հորս ադաթն ա,— ասում ա,— ինչ աշկերտ ունենա, որ վադեն թամմեց, պրծավ՝ պտի վերջը նրան ըսպանի. համա ինձ որ անկաջ անես, ինչ ասեմ՝ անես, քու մի մազն էլա չի թեքվի: Մին՝ ո՛ր ինչ կդառնաս՝ ձի, ուղտ, ալապստրակ, մի խոսքով ինչ որ կըլնես, քեզ կտանեն ծախելու, թամբահ արա գյամդ, յա նոխտեդ հեննեդ չտան, թե չէ իմաց կաց՝ եննա ուզենաս իսան դառնա, ինչ անես-չանես, չես կարա, հուր-հավիտենական հենը ընենց կմնաս. վրա էրկուսն էլ՝ որ քեզ ում ուզում են ծախեն՝ աչքերը ճղրիկ մարդի չծախեն։ Հրես էս էրկու բանն ի ուզում քեզ ասի. մնացածն էլ հո քոմմա դու գիտաս, էլ ինչ ասեմ։

— Ա՚ղջի,— ասում ա տղեն,— դու որ ինձ էսքամ փորձանքից պրծացրիր, էսքամ լավություն արիր, ո՞նց անեմ, որ տակիցը դուս գամ։

— Քու սիրուց սավայի զադ չեմ ուզում քեզանից,— ասում ա աղջիկը։

— Ասսու կշտին շարթ ըլնի,— ասում ա տղեն,— թե սաղ մնացի՝ ես քո՛ւնն եմ, դու՝ ի՛մը։

Տղա ու աղջիկ ըստե իրար ճտով են փաթթվում, տղեն արտասուք թափում, իրար հեննա մնաս բարով անում, թողում գալի տուն։

Գանք խաբար տանք տղի հորիցը։

Գալիս ա գալի, հասնում ջրի ղրաղը, ջրիցը մի բուռը վեր ա ունում խմում, ասում. «Օխա՜յ»։

Ալբիալը ուստեն դուս ա գալի.— Հը՜ խե՛ր ըլնի,— ասում ա,— չըլնի՞ էկել ես տղիդ տանես։

— Հա՛, ո՛ւստա ջան,— ասում ա,— վադիցը դեռ հլա կես տարի էլ անց ա կացե, էկել եմ տանեմ:

— Լա՛վ,— ասում ա,— կա՛ց, էթամ բերեմ։— Կասի ու ալբիալը էլ եդ կսըկվի ջրի տակը, կէթա աշկերտին կկանչի:– Ո՛րդի,— կասի,— հերդ էկել ա քեզ տանի, կէ՞թաս:

— Ո՛ւստա,— ասում ա աշկերտը,— որ մուրախաս անես՝ կէթամ, խի՞ չեմ էթա. մի բան որ վագես թամմել ա, ըստե մնամ ի՞նչ անեմ:

— Լա՛վ, որ էթում ես՝ էսքամ տարի ըստի ես, զադ սա՞րվել ես, որ էթաս հորնըմորդ պետքը գաս:

— Չէ՛, ո՛ւստա,— կասի տղեն,— ըսկի զադ չեմ սարվե:

— Գնա՛, է՜,— կասի ուստեն,— իմ աշկերտների միջին քոմմըքից քոռուղուփը դու իր, ըսկի բան էլա չկարացիր սարվի:— Կասի ու տղի ճակատը կպաչի, տղեն էլ ուստի ձեռը կպաչի, դուս կգան ջրի էրեսը, կբերի կտա հորը:— Հրե՛ս,— կասի,— քու տղեն սաղ-սալամաթ քեզ եմ տալի. վե կալ տա՛ր։

Հերը տղին որ կտենա, կվազի, կփաթթվի ճտովը, թշերը կպաչի, լաց կըլնի: Ինչքամ չըլնի, ջիգյար ա էլի, էս չորս տարի նրան չէր տեհե: Հեր ու տղա մնաս բարով կանեն ուստի հեննա, կթողան կգան։ Մի մանգզիլ որ կգան, տղեն կուզի իրա հունարը հորը շանց տա. հորիցը եդ կընկնի, ալապստրակ կդառնա, կվազի հոր աղաքը։ Հերը ինչքամ կչարչարվի, ինչ կանի, չի անի՝ չի կարա կալնի. ալապստրակը կփախնի, կմննի մի քարի տակ, կդառնա էլ եդ իսան, կգա հոր եննուցը կհասնի:

— Ա՛յ որդի,— կասի հերը,— խի՞ եդացար. նոր մի ալապստրակ էկավ, կշտովս անց կացավ. ինչքամ արի՝ չկարացի կալնի, թողաց փախավ։ Որ ըստե ըլնեիր, հո՛ էրկսով կկալնեինք, կտանեինք տուն, իրիկունը մերդ լավ-լազաթին կխորովեր, կուտեինք։

Տղեն չի խոսա, արշա չի ընկնի, թե էն ալապստրակը ինքն ա էլե: Մխելի տեղ կգան, էլի տղեն հորիցը եդ կընկնի, մի լավ ղոչ կդառնա, կվազի հոր աղաքը՝ դե՛ս կթռչկոտա, դե՛ն կթռչկոտա, հերը ինչքամ կչարչարվի, էլի չի կարա կալնի։ Ղոչը կփախնի կէթա կմննի մի քարի տակ, կդառնա իսան, կգա հորը կհասնի:

— Ա՛յ որդի,— կասի հերը,— էլի դու գըմվեցի՞ր, նոր մի լավ ղոչ էկավ կշտովս անց կացավ. ինչ արի, չարի՝ չկարացի կալնի. որ ըստե ըլնեիր, հո՛ էրկսով կկալնեինք, կտանեինք տուն, ղավուրմա կանեինք։

Տղեն էլի լիս չի ընկնի: Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ, ընչանք տուն հասնիլը՝ տղեն ըսենց իրա հունարը կխարշի՝ մին ձի կդառնա, մին ղաթիր կդառնա. ես ինչ գիտամ՝ ուրիշ շանավար կդառնա, հերը ըսկի չի ֆահմի, թե ըտոնք քոմմա իրա տղեն ա: Կգան, կգան, շատն ու քիչն աստոծ գիտա, իրիկունը կհասնեն տուն։ Մերը տղի թշերը կպաչի, աչքերը կպաչի, կնստեն իրար հալ կհարցնեն, դեսից, դենից կխոսան, մասլահաթ կանեն, մերը կէթա դաստախունը կբերի, բաց կանի, կուշտ ու կուռ կուտեն, կխմեն, կպառկեն կքնեն:

Առավոտը լիսը կբացվի թն չէ, տղեն կկանչի հորը.— Ա՛յ հեր,— կասի,— էրեկ ճամփին ո՛ր մի ալապստրակ տեհար, եննա մի ղոչ, եննա մի ձի, մախլա՛ս, ինչ որ տեհար՝ ըտոնք քոմմա ես ի. ուստիս կշտին է'նթավուր հունար եմ սարվե, որ ինչ ուզենամ կըլնեմ, եր չէ, հո էլ եդ իսան կըլնեմ, ընդե կկաննեմ։

— Ղո՞րթ:

— Ղո՞րթ: Չես ավատում, հրես կըլնեմ ղաթիր, կտանես բազար, կծախես, որ կհարցնեն. «Ի՞նչ տամ, ինչ չտամ», կասես, «Հարիր մանեթից պակասով չեմ տա, ըն էլ առանց նոխտի»։ Չըլնեմ-չիմանամ նոխտես էլ հեննես տաս հա՜, թե չէ իմաց կաց՝ էլ ինձ պրծնում չկա, հուր-հավիտենական հենց ընենց ղաթիր էլ կմնամ։ Էս հո էս. մըն էլ՝ ո՛ր ինձ աչքերը ճղրիկ մարդի չծախես. ինչ տա՝ չես տա, թեկուզ քաշովս մին ոսկի էլ տա՝ չես ծախի, թե չէ տե՛ս, գլուխս փորձանք կգա, դու գիտաս։

Տղեն էս կասի ու կըլնի մի լավ, սի՜րուն, նա՜շխուն ղաթիր՝ ընդե կկաննի. հերը ուրախ-ուրախ կնիլնի, կտանի բազար, որ ծախի: Բազարավորը քոմմա կմնան բերանները բաց էդ ղաթրին մտիկ անելոն:

— Ա՛ղպեր, ի՞նչ աժի էդ ղաթիրը,— կհարցնեն:

— Հա՛րիր մանեթ,— կասի,— առանց նոխտի:

Ընդիան մի մարդ դուս կգա, հարիր մանեթը նազդ կհամբրի աղաքը, ղաթիրը կառնի. ինչ կանի, չի անի՝ հերը նոխտեն չի ծախի, բերնիցը կհանի, կբերի տուն: Վրիցը մի սհաթ չի անց կենա, էդ ղաթիրը էլ եդ իսան կըլնի, կգա իրանց տունը: Հեգսի օրը կդառնա մի ուղտ, հորը կասի. «Կտանես կծախես, իրեք հարիր մանեթից պակասով չես տա»: Հերը ուղտը աղաք կանի, կտանի բազար, իրեք հարըրով կծախի, նոխտեն էլ վե կունի կբերի:

Հերը դեռ տուն հասած չիլնի, ուղտն էլ եդ իսան կդառնա, նրանից աղաք կգա տուն։

Օրեն մի օրն էլ կդառնա մի քյահլան ձի, հորը կասի.— Կտանես կծախես. ո՛ր կհարցնեն. «Ի՞նչ տանք», կասես. «Հինգ հարիր մանեթ». գյամն էլ մտիցդ չես քցի, վե կունես կբերես:

Հերը ձին կնիլնի, կքշի դպա մեյդանը։ Բազարավորը քոմմա կկիտվեն, կմնան մաթ էլած էդ ձիուն մտիկ անելոն:

— Էդ ձին ի՞նչ աժի,— կհարցնեն:

— Հինգ հարիր մանեթ,— կասի։

Էն դհիցը մի ճղրիկ մարդ ա դուս գալի, ասում ա.— Էդ ձին ես առնում եմ։— Հանում ա էն սհաթը հինգ հարիր մանեթը նազդ համբրում, ձին ձեռիցն առնում։ Ձիու աչքը որ ընկնում ա էդ առնողի էրեսին, ալբիալը լացը գալիս ա, ուքուր-ուքուր լաց ա ըլնում։

Հերը ուզում ա գյամը ձիու բերնիցը հանի, էդ մարդը չի, թողում, ասում ա.— Ես ձին առել եմ, գյամն էլ հեննեն եմ առե։

Հերը որ շատ կռիվ, ղալմաղալ ա անում, էդ մարդը հանում ա մի հինգ հարիր մանեթ էլ ա տալի:

— Ա՛ռ,— ասում ա,— ըս էլ քու գյամի գինը։ Ռազի՞ ես։

— Չէ՛,— ասում ա հերը,— ռազի չե՛մ. հինգ հարիր չէ, թեկուզ հազար մանեթ տաս, գյամը չեմ ծախի։

Ըտե թոփ էլած մարդիկը քոմմա հորը ղնամիշ են անում, թե գյամի մալիաթն ի՜նչ ա, որ չի ծախում, հազիր լավ գին ա տալի։ Սա՛ ըստիան, նա՛ ընդիան, մախլա՛ս, մարդը մի դհից ո՛ր չեն ասում, վրա քցում՝ հոր բեյինը մննում ա, մարդ ա է՛լի, թամահ ա անում, բերում գյամն էլ ձիու վրեն ծախում, փողն առնում, դնում ջեբը, թողում գալի տուն։

Էդ ճղրիկ մարդը Օխայ-Բաբին էր, որ էկել էր իրա աշկերտի հավարին: Հենց որ ձին առավ, պրծավ ալբիալը նի էլավ վրեն, գլուխը բաց թողաց։ Դե՛ս քշեց, դե՛ն քշեց, մի քանի գլուխ ջդիր հազաց, մախլասի՝ է՛նքամ քշեց, է՛նքամ քշեց, որ քրտինքը խեղճ ձիու պճղներովը վեր էր գալի։ Է՛կավ, է՛կավ, հասավ էն ջրի ղրաղը. քշեց նի մտավ ջուրը, սըկվեց՝ ձիու հեննա դուս էկավ իրա ամարաթը։

Աղջկանը ձեն տվեց.— Ա՛ղջի,— ասեց,— մեր էն մենծ դանակը հրեն պադրհանումն ա, գնա՛ բե էս ձիուն մորթեմ։

Դե աղջիկը էս որ լսեց, էն սհաթը գլխի ընկավ, թե բանը ընչումն ա:

Գնաց պադրհանը ման էկավ, տեհավ դանակը սրե, դրել ա ընդե, վե կալավ, տարավ պահեց, որ հերը ման գա՝ չգտնի։

Էկավ հորն ասեց, թե.— Սաղ պադրհանը քար ու քանդ արի, ման էկա, ո՛նչ դանակ գտա, ո՛նչ զադ։

Հերը բերեց ձիու գյամը ղայիմ կապեց սանիցը, գնաց որ դանակը բերի: Հերը որ էթում ա, աղջիկն էն սհաթը ձիու գյամը բերնիցը հանում ա, հանելու բաշտան ձին ծլկվում ա՝ յա՜լլա:

— Ա՜յ հարա՜յ, ձին փախա՜վ,— ձեն ա տալի աղջիկը:

Ընչանք Օխայ-Բաբու գալը, տղեն իրա մանգզիլը կտրում ա։ Օխայ–Բաբին գալիս ա տենում՝ ի՛նչ ձի, ի՛նչ զադ, ո՛նչ ժամ կա, ո՛նչ ժամատեղ. ալբիալը իրան քցում ա ջրի էրեսը, տենում հրենիկ տղեն դառել ա մի աղվես՝ ո՜նց ա փախնում, ո՜նց ա փախնում, ոնց որ մի գյուլլա. ալբիալը ինքն էլ դառնում ա թազի՝ ընկնում եննուցը։ Տղեն մի վախտ եդ ա մտիկ տալի տենում ուստեն թաղի ա դառե, եննուցը կրնկում, որդե որ ա՝ իրան հասվեհաս ա, դառնում ա մի սի՜րուն, նաշխուն աղունիկ՝ թռնում։ Ուստեն տենում ա տղեն աղունիկ դառավ, թռավ՝ ինքն էլ ղրղի ա դառնում, ընկնում եննուցը։ Տղեն եդ ա մտիկ տալի, տենում ուստեն ղրղի ա դառե հակալ-հակալ ա քցում, որ կալնի՝ հայդե–հայդ թռնում ա, հասնում մի գեղ։ Տենում ա մի տան երդկիցը ղալմաղալի ձեն ա գալի. երդկովը մտիկ ա տալի, տենում էդ տանը քե՜ֆ, ուրախությո՜ւն, դա՜փ, զուռնա, դու մի՛ ասի, ըտե հարսանիք ա ըլնում. ալբիալը դառնում ա մի կարմիր խնձոր, ընկնում դո՛ւզ թազափեսի գոգը: Թազափեսեն մնում ա արմացած, թե ո՞րդիան վեր ընկավ էդ խնձորը. վեր ա ունում ֆոտ քաշում, ձեռին հազացնում։ Ուստի ամալ-աջալը որ կտրվում ա, ինքն էլ էն սհաթը աշըղ ա դառնում, սազը ձեռին մննում էդ հարսանքատունը։

— Աշըղ չէ՞ք ուզում,— հարցնում ա։

— Խի՞ չենք ուզում,— ասում են,— արի՛ նստի մեզ հմար հա՛ղ ասա։

Աշըզը գալիս ա, քոմմքից վիրևը, թազափեսի կողքին բազմում, սազը քոքում։ Ո՛ր սազին չէր տալի, հեննեն կլկլացնում, հազ ասում, սաղ հարսանքատունը նրա ձենը վեր էր ունում, դըմբդըմբում, զընգզընգահար գալի: Հարսանքավորը քոմմա մնացել ին հայիլ-մայիլ նրա ձենին, սազ ածելուն. ամեն դհից փող էր, որ շպռտում ին նրա աղաքը, համա որ ասես ո՛նչ մինն էլա չէր վեր ունում:

— Բա ի՞նչ ես ուզում, ա՛շըղ,— հարցնում ա թազափեսեն,— մեզ Էսքամ ուրախացրիր, քեֆ շանց տվիր, ասա՛ տենամ սիրտդ ինչ ա ուզում՝ բերեմ տա՛մ։

— Թազափե՛սեն սաղ ըլնի,— ասում ա աշըղը,— բաս որ ըտենց ա, զադ չեմ ուզում, էդ ձեռիդ խնձորը տո՛ւ ինձ, բո՛լ ա։

Թազափեսեն աշըղի խաթրը չի կոտրում, վեր ա ունում խնձորը տալի նրան. նա էլ ձեռիցն առնում ա, ուզում ա կոխի բերանը ուտի՝ խնձորը էն սհաթը դառնում ա մի բուռը կորեկ, շաղ անցնում գեննին: Աշըղը տենում ա խնձորը դառավ կորեկ, ինքն էլ ալբիալը դառնում ա աքլոր, վրա ա հասնում շաղ անցած կորեկը մին-մին կտկտալեն հավաքում, ուտում։ Դու մի՛ ասի, մի հատ կորեկ մնացած ա ըլնում մի մարգի մաշկի միջի. մաշկի միջիցը էդ կորեկը դուս ա գալի դառնում կուզ, վրա հասնում աքլորին տեղն ու տեղը հեղտում, ըռխում՝ յա՜լլա դռնե դուս: Հարսանքավորը քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն, թե էս ինչ բաս ա, իրանց աչքի աղաքին էս ինչ թավուր բաներ են ըլնում:

Կուզը աքլորին որ ըռխում ա, տանում ա գեղիցը դուս մի չոլ–յաբանի տեղ, ըտե մի խոր ֆոր ա քանդում, դրան քցում մեջը, ֆողը վրա տալի։ Ինքն էլ եդ իսան ա ըլնում, ընկնում ճամփա դպա Օխայ-Բաբու ամարաթը։ Գալիս ա հասնում էն ջրի ղրաղը, սըկվում ջրի տակը, էթում Օխալ֊Բարու աղջկա կուշտը։ Աղջիկը տենալու բաշտան վազում ա, փաթթվում տղի ճտովը:

— Տղա՛,— ասում ա,— նո՛ր որ ես քունն եմ, դու իմը։

Նո՛ր ըստե տղեն նստում ա աղջկանը մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նազլ անում, ոնց որ ես ձեզ նազլ արի։

Եննա քոչ, բարխանա ա անում, Օխայ֊Բաբին ինչ ուներ, չուներ՝ մա՛լ, դոլվա՛թ, հարստությո՛ն, խազինա՛, քոմմա կիտում ա, բարձում ձիանիքը, աղջկանը վեր ունում, ընկնում ճամփա՝ դպա իրանց գեղը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը։ Հերնըմերը տղին որ տենում են, ուրախանում, աշխարով մին են ըլնում, աղի թշերը պաչում, պաչպչորում, ասում, խոսում, ըստիան, ընդիան, էրկեն ու բարակ մասլահաթ անում։

Նո՛ր տղեն ըստե Օխայ-Բաբու աղջկա հեննա պսակվում ա, օխտն օր, օխտը գշեր հարսանիք ըլնում: Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հալ ու հեսաբ չկար:

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ բաբի, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում բացակայում է. ավելացված է բանահավաքի ձեռքով(Ծ. Կ.)։
  3. Տպագիր տեքստում հաջորդում է՝ բռլիանտներից, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):