Jump to content

Օղապարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՕՂԱՊԱՐԱՆ


Չապրած օրվա անուրջներում՝ ցավի քանի ագաթ ու վարդ, -
ծառերի տակ թպրտում են տերեւները աստվածաթող,
ես նետում եմ սիրտս սոված, փողոցային լիրբ շներին,
ատում եմ այն աչքերը, որ սիրել եմ խենթ, ցնորաբար
եւ ժպիտը դեմքիս դրված, խինդ չէ, այլեւ՝ ցավի նկար։

Խոսք ու քայլից թույն է ծորում՝ այնքան քաղցրիկ, սիրունաթով, -
ակնահաճո, կապույտ ձկան հոգեվարքն է մարում իմ մեջ,
բաց, հողեղեն հայացքները, ավաղ, շատ են ջրիկ արդեն,
կորսվել է արծաթահունչ ճերմակը ձյուն-շուշանների
եւ համարյա հանված դույլը հատակվում է ջրհորի մեջ։

Հարսնամոմված իմ բառերին ժանյակահյուս սերն է մրվել, -
բորբ կարոտս հողի վրա մնացել է արյունահունց,
մարմնաօձիվ գալարները մահվան պար են հասցեածուռ,
անաչք մթում շաղված ժամը մուրացկանի ափ է դարձել,
ես՝ ստորացված, նվաստացած, նայում եմ ինձ հեռվից-հեռու։

Մաղախի մեջ՝ շողն արեւի, վերջին նշխար փշուր հացի, -
իմ թիկունքին հազար-հազար նիզակ ու սուր կիջնեն հիմա,
քամին մութ-մութ շշուկներ է ծաղրապատիր կախել օդում,
ոտքը կախ է գցել ցավը՝ գուցե ինձ էլ հետը տանի,
իսկ լերդացող իմ արյան մեջ, լողանում են քանի՜ մեղսոտ աղջիկ ու կին։

Սերս՝ անփոկ օղապարան, լույսի միջքն է ցավեցնում, -
ձիուս պայտը երկնի դեմքին՝ լուսնի խարան, ժանգ է բռնում,
թե դանակիս ծայրով ես սիրտ խառնեմ, չասեք՝ ի՞նչ պոետ է. -
Սաթենիկն է իմ թեւերին՝ պառկած անշունչ, սիպ-սպիտակ,
տեսիլների շուրջպարի մեջ չգիտեմ տո՞ւն, թե... ուր եմ գնում։