Jump to content

Օտարի գերեզմանի վերա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՕՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԵՐԱ

Չեմ կարող այժմ խաղաղ նայել մեր թշվառ կրքին,
Որին շատ անգամ պաշտեցինք իբր ստրուկ նորա կամքին.
Սուրբ ու ազնիվ զգացմունք մեր սրտիցը հեռի է,
Մեր ամբողջ ուշ ու միտքը չարությունովը լի է։
5 Թշվառ կրքերից մինը, որ մեր խեղճ կյանքն է պատել,
Այն է, որ մենք չգիտենք ընկերը սիրել ու պաշտել.
Թեև լիներ այնպիսին մեզ համար միշտ բարեկամ,
Կարեկից ու վշտակից ամեն վայրկյան, ամեն ժամ.
Թեև ամենայն րոպե մեր տխրության ժամերում
10 Մխիթարեր ամեն կերպ՝ արտասուքը աչքերում.
Թեև հաջող ժամանակ մեզ մոտ լիներ ու խնդար,
Մեր քաջաբաղդ գործերը գովելով ուրախանար.
Թե նորանում տեսնեինք հայելվո մեջ տիպը մեր,
Թե մեր հոգվո երկրորդը նա անշփոթ ցոլացներ.
15 Թեև հազար մենք խոստմունք խոստանայինք ջերմ սրտով,
Թե մինչ մահերուս օրը չէինք մոռնալու հոգվով,—
Ի վեր այսր ամենի, եթե այսպեսն մեռանի,
Մեր սուգն ու կոծը շա՜տ, շա՜տ մի յոթնեկով կըպրծնի.
Եվ թե իսկույն նոր ծանոթ մեզ պատահի փողոցում,
20 Նորա տեղը աներկբա նա կըբռնե մեր սրտում.
նորա երկու կեղծավոր և կամ քաղցր խոսքերը
Կըզոշոտեն մեր աչքը, կմոռանանք հին ընկերը։
Երևի թե մեր ուխտը, որ սերտ սիրով կապեցինք,
Մընաց դագաղում փակած՝ երբ ընկերին թաղեցինք։
25 Խավար ու գեջ հողի տակ նա միայնակ պառկած է,
Ոչ ոք նորան այց չերթալ, որ մի նորան հարցանե.
Արդյոք սիրտը չէ՞ նեղվում մնալ այնտեղ անընկեր,
Երբ աշխարհի երեսին այս բանը անհնար էր...
Միայն բուն է ընդհատում գերեզմանի լռություն,

30 Չի ուղարկում նորան լույս երկնից արևը սիրուն.
Անբաղդի դին թաց չեղավ ընկերի արտասուքով,
Նորան մոռցան... Պարում են տոնի շքեղ զգեստով:
Ապա ո՞վ է գիշերը, որ երբեմն սրտադող
Վազում է դեպ այն շիրիմ, կամենում է մտնել հող...
35 Արդյոք նորա ընկե՞րն է, որ յուր սերը հիշելով
Եկել է նորա հողը ցողել ջերմ արտասուքով:
Չէ՛, մենք չունենք ազնիվ կիրք, մեզի համար ողջ մին է
Բարեկամ թե թշնամի, երբ նա արդեն մեռած է:
Այն եկողը շգիտե, ո՞վ է պառկած այնտեղը,
40 Որի՞ ոսկերքն են փթում հարստացնել սև հողը:
Նա յուր անձն է պաշտպանում, գող է կամ փախստական
Եվ կամ անտուն, անտեղի, աղքատ մարդ է անպաշտպան:
Ահա թե ո՛վ այց կերթա մեր սիրելվո դամբանին,
Այո՛, կերթա շաղղակեր և ատելի բորենին:—
45 Բայց ափսոս որ մենք կույր ենք, չենք տեսանում այս բանը,
Թե ինչ որ մենք արեցինք, կանե և մեր ընկերը.
Նա ևս մեզ կմոռնա, մեր հիշատակ չի պատվիլ,
Մեզի պատած կոշտ հողը չի ցողիլ աչքի ցողով:
Կանցնեն դարեր, տարիներ, մեր շիրիմը կըկորչի.
50 Պառկի՜ր խավար հողի տակ, հույս մի՜ կապիլ ոչ ոքի.
Ոչ ոք քեղի այց չի գալ, որ ոսկերքըդ սփոփվին...
Ծածկած է քո օթևան... Դու ընկեր ես վշտերին...
Քեզ հետ նոքա կըխոսեն, որ պատահմամբ հյուր եկան
Ահա ինչպես ես այսօր ծածկված քողով տխրության։