Jump to content

Օտարության մեջ (Շերամ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օտարության մեջ

Օտարության մեջ ես կիսակենդան
Ապրում եմ այսպես. շուրջս է տխրալի.
Ինձի սփոփանք չունիմ մի վայրկյան,
Չկա ինձ համար ոչինչ ցանկալի։

Նայում եմ շուրջս՝ օտար ծաղիկներ,
Ամեն կողմ բացված, բայց ինձ անհայտ են․․․
Ա՜խ, ե՞րբ կտեսնեմ մեր երկրի վարդեր,
Որոնց աչքերս սաստիկ կարոտ են։

Չգիտեմ այն ժամ՝ ես իմ կարոտը
Ինչպե՞ս պիտ հայտնեմ այն տերևներին,
Ինչպե՞ս արցունքիս առատ շիթերը՝
Պետք է ցողեմ ես թփերի տակին։

Որ վերադառնամ ես իմ հայրենիք,
Սիրտս մի նոր սեր պիտ զգա իր մեջ,
Ինձ ուրախություն գալու է սաստիկ.
Էլ ինձ տխրություն չկա մինչ իմ վերջ։