Jump to content

Օրիորդ Լիզա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱ


ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱ
Նվեր NN․․․ին

Մի անգամ Թիֆլիսի կենտրոնում գտնվող մի տան պատշգամբի վրա երկու բարեկամ նստած գարեջուր էին խմում։ Մեկը վառ աչքերով, պարզ ճակատով և գանգուր մազերով քսանուհինգ տարեկան երիտասարդ էր։ Մյուսը մոտ երեսունուհինգ տարեկան տղամարդ էր, միջահասակ, սև միրուքով, քիչ նիհար դեմքով և բավական բարձր ճակատով։ Երիտասարդի հագուստը ավելի շքեղ էր և աչքի ընկնող։

Օրը վերջանում էր։ Գարնանային արևի վերջին ճառագայթները փայլեցնում էին եկեղեցիների արծաթագույն գմբեթները։ Գավթում, կանաչազարդ ծառերի վրա, ճլվլում էին ճնճղուկները։ Իսկ թեթև իրիկնային զեփյուռը սոսափում էր ծառերի տերևները։ Հայտնի չէր ո՛ր կողմից, լսվում էր նույնպես և՛ դաշնամուրի ձայն։— Դա պարսկական մի քաղցր «մուղամմաթ» էր «հեյրաթիի» հետ խառն։ Արևելյան երաժշտության մի անծանոթ արտիստ, այդ երկու եղանակները աղավաղելով և զարդարելով մի հայ երգի եղանակով, դրել էր եվրոպական նոտաների վրա և անունը կնքել «բայաթի»։ Ո՛չինչ նմանություն ատրպատական վշտահնչյուն բայաթիի հետ։

— Նայի՛ր,— ասաց միջահասակ տղամարդը, գարեջրի բաժակը յուր շրթունքներին տանելով և ձախ ձեռով խփելով երիտասարդի ուսին։

— Ո՞ւր,— հարցրեց երիտասարդը։

— Երկնքին, տես ո՛րքան գեղեցիկ է։

Երիտասարդը նայեց դեպի արևելք։ Երկինքը պարզ էր, բայց ցած հորիզոնից ուռչելով բարձրանում էր մայիսյան բամբակագույն ամպերի մի ահագին սար։ Սարը բարձրանում էր հանդարտությամբ լողալով։ Նրա կլորակ, թանձր կտորները, խառնվելով և ձուլվելով իրարու հետ, երբեմն հորիզոնում գոյացնում էին տեսակ-տեսակ հրաշալի պատկերներ, որ նմանվում էին մերթ գեղեցիկ շինությունների, մերթ զանազան վիթխարի կենդանիների։ Արևի վերջին շողքերի տակ այդ պատկերները ներկվում էին բազմատեսակ նուրբ գույներով, որոնց նմանը հանճարեղ նկարչի վրձինն անգամ չի կարող ստեղծագործել։

Երիտասարդը հիացած նայում էր երկնային տեսարանին, բայց նրա միտքը, կարծես, զբաղված էր ուրիշ բանով։

— Ես շատ եմ սիրում այդպիսի տեսարաններ,— կրկին խոսեց տղամարդը, բաժակը նորից լեցնելով։— Նրանք ինձ հիշեցնում են մարդկային կյանքի այն հիմար շրջանը, որի խաղալիքն ես դու այժմ։

Երիտասարդը նայեց նրան և, գլուխը հանդիմանորեն շարժելով, բաժակը մոտեցրեց շրթունքներին։

— Շարժի՛ր գլուխդ, բայց մի հինգ տարի ևս, և հետո ինքդ քեզ վրա կծիծաղես, Գևորգ։ Նայի՛ր երկնքին։

Գևորգը դարձյալ նայեց երկնքին։ Ամպերի վիթխարի սարը հետզհետե բարձրանում էր, ավելի ու ավելի ուռչելով և մեծանալով։ Սակայն, նույն րոպեին, երբ տղամարդը ցույց տվեց, պատահեց մի փոփոխություն։ Սարի ստորոտից արագությամբ բարձրացան ամպի ուրիշ ալիքներ, բայց ոչ սպիտակ, այլ մուգ մոխրագույն։ Նրանք սահեցին վերև, և մի քանի րոպեում բամբակագույն սարը ծածկվեց մութ քողով։ Անհետացան սքանչելի տեսարանները, և հորիզոնը ծածկվեց տխուր վարագույրով։

— Տեսա՞ր ինչպես փոխվեց,— դիմեց տղամարդը Գևորգին,— ո՞ւր են այն բազմագույն հրաշալի նկարները։— Չկան, սև թուխպը պատեց, գուցե անձրև էլ գա։

— Ասե՞լդ ինչ է,— հարցրեց Գևորգը ժպտալով։

— Այդպես է և՛ երիտասարդական փայլուն կյանքը, շատ-շատ մինչև երեսուն տարի։ Հասավ երեսունը, մի ճեղք բացվեց, և նրա միջից դուրս եկած մութ ամպերը պատեցին տխուր քողով մարդու կյանքը։ Բայց դառնանք մեր վեճին։ Ինչպես ասացի, Գևորգ, սերը բնական պահանջ է, առանց նրան մարդ չի կարող ապրել, ինչպես ձուկը առանց ջրի։ Սերը, այսպես ասած, մարդկային գոյության խարիսխն է։ Բայց նա ցանցառ զգացմունք է դառնում, երբ կնոջն է վերաբերվում։ Կնոջ սիրել ներելի է, ինչպես և ներելի է սիրել՝ Ղազանի գարեջուր, Թիֆլիսի խորոված, թառ-թառ, բիֆշտեկս։ Հասկացա՞ր։ Բայց նրա համար գիշերները նստել և սրտի խորքից «ախ»-եր քերելով դուրս թափել օդի մեջ — դա խելագարություն է։ Կինը հիմար արարած է, Գևորգ, և ստեղծված է կյանքում հիմար դեր կատարելու, թեկուզ նա խորին փիլիսոփայի քղամիդ հագնի։ Ապա, խորը քննիր, տես ճիշտ եմ ասում, թե չէ։ Իսկ տղամարդը, օ՜օ՜օ՜, տղամարդը ուրիշ բան է, օրինակ, ես ու դու։ Կեցցե տղամարդը։

Արզաս Պետրովիչը — այսպես էր խոսողի անունը — այս ասելով, դատարկեց գարեջրի բաժակը։ Հետո նա մի կտոր հաց ու խավյար դրեց բերանը և շարունակեց․

— Տղամարդի նշանաբանն է՝ կնոջը նայել իբրև մի առօրյա կենսական պիտույքի վրա։ Այո՛, Գևորգ, նայել բարձրից և հետը արժան չհամարել երկար խոսելու։ Համաձա՞յն ես իմ մտքին։

— Ամենևին,— պատասխանեց Գևորգը,— դա Պրուդոնի միակողմանի սխալ գաղափարն է, որ երևի, քեզ վրա շատ է ազդել։

Արզաս Պետրովիչը ներողամտաբար ժպտաց։

— Պրուդոն, հըմ, Պրուդոն ես նրան իսկի չեմ էլ կարդացել, եթե ուզում ես իմանալ։ Ես ասում եմ այն, ինչ որ կարողացել եմ նկատել մինչև այսօր։ Բայց թողնենք փիլիսոփայությունը։ Դու այժմ սիրահարված ես և կնոջ կոշիկներին երկրպագություն ես տալիս։ Ես էլ մի ժամանակ սիրահարված եմ եղել, թույլ տուր ինձ պատմել քեզ իմ ռոմանը, է՜հ, բան է, գուցե կարողանաս օգուտ քաղել իմ պատմությունից։ Համաձա՞յն ես։

— Համաձայն եմ։

— Միայն թե դու ինձ չընդհատես։

— Հարկավոր եղած ժամանակ չեմ կարող չընդհատել։

— Գեղեցիկ։ Բայց նախ թույլ տուր որ կոկորդս թրջեմ, որպեսզի լավ խոսեմ։

Արզաս Պետրովիչը մի բաժակ ևս դատարկեց և, թաշկինակով բեղերը սրբելով, ասաց․

— Լսի՛ր։

Գևորգը արմունկները դրեց սեղանի ծայրին, գլուխը թեքեց ձեռների ափերին և աչքերը հառեց Արզաս Պետրովիչի երեսին։

Արզաս Պետրովիչն այսպես սկսեց իր պատմությունը։


―――――――――――


— Հազար ութ հարյուր յոթանասուն ու ֆլան թվականին, քսանուվեց տարեկան հասակում, ուսումս ավարտեցի և վերադարձա հայրենիք։ Իհարկե, իբրև նորավարտ, թարմ երիտասարդ, ես գլխումս դարսած բերեցի գեղեցիկ գաղափարների մի շարք, որ մտադիր էի իրագործել հասարակության օգտին։ Այդ գաղափարների շարքին ես կին ասված էակի մասին ևս ունեի որոշ հայացքներ, որոնք սկզբունքով հակառակ էին ներկա հայացքներիս։ Խոսք չկա, Գևորգ, գիտես, թե որքան առաջադեմ և ազատամիտ պիտի լինեին այդ գաղափարները։ Ճիշտ նույնը, ինչ որ դու ունես այժմ, այսինքն՝ ազատ սեր, հավասար իրավունքներ, իդեալ, ֆլան-ֆստան։ Մի խոսքով, պատանեկական վարդագույն երևակայություն, որ այժմ մի փոքր մթնեցնում է քո ուղեղը, իմ սիրելի Գևորգ։

Գևորգի շրթունքներով սահեց մի դժգոհ ժպիտ։

— Դե, լավ, մի՛ վիրավորվիլ, մյուս անգամ չեմ կրկնիլ,— շտապեց հանգստացնել նրան Արզաս Պետրովիչը և շարունակեց։— Այսպես, Գևորգ ջան, ես եկա հայրենիքս հայտնի գաղափարներով։— Ներիր, որ այդպես մանրամասնորեն եմ սկսում պատմությունս, մի քանի հանգամանքների հետ հարկավոր է քեզ ծանոթացնել, որպեսզի չկարծես, թե ես բոլորովին զուրկ եմ եղել գաղափարական կյանքից։ Ինչպես գիտես, իմ մասնագիտությունը բժշկականությունն է։ Բախտի բերմունքով, ինձ շուտով հաջողվեց պաշտոն գտնել հենց այն քաղաքում, ուր այս րոպեին քո խոնարհ ծառան պատիվ ունի նկարագրել յուր կյանքից մի կտոր։ Այդ առաջին հաջողությունն ինձ խրախուսեց, բառի բուն նշանակությամբ ես մտա կյանքի մեջ։ Ես սկսեցի քարոզել իմ նոր գաղափարները։ Շատերն արհամարհեցին, շատերն էլ համակրեցին և մի հայ ընկերության մեջ, մի թեթև ճառից հետո, անմիջապես ընդունեցին ինձ գործող անդամ (շա՛տ մեծ օգուտներ տվեցի այդ ընկերության)։ Բայց ինձ ավելի զբաղեցնում էին կանայք, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես ձգտում էի ծանոթանալ այդ քնքուշ կոչված սեռի հետ։ Իհարկե, իբրև հայ և ազգասեր հայ (ես մի փոքր լայնամիտներից էի), ավելի մոտ էի հայ ընտանիքներին։ Ես ծանոթացա շատերի հետ։ Դու գիտես, որ բժիշկն այդ կողմից ավելի դյուրություններ ունի, քան մի ուրիշը։ Ինձ վրա խորթ աչքով չէին նայում ընտանիքներում, մինչև անգամ տեղ-տեղ ընդունում էին հաճությամբ։ Պիտի ավելացնել, որ ես այդ ժամանակ դեմքով էլ վատ չէի։ Հիմա քիչ խունացել եմ, դե ութ տարի հեշտ է միայն բերանով ասել։ Մի տիկին մինչև անգամ մի տեղ ասել էր, որ իբրև թե իմ շրթունքների վրա միշտ խաղում է չգիտեմ ինչ մի հրապուրիչ ժպիտ, որ կանանց համար վտանգավոր է։ Բայց դա ինձ այնքան չէր հետաքրքրում։ Ես կնոջ վրա նայում էի ուրիշ աչքով և երբեք թույլ չէի տալիս ինձ ստորանալ նրան դուր գալու միայն արտաքուստ։ Գիտե՞ս ինչու, հըմ, որովհետև գաղափարասեր էի։ Հա՛յ գիդի հիմար երիտասարդություն։ Քո կենացը, Գևորգ։

— Ինչպես ասացի,— շարունակեց Արզաս Պետրովիչը, գարեջուրը խմելուց հետո, բաժակը իրանից հեռու դնելով,— ես դեռ ուսումնարանական նստարանի վրա ունեի կազմած որոշ գաղափար կնոջ մասին, ի միջի այլոց, և հայ կնոջ մասին։ Հայ կնոջն ես երևակայում էի իբրև գեղեցիկ, թարմ, առողջ, բայց անմշակ նյութ, որից կարելի է պատրաստել մի հրաշալի բան։ Բայց կարող ես զգալ, թե որքան ես խաբված համարեցի ինձ, երբ հակառակը գտա, առաջին անգամ՝ գոնե ֆիզիկական կողմից։ Ո՛ր տունը, ո՛ր ընտանիք մտնում էի, ինձ հանդիպում էին կարճահասակ, պշկած, թառամած, քիթը երկայն, մեջքը ծուռ, կուրծքը ներս ընկած էակներ։ Դրանք հայ օրիորդներն էին, որոնց դեմքերից, կարծես, մի չար ձեռք ջնջել էր բնորոշ շարժումը, աշխուժությունը, այսինքն՝ այն, ինչ գրավում է երիտասարդին։ Այդ երևույթն ինձ խիստ ցավեցրեց։ Այսպես, Գևորգ, ես տեսա, որ հայ կինն առողջ չէ։ Դա թեթև բան չիմանաս, Գևորգ, նամանավանդ մի բժշկի համար, որ դատում էր․ «Առողջ հոգին առողջ մարմնի մեջ»։ Բայց ես չվհատվեցի և աշխատում էի գտնել այդ սփրթնած, ժահրադեմ էակների մեջ կենդանություն։ Դա ինձ համար մի քիչ դժվար եղավ։ Պիտի ասել, որ այդ կողմից ինձ չափազանց վրդովում էին հայ մայրերը։ Ախ, այդ ատելի թասակրավները, այդ թթված Կեկել-Փեփելները, ինչ տուն որ մտնում էի, ինձ կատարելապես հալածում էին իրանց միատեսակ «վի՞ն արիս» և «կտո՞ տակոյ»-ներով։ Բայց չգիտեմ ինչու, երբ այդ «վի՞ն արիս»-ների և «կտո՞ տակոյ»-ների փոխարեն լսում էի «ո՞վ է», սակավ էի վրդովվում։ Գուցե դա իմ ազգասիրությունից էր։ Բայց, այսուամենայնիվ, ինձ դարձյալ զայրացնում էին այդ հարցերը։ Ես տեսնում էի, որ ամեն տեղ ինձ վրա նայում են իբրև մի փեսացուի վրա։ Այս պատճառով անկարելի էր ինձ հայ օրիորդին տեսնել յուր բնական և ստացածին լավ ու վատ առանձնահատկություններով։ Ինձ թվում էր, թե հայ օրիորդներն այն չեն, ինչ աշխատում են ձևանալ։

— Մի օր, սիրելի Գևորգ, իմ բարկությունը հասավ իր գագաթնակետին։ Առավոտ էր, ես նստած թեյ էի խմում և մի նոր դուրս եկած հայերեն գիրք թերթում։ Հանկարծ ծառաս ներս մտավ և քաղաքային փոստայով ստացված մի նամակ տվեց ինձ։ Ես կարդացի, նամակի մեջ մեկն ինձ խոստովանում էր յուր «սերը»։ Դու, երևի, գիտես, թե ինչպես են գրվում այդ հիմար նամակները, հարկ չկա ուրեմն նրա մասին խոսելու։ Օրիորդի հետ ես նոր էի ծանոթացել, նա վատ չէր, բայց սիրե՞լ — է՛հ, բան չունի՛ս։ Նամակը սկզբում ուզեցի այրել, բայց հետո մտածելով, դրեցի մի կողմ։ Ես թեև խիստ բարկացա, բայց խոստովանում եմ, Գևորգ, որ միևնույն ժամանակ ինչ-որ հաճույք էլ զգացի։ Այնուամենայնիվ, ես բարկացա և, որպեսզի մի քիչ թուլացնեմ բարկությունս, մի ծխախոտ վառեցի, որ ծխեմ։ Ահա՛, այսպես։

Արզաս Պետրովիչը ծոցից հանեց տուփը և նրա միջից դուրս բերեց մի ծխախոտ։ Նա ծխախոտի ծայրը նախ մի քանի անգամ խփեց սեղանին և հետո, վառելով, նայեց ժամացույցին։

— Օհո՛, դեռ վաղ է, ժամանակ շատ ունենք, բայց պատմությունս դեռ չեմ սկսել։ Նայի՛ր, Գևորգ, երկնքին, ամպերը կռվում են․ եղանակը ցրտանում է։ Գնանք ներս, անձրև կգա։

Արզաս Պետրովիչը մտավ ներս։ Գևորգը հրամայեց ծառային գարեջրի շիշը ներս բերել։

Ծառան շշի հետ կոլորակ սեղանի վրա դրեց և վառած կանթեղը։

Երկու բարեկամները տեղավորվեցին սեղանի շուրջը, միմյանց հանդեպ, փափուկ բազկաթոռի վրա։ Մի քանի վայրկյան նրանք լուռ մնացին։ Ծխախոտի ծուխը, թանձր քուլաներով դուրս գալով նրանց բերանից, բարձրանում էր դեպի սենյակի առաստաղը։ Վերջապես, Արզաս Պետրովիչը ծխախոտը հանեց բերանից, մի քիչ գարեջուր խմեց և շարունակեց․

— Այսպես, Գևորգ, ես բարկացա և դադարեցի այցելել օրիորդին։ Ի՛նչ պատահեց սիրահարված օրիորդին — ես չգիտեմ, բայց համոզված եմ, որ նա ինքն իրան Քուռ գետը չի ձգել իմ պատճառով։ Անցել է ուղիղ մի տարի։ Մի գեղեցիկ օր, աչքիս լույս, իմ աղաս դու ես, բանաստեղծացած Գևորգ Մինաևիչ Շանաբանդյան, ես քո համեստ ծառա Արզաս Պետրովիչ Մագսուտյանս պատիվ ունեցա կլուբում ծանոթանալ մի հին պաշտոնաթող հայ չինովնիկի հետ։ Դա մոտ վաթսուն տարեկան, ալեխառն մազերով, մի առողջ թիֆլիսեցի էր, անունը Մարտին Բուղդանիչ Բադամով։ Լսում ե՞ս, «ով» և ոչ թե «յան»։ Հակառակ իմ սպասածին, Բադամովը ոչ թուղթ էր խաղում և ոչ Կախեթի գինի խմում, ինչպես առհասարակ անում են թիֆլիսեցի ծերունիները։ Նա միայն սիրում էր լրագիրներ կարդալ և երկար վիճաբանել Բիսմարկի քաղաքականության մասին, որին նա պաշտպանում էր այնպես, ինչպես գուցե կպաշտպաներ միայն իր հարազատ եղբորը, որից զուրկ էր ինքը։ Բադամովը խոսում էր ռուսերեն և, ինչպես թիֆլիսեցի, բաղաձայն տառերն արտասանում էր զարմանայի կոշտ։ Ինչևիցե, մենք ծանոթացանք և, մի քանի անգամ խոսելուց հետո, իրարու դուր եկանք։ Նա ինձ հաճելի եղավ իր պարզ, ինքնուրույն հայացքներով և համակրելի ծերուկական դեմքով, իսկ ես նրան — իբրև քիչ թե շատ լուրջ երիտասարդ։ Մի անգամ իրարուց բաժանվելիս, ծերունին, հասցեն տալով, հայտնեց, թե շատ ուրախ կլինի ինձ հյուր ընդունելու իր տանը, թեկուզ հենց հետևյալ օրը։ Հետևյալ օրը, իհարկե, չգնացի, գնացի մի շաբաթից հետո, առավոտյան տասներկու ժամին։ Ես ասացի, որ պատիվ ունեցա ծանոթանալ Բադամովի հետ, բայց, իսկապես, պիտի ասեմ, տարաբախտություն ունեցա։ Դա, Գևորգ, մի նշանավոր ծանոթություն էր, որի հետևանքը, ինչպես իսկույն կպատմեմ, եղավ կյանքիս մեջ մի արմատական փոփոխություն։

Ծերունին ինձ ընդունեց մի ուրախ և անկեղծ ժպիտ երեսին։ Նրա բնակարանը բավական ընդարձակ էր և թեև ոչ շքեղ, բայց ճաշակով կահավորված։ Նա ինձ հրավիրեց իր ընդունարանը, և մենք այստեղ տեղավորվեցինք թավշյա բազկաթոռների վրա։ Քառորդ ժամու չափ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ ծերունին ցուցամատը դրեց սեղանի վրա գտնվող զանգակի գլխին։ Զանգակը սև թիթեռնիկի պես հնչեց մի քանի վայրկյան։ Դռները բացվեցին, և ես զարմացա, երբ, ծառայի փոխարեն, ներս մտավ մի օրիորդ թեթև տնային չթյա հագուստով։ Օրիորդը ձախ ձեռքում պահած էր մի գիրք, որի մեջ նա մտցրել էր իր միջին մատը։

— Դո՞ւ ես, Լիզա, ծառան ո՞ւր է,— հարցրեց ծերունին իր մեղմ և հանգիստ ձայնով։

Ըստ երևույթին օրիորդը չէր կարծում, թե անծանոթ հյուր կա նստած։ Ինձ տեսնելով, նա մի քիչ շփոթվեց և կամենում էր հենց շեմքից հետ դառնալ, բայց Մարտին Բուղդանիչի հարցը նրան պահեց։

— Ծառան խոհանոցումն է, ի՞նչ եք կամենում,— պատասխանեց և հարցրեց օրիորդը, մի քանի վայրկյան երեսը դեպի մեզ շուռ տալով։

Այդ մի քանի վայրկյանները բավական էին, որ ես ծանոթանայի Լիզայի կերպարանքի հետ։ Դա, սիրելի Գևորգ, գեղեցիկ չէր, բայց մի սքանչելի արարած էր, և գիտե՞ս ինչով — յուր խոշոր, խելացի աչքերով, որոնց մեջ փայլում էր այն կանացի կախարդական հուրը, որ ընդունակ է միանգամից թափանցել տղամարդի սիրտը։ Նա սքանչելի էր, մի ուրիշ բանով ևս, որ ավելի նշանավոր էր ինձ համար այդ ժամանակ։ Դա նրա բարձր, նուրբ և, ըստ երևույթին, առողջ կազմվածքն էր, որ այդքան հազվագյուտ է մեր կանանց դասում։ Բացի դրանից, ես Լիզայի դեմքի վրա նկատեցի մի տեսակ մեղմ ստվեր, որ, հովանավորելով այդ դեմքը, գրավիչ կենդանություն էր տալիս նրան։ Չգիտեմ ինչու, նույն վայրկյանին ես իսկույն մտաբերեցի Պուշկինի Տատյանային։ Բայց, դո՛ւ, իմ արևը, չկարծես, որ ես ինձ Օնեգին համարեցի։ Ամենևին։

— Հրամայիր սուրճ բերեն շուտով,— պատասխանեց Բադամովը և հետո, երբ Լիզան երեսը շուռ էր տվել հեռանալու, ավելացրեց․

— Դու էլ Ժենյայի հետ այստեղ եկ։

Լիզան դուրս եկավ։ Բադամովն ինձ պատմեց, թե Լիզան և Ժենյան իր աղջկերքն են և բացի նրանցից չունի ուրիշ զավակներ, իսկ կինը տասը տարի է, որ մեռել է։

Մի քանի րոպեից հետո ծառան ներս բերեց արծաթե մատուցարանի վրա չորս բաժակ սուրճ։ Անմիջապես ներս մտան Լիզան և Ժենյան։ Բադամովն անունս հիշեց, և ես վեր թռա ու, մոտենալով, սեղմեցի նախ Լիզայի, հետո Ժենյայի ձեռը։ Ժենյան կամ ճիշտն ասեմ Եվգենյան, կլիներ մոտ քսաներկու տարեկան, իսկ Լիզան — ավելի քան քսանուհինգ։ Բացի միաչափ հասակից, ուրիշ ոչինչ նմանություն չկար երկու քույրերի մեջ։ Եվգենյայի դեմքը կլորակ էր, քիչ սև և մի փոքր դեղնախառն, ճակատը նեղ, աչքերը սև փոքրիկ ու խորամանկ։ Հենց առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, և ես նրա մթին դեմքի վրա նկատեցի չնչին ինքնասիրություն և գոռոզություն։ Փոքր առ փոքր, սովորական հարցերից հետո, մեր խոսակցությունը տաքացավ։ Մարտին Բուղդանիչը կրկին մեջտեղ բերեց Բիսմարկին և նրա՝ սոցիալականության դեմ խոսած՝ վերջին ճառը։ Ես լսում էի նրա գովասանությունը և չէի վիճաբանում, թեև նա շատ էր հափշտակվում։ Եվգենյան խոսում էր և տաքացած վիճաբանում։ Նա երբեմն, տեղի-անտեղի, զանազան լուրջ հեղինակների անուններ էր հիշում, իբրև թե յուր հոր ասածը հերքելու համար։ Բայց ես, չգիտեմ ինչու, զգում էի, որ նա այդ հեղինակներից ոչ մեկի հետ լավ ծանոթ չէ և նրանց անունը տալիս է լոկ էֆեկտի համար։ Լիզան լուռ էր և լսում էր։ Հոր հայացքներից ազատ վայրկյաններ որսալով, ես մերթ ընդ մերթ, նայում էի այն օրիորդի երեսին և նկատում էի, որ նա նույնպես աչքի տակով երբեմն ինձ է նայում։ Այդ ժամանակ ես զգում էի մի տեսակ հոգեկան հաճույք, որի հետ մինչև այն ժամանակ ծանոթ չէի։ Է՛հ, Գևորգ։

Արզաս Պետրովիչը գարեջրի շիշը վերցրեց, պահեց կանթեղի դեմ և շարժելով, ասաց․

— Փիե՛, ո՞վ ծակեց այս շշի տակը։ Հրամայիր, Գևորգ, որ այդպիսի անկարգություններ չլինեն իմ ներկայությամբ։

Գևորգը հրամայեց, և ծառան ներս բերեց մի նոր լիքը շիշ։

— Իմ կենացը, Գևորգ, կոնծի՛ր,— ասաց Արզաս Պետրովիչը, բաժակը միանգամից պարպելով։— Չի՞ ձանձրացնում քեզ իմ պատմությունը։

— Խոստովանում եմ, մեծ ախորժակով եմ լսում․ Լիզան ինձ հետաքրքրում է,— պատասխանեց Գևորգը։

— Հասկանում եմ, հասկանում եմ։ Հա՛, արդեն անցել էր երկու ժամ։ Ես ողջունեցի Բադամովներին և դուրս եկա։ Վերջին անգամ նայեցի Լիզայի երեսին և նրա խոշոր, պարզագույն աչքերն ինձ վրա հառած տեսա։ Նույն օրն ես գործ շատ ունեի, վերջացրի և ճաշից հետո, իրիկնադեմին քիչ հանգստացա ու դուրս եկա զբոսնելու։ Ամառ էր, փողոցի օդը թարմացրեց ինձ, և ես, սովորությանս համեմատ, սկսեցի այն օրվա տպավորություններս քննել։ Երևակայիր, Գևորգ, որքան գլխիս զոռ տվեցի Բադամովի ընտանիքի մասին հիշել մի առ մի այն, ինչ որ նկատել էի այդ օրը — ոչինչ չկարողացա մտաբերել, բացի մի բանից։ Դա Լիզայի խոհուն աչքերն էին, որ բարձր ճակատի և կակուղ ունքերի տակից նայում էին ինձ վրա։ Ինչո՞ւ, մի՞թե ուրիշ ոչինչ հետաքրքիր բան չկար այդ ընտանիքում, որ ինձ վրա ազդեր, բացի այդ երկու աչքերից։ Կար, թե չկար, բայց ես ուրիշ ոչինչ չկարողացա հիշել։ Մի օր, սովորությանս հակառակ, փոխանակ շուտով տուն վերադառնալու, գնացի այգի։ Լուսինը նոր-նոր բարձրանում էր, խտատերև ծառերի միջից տարածելով իր շողերն այգու մութ ճեմելիքների վրա։ Տեսնո՞ւմ ես, ինչպես բանաստեղծորեն գիտեմ բարբառել, Գևորգ, էլ չասես, թե միայն քեզ է տված։ Նստեցի կանաչ նստարաններից մեկի վրա և սկսեցի նայել դեսուդեն — ծառերին, երկնքին, լուսնին, ամենից շատ լուսնին։ Կյանքումս գուցե հազարավոր այդպիսի գեղեցիկ երեկոներ էի տեսել, բայց երբեք այնքան չէի հետաքրքրվել բնության գեղեցկություններով, որքան այդ երեկո առաջին անգամ։ Ես սիրում էի հրաշալի, մեղմ, լուսին գիշերներ, բայց նրանց ազդեցության ենթարկված չկայի այնչափ, որչափ այժմ։ Մի տեսակ ծանր, սակայն խիստ ախորժելի մելամաղձություն էր տիրել ինձ։ Ինչո՞ւ, մի՞թե պատճառը Լիզայի աչքերն էին, որ ծառերի ճյուղերի արանքով նայում էին ինձ վրա։ «Սատանան տանի ձեզ», ասացի ինքս ինձ և, կարծես քնից զարթնելով, բարձրացա նստարանից։ Այդ ժամանակ ես սովորություն չունեի երեկոները ընթրելու, վերադարձա տուն, որ պարապեմ։ Չկարողացա պարապել, Գևորգ, ինչ ուզում ես ասիր, չկարողացա, թեև երկու ժամի չափ աշխատեցի։ Պառկեցի քնելու, քունս չտարավ, և ես տրորվում էի անկողնումս փորացավ ընկածի պես։ Տեսնելով, որ գիշերն անցնում է, սկսեցի թվել մտքումս մեկից մինչև հազար և հետ։ Այսպիսով, մոռացության մեջ ընկա, և քունը, վերջապես, ինձ հաղթեց։

Առավոտը զարթնեցի զվարթ և առ․․․ ռ․․․ փի․․․ քըհը, քըհը, փիե։

Արզաս Պետրովիչը չկարողացավ շարունակել, գարեջուրը թռավ կատկին և ստիպեց նրան մի քանի վայրկյան հազել և կմկմալ։ Վերջապես, նա քիչ հանդարտվեց և, թաշկինակը հանելով, սրբեց աչքերի ջուրը։

— Ճանճ մտավ բողազս ի՞նչ է,— շարունակեց նա, թաշկինակը դնելով գրպանը։— Այո, Գևորգ, առավոտը զարթնեցի զվարթ և առողջ, ամեն ինչ մոռացած։ Այն օրն ես անցկացրի հոգու ուրախ տրամադրության մեջ։ Մի քանի հիվանդներ ունեի, այցելեցի նրանց և սովորականից մի քանի րոպեներ ավելի մնացի ամեն մեկի մոտ։ Մի խոսքով, ես մի առանձին կենդանություն էի ստացել այդ օրը։ Բայց մելամաղձությունը տիրեց ինձ։ Լիզայի աչքերը դարձյալ եկան ներկայացան իմ առջև։ Մի կերպ անցկացրի այդ գիշերը։ Հետևյալ օրը կիրակի էր։ Ես մոռացա քեզ ասելու, որ այդ օրվա համար Մարտին Բուղդանիչն ինձ հրավիրել էր ճաշի։ Առավոտը թեյ խմելիս, ես մտածում էի «գնա՞լ, թե՞ չգնալ»։ Վճռեցի չգնալ։ «Ի՛նչ մի հետաքրքրելի բան է ներկայացնում մի հին չինովնիկի ընտանիքը», ասացի և վճռեցի կամ նամակ գրել կամ ծառային ուղարկել՝ Բադամովից ներողություն խնդրելու։ Բայց ի՞նչ ես կարծում, Գևորգ, ես ոչ մեկն՝ արեցի, ոչ էլ մյուսը, այլ․․․ գնացի սափրավիրի մոտ, մազերս ուղղել տվեցի, եկա տուն, զուգվեցի և հրավիրված ժամանակից էլ կես ժամով առաջ գնացի Բադամովի տուն։

Գևորգը ժպտաց։

— Ի՞նչ է, երևի մի փոքր նման է քո ռոմանին․— նկատեց Արզաս Պետրովիչը,— ծիծաղիր, ծիծաղիր, բայց տես, թե վերջն ինչ եղավ։

— Էհ ինչ երկարացնեմ, Գևորգ, մենք նստեցինք ճաշելու,— շարունակեց Արզաս Պետրովիչը, մի ծխախոտ վառելով։— Չգիտեմ ինչու, այս անգամ Լիզան ավելի ուրախ էր և շատ էր խոսում, քան առաջին օրը։ Մենք խոսում էինք դեսից դենից, շատ հասարակ բաների մասին, բայց Լիզան այնպես տաքացած վիճաբանում էր, որ ես փոքր-ինչ զարմացա։ Կրտսեր քույրը մի տեսակ կծու եղանակով նկատեց․

— Օրը մինչև երեկո, աչքունքդ թթվացրած, գրքեր ես կարդում, ոչ խոսում ես, ոչ էլ ծիծաղում, հիմա ի՛նչ եղավ, որ սոխակ դառար։

Լիզան պատասխանելու փոխարեն, փոքր-ինչ կարմրեց։

Ես հարցրի, ինչ գրքեր է կարդում նա։

— Ինչ որ ասեք,— պատասխանեց Մարտին Բուղդանիչն իր աղջկա փոխարեն։

— Պապա, մի՞թե դուք կարծում եք, որ բոլոր ձեր բերած գրքերը կարդում է Լիզան,— կրկին մեջ մտավ Եվգենյան, հեգնորեն ժպտալով։— Ռոմանների մասին խոսք չունիմ, Լիզան նրանց կլանում է, մյուս գրքերը միայն թերթում է, որ ասի, թե հա՛, ինքն էլ այս ինչ լուրջ գրքերի հետ ծանոթ է։

Մարդս, շատ ժամանակ, Գևորգ, իր սեփական պակասություններն անգիտակցաբար ուրիշների մեջ է գտնում։ Վերջերում ես իմացա, թե Եվգենյան սուտ է ասում, թե Լիզան, բացի ռոմաններից, ուրիշ լուրջ հեղինակություններ ևս կարդացել է։ Իր քրոջ նկատողության՝ նա ոչինչ չպատասխանեց։ Ճաշից հետո մենք անցանք դահլիճ՝ քիչ զվարճանալու։ Մարտին Բուղդանիչն առաջարկեց Եվգենյային մի բան նվագել։ Օրիորդը հրաժարվեց, պատճառ բերելով, թե գլուխը ցավում է (կանանց գլխացավին, Գևորգ, շատ էլ հավատ չընծայես)։ Հայրն առաջարկեց մեծ աղջկան, և Լիզան առանց հակառակելու, նստեց դաշնամուրի մոտ։ Ես այդ ժամանակ, և հենց հիմա էլ, երաժշտություն չգիտեի, բայց լսել — շատ էի սիրում։ Երբ Լիզան, իր երկայն ու նուրբ մատներով մի քանի անգամ զարնելով դաշնամուրի կլավիշներին, անցավ առաջին ակկորդը — դահլիճի մեջ տարածվեցին մեղմ և քաղցր հնչյուններ։ Դա Շոպենի այն մելամաղձոտ հյուսվածքներից մեկն էր, որոնք շարժում են մարդկային սրտի հիվանդ թելերը։ Դահլիճի լուսամուտները բաց էին։ Ամառային մանիշակագույն երկնքի երեսում այս ու այն կողմ սահում էին թեթևաշարժ ամպերը։ Ես դաշնամուրի քաղցր ձայնով հափշտակված, նայում էի երկնքին։ Ինձ թվում էր, թե այդ հնչյուններն արձակում են հեռու բարձրությունում լողացող սպիտակ ամպերը, և ես հոգով ձգտում էի դեպի վեր, բայց չէի կարողանում հասնել։ Չգիտեմ որքան ժամանակ մնացի այդ կախարդված դրության մեջ, միայն, երբ աչքերս դարձրի դեպի դահլիճ — Լիզան արդեն չկար։ Մարտին Բուղդանիչը ճերմակ բեղերի տակից դուրս էր թողնում ծխախոտի կապույտ ծուխը։ Եվգենյան, նրա մոտ նստած, նայում էր երեսիս։

— Ո՞ւր գնաց Ելիզավետա Մարտինովնան,— հարցրի ես, մի փոքր շփոթվելով Եվգենյայի սուր հայացքից։

— Դուրս եկավ,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը, երեսիս նայելով։

Եվգենյան գնաց դուրս և, մի քանի վայրկյանից հետո վերադառնալով հայտնեց, թե Լիզայի գլուխը ցավում է։ Այս ասելով, Եվգենյան իր սուր և խորամանկ հայացքը ձգեց ինձ վրա, և ես նրա դեմքի վրա նկատեցի մի կծու հանդիմանություն։ Ինչո՞ւ, ես ի՞նչ էի արել։ Բայց հետո իմացա, որ շատ բան եմ արել։ Արդեն երեկո էր, երբ ես դուրս եկա։ Լիզան չդուրս եկավ ինձ հրաժարական տալու, և ես հեռացա ինչ-որ ծանրություն ոչ կրծքիս վրա, այլ կրծքիս տակ։ Է՛հ, Գևորգ ես չեմ պատմիլ, թե դա ինչ ծանրություն էր, դու այժմ ինձանից լավ ես զգում։ Բայց դու չձանձրացա՞ր։

— Ամենևին,— պատասխանեց Գևորգը, մի ծխախոտ վառելով,— կարող ես մինչև լույս խոսել։

— Դեռ իմ պատմության սկիզբն է դա, լսիր մինչև վերջը մոտենում եմ նրա ծուծին։

Հետևյալ օրը չհամբերեցի և կեսօրից հետո, գործերս ավարտելով, գնացի Բադամովի տուն։ Դա իմ կողմից մեծ համարձակություն էր, սակայն ես չմտածեցի և գնացի։ Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ Լիզային հանդիպեցի դահլիճում, դաշնամուրի դեմ նստած, նոտաների տետրը դեսուդեն թերթելիս։ Մարտին Բուղդանիչն այս անգամ ինձ ընդունեց ավելի քաղաքավարի, բայց ես նրա դեմքի վրա նկատեցի մի տեսակ ճնշում։ Իսկ Եվգենյան սառնությամբ ձեռը մեկնեց ինձ և դուրս եկավ։

— Ներեցեք, որ ես երեկ անքաղաքավարությամբ ձեզ թողեցի դահլիճում և հանկարծ դուրս եկա,— դիմեց ինձ Լիզան, տեղից բարձրանալով։

— Անքաղաքավարությունն իմ կողմից էր, օրիորդ,— պատասխանեցի ես, համարձակորեն նայելով Լիզայի երեսին։

— Ինչո՞ւ։

— Դուք հիվանդացաք, իսկ ես իբրև բժիշկ, չառաջարկեցի իմ ծառայությունը։

— Շատ էլ սաստիկ չէր ցավում գլուխս, որ բժշկի դիմելու կարևորություն զգայի,— պատասխանեց Լիզան և հետո, դառնալով հորը, հարցրեց․— պապա, կկամենա՞ք, որ ձեր սիրած եղանակներից մինը ածեմ։

— Միայն երեկվա պես կիսատ չթողնես ու փախչես,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը լրջորեն։

Լիզան նստեց դաշնամուրի դեմ և, ճակատից մազերը հետ դարսելով, սկսեց մի ուրախ եղանակ։ Բայց ուրախ եղանակն այս անգամ ինձ վրա տխուր տպավորություն գործեց։ Ես նայում էի Լիզայի արագաշարժ մատներին, որոնք թեթևությամբ բարձրանալով վեր և կրկին իջնելով, դուրս էին մղում դաշնամուրից քնքուշ հնչյուններ։ Ես զգում էի, թե Լիզայի մատները իմ սրտին են դիպչում, և այդ հնչյուններն արձակում է իմ սիրտը։ Չէ՛, Գևորգ, աննկարագրելի են այդ րոպեները։ Ես մտիկ էի անում Լիզայի մատներին, մտիկ էի անում նրա կռներին, իրանին, գլխին, պարանոցին, ուսերի վրա թափված շագանակագույն մազերին, և դրանք ինձ մագնիսի զորությամբ մղում էին դեպի այդ էակը։ Ոչ մի բան նույն րոպեներում ինձ համար գոյություն չուներ, ոչ մի բան — բացի Լիզայից։ Նույնիսկ դաշնամուրի ձայնն ես Լիզայի մեջ էի տեսնում մարմնացած, և ես վայրկյան առ վայրկյան հաղթվում էի Լիզայի առջև։ Վերջապես, նա դադարեցրեց և, դաշնամուրի կափարիչը հետ ձգելով հարցրեց ինձ, արդյոք հավանեցի նրա խաղը։ Գուցե Լիզան լավ չէր ածում դաշնամուրի վրա, միայն ես հիացած էի և նույն րոպեին չկարոդացա գտնել խոսքեր, որոնցով արտահայտեի իմ հիացումը։ Նա նայեց իմ դեմքին և իսկույն հասկացավ, թե որքան ազդել է յուր խաղն ինձ վրա։

Երկու ժամի չափ մնացի Բադամովի տանն և շատ ուրախացա, որ Մարտին Բուղդանիչն ինձ այս անգամ ազատ թողեց քաղաքական հարցերից։ Զարմանալի բան․ մի քանի օր առաջ ինքս գուցե մեծ բավականությամբ պատրաստ էի վիճել նրա հետ այդ հարցերի վերաբերմամբ։ Իսկ նույն օրը, եթե նա սկսեր վիճել, համոզված եմ, որ առանց այլևայլի կհամաձայնվեի նրա մտքերի հետ, միայն թե նա դադարեր լուրջ վիճաբանություն անելուց։ Այս անգամ վերադարձա տուն բոլորովին հաղթված։

Անցավ մի ամիս։ Ես ստեպ-ստեպ այցելում էի Բադամովներին։ Ես գնում էի երեք օրը մի անգամ և, եթե չամաչեի, Գևորգ, կգնայի ամեն օր։ Բնական է, որ այդպիսի հաճախ այցելության պատճառը վաղ թե ուշ պիտի հայտնվեր Մարտին Բուղդանիչին, և հայտնվեց էլ։ Բայց նրանից առաջ իմացավ Եվգենյան։ Այդ խորամանկ օձն իր սուր հայացքներով և հեգնական ժպիտներով կատարելապես հալածում էր ինձ։ Ինչ վերաբերում է Լիզային — դու պիտի հասկացած լինես, Գևորգ, որ նա հենց առաջին օրից էր նկատել իմ զգացումները։ Այդ կողմից և միայն այդ կողմից կինն ունի դիտողություն, և զարմանալի ճիշտ դիտողություն։ Նա շատ անգամ հենց առաջին հայացքից կարող է նկատել, թե ինչ է զգում տղամարդը դեպի ինքը։ Երբ մարդու ուղեղը, ուշ ու միտքը կենտրոնացած են լինում մի բանի վրա, մանավանդ, երբ նա այդ բանումն է տեսնում իր գոյության խնդիրը, ոչ մի հոգեբան չի կարող այստեղ նրա հետ հավասարվել։ Դա իմ խորին համոզմունքս է, և հավաստի եմ, որ չեմ սխալվում։ Դու ժպտում ես, Գևորգ, դու ծիծաղում ես, որ ես այդպես շուտ եզրակացություններ եմ անում, բայց համբերեիր, և ինքդ սեփական փորձերով կգաս նույն եզրակացության։ Ինչևիցե։ Որտեղ մնացի՞, հա՛, ես գիտեի, որ Լիզան գուշակում է իմ զգացումները։ Բայց ինչ է զգում ինքը, Լիզան դեպի ինձ — դա ինձ համար առաջին ամիսը թեև պարզ էր, այնուամենայնիվ, ես չէի համարձակվում հավատալ, թե հիրավի նա անտարբեր չէ դեպի ինձ։ Ես կասկածում էի․ մի՞գուցե ինձ պարեցնում է, մի՞գուցե կամենում է հաղթել ինձ, դուրս մղել ինձանից խոստովանություն և հետո, մերժելով, զվարճանալ իր կանացի հերոսական հաղթությունով։ Բայց այն ժամանակ ես դեռ հավատ ունեի դեպի կնոջ անկեղծությունը։

— Իսկ ա՞յժմ,— ընդհատեց հանկարծ Գևորգը։

— Մեռել է և երբեք հարություն չի առնիլ,— պատասխանեց Արզաս Պետրովիչը։— Այսպես, Գևորգ, ես հավատամ էի կնոջ անկեղծությանը և հավաստի էի, որ Լիզան թեթևամիտ կոկետուհիներից չէ, որ ուզենա ինձ խաղալիք դարձնել իր ձեռքում։ Ինչպես ասացի, մի ամիս էր արդեն, որ ես այցելում էի Բադամովներին։ Այդ մի ամսվա ընթացքում ես բավական մոտիկ ծանոթացա այդ ընտանիքի պատմությանը։ Ահա նա՛։— Մարտին Բուղդանիչի հայրը թողել էր ժառանգություն մի տուն և մի թեթև զուտ գումար։ Ապրելով բավական համեստ, Մարտին Բուղդանիչն այդ գումարի վրա տարեց-տարի ավելացրել էր և յուր ռոճիկի մի մասը։ Քսանուհինգ տարվա ընթացքում, թեթև գումարը, շահվելով, դարձել էր մի պատկառելի թվանշան։ Թե ինչպես էր աշխատել նրա հայրն այդ գումարը և տունը — ես չիմացա, բայց իմացա որ Մարտին Բուղդանիչն ինքը ծառայության ժամանակ իր պաշտոնը վարել էր բարեխղճաբար (ուզում եմ ասել, կաշառք չէր կերել)։ Նա պաշտոնը թողել էր ինքնակամ, անմիջապես կնոջ մահից հետո։ Մարտին Բոլւդանիչը, այդ չլուսավորված հոր լուսավորված զավակն, իր աղջկերանց կրթության համար ոչինչ չէր խնայել։ Նրանք անցել էին գիմնազիական կրթությունն և տնային ուսուցիչների միջոցով սովորել էին երաժշտություն, պար և ֆրանսերեն, մի խոսքով, ինչ որ հարկավոր է ժամանակակից օրիորդներին։ Կնոջ մահից հետո Մարտին Բուղդանիչը յուր փողը վաղօրոք բաժանել էր աղջկերանց իբրև ապագա ամուսնական օժիտ։ Իսկ տունը թողել էր, որ, ինչպես ինքն ասում էր, մեռնելու ժամանակ կնոջ և յուր հիշատակին նվիրի մի բարեգործական նպատակով։ Երբ այս բոլոր մանրամասնություններն իմացա պարզասիրտ Մարտին Բուղդանիչից, զգացի այնուհետև ինձ նրա ընտանիքին ամենամոտ անձ։ Կարծես, կար մի աներևույթ կապ իմ և նրա մեջ։ Ի սեր աստծո, Գևորգ, չկարծես, թե ես րոպե անգամ մտածում եմ օժիտի մասին։ Կրկնում եմ, այն ժամանակ ուրիշ մարդ էի, իսկ այժմ ուրիշ մարդ եմ։ Այն ժամանակ մի փոքր պակաս էր այստեղ, իսկ այստեղ շատ վառ (Արզաս Պետրովիչը ձեռը խփեց նախ ճակատին, հետո ձախ կողքին)։ Ինչևիցե, ես չափազանց ընտելացա Բադամովի ընտանիքին։ Իսկ թե Եվգենյան ինձ ատում էր — դա ինձ համար այս կանթեղի նման պարզ էր։ Այս հանգամանքն ինձ մի փոքր նեղն էր դնում, որովհետև, ինչևիցե, այդ աղջիկը, եթե կամենար, կարող էր խոչընդոտ լինել, բայց մյուս կողմից Լիզայի և Մարտին Բուղդանիչի համակրությունն ինձ խրախուսում էր։ Անտանելի օրեր էին ինձ համար այդ օրերը, Գևորգ։ Ես ինձ կորցրել էի, ոչ մի միտք գլխումս եփել չէի կարողանում։ Գնում էի ծառայության, պաշտոնիս փոխարեն Լիզան էր կանգնած իմ առջև, գնում էի հիվանդի մոտ, հիվանդի փոխարեն Լիզային էի տեսնում իմ դեմ։ Գլխավորիցս մի քանի անգամ հանդիմանություն ստացա, հիվանդներիցս մի քանիսի տերերն ինձ քաղաքավարությամբ մերժեցին։ Իսկ հասարակական գործերը տակահան մոռացել էի։ Ընկերներս ինձ ծաղրում էին, թե ինչպես առաջ տաք-տաք կպա գործին և ինչպես շուտ սառա։ «Որովհետև բոլոր քո եռանդը կեղծ էր»,— ասում էին նրանք։ Բայց ես ուշադրություն չէի դարձնում ոչ ոքի խոսքի վրա և շարունակում էի օրեցօր ավելի ու ավելի թուլանալ։

Մի գիշեր, վերջապես խելքս գլուխս ժողովեցի և սկսեցի լուրջ քննել իմ դրությունը։ Շատ անմխիթար գտա նրան, Գևորգ, և տեսա, որ եթե այդպես երկար շարունակվի, ես միանգամայն կդառնամ մի անպետք լաթ։ Վճռեցի այլևս չայցելել Բադամովներին և դուրս բերել գլխիցս ու սրտիցս Լիզա ասված էակին։ Եվ ի՛նչ ես կարծում Գևորգ, միայն տասն օր կարողացա չտեսնել Լիզայի երեսը։ Թե որքան թանկ նստեց ինձ այդ տասն օրը, ես հրաժարվում եմ պատմել, որովհետև շատ կերկարի պատմությունս։ Ծանր և վշտալի օրեր էին ինձ համար այդ օրերը։ Բայց մի բան պիտի ավելացնեմ, Գևորգ․ թեև վեպերում ես շատ էի կարդացել, թե այդպիսի դրության մեջ սիրահարվածի ախորժակն ու քունը փախչում են, իմ ախորժակը երբեք չէր կապվում, ես ուտում էի առաջվա պես և քնում էլ էի։ Միայն գործել չէի կարող, ոտանավորներ էի գրում, «իմ սիրելի» — ֆլան-ֆստան։ Գիտես էլի․․․ Տասնումեկերորդ օրն էլ չկարողացա համբերել։ «Ինչ որ լինելու է, թող լինի»,— ասացի ինքս ինձ,— կգնամ և բացարձակապես կպարզեմ իմ սիրտը Լիզայի առջև կընդունի — լավ, չի ընդունիլ — այսուհետև հողը գլուխս, մի կերպ կտանեմ ցավս»։

Այս ասացի, ցիլինդրս դրեցի գլխիս և գնացի։

Արզաս Պետրովիչը մի փոքր լռեց, դարձյալ մի քիչ գարեջուր խմեց և, մի ծխախոտ վառելով, շարունակեց․

— Իրիկնադեմ էր։ Մարտին Բուղդանիչը տանը չէր բարեբախտաբար։ Եվգենյան մրափում էր։ Լիզան, պատշգամբի վրա նստած, նայում էր քաղաքի շրջակայքի սարերին։ Ինձ տեսավ թե չէ, իսկույն վեր թռավ տեղից և ձեռը մեկնեց։ Ես նրա դեմքի վրա նկատեցի անսպասելի ուրախության մի արտահայտություն, որ նա իզուր աշխատում էր թաքցնել։ Մի քանի վայրկյան մենք չկարողացանք խոսել։ Ես սեղմեցի նրա ձեռը և նստեցի դեմուդեմ։

— Ո՞րտեղ եք մնացել,— հարցրեց, վերջապես, Լիզան։

— Սաստիկ զբաղված էի գործերով,— սուտ ասացի ես։

— Իսկ մենք կարծում էինք, որ հիվանդացել եք։

— Մի՞թե։

— Քանի անգամ ծառային ուղարկել ենք, բայց ձեր բնակարանը չի գտել։ — Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։

— Հայրս է ձեր մասին շատ հարցնում,— շտապեց ավելացնել Լիզան։

— Շնորհակալ եմ, ի՞նչպես է Մարտին Բուղդանիչը։

— Լավ է։ Երեկ այգումը երկու ժամու չափ ես և Ժենյան պտրեցինք ձեզ և ոչ մի տեղ չտեսանք։

Այս անգամ չկարողացա ինչպես հայտնեմ իմ շնորհակալությունը։ Մի քանի անգամ «շնորհակալ եմ» բառը իրարու հետևից կրկնելը, ինձ անհամ էր թվում։

— Դո՞ւք ինչպես եք,— վերջապես, հարցրի ես, հանկարծ մտաբերելով իմ սխալը։

— Շատ տխուր, մի շաբաթ է չգիտեմ ինչ է պատահել ինձ, գիշերները չեմ կարողանում քնել։

Այս ասելով, Լիզան գլուխը թեքեց կրծքին և մատներով սկսեց ուղղել հանդերձի փեշերը։ Նայեցի վերևից ցած նրա երեսին և նկատեցի ոչ թե անքնություն, այլ մի ինչ-որ ծանր մտածողությունից առաջացած փոփոխություն։ Ոչ նրա աչքերի կոպերն էին ուռած և ոչ էլ նրանց սպիտակուցն էր դեղնած։ Անքնության այս հետքերը չկային Լիզայի դեմքի վրա, կառ միայն մի թեթև դեղնություն։ «Հը՛մ, իմ բացակայությունը իզուր չի՛ անցել»,— մտածեցի ես, ուրախանալով։

— Գուցե հիվա՞նդ եք, թույլ տվեք շոշափել ձեր երակը,— ասացի ես։

Լիզան զգուշությամբ մեկնեց ինձ յուր բազուկը։ Ես անհապաղ ոչ թե բռնեցի, այլ խելագարի պես ճանկեցի այդ բազուկը։ Մի վայրկյանում նա դողաց իմ ձեռի ափում, և Լիզան դուրս խլեց նրան արագությամբ։

— Թողեք, ես առողջ եմ,— ասաց նա կարմրելով և երեսը ինձանից շուռ տալով։

Ես զգացի մի ինչ-որ ցնցում, ամբողջ մարմնովս անցավ հաճելի դողոց։ Ես շփոթվեցի և կամենում էի բերանս բանալ չգիտեմ ինչ ասելու։ Բայց այդ վայրկյանին ներս մտավ Մարտին Բուղդանիչը։ Լիզան շփոթվեց և վեր կացավ տեղից։

— Օօ՛օ, Արզաս Պետրովիչ, Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ Մարտին Բուղդանիչը, չգիտեմ ինչու, այս անգամ անունս սովորականից ավելի կոշտ արտասանելով։ Նա մոտեցավ և ձեռքս սեղմեց։

— Բարով, բարով, քանի՞ ամառ է, քանի՞ ձմեռ է, որ մեզ մոռացել եք,— շարունակեց նա, անխնա քերելով յուր կոկորդը сколько բառը ասելիս, որ չորս անգամ դուրս բերի к տառը։

Մենք գնացինք ներս։ Ներկայացավ և զուգված, զարդարված Եվգենյան՝ անփոփոխ հեգնական ժպիտը յուր խորամանկ երեսին։ Մենք սկսեցինք խոսել Մարտին Բուղդանիչի սիրեցյալ քաղաքական հարցերի մասին։ Բայց, զարմանալի բան, որքան աշխատում էի, այս անգամ ծերունին բանը չէր երկարացնում։ Իսկ Եվգենյան երեսիս անգամ չէր նայում։ Լիզան աչքերի տակով նայում էր ինձ ու ժպտում, երբեմն էլ ծածուկ ծիծաղում։ Երբ նա ժպտում էր, ես ևս ժպտում էի, իսկ երբ ծիծաղում էր, չէի համարձակվում ծիծաղել։ Նա մերթ ընդ մերթ նայում էր յուր քրոջ և հոր երեսին և հետո ինձ վրա ձգում թափանցող հայացքներ։ Պարզ էր, որ նա կամենում էր իմանալ, ինչ տպավորություն է անում ինձ վրա հոր և քրոջ այն օրվա սառնությունը և միևնույն ժամանակ, կարծես, նրանց փոխարեն ամաչում էր ինքը։ Տեսնելով, որ բանս մի քիչ լավ չէ, ես շտապեցի դուրս գնալ։ Եվ դուրս եկա թեթևացած։ Լիզայի սերը այս անգամ ինձ համար անկասկածելի էր։ Փա՛հ, ի՛նչ շուտ է չորանում կոկորդս։

Արզաս Պետրովիչը գարեջրից մի փոքր կում արեց։

— Այսպես, Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով,— ինձ համար մասամբ պարզվեց Լիզան։ Մնում էր միայն մի բան, դա էլ շուտով կատարվեց։ Մյուս օրն երեկոյան ես գնացի կլուբ։ Ընտանեկան երեկո էր։ Ես ի բնե չէի սիրում պարել, այս պատճառով, մի անկյուն քաշված, ականջ էի դնում երաժշտության։ Հանկարծ հետ նայեցի և տեսնեմ — Լիզան, հովհարը ձեռին, կանգնած։

— Հայրս ընթերցարանում կարդում է, Ժենյան էլ պարում է, ես մենակ եմ,— ասաց նա։

Հայտնի բան է, ես իսկույն ուրախությամբ ընկերացա Լիզային։ Երաժշտական խումբը նվագում էր։ Լիզայի առաջարկությամբ մենք գնացինք այգի զբոսնելու։ Այստեղ ոչ ոք չկար․ ամենքը ռոտոնդայում ժողովված, մտիկ էին անում պարողներին։ Խաղաղ և զով երեկո էր։ Մի քանի շրջաններ անելուց հետո, չգիտեմ ինչպես, հանկարծ ինձ Լիզայի հետ տեսա մի մութ ծառուղիում, ուր ոչ ոք չէր երևում։ Մենք նստեցինք կանաչ նստարաններից մեկի վրա, իրարու քով։ Նա լուռ էր, ես էլ լուռ էի։ Նա ասում էր, թե երաժշտություն է լսում, ես հավատացնում էի, թե հափշտակված եմ գեղեցիկ երկնքով։ (Ո՛վ գիտե, այն րոպեին գուցե երկինքը իսկի գեղեցիկ էլ չէր)։ Երկուսս էլ իրարու խաբում էինք, և երկուսս էլ գիտեինք, որ սուտ ենք ասում։ Իմ միտքը զբաղված էր նրանով, նրա միտքը զբաղված էր ինձանով։ Ուրիշ ոչինչ․ ո՛չ երաժշտություն և ոչ էլ երկինք։ Ավելի հարմար ժամանակ չէի կարող գտնել իմ սիրտը պարզելու համար (թեև տեղը այնքան էլ հարմար չէր)։ Ես շտապեցի օգտվել դեպքից։ Եվ գիտես ինչպես, ո՛չ խոսակցություն, ո՛չ բանաստեղծական ճարտարաբանություն, ոչինչ։ Ահա ինչպես։ — Լիզայի ձեռքում կար մի վարդ։ Ես խնդրեցի այդ վարդը նրանից։ Նա առաջարկեց ինձ և կրկին հետ քաշեց իր ձեռը։ Ես բռնեցի նրա ձեռքից, որ ուժով խլեմ վարդը։ Նա ընդդիմացավ, բայց վարդը մոտեցրեց քթիս, որ ես հոտ առնեմ։ Ես բռնեցի նրա բազկից և, մի տաք համբույր կպցրի նրա մատներին։ Նա ձեռը արագությամբ հետ խլեց։ Ես աջ ձեռքով գրկելով նրա մեջքը, այս անգամ համբուրեցի երեսը։ «Ի՛նչ եք անում, խելագարվել եք, ի՛նչ է»,— ասաց նա, իբրև թե աշխատելով ձեռիցս դուրս պրծնել, մինչդեռ ինքը մոտենում էր ինձ։ Ես ուզեցի խոսքերով արտահայտել իմ զգացումը։ Լիզան ձեռը դրեց բերանիս, որ լռեմ։ «Սո՛ւս,— ասաց նա,— գիտեմ ինչ ես ուզում ասել, գուցե ռոմանների մեջ հազար անգամ գրված միատեսակ բառեր»։ Ես լռեցի և սկսեցի իրարու հետևից համբյուրներ դրոշմել նրա ձեռներին, թշերին, վզին, գլխին և մինչև անգամ հագուստին։ Այս բոլորը կատարվում էր լուռ։ Նա քիչ դողում էր, իսկ իմ շրթունքները ցուրտ կտրածի պես կպչում էին ատամներիս։ Գրազ կգամ, որ նույն ժամին իմ դեմքը շատ հիմար պիտի լիներ։ Անցել էր մի ժամու չափ, մենք ուրախությամբ այդ դրության մեջ կմնայինք, մինչև լույս։ Բայց այդ չէր կարելի, և Լիզան առաջինը հիշեցրեց, թե հարկավոր է գնալ, եթե ոչ՝ հայրը կկասկածի։ Ես հարցրի, ե՞րբ կարող ենք տեսնվել։ Պատասխան ստացա, թե կարող եմ ամեն օր այցելել իրանց տունը։

— Միայն առավոտները, ժամը տասնումեկից հետո,— ասաց Լիզան,— այդ ժամանակ հայրս կլուբ լրագիրներ կարդալու է գնում մինչև երկու ժամ։

— Իսկ Եվգենյա Մարտինովնա՞ն,— հարցրի ես։

— Հեշտ է, նրա գաղտնիքն էլ իմ ձեռքում է,— պատասխանեց Լիզան ծիծաղելով, և մենք բաժանվեցինք։

Արդարև, Եվգենյան մի հիմար ռոման ուներ մի ինչ-որ լպստված ֆրանտի հետ, որին ես մինչև այդ ժամանակ մի անգամ տեսել էի Բադամովի տանը։

Հետևյալ օրը, նշանակյալ ժամին, ես Լիզայի մոտն էի։

Մարտին Բուղդանիչը իսկապես տանը չէր։ Եվգենյան տանն էր, ինչպես հետո Լիզան ասաց, բայց իմ ներկայությամբ չերևաց։ Լիզան նստած էր դահլիճում, մի հայերեն գիրք ձեռքում բռնած։ Երբ ես ներս մտա, նա շփոթված, գիրքը մի կողմ ձգեց։

— Մի՞թե հայերեն գիտես,— եղավ իմ առաջին հարցը։

— Շատ քիչ, բայց ուզում եմ սովորել։

— Չէի սպասում։

Մենք նայեցինք իրարու և հասկացանք միմյանց միտքը։ Կես րոպեի չափ մենք լռեցինք։

— Արշակ,— ընդհատեց նա լռությունը, առաջին անգամ արտասանելով իմ հայերեն անունը։

Եվ այդ Արշակ բառը նա արտասանեց այնպիսի լուրջ եղանակով, որ ես մի քիչ վախեցա։

— Արշակ,— շարունակեց նա,— ես կարծում եմ, որ այսուհետև կարող ենք դեն ձգել մեր դիմակները և խոսել պարզ ու անկեղծ։

— Մի՞թե մինչև հիմա մենք դիմակներ ունեինք,— հարցրի ես զարմացած։

— Ո՛չ դիմակ, այլ մի թեթև քող, որի տակից շատ պարզ երևում էր մեր իսկական դեմքը։ Մենք վաղուց էինք իրարու սիրում, դա դու էլ գիտեիր, ես էլ, բայց դարձյալ այդ քողը պահում էինք։ Նա անհրաժեշտ է սիրահարվածներին մինչև երեկվա ժամը, այնուհետև ավելորդ է։ Լսի՛ր, ես կամենում եմ քեզ ծանոթացնել Լիզայի հետ, որին դու սիրում ես, հետո պահանջելու եմ քեզանից, որ դու էլ ծանոթացնես ինձ Արշակի հետ, որին ես սիրում եմ։

Մենք համբուրվեցինք։ Լիզան շարունակեց։

— Երեկ տուն վերադառնալով, ես մինչև գիշերվա կեսը մտածում էի քո մասին։ Մտածում էի, արդյոք, քո սերը հաստատ է, թե ոչ։ Չկարծես, որ վայրկյան անգամ մտածել եմ, թե միգուցե դու ևս պատկանում ես այն թեթևամիտների շարքին, որոնք հարուստ հարսնացվի առջև դիմակ հագած, ծաղրածվի դեր են կատարում փափուկ օժիտի համար։ Ամենևին։ Ես միայն մտածում էի, արդյոք, սիրում ես ինձ, թե դա մի ժամանակավոր հափշտակություն է քո կողմից, որ շուտով պիտի անցնի։ Բայց վերցրի այս ամիսուկեսվա մեր ծանոթությունը, քննեցի առաջին օրից մինչև այժմ քո վերաբերությունը դեպի ինձ և զգացի, որ քո սերը հաստատ է և անկեղծ։ «Զգացի» եմ ասում, որովհետև ես մեծ հավատ ունիմ դեպի իմ զգացումների անսխալությունը։ Քո խորհրդավոր հայացքները, քո գույնի փոփոխությունը, վերջապես, տասն օրվա քո բացակայությունն, իբրև զորեղ վկաներ, կենդանացան իմ առջև, և վերջը վճռեցի այն, որ ահա ես քեզ հետ եմ։

Ես Լիզայի խոսքն ընդհատեցի ջերմ համբույրով։

— Սպասիր, մի՛ տաքանար,— շարունակեց նա։— Չեմ թաքցնում, որ հենց առաջին անգամից, երբ քեզ տեսա, մի ինչ-որ զգացում ծագեց իմ մեջ։ Ես զգացի քո մեջ մի ուժ, որ ինձ մղում է դեպի քեզ։ Դաշնամուրից փախչելուս, քո բացակայության ժամանակ տխրելուս (ես սուտ էի ասում, թե հիվանդ եմ) պատճառը դու չէիր, այլ այն ուժը, պարզ չգիտեմ։ Մինչև այն օրը իմ ծանոթ տղամարդիկ բոլորն էլ ինձ համար մի-մի աննշան էակներ էին, որոնց մեջ չէի գտնում այդ գրավիչ զորությունը, որ միանգամից հպատակեցրեց իմ սիրտը։ Արշակ, շատերն են ինձանով գրավվել։ Ես չեմ ասիլ, իհարկե, որ ամենքն էլ իմ հիսուն հազարի օժիտը դրել են կշռի մի թաթում, իսկ ինձ — մյուս թաթում։— Ո՛չ եղել են և՛ անկեղծ սիրողներ, բայց ոչ մեկը նրանցից չի կարողացել հպատակեցնել ինձ։ Կրկնում եմ, Արշակ, չգիտեմ ինչ է այդ զորությունը, ես նրան գտնում էի միայն վիպական հերոսների մեջ։— Բայց այժմ համոզված եմ, որ կպարզվի, երբ դու կպատմես ինձ քո անցյալը, ներկան, քո գաղափարները, նպատակները, մի խոսքով, բոլորը, բոլորը, առանց մի որևէ մանր կետ թաքցնելու։ Լսում ես, դու պիտի բոլորն ինձ համար պարզես։

Այս խոսքերից հետո, Լիզան աչքերը հառեց աչքերիս։ Նա սպասում էր, որ ես մի քանի րոպեում պատմեմ բոլոր իմ, ինչպես ինքն էր ասում, «անցյալը, ներկան, ապագան, գաղափարները, նպատակները»։ Հեշտ է ասել։

Ես պատասխանեցի, թե առաջներիս ժամանակ շատ կա և ես պատրաստ եմ պարզել իմ կյանքը։

— Հենց այսօրվանից,— հրամայեց նա։

— Հենց այսօրվանից,— համաձայնվեցի ես։

Հետո սկսեցի պատմել, թե ովքեր են իմ ծնողները, ինչ կրթություն եմ ստացել, և այլն, և այլն։

— Իսկ ի՞նչ գաղափարական նպատակներ ունես,— հարցրեց Լիզան, երբ ես ավարտեցի իմ պատմությունը։

Ես ասացի, թե դժվար է միանգամից պատասխանել այդ հարցին, քանի որ շատ խնդիրներ դեռ ինձ համար մութ են։

— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց նա հանկարծ։

— Քսան և ութերորդն եմ։

— Մի՞թե այդ հասակում դեռ քեզ համար մութ խնդիրներ են մնում։

— Կյանքը շատ բարդ բան է, Լիզա, նրան ուսումնասիրելու համար տասնյակ տարիներ են հարկավոր։

— Որոշ նպատակներ և գաղափարներ ունեցող մարդը կյանքը շուտ է ըմբռնում։ Պետք է միայն տեսակետ ունենալ։

Ես սկսեցի մանրամասն բացատրել, թե դրա համար հարկավոր է ունենալ ձիրք, այսինքն՝ դիտողական ձիրք։ Խոստովանեցի, թե ինձ նման հասարակ մահկանացուները դեռ շատ պիտի ապրեն, որ ճանաչեն կյանքը, թե նույնիսկ տաղանդավոր մարդիկ մեծ մասամբ սխալվում են, երբ շտապ եզրակացություններ են անում կյանքի երևույթների մասին, մի խոսքով, երկու ամբողջ ժամեր ես տաքացած բացատրեցի իմ միտքը Լիզային։ Արդեն ուշ էր, Մարտին Բուղդանիչի ճաշին վերադառնալու ժամանակը մոտեցել էր։ Բարձրացա տեղիցս, որ հրաժարական տամ, Լիզան պահեց։

— Լսի՛ր,— ասաց նա,— դու չե՞ս նեղանում, որ քեզ գաղտնագողի եմ ընդունում ինձ մոտ։

— Ամենևին, եթե քաշվում ես հորիցդ։

— Ես նրանից չեմ քաշվում, միայն հարգում եմ նրան, և առժամանակ պիտի այդպես տեսնվենք։ Հայրս կորցրել է իր հավատը դեպի մեր երիտասարդները։ Նրան հայտնի է մեր փոխադարձ համակրությունը։ Բայց նա կասկածում է, միգուցե դու էլ ինձ վրա օժիտի կողմից ես նայում։ Սակայն նա քեզ գովում է, և դու կարող ես երեք-չորս օրը մի անգամ նրան այցելել։

Մենք բաժանվեցինք։ Ես սկսեցի մտածել Լիզայի ասածների մասին։ Այն ի՞նչ մի զորություն է իմ մեջ, որ հպատակեցնում է նրան։ Ո՞րտեղ է սովորել Լիզան այդպես դատել, գրքերի՞ց, թե՞ կյանքի փորձն է նրա մեջ հղացրել այդ ամենը։ Ո՞վ է Լիզան, ի՞նչ տեսակ էակ է, որ մինչև այժմ ոչ ոքի չի հպատակվել և այժմ յուր սիրտը տալիս է ինձ, ոչ թե ինձ, այլ այն զորությանը, որ իմ մեջ զգում է։ Քանի այդ հարցերն ինձ զբաղեցնում էին, այնքան Լիզան իմ աչքում բարձրանում էր և դառնում մի անհասկանալի էակ։

Ես ամեն օր տեսնում էի իմ սիրեցյալին, իսկ երեք-չորս օրը մի անգամ, նրա պատվերով, Մարտին Բուղդանիչին։ Ծերունին, երևի զգալով իմ կողմից ևս թեթև սառնություն դեպի ինքն, այս անգամ ինքը սկսեց նորից մոտենալ ինձ։ Նրա խոսակցության և վիճաբանության համար մի ահագին և հետաքրքրելի ասպարեզ էր բացվել։ Դա ռուս-տաճկական պատերազմն էր, որ այն ժամանակ նոր էր ծագել։ Իսկ Եվգենյան շարունակում էր ինձ հալածել իր ծաղրող հայացքներով։ Այդ օրիորդը քանի գնում, այնքան աչքիցս ընկնում էր, նամանավանդ այն օրից, երբ ես տեսա նրա հավանած փեսացվին։ Դա մի լպստած ֆրանտ տղա էր, փոքրիկ շամամաձև գլխով, որից միշտ Violet do parme-ի հոտ էր գալիս։ Ի՞նչ գործի էր այդ տղան, և ով էր — ես չգիտեի և չէի էլ հետաքրքրվում, բայց հագստից-բանից երևում էր, որ հարուստ մարդու որդի էր։ Կարճահասակ, աչքերը նեղ և երկայնաձև, ճակատը տափակ, երեսը սափրած ու ականջների առջև մի-մի մատաչափ մազեր թողած, յուղած սև մազերը նեղ ճակատի վրա երկու կտոր ոլորած և գլխի կաշիին կպցրած — ահա նրա կերպարանքը։ Մի բան, որ ինձ ամենից ավելի էր վրդովեցնում, այն նրա նեղ պատրիպատրի վարտիքն էր։ Ամեն անգամ, երբ նստում էր բազկաթոռի վրա, ես ակամա նայում էի նրա ծնկներին, սպասելով որ ահա վարտիքը կպատռվի։ Խոսակցության ժամանակ, նա սովորություն ուներ ձեռներով զանազան բեմական շարժումներ անել, կրծքին խփել և ստեպ-ստեպ մազերն ուղղել և այլն։ Մի խոսքով, ես այդ տղին չէի սիրում։ Նա էլ ինձ չէր սիրում։ Բայց ուրախ էի, որ Եվգենյան զբաղված լինելով այդ զարդարուն խաղալիքով, չէր խանգարում մեզ, և ես ամեն օր կարողանում էի Լիզայի հետ առանձնանալ դահլիճում և երկար խոսել։ Օրեցօր իմ սերը տաքանում էր դեպի Լիզան, և ես ավելի ու ավելի սերտ կապով էի կապվում նրա հետ։ Է՛հ, երեխայություն, երեխայություն։ Մի ծխախոտ տուր, Գևորգ, իմս վերջացել է։

Քանի մի վայրկյան լուռ ծխելուց հետո, Արզաս Պետրովիչը շարունակեց։

— Առաջ ես, Գևորգ, այնքան էլ չէի սիրում խոսել և ավելի լուռ, մռայլ մարդ էի, քան թե զվարճախոս և ուրախ։ Բայց Լիզայի հետ բացատրվելուց հետո դառել էի շատախոս կաչաղակ։ Չկարծես, ամենքի հետ։ Ո՛չ, միայն և միայն Լիզայի հետ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իմ սիրեցյալն ինձ պատվիրել էր պարզել իմ մտքերը, այլ հենց ինքս զգում էի մի տեսակ ներքին պահանջ։ Ես անհնարին էի համարում Լիզայից թաքցնել մինչև անգամ մի աննշան կետ իմ իմացածից։ Այս պատճառով, ոգևորված, ժամերով խոսում էի և չէի հոգնում։ Այսպես թե այնպես, մի ամսվա ընթացքում Լիզան բոլորովին ծանոթացավ ինձ հետ։ Այլևս չունեի գաղտնիք, որ նրան հայտնի չլիներ։ Բայց անցավ առաջին ամիսը մեր սիրահարության, և այնուհետև, սիրելի Գևորգ, սկսեց ամեն ինչ փոխվել, տակնուվրա լինել։ Ահա թե ինչպես։

Արզաս Պետրովիչը դատարկ շիշը վերցրեց և գլխիվայր պահեց։ Հետո նա շիշը դրեց սեղանի վրա, մի քանի վայրկյան լռեց և ծիծաղելով ասաց․

— Գևորգ, պարսկական դերվիշները հիանալի սովորություն ունեն։ Հեքիաթ ասելիս, հանկարծ նրանք ամենահետաքրքիր տեղում լռում են։ Ժողովուրդն անհամբերությամբ նայում է նրանց բերանին, իսկ դերվիշը իր քյաշկուլը պահելով ունկնդիրների առջև, ասում է․ «Նաղլըմի սովան շախս հազրաթի Աբբաս յոլընդա ղոյ բիր զաթ սալսուն բուրա»։ Դու թուրքերեն գիտե՞ս։

— Ոչ,— պատասխանեց Գևորգը։

— Ասում է․ «Պատմությունս հավանող անձը, մարգարե Աբբասի անունով թող մի բան ձգե այստեղ»։ Եվ դերվիշը չի շարունակում հեքիաթը, մինչև յուր գումարի ստանալը։ Հասկացա՞ր։

Արզաս Պետրովիչը, ժպտալով, ցույց տվեց գարեջրի դատարկ շիշը։ Գևորգը, ծառային կանչելով, հրամայեց մի շիշ ևս գարեջուր բերել։ Ծառան բերեց շիշը, և Արզաս Պետրովիչը մի բաժակ լցրեց ու միանգամից դատարկեց։

— Ну-с, իմ սիրելի Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով մետաքսյա թաշկինակով,— ինչպես ասացի, ես պարզեցի իմ գլուխն ու սիրտը Լիզայի առջև, այսինքն՝ արեցի մի աններելի հիմարություն որ ինձ շատ վնասեց, բայց շատ էլ օգուտներ տվեց վերջը։ Թե ինչ օգուտներ — այդ հետո կիմանաս ինքդ, ես կպատմեմ միայն թե ինչպես վնասեց։ Երբ Լիզան, մինչև, այսպես ասած, ոսկորներիս ուղեղն ինձ ճանաչեց, այնուհետև ես նկատեցի նրա մեջ ինչ-որ փոփոխություն։ Դա սառնություն չէր դեպի ինձ, այլ ինչ-որ անորոշ վերաբերություն։ Թվում էր, որ Լիզան ինձ առաջվա պես սիրում է, բայց առաջվա պես այլևս չի հրճվում ինձանով։ Շատ անգամ, խոսակցելու ժամանակ, նկատում էի նրա դեմքի վրա մի ժպիտ, որ արտահայտում էր մի տեսակ կասկած դեպի իմ խոսքերի ճշմարտությունը։ Այդպիսի րոպեներին ես շարունակ նայում էի նրա երեսին, որ հասկանամ միտքը և կարծում էի, որ նա կշփոթվի այդ հայացքից և ինքը կզղջա իմ առջև յուր կասկածի մասին։ Բայց ոչ ես էի նրա միտքը լավ հասկանում և ոչ էլ իմ սուր հայացքներն էին նրա վրա ազդում։ Այս նկատելով, ես ինքս էի սկսում զղջալ։ «Ի՞նչ մանրակրկիտ մարդ եմ»,— կրկնում էի ինքս ինձ և, միևնույն ժամանակ դարձյալ սկսում էի կասկածել։ Պիտի ասեմ, Գևորգ, որ մինչև այդ կասկածանքն իմ մեջ հղանալը, մեր բացատրությունից հետո, ես էլ փոքր առ փոքր փոխվում էի դեպի Լիզան։ Միայն այդ փոփոխությունն այն չէր, ինչ որ Լիզայինը։ Մի փոքր առաջ նկարագրեցի Լիզայի կերպարանքը, և դու տեսար, որ նա, թեև ոչ շատ գեղեցիկ, բայց հրաշալի էակ էր։ Նա հափշտակեց ինձ, կուրացրեց միանգամայն, և ես, հիացած, չգտա ոչ մի պակասություն նրա մեջ։ Առաջին անգամ իմ մեջ ծագեց մի ցանկություն․ «Երանի թե քեզ հետ խոսեմ»,— ասացի մտքումս։ Երբ Լիզան երկրորդ անգամ դաշնամուրի վրա ածում էր, իսկ ես նայում էի նրա մատներին՝ մտածեցի․ «Երանի թե կարողանամ գրավել քեզ, Լիզա»։ Երբ մի փոքր համոզվեցի, որ գրավել եմ Լիզային, «Երանի թե կարողանամ համբուրել քո ձեռը», ասացի ինքս ինձ։ Իսկ երբ ստացա իրավունք նրա ձեռներն էլ, թշերն էլ, շրթունքներն էլ անթիվ անգամ համբուրել, այն ժամանակ միայն սկսեցի զննել Լիզայի դեմքն և շատ պակասություններ գտա այդ դեմքի վրա։ Մի օր ինձ թվաց, թե նրա քիթը կարճ է, մյուս օրն ես նկատեցի, որ նրա ծնոտը մի փոքր մեծ է և չի համապատասխանում դեմքի ուրիշ մասերին։ Եվ այսպես, ես ամեն օր մի ֆիզիկական պակասություն էի գտնում Լիզայի մեջ։ Այս ամենն ես հայտնում էի իրան, միևնույն ժամանակ, իմ սերը դրանով չէր պակասում, ընդհակառակը, օրըստօրե նա զորեղանում էր։ Բայց մի զարմանալի բան, Գևորգ, որի վրա արժե մտածել — երբ իմ մեջ ծագեց կասկած, թե Լիզան մի քիչ փոխվել է դեպի ինձ, նրա դեմքի այդ բոլոր պակասություններն իսկույն անհետացան իմ աչքում, և դարձյալ Լիզան թվաց ինձ աննման հրեշտակ։ Թե ինչու և ինչ պատճառներից էին առաջանում այդ փոփոխությունները — չեմ կարող բացատրել։

Այսպես, Գևորգ, ես Լիզայի մեջ նկատեցի մի տեսակ փոփոխություն դեպի ինձ։ Կարո՞ղ էի գուշակել, որ այդ փոփոխությունն արմատապես պիտի փոխեր իմ կյանքը, հիմնահատակ աներ կնոջ վրա կազմած բոլոր իմ գաղափարներն, այնպես, որ այսօր ես նրա վրա նայեի բոլորովին թշնամական աչքով։ Բայց այսպես եղավ, Գևորգ, և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Իմ նշանակությունը թուլացավ Լիզայի աչքում այն ժամից, երբ նա ճանաչեց ինձ, նրա համար պարզվեց իմ, հասարակ մահկանացվիս կյանքը։ Ազատասիրական գաղափարներով հափշտակված, ես աշխատում էի նայել Լիզայի վրա իբրև ինձ հետ հավասար մի էակի վրա։ Ես չէի օգտվում իմ մտավոր զարգացման առավելությունից և չէի ձգտում բարձրից նայել նրա մտավոր կարողության վրա։ Թեև մենք շատ բաներում համաձայն չէինք իրարու մտքերով, և ես շատ անգամ հերքում էի նրա հայացքները կյանքի վերաբերմամբ, բայց հարգում էի այդ հայացքները և երբեք, երբեք չէի արհամարհում նրան։ Եվ, հավատացի՛ր, Գևորգ, որքան հարգում էի և որքան խոնարհվում էի Լիզայի առջև, նույնքան նա աշխատում էր ինձ վրա բռնանալ և նույնքան ձգտում էր արհամարհել իմ մտքերը։ Այս բոլորը ես Արգոսի աչքերով տեսնում էի և ոչ մի կետ բաց չէի թողնում, տեսնում էի և, միևնույն ժամանակ, չէի կարողանում պատճառը գտնել։ Որպեսզի վերջ տամ Լիզայի այս անախորժ վարմունքին դեպի ինձ, վճռեցի մի համարձակ քայլ անել։ Կամենում էի միանգամից իմանալ նրա միտքը։

— Լիզա,— հարցրի մի օր, երկար վիճաբանությունից հետո,— ե՞րբ պիտի վերջնականապես վճռվի մեր վիճակը։

Այս հարցն առաջարկեցի հանկարծ։ Լիզան չհասկացավ նրա միտքը։ Նա զարմացած նայեց երեսիս և հարցրեց, ի՞նչ ես ուզում ասել։

— Կամենում եմ իմանալ, թե ե՞րբ պիտի պսակվենք,— պատասխանեցի ես համարձակորեն և շտապով, որպեսզի չվհատվեմ և չփոշմանեմ։

Լիզան աչքերը խոնարհեցրեց և պատասխանեց․

— Չգիտեմ։

— Իսկ ես կարծում եմ, որ միայն դու գիտես։ Մի՞թե հորդ կողմից արգելք կա։

— Ես հանձնված եմ իմ իրավունքին, ոչ ոք չի կարող իմ կամքին հակառակել։

— Ուրեմն էլ ի՞նչ պատճառ կա սպասելու։

— Դեռ համբերիր,— կրկնեց Լիզան մի այնպիսի հրամայողական եղանակով, որ ես այլևս չհամարձակվեցի երկարացնել։

Նույն օրը ես բաժանվեցի Լիզայից տխուր և աչք-ունքս թափած։ Եկա տուն։ Լիզայի անորոշ պատասխանն ինձ սկսեց տանջել։ Այո, Գևորգ, տանջել։ Ինչ տեսակ էակ է Լիզան, մտածում էի ես։ Ինձ թվում էր, Գևորգ, թե նա ինձանից հեռանում է, ինչպես երկնքի երեսին շարժվող ամպերի ստվերը։ Ես ձգտում էի հասնել ստվերին, պահել նրան, չթողնել առաջ շարժվելու։ Սակայն չէի կարողանում, հարկավոր էր նախ ամպերը պահել, որպեսզի նրանց ստվերը կանգնի, իսկ ես շատ հեռու էի ամպերից։ Նրանք երկնքումն էին, իսկ ես երկրի երեսին։— Դա Լիզայի անգութ սիրտն էր։ «Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ կարող եմ անել»,— կրկնում էի անդադար, գլխիս մազերը փետելով։ Երկար ժամերով մտածում էի այդ մասին և ոչ մի իմ սրտին նպաստավոր եզրակացության չէի հասնում։ Օրըստօրե ինձ համար ավելի ու ավելի պարզվում էր, որ Լիզայի սերը թուլանում է դեպի ինձ։ Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, ի՞նչ մի չար զորություն հանկարծ փոխեց Լիզայի սիրտը կամ ինչ մի աներևույթ ուժ ինձ կերպարանափոխեց Լիզայի աչքում։ Մի՞թե ես նախկին Արշակը չէի, որի մեջ նա զգում էր ինչ-որ ձգող զորություն։ Ճշմարի՞տ էր ասում նա, թե նա կեղծավորում էր կամ գուցե դա մի ժամանակավոր հափշտակություն էր նրա կողմից։ Բայց չէ՛, մի՞թե Լիզան կարող է հափշտակվել, այն Լիզան, որի սիրտը մինչև քսանուվեց տարեկան հասակը, ոչ մի երիտասարդի համար չէր բաբախել։ Էհ, գուցե բաբախել էր, բայց Լիզան դիմակ էր հագնում իմ առջև, սուտ էր ասում, որ իմ աչքում իրան ցույց տա իբրև մի հերոսուհի։ Կարո՞ղ ես զգալ, Գևորգ, թե որքան ինձ տրորում էին, չարչարում էին այդ չարագուշակ հարցերը։ Ես չեմ կանգնիլ երկարորեն քեզ նկարագրելու, թե ինչ էի զգում այդ օրերում։ Այսքանը կասեմ, որ իմ աչքում ամեն ինչ անհետացել էր, բացի Լիզայից։ Իմ ուղեղը կաշկանդված էր նրանով։ Ես սկսեցի ատել ամեն ինչ, նույնիսկ ինքս ինձ, բացի Լիզայից։ Ես ատում էի մինչև անգամ անմեղ բնությունն և նրա գեղեցկությունը։ Լուսին երեկոներին ես, հակառակ իմ սովորության, չէի դուրս գալիս փողոց։ Առաջ, այդ երեկոները ինձ վրա թեև ծանր, բայց ախորժելի տպավորություն էին անում, իսկ այժմ աննկարագրելի դառն ազդեցություն էին գործում։ Այդպիսի երեկոներին ես փախչում էի տուն, փակվում սենյակում, որ չտեսնեմ լուսնի երեսը։

Այսպես անցավ, Գևորգ, մոտ մինչև երեք շաբաթ,— շարունակեց Արզաս Պետրովիչը, հառաչելով։— Ես շարունակում էի տեսնվել Լիզայի հետ, բայց միշտ նրա դեմքին նկատում էի նույն կասկածավոր ժպիտը, միշտ նա իմ հարցերին տալիս էր անորոշ պատասխաններ կամ ամենևին չէր տալիս։ Վերջապես մի օր․․․ Բայց թույլ տուր, Գևորգ, մի քիչ հանգստանալ։

Անցան մի քանի րոպեներ, Արզաս Պետրովիչը հանգցրեց ծխախոտը և շարունակեց․

— Մի օր, իրիկնադեմին, ես գնացի Բադամովների տուն։ Այդ այցելությունը պատկանում էր Մարտին Բուղդանիչին։ Քանի ժամանակ էր նրա երեսը չէի տեսել։ Ես ծառային հրամայեցի հայտնել իմ մասին, և քանի մի վայրկյանից հետո, նա վերադառնալով, մի հեգնական ժպիտ երեսին (գուցե ինձ այնպես թվաց) հրավիրեց ինձ դահլիճ։ Մարտին Բուղդանիչը, մեջքը բազկաթոռին տված, ծխում էր իր երկայն չիբուխը։ Նրա աջ կողքին նստած էր Եվգենյան իր լպստածի հետ, որ մի ինչ-որ գիրք էր թերթում ձեռքում։ Լիզան նստած դաշնամուրի դեմ, շտապով դեսուդեն էր թերթում նոտաների տետրը։ Մարտին Բուղդանիչի դեմուդեմ նստած էր մի ինձ համար անծանոթ հյուր։ Երբ ես ներս մտա, Մարտին Բուղդանիչը բարձրացավ տեղից՝ ինձ բարևելու։ Լիզան կես պաշտոնական քաղաքավարությամբ մոտեցավ և հարցրեց շտապով․ «Ինչպե՞ս եք»։ Ես ամենին ձեռ տվեցի։ Երբ հերթը հասավ Եվգենյային, նա ինձ վրա ձգեց առաջվանից ավելի հեգնական և, կարող եմ ասել, անպատկառ մի հայացք։ Իսկ նրա ֆրանտը յուր հիմար լնդերքը բաց արավ և նեղ ճակատի տակից նեղ աչքերն ինձ վրա հառեց։

— Սերգեյ Միխայլովիչ, ներկայացնում եմ ձեզ բարեկամիս, բժիշկ Արզաս Պետրովիչ Մագսուտյանին,— ասաց Մարտին Բուղդանիչը։

Բազկաթոռը ճռճռաց, Գևորգ, և նրա միջից բարձրացավ մի վիթխարի։ Նա, մի փոքր իմ կողմ շուռ գալով, քթի տակ մրթմրթաց յուր ազգանունը և լայն ու երկայն ձեռը մեկնեց դեպի ինձ։ Ես սեղմեցի այդ հսկայական ամուր ձեռը և հազիվ-հազ լսելով նրա ազգանունը՝ «Սեթյան», տեղավորվեցի բազկաթոռներից մեկի վրա։ Վիթխարին ուղղելով յուր սև սյուրտուկի երկայն փեշերը, կրկին թաղվեց բազկաթոռի մեջ։ Դա մոտ երեսունևհինգ տարեկան, պարթև հասակով, լայն թիկունքով, երկայն բազուկներով, խոշոր աչքերով և գեղեցիկ, բայց մռայլ դեմքով մի տղամարդ էր։ Ես նայեցի նրա կարճ խուզած սև մազերին ու միրուքին, թանձր բեղերին, որ հովանավորում էին նրա սեղմված շրթունքները, նայեցի նրա հայկական արծվանման քթին և, չգիտեմ ինչու, մտքումս ասացի «լավ է»։ Լիզան դաշնամուրը թողեց, որի վրա մինչև իմ գալը պատրաստվում էր ածելու, և եկավ նստեց մեր շարքում, հսկայի դեմուդեմ։ «Ինչո՞ւ իմ դեմ չնստեց», անցավ իսկույն մտքովս, բայց ես իսկույն էլ մոռացա այդ։

Մարտին Բուղդանիչը համառոտ ծանոթացրեց ինձ և նոր հյուրին իրարու հետ։ Ես նրա հատ ու կտոր բացատրություններից իմացա, որ Սեթյանն յուր ամենահին բարեկամներից մեկի որդին է, նոր է վերադարձել Գերմանիայից, ուր ուսումնասիրել է ինչ-որ մասնագիտություն և այժմ մտադիր է Թիֆլիսի շրջակայքում գործարան բանալ։ Թե ինչ էր նրա մասնագիտությունն և ինչ գործարան պիտի բանար — չիմացա։ Ինքը Սեթյանն էլ ոչինչ չասաց։ Փոքր առ փոքր խոսակցությունը տաքացավ։

Սեթյանը լուռ էր, միայն երբեմն Մարտին Բուղդանիչի այս կամ այն հարցին պատասխանում էր «այո» կամ «ոչ» և ուրիշ ոչինչ։ Նա ոչ ոքի երեսին չէր նայում։ Բայց երբ թանձր բեղերը բարձրացնում էր, որ արտասանի իր «այո»-ն կամ «ոչ»-ը, ամենը նայում էին նրա երեսին։ Որովհետև ամենի հայացքների կենտրոնը նա էր, ուստի ես էլ բնազդաբար նրան էի մտիկ անում։ Իրավ, Գևորգ, արժեր նայել այդ առնական, գեղեցիկ, մռայլ և գրավիչ դեմքին։ Բայց ես այնքան հավատ չէի ընծայում այդ դեմքին և զգում էի, որ նրա զորությունը լռության մեջ է և եթե Սեթյանը սկսի շատ խոսել, իսկույն կկորցնի բոլոր յուր նշանակությունը։ Ես ներում էի ամենին և նույնիսկ ինձ, որ այդպես ստրկաբար հպատակվում էինք այդ մարդուն, բայց չէի կարողանում ներել միայն Լիզային։ Ինչո՞ւ է նա այդպես խոր մտիկ անում այդ նոր հյուրին, մինչդեռ սա արժանի էլ չի համարում երեսը շուռ տալ նրա կողմը։ Դեռ այս ոչինչ․ ինչո՞ւ Լիզան ինձ վրա չի ուզում նայել։ Ինչո՞ւ, երբ նա մեզ մի հարց է առաջարկում և երբ ես եմ պատասխանում այդ հարցին, ուշադրություն չի դարձնում ինձ վրա։

Կասկածը դարձյալ սկսեց որդի նման ուտել իմ սիրտը, ծագեց իմ մեջ մի նոր, մինչև այդ ժամանակ անծանոթ զգացում, որ ավելի վտանգավոր էր, քան թե հասարակ կասկածը։ Դա այն զգացումն է, Գևորգ, որ մի քանի իմաստասերներ հերքում են զարգացած մարդու մեջ։ Չհավատաս, Գևորգ, սուտ է, այդ մարդիկ, իրանք երևի չեն սիրահարվել և այդ պատճառով չգիտեն, որ ինչ տեղ կա սեր, այնտեղ կա նույնպես և խանդ։ Մեկն առանց մյուսի անհասկանալի է և որքան զորեղ է մեկը, նույնքան զորեղ է և մյուսը։ Է՛հ, ինչ երկարացնեմ, ես տանջվում էի, բարկանում էի Լիզայի վրա, տաքանում էի ինքս իմ մեջ, շփոթվում էի։ Լիզան հասկանում էր այդ, բայց, միևնույն ժամանակ, կարծես, իմ մեջ այդ նոր զգացումն ավելի զորեղացնելու համար, չէր փոխում իր վարմունքը։ Վերջապես, մեր խոսակցությունը դարձավ բժշկականության վրա։ Այդ տարի Թիֆլիսում կար մի ինչ-որ վարակիչ հիվանդություն, որ ընդհանուր խոսակցության առարկա էր։ «Ահա, վերջապես, իմ ասպարեզը,— մտածեցի ես․— այժմ ես կդառնամ ամենքի ուշադրության կենտրոնը, բոլորն ինձ կլսեն, իսկ քեզ Լիզա, ցույց կտամ, թե ո՞վ է հաղթողը»։

— Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ, վերջապես, Մարտին Բուղդանիչը,— ինչպես եք կարծում, ինչո՞ւ բժշկականությունն անկարող է այդպիսի հիվանդությունների առաջն առնել։

— Դա առողջապահության գործն է և ոչ թե բժշկականության,— պատասխանեցի ես, ամեն մի բառն առանձին շեշտելով, որպեսզի ունենամ իմ ցանկացած ազդեցությունը։

Ես նայեցի Լիզային, բայց նա երեսը շուռ տվեց ինձանից։ Դա ինձ շփոթեց, բարկացրեց և հուզեց։

— Մինչև հիվանդության երևալը, բայց երբ նա երևո՞ւմ է,— երկին հարցրեց Մարտին Բուղդանիչը։

— Այնուհետև, իհարկե, բժշկականության գործն է,— պատասխանեցի ես տաքացած,— իսկ թե ինչու չի կարողանում բժշկականությունը վերջ տալ այդպիսի հիվանդությունների, դա նրանից է, որ այդ հիվանդությունների մասին դեռ շատ մութ խնդիրներ կան նրա համար չպարզված։

Այս ասելով, անգիտակցաբար նայեցի Սեթյանի երեսին։ Ինչո՞ւ — ինքս էլ չգիտեի։ Իսկ նա դարձյալ ոչ ոքին չէր նայում, դարձյալ լուռ էր և կարծես վճռել էր բնավ չխոսել։

Մարտին Բուղդանիչը չբավականանալով իմ պատասխանով, դիմեց նոր հյուրին․

— Ձե՞ր կարծիքն ինչ է, Սերգեյ Միխայլովիչ։

Սերգեյ Միխայլովիչ Սեթյւսնը գլուխը թեքեց բազկաթոռի մեջքին, ձեռները տարածեց աջ ու ձախ, բեղերը դանդաղությամբ շարժեց և խորհրդավոր եղանակով պատասխանեց չորս խոսք։

— Բժշկականությունը դրական գիտություն չէ։

Այնուհետև նա կրկին գլուխը թեքեց կրծքին, բեղերը հավաքեց և լռեց։ Ամենքն իրանց հայացքները բևեռեցին նրա բերանին, կարծես, սպասելով, որ նա շարունակի։ Բայց նա լռեց։ Ես մտիկ արեցի նրա երեսին, և նա այս անգամ ինձ վրա մի ահագին ժայռի տպավորություն գործեց։ Թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող նրանից ավելի խոսք դուրս քաշել։ Բայց ինչ ասաց նա, ոչինչ — գրեթե միևնույնը, ինչ-որ ես ասացի մի քիչ առաջ։ Ինչո՞ւ ոչ ոք չնայեց ինձ վրա, ոչ ոք նշանակություն չտվեց իմ պատասխանին։ Ինչո՞ւ այժմ Լիզան ստրկաբար նայում է նրա երեսին, կարծես սպասելով, որ այդ ժայռը գոնե մի թեթև հայացք ձգի յուր վրա։

— Իհարկե,— շարունակեցի ես Սեթյանի փոխարեն,— բժշկականությունը մաթեմատիկական գիտություն չէ, նա չունի որոշ և անսխալ ֆորմուլներ, որոնց հիման վրա կարողանար անհերքելի եզրակացություններ անել։ Բայց նա, այնուամենայնիվ, գիտություն է և շատ օգտավետ գիտություն․․․ Այս վերջին խոսքերն ավելացրի տաքացած և ձայնս բարձրացնելով։ Ինչպես տեսնում ես, Գևորգ, անտեղի էին այդ խոսքերը, բայց ես չհամբերեցի և, զգալով, որ Սեթյանը ծաղրում է իմ մասնագիտությունն, ուզեցի ինձ պաշտպանել։

— Այն ինչ գիտություն է, որ որոշ եզրակացություններ չգիտե անել,— մեջ մտավ Լիզան, մի սպանող հայացք ձգելով ինձ վրա, որն իսկույն մեղմացնելով, դարձրեց դեպի Սեթյանը։

Արյունս գլխովս տվեց։

— Բժշկականությունը ես չեմ սիրում,— ավելացրեց լպստած ֆրանտն, իր կարմիր լնդերքը ցույց տալով ինձ։

— Շատ շահասեր մարդիկ են բժիշկները, նամանավանդ, հայ բժիշկները,— ներս պրծավ ատելի Եվգենյան, յուր արհամարհական հայացքը ձգելով ինձ վրա։

Գուցե, եթե զսպեփ ինձ, կարողանայի տանել այդ ինկվիզիցիան, բայց, ես, Գևորգ, չզսպեցի, և ոչ թե այդ կոպիտ նկատողությունների պատճառով։— Ո՛չ, ես կարող էի Եվգենյայի և ֆրանտի նման իդիոտների կարծիքն արհամարհել, բայց չկարողացա մարսել Լիզայի նկատողությունը։ Ամենից առավել ես նրա դեմ վրդովվեցի։

— Զարմանում եմ,— ասացի ես, բարկությունիցս կարմրելով և շրթունքներս կրծոտելով,— զարմանում եմ, ինչպես են համարձակվում մարդիկ դատողություն անել այնպիսի բաների վրա, որոնց մասին գրոշի հասկացողություն չունին։

Լիզան ժպտաց։ Սեթյանն աչքի տակով սառնությամբ նայեց երեսիս։ Եվգենյան քըռքըռ անամոթ սկսեց ծիծաղել։ Լպստած ֆրանտը հետևեց նրան։ Մարտին Բուղդանիչը դարձավ ինձ և ասաց մեղմությամբ․

— Արզաս Պետրովիչ, ներեցե՛ք, ես կարծում եմ, որ, Եվգենյան և Իվան Տարասիչը (լպստածի անունն այսպես էր) ձեզ վիրավորելու նպատակով չասացին այդ։

Ավելի հիմար դրություն չէր կարող լինել։ Խելոք մարդն իմ տեղն իսկույն գդակը կվերցներ և դուրս կգար։ Այնինչ ես կես ժամու չափ ևս նստեցի, որպեսզի մի կերպ կարողանամ վրեժս հանել ինձ վիրավորողներից։ Բայց այլևս ոչ ոք չխոսեց։ Մարտին Բուղդանիչն, այդ անախորժ դեպքի տպավորությունը ջնջելու նպատակով, խնդրեց Լիզային դաշնամուր նվագել։ Այս անգամ Եվգենյան կտրեց քրոջ առաջը, որ ինքը խաղա։ Ես մի փոքր լսեցի և հետո գլխարկս վերցրի ու ջախջախված սրտով դուրս եկա, չնայելով Մարտին Բուղդանիչի հրավերին՝ թեյի սպասելու։

Թե ինչպես անցկացրի մնացյալ օրն ու գիշերը, ես չեմ պատմիլ քեզ, Գևորգ։ Հետևյալ առավոտ վճռեցի գնալ և Լիզայից բացատրություն պահանջել։

Սովորական ժամանակն էր, երբ ես մտա նրա մոտ։ Բարեբախտաբար, նա մենակ էր։ Մարտին Բուղդանիչը կլուբում լրագրեր էր կարդում, իսկ Եվգենյան իր լպստածի հետ չգիտեմ ինչ տեղ էր կորել։ Լիզան ընդունեց ինձ սառնությամբ և, հազիվ իր մատների ծայրերը շփելով ձեռիս, հրավիրեց նստել։ Ես վճռեցի իսկույն ևեթ սկսել։

— Լիզա, ես եկել եմ քեզանից բացատրություն խնդրելու,— ասացի ես։

— Ասա՛։

— Ի՞նչ էր նշանակում երեկվա քո վարմունքը։

— Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։

— Մի՛ թաքցնիլ, Լիզա, ուղիղն ասա, ինձ սիրո՞ւմ ես։

Լիզան լռեց։

— Չե՞ս սիրում, նրա՞ն ես սիրում։

Լիզայի դեմքը շառագունեց։ Ես այնքան հուզված էի, որ Սեթյանի անունը չէի կարող հիշել։

— Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես նրան,— հարցրի ես, բռնելով նրա թևը։

— Ո՞ւմ համար ես ասում,— հարցրեց, վերջապես, Լիզան, թևը վրդովված խլելով ինձանից։

— Սեթյանի,— պատասխանեցի, հազիվհազ կարողանալով արտասանել այդ չարագուշակ անունը։

— Չգիտեմ ինչ հիման վրա ես դու այդպես կարծում։

— Հիմնվելով երեկվա քո վարմունքի վրա։

— Օրինա՞կ։

— Դու ամբողջ ժամանակ նայում էիր նրա երեսին։

— Մի՞թե արգելված է մարդուն՝ նայել մարդու երեսին։

— Բայց ինչո՞ւ ինձ վրա չէիր նայում։

— Հա՛ հա՛ հա՛,— ծիծաղեց Լիզան։

Ես ավելի վրդովվեցի։

— Դու ծիծաղո՞ւմ ես ինձ վրա, Լիզա, դու ծաղրո՞ւմ ես ինձ,— ասացի ես, կրկին բռնելով նրա թևը։

— Կան հարցեր, որոնց պատասխանը միայն ծիծաղն է,— պատասխանեց նա, կրկին թևը խլելով ձեռիցս։

— Ուրեմն իմ հարցը շա՞տ հիմար հարց է քո կարծիքով։

— Չգիտեմ, ինքդ դատիր։

Մի քանի վայրկյան ես լռեցի։ Չգիտեի ինչ ասել։

— Լիզա, պարզի՛ր ինձ քո միտքը,— խոսեցի ես վերջապես։

— Ի՞նչ ես ուզում։

— Ինձ սիրո՞ւմ ես։

Լիզան գլուխը թեքեց կրծքին, մի քանի վայրկյան մտածեց և հանկարծ, կրկին բարձրացնելով, վճռողական եղանակով ասաց․

— Չեմ սիրում։

— Պատճա՞ռը։

— Պատճառը․․․ չգիտեմ,— պատասխանեց Լիզան․․․

— Բայց ես քեզանից բացատրություն եմ պահանջում։

— Ես ասացի քեզ, որ չեմ սիրում։

— Պատճառն եմ հարցնում։

— Լսի՛ր․․․ Լսեցե՛ք։ Ես քո, ներողություն․․․ ես ձեր մեջ այլևս չեմ տեսնում այն ուժը, որ ինձ հափշտակեց, ինձ, որ մինչև քսանուվեց տարեկան հասակս ոչ ոքով չէի հափշտակվել։

— Ինչո՞ւ, մի՞թե ես փոխվել եմ։

— Չգիտեմ, գուցե դուք միևնույնն եք, բայց այն օրից, երբ ես ձեզ բոլորովին ճանաչեցի, դուք իմ աչքում հավասարվեցիք հասարակ մարդկանց հետ։

— Մի՞թե դու կարծում էիր, որ ես հասարակ մահկանացու չեմ։

— Այնքան էլ թեթևամիտ չեմ, որ ձեզ անմահի տեղ ընդունեի։ Բայց ես ձեր մեջ չեմ տեսնում այն զորությունը, որ հպատակեցնում է կնոջը, որ ստրկացնում է նրան։ Տղամարդը պետք է ունենա այդ ուժը։

— Ախար դա ի՛նչ զորություն է, Լիզա, որ դու ինքդ էլ բացատրել չես կարողանում,— հարցրի ես խեղդված ձայնով։

— Առաջ չգիտեի ինչ զորություն է, այժմ պարզվեց ինձ համար։ Դա այն զորությունն է, որ տղամարդին պահում է կնոջ համար մի անհասանելի բարձրության վրա։ Կինը միշտ պիտի ձգտի մոտենալ այդ բարձրությանը, բայց չկարողանա հասնել։ Հենց որ հասավ, այն օրվանից տղամարդը կընկնի նրա աչքում, և նա այլևս չի կարող սիրել տղամարդին, ինչպես այժմ ես չեմ կարող սիրել ձեզ, պարոն Մագսուտյան։

— Լիզա, դու հերոս ես որոնում, ախ, ո՛չ, ներողություն, դուք, դուք հերոս եք որոնում։

— Դիցուք, թե հերոս եմ որոնում, մի՞թե չի կարելի գտնել։

— Հերոսները գոյություն ունեն միայն վեպերում։ Վիպասանի երևակայությունն է ստեղծում նրանց։ Դո՛ւրս բերեք ձեր գլխից այդ ցնորքը։

— Քաղաքավարության սահմանից մի՛ դուրս գաք,— ընդհատեց ինձ հանկարծ Լիզան հրամայողական ձայնով։— Ես ցնորված չեմ, ոչ էլ հափշտակված վիպասանների երևակայության պտուղներով; Լսեցե՛ք։ Մարդը բնությունից ծնված է կամ ստրուկ լինելու կամ ստրկացնելու ձգտումներով։ Երբ երկու էակներ, դիցուք, այր և կին միանում են բախտավոր ապրելու համար, նրանցից մեկը պիտի լինի ստրուկ, մյուսը նրա տերը։ Ուրիշ կերպ անհնարին է, որ նրանք բախտավոր լինին։ Նրանց միացնող կապը չի կարող առանց դրան ամուր լինել։

— Այսինքն՝ այնպես, ինչպես ասիական ընտանիքներո՞ւմ, ուր մարդը կնոջ տերն է,— հարցրի ես, ավելի ու ավելի զարմանալով։

— Ամենևին,— պատասխանեց Լիզան,— ամենևին։ Այնտեղ տիրում է բռնակալություն և ոչ թե ստրկություն։ Այնտեղ կինը հպատակվում է մարդու արտաքին իրավունքներին։ Ես խոսում եմ այն բարոյական և հոգեկան առանձնահատկությունների մասին, որոնք մի էակին անգիտակցաբար հպատակեցնում են մյուսին։ Լա՛վ լսեցեք, անգիտակցաբար եմ ասում և ոչ թե գիտակցաբար։

Այս խոսքերից հետո Լիզան լռեց։

— Բայց ինչո՞ւ պիտի միայն տղամարդն ունենա իր մեջ այդ ձեր ասած հոգեկան զորությունը,— հարցրի ես։

— Ես զգում եմ, որ կնոջ համար ավելի դյուրին է և քաղցր հպատակվել, քան թե հպատակեցնել։ Հենց այդ հպատակությունն է, որին մարդիկ անվանում են կնոջ սեր։ Ես այսպես եմ հասկանում։ — Դա սխալ գաղափար է, օրիորդ,— ընդհատեցի ես։

— Սխալ թե ուղիղ, բայց իմ համոզմունքն է։

— Եվ դուք երբեք չե՞ք փոխելու։

— Երբե՛ք։

— Ուրեմն իմ մեջ չկա՞ այդ զորությունը։

— Չգիտեմ, բայց, ո՛վ գիտե, գուցե կա — ես չեմ զգում։ Սակայն ինձ թվում է, որ եթե զգայի, այս խոսակցությունը մեր մեջ չէր լինիլ և ես կհետևեի ձեզ անգիտակցաբար, ուր որ գնայիք։

— Բայց ո՞ւմ մեջ եք զգում,— հարցրի ես։

— Բավական է,— պատասխանեց Լիզան խստությամբ։

— Ուրեմն ձեր սերը դեպի ինձ․․․

— Ես պատասխանեցի արդեն այդ հարցին,— ընդհատեց խոսքս Լիզան և ձեռով մի վճռողական շարժում անելով, բարձրացավ տեղից։

Ես ոչխարի պես մի րոպե ապշած նայեցի նրա երեսին, հետո կոկորդիս մեջ զգացի մի ճնշում։ Կարծես մեկը խեղդում էր ինձ։

Լիզան նայեց ինձ և ասաց․

— Դուք արտասվո՞ւմ եք, դա թուլություն է․․․

Իրավ, որ ես հիմարս արտասվում էի, Գևորգ, և շատ դառն էի արտասվում։ Բայց Լիզայի հանդիմանությունը մի րոպե իմ մեջ վառեց առնական ինքնասիրությունս։ Ես գլխարկս վերցրի և ասացի․

— Մնացեք բարով։

— Գնացեք բարով, կարող եք այցելել, եթե ուզում եք,— պատասխանեց Լիզան, ձեռը մեկնելով ինձ։

— Ոչ, հավիտյան, հավիտյան,— կրկնեցի ևս և շտապով դուրս եկա։

Այստեղ Արզաս Պետրովիչը հանկարծ լռեց և, գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը, ուր քրտինքի նշույլ անգամ չկար։ Նա այնպիսի արագությամբ և ամուր էր քսում թաշկինակը, որ, կարծես, այդպիսով ուզում էր հեռացնել իրենից անցյալի վշտալի հիշատակները։ Գևորգը, որ մինչև այդ ժամանակ լուռ ու մունջ, աչքերը հառած իր բարեկամի երեսին, խորին ուշադրությամբ լսում էր նրա պատմությունը, անհամբերությամբ հարցրեց․

— Հետո՞։

— Հետո, էլ ինչ հետո,— պատասխանեց Արզաս Պետրովիչը, խոր հառաչելով։— Հետո, բարեկամս, ընկա այն դրության մեջ, որից դուրս գալու համար միայն երկու ելք ունեի — կամ ինքնասպանություն, կամ մոռացություն։ Բարեբախտաբար, կարողացա դիմել երկրորդ միջոցին։ Հանգամանքների բերմամբ կառավարությունն ինձ պաշտոնով փոխադրեց ուրիշ քաղաք։ Այստեղ ինձ հաջողվեց մի տարվա ընթացքում դուրս բերել սրտիցս Լիզային։ Լիզայի հետ իմ մեջ մեռան և՛ սիրո զգացումը, և՛ հավատը դեպի կին ասված էակը։ Իսկ թե որքան ծանր և տաժանելի էր ինձ համար այդ մի տարին, ես չեմ պատմիչ, Գևորգ, որովհետև առանց այն էլ պատմությունս խիստ երկարացավ։

Արզաս Պետրովիչն արագությամբ բարձրացավ տեղից, ժամացույցին նայեց և ասաց․

— Բարի գիշեր։

— Սպասի՛ր,— պահեց նրան Գևորգը,— դու դեռ չես ավարտել քո պատմությունը, ո՞ւր ես շտապում։

— Ես ավարտեցի,— ասաց Արզաս Պետրովիչը, գլխարկը դնելով։

— Իսկ Լիզա՞ն։

— Մի՞թե այդ հետաքրքրելի է։

— Գոնե ինձ համար խիստ հետաքրքրելի է։

— Հիշում ե՞ս այն երեկոն, երբ Մուշտայիդում ես ու դու զբոսնում էինք։

— Հիշում եմ,— պատասխանեց Գևորգը, նույնպես բարձրանալով տեղից։

— Հիշո՞ւմ ես, երբ մենք նստած թեյ էինք խմում, մեր առջևով անցավ մի առողջ զույգ, որին ես բարևեցի։

— Այն գեղեցիկ կինն և այն բարձրահասակ տղամա՞րդը,— հարցրեց Գևորգը հետաքրքրվելով։

— Գեղեցիկ կինը Լիզան էր, բարձրահասակը տղամարդը — մռայլ Սեթյանը։

— Ուրե՞մն․․․ — Պսակվել են վաղուց։

— Բայց ի՛նչպես են ապրում։

— Չգիտեմ, միայն համոզված եմ, որ Սեթյանն այժմ էլ լռում է և Լիզայի տասը հարցին մի պատասխան չի տալիս։ Տասը հարցին մի պատասխան չի տալիս և յուր գլուխն ու սիրտը չի պարզում նրան, ինչպես ես արեցի հիմարաբար։

— Տասին մեկ պատասխան չի տալիս,— կրկնեց Գևորգը։

— Տասին մեկ։

— Ուրիշ ոչինչ։

— Ուրիշ ոչինչ։ Բարի գիշեր, արդեն տասներկու ժամն է։

— Սպասիր, իսկ Եվգե՞նյան, լպստա՞ծը, Մարտին Բուղդա՞նիչը,— հարցրեց իրարու հետևից Գևորգը։

— Ну, դա հետաքրքիր չէ։ Բարի գիշեր, քունս տանում է։


――――――――――


Արզաս Պետրովիչը հեռացավ։ Գևորգը մնաց մենակ։

— Ողորմելի՛ մարդ,— ասաց նա,— միայն մի փորձով կնոջ վրա այդպիսի գաղափար է կազմել։

Այնուհետև նա մի քանի վայրկյան ընկավ մտածման մեջ և հետո, ձեռը ճակատին խփելով, ավելացրեց․

— Բայց արժե մտածել Լիզայի փիլիսոփայության մասին։

1884 թ․, Թիֆլիս