Jump to content

Օրորոցի երգը զեյթունցի հայ տիկնոջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրորոցի երգը զեյթունցի հայ տիկնոջ

Նանի՛կ արա, սիրուն որդյակ,
Դու նանի՛կ, նանի՛կ, նանի՛կ,
Նանի՛կ արա, շուտ մեծացիր,
Քեզ մատա՛ղ է իմ ջանիկ:
Օրորոցդ մոր ձեռքով՝
Մեղմիկ, հանդարտ, կըշարժեմ,
Քո մեռած հոր հիշատակը
Քեզ երգելով կըպատմեմ, —
Հայրդ էր հզոր առյուծ,
Այն քաջ — արին Երվանդ,
Նա ուներ դեպ յուր ցեղը՝
Շատ սեր, շատ գութ, շատ եռանդ:
Մի օր հեծավ յուր սև ձին,
Ելավ նա դեմ ոսոխին,
Յուր հետ յուր քաջ ծառաներ`
Գնաց հալածել թշնամին:
Թշնամին էր քաշն Ռավո՝
Այն վիթխարի աժդահան՝
Զարկեց հորդ սրտի մեջ
Յուր նիզակը հոգեհան:
Զարկեց հորդ սպանեց,
Հոտերն ավար տարավ,
Վրանները կողոպտեց,
Նա մեզ ոչինչ չըթողեց:
Նանի՛կ արա, աչքի լո՜ւյս,
Նանի՛կ, որ շուտ մեծանաս,
Քո անտերունչ քաջ ցեղին
Հորդ փոխան տիրանաս:
Մեր ծաղկավետ սարերը,
Մեր խոտավետ արոտներ,
Արածում են թշնամյաց
Եվ օտարներու հոտեր:
Մեր պաղ, հստակ աղբյուրներ
Պղտորում են պիղծ շրթունք,
Թշնամուհյաց կուրծքերը՝
Զարդարում են մեր ծաղկունք:
Հպարտ, ազատ մեր ցեղը,
Ամոթալի՜ հիշատակ…
Առել է յուր պարանոց
Մեր հաղթողի լծի տակ:
Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,
Թափառում ենք սարից սար,
Օտար ձեռքերու կարոտ,
Հողին եղած հավասար:
Անարգ, գերի, անպատիվ,
Որպես պիղծ ազգ անամոթ,
Թքում են մեր երեսին,
Ապտակ զարկում մեր գլխին:
Նանի՛կ կասեմ, իմ հրեշտակ,
Նանի՛կ կասեմ երգելով,
Նանի՛կ կասեմ երգելով,
Ողբ երգելով ու լալով...
Երբ մեծացար աստուծով,
Առ հորդ նետ-աղեղը,
Հեծի՜ր նորա նժույգը,
Կրկին տիրե՜ քո ցեղը:
Խնդրե հորդ վրեժը
Այն քաջ, անգութ հաղթողեն,
Ա՜ռ նորանից հոտերը,
Արտաքսե՜ մեր սարերեն:
Նորա երկաթի կուրծքի մեջ
Դու էլ ցըցե քո մըզրախ,
Երկու բուռն արյունից
Դու խմե ուրախ-ուրախ2:
Խմե՜, և թո՜ղ հովանա
Քո մոր կրակված սիրտը,
Խմե՜, և թո՜ղ հանդարտվեն
Հորդ կարոտ ոսկերքը:
Նանիկ կասեմ, դու քնե՜,
Ո՜վ իմ հրեշտակ արդար,
Քնե, զի դու միայն ես
Մորդ սրտին մխիթար…