Օրորոցի երգ 2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրորոցի երգ

Ռափայել Պատկանյան


Օրորոցի երգ 2


Քո՛ւն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա՛,
Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կըտանի։

Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան,
Նարոտ[1] կապիլ է ծարեն տեր-պապան․
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կըտանի։

Մավի[2] հիլուններ[3] կախիլ իմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ․
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունըկըտանի։

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը․
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կըտանի։

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս․
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կըտանի։

Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր։
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։



  1. նարոտ- գույնզգույն թելերից ոլորած հաստ թել
  2. մավի- բաց կապույտ, երկնագույն
  3. հիլուն- հուլունք, ուլունք