Jump to content

Ֆրդուսի. Պատկերներ նրա կեանքից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ֆրդուսի. Պատկերներ նրա կեանքից

Պարսկաստանի քաղաքական և ներքին ընտանեկան կազմը մի կարևոր փոփոխութեան ենթարկւեց եօթներորդ դարի սկզրին, երբ Արաբիայում ծագեց Մահմեդի վարդապետութիւնը։ Մահմեդը Քրիստոսից վեց հարիւր տարի յետոյ ծնւեց և արաբացիներից ճանաչւեց բոլոր մարգարէների մէջ ամենամեծը: Խալիֆաները- Մահմեդի տեղապահները - մարգարէի մահից յետոյ դուրս գալով իրանց երկրից, սկսեցին աշխարհակալութեան ետևից ընկնել և Մահմեդի ղուրանը տարածել։ Պարսկաստանն եղաւ առաջին երկրներից մէկը, որ արաբացիների իշխանութեանն ենթարկւեց։ Խալիֆաները ոյժի և սրի օգնութեամբ պարսիկներին ընդունել տւին մահմեդականութիւնը: Քանդեցին Որմիզդի տաճարները և անհազչելի հուրը հանգաւ: Յազկերտ Գ․, Սասանեան տոհմի վերջին թագաւորը, որմզդական կրակն առած՝ փախաւ Բակտրիա և իր երկիրը արաբաբացի աշխարհակալների ձեռքը թողեց: Շատ կրակապաշտներ հաւատարիմ մնալով իրանց պապենական կրօնին՝ թողին-փախան հայրենիքից:

Սրի օգնութեամբ պարսիկների արմատական կրօնը փոխելուց յետոյ՝ արաբացիները ձեռնամուխ եղան նրանց լեզւին և ուզեցին ստոր միջոցներով վերացնել ժողորվդի միջից Պարսկաստանի փառաւոր անցեալի յիշատակները և պապերից ժառանգած վարք ու բարքը, նիստ կացը, ազգային սովորութիւնները... խեղդել ժողովրդի հայրենասիրական զգացումները:

Արաբացոց վարմունքը հասկանալի էր: Եթէ պարսիկները ընդունէին նրանց հաւատը, լեզուն, նիստ ու կացը, սովորութիւնները, մոռանային իրանց հայրենիքը և նրա անցած փառքը, ազգային տեսակէտից ամեն բան կորցրած կը լինէին:

Կորցնելով իր լեզուն, մոռանալով հայրենի երկրի սրբազան յիշատակները՝ ազգը անջատւում է իր ազգայնական ընտանիքից: Դառնալով օտար ընտանիքի անդամ, փոխում է իր սովորութիւնները, կենցաղի ձևը, մտածելու եղանակը և յետոյ հետզհետէ դէմքի գծերը:

Այսպիսի մի վերածնութիւն էին սպասում արաբացիները պարսիկներից: Նրանք յոյսով էին, որ պարսիկները կը խառնեին իրանց հետ, մի ազգութիւն կը կազմեն և կը մոռանան իրանց ով լինելը: Կարծես նրանք հասնում էին իրանց նպատակին: Իրանի արևմտեան նահանգների մահմեդական տաճարներում, դատաստանատներում, պաշտօնակատարների բերանում, առուտուրի մէջ և հետզհետէ ամեն տեղ լսւում էր արաբացիների լեզուն:

Բայց այդպէս չէր ուրիշ տեղերում: Նա անփոփոխ կերպով պահպանւում էր արաբիայից հեռու ընկած գաւառներում:

Մայրենի լեզուն յաղթւածներին յիշեցնում էր, որ նրանք առանձին ազգ են, կարող են ինքնուրոյն կերպով ապրել, իրանք իրանց կառավարել:

Իրանի անցեալ փառքի նւիրական աւանդութիւնները հանգիստ չէին տալիս պարսիկներին: Արաբացիները սիրով կը պոկէին արմատից այդ յիշատակները...Նրանք չէին խնայում, այրում էին աւանդապահ դրքերը: Բայց աւանդութիւնները, հայրենիքին վերաբերեալ պատմւածքները արաբացիները չըկարողացան դուրս կորզել պարսիկ ժողովրդի յիշողութիւնից և սրտից:

Նախկին լեզուն և ընդհանուր աւանդութիւնները միացրին պարսիկներին մի ընդհանուր կապով, յիշեցրին, որ նրանք մի ընտանիքի զաւակներ են, յիշեցրին նրանց իրանց անկախութեան օրերը:

Ժողովուրդը արդի դրութիւնը պատահականութիւն համարեց, պատահականութիւն, որը շատ անգամ է կրկնւել ազգերի կեանքում: Այդ պատահականութեանը նա մեծ նշանակութիւն չըտւեց, կուրօրէն չընկաւ նրա գիրկը, լաւ հասկանալով նրա անցողականութիւնը: Եղան մարդիկ, որոնք ըմբռնելով ժամանակի ոգին, ընկան ժողովրդի մէջ և վառեցին նրա հայրենասիրութիւնը, բարձրացրին նրա ոգին: Նրանք արծարծեցին այն գաղափարը, որ արաբացոց լծից ազատւելու համար ժողովրդին հարկաւոր է միութիւն, ինքնուրոյնութիւն և տոկոնութիւն:

Եւ ահա Իրանի մի քանի նահանգներում կորցրած ազատութիւնը վերադարձնելու փորձեր եղան: Եկաւ վճռական ժամը: Մահմեդի յաջորդների լայնածաւալ պետութիւնը դէպի իր անկումն էր դիմում: Ընչասէր և հեշտասէր ամիրաներն իրանց մատնել էին զեղութեան և անառակութեան: Պարսկական նահանգները մէկը մէկի յետևից պոկէին գալիս տիրապետող պետութիւնից և առանձին իշխանութիւններ, թագաւորութիւններ կազմում:

Արաբական խալիֆայութիւնից պոկւած և առանձին իշխանութիւններ կազմած նահանգներից մի թագաւորութիւն առաջացաւ Մահմուդ-շահի, այդ զօրեղ և տաղանդաւոր մարդի իշխանութեան տակ։

Մահմուդ շահը զէնքի զօռով լայնացրեց իր տէրութեան սահմանները և թալանած գանձերով հարստացրեց իր թագաւորանիստ քաղաքը: Նրա հայրը, որ ստրկական ծագում ունէր, խորամանկութեամբ էր հասել արքայական գահին, իսկ ինքը իր հարազատ եղբօրը գահազուրկ անելով և բանդարկելով, թագաւոր նստեց:

Չընայած նրա բռնակալական ոգուն, որ յատուկ է բոլոր արևելեան իշխողներին, նա մի մեծ ծառայութիւն արեց իր ազգին: Նա ամեն կերպ աշխատեց ժողովրդի սրտում կենդանացնել և վառ պահել Իրանի փառքի յիշատակները: Նա կամեցաւ, որ տիրապետող լեզուն միմեայն պարսկերէնը լինի, արաբերէնը մոռացւի:

Պալատականներին, պաշտօնակատարներին, դատաւորներին հրամայւած էր արաբերէն չըխօսել: Բացի այդ համարեա ամեն երեկոյ Մահմուդը հաւաքում էր իր մօտ հեղինակներին և բանաստեղծներին: Նրանք իրանց գրածները պէտք է պարսից լեզւով կարդային:

Նա աւելի սիրում էր լսել այն պատմւածքները Իրանի անցեալից, որոնք ոտանաւորների ձևով էին գրած: Նրա հրամանով պէտք է գրի նւէին այն բոլոր աւանդութիւնները, որոնց պահել էր ժողովրդի յիշողութիւնը:

Մահմուդը շատ և շատ աւանդութիւններ հաւաքել տւեց Իրանի մասին: Նիւթը արդէն պատրաստ էր: Նրան հարկաւոր էր այնպիսի մի բանաստեղծ, որ կարողանար գրաւիչ և կենդանի կերպով, մաքուր պարսկերէնով, վայելուչ և ներդաշնակ յանգերով պատմել այդ աւանդութիւնները:

Պալատական բանաստեղծների մէջ առանձնապէս աչքի էր ընկնում բանաստեղծ Անսարին:

—Անսարի, —ասաց թագաւորը, — գեղեցիկ ոտանաւորներով պատմիր մեզ մեր անցեալը, կենդանացրու իմ ազգի յիշողութեան մէջ պարսիկ թագաւորների, մեծահամբաւ փահլևանների յիշատակները, որպէսզի պարսիկները նորից արիանան ոգով, որպէսզի նրանց մէջ ցանկութիւն առաջ գայ անմահական գործեր կատարելու:

Հասկացաւ Անսարին, որ այդ պահանջը իր ուժերից վեր է:

Մեծափառ արքայ,—ասաց նա, — շատ գեղեցիկ միտք է քո միտքը, ամենամեծ պատւի արժանացրիր ինձ այդ առա ջարկութիւնովդ. բայց ես շնորհք չունեմ արժանապէս կատարելու այդ մեծ գործը: Թոյլ տուր, արքայ, ես մի մարդ ցոյց կը տամ, որն աւելի ընդունակ է այդ բանը անելու: Թուս քաղաքում ապրում է մի համեստ բանաստեղծ—Աբուլ-Ղասիմ-Մանսուր անունով: Նա իրան նպատակ է դրել գլուխ բերել քեզ զբաղեցնող միտքը։

Աբուլ-Ղասիմ-Մանսուրը մի երկրագործի որդի էր Թուս քաղաքից: Նա սիրում էր իր հայրենիքը և նրա պատմութիւնը: Որոնում էր և գրի առնում ոտանաւորների ձևով աւանդութիւնները: Այդ չափաւոր գրւածները այժմեան պօէմաների ձին ունէին: Այդպիսի մի շարք պօէմաները պէտք է կազմէին այն մեծ գիրքը, որ կոչւում է «Շահ-Նամա» կամ «Գիրք թագաւորաց»:

Աբուլ-Ղասիմը 36 տարեկան էր, երբ սկսեց գրել «Գիրք թագաւորացը»: 58 տարեկան հասակում Մահմուդ շահը հրաւիրեց նրան իր մայրաքաղաքը, որ այնտեղ շարունակէ սկսած գործը:

Աբուլ-Ղասիմը ուրախութեամբ եկաւ հոյակապ մայրաքաղաք... և երկար ժամանակ չը կարողացաւ մտնել արքունիք: Թէև Անսարին ընդունում էր նրա ձիրքը, բայց միւս պալատական բանաստեղծները աշխատում էին որքան կարելի է հեռու պահել վտանգաւոր հակառակորդին: Նրանք լաւ գիտէին, որ Աբուլ-Ղասիմը պէտք է նսեմացնէ իրանց և իրանք նրա առաջ այնպէս պէտքէ խաւարէին, ինչպէս արեգակի առաջ աստղերը:

Սակայն Անսարին յաղթեց: Նա շահի մօտ կարդաց Աբուլ-Ղասիմի գրած մի վէպը: Շահը շատ ուրախացաւ և հրամայեց կանչել բանաստեղծին պալատ:

—Նրա բանաստեղծութիւնները դրախտական բանաստեղծութիւններ են, ասաց Մահմուդը: Այն օրից Աբուլ-Ղասիմին անւանեցին Ֆրդուսի, որ պարսկերէն նշանակում է դրախտական: Նրան յանձնեցին այն բոլոր աւանդութիւնները, որոնք հաւաքւած էին շահի հրամանով: Բանաստեղծին տեղ տւին պալատական այգիների մէջ: Նրա բնակարանը զարդարեցին Իրանի և Թուրանի արքաների և քաջազունների պատկերներով, երիվարների, փղերի, առիւծների ձևակերպութիւններով, որպէսզի նա հոգով տեղափոխւի այն աշխարհը, որ ուզում էր նկարագրել:

Ոչոք նրան չըպէտք է խանգարէր:

Աբուլ-Ղասիմը հէնց որ վերջացնում էր մի որև է պատմուածք, կարդում էր թագաւորի առաջ: Այդպիսի մի ընթերցումը կատարեալ տօնի բնաւորութիւն էր ստանում և կապւած էր խնճոյքի, երաժշտութեան և պարերի հետ:

—Առատ պարգև կ՚ստանաս դու, շատ անգամ էր բացականչել շահը: Եւ հրամայեց իւրաքանչիւր յանգաւ որ երկտողի համար տալ Ֆրդուսուն մի թուման: Թումանը դրամի անուն է: Պարսկաստանի դրամները կամ թումանները լինում էին արծաթից և ոսկուց։

Մարդիկ այսպէս գիտէին. երբ հասարակ ժողովուրդը թումանի անուն է տալիս, այդ պէտք է հասկանալ արծաթ թուման:

Իսկ երբ Մահմուդ շահն է խօսում թումանից, անկասկած թումանը ոսկի է.

Այդպէս էլ կարծում էր Ֆրդուսին:

—Պահի՛ր, արքա՛յ, իմ թումանները, պատասխանում էր նա շահին: Թող հաւաքւի ինձ համար նշանակած գանձը: Կը վերջացնեմ աշխատանքս, կը հրամայես կը տան ինձ իմ հասանելիքը։ Ես մտադիր եմ այդ փողերով մի բարի գործ կատարել, իմ հայրենի քաղաքում մի ջրի ամբարտակ շինել: Այդպիսի մի ամբարտակի խիստ կարիք ունի այն քաղաքը: Ամբարտակը կը ջրէ շրջակայ դաշտերը. դաշտերը կը ջրւին և առատ հունձ կը տան. իմ անունս կը յիշւի ու կը յիշւի:

Համաձայնեց Մահմուդը։

Ֆրդուսին աշխատում էր ու անդադար աշխատում։

Մի սարսափելի դժբախտութիւն խիստ վշտացրեց ծեր բանաստեղծին: Մեռաւ նրա սիրելի որդին, մի գեղեցիկ պատանի, որի մասին հայրը հետևեալն երգեց:

—Միանգամ, միանգամ նա ինձ վշտացրեց,
Միանգամ, այն էլ երբ յաւիտեան քնեց:


Սակայն այդ վիշտն էլ չը կարողացաւ յետ կանգնեցնել նրան իր մեծանուն գործից:

Նախանձեցին պալատականները, տեսնելով շահի դէպի Ֆրդուսին տածած ողորմածութիւնը: Նրանք ամեն կերպ աշխատում էին սևացնել ոգևորւած բանաստեղծին: Քաջ գիտենալով, որ Մահմուդը ջերմեռանդ մահմեդական է, նրանք շարունակ կրկնում էին.

«Ֆրդուսին անհաւատի մէկն է, Ֆրդուսին կատարեալ մահմեդական չէ: Մտքով և հոգով շարունակ ապրելով վաղեմի քաջազունների՝ և փահլևանների հետ, նա հակւած է դէպի կրակապաշտութիւնը»: Մահմուդը դժբախտաբար հաւատաց այդ ստոր զրպարտութիւներին: Բայց Ֆրդուսին իրան այնպէս էր ձևացնում, որ իբրև թէ ոչինչ չի նկատում և դարձել շարունակում էր իր գործը:

Սառնութիւն առաջացաւ թագաւորի մէջ դէպի Ֆրդուսին:

Օգտւելով հանգամանքից, թշնամիները իր ժամանակին բաց չէին թողնում Ֆրդուսու ապրուստի համար որոշւած փողը: Ֆրդուսին շատ անգամ նեղութիւն էր քաշում... սակայն և թշւառութեան մէջ դարձեալ շարունակում էր իր գործը: Հրաշակերտ պատմւածքները, մէկը միւսից աւելի գողտրիկ, բղխում էին նրա հոգուց:

Տասներկու տարի աշխատելով Ղազւինում, նա 71 տարեկան հասակում վերջացրեց իր երկը — «Գիրք թագաւորաց»:

Ց՚վերջ երգած է երգը:

Քսաներեք տարի էլ ջոկ էր նա աշխատել այդ գրքի վրայ: Ընդամենը երեսուն և հինգ տարի։ Գիրքը պարունակում է իւր մէջ 60,000 երկտող:

Իրաւացի էր երգչի ասածը:

Վերջացաւ գործս ձիգ տարիների,

Ես աշխարհի մէջ անուն հանեցի.
Ով կապրի խելքով, կենդանի հոգով,
Կընդունէ նրան հազար մի գովքով:
Ցանեցի ցանըս մեծագոյն, անանց,
Նա ինձ կը պահէ անմահ, վեհապանծ:


«Գիրք թագաւորացը» կամ «Շահ-նաման» բոլոր ազգերի ամենանշանաւոր բանաստեղծական երկերից մէկն է համարւում:

II

«Ց՚վերջ երգած է երգը»:

Բանաստեղծը 60,000 երկտողանոց գիրքը ուղարկեց իր մեկեանաս Մահմուդ շահին: Պատմում են, որ Մահմուդ շահը ընդունելով հրաշակերտ գիրքը, հրամայեց ուղարկել Ֆրդուսուն անհաշիւ ոսկէ թումաններ, այնքան, որքան մի փիղը կարող էր տանել: Բայց թագաւորի խորհրդատուները, որոնք առաջուց թշնամի էին Ֆրդուսուն, փոխեցին շահի մտադրութիւնը:

—Արժէ՞, որ այդ անհաւատ մարդի համար, Տէր արքայ, քո գանձարանը դատարկես, ասացին նրանք: Դու խոստացել ես իւրաքանչիւր երկ տողի համար մի թուման և նա թող ստանայ իր 60,000 արծաթ թումանները: Չէ՞ որ դու քո իմաստութեամբ ոսկու անուն չես տւել

Մահմուդը լսեց նրանց և ուղարկեց Ֆրդուսուն 60,000 արծաթ թուման: Ընծան տանող դեսպանները բանաստեղծին գտան բաղնիսում, ծունկ չոքեցին և երկու տոպրակ փողը յանձնեցին նրան:

Ֆրդուսին, տեսնելով որ շահը իր խոստումը չէ կատարել, ոսկէ թումանների տեղ ուղարկել է արծաթ թումաններ, ծիծաղեց ու դառը ժպիտը երեսին փողը երեք բաժին արաւ, երկու բաժինը տւեց դեսպաններին, մնացածը բաղնիսի ծառային, որ իրան լողացրել էր: Ապա հագնւեց, դուրս եկաւ բաղնիսից, ցուպը ձեռքն առաւ հեռացաւ քաղաքից:

Մահմուդ շահը լսելով այդ մասին, սաստիկ բարկացաւ:

—Բռնեցէք Ֆլդուսուն և փղի ոտների տակ գցեցէք, հրամայեց նա.

Բայց Ֆրդուսին արդէն հեռացել էր մայրաքաղաքից: Թագաւորի բարկութիւնը շուտով անցաւ և նա փոխեց իր խիստ պատիժը:

Հեռանալով քաղաքից, Ֆրդուսին իր բարեկամի մօտ մի նամակ թողեց և խնդրեց որ քսան օրից յետոյ ուղարկէ շահին:

Նամակը ամբողջովին կայ և ահա դրա մի կտորը:

«Ներդաշնակ յանգերով ես երգեցի իմ հայրենիքի անցեալը, չարչարւեցի մինչև ութսուն տարեկան հասակս...և յանկարծ իմ բոլոր փայփայած յոյսերը ոտի տակ ընկան: «Վաթսուն հազար երկտողի մէջ ես երգեցի պատերազմները, վերգերի հարւածները, տէգերը, սաղաւարտները և զրահները, հրատապ անապատները, փղերը, չար ոգիները, որոնց հեծեծանքը հասնում է մինչև երկինք, փահլևանները, որոնք ընտելացած էին պատերազմի ձայնին, նշանաւոր թագաւորները բազմած իրանց լուսապայծառ գահերի վրայ։ Վաղուց մեռած են այդ թագաւորները, այդ դիցազունները, բայց իմ երկը կենդանացրեց նրանց անունները:

«Օ, շահ, ի՛մ երկը ես քեզ բերի և քո անունը պահ տւի գալող սերունդին:

«Մարդկային հիմնարկութիւնները կործանւում են կիզիչ արեգակի ճառագայթներից, անձրևից, բայց իմ երգերը մի հոյակապ շինութիւն է, որ չի վնասւում քամիներից և փոթորիկներից: Կանցնեն դարեր և իմ երգերը միշտ կը կարդան բանականութիւն ունեցող մարդիկ.

«Պարսից երկրի համար իմ երգած երգով ես յարութիւն տւի պարսկաստանին և մի ուրիշ թագաւոր ինձ կը նստեցնէր իր հետ գահին: Դու էլ, եթէ արքայական արիւնից լինէիր, իմ գլխին ոսկէ թագ կը դնէիր: Բայց դու, ստրկական արեան շառաւիղ, նախանձով ես լսում մեծ մարդկանց անունները:

«Երեսուն տարուց աւելի չարչարւեցի «գիրք թագաւորաց» ի վրայ այն յոյսով, որ դու քո 16անձնական խոստմանդ համաձայն կը վարձատրես ինձ, կեանքիս մնացած օրերը կը խնամես, ինձ կը բարձրացնես: Դու բաց արիր քո գանձերը այն մտքով, որ վարձատրես իմ անկողոպտելի գանձը: Քո ընծայովը ես բաղնիսի փողը վճարեցի:»

Այդ նամակը յանձնեցին Մահմուդին: Նա հրամայեց ինչ էլ որ լինի հասնեն Ֆրդուսու ետևից: Բայց քսան օրւայ մէջ բանաստեղծը շատ էր հեռացել:

Ֆրդուսին երկար ժամանակ ծածուկ էր ապրում, թափառում էր տեղից տեղ: Վերջապէս նրա բարեկամները իմաց տւին, որ շահի բարկութեիւնը անցել է և նա կարող է վերադառնալ իր հայրենի Թուս քաղաքը և ազատ ապրել այնտեղ: Ֆրդուսին վերադարձաւ Թուս և այնտեղ իր փոքրիկ այգու մշակութեամբ պարապեց:

III

Վերջալոյսն է... շատրւանները գործում են․․․ Գորգը փռած, շահը վրան նստած է․ շուրջը փարթամ, հոտաւէտ ծաղիկներ, վայելչակազմ չինարիք, թզենիներ: Շահի տրամադրութիւնը տեղն է: Նա երգ է լսում:

— Ի՜նչ հրաշալի երգ է, բացականչում է Շահը, և ինչ գողտրիկ յանգեր: Այդ ո՞ւմ երգն է: —«Ֆրդուսունն է», պատասխանում է Անսարին:

—Ֆրդուսո՞ւնն է: Նա դեռ կենդանի՞ է, ո՞րտեղ է նա:

—«Շատ ժամանակ է, որ նա չքաւորութիւնով ապրում է իր հայրենի քաղաքում և իր փոքրիկ այգին է մշակում:

Մտածմունքի մէջ ընկաւ Մահմուդը: Երևի նա յիշեց իր նախկին անարդարութիւնը: Պառկած դրութեան մէջ նա երկար մնաց և մտածում էր:

—Լսիր վերջապէս, Անսարի, ասաց նա։ Հրամայի՛ր թող իսկոյն և ետ դուրս քաշեն հարիւր ուղտ:

Ամենից առաջ նրանց կը բառնաս
Հակերով շորեր, փարթամ, նոր ու խաս,
Բաժակ ու գաւաթ գնոջ, ոսկեղէն,
Գոյնզգոյն տեսակ ընտիր քարեղէն:
Մի տարում գործած բոլոր բրդեղէն
Շալեր ու գորգեր, դիպակ, խասեղէն:
Նոյնպէս կը վերցնես այն մեծ ախոռից
Մի ամբողջ տասնեակ արար ձիերից:


Եւ էլ ինչ, էլ ինչ հարստութիւն, ասես որ առաջ չ՚եկաւ: Բոլորը թագաւորի հրամանով պէտքէ տարւէր Թուս քաղաքը: Մի ամբողջ նահանգից ժողոված հարկով միայն պարգևներ առնւեցին: Շարժւեց տեղից ահագին քարւանը: Նա գնում է դէպի Թուս:

Մի շաբթից յետոյ, իրիկնապահին,
Երևաց Թուսը մեծ սարի տակին.
Դմբացին թմբուկներ, փողեր հնչեցին,
Փառք-փառք Ալլահին, մարդիկ կանչեցին
Եւ քարաւանը արևմտեան կողմով
Մտաւ քաղաքը ուրախ երգելով.
Եւ հէնց այդ ժամին Ֆրդուսուն իրան
Արևելեան դռնով թաղելու տարան:


Երբ քաղաքի մի դռնից ներս էին բերում թագաւորի ընծաները, միւս դռնից դուրս էին տանում աղքատութեան մէջ մեռած բանաստեղծի դիակը:

Պատմում են, որ Ֆրդուսին քաղաքի հրապարակովը անցնելիս լսում է թէ ինչպէս մի տղայ երգում է նրա երգերից մէկը: Այդ երգը շահին գրած նամակից է լինում, որ յեշեցնում է զառամեալ ծերունուն նրա գլխից անցած անբաղդ օրերը: Նա այդ երգից սաստիկ յուզւում է և ուշաթափւում: Հազիւ հազ կարողանում են ծերունուն տուն հասցնել: Մի քանի րոպէից յետոյ նա հոգին աւանդում է:

Միանգամայն հանգիստ չառաւ Ֆրդուսու աճիւնը խոնաւ գերեզմանում:

Նրան թաղեցին այգու մէջ, բայց շէխը՝ Թուսի հոգևորական գլուխը՝ թաղման ծէսը չը կատարեց:

Որքան խնդրեցին, աղաչեցին, որ նա իր անգութ վճիռը փոխէ՝ չեղաւ: Նա լսել անգամ չէր ուզում:

Բայց աւանդութեան ասելով, հետևեալ գիշերը շէխը երազում տեսաւ, որ Ֆրդուսին դրախտում ման է գալիս կանաչ շորեր հագած և գլխին թանկագին քարերով թագ դրած:

—Այդ ի՞նչպէս է, որ հաւատուրացը դրախտ է մտել,— զարմանքով հարցնում է շէխը երազում:

«Ի պատիւ իր գրած բանաստեղծութիւնների,—պատասխանեցին նրան դրախտի պահապանները: Նա հրաշալի կերպով երգեց Աստծու մեծութիւնը»:

«Տիեզերքի վեր ու յատակ դու ես որ կաս յաիւտեան.
Ես չըգիտեմ ինչ ես, մենակ ինչ որ ես՝ կաս Դու միայն»։


Վեր թռաւ շէխը անկողնուց, շտապով հագնւեց և գնաց բանաստեղծի գերեզմանի վրա որոշեալ ծէսը կատարելու:

Շահի պարգևները տարան բանաստեղծի աղջկան:

—Ես թագաւորից ոչինչ չեմ ուզում,— պատասխանեց նա: Պարգևները տարան հանգուցեալի քրոջը. նա խնդրեց այս փողերով ամբար շինեն և ջրանցք փորեն, որ իր եղբօր միակ ցանկութիւնն էր: Այդպէս էլ արին: Միայն դարձեալ փող շատ մնաց: Այդ մնացած փողով էլ իջևան շինեցին քարւանների համար:

Պատմում են, որ Ֆրդուսու գերեզմանը մինչև օրս էլ պահպանւել է Թուսի շրջակաքում: Այդ մի գմբեթաւոր մատուռ է գոյնզգոյն աղիւսներից:

IV

Ֆրդուսու «Շահ-Նաման» թարգմանւած է համարեա եւրոպական բոլոր լեզուներով: Բնագրից թարգմանել է հայերէնի Ս․ Գիւլզադեանը «Ռոստամ և Սոհրաբ» ամբողջական վէպը և մի քանի հատւածներ։

Ֆրդուսու գրած պատասխանը Շահի դպրապետին Գիւլզադեանի թարգմանութեամը:

Իմ հրեշտակից շատ աւետիք
Հասած կայ իմ ականջին.
Գոհարի գանձ է սիրտս լիք,
Լեզուս վիշապ ահագին:
Ի՞նչ կըկշռի իմ կշեռքի
Նըժարումը Անսարին,
Ի՞նչպէս գլուխ վեր կը տնկի
Խոտը վարդի առաջին:

Անգիտութեան և մանկական
Խակութիւն է տակաւին,
Որ իւր վրայ աւելութեան
Կարծիք ունի Ռուդէգին:


Մահմուդ-Շահի երեք բանաստեղծի և Ֆրդուսու անպատրաստից քառատողը:

1. Անսարի.
Երեսիդ պէս լուսալիր
Լուսինը չի շողշողում.
2. Ֆէրրէխի.
Այտերիդ գոյն վարդ կարմիր
Ոչ ծաղիկ կայ ծաղկոցում.
3. Ասջէդի.
Արտևանքիդ սլաքը
Զրահը ծակում է անցնում.
4. Ֆրդուսի.
Որպէս Գիվի նիզակը
Փէշէն դաշտի կռիւում:


Ֆրդուսու «Սպանդեարի եօթ-խան ճանապարհի վէպի» նախերգանը իւր մեկենաս Մահմուդ-Շահին, որ բերում ենք քաղւածօրէն «Ռոստամ և Սոհրաբ» գրքից:

Երբ արևը բարձրացրեց
Իր վահանը ոսկէղէն,
Սև գիշերը ձեռը գլխին
Պահեց նրա երկիւղէն:

Նա վայը գցեց իր շապիկը
Թուխ սևագոյն բէշկ-մուշկի
Եւ կապոյտ ու դեղին յակինթ
Դարձաւ գոյնը աշխարհքի։
Արեգակը իւր կապուտակ
Սուտակագոյն խորանում
Հագաւ նորէն դեղին ոսկի,
Դիպակը զառ աբրեշում.
Նա դուրս եկաւ և ցոյց տւեց
Իւր երեսը ոսկեղէն
Եւ լցրեց ծով ու ցամաք
Իւր սիրովը հրեղէն:
Երբ բարձրացաւ՝ խոր-բուրգումը
Դրեց ոսկի թագ գլխին,
Արևելքից մինչ արևմուտք
Ցնծաց երկինք և գետին:
Լցւեց սար ու ձոր որոտի
Գոչումով ու գոռոցով,
Եւ ջրաւէտ մարմանդները
Կակաչով ու նարգէսով,
Լի ահաբեկ նարգէսով,
Երկչոտ պոյտով, կակաչով,
Լի թագնւող յակինթով,
Պճնող նռնա-ծաղիկով:
Լցւեց ամպի սիրտը հրով
Եւ աչքերը լի ջրով:
Թռաւ, գոռաց լի բարկութեամբ
Կռւի նւագ ածելով...

Այս հրաշագեղ նկարագրութիւնը, գերազանցօրէն գեղարւեստական, լի իմաստալից մտքերով և խորին փիլիսոփայութեամբ, այսպէս է վերջացնում Աբուլ-Ղասիմը—Ֆրդուսին-եդեմի բանաստեղծը:

Այդպէս է և, Աբուլ-Ղասէմ,
Այս մեծ Շահի ափն ու ձեռ,
Առատ է նա դէպի մաքուր
Առաքինի անհատներ...
Ես այս գիրքս նոյն վեհապանծ
Շահին-շահի անունով
Նմանապէս երբ գրելու
Ձեռնարկեցի իմ խօսքով,
Ես սրանում չորոնեցի
Բացի միայն իմ անուն,
Որ ես մնամ, գուցէ գտնեմ,
Եւ իմ ուխտած ցանկութիւն:
Այն ամենայն պահլևաններ
Եւ աննւաճ պաբանոց,
Որոնց եղայ ես այս վէպում
Նշանակով մատնացոյց,
Ամենքն էլ վաղուց արդէն
Մեռել էին գնացել
Սակայն իմ այս խօսքով նորէն
Կենդանացան ամենն էլ։
Այժմ ես եմ այդ մեռեալներին
Իսայի պէս յարուցող,

Հոգիներին դէպ դրախտը
Նոյնպէս ուղի ցոյց տւող
Որքան հաստատ կայ ու մնա
Անիւն երկնի շրջւելով,
Կմնայ ինձ արքայավէպս
Իր տեղումը կենալով:

Մի տեղ Ֆրդուսին գուսանի բերանը հետևեալ խօսքերն է դնում:

Տուր, մատռակ, Ջէմի բաժակ,
Շրթանց անուշ այդ գաւաթ,
Գինով սրտից տխրութեան ժանգ
Սըբւում, դառնում է զւարթ:
Մի դու ատիր այս հինգ բանը,
Համարելով բասրելիք,
Մեղրահացը, քաղցրաբանը,
Գիշեր, գինին և՝ ընթրիք:
Խմիր կարմիր գոհար գինի,
Կարմիր արիւն մի թափիր,
Դու ես հողը երկրի—երկնի
Բարքով կրակ մի լինիր:
Ով դու փրկեալ, լաւ է գինի
Կարմիր ակնի պէս փայլուն,
Քանի թե ում աչքի, սրտի
Թավրած արցունք և արիւն...