Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/«Գուգարքի» ստուգաբանությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Գուգարքի» ստուգաբանությունը
«ԳՈՒԳԱՐՔԻ» ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


«Հայաստան»

թիվ 39 22181)

5 ապրիլի, 1997թ․


Գուգարք նահանգը (բդեշխությունը) պատմական Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ նահանգներից մեկն է։ Ընկած էր Վրաստանի և Հայաստանի սահմանագլխին տարածվելով Աղստև գետի հովտից մինչև Տայքի սահմանները։ Այն շրջապատված էր հյուսիսից Վիրքով (Վրաստան), հարավից Մեծ Հայքի Այրարատ նահագով, արևմուտքից Մեծ Հայքի Տայք նահանգով եւ Եզերքով (Աջարիա), արևելքից Մեծ Հայքի Ուտիք նահանգով։

Գուգարաց աշխարհի գավառներն ինն էին, որոնք «Աշխարհացույցում» թվարկվում են արևելքից արեւմուտք Ձորափոր, Կողբափոր, Ծոբափոր, Տաշիր, Թոեղք, Կանգարք, Արտահան, Ջավախք, Կդարջք։ Գուգարքն ի սկզբանե, աննշան ընդհատումներով (մի քանի տասնամյակներով), միշտ եղել է Մեծ Հայքի կազմի մեջ, մինչեւ 387թ. Հայաստանի առաջին բաժանումը, երբ Սասանյան Պարսկաստանն այն մտցրեց Վրաստան մարզպանության կազմի մեջ։ Դրանից հետո Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում նահանգի արեւելյան գավառներն ու Ջավախքի հարավային մասը վերադարձվեցին Հայաստանին… Այսօր Հայաստանի կազմում է Գուգարքի միայն հարավ-արեւելյան մասը:

«Գուգարք» տեղանվան ծագման մասին իշխում է այն կարծիքը, որ այն (հունարեն «Գոգարենե») էթնիկական ծագում ունի: Օրինակ, ըստ Ա. Շանիձեի «Գուգարք-գուգարներ» տերմինը նշանակում է «գուգեցիներ»: Նրա կարծիքով, այն բաղկացած է «գոգ» ցեղանունից և սովորական մեգրել-ճանական «ար» ածանցից:

Գ. Ա. Ղափանցյանը գտնում է, որ «Գոգ» տերմինը գոգ ժողովրդի անունն է («Գոգեր եւ Մագոգներ»), որ հիշատակված է հին կտակարանում: Նա բերում է հայկական տեղանունների նաև նմանատիպ օրինակներ Կոգովիտ «Կոգ+հովիտ», (նաև գրում է Gogovit (Գոգովիտ), Կուկայառիճ, Գուգառինճ գյուղը Սոտքում: Նա ընդունում է Ա. Շանիձեի կարծիքը «արի» մասին որպես մեգրել-ճանական ածանցի և գտնում է, որ Մառի կարծիքը, թե «ար»-ը հոգնակիակերտ մասնիկ է, դրանով հերքվում է:

Հ. Մանանդյանը հենվելով Մ. Սյուզյումովի կարծիքի վրա, գտնում է, որ կարելի է վստահորեն եզրակացնել, որ Գոգարենե-Գուգարքում բնակություն հաստատած «գոգերը» սկյութական կամ սարմատական այն ցեղերի խմբից են, որ գաղթել են Անդրկովկաս հարավային Ռուսաստանից:

Նա գտնում է, որ Մ. Խորենացու պատմության մեջ «գոգերի» էթնիկական ծագման մասին հիշողություններ են պահպանված: Մ. Խորենացին գրում է. «Իսկ Գուշարին, Շարայի զավակներից, ժառանգություն տվեց Մթին լեռը, այսինքն՝ Կանգարքը և Ջավախքի կես մասը, Կողբը, Ծոբը, Ձորը, մինչև Հունարակերտ ամրոցը: Բայց Աշոցքի տեր և Տաշիրքի սեպուհ նշանակում է Վաղարշակը Հայկազն Գուշարի զավակներից: Իսկ Կովկաս լեռան դեմ հյուսիսի կողմնակալ է նշանակում մեծ և հզոր ցեղը և նահապետության անունը դնում է Գուգարացոց բդեշք»:

Մ. Խորենացու վկայության այս կապակցությամբ Ն. Ադոնցի հայնած համոզմունքը, որ Շարան և Գուշարը էպոնիմներ (անվանադիր) են և Գուգարք տեղանունը կապված է Գուշարի անվան հետ (Տես Մ․ Ադոնց, Армения в эпоху Юстиниана, էձ 425), Հ. Մանանդյանը հարամերցնում է իր տեսակետին և «ապացուցում», որ Շարան և գուշարը պատկանում են սարմատական-սկյութական ծագում ունեցող Շարայան ցեղերին…

Վերոհիշյալ գիտնականներն անտեսելով Մ. Խորենացու կողմից «Գուգարք» տեղանվան ծագման մեկնբանությունը, արտահայտում են իրենց միտումները։ Ա. Շանիձեն հետապնդում է մի նպատակ «Գուգարք» տեղանվանը տալ վրացական ծագում։ Մ. Սյուզյումովն էլ իր հերթին այդ անվանումն այս կամ այն կերպ կապում է Ռուսաստանի հետ։ Ինչ-որ չափով կարելի է հասկանալ նաև Գ. Ղափանցյանին։ Վերջինս համամիտ էր Շանիձեի հետ, որովհետև հետևում էր Ն. Մառի առաջ քաշած «Հաբեթական տեսությանը և դրա ակտիվ ջատագովն էր։ Իսկ Հ. Մանանդյանն ու Ն. Ադոնցը հայերի եկվորության կողմնակիցներն էին։ Այսինքն հայերի հայկական լեռնաշխարհում հայտնվելուց առաջ «Գուգարք» տեղանունը եղել է…

Այժմ, չընդդիմանալով Մ. Խորենացու տեսակետին, կփորձենք հայտնել մեր տեսակետը որպես այլակարծություն։

Ըստ իս, «Գուգարք» տեղանունն ունի հնդեվրոպական, իմա հայկական ծագում և կազմված է «գոգ» եւ «արք» բառերից։ Ըստ ՆՀԲ-ի եւ Հր. Աճառյանի «Արմատական բառարանի» «Գոգ» բառը նշանակում է «գոգավորություն», «փոս»։

Հենց այս դեպքում «Գուգարք» («Գոգարք») տեղանվան «գոգ» բաղադրիչը գործածվել է «գոգավորություն», «փոս», «փոր» իմաստով։ Ինչպես գիտենք, Հյուսիսային Հայաստանում Գուգարքում և Տայքում բազմաթիվ տեղանուններ կան, որոնք վերջանում են «փոր» բառով, որը գործածվում է «ձոր», «փոս» իմաստով (Ձորափոր, Կողբափոր, Ծոբափոր, Բերդացփոր և այլն)։

«Գոգ» բառով կազմված տեղանուններ Հայկական լեռնաշխարհում (վերևում Գ. Ղափանցյանի թված տեղանուններից բացի) կան նաև Ջավախքում Գոգաշեն գյուղը գավառի հյուսիս֊արևմուտքում, Կոգիա գյուղը հյուսիս-արեւելքում։

Ընդհանրապես, նահանգում կան բազմաթիվ ընդարձակ գոգավորություններ։ Բարդության մյուս բաղադրիչը («արք») «այր» (մարդ) բառի հոգնակի ձևն է «այր+ք=մարդիկ» (Տես՝ ՆՀԲ և Հր Աճաոյան «Արմատական բառարան»)։ «Գոգայ+արք», այսինքն գոգի (գոգավորության) մարդիկ («գոգ» բառի սեռական հոլովի ա-ն բառաբարդացման ժամանակ հանդիպելով բառի երկրորդ բաղադրիչի արքի ա-ին ընկել է), գոգի մարդկանց երկիր»։ Կարելի է ենթադրել նաեւ, որ «Գոգարք» (Գուգարք) տեղանվան «արք» բաղադրիչը Եղել է «արիացիներ» ցեղանունը։ Ինչպես գիտենք հնդեվրոպական ցեղերը արիացիներն են, իսկ ամբողջ հայկական լեռնաշխարհը, որի կազմում նաեւ գուգարաց աշխարհը, հնդեվրոպական ցեղերի (որոնց թվում նաեւ հայերի) նախահայրենիքն է։

Այսպես, ուրեմն՝ «Գուգարք» (Գոգարք) կարող է նշանակել նաեւ «Գոգի» (գոգավորության, փոսի) արիացիներ (արիացիների երկիր)։

Ի դեպ, ըստ իս, «ար» բառով բառաբարդացված ուրիշ տեղանուն եւս կար պատմական Հայաստանի տարածքում՝ Մեծ Հայքի Արցախ նահանգը։ «Արցախ» տեղանունը կազմված է «արց» եւ «ախ» բաղադրիչներից։ Նախնական ձեւը եղել է «Արաց աղխ», այսինքն «արիների» (արիացիների) ցեղ («աղխ» բառը ըստ ՆՀԲ-ի ունի նաեւ «ազգ» նշանակությունը, իսկ Հր. Աճառյանի «Արմատական բառարանում» «աղխ»–ի 5-րդ նշանակությունն է՝ «ցեղ, զարմ, ժողովուրդ»)։