Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Ախալցխայի եւ Ախալքալաքի 1918-ի հերոսամարտերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ախալցխայի եւ Ախալքալաքի 1918-ի հերոսամարտերը
Ախալցխայի եւ Ախալքալաքի
1918-ի հերոսամարտերը
«Երկիր»
7 մայիս 1998

Այս տարի լրանում է Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հերոսամարտերի 80-ամյակը

1918թ. մայիսի վերջերին, երբ տեղի էին ունենում Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հայերը եւս այդ օրեին մղում էին իրենց վերջին ծանր հերոսամարտերը, որոնք սկսվել էին դեռեւս 1917թ. դեկտեմբերի 27-ին։

Թուրքիան իր առաջխաղացումը դեպի Անդրկովկաս դյուրացնելու նպատակով հայ-վրացական զորքերի թիկունքում, իր ուղարկած էմիսարների եւ մուսաֆաթական կուսակցության միջոցով, ոտքի էր հանում Անդրկովկասի թուրքերին, ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառներում եւ այլուր։ Այսպես, 1917թ. դեկտեմբերի 27-ին Ախալցխայի գավառի (Մեսխեթի) 10-15 հազար զինված թուրքեր գավառում թուրքական ինքնավարություն ստեղծելու պատրվակով (տեղական Մեսխեթի թուրքերը գավառի բնակչության մոտ 60 տոկոսն էին կազմում (56 հազար մարդ), հայերը մոտ 30 տոկոսը, մնացյալը վրացիներ էին եւ այլք) շրջապատեցին Ախալցխա քաղաքն ու շրջապատի հայկական 15 եւ վրացական 7 գյուղերը (վրացական 10-15 գյուղեր, որոնք հեռու էին գտնվում քաղաքից, հետագայում թուրքերը գլխովին ոչնչացրեցին նրանց)։ Ախալցխա քաղաքի հայությունը, որը քաղաքի բնակչության 80-ից 82 տոկոսն էր կազմում, 31 տարեկան երիտասարդ քաղաքագլուխ, այնուհետեւ նաեւ գավառի Հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանի (ծագումով Գողթն գավառի Ցղնա գյուղից էր) գլխավորությամբ ստեղծելով «քաղաքի ինաքնապաշտպանության գվարդիա», դիմեց ինքնապաշտպանության, որը տեւեց մինչեւ հունսի 5-ը։ Հետագայում հայերն ստեղծեցին երկու հետեւակային եւ մեկ հեծյալ գումարտակ, թաղային վաշտեր։ Զինված ջոկատներ ստեղծվեցին նաեւ հայկական ու վրացական գյուղերում։ Քաղաք մտցվեց նաեւ վրացական կարմիրգվարդիական մեկ գումարտակ։ Շրջապատման օղակի մեջ գտնվող 150-170 քկմ տարածքը դարձավ անառիկ ամրոց։ Ինքնապաշտպանության զինված ուժերը Զորի Զորյանի եւ գեներալ Մաղաշվիլու (Մակաեւ) գլխավորությամբ ոչ միայն պաշտպանվում էին մեծ հաջողությամբ, այլեւ, դիմելով մի շարք հարձակողական գործողությունների, տարան փայլուն հաղթանակներ։ 1918-ի ապրիլին հավրացական գումարտակները շտաբս-կապիտան Կոբզեւի ընդհանուր հրամանատարությամբ, գրավելով թուրքական Անդա, Աբ, Խակ, Օրալ, Արջանա, Վերին Սուֆլիս, Կուջղա, Փարախա գյուղերը, բնակչությանը տեղահանեցին ապահովելով մերձակա հայկական ու վրացական գյուղերի անվտանգությունը։ Ապրիլի 24-ին Օրալ Եւ Սազել հայկական գյուղերի զինված ջոկատները Դիպակ սարի լանջերին ջախջախեցին թուրքական 200 հոգուց բաղկացած հրոսակը՝ ոչնչացնելով 30 եւ վիրավորելով 60 զինյալ։ Ծղալթբիլա գյուղի քաջորդիները ապրիլի 27-ին գլխովին ջախջախեցին իրենցից բազմապատիկ անգամ շատ Ջախսուի ենթաշրջանի թուրքական գյուղերի հրոսակներին։ Ծուղրութ գյուղի հայերը քաղաքի վաշտերից մեկի օգնությամբ մայիսի 16-ին պարտության մատնեցին բազմաքանակ թշնամուն, որի շարքերում կռվում էին օսմանյան բանակի զինվորներ ու սպաներ։ Նույն օրը հայկական հետեւակային եւ հեծյալ գումարտակները, հայկական գյուղերի ջոկատները եւ վրացական գումարտակը գեներալ Մաղաշվիլու ընդհանուր հրամանատարությամբ (շտաբի պետը Հաճի Լեւոնն էր) ջախջախելով Ուրավելի ենթաշրջանի թուրքական գյուղերի զինված ուժերին, ազատագրեցին վրացական Մուսխ գյուղը եւ բնակչությանը տեղափոխեցին ապահով վայը։

Չնայած դաժան շրջափակմանը, քաղաքում եւ գյուղերում անխափան գործում էին դպրոցները, թատերական խմբերն ու նվագախմբերը, պարբերաբար լույս էր տեսնում Դաշնակցության «Շարժում» թերթը։ Կյանքն ընթանում էր բնական հունով…

Ցավոք, չնաված այս փայլուկ հաղթանակներին, հունիսի 4-ին, Բաթումում կնքված «Խաղաղության եւ բարեկամության դաշինքով» Վրաստանի կառավարությունը Թուրքիային հանձնեց նաեւ Ախալցխայի գավառը։

Թուրքիայի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հաշվի նստելով Ախալցխայի հզոր ուժի հետ, ինչպես հավասարը հավասարի, բանակցությունների նստեցին եւ հունիսի 6-ի պայմանավորվածության համաձայն, Զորի Զորյանը եւ ամբողջ քաղաքային վարչության կազմը վերահաստատեցին իրենց պաշտոններում։ Բնակչությունը չգաղթեց։

Իրադարձություններն Մխալցխայում անհանգստացրին նաեւ Ախալքալաքի գավառի հայերին, որոնք մտահոգված էին հայրենակիցների ճակատագրով։ Ախալքալաքցիներին սպառնում էին Չլդըրի, Աղբաբայի շրջանների թուրքերը եւ Ախալքալաքի գավառի 24 թուրքական գյուղերը։

Ախալքալաքի քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ ստեղծված Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի կոչով դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին գավառի 5000 հայ երիտասարդներ հավաքվեցին Ախալքալաքում կամավորական գնդին անդամագրվելու նպատակով։ Սակայն, ցավոք, այդ նվիրյալ տղաներից միայն 2000-ին ընդգրկեցին գնդում, այն դեպքում, երբ գավառի բնակչության 76 տոկոսը կազմող 85000 հայությունից կարելի էր ստեղծել 8–10 հազարանոց զինված ուժեր, որի կարիքն այնքան շատ էր զգում նահանջող փոքրաթիվ հայկական բանակը։ Դա կարող էր ունենալ վճռական նշանակություն հօգուտ հայության։

Գնդի կազմավորման համար Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ուղարկել էր ընդամենը մեկ փոխգնդապետ (Առաքելով) որպես գավառի զինված ուժերի հրամանատար և 10-15 կրտսեր սպաներ։ Չնչին էին նաև ուղարկված զենքն ու զինամթերքը 550 հրացան, 66000 փամփուշտ և 4 գնդացիր, իսկ հանդերձանքը 1200 զինվորի համար։ Գյուղերում ևս ստեղծվում էին զինված ջոկատներ։ Հայ գյուղացիները զենքն իրենք էին գնում, իսկ վրացական գյուղերին զենքը ձրի ու մեծ քանակով տալիս էր Վրաց ազգային խորհուրդը։

Չնայած այս ամենին, Ախալքալաքի զինված ջոկատները թուրքերի դեմ տարան մի շարք փայլուն հաղթանակներ։

Գավառի հայության զայրույթն իր գագաթնակետին հասավ, երբ թուրքական բանակի առաջխաղացման հետևանքով մարտին, Արդաիանրւմ ոչնչացվեց 2000-ից ավելի հայ, իսկ կենդանի մնացածները գաղթեցին Ախալքալաք։ Սաթխացիները գլխովին ոչնչացրին Պատկանա գյուղը, գոնդուրացիները և վաչեանցիները Ղուլալիս գյուղը մաքրեցին թուրքերից։ Գրավվեցին Փոքր Խոսպիա և Սլջուա գյուղերը։ Վաևան, Թոք, Կոկիա գյուղերի թուրքերին պատանդ վերցրին և ապրիլի 9-ին փոխանակեցին Արդահանից տեղահանված 1500 հայերի հետ։ Գումբուրդոցիները Կուր գետի ձախ ափը քշեցին Մարգաստան, Նաքալաքել, Վեթախան և Միաշխան գյուղերի քրդերին։ Գումբուրդոցիները վաչեանցիների, դադեշցիների և սուլդացիների հետ միասին տեղահանեցին Հոկամի և Կարծախի գյուղական հասարակության թուրքերին։ Մայիսի 7-13-ին Գումբուրդո, Դիլիսկա, Սարո, Խիզաբավրա գյուղերի զինված ջոկատները ջախջախեցին Խերթվիսի գյուղական հասարակության և նրանց օգնության եկած Ասպինձայի թուրքերին և քշեցին Կուր գետի ձախ ափը։

Մայիսի կեսերին հայ-վրացական ուժերը ճակատամարտ տվին թուրքերի դեմ Դամալա և Սսպինձա գյուղերի մոտ, որին երկու կողմից մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Թուրքերը կրեցին ծանր պարտություն և թողին Ասպինձան կորցնելով մոտ հազար մարդ։ Դժբախտաբար, այս փայլուն հաղթանակներին հաջորդեց անսպասելի պարտությունը Կածախի մոտ։ Ախալքալաքի գնդի ժամապահները, խիստ ցածր կարգապահության հետևանքով, ինչպես միշտ, մայիսի 20-ի լույս 21-ի գիշերն էլ քնած էին, երբ թուրքական զորքերը հանկարծակի հարձակվեցին և խուճապի մատնեցին հայ զինվորներին, որը փոխանցվեց բնակչությանը և սկսվեց գաղթը իր բոլոր բացասական հետեւանքներով։

Գավառի ղեկավարների մեծ մասը, խուճապը վերացնելու եւ դիմադրություն կազմակերպելու փոխարեն, համակված պատվոդականության ու զոհի հոգեբանությամբ, փախան գավառից ժողովրդին թողնելով բախտի քմահաճույքին։ Իսկ թուրքերը, Կարծախը գրավելուց հետո, սիրտ չարին առաջ շարժվել, որովհետեւ մայիսի 21-ին Մեծ Խանչալի գյուղի մոտ թուրքական մեծաթիվ ուժերը սաթխացիներից կրեցին ծանր պարտություն; Դրանից հետո գավառում միակ ուժը մնաց Սաթխան։ Այդ մեծ գյուղի (3250 բնակիչ) բնակիչները երդվել էին կռվել մինչեւ վերջին փամփուշտը եւ որոշել էին չգաղթեցնել ընտանիքները։ Մայիսի 26-ին նրանք պարտության մատնեցին Ալեքսանդրապոլից ուղարկված թուրքական կանոնավոր բանակի զորքերին և ետ շպրտեցին։

Թուրքական զորքերի առջեւ խնդիր էր դրված,. Ախալքալաքը գրավելուց հետո շարժվել Թիֆլիս։ Դրա համար նրանք ստանալով համալրում, մայիսի 30-ին սկսեցին նոր հարձակում Սաթխայի վրա։ Այդ օրը տեղի ունեցավ դաժան կռիվ եւ թշնամին կասեցվեց։ Միայն մայիսի 31–ի երեկոյան, երբ բացահայտորեն զգացվեց թշնամու մարդկային եւ զինական գերակշռությունը, սաթխացիները, սպառելով ռազմամթերքը, հեռացան գյուղից։ Վերջապահ մարտիկները, ցուցաբերելով արտակարգ խիզախություն, համարյա բոլորը զոհվեցին հնարավորություն ընձեռելով գյուղի բնակչությանը Թափարավան գետի աջ ափն անցնելու։ Հունիսի 1-2-ին գավառն ամբողջովին գրավել էին թուրքերը։

Բակուրիանի անտառներում և Ծալկայում կուտակված 80.000 հայ գաղթականներին Վրաստանի մենշևիկյան կառավարությունը թույլ չտվեց տարածվել երկրի խորքերը, որի հետեւանքով վեց ամսվա ընթացքում սովից, ցրտից եւ համաճարակից մահացան 40.000 հայ գաղթականներ։

Դեկտեմբերի 5-ին Վրաստանի մենշևիկյան կառավարությունը, զորք մտցնելով Ախալքալաք, այն հռչակեց Վրաստանի տարածք։