...նաև Սպիտակ Եղեռն/Ածկուր Ascura (Ասկուրա)
ԱԾԿՈՒՐ
ASCURA (ԱՍԿՈՒՐԱ)
Այս բերդաքաղաքի անվանումը դարերի ընթացքում բազմիցս ենթարկվելով հնչյունափոխության, հնչել է նաեւ Ածղոր, Ազղոր, Ասկուրեթ, Սակուրեթ, Ածխուերի, և այլ ձեւերով։ Այն գտնվում է Ախալցիխե քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արեւելք, Ախալցիխե-Բորժոմի ճանապարհի աջ կողմում։ Բերդաքաղաքը հավանաբար կառուցվել է Ք. ա. I հազարամյակի սկզբներին (թերեւս Արարատյան (Վանի) թագավորության ժամանակաշրջանում), Կուր գետի աջ ափին, թերակղզի հիշեցնող բարձր ժայռի կատարին, ծովի մակերեւույթից 900 մ, բարձրության վրա։
Ածկուրը Կղավդիոս Պտղոմեոսի քարտեզում (Asia Tabula tertia) նշված է Ascura ձևով, որպես Մեծ Հայքի 86 եւ Գուգարաց (Գոգարենե) աշխարհի 6 բնակավայրերից (քաղաքներից) մեկը։ Եվ Մ. Մ. Խաչատրյանը, եւ Ս. Տ. Երեմյանը Ասկուրա բնակավայրը նույնությամբ տեղադրել են ժամանակակից Ածկուր բնակավայրի տեղում։
Այն եղել է Մեծ Հայքի խիստ կարեւոր պաշտպանական կառույցը Թռեղքի լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան ստորոտներին, որտեղից ոչ շատ հեռու մոտ 10 կմ դեպի հյուսիս-արեւելք, Կուր գետի աջ ափին գտնվող, մինչեւ այժմ գոյության ունեցող Դուռն գյուղի մոտով անցնում էր Մեծ Հայքի հյուսիս-արեւմտյան, Վիրք-Քարթլիից բաժանող սահմանը։ Ի դեպ. Դուռն գյուղն այժմ վրացերեն «Դվիրի» ձեւով է կոչվում։ Ըստ Ն. Բերձենիշվիլու կարծիքի այն ծագում է հայերեն «Դուռն» բառից։ «Դուռն» տեղանունը շատ է տարածված պատմական Հայաստանի սահմանային անցակետերում: Նշանակել է մուտք Հայաստանի որեւէ երկիր եւ հակառակը: Վրաստանի հետ սահմանային «Դուռն» բնակավայր կար նաեւ Թիֆլիսի մոտ («Դուռն Տփղեաց»), որը հավանաբար, գտնվում էր ժամանակակից Դուռնուկ Մեծ եւ Դուռնուկ Փոքր հայկական գյուղերի տեղում...
Կուր գետի ձախ ափին, Մոսխական (Ղադո) լեռնաշղթայի ստորոտին Ածկուրի դիմաց գտնվում էր սահմանային Դեմոթի ամրոցը (հետագայում նաեւ Դիմոթի գյուղը), որը, հավանաբար, իր անվանումն ստացել է «Դիմաց» հայերեն բառից, ինչպես վրացականացված «Դվիրին» հայերեն «Դուռն» բառից... Դեմոթի ամրոցի կառուցման մասին հետաքրքիր տեղեկություն է հայտնում վրաց XI դ. պատմիչ Լեոնտի Մրովելին։ Բերդի կառուցումը վերագրում է հայոց Արտաշես Ա I թագավորի սպարապետ Սմբատին, երբ հայկական բանակը Ք. ա. II դարում վերջինիս հրամանատարությամբ վերամիավորում էր Գոդերձական կուսակալությունը։ Այս կապակցությամբ Մրովելին գրում է. «Նա (Սմբատը-Ս. Ա.) մի բերդ կառուցեց Օձրխեում, որը Սամցխե է կոչվում, Դեմոթ անունով մի տեղում Ղադո լեռան կպած, թողնելով մեջը զորամաս Ծունդացվոց օգնության համար, քանի որ (ինքն) Օձր խեցվոց հետ կռվելու գնաց»։
Մեծ Հայքի հյուսիս-արեւմտյան սահմանագիծը անցնելով Մոսխական (Ղադո) լեռներով՝ այս Դեմոթ ամրոցի մոտով, իր մեջ ընդգրկում էր նաեւ Մեծ Հայքի հյուսիսային կուսակալությունը Գոդերձականը՝ Սամցխե (Սամեսխեթ-Երկիր Մեսխաց) եւ Աճարա գավառներով։ Գոդերձականը Հայաստանի կազմում հիշատակվում է դեռեւս Ք. ա. VIII դարի «Խորխորյան տարեգրության» մեջ։ Ըստ այդ գրավոր աղբյուրի, Արարատյան (Վանի) Հայոց թագավոր Արգիշտի Ա-ն վերամիավորում էր «եթիունյան» հայկական ցեղերով բնակեցված հյուսիսային տարածքները մինչեւ Մոսխական լեռնաշղթայի հյուսիս արեւելյան ծայրամասը, ուր գտնվում էր Սուրամ Երկիրը եւ լեռնաշղթան։ Կուսակալությունը Ք. ա. VI դ-ից մինչեւ III դարի վերջերը շարունակում էր մնալ Երվանդունիների Հայկական պետության կազմում։ Ք. ա. II դ. սկզբներին, կարճ ընդմիջումից հետո, Հայոց Արտաշես Ա թագավորն այն նորից վերամիավորեց Հայաստանին, որի կազմում երկրամասը մնաց մինչեւ մ. թ. 37 թ. հռոմեա-պարթեւական պայմանագիրը, որի հետեւանքով Գոդերձական կուսակալությունը եւ Գուգարաց աշխարհի Թոր գավառը (ըստ իս, «թորը» հայերեն «փորի» (ձոր) աղավաղված եւ վրացականացված ձեւն է։ Նման օրինակ կա վրաց IX դ. պատմիչ Արսեն Սափարացու մոտ։ Հայերեն «Ձորոփոր» տեղանունը գրված է վրացերեն «Ձորոթոր» ձեւով։ Կան նաեւ ուրիշ նման օրինակներ), հանվելով Մեծ Հայքի կազմից տրվեցին Վիրք Քարթլիին, դեռեւս Պտղեմեոսի Asia tabula tertia քարտեզում հիշատակված Գուգարքի (Gogarene) 6 քաղաքներից մեկի Ascura Ածկուրի հետ միասին...
Ascura-Ածկուր տեղանունն անառարկելիորեն հայկական է։ Ըստ մեր ստուգաբանության, այն բարդ բառ է, կազմված «Ած» եւ «Կուր» բաղադրիչներից։ Բարդության «Կուր» բաղադրիչը Կուր գետի անվանումն է, իսկ «Ած» մասնիկը, ըստ ՆՀԲ-ի, հայերեն «ածել» («ածեմ») բայի արմատն է, որը նշանակում է ինչ-որ բան բերել, ինչ-որ մեկի, ինչ-որ բանի մոտ կամ առջեւ դնել։ Ըստ Հ. Աճառյանի Հայերեն արմատական բառարանի, բնիկ հայերեն «ածել» (ածի, ած) բառի 5-րդ նշանակությունն է շինել։ Ուրեմն, «Ածկուր» նշանակում է «Կուրի մոտ դրված, շինված» (այս պարագայում ամրոցը)։
Այս բերդաքաղաքը ոչ միայն օտար (վրացերեն եւ այլ), այլեւ մեր պատմիչների կողմից 10-րդ դարի սկզբին հիշատակվում է «Ասկուրեթ» կամ «Սակուրեթ» վրացականացված ձեւով։ Ինչպես գրում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովաննես Ե Դրասխանակերտցին (898-929 թ.թ.) իր «Պատմություն Հայոց» գրքում, Հայոց թագավոր Աշոտ Երկաթն իր եղբոր Աբասի հետ միասին 250 զինվորներով Սակուրեթ բերդի մոտ 921 թ. պարտության մատնեց իր դեմ ապստամբած Գուգարաց աշխարհի իր կողմից նշանակված կառավարիչներ Վասակ եւ Աշոտ Գնունի եղբայրների 4000-անոց բանակը, որը նրանք վարձել էին Կովկասի լեռնականներից եւ Թիֆլիսի արաբական ամիրայությունից։ Ինչպես գրում է պատմիչը, նրանցից ոչ-ոք կենդանի չմնաց, բացի Վասակից, ով փոքրաթիվ այրերով թաքնվեց Շամշույլդե ամրոցում։
10-րդ դարի վերջերին (988 թ.), ինչպես գրում է Ասողիկը, Տայքի Կյուրապաղատ Դավիթը եւ վրաց թագավոր Բագրատը ընդդեմ ափխազա-վրաց թագավոր Բագրատ Գ-ի (վրաց թագավոր Բագրատի թոռն է), օգնության էին կանչել Հայոց Սմբատ Տիեզերակալ թագավորին։ Վերջինիս հետ Ջավախքի Դլիվեկ (այժմ Դիլիֆ) գյուղն էին եկել նաեւ Կարսի երիտասարդ թագավոր Աբասն իր կարմրազգեստ գնդով, Վասպուրականի, Սյունյաց, Կյուրիկյան (Աղվանից) իշխաններն իրենց զորքերով։
Դլիվեկում կնքված հաշտության պայմանագրի համաձայն, ափխազա-վրաց թագավոր Բագրատ Գ-ն Հայոց Սմբատ թագավորին զիջեց Սակուրեթ (Ածկուր) ամրոցը։ Սակայն այն երկար չմնաց Մեծ Հայքի կազմում: Պայմանավորվածության համաձայն, Սմբատ Տիեզերակալի մահից հետո, 990 թ. Ածկուրը նորից անցավ ափխազա-վրաց Բագրատ Գ թագավորի գերիշխանության տակ։
Ածկուր բերդաքաղաքը ի սկզբանե միշտ եղել է հայաբնակ։ Հետագայում այստեղ բնակություն են հաստատել նաև հրեաներ, վրացիներ ու թուրքեր։ Այստեղ հայերի առկայության մասին կարդում ենք 15-րդ դարի հիշատակարաններից մեկում։ Չնայած Ածղաւր (Ածկուր) բերդաքաղաքի մասին չէ հիշատակարանը, սակայն հիշվում է Ոհանէս Ածղաւրեցի (Ածկուրեցի) անունով մի գրիչ. որը Աստվածատուր քահանայի պատվերով 1434 թ. հեղինակել է «Մեկնութիւն կաթողիկէից թղթոց Սարգսի Շնորհալոյ» աշխատությունը եւ հիշատակարանը։
1579-ին Ածկուրն իր շրջապատի գյուդերով հանդերձ. Սամցխեի աթաբակության կազմում, ընկավ Թուրքիայի տիրապետության տակ։ Այն դարձավ Գյուրջիստանի վիլայեթի Ախալցխայի լիվայի շրջաններից մեկը։ 1595-ին Թուրքիան Գյուրջիստանի վիլայեթում անցկացրեց աշխարհագիր։ Վիլայեթի հարկատու ծխերի ներկայացուցիչների անունները, որոնց մեծամասնությունը հայկական են, ամփոփված են «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարում», որը 1941-ին Ս.Ս. Ջիքիան թուրքերենից թարգմանել է վրացերեն։ Ինչպես երևում է թարգմանությունից. Ս.Ս. Ջիքիան ջանք ու ճիգ չի խնայել հայկական անուններն աղավաղելու. վրացացնելու եւ գոնե խճճելով անհասկանալի դարձնելու համար։
Եվ գիտական, եւ ազգային շահերի տեսակետից ելնելով. միանգամայն ճիշտ եւ շահեկան կլինի, եթե «դավթարը» հայ թուրքագետի կողմից բնագրից (թուրքերենից) անմիջականորեն հայերեն թարգմանվի։ Այդ դեպքում հարյուրավոր հայկական գյուղանուններ ու հազարավոր անձնանուններ կշտկվեն ու կհնչեն հայերեն։
Աշխարհագրի ժամանակ Ածկուր քաղաքում հաշվվում էր 107 հարկատու, 2675 բնակիչ (յուրաքանչյուր հարկատու ներկայացնում էր 25 բնակչի)։
Ինչպես Ածկուրի, այնպես էլ նույնանուն շրջանի գյուղերի հարկատուների անունները մեծամասամբ հայկական են (1. Կուպրա՞. 2. Մանվել նրա եղբայրը. 3. Վարձել. 4. Մազման, 5. Եղիա. 6. Գևորգ և այլք…)։
Շրջանի գյուղերի 61-ից 24-ը բոլորովին անմարդաբնակ են, իսկ բազմաթիվ գյուղեր սակավամարդ են 2-3 հարկատու, այսինքն 50-75 բնակիչ։ 37 բնակավայրերում (այդ թվում եւ Ածկուրը) հարկատուները 435-ն են. ընդհանուր բնակչությունը 10875 մարդ։
Թուրքական տիրապետության շրջանում քաղկեդոնական հայերի եւ վրացիների նկատմամբ բռնի մահմեդականացման քաղաքականության հետեւանքով հազարավոր հայեր եւ վրացիներ Ախալցխայից, ինչպես եւ Ածկուրի շրջանից գաղթեցին Իմերեթիա եւ Քարթլի։ Բազմաթիվ քաղկեդոնիկ հայեր էլ տեղական վրացիների նման ընդունեցին մահմեդականություն եւ թուրքացան, զգալի մասն էլ վրացացավ, իսկ ոմանք էլ ընդունելով կաթոլիկություն դարձալ վրացացան։ Այնուամենայնիվ, վրաց պատմիչ եւ աշխարհագրագետ Վախուշտիի վկայությամբ 18-րդ., I կեսին «Ածղուրը քաղաք է եւ մեծաշեն բերդ, որի բնակիչներն են մեսխեր, հայեր եւ հրեա վաճառականները, իսկ իշխողները մահմեդականներ են...»
Երբ 1828-ին ռուսները գրավեցին Ախալցխան, Ածկուրի շրջանին Ախալցխայի գավառի կազմում առանձին վիճակի կարգավիճակ տրվեց։ 1830-ին Ածկուրի հայ բնակչությունը եւս համալրվեց Էրզրումից գաղթած հայերի նոր շերտով։
1873 թ. ըստ Կովկասյան Հնագրագիտական Հանձնաժողովի վավերագրերի (տես. Акты Кавказской Археографической Комиссии, т.5), «Ածխուրը կազմված է 178 ընտանիք հայերից, հրեաներից եւ սուննի հավատի վրացիներից...»:
1893 թ. տվյալներով Ածկուրի բնակիչների թիվը կազմում էր 1577 մարդ, որոնցից 305-ը հայեր էին, մյուսները թուրքեր, վրացիներ եւ այլք։ Իսկ Ածկուրի ամբողջ վիճակում կար 1709 ընտանիք, 14303 բնակիչ։ Հայերի թիվը 178 ընտանիք, 1810 բնակիչ։
1907 թ. Ածկուրում բնակվում էր 3531 մարդ թուրքեր եւ հայեր։ 1983 թ. գյուղն ուներ 537 ընտանիք, 1960 բնակիչ հայեր եւ վրացիներ։ Հայերը վրացական դպրոց են հաճախում։
Ածկուրում եղել է Տիրամոր ուխտավայրը, որին ուխտի գալով Բյուզանդիայի Հերակլ կայսրը, քանդել է տալիս հին եկեղեցին եւ կառուցում է նոր հոյակապ եկեղեցի։ 13-րդ դարի վերջին այն ուժեղ երկրաշարժից ավերվել է։
Հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որի մասին հիշատակումներ կան 1830-ականներից սկսած, բայց, ինչպես ճիշտ է նկատել Ս. Կարապետյանը, այն ավելի հին է եւ ավելի վաղ ժամանակներից է գոյություն ունեցել, որովհետեւ հայերն այնտեղ միշտ հոծաքանակ են եղել։ Այն բազմիցս, ինչպես 1861-ին, ենթարկվել է վերանորոգման։
Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։