Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Մենք լռում ենք, մինչև ե՞րբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍԿ ՄԵՆՔ ԼՌՈՒՄ ԵՆՔ,

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

«Առավոտ»
23 փետրվարի 1999թ.

Վերջին տասնամյակներում Վրաստանում լույս տեսնող գրքերում և վրացական մամուլում տպագրվում են Վրաստանի պատմական քարտեզներ ու վրացագիտական հոդվածներ, որոնց մասին չի կարելի լռել ու անտարբեր մնալ, որովհետեւ դրանք խիստ կողմնապահ են, հակագիտական և ուղղված են հայ ժոդովրդի դեմ։

1980թ. Թբիլիսիում «Խելովճեբա» («Արվեստ») հրատարակչության կողմից լույս տեսած Ակակի Գելովանու հեղինակած «Հավերժ կենդանի արվեստ» վերնագրով գրքի 66-րդ էջում զետեղված է մի զարմանահրաշ քարտեզ, որը կոչվում է «Հին Վրաստան»։ Այն վերաբերում է Ք.ա. երկրորդ հազարամյակին և իր մեջ ընդգրկում է ամբողջ պատմական Հայաստանը, Անդրկովկասը և մի բան էլ ավելի... (այս մասին գրել ու քարտեզն էլ զետեղել ենք «Առավոտ» օրաթերթի 20.8.98թ. համարում)։

Վրաց պատմաբանների երևակայության եւ նպատակամիտվածության շնորհիվ կատարվել է ևս մեկ «հայտնագործություն», միանգամից Հայկական լեռնաշխարհի կեսը (հնդեվրոպական ցեղերի և նախահայերի նախահայրենիքը) վերածվել է նախաքարթվելական ցեղերի նախահայրենիքի...

1980թ. “Знание сила" ամսագրի երկրորդ համարում տպագրվեց Ա. Օրլովայի “Индоевропейцы. Кто они? Откуда они?” հոդվածը, որը տեղեկացնում է, որ սույն տարում (1980թ.) լույս է տեսնելու Թամազ Գամղրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի “Индоевропейский язык и индоевропейцы” երկհատորանոց մենագրությունը։ Ս. Օրլովան համառոտակի մեկնաբանում է աշխատությունը՝ հոդվածի սկզբից մեջբե- րելով գրքի հիմնական եզրակացությունը. «... Մեր աշխատանքի հիմ- նական եզրակացությունը, որը վերաբերում է հնդեվրոպացիների նախահայրենիքին, այն է, որ այն գտնվել է ոչ Կենտրոնական Եվրոպայում և ոչ էլ Սև ծովի հյուսիսային ափին, այլ Արևմտյան Ասիայի հյուսիսում (Անդրկովկասից հարավ և Կետրոնական Միջագետքից հյուսիս)»:
Թ․ Գամղրելիձեի եւ Վ․ Իվանովի գրքի քարտեզն ըստ Ս․ Օրլովայի հոդվածի

Ս. Օրլովայի հոդվածի։ Ս. Օրլովան հոդվածում զետեղել է նա գրքի քարտեզը, որտեղ նշված են ինչպես հնդեվրոպական լազվաընտանիքին պատկանող ժողովուրդների նախահայրենիքը, նրանց արտագաղթի ուղղություններն ու զբաղեցրած նոր տարածքները, այնպես էլ հին սեմիտական նախաքարթվելական ցեղերի նախահայրենիքները։

Քարտեզում որպես հնդեվրոպական նախալեզվի տարածման նախնական հավանական տարածք ցույց է տրված Վանա լճի շրջապատը, այսինքն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները, իսկ նախահայերենի տարածման շրջանն ընդգրկում է Վանա լճից դեպի հյուսիս-արմուտք ընկած ընդարձակ տարածքները Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արմտյան շրջանները (Արաքսի վերին հոսաններից ձգվելով դեպի արմուտք իր մեջ ընդգրկելով պատմական Հայաստանի Տուրուբերան, բարձր Հայք նահանգները. Փոքր Հայքը այլն)։ Այս տարածքներից հյուսիս. Կուր գետի երկու ափերին գծված է նախաքարթվելերենի տարածման մոտավոր շրջանը, որի կեսը բուն Վրաստանի տարածքն է, իսկ մյուս կեսը Կուր գետից հարավ ընկած տարածքը, պատմական Հայաստանի Գոդերձական Գուգարք նահանգներն են (նման սահմանները, իհարկե, ընդունելի չեն, բայց քիչ հետո կտեսնենք, որ սա էլի ոչինչ…)։

Հնդեվրոպական նախալեզվի և նախահայրենիքի հնարավոր տարածման տարածքների և նախաքարթվելերենի տարածման մոտավոր տարածքների միջև մնում է մի ընդարձակ «ազատ» տարածություն Մեծ Հայքի Տայք, Այրարատ, Ուտիք, Արցախ, Սյունիք, Փայտակարան,Պարսկահայք նահանգները և Վասպուրական նահանգի արևելյան մասը, ուր չի նշված, թե որ լեզվաընտանիքի ներկայացուցիչների նախնիներն են այդ ժամանակներում (Ք.ա. մինչև չորրորդ հազարամյակ) զբաղեցրել տվյալ տարածքները։ Սակայն այդ «ազատ» տարածությունները, ուր Ք.ա» չորրորդից երկրորդ հազարամյակներում ձևավորվեց Կուր-Արաքսյան Միջագետքի մշակույթը, թե ինչպես են լրացվում, կտեսնենք գրքի խմբագրված քարտեզի նկարագրության ընթացքում...

1984 թվականին, այլ ոչ թե 1980թ., ինչպես գրել էր Ս. Օրլովան, Թբիլիսիում տեղի համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց Թամազ Գամղրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի “Индоевропейский язык и индоевропейци" մենագրությունը, որը միանգամայն արդարացիորեն արժանացավ Լենինյան մրցանակի (այս նոր տեսությունը, փաստորեն, դրանով արժանացավ համընդհանուր ճանաչման)։

Գիրքը լույս է տեսել լրիվ վրացական միջավայրում, վրացի մասնագետների խմբագրությամբ (հրատարակչության խմբագիր Մ. Ռ. Չխաիձե, գեղարվեստական խմբագիր Ի. Կ. Չիկվինիձե, տեխնիկական խմբագիր Ա. Վ. Օմիաձե, Ի. Վ. Խուցիշվիլի և այլք), որի հետևանքով, անկասկած, գրքի նախկին քարտեզը, որին մենք արդեն ծանոթ ենք Ս. Օրլովայի հոդվածից, փոխարինվել է միանգամայն այլ քարտեզով։

Այս վերագծված քարտեզում բավականին «ներողամտություն» ցուցաբերելով հնդեվրոպական նախալեզվի կրողների նկատմամբ,նրանց զբաղեցրած տարածքների մեջ մեծահոգաբար ընդգրկել են նաև Ուրմիա լիճը... բա։

Իսկ նախահայերենի տարածման շրջանը, որը նախորդ քարտեզում բավականին ընդարձակ էր, այս դեպքում, նախաքարթվելերենի տարածքի հետ համեմատած. 7-8 անգամ փոքր է, այն «կուչ է եկել» Վանա ծովից արևմուտք ընկած Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում... Սա էլի լավ է, եթե նկատի ունենանք Ակակի Գելովանու գրքի քարտեզը, որտեղ հայ ժոդովրդին Հայկական լեռնաշխարհում Ք.ա. երկրորդ հազարամյակում ընդհանրապես գոնե մի փոքրիկ անկյուն չեն հատկացրել...

Իսկ նախաքարթվելական լեզվի տարածման շրջանը (այս անգամ ոչ «մոտավոր») քառապատկվել է իր ընդգրկմամբ եւ զբաղեցնում է մի հսկայական տարածություն Մեծ Կովկասի հյուսիսից մինչեւ Վանա եւ Ուրմիա լճերը, Սեւ ծովի ափերից մինչեւ Կուր գետը արեւելքում: Սեւանա լիճը միանգամից հայտնվել է նշված տարածքի ուղիղ կենտրոնում:

Այնպես որ, գրքի նախկին քարտեզում «ազատ» մնացած տարածքներն ամբողջովին զբաղեցված են նախաքարթվելական ցեղերով, որոնք Հայկական լեռնաշխարհի «նախատերերը» հետագայում (թեկուզ Ստրաբոնի ժամանակներում) թե ո՞ւր են անհետացել, ափսոս, հայտնի չէ… Նախահայկական եւ նախաքարթվելական ցեղերն ու նրանց հետնորղները իրար հետ հազարավոր տարիներ շփվել են Կուր գետի ափերին։ Կուր գետից հարավ նախաքարթվելներն ու նրանց հետնորդները նախահայրենիք կամ ընդհանրապես հայրենիք չեն ունեցել, այստեց նրանք միշտ եղել են փոքրաքանակ եկվորներ։ Թող իգուր չփորձեն յուրացնել ուրիշների նախահայրենիքն ու հայրենիքը…

Ըստ նոր տեսության, երբ Ք.ա. չորրորդ հազարամյակից սկսած, հնդեվրոպական ցեղերը հեռացան իրենց նախահայրենիքից, «ենթադրվում է, որ նախահայրենիքին բոլորից մոտ մնացին այն ցեղերը, որոնք խոսում էին անատոլիական լեզուներով (խեթական, լուվիական եւ այլն), ինչպես եւ հայերեն լեզվով պատմական Հայաստանի տարածքներում…»։

Ս. Օրլովայի հոդվածից կատարած մեր այս մեջբերումից պարզ տեսանք, որ հայախոս ցեղերը մնացին պատմական Հայաստանում, իսկ թե ո՞րն էր պատմական Հայաստանը, կարծում եմ, պետք է գիտենան նաեւ վրացի դպրոցականները…

Ուրիշները մեր տարածքների հաշվին պետություն ու պատմություն են կերտում, իսկ մենք լռում ենք…