Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Սաթխա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԱԹԽԱ

Սաթխա գյուղը եւ բերդը (ձախ մասի վերեւում) արեւմտյան կողմից

Գյուղը նշված է Պտղոմեոսի քարտեզում որպես քաղաք Sedala ձեւով։ «Սեդալան» հայերեն հնչել է «Սեդաղա»։ Ըստ հայ լեզվաբանների՝ «դ»–ի նախնական հնչման ձեւը հետքմական «լ»–ն էր։ Բոլոր տառադարձությունների մեջ էլ հայերեն «ղ»–ն համապատասխանում է օտար ազգերի «Լ» հնչյունին։ Երկու հազար տարվա ընթացքում «Սեդաղա» տեղանունը, ենթարկվելով հնչյունափոխության, դարձել է «Սաթխա»։ Գյուղը հիշատակվում է նաեւ միջին դարերում։ 13-14-րդ դդ. հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմության» մեջ, նկարագրելով 1176-1177թթ. Օրբելիների ապստամբությունը, հիշատակում է նաեւ Սատախե (Սաթխա) ամրոցը, որտեղ էր գտնվում այդ ժամանակ վրաց Գեորգի Գ թագավորը (Սատախեն Ջավախքի արքունական տիրույթներից էր, անմիջապես Օրբելիների տիրույթների հարեւանությամբ)։ Թագավորը գիշերը Լոռվա Ագարակից (ապստամբների շտաբն այնտեղ էր), որը Սատախեից շատ հեռու չէր, լսելով ապստամբության լուրը, փախչում է Տփղիս․․․

Սադաղա-Սատախե-Սաթխա բնակավայրը դարեր շարունակ եղել է խոշոր առեւտրական կենտրոն ընկած լինելով կարեւոր առեւտրական եւ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների խաչմերուկում։

Սաթխայի ամրոցը, որն այժմ ավերակ է, զբաղեցնում է հսկայական տարածություն (20 հեկտար 10 հեկտար միջնաբերդը, 10 հեկտար էլ միջնաբերդից դուրս), կառուցված է յոթ բլուրների վրա։ Ըստ Ե. Լալայանի, ամրոցը պատկանել է Ամբակում իշխանին եւ անունը Սուկերլաթ է, իսկ գյուղը պատկանել է Սաթղ անունով աղային եւ նրա անունով էլ կոչվել է․․․

1994թ. մայիսին Սաթխայի սուրբ Մեծն Ներսես եկեղեցու վերանորոգման ժամանակ դռան շենքի տակ հայտնաբերվեց քարի վրա արձանագրություն, որը դեռեւս չի վերծանվել։ Սակայն այդ երկու մետրանոց բազալտե տապանաքարի վրայի արձանագրության տարեթիվը միանգամայն պարզ է՝ «Թ. ՌՃԷ» (1658թ.)։

Ճիշտ է, չնայած այս արձանագրությունը չի նշում «բերդի» հիմնարկության տարին (եւ չէր էլ կարող, որովհետեւ բերդը կիկլոպյան է), բայց, այնուամենայնիվ, այն ունի խիստ կարեւոր պատմական այլ նշանակություն։ Այն վկայում է, որ Սաթխայի ամրոցի տարածքում եւ գյուղում 17-րդ դարում եւս հայեր են ապրել։

Սաթխացիների մեծ մասը 1830-ին եկել են Էրզրումի (Կարին) նահանգի Սյոկյութլու, Ճինիս, Ծաղկի գյուղերից։ Գյուղի բնիկները եղել են քաղկեդոնական (վրացադավան) հայեր, որոնք ձուլվել են կարնեցիներին։ Նրանցից պահպանվել են Մարոյան, Դեդյան ազգանունները։

1918թ. գարնանը, երբ թուրքական բանակը շարժվում էր դեպի Անդրկովկաս, սաթխացիները, ինչպես Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների շատ բնակիչներ, զինվեցին ու հերոսաբար մոտ մեկ ամիս դիմադրեցին թուրքերին՝ թույլ չտալով մտնել Ախալքալաքի գավառ: Մայիսի 22-31-ը քաջաբար մարտնչեցին եւ ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Թուրքերը այլեւս չհամարձակվեցին իրենց խիստ նոսրացած ուժերով հարձակվել Թիֆլիսի վրա, որը մտնում էր նրանց ծրագրերի մեջ։

Սաթխայում են ծնվել ու 1875թ. գործող դպրոցում կրթվել Ստեփան Գինոսյանը (1900-1965թթ․)՝ խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ, Ցոլակ Ստեփանյանը (ծնվ․ 1910թ.)՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Ազատ Սարգսի Համբարյանը (ծնվ. 1926թ.)՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ բաժնի վարիչ, Էմիլ Ստեփանյանը (1928-1978)՝ հայ խորհրդային բժիշկ-ֆտիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր։