Jump to content

Cosmos

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
COSMOS


Տիեզերքը մասնակից է բառին։ Եվ իմ խոսքը, դա իմ
ձայնանկարն է, ինչ-որ տեղ՝ կորսված ժամանակի
վերադարձ։ Թեպետ
ճիշտ է վարվում քարը, երբ լռում է, չէ՞ որ, միեւնույն է,
ոչինչ չի ասվում։ Մեզ ստեղծում է վաղը՝ իր պատկերով։

Ախտորոշում եմ ձայները՝ իմ լսողությամբ։ Լսողությունս տերեւն է,
չեչաքարն է՝ ջուր մաքրող, աչքերս՝իրենցից երկիր սարքող,
օդը՝ թեւերից չհանգստացող,
թրթնջուկն ու սիմինդրը՝ արեւի տված զանգերով։ (Մտքեր կան, որ
ապրելով իմ մեջ՝ որպես ճգնակյաց, ինձ վերածում են քարայրի)։

Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին է, աշխարհն այնպիսին է, ինչպիսին՝
չէ։ Հորիզոնը ոտքերիս տակ բազմապատկում է ճանապարհները, որ
անուն չունեն։ Համացավցիներ ենք։
Աշխարհում ոչ մի գույն ինքը չէ, պարզապես աչքերն են վճռում
ամեն ինչ։ Իսկ մեղքերից վատթարագույնը, դա, անշուշտ, արդարացումն է։

Հերակլիտի ասածը՝ «պատահաբար կիտված աղբակույտ. այդպիսին է
ամենագեղեցիկ cosmos-ը», կապ չունի Հերակլիտի հետ։ Սիրում եմ
հանդիպումը անձրեւների՝ արու եւ էգ։
Վայրկյանները ժամանակ են սպանում հաճախ՝ իրենց համար սահմանված
տարածքներից դուրս մնալով։ Երաժշտությունը ավերումն է ռիթմի։

Մեծ շարժումի մեջ միջնորդ են եւ խոտերը։ Հաճախ ծաղիկների բուրմունքը
զգում եմ երեւակայությամբ։ Եվ երբ ձեռքս գլխատակիդ եմ դնում, նոր միայն
հասկանում եմ թռչող հավքերին։
Արահետներին երեւում են ստվերներ, որ չկան. սա իմ սովորական սպասելն է։
Կամուրջը բաժանում է
ափերը։ Եվ ես ընդամենը փորձում եմ իր անցյալից փրկել ապագան։